Կապույտ (գույն)
From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի ալիքների երկարության 440-520 նանոմետր տիրույթի մեջ (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 420-495 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կանաչի և մանուշակագույնի միջև։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ (այլ կիրառումներ)
Կապույտ
| |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սպեկտրալ կոորդինատներ | |||||||||
Հաճախականություն | ~670–610 ՏՀց | ||||||||
Գունային կոորդինատներ | |||||||||
Hex եռյակ | #0000FF | ||||||||
sRGBB (r, g, b) | (0, 0, 255) | ||||||||
HSV (h, s, v) | (240°, 100%, 100%) | ||||||||
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |
Կապույտի երանգների մեջ առանձնանում են երեքը՝ ցիանը (կապտականաչ), ուլտրամարինը և լազուրը, որոնք պարունակում են խառնուրդներ այլ գույներից, օրինակ լազուրը՝ որոշ չափի կանաչ, իսկ ուլտրամարինը՝ մանուշակագույն։ Մաքուր երկինքը և ծովը կապույտ են օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է Ռելեյան ցրում։ Տինդալի ցրման երևույթով էլ բացատրվում են կապույտ աչքերը։ Հեռու առարկաներն ավելի կապույտ են թվում մեկ այլ օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է մթնոլորտային պատկեր։
Կապույտը տարածված գույն է արվեստում և ձևավորման մեջ՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից։ Կիսաթանկարժեք լաջվարդ քարն օգտագործվել է Հին Եգիպտոսում զարդարվեստի մեջ, իսկ ավելի ուշ՝ Վերածննդի շրջանում, ծովազվարթ (ուլտրամարին) ներկի ստեղծումը ամենաթանկն էր բոլոր ներկանյութերի մեջ։ 8-րդ դարում չինացիներն օգտագործում էին կոբալտի կապույտ ներկը, որպեսզի ստեղծեն կապույտ և սպիտակ կավե ամանեղեն, իսկ միջնադարում եվրոպացիները կիրառում էին այն մայր տաճարների պատուհանների ձևավորման մեջ։ Եվրոպացիները հագուստները ներկում էին լրջունի երանգով, մինչև որ այն փոխարինեցին Ամերիկայից բերված ինդիգոյով։ 19-րդ դարում սինթետիկ կապույտ ներկերը հետզհետե փոխարինեցին հանքաքարային ներկանյութերին։ Մուգ կապույտը ընդհանրական դարձավ ոստիկանական համազգեստների մեջ, իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարում՝ աշխատանքային հագուստում։ Քանի որ կապույտը հաճախ զուգորդվում է ներդաշնակության հետ, այն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական Միության դրոշներում[1]։
ԱՄՆ-ում և Եվրոպայում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապույտը հիմնականում զուգորդվում է ներդաշնակության, հավատարմության, վստահության, հեռավորության, անսահմանության, երևակայության, սառնության և երբեմն էլ տխրության հետ[2]։ ԱՄՆ-ում և Եվրոպայում և՛ կանանց, և՛ տղամարդկանց գրեթե կեսի կողմից ընտրվել է որպես սիրելի գույն[2]։ Նույն ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ գույնը հիմնականում զուգորդվել է առնականության հետ՝ զիջելով միայն սևին, և նաև այն գույնն է, որը հիմնականում կապվել է մտավոր կարողությունների, խելքի, հանգստության և խտացման հետ[2]։