Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արձակ (լատին․՝ prōsa), բանավոր կամ գրավոր խոսք՝ առանց համաչափ բաժանումների` բանաստեղծական տողերի։ Ի տարբերություն չափածոյի՝ արձակը չունի պարբերաբար կրկնվող հավասար միավորներ (ոտք, անդամ, տող, տուն), զուրկ է կայուն ռիթմից[1]. նրա ռիթմը հիմնված է շարահյուսական կառույցների (պարբերությունների, նախադասությունների) հարաբերակցության վրա։ Երբեմն տերմինն օգտագործվում է գեղարվեստական գրականությունն ընդհանրապես (պոեզիան) գիտական կամ հրապարակախոսական, այսինքն՝ արվեստի հետ կապ չունեցող գրականությանը հակադրելու համար[2]։
Որպես արձակ առաջին ստեղծագործությունների հեղինակներ նշվում են Ֆերեկիդ Սիրոսցին և Միլեթյան դպրոցի ներկայացուցիչները[3][4]։ Հին Հունաստանում պոեզիայի հետ մեկտեղ գոյություն է ունեցել նաև գեղարվեստական արձակը՝ առասպելներ, ավանդություններ, հեքիաթներ, կատակերգություններ։ Այդ ժանրերը չեն դիտարկվել որպես բանաստեղծական, քանի որ առասպելը հին հույների կողմից դիտարկվել է ոչ թե որպես գեղարվեստական, այլ կրոնական երևույթ, ավանդությունը՝ պատմական, հեքիաթը՝ կենցաղային, իսկ կատակերգությունը համարվել է չափազանց առօրեական։ Ոչ գեղարվեստական արձակին են վերագրվել հռետորական, քաղաքական, ավելի ուշ նաև գիտական աշխատությունները։ Այսպիսով՝ անտիկ աշխարհում, Հին Հռոմում, այնուհետև միջնադարյան Եվրոպայում արձակը գտնվում էր երկրորդ պլանում՝ ներկայացնելով կենցաղային կամ հրապարակախոսական գրականությունը, ի տարբերություն բարձր գեղարվեստական պոեզիայի։
Միջնադարի երկրորդ կեսին իրավիճակն սկսել է աստիճանաբար փոխվել։ Անտիկ, ապա նաև ֆեոդալական հասարակության քայքայման հետ միասին աստիճանաբար անկում ապրեցին պոեմը, ողբերգությունը, ներբողը։ Վաճառականական բուրժուազիայի զարգացման, նրա մշակութային և գաղափարական աճին զուգընթաց մեծ քաղաքների մշակույթի հիման վրա զարգանում են արձակի ժանրերը։ Առաջանում են վիպակը, նովելը, ապա նաև՝ վեպը։ Հին բանաստեղծական ժանրերը, որոնք մեծ դեր էին խաղացել ֆեոդալական և ստրկատիրական հասարակարգերում, աստիճանաբար կորցնում են իրենց հիմնական, առաջնային նշանակությունը, թեև բոլորովին չեն անհետանում գրականությունից։ Սակայն նոր ժանրերը, որ առաջնային դեր էին կատարում բուրժուական ոճերում, ապա նաև կապիտալիստական հասարակության ողջ գրականության մեջ, ակնառու կերպով հարում են արձակին։ Աստիճանաբար գեղարվեստական արձակն սկսում է իր առաջատար դիրքով հավասարվել պոեզիային, իսկ ավելի ուշ՝ կապիտալիզմի ծաղկման ժամանակաշրջանում, նույնիսկ առաջ է անցնում նրանից։ Մինչ 19-րդ դարը արձակագիր գրողները, նովելների հեղինակները, վիպագիրները դառնում են առավել նշանավոր գործիչներ գեղարվեստական գրականություն բնագավառում՝ տալով հասարակությանը այն բոլոր տիպիկ ընդհանրացումները, որոնք պոեզիայի ծաղկման և զարգացման շրջանում տվել են պոեմների և ողբերգությունների հեղինակները։
Չնայած նրան, որ ժանր հասկացությունը ինքնին վերաբերում է ստեղծագործության բովանդակությանը և ոչ թե ձևին, ժանրերի մեծամասնությունը միտված է կա՛մ չափածոյին (պոեմներ, սոնետներ), կա՛մ արձակին (վեպեր, պատմվածքներ)։ Այսպիսի բաժանումը պետք չէ ընդունել տառացիորեն, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ օրինակներ, երբ այս կամ այն ժանրի ստեղծագործությունները գրվել են իր համար ոչ սովորական ձևով։ Դրա օրինակ կարող են ծառայել ռուս գրողների վեպերը և նովելները՝ գրված չափածոյով, օրինակ՝ Ալեքսանդր Պուշկին «Տնակ Կոլոմնայում», «Կոմս Նուլին», «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունները։ Բացի դրանից կան ժանրեր, որոնք գրվում են ինչպես արձակ, այնպես էլ չափածո (օրինակ՝ հեքիաթը)։
Կենսագրությունը այն ստեղծագործությունն է, որում ներկայացվում է որևէ անձի կյանքի և գործունեության պատմությունը[5]։ Կենսագրությունը պատմական, գեղարվեստական և գիտական արձակի ժանր է։
Կենսագրության առաջին օրինակները պատկանում են անտիկ շրջանին։ Միջնադարում հիմնականում գրում էին սրբերի կամ սրբերի շարքը դասվող մարդկանց կենսագրություններ, որ հայտնի է վարքագրություն անունով (օրինակ, Կորյունի «Վարք Մաշտոցի»)։ Արդի հասկացությամբ կենսագրությունն առաջացել է 18-րդ դարում և զարգացել 19-րդ դարում։ 20-րդ դարում այն ձևավորվել է իբրև գեղարվեստական գրականության ժանր (Ռոմեն Ռոլան, Ստեֆան Ցվեյգ, Անդրե Մորուա)։ Կենսագրությունը կարող է լինել գիտական (Ա. Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը»), գեղարվեստական (Անդրե Մորուայի «Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը»), գիտա-մասսայական (Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց կյանքը ներկայացնող գրքեր)[6]։ Ժամանակակից կենսագրությունը (օրինակ «Հրաշալի մարդկանց կյանքը» շարքը) բացահայտում է անհատի հոգեբանական տիպը, նրա պատմական, ազգային և սոցիալական պայմանավորվածությունը, նրա պատճառահետևանքային կապերը սոցիալ-մշակութային աշխարհի հետ[7]։
Կենսագրության մի տեսակն է ինքնակենսագրությունը[6]։
Պատմվածքը գեղարվեստական գրականության փոքրածավալ ստեղծագործություն, էպիկական ժանր։ Պամվածքում նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ, և դրանով էլ պայմանավորված է նրա փոքր ծավալը[8]։ Ի տարբերություն նովելի՝ պատմվածքի սյուժեն հակված չէ դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական հանդարտ ընթացքով, և հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի ու հանկարծակի, այլ ավելի սովորական ձևով։ Հայ գրականության մեջ պատմվածքներ գրել են Նար-Դոսը («Մեր թաղը»), Հովհաննես Թումանյանը («Գիքորը», «Եղջերվի մահը»), Ավետիք Իսահակյանը («Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը»), Ակսել Բակունցը («Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին») և այլք։
Վիպակը արձակ էպիկական ստեղծագործություն է, որ մոտ է վեպին և հակված է սյուժեի հաջորդական շարադրանքին՝ սահմանափակվելով նվազագույն սյուժետային գծերով։ Պատկերում է առանձին դրվագ կյանքից։ Վեպից տարբերվում է նկարագրվող իրադարձությունների փոքր ընդգրկմամբ։ Չունի կայուն ծավալ, զբաղեցնում է միջանկյալ դիրք վեպի և պատմվածքի ու նովելի միջև։ Ձգտում է ներկայացնել խրոնիկային սյուժե, որը վերարտադրում է կյանքի բնական ընթացքը։ Դասական վիպակի սյուժեն, որի կանոնները մշակվել են 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական գրականության մեջ, սովորաբար կենտրոնացած են գլխավոր հերոսի կերպարի շուրջը, որի անհատականությունն ու ճակատագիրը բացահայտվում են ոչ մեծ թվով իրադարձությունների շնորհիվ, որոնց նա անմիջականորեն մանսակցում է։ Երկրորդային սյուժետային գծերը, որպես կանոն, վիպակում բացակայում են։ Հերոսների քանակը վիպակում ավելի քիչ է, քան վեպում, ընդ որում՝ վեպին բնորոշ է գլխավոր և երկրորդական կերպարների հստակ տարանջատումը, ինչը սովորաբար բացակայում է վիպակում, կամ այդ սահմանազատումը էական չէ գործողությունների զարգացման մեջ։ Ռեալիստական վիպակի սյուժեն հաճախ կապվում է «օրվա խնդրի» հետ, ինչի պատմողը տեսնում է սոցիալական իրականության մեջ և ընկալում որպես օրախնդիր։ Երբեմն հեղինակը նույն աշխատանքը կարող է դասակարգել տարբեր ժանրային կատեգորիաներում։ Օրինակ՝ Տուրգենևը «Ռուդին» ստեղծագործությունը նա կոչել է վիպակ, ապա` վեպ։ Վիպակների խորագրերը հաճախ կապված են լինում գլխավոր հերոսի անվան (Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզան», Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի «Ռենե», Ֆեոդոր Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» ստեղծագործությունները) կամ սյուժեի առանցքային տարրի հետ (Արթուր Կոնան Դոյլի «Բասկերվիլների շունը», Անտոն Չեխովի «Տափաստան» և այլն)։
Վեպը մեծածավալ պատմողական ստեղծագործություն է բարդ և զարգացած սյուժեով[9]։ Պատմվածքից ու նովելից տարբերվում է իր մեծ ծավալով, բարդ սյուժեով ու նկարագրվող իրադարձությունների լայն ընդգրկմամբ[10]։ Միջին դարերում տարածված էին ասպետական վեպերը (Արթուր թագավորի, Տրիստանի և Իզոլդայի, Լանցելոտի մասին)։ Դրանց հետևել են խաբեբայապատումներն ու ավազակային վեպերը, որոնցում արդեն կային ռեալիզմի գծեր։ Սատիրական տարրը ներմուծվել է Սերվանտեսի ու Ռաբլեի կողմից։ Անգլիայում սկիզբ է առել սենտիմենտալ ու բարոյախոսական վեպը (Դանիել Դեֆո, Սեմյուել Ռիչարդսոն, Հենրի Ֆիլդինգ)։ Այնտեղ էլ առաջին անգամ լայն զարգացում են գտել պատմական վեպը (Վալտեր Սքոթ), կենցաղագրական ու հոգեբանական վեպերը (Չարլզ Դիքենս և Ուիլյամ Թեքերեյ)։ Ռեալիստական ու նատուրալիստական վեպի հայրենիքը դարձել է Ֆրանսիան (Օնորե դը Բալզակ, Գյուստավ Ֆլոբեր, Էմիլ Զոլա, Գոնկուր եղբայրներ, Գի դը Մոպասան)։ Ֆրանսիական գրականությունը տվել է նաև իդեալիստական, ռոմանտիկական ու հոգեբանական վեպերի նմուշներ (Ժորժ Սանդ, Վիկտոր Հյուգո, Պոլ Բուրժե և այլք)։ Գերմանական ու իտալական վեպերը հետևել են անգլիական ու ֆրանսիական վեպերի օրինակին։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին եվրոպական գրականության վրա նշանակալի ազդեցություն են թողել սկանդինավյան (Բյոռնստեռնե Բյոռնսոն, Իոնաս Լի[11], Ալեքսանդր Քիլանդ, Ստրինդբերգ) և ռուսական (Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Տոլստոյ) վեպերը[10]։ Հայ գրողների շարքում վեպեր հեղինակել են Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և այլք։
Էպոպեան մոնումենտալ էպիկական ստեղծագործություն է, որն առանձնանում է համաժողովրդական խնդիրներով[12]։ Պատմագրական գրականության մեջ 19-րդ դարից էպոպեա տերմինը հաճախ օգտագործվում է լայն իմաստով՝ ընդգրկելով ցանկացած մեծածավալ ստեղծագործություն, որն ունի էպիկական կառուցվածքի հատկանիշներ։ Այդ իմաստով տարբերակում են վեպ-էպոպեաներ, որոնցում գլխավոր հերոսը նկարագրվում է պատմական խոշոր իրադարձությունների ֆոնին, օրինակ՝ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը» ստեղծագործությունները։ «Հերոսական-ռոմանտիկ էպոպեաներում» գլխավոր հերոսները ակտիվ և նպատակասլաց կերպով մասնակցնում են պատմական կարևոր իրադարձություններին, որոնց ընթացքում ձևավորվում է նրանց անհատականությունը, օրինակ՝ Տոլստոյի «Պետրոս Առաջին» վեպը[13]։ Առանձնացվում են կենցաղագրական էպոպեաներ որը մասշտաբային կերպով լուսաբանում է հասարակության զավեշտական դրությունը, օրինակ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել», Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ», Անատոլ Ֆրանսի «Պինգվինների կղզին» ստեղծագործությունները[13]։
Նովելը[Ն 1] գրական պատմողական ժանր է։ Իր չափերով համեմատվում է պատմվածքի հետ (ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց նույնականացման համար), բայց տարբերվում է նրանից ծագմամբ, պատմությամբ, կառուցվածքով[15]։ Նովելը հագեցած է իրադարձությունններով, ֆաբուլան ավելի հստակ է, սյուժեում առկա է որոշակի շրջադարձ, որը հանգեցնում է հանգուցալուծման։ Ավելի ծավալուն ստեղծագործությունների (վիպակ կամ վեպ) հետ համեմատած՝ նովելում քիչ են գործող անձինք և գոյություն ունի մեկ սյուժետային գիծ (հազվադեպ լինում է մի քանի գծեր), որը զարգանում է մեկ ընդհանուր խնդրի շուրջ։
Դասական նովելի բնորոշ կառուցվածքն է՝ հանգույց, գագաթնակետ, հանգուցալուծում։ Նովելին բնորոշ են գործողությունների արագ զարգացումն ու անսպասելի, կտրուկ վախճանը։ 19-րդ դարի սկզբի ռոմանտիկները նովելում գնահատում էին անսպասելի շրջադարձը, այսպես կոչված «պուանտը», որ Արիստոտելի պոետիկայում համապատասխանում է ճանաչման կամ պերիպետիայի պահին։ Այս ամենի հետ կապված՝ Վիկտոր Շկլովսկին նշել է, որ երջանիկ, փոխադարձ սիրո նկարագրությունը չի ստեղծում նովել, վեջինիս համար անհրաժեշտ է սեր, որը հանդիպում է խոչընդոտների. «Ա-ն սիրում է Բ-ին, Բ-ն չի սիրում Ա-ին, երբ Բ-ն սիրահարվում է Ա-ին, Ա-ն արդեն էլ չէր սիրում Բ-ին»[16]։
Համաշխարհային գրողների շարքում նովելներ հեղինակել են Մոպասան, Օ'Հենրինն, Անտոն Չեխովը, Մերիմեն, հայ գրականության մեջ՝ Գրիգոր Զոհրապը, Ստեփան Զորյանը և այլք։
Մանիֆեստը ծրագրային արձակ շարադրանք է՝ կապված կոնկրետ գրական ուղղության, հոսանքի, դպրոցի, խմբի գեղագիտական սկզբունքների հետ։ Տերմինը լայն տարածում է ստացել 19-րդ դարում և ունի լայն իմաստ, ինչի պատճառով էլ համարվում է պայմանական և կիրառելի մի ամբողջ շարք գրական ստեղծագործությունների վերաբերյալ՝ ծավալուն դեկլարացիաներից մինչև գեղագիտական լուրջ տրակտատներ, հոդվածներ, առաջաբաններ։ Որոշ դեպքերում գրողների և գրաքննադատների գեղագիտական ելույթները կրում են գրական մանիֆեստի բնույթ՝ անմիջական ազդեցություն թողնելով պատմական և գրական գործընթացների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ մանիֆեստի ձև ունեցող որոշ դեկլաացիաներ լինում են կարճաժամկետ և ոչ ազդեցիկ։ Երբեմն գրական մանիֆեստն և գրական դպրոցի իրական բովանդակությունը չեն համընկնում։ Ընդհանուր առմամբ մանիֆեստները հասարակական կյանքի արդյունք են, որ արտացոլում են և՛ գաղափարա-գեղագիտական որոնումները, և՛ նոր գրականության ձևավորման ընթացքը[17]։
Պարաբոլը (հունարենից թարգմանած՝ համեմատություն, զուգորդում, նմանություն) այլաբանական բարոյախոսություն է։ Տերմինը նշանակում է պրիտչային մոտ ժանր 20-րդ դարի արձակում և դրամատուրգիայում։ Չնայած պարաբոլը՝ որպես խրատական բովանդակությամբ այլաբանական ստեղծագործությունը, հայտնի է անտիկ ժամանակներից, այն հաճախ է հանդիպում քրիստոնեական գրականությունում։ Այն պատմությունը ներկայացնելու հատուկ ձև է, որը շարժվում է կոր գծով (պարաբոլ). այն սկսում է վերացական երևույթներից, այնուհետև պատմությունն աստիճանաբար մոտենում է գլխավոր թեմային, իսկ հետո կրկին վերադառնում է սկզբին, ինչպես օրինակ՝ «Անառակ որդու վերադարձը» հատվածը Նոր Կտակարանում։ Պարաբոլների գիրքը՝ որպես բաղադրիչ մաս, ներառված է Վոլֆգանգ Գյոթեի «Արևմտաարևելյան դիվանում», իսկ որպես այլաբանական բնույթի պատմություն առկա է եվրոպական և ռուսական ռոմանտիկական գրականության մեջ։ Պարաբոլին մոտ հատկանիշներ, դրա տարրեր առկա են ժամանակակից գրականության բազմաթիվ ստեղծագություններում։ Ի տարբերություն պրիտչայի՝ պարաբոլայում չեն ճնշվում ստեղծագործության առարկայական, առանձին իրավիճակին բնորոշ հիմունքները։ Եթե Ավետարանի պրիտչաներում գլխավորը այլաբանական պլանն է, պարզ ֆաբուլայի բացատրությունը քրիստոնեական տեսանկյունից, ապա պարաբոլում երկու պլաններն էլ հավասարապես կարևոր են։ Սա շատ առումներով որոշում է 20-րդ դարի պարաբոլի ժանրային առանձնահատկությունները[18]։
Պրիտչան չափածո կամ արձակ ոչ մեծ պատմություն է այլաբանական, խրատական ձևով։ Իրականությունը առակում արտացոլվում է ժամանակագրական ու տարածական հարթությունից դուրս, առանց կոնկրետ նշելու գործող անձանց պատմական անունները։ Պրիտչան անպայման տալիս է այլաբանության բացատրությունը, որպեսզի կարդացողի համար հասկանալի լինի դրա իմաստը։ Չնայած առակների հետ նմանությանը՝ պրիտչան հավակնում է համամարդկային ընդհանրացման՝ հաճախ ուշադրություն չդարձնելով մասնավոր խնդիրների։ Առակը նաև էպոսի ժանր է, որն ունի ուսուցողական բնույթ և պարունակում է կրոնական կամ բարոյական խրատ այլաբանական ձևով։ Եվրոպական գրականության մեջ պրիտչայի ձևի հիմնական աղբյուրը Նոր Կտակարանն է։ Հին Կտակարանում դեռևս չկա այդպիսի հստակ ժանրային կազմություն, որն ընդունված է կոչել պրիտչա։ Առանձին պատմություններ, օրինակ՝ Հոբ երանելու, Աբրահամի մասին, կարելի է պայմանականորեն համարել պրիտչա, բայց նրանցում չկա ժամանակի և հավերժության հստակ բաժանում, որը սկզբունքորեն տարանջատում է ավետարանական պրիտչան։ Պրիտչան տարածված էպիկական ժանր է եղել նաև 19-20-րդ դարերում, որի հիմքում ընկած է եղել պարաբոլի սկզբունքը։ Բնութագրվում է հիմնական մտքի սրությամբ, լեզվի արտահայտչությամբ և էքսպրեսիվությամբ։ Պրիտչայի ժանրին անդրադարձել են Լև Տոլստոյը, Ֆրանց Կաֆկան, Բերտոլդ Բրեխտը, Ալբեր Քամյուն և այլք[19]։ Հենց 20-րդ դարում է ի հայտ եկել վեպ-պրիտչա տերմինը[20]։ Գրողները, գրաքննադատները և գրականագետները 20-րդ դարի արտասահմանյան գրականության նմուշներից այդպիսի բովանադակությամբ ստեղծագործություններ են համարում, օրինակ՝ Թորնթոն Ուայլդերի «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» վեպ-պրիտչան, Պեր Լագերքվիստի փիլիսոփայական ալեգորիկ վեպերը և վիպակ-պրիտչաները, օրինակ՝ «Դահիճը», Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» և այլն, Իտալո Կալվինոյի «Երկատված վիկոնտը», «Ծառաբնակ բարոնը» և այլն, Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ռեալիստական վիպակը, որ ունի «պրիտչային» բնորոշ ենթատեքստ, Ուիլյամ Ֆոլքների «Պրիտչա», Մաքս Ֆրիշի «Homo Faber», «Ինձ կկոչեմ Գանտենբայն» վեպերը, Բերտոլդ Բրեխտի շատ պիեսներ, մասնավորապես՝ «Բարի մարդը Սեզուանից» և «Արթուրո Ուիի կարիերան», բազմաթիվ ուտոպիաներ և անտիուտոպիաներ, օրինակ՝ Ջորջ Օրուելի «1984», «Անասնաֆերմա», Գրեհեմ Գրինի «Կորստի գնով» ստեղծագործությունները։ Ինչպես նաև կարելի է նշել Ստանիսլավ Լեմի «Սոլյարիս» փիլիսոփայական վեպը, Ջոն Ապդայկի «Կենտավրոսը», Ֆերենց Շանտայի «Հինգերորդ փոկը»՝ հակաֆաշիստական, քրիստոնեական ակնարկներով վեպը։
Ակնարկը էպիկական գրականության փոքր ստեղծագործություն է, որը պատվածքից տարբերվում է մեկ, արագ լուծում ստացող կոնֆլիկտի բացակայությամբ և նկարագրական պատկերման մեծ զարգացմամբ։ Երկու տարբերություններն էլ կախված են այն խնդրից, որն արտացոլվում է ակնարկում։ Այն անդրադառնում է ոչ այնքան միջավայրի հետ հակամարտության ընթացքում անհատականության կայացման հարցին, որքան «միջավայրի» քաղաքացիական և բարոյական վիճակի խնդրին։ Ակնարկը կարող է վերաբերել ինչպես գրականությանը, այնպես էլ հրապարակախոսությանը[21][22]։
Էսսեն ոչ մեծ ծավալով և ազատ ոճով արձակ շարադրանք է։ Արտահայտում է անհատական տպավորությունները և պատկերացումները կոնկրետ երևույթի կամ հարցի վերաբերյալ և չի հավակնում տալ առարկայի սպառիչ մեկնաբանություն[23]։
Հայ գրականության մեջ էսսեի բնորոշ օրինակներ են Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո», Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» ստեղծագործությունները։ Արևմտահայերենում այս ժանրը կոչվում է դիմաստվեր (օրինակ՝ Հակոբ Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.