From Wikipedia, the free encyclopedia
Սենտիմենտալիզմ (ֆրանսերեն sentimentalisme, անգլերեն sentimental-զգայուն, ֆրանսերեն sentiment-զգացմունք բառերից), գեղագիտական ուղղություն 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի գրականության և արվեստի մեջ։ Սկզբնավորվել է արևմտաեվրոպական իրականության մեջ, կլասիցիստական և լուսավորական ռացիոնալիզմի ճգնաժամի պայմաններում։ Առավել համակողմանիորեն դրսևորվել է Անգլիայում։ Սենտիմենտալիզմը «մարդու բնության» գերհատկանիշը համարել է ոչ թե բանականությունը, այլ զգացմունքը։ Ընդունելով լուսավորականության առաջ քաշած բարոյական անհատի իդեալը, վերջինիս իրագործման պայմանը համարել է ոչ թե աշխարհի «բանական» վերակառուցումը, այլ «բնական» զգացմունքի ազատագրումն ու զարգացումը։ Կյանքի արտացոլման սկզբունքով հակադրվել է կլասիցիզմի վերացականությանն ու չոր դատողականությանը, մարդկային հոգեբանությունը պատկերել չափազանցված զգացմունքայնությամբ։ Լուսավորական գրականության հերոսին սենտիմենտալիստ գրողները օժտել են առավել խոր անհատական գծերով ու հուզական ներաշխարհով։ Նրանց հերոսը դարձել է դեմոկրատական ծագումով (կամ համոզմունքով) «միջին քաղաքացին», բուրժուական կամ գեղջկական աշխարհի հասարակ մարդը։ Ըստ այդմ, փոխվել է նաև պատկերվող միջավայրը, արիստոկրատական պալատներին ու սալոններին փոխարինել են գյուղական խաղաղ բնությունը, գեղջկական հյուղակները, արհեստավորների ու առևտրականների տները։ Կլասիցիզմի արծարծած համազգային և համապետական խնդիրների փոխարեն սենտիմենտալիզմն առաջ է քաշել մարդու կյանքի ու երջանկության հարցերը։ Հերոսական պոեմի, ներբողի կամ ողբերգության տեղը գրավել են եղերերգությունը, ուղերձը, նամակագրական և հոգեբանական վեպն ու վիպակը, ճամփորդական նոթերը, օրագրերը, գեղարվեստական արձակի այն տեսակները, որ ունեն խոստովանանքի բնույթ։ Իր դեմոկրատական միտումներով սենտիմենտալիզմը դարձել է ֆեոդալիզմի և միապետական իշխանության դեմ առաջավոր բուրժուազիայի ծավալած պայքարի գեղարվեստական արտահայտությունը։ Սենտիմենտալիզմը հանդես է եկել անհատի իրավունքի պաշտպանությամբ և որոշակի դեր խաղացել գրականության դեմոկրատացման, հասարակ մարդու հոգեբանության պատկերման գործում։ Դա սենտիմենտալիզմի հիմնական նվաճումն էր և պատմական առաջավոր դերը։ Իր լավագույն հատկանիշներով սենտիմենտալիզմը ազդել է նախառոմանտիզմի գրականության և արվեստի վրա, մեծապես նպաստելով ռոմանտիզմի առաջացմանն ու զարգացմանը։
Սենտիմենտալիզմին բնորոշ տրամադրություններ (հովվերգություն, մելամաղձոտ հայեցողություն) արտահայտվել են դեռևս Թոմսոնի («Տարվա եղանակներ», 1730 թվական), Ցունգի («Գիշերային խոհեր», 1742-1745 թվականներ) և Գրեյի («Եղերերգություն գրված գյուղական գերեզմանատանը», 1751 թվական) բանաստեղծական երկերում։ Սենտիմենտալիստական մոտիվներն առավել որոշակիորեն են հնչել Ռիչարդսոնի հոգեբանական վեպերում, Ֆիլդինգի ուշ շրջանի գործերում («Ամելիա», 1752 թվական)։ Սենտիմենտալիզմը սակայն, վերջնականապես ձևավորվել է Ստեռնի ստեղծագործության մեջ։ Նրա անավարտ «Սենտիմենտալ ճանապարհորդություն» (1768 թվական) առաջին խոշոր սենտիմենտալիստական երկն է, որի վերնագրից էլ բխել է ուղղության անվանումը։
Անգլիական սենտիմենտալիզմի հիմնական գծերը դրսևորվել են հատկապես Գոլդսմիթի, Կուպերի, Կրաբի, Մակենզիի և Ամոլետի (ուշ շրջանի) երկերում։ «Գյուղական թեման» աստիճանաբար կորցրել է իր հովվերգական բովանդակությունը և ներկայացվել կոնկրետ սոցիալական խնդիրներով։ Անգլիական սենտիմենտալիստների, հատկապես Ստեռնի ազդեցությամբ այդ ուղղությունը տարածվել է արևմտաեվրոպական գրականության մեջ։ Գերմանիայում և մանավանդ նախահեղափոխական Ֆրանսիայում սենտիմենտալիզմի դեմոկրատական միտումներն ստացել են առավել արմատական բնույթ։ Եվրոպական սենտիմենտալիզմի բարձրակետն է Ժան Ժակ Ռուսոյի «Նոր էլոիզ» (1761 թվական) վեպը։ Ժամանակի ազդեցությունն զգալի է Դենի Դիդրոյի և Լեսինգի, երիտասարդ Ֆրիդրիխ Շիլլերի և Վոլֆգանգ Գյոթեի վրա։ Ռուս գրականության մեջ սենտիմենտալիզմի հիմնադիրն է Կարամզինը («Թշվառ Լիզա», 1792 թվական)։ Սենտիմենտալիզմին հարել են Մուրավյովը, Բոգդանովիչը, երիտասարդ Ժուկովսկին և ուրիշներ։
Հայ գրականության մեջ սենտիմենտալիզմը ամբողջական արտահայտություն չի գտել։ Հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմի ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է համարվում Ալամդարյանը։ Սենտիմենտալիզմի որոշ տարրեր նկատելի են նաև Թաղիադյանի, Ղևոնդ Ալիշանի, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի ստեղծագործության մեջ («Վերք Հայաստանի», «Աղասու խաղը»)։ Բախչինյան բեմարվեստում սենտիմենտալիզմը զարգացել է պսլատական կլասիցիստական թատրոնի պայմանականությունների դեմ պայքարի նշանաբանով։ Սենտիմենտալիզմին բնորոշ զգացմունքի պաշտամունքը, մարդու ներաշխարհի նկատմամբ առավել հետաքրքրությունը հանգեցրել է կլասիցիստական արձանագրությունից, չափածո խոսքը արտասանելու պայմանական եղանակից հրաժարվել են։ Նոր խաղացանկը դերասանին պարտադրել է անձնավորումների կենցաղայնություն, կերպարի զարգացման ցուցադրում, կենդանի հուզառատ խոսքի ինտոնացիաների արտաբերում։ Փոփոխություններ են կատարվել նաև ներկայացման ձևավորման մեջ՝ «պալատական» միօրինակ դեկորները փոխարինվել են ավելի իրական միջավայրով, պայմանական զգեստները մոտեցվել են ժամանակակից հագուստներին, կիրառվել է բնորոշ գրիմ են։ Այս ամենը որոշակի է դարձրել ռեալիստական միտումների կուտակումը դերասանական արվեստում, որը տարբեր չափով է դրսևորվել 18-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր դերասաններ Գարրիկի (Մեծ Բրիտանիա), Շրյոդերի և Բրոկմանի (Գերմանիա) և այլոց ստեղծագործության մեջ։ Սենտիմենտալիզմը ազդել է տարբեր երկրների թատերարվեստի և այլ արվեստների վրա, ունեցել նաև ուշ արձագանքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 297)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.