Մելիքգյուղ
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Մելիքգյուղ (հայտնի է եղել նաև որպես Մելիքքյանդ, Մելիքքենդի, ավելի հնում՝ Մելիք, Մելիքի գյուղ անուններով), գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, Ապարանից՝ մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղի բնակչությունը 1165 մարդ է։ Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք՝ 49%։ Գտնվում է ծովի մակարդակից 2184 մետր բարձրության վրա՝ Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին՝ Շողակաթ և Թուխմանուկ լեռների փեշին։ Գյուղի միջով է հոսում Գետուկը, որը Քասախ գետի վտակներից է։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մելիքգյուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Համայնքապետ | Մելիք Քոչարյան | ||
Հիմնադրված է | մոտ 1640 թ. | ||
Այլ անվանումներ | Մելիքքյանդ, Մելիք, Մելիքի գյուղ, Մելիքքենդի | ||
Մակերես | 28,95 կմ² | ||
ԲԾՄ | 2184 մետր | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն լեռնային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼999 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||
Տեղաբնականուն | մելիքգյուղացի, մելիքգյուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | meliqgyugh.am | ||
| |||
Գյուղն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները երկար են և ցուրտ, ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է 16-18 °C, իսկ նվազագույնը՝ -6-8 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 մմ։
Մելիքգյուղն ունեցել է բազմաշերտ պատմություն։ Այն հիմնադրվել է մոտ 1630-1640-ական թվականներին Մելիքի կողմից, որն իր գերդաստանով (հավանաբար նաև մի շարք այլ գերդաստանների հետ միասին) հաստատվել է այնտեղ և հիմնել գյուղը, որն իր անունով էլ կոչվել է Մելիքգյուղ։ Հետագայում գյուղը վերաբնակեցվել է մեծ թվով գաղթականների՝ հիմնականում ալաշկերտցիների կողմից, որոնք 1830 թվականի մայիսին Ռուսական կայսրության կողմից կազմակերպված ներգաղթի արդյունքում ներգաղթած արևմտահայերն էին։ Գյուղը մտել է Ապարանի մահալի, Ալեքսանդրապոլի գավառի և այլ տարբեր վարչական բաժանումների մեջ։ Ալաշկերտիցները «վերախմբագրել են» գյուղի անունը՝ այն դարձնելով «Մելիքքյանդ», որը պահպանվել է մինչև 1948 թվականը։ 1941-1945 թվականներին գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 273 զինվոր, որոնցից 124-ը զոհվել են։
Գյուղն ունի պահպանված ավանդույթներ, ծեսեր, տոնակատարություններ և ապրում է մշակութային կյանքով։ Մի շարք մելիքգյուղցիներ հաջողություններ են գրանցել մարզական ոլորտում։ Պահպանվել է Ալաշկերտի խոսվածքը։ Սերունդները թողել են բազմաժանր բանահյուսական ստեղծագործություններ և գրական ժառանգություն։ Գյուղում գործում են մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ և այլն։ Սպիտակի երկրաշարժից հետո մանկապարտեզը չի գործում։
Մելիքգյուղ անունը սերտորեն կապված է գյուղի հիմնադրի՝ Մելիքի անվան հետ։ Գյուղի հիմնադրումից հետո հենց նրա պատվին էլ գյուղը անվանակոչվել է։ Ակնառու է, որ նա գյուղի գերդաստաններից ամենանշանավորն էր, քանի որ իր ամբողջ գերդաստանի և մի շարք այլ գերդաստանների հետ բնակություն էր հաստատել բնակավայրում։ Հետագայում, երբ մեծ թվով արևմտահայեր՝ հիմնականում ալաշկերտցիներ, 1829-1830 թվականներին արտագաղթեցին Արևմտյան Հայաստանից և բնակություն հաստատեցին Մելիքգյուղում, գյուղը նրանց կողմից վերանվանվեց Մելիքքյանդ կամ Մելիքքենդի, որը 1948 թվականին փոխարինվեց հին ձևով՝ Մելիքգյուղ անվամբ։ Գյուղը հայտնի է եղել նաև որպես Մելիք, Մելիքի գյուղ[2]։
Մելիքգյուղը հիմնադրվել է Մելիքի և նրա հետ եկած գերդաստանների կողմից։ Հիմնադրման ճշգրիտ թվականը չի պահպանվել, սակայն դրա շուրջ կան մի շարք ենթադրություններ։ Դրանց համար հիմք են ծառայում Մելիքի՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու պատի մեջ ագուցված տապանաքարի գրությունը, որտեղ ասվում է․
Այս է տապանը ապանեցի Սային բեկի որդի Մելիքի, որ եկել է Շարաբխանայից և հիմնադրել այս գյուղը։ - Մելիքի շիրմաքարի գրությունը |
Մելիքի տապանաքարի վրա նշված է իր մահվան թիվը՝ 1680 թվականը, որը թույլ է տալիս մի շարք հաշվարկների միջոցով մոտավոր հաշվել գյուղի հիմնադրման տարեթիվը։ Ըստ գյուղի պատմագիր Քերոբ Մադաթյանի՝ եթե ընդունենք, որ Մելիքը իր գերդաստանի հետ բնակավայր է գաղթել մոտ 30-35 տարեկանում, երբ արդեն դարձած կլիներ գերդաստանի առաջնորդ, ապա ենթադրվում է, որ գյուղը հիմնվել է 1630-ական թվականներին։ Սակայն քանի որ Մելիքի ճշգրիտ տարիքը մահվան պահին հայտնի չէ, ընդունված է գյուղի հիմնադրման մոտավոր թվական համարել մոտ 1630-1640-ական թվականները։
Տապանաքարի վրա գրված է նաև, թե որտեղից է Մելիքը տեղափոխվել նոր բնակավայր։ Նա նախապես բնակվել է Շարաբխանա գյուղում, որը գտնվում էր Ուրմիա լճի հյուսիս-արևելքում։ Կա երկու վարկած, թե ինչպես է Մելիքի ընտանիքը տեղափոխվել Շարաբխանա։ Ըստ դրանից առաջինի՝ նրանք այդտեղ են եկել Շահ-Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթի ժամանակ, իսկ ըստ երկրորդի՝ նրանք Պարսկահայքի բնիկ բնակիչներ են եղել։
Սակայն մինչ Մելիքի՝ բնակավայրում բնակություն հաստատելը, ակնառու է, որ այնտեղ եղել է բնակավայր։ Նա չի հիմնել ամբողջովին նոր գյուղ, այլ վերաբնակեցրել է այն։ Դրա ապացույցն են Կլոր Դար կոչվող բլրի գագաթին հայտնաբերված անմշակ, հսկայական քարերով շարված պարսպի և հիմքի մնացորդները, ինչը ապացուցում է այն վարկածը, որ այստեղ եղել է ամրոց, հետևաբար՝ նաև բնակավայր և բնակչություն։ Հավանական է, որ այժմյան գյուղի վերին թաղի տարածքում էլ տարածվել է հին բնակավայրը։ Գյուղում շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են ջրմուղի հետքեր, որը կավե խողովակներով Շողակաթ լեռան լանջից բխող Լուսաղբյուրից ջուրը բերել է գյուղի կենտրոն։ Մեկ այլ ջրմուղ հայտնաբերվել է եկեղեցու մոտ՝ գյուղի կենտրոնում, որը գալիս էր Կլոր Դարի կողմից։ Այն պատրաստված է եղել 30x30 սմ մեծության տաշած քարե սալիկներով, որոնք նույնպես հին բնակության վկայություն են։
Հայտնաբերվել են հին գերեզմանոցներ, կարասներ, թոնիր, ձավար ծեծելու սանդ, կավե ամաններ, քարե գործիքներ։ Սրանց մեծ մասը հայտնաբերվել է Մաղազի ձոր կոչվող ձորակի արևմտյան ափին, որտեղ, հավանաբար, հին բնակավայր է եղել։ Միրաքից մինչև Ջառջառիս ընկած տարածքում եղել են մի շարք հին բնակավայրեր, խիտ բնակչություն։ Այդ բնակավայրերի ավերակները մինչև այսօր էլ պահպանվում են։ Գյուղի հին բնակավայրի գոյության ապացույց է նաև այն, որ ներկայիս կենտրոնական Սուրբ Հովհաննես եկեղեցու տեղում հնում եղել է ավելի փոքր մի մատուռ, որը կառուցված է եղել Միրաքի 5-րդ դարի եկեղեցու նմանությամբ, սա նույնպես ապացուցում է, որ նույն ժամանակաշրջանում Մելիքգյուղի ներկայիս տարածքում եղել է ավելի հին բնակավայր։
Մելիքի մահից հետո՝ 1680-ական թվականների ամռանը, գյուղում տարերային աղետ է տեղի ունեցել։ Առատ ձյուն է եկել, ինչի հետևանքով փակվել է գյուղի ճանապարհը, գյուղացիները չեն կարողացել դուրս գալ տնից, սատկել են բոլոր կովերը և կենդանիները, փչացել են բոլոր ցանքատարածությունները։ Հիասթափվելով անբարենպաստ կլիմայից՝ գյուղացիները հավաքվել են և քննարկել հարցը։ Որոշվել է հեռանալ գյուղից և բնակություն հաստատել ավելի հարմար կլիմայական պայմաններ ունեցող գյուղում։ Մելիքի ժառանգները հեռացել են և հաստատվել ներկայիս Ալավերդու մոտ գտնվող գյուղերում։ Հարևան մի շարք գյուղերի բնակչությունը նույնպես տեղափոխվել է։ Ըստ ավանդության՝ հետագայում հեռացածներից 20 ընտանիք վերադարձել են հետ, սակայն այս ավանդությունը հաստատված չէ, քանի որ դրա համար չկան ապացույցներ[3]։
1828-1829 թվականներին ընթացել է ռուս-թուրքական պատերազմը, որի արդյուքնում Ռուսական կայսրությունը նորից հաղթանակի է հասավ հակառակորդի նկատմամբ։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ կնքվեց Ադրիանապոլսի պայմանագիրը, որի 13-րդ հոդվածը թույլ էր տալիս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայերին ներգաղթել Արևելյան Հայաստան և ազատվել օսմանյան բռնաճնշումներից ու ծանր հարկահանությունից։ 1830 թվականի մայիսին սկսվել է զանգվածային ներգաղթը։ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների բնակիչների համար սահմանվել էր ներգաղթի որոշակի տարածք։ Ալաշկերտցիների համար պատրաստվել էր Ապարանի, Դարաչիչակի, Հանքավանի, Արագածի, Մարտունու, Աշտարակի շրջանները։
“ | - Հ'օդա չարխին տըրեխ կըսին, բ'էրնին ռեխ կըսին, մոձագ հ'էլէ մառտ կըխէխտա, շոկ լէ մառտու բէն կըկըդրա։ Էդա մեր տեխ չէ։ Քէլեկ, լաօ, քէլեկ էրտանկ գըդնինկ կանաչ սարեր, պաղ հ'ախպըրներ, զուլալ ջ'ըրեր․․․ | ” |
- Գաղթականներից մեկի խոսքը Արարատյան դաշտից Մելիքգյուղ տեղափոխվելուց առաջ |
Ալաշկերտցի ընտանիքներից մի քանիսը բնակություն են հաստատել Արարատյան դաշտում, Օշականում, սակայն քանի որ նրանք մինչ այդ ապրել էին ցրտաշունչ կլիմա ունեցող տարածաշրջանում՝ Ալաշկերտում, չեն հարմարվել տեղի շոգ կլիմային և շուտով՝ 1830 թվականին, թողել են Արարատյան դաշտը և Քասախ գետի հոսանքով շարժվել վեր։ Հասնելով ցրտաշունչ կլիմա ունեցող մի լքված բնակավայրի, որը հիմնադրված էր Մելիքի կողմից՝ ալաշկերտցիները հաստատվել են այնտեղ։ Գյուղի կլիման հոգեհարազատ էր նրանց, իսկ ցանքատարածությունները ու խոտհարքերը՝ առատ։ Մելիքգյուղում հաստատված գաղթականների մեծ մասը Ալաշկերտի Ղարաքիլիսայից էր, 2 ընտանիք՝ Իրիցուգեղից, 1-ը՝ Քուփխռանից․ այս բոլոր ընտանիքները 6 տարով ազատվել են բոլոր տեսակ հարկերից և տուրքերից։
Ըստ 1831 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ Մելիքգյուղում բնակվել է 48 ընտանիք, 309 բնակիչ, որից 165 տղամարդ և 144 կին։ Այդ ժամանակ գյուղը մտել է Ապարանի մահալի մեջ և կոչվել է Մելիքքենդի։ Նույն պահին գյուղում արդեն զարգանում էր գյուղատնտեսությունը։ Գյուղում կային 95 գոմեշ, 232 եզ, 152 կով, 83 հորթ, 390 ոչխար և այծ, 22 ձի և 2 ավանակ։ Գյուղում արհեստագործներից հիշատակվում են միայն 2 ջուլհակ և 1 դարբին[4]։
Մելիքգյուղացիները Ռուսական կայսրության կազմում եղած ժամանակաշրջանում հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի բնակիչները ապրել են նահապետական կյանքով՝ աշխարհից կտրված։ Ձմեռվա երկար գիշերները անց եմ կացրել գոմերում և օդաններում՝ ձեթի ճրագի տակ պատմելով հեքիաթներ։ Նրանք երգել են ավանդական երգեր, ընդունել աշուղների, շախմատ և տամա խաղացել։ Գյուղացիների համար օդան մշակութային կենտրոն էր, ինչը յուրաքանչյուր թաղի կենտրոնն էր։ Հիմնական հավաքները և քննարկումները տեղի են ունեցել այնտեղ։ Գյուղը վարել է բնափակ տնտեսություն։ Բրդից և բամբակից պատրաստել են հագուստ, իսկ որպես կոշիկ ծառայել է կաշվե տրեխը։
Ինչպես հայկական մնացած բնակավայրերում, այստեղ նույնպես 1800-ական թվականներին տիրել է համատարած հետամնացություն և անգրագիտություն, քանի որ գյուղը չուներ դպրոց։ Միակ գրագետ մարդը գյուղի քահանան էր։ Հիավանդներին բուժել են հեքիմները՝ օգտագործելով իրենց ժողովրդական ինքնուս հմտությունները։ Այդ հմտությունների կիրառումը հաճախ նաև վնասներ է հասցրել հիվանդներին և վատթարացրել նրանց վիճակը։ Հաճախ տարածվել են համաճարակներ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների շրջանում, որոնք մեծ վնաս են հասցրել տնտեսություններին, քանի որ չկար դրանց դեմ ուղղված որևէ պետական մակարդակի պայքար։ Այս ժամանակաշրջանում գյուղում չի եղել խանութ, իսկ գյուղացիները առևտուր են արել շրջիկ մանրավաճառ չարչիներից։ Աղը տարին մեկ անգամ սայլերով բերել են Կողբից։ Նավթը որպես լամպի և ճրագի վառելանյութ սկսվել է օգտագործվել միայն 1910-ական թվականներից, երբ Բաքու և Բաթումի արտագնա աշխատանքի մեկնածները այն իրենց հետ բերեցին գյուղ։
Գյուղացիության աղքատության հիմնական պատճառներից էր ցարիզմի ագրարային և հարկային քաղաքականությունը։ Քանի որ հողերի 91,4% գտնվել է պետության, իսկ միայն 0,1%` գյուղացիության, գյուղացիները հողերը վերցրել են պետությունից և դրանց դիմաց վճարել մի շարք հարկեր և տուրքեր։ Այդ ժամանակ յուրաքանչյուր գյուղացի վճարել է 5,75 ռուբլի երկրային տուրք, 3,5 ռուբլի պետական հարկ և 3,87 ռուբլի հասարակական հարկ։ Այս ամենը հանգեցրել է աղքատության շեմի բարձրացման, որն էլ իր հերթին բերել հոտաղների և մշակների թվի աճի։ Հոտաղները իրենց ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ստացել են չնչին վարձ՝ 1 ձեռք հագուստ, 2 զույգ տրեխ, 3 ռուբլի գումար։ Մեծացել էր նաև արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, որոնք այլ վայրերում զբաղվել եմ հոտաղությամբ։ Նրանցից շատերը այնտեղ ոչինչ չեն վաստակել, ընդհակառակը՝ վարակվել են տարբեր հիվանդություններով՝ հատկապես մալարիայով, և վերադարձել գյուղ։
Գյուղի համար պատուհաս են եղել հարևան Միրաքի քուրդ աղաները։ Իրենց թիկունքում ունենալով Ռուսական կայսրության հովանավորությունը՝ նրանք հաճախ հարստահարել են մելիքգյուղացիներին և նրանցից տարբեր կերպ գումար կամ բնամթերկ կորզել։ Հաճախ բռնի ուժով յուրաքանչյուր ընտանիքից խլվել են 2-3 ոչխար, երկու պարկ ցորեն, գարի և այլն։ Այն մարդիկ, ովքեր հրաժարվել են կատարել աղաների պահանջները, պատժվել են․ նրանց անասուններին աղաները քշել, տարել են դաշտից, այրել խոտի դեզերը, ավերել ցանքատարածությունները և այլն։ Սակայն միշտ չէ, որ մելիքգյուղացիները ենթարկվել են, ինչը որոշ չափով սահմանափակել է աղաների պահանջները։
Մելիքգյուղացիների համար բարդ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիները, երբ հայ-ռուսական ուժերը պատերազմ էին մղում Օսմանյան կայսրության դեմ։ Մի շարք մելիքգյուղացիներ զորակոչվել են բանակ, ինչի հետևաքնով տուժել է տնտեսությունը։ Գնալով քչացել է աշխատունակ գյուղացիների թիվը, ինչը հանգեցրել էր աղքատության ցուցանիշի աճի։ Նույն ժամանակաշրջանում տեղի էր ունենում Մեծ եղեռնը, ինչի հետևաքնով ամբողջ Արևելյան Հայաստանը ընդունում և ապաստան էր տալիս արևմտահայ գաղթականներին։ Մելիքգյուղը նույնպես անմասն չի մնացել այս գործընթացին։ Սա մեծ կորուստների ժամանակաշրջան էր[5]։
1918 թվականին սկսվել է հայ-թուրքական պատերազմը, որի արդյունքում Հայաստանը մայիսի 28-ին հռչակել է իր անկախությունը։ Մելիքգյուղը Հայաստանի անկախացումից հետո մտել է նրա կազմի մեջ։ Ընթացքի մեջ գտնվող հայ-թուրքական պատերազմից անմասն չեն մնացել նաև մելիքգյուղացիները։ Ալեքսանդրապոլից դեպի Ապարան շարժվող թուրքական զորքից մի ջոկատ առանձնացել է և դիմել դեպի Մելիքգյուղ։ Այս ջոկատի դեմ են դուրս եկել տարբեր տարիքի 50-60 մելիքգյուղացիներ, որոնք դիրքավորվել են Խնդո քռա և Նաջրի քռա կոչվող բլուրների լանջերին, և ստիպել թուրքական ջոկատին նահանջել դեպի Ղոնդախսազ (այժմ՝ Ռյա Թազա), իսկ իրենք տեղափոխվել Շարան քարեր կոչվող հանդամաս՝ արգելափակելու թուրքերի հնարավոր առաջխաղացումը այդ կողմից։
Թուրքական ջոկատի հրամանատար փաշան դիմել է խորամանկության և պատվիրակություն ուղարկել մելիքգյուղացիների մոտ՝ ասելով, որ եթե նրանք թուրքերին աղ ու հացով դիմավորեն և իրենց հանձնեն 300 զինված երիտասարդների, ապա Մելիքգյուղին վտանգ չի սպառնա։ Գյուղացիները հավաքվել են և քննարկել այս առաջարկը․ որոշվել է փաշայի մոտ ուղարկել 7 մարդ՝ մի քանի բերդան զենքերով հանդերձ։ Այս ամենը փաշան ընդունել է որպես ծաղրանք իր անձի հանդեպ և 5 երիտասարդներին իր մոտ պահելով՝ 2-ին հետ ուղարկել գյուղ՝ պահանջելով կատարել իր նախնական պայմանը։ Մելիքգյուղացիները հասկացել են, որ թուրք փաշան այդ խորամանկության ցանկանում է կոտրել Մելիքգյուղի պաշտպանությունը, և սկսել են ուժեղացնել ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ գյուղացիներին տեղահանելով դեպի Ապարան և Աշտարակ։
Մելիքգյուղացի զինվորները գիշերը մոտեցել են Ղոնդախսազին և առավոտյան շուտ նախահարձակ եղել թուրքական ջոկատի վրա։ Մինչ այդ 15-16 մելիքգյուղացիներ մնացել էին բարձունքում՝ հակառակորդին վերևից գնդակոծելու համար։ Այս ռազմական գործողությունը խուճապ է մտցրել հակառակորդի շարքերում։ Խուճապն էլ ավելի է ուժեղացել, երբ մինչ այդ ռուսական բանակում ծառայած մելիքգյուղացի մի քանի զինվորներ ռուսերեն բարձր հրամաններ են տվել, ինչի հետևանքով թուրքերը սկսել են մտածել, որ ռուսական մեծաթիվ ջոկատն է իրենց վրա հարձակվել։ 18-ամյա մելիքգյուղացիներից մեկը՝ Գառնիկ Ասատրյանը, կռվի ժամանակ նկատել է թուրք փաշային, որը փորձում էր ձի նստել և փախչել կռվի դաշտից։ Նա մոտ է վազել և կրակել փաշայի վրա։ Տարբեր վարկածներ կան․ ըստ առաջինի՝ փաշան նրա գնդակից սպանվել է, իսկ ըստ երկորրդի՝ ուղղակի վիարվորվել և փախուստի դիմել։ Այս ամենը դասալքություն է առաջացրել թուրքերի շարքում, որոնք արագորեն լքել են Ղոնդախսազը։
Մի քանի օրից թուրքական նոր, ավելի մեծաթիվ ջոկատ է եկել Ղոնդախսազ, որտեղ իմացել են, որ իրենց վրա հարձակվողները մելիքգյուղացիներն են եղել։ Նրանք հարձակվել են Մելիքգյուղի վրա, որի ինքնապաշտպանության մարտիկները նահանջել են դեպի Միրաք և Ապարան, ապա մասնակցել Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Թուրքերը կարողացել էին մտնել Մելիքգյուղ, սակայն տեղի բնակչությունը արդեն տեղահանված է եղել Օհանավան, Կարբի, Մուղնի ու Թթուջուր գյուղեր՝ իրենց հետ տանելով ամենաարժեքավոր իրերը։ Թուրքերը գյուղում թալան են կազմակերպել, եկեղեցին վերածել ախոռի, ավերել գյուղը, ոչնչացրել մի շարք մագաղաթներ և գրքեր։ Հայ-թուրքական պատերազմում հայերի հաղթանակ տոնելուց հետո ավերակները և վնասները վերականգնվել են մելիքգյուղացիների կողմից։
Այս ամենը կրկնվել նաև 2 տարի անց, երբ Քեմալական Թուրքիան սկսել է հայ-թուրքական պատերազմը։ Թուրքական ուժերը գրավել են Սարիղամիշը, Կաղզվանը, Կարսը, Ալեքսանդրապոլը և սկսել վտանգ հանդիսանալ նաև մելիքգյուղացիների համար, որոնք նորից դիմելեն տեղահանման։ Սակայն այս անգամ թուրքական զորքերը չեն հասել Մելիքգյուղ[6]։
1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի առաջին հանրապետությունը վերացավ, որի հիման վրա ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը։ Մելիքգյուղը նույնպես մտել է նորաստեղծ խորհրդային հանրապետության կազմ։ Մելիքգյուղացիները 1920 թվականի դեկտեմբերին աղ ու հացով ընդառաջ են գնացել կարմիրբանակային ջոկատին և գյուղ ուղեկցել Մելիքգյուղի հեղկոմի առաջին նախագահ Արմենակ Գրիգորյանին։ Գյուղում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք փոփոխություններ․ հողեր են ստացել սակավահող և հողազուրկ գյուղացիները, 1923-1924 թվականներին տեղի է ունեցել հողերի բաժանում՝ ըստ շնչի (1 շնչին՝ 1 հեկտար վարելահող, իսկ 3 շնչին՝ 1 հեկտար խոտհարք)։ 1921 թվականին գյուղում բացվել է դպրոց, սկսվել է անգրագիտության վերացման աշխատանքները։ Բացվել է խրճիթ-ընթերցարան (ակումբ), խանութ։ Ծավալվել է պետական առևտուր, գյուղացիներին տրվել են գյուղգործիքներ։ Ստեղծվել է փոխադարձ օգնության դրամարկղ (փօդ)։ Ավելացել է անասունների գլխաքանակը, իսկ անասունազուրկ տնտեսությունները ի վիճակի են եղել սկսել զբաղվել անասնապահությամբ։ Գյուղացիներից շատերը նոր տներ են կառուցել։ Սկսվել է բարելավվել գյուղի բնակչության կյանքը։
Գյուղատնտեսության վերակառուցման նպատակով 1927 թվականին ՀամԿ(բ)Կ 15-րդ նիստում ընդունվել է գյուղատնտեսության կոլեկտիվացման որոշում։ Հայաստանում կոլեկտիվացումը սկսվել է հաջորդ տարի՝ 1928 թվականին, որից անմասն չի մնացել նաև Մելիքգյուղը։ 1930 թվականին 7 ընտանիքներ ինքնակամ կոլեկտիվացրել էին սեփական տնտեսությունները, սակայն իշխանությունները փորձել էին բոլոր օրինական և անօրինական միջոցներով կոլեկտիվացնել գյուղի ամբողջ տնտեսությունները, ինչը դատապարտված էր չիրականացման։ Վերջապես իշխանությունները դիմել են ավելի կազմակերպված միջոցառումների և կարողացել 1934 թվականին ավարտել տնտեսությունների կոլեկտիվացումը։ Կոլեկտիվացված տնտեսությունները պետությունից անվճար ստացել են սերմացու, գյուղգործիքներ, շինարարության համար վարկեր և այլն։ Ամրապնդվող տնտեսությունները հնարավորություն են ստացել ձեռք բերել պարարտանյութեր և քիմիկատներ, ինչի միջոցով արտերը արդեն պաշտպանված էին մորեխներից և մկներից։ Գյուղատնտեսությունը նաև մեքենայացվել է․ գյուղում ի հայտ եկան առաջին տրակտորիստները։ 1940 թվականին արդեն գյուղում հաշվվել են 243 ծուխ՝ 1379 բնակչով․ անկում էր ապրում աղքատությունը և մուրացկանությունը․ բարելավվում էր բնակչության կյանքը[7]։
1941 թվականի հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա․ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Ադոլֆ Հիտլերը մշակել էր կայծակնային պատերազմի (բլից կրիգ) նախագիծ, ըստ որի՝ 2-3 ամսում ԽՍՀՄ-ը պետք է պարտություն կրեր։ Սակայն միութենական ժողովուրդները պայքար են սկսել ընդդեմ գերմանական բանակի։ Այս պայքարից անմասն չի մնացել նաև Մելիքգյուղը, որտեղից ռազմաճակատ է մեկնել 281 մարդ։ 12-15 տարեկան պատանիների ուսերին էր մնացել գյուղատնտեսական ամբողջ հոգսը։ Այս ամենի հետևանքով գյուղը դատարկվել է տղամարդկանցից, որոնք կազմել են գյուղի հիմնական աշխատուժը․ անկոււ է ապրել տնտեսությունը։ Ռազմաճակատ մեկնածներից 124-ը զոհվել են ֆաշիզմի դեմ մղվող պայքարի ժամանակ․ ի պատիվ նրանց՝ գյուղում կանգնեցվել է 11 մետր բարձրություն ունեցող հուշարձան։ Հուշարձանի վրա փորագրված է․
Մարդիկ, |
89-րդ Թամանյան ջոկատի կազմում Բեռլին են հասել նաև մի շարք մելիքգյուղացիներ, որոնք հաղթանակից հետո այնտեղ հայկական քոչարի են պարել[8]։
1950-1960-ական թվականներին նորից սկսել է աշխուժանալ երկրի տնտեսությունը, ինչը թույլ է տալիս մելիքգյուղացիներին ծավալել մեծածավալ շինարարական աշխատանքներ․ կառուցվել են մի շարք նոր և հարմարավետ բնակարաններ։ Կարևոր նշանակություն ունեցավ նոր ոռոգման ջրանցքը, որը ջուրը սարի տակից՝ գյուղի արևելյան հատվածից, հասցրել է ցանքատարածություններ և անջրդի հողերը դարձրել ջրարբի։ 1950-ական թվականների սկզբից գյուղում սկսել են գործել բուժկետ և անասնաբուժական տեղամաս։ 1953 թվականին գյուղը ստացել է էլեկտրական էներգիա․ այդ ժամանակ գյուղի փողոցները նույնպես լուսավորվեցին էլեկտրաէներգիայով։ Կառուցվել է էլեկտրաաղաց։ 1961 թվականին գյուղը ստացել է խմելու ջուր․ Մեսրոպ Պետրոսյանի նախաձեռնությամբ և գյուղացիների ջանքերով կառուցվել է 3 կմ երկարությամբ խողովակաշար, որը Թուխմանուկ լեռան բարձր լանջից գյուղ է հասցրել Աղի կոչվող աղբյուրի սառնորակ ջուրը։ 1964 թվականին գյուղում սկսել է գործել փոստ և խնայդրամարկղ։ 1973 թվականին գյուղում տեղադրվել է 120 համար ունեցող հեռախոսային կոմուտատոր (մինչ այդ գյուղում եղել է ընդամենը 3 հեռախոս՝ գյուղխորհրդում, փոստում և դպրոցում)։ Գյուղում կրթությունը դարձել էր համընդհանուր և պարտադիր, ինչը նպաստել է գրագիտության բարձրացմանը։ Հետպատերազմյան տարիներին կառուցվել են նաև գյուղխորհրդի վարչական շենք, մանկապարտեզ, կենցաղի տուն, բաղնիք, անասնահամալիր, դպրոցի շենք, խանութ և այլն։ 1979 թվականին գյուղում բնակվել են 862 մարդ[9]։ Գյուղին վնասներ հասցրեց 1988 թվականին տեղի է ունեցած Սպիտակի երկրաշարժը․ ավերվեցին դպրոցի և մանկապարտեզի շենքերը, մի շարք այլ շենքեր, զոհեր չեղան։
1991 թվականին Հայաստանը անկախացել է ԽՍՀՄ-ից․ նորանկախ Հայաստանի կազմի մեջ մտավ նաև Մելիքգյուղը։ Այժմ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Մելիքգյուղի հիմական ապրուստի աղբյուրը։ 2004 թվականին գյուղից արևելք՝ 1,5-2 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել են ոսկու և բազմամետաղների պաշարներ[10]։ 2005 թվականին գյուղում անց է կացվել գյուղապետի ընտրություններ, որտեղ հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Խլղաթյանը[11]։ 2006 թվականին «Թուխմանուկ» ոսկու և բազմամետաղի հանքի շահագործումը հանձնվել է Հրայր Թովմասյանի կողմից հիմնադրված «Մեգո գոլդ» ՍՊԸ-ին։ Հանքի շահագործման հանձնվելուց հետո գյուղացիների մեծ մասը սկսել է աշխատել այնտեղ[12]։ 2008 թվականին գյուղապետ է ընտրվել Մհեր Մխիթարյանը[13]։ 2012 թվականին «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն հայտարարել է, որ պատրաստվում է կառուցել երրորդ պոչամբարը։ Այս ամենի հետևանքով գյուղացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել, փակել միջհամայնքային ճանապարհները՝ պատճառաբանելով հանքի վտանգավոր ներգործությունը շրջակա միջավայրի, անասնապահությա, գյուղատնտեսության ն և առողջապահության վրա։ Ի վերջո՝ 2013 թվակին ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի՝ երրորդ պոչամբարը կառուցելու առաջարկը[14]։ 2012 թվականին գյուղապետ է ընտրվել Հակոբ Մկրտչյանը[15]։ Ոսկու հանքը շահագործող ընկերությունը պարտքեր էր կուտակել 40 գյուղացիների նկատմամբ[14]։ Նույն ընկերությունը պարտքեր էր կուտակել նաև համայքի նկատմամբ՝ շուրջ 50 մլն դրամ։ 2016 թվականին գյուղապետ է դարձել Դերենիկ Շահբազյանը[16], ով դիմել է դատարան՝ գործարանի կուտակած 50 մլն պարտքը հետ ստանալու համար[17]։ Ի վերջո՝ «Մեգո գոլդ» ընկերությանը հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, իսկ նոյեմբերի 1-ի վճռով՝ ճանաչվել սնանկ[14]։
Այժմ մտնում է Ապարանի համայնքի կազմի մեջ։
Մելիքգյուղում հայտնաբերվել են մի շարք պատմամշակութային արժեք ունեցող հուշարձաններ, սակայն դրանցից ամենանշանավորը գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին է[18]։ Եկեղեցու տեղում հնում եղել է փոքրիկ մատուռ, որի հիմքերի վրա 1891 թվականին վերակառուցվել է բազիլիկ եկեղեցին։ Կառուցումից հետո գործել է մինչև 1935 թվականը և խորհրդային կարգերի հրամանով փակվել է[19]։ Հետագայում վերաօծվել է 1995 թվականին՝ Գարեգին Ա կաթողիկոսի կողմից[20]։
Եկեղեցին եռանավ բազիլիկ հորինվածք ունի[21]։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու արևմտյան ճակատային հատվածում։ Սյունասրահում սյունների պարտականությունները կատարում են փայտե գլանները։ Եկեղեցու կառուցման ժամանակ վեց փայտե գլանները բերվել են Արևմտյան Հայաստանից՝ Սարիղամիշից, որոնք մինչև օրս էլ ծառայում են իրենց նպատակին։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է սև տուֆ։ Խորանի բարձրությունը կազմում է 1 մետր։ Մուտքը արևմտյան մասից է, որտեղ լուսավորություն ապահովելու համար բացված է նաև կիսաշրջանաձև պատուհան։ Բակում գտնվում են 17-20-րդ դարերի տապանաքարեր, իսկ եկեղեցու հյուսիսային պատին ներքուստ ագուցված է գյուղի հիմնադրի՝ Մելիքի, տապանաքարը։
Գյուղի բնակչությունը 1165 մարդ է՝ ըստ 2008 թվականի մարդահամարի։ Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք՝ 49%։
Գյուղի բնակչության փոփոխությունները, ըստ տարբեր տարիների իրականացված մարդահամարների, ներկայացված է ստորև[22]։
Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների միացման վայրից դեպի արևմուտք են ձգվում երկու լեռնաբազուկ, որոնցից հարավայրին կոչվում է Թուխմանուկ (2761 մետր), իսկ հյուսիսայինը՝ Շողակաթ (2700 մետր)։ Շողակաթ լեռան արևելյան և արևմտյան մասերից սկիզբ են առնում երկու բլուր՝ Կլոր Դար և Քլսի Դար։ Շողակաթ լեռան հարավայրին լանջին՝ այս երկու բլուրների միջև, փռված է Մելիքգյուղը։ Ծովի մակերևույթից գյուղի բարձրությունը հասնում է 2181 մետրի։ Լեռների միջև գտնվող կիրճը ձգվում է դեպի արևմուտք և աստիճանաբար լայնանում՝ դառնալով հովիտ։ Այստեղ է գտնվում գյուղի գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի մեծ մասը։ Այս կիրճի միջով է հոսում Քասախի ձախ վտակ Գետուկը (տեղի արտասանությամբ Գ'էդուկ)։
Գյուղը երեք կողմից՝ հարավից, հյուսիսից և արևելքից, շրջապատված է լեռներով, իսկ դեպի արևմուտք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք տարածվում է հարթավայր։ Գյուղը հարավից սահմանակից է Ապարանին (հեռավորությունը՝ 10 կմ), հարավ-արևմուտքից՝ Միրաքին (3,5 կմ) և Նիգավանին (8 կմ), արևմուտքից՝ Ռյա Թազային (4 կմ) և Ալագյազին (7 կմ), հյուսիսից՝ Միջնատունին (4 կմ), իսկ հյուսիս-արևմուտքից՝ Ճարճակիսին (4,5 կմ)։ Այժմ գյուղը մտնում է Արագածի շրջանի մեջ, իսկ մինչ այդ մտնում էր Ապարանի շրջանի կազմ։ Եղել է պատմական Նիգ գավառի գյուղերից մեկը[25]։
Գյուղի կլիման լեռնային է։ Ձմեռը տևում է շուրջ 6 ամիս կամ ավելի երկար։ Առաջին ձյունը տեղում է հեկտեմբերի կեսին, որը հաճախ հալվում է։ Ձյունը վերջնական նստում է նոյեմբերի կեսին և մնում մինչև ապրիլի վերջ։ Ձյան տեղումներ են պատահում նաև մայիսին և հունիսին։ Ձյան շերտի միջին հաստությունը կազմում է 90 սմ, սակայն առանձին տարիների՝ ավելի շատ։ 1968 թվականին գյուղում ձյան շերտի լայնությունը եղել է 135 սմ։ Ամբողջ տարվա ընթացքում գյուղում ուժեղ քամիներ են լինում, հատկապես տևական են հարավարևելյան քամիները։ Սառմանաիքները հիմնականում տեղի են ունենում արևմտյան և հյուսիսային ցուրտ քամիների փչելու դեպքում։ Հաճախ պատահում է երկարատև բուք, իսկ բքաշունչ օրերի թիվը 45 օրից ավելի է լինում։
Ամենացուրտ ամիսը հունվարն է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է -12 °C, իսկ առանձին օրեր՝ -25 °C։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ օրվա միջին ջերմաստիճանը կազմում է +17 °C, ցերեկները՝ +24 °C, առանձին օրերին դիտվել են նաև +32 °C ջերմաստիճան։ Տեղումները առատ են․ դրանք տարեկան կազմում են 600-700 մմ։ Ամենաշատ տեղումները լինում են մայիսին, հունիսին և հոկտեմբերին։ Գարնանը և ամռանը հաճախակի դիտվում է կարկուտ, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը[26]։
Մելիքգյուղի լեռներն ու մարգագետինները ծածկված են ենթաալպիական հարուստ բուսականությամբ, փարթամ խոտով և երփներանգ ծաղիկներով։ Առատորեն աճում են գազ, կորնգան, ուրց, փետրախոտ, սիզախոտ, առվույտ, երեքնուկ, թթվաշ, սինձ, որձախոտ, բալախ, անթառամ, զանգածաղիկ, իշխաթնուկ, սոխուկ, սիբեխ, սխտորուկ, երնջակ, զանազան փշեր և այլն։ Տարածված են նաև մի շարք դեղաբույսեր, որոնցից են եզան լեզուն, եղինջը, փիփերթը, ավելուկը, դաղձը, սոյը, մանդակը, շուշանը և այլն։ Այս բույսերի մեծ մասը, բացի թարմ վիճակում հավաելուց և օգտագործելուց, նաև պահածոյացվում և թթու է դրվում։ Բուսական աշխարհի հարստությունը նպաստում է նաև անասնապահության զարգացմանը։ Մարգագետինների առատ խոտը հնձվում և ամբարվում է որպես անասնակեր։
Դարեր առաջ գյուղի լեռները ծածկված են եղել անտառներով, որոնք կամ ոչնչացվել են, կամ ինքնաոչնչնացվել։ Մինչև 19-րդ դարի կեսերը պահպանվել են այդ անտառներից հատուկենտ ծառախմբեր և պուրակներ, որոնց փայտանյութը Ալաշկերտից Արևելյան Հայաստան ներգաղթածների համար ծառայել է որպես շինանյութ։ 1990-ական թվականներին 140 հեկտար անտառատնկումներ են իրականացվել Մելիքգյուղի լեռնալանջերում։ Գյուղում սկսել են տնկել նաև պտղատու ծառեր, հատկապես խնձորենի և տանձենու ցրտադիմացկուն տեսակներ։ Դարեր շարունակ գյուղի հողատարածքներում մշակվել են ցորեն և գարի։ Գյուղում մշակվում են նաև կարտոֆիլ, կաղամբ, ճակնդեղ, կանաչ սոխ, վարունգ, գոնգեղ, լոբի, արևածաղիկ, եգիպտացորեն։
Կենդանական աշխարհը հարուստ չէ։ Այստեղ ապրում են ցուրտ կլիմային սովոր կենդանիներ և թռչուններ՝ գայլ, աղվես, նապաստակ, մուկ, ոզնի, վայրի կատու, գորտ, փորսուղ, կաքավ, վայրի աղավնի, լոր, ճնճղուկ, ուրուր, ագռավ, վայրի հավ, արտույտ, հոպոպ, սարյակ, ծիծեռնակ, բու, վարի բադ, սագ։ Տաք ամառներին երևում են նաև արծիվ և բազե։ Սողուններից հանդիպում են մողես և փոքր օձեր։ Կան բազմաթիվ միջատներ։ Տեղաբնակները պահում են կով, ոչխար, այծ, ձի, էշ, խոզ, ճագար, թռչուններից՝ հավ, աղավնի, սագ, բադ, հնդկահավ[27]։
Մելիքգյուղացիները խոսում են Ալաշկերտի բարբառով։ Ալաշկերտից գաղթելու և Մելիքգյուղում հաստատվելու ժամանակներից սկսած մինչև օրս անաղարտ է մնացել բարբառը։ Բարբառի պահպանմանը նպաստել է այն, որ շրջակա գյուղերում և ամբողջ տարածաշրջանում չկա հայերենի մեկ այլ բարբառ, քանի որ գյուղերի հնաբնակները նույնպես ալաշկերտցի գաղթականներ են եղել։ Բացի այդ, գալով Մելիքգյուղ՝ ալաշկերտցիները գյուղը դատարկ են գտել, և ոչ մեկ չի խանգարել նրանց խոսել իրենց բարբառով, որի հետևանքով էլ այն պահպանվել է։
Ալաշկերտի բարբառը (այսինքն նաև Մելիքգյուղի խոսվածքը) պատկանում է հայերեն բարբառների կը ճյուղին։ Մելիքգյուղի խոսվածքն ունի 44 հնչյուն։ Հոգնակի թվի կազմության համար օգտագործվում են 11 մասնիկներ, որոնցից 8-ը շատ գործածական չեն։ Հիմնական և գործածական մասնիկներից են եր (աստըխ-աստխեր), ներ (պաէստ-պաէստներ) և կ (ճամպա-ճամպէկ) մասնիկները։ Չունի ցուցական և դիմորոշ հոդեր․ հիմնականներն են անորոշ, որոշյալ և ստացական հոդերը։ Թվականների տեսակները երեքն են՝ քանակական, չափական և բազմապատկական։ Խոսվածքն ունի 6 դերբայ՝ անորոշ (-ել,-ալ, օրինակ՝ աշխադել, խաղալ), անցյալ (-եր,-աձ, օրինակ՝ աշխադեր, խախծաձ), հարակատար (-ուգ, օրինակ՝ աշխադուգ), ենթակայական (-օղ, օրինակ՝ աշխադօղ), ժխտական (-ի,-ե, -ա, օրինակ՝ աշխադի, աշխադե, խաղա) և ընթերցակցական (-էն, -օվ, օրինակ՝ աշխադէլօվ, խաղալէն)։ Ներկա անկատարում օգտագործվում է կը մասնիկը (օրինակ՝ կը քաղիմ)[28]։
Մելիքգյուղի բնակիչները հիմնականում քրիստոնյա են։ Նրանց հոգևոր կյանքը համակարգում է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1891 թվականին, ապա 1935 թվականին փակվել խորհրդային կարգերի հրամանով։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1995 թվականին, որոշում ընդունվեց վերաբացել Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Դա գյուղացիների կյանքում կարևոր իրադարձություն էր։ 1995 թվականի հունիսի 25-ին եկեղեցին վերաօծվեց։ Արարողությունը ավելի հանդիսավոր դարձավ, քանի որ օծումը իրականացնում էր Գարեգին Ա կաթողիկոսը։ Օծման արարողությունից հետո տեղի ունեցավ պատարագ, որից հետո ելույթներ ունեցան գյուղի ղեկավարությունը, ապա կաթողիկոսը, ով նշեց, որ այս եկեղեցու օծումը իր բնույթով հատկանշական է, քանի որ ինքը մի շարք եկեղեցիներ է օծել Լիբանանում, Սիրիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, «սակայն սա առաջին անգամն է, որ իր բութ մատը թաթախում է Նրբալույս Մյուռոնի մեջ՝ նրանով դրոշմելու համար հայրենիքի տուֆ քարերը»[20]։
Մելիքգյուղը հարուստ է իր բանահյուսությամբ։ Այստեղ կարելի է լսել մի շարք առած-ասացվածքներ, հանելուկներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, անեկդոտներ, շուտասելուկներ, երգեր և այլն։ Բանահյուսական ստեղծագործություններն արագորեն անցնում են մի համայնքից մյուսը։ Ստորև ներկայացված են այդ ստեղծագործություններից մի քանիսը[29]։
Մելիքգյուղի բանահյուսության նմուշները[30] |
---|
Սարեն հընգավ՝ բան չէղավ, Սարէն, ձօրէն, հընգնի բան չէղնի, Հէակտ, հէկատ, պաբս ա, Տըղա՛, տղա՛, այ տըղա, |
Մելիքգյուղում հագուստը հնում աղքատիկ է եղել։ Տղամարդիկ հագել են կտորից կարված վարտիք և վերնաշապիկ, չուխա կամ կապա։ Այն հիմնականում կարվում էր բրդից։ Կանանց համար կարվող զգեստներից հայտնի էր դեյրան և կուոդուշկան։ Տղամարդիկ դնում էին նաև մորթուց կարված փոփախ, իսկ կանայք՝ գլխաշոր։ Տքներին հագնում էին բրդե գուլպա և տրեխ։ Հետագայում՝ գյուղի զարգացմանը զուգահեռ, այս հագուստներին փոխարինել են ավելի ժամանակակից հագուստներ[31]։
Հնում Մելիքգյուղում պատրաստվող սննդատեսակները բազմազան են եղել, սակայն քիչ սննդարար։ Պաս և ծոմ պահողները տարվա մեծ մասը չեն օգտագործել յուղեղեն և մսեղեն։ Մելիքգյուղի խոհանոցի անբաժանելի մաս են կազմում շուրվա, քռճիգ, կոնջոլ, քյուֆթա, թանապուր, փլավ, ղավուրմա, մերափուրիգ, չորաթան, ածիկ ուտեստները[32]։
Ծեսերը և սովորույթները զարգացել են դարերի ընթացքում։ Մելիքգյուղում դրանք հիմնականում պահպանվել են՝ ունենալով քիչ փոփոխություններ։
Հարսանիքի (տեղացիները անվանում են Հարսինկ) համար գյուղացիները հիմնականում ընտրում են աշունը կամ ձմեռվա սկիզբը․ դա պայմանավորված է հիմնականում նյութական ապահովվածության և աշխատանքից ազատ լինելու ժամանակահատվածով։ Մինչև հարսանիքը տեղի է ունենում հարսնախոսությունը․ տղայի ծնողները կամ երկու բարեկամ գնում են աղջկա տուն և, հանդիպելով նրա ծնողների հետ, բացատրում իրենց գալու նպատակը, խնդրում աղջկա ձեռքը։ Հարսնախոսը կոչվում է հուզնգան, այժմ կոչվում է նաև պատգամավոր։ Հարսնխոսությունից հետո փեսացուն և իր ծնողներն ընտրում են քավոր։ Քավորությունը հիմնականում ժառանգական էր, այսինքն՝ փոխանցվում էր սերնդեսերունդ։ Եթե գյուղացին քավոր էր ընտրում մեկ այլ ընտանիքից, ապա դա դատապարտվում էր մյուս գյուղացիների կողմից։
Նշանդրեքից մի քանի օր հետո հարսնացուին բերում էին փեսայի տուն, որպեսզի շոր կարեն և գնումներ կատարեն։ Այս ամենից հետո կատարվում է փայ տանելու արարողություն։ Փեսացուի ազգականները հավաքվում են, պատրաստում գաթա, հալվա, զանազան քաղցրավենքիներ, կոնֆետ, մրգեղեն, կտորեղեն, զարդեր են առնում և գնում հարսնացուի տեսնելու։ Այս ամենից հետո խնամիները և քավորը հավաքվում են հարսնացուի տանը և որոշում հարսանիքի օրը։ Այս արարողությունը կոչվում է քյասըմ։
Բուն հարսանիքը, խնջույքը հիմնականում սկսվում է երեկոյան՝ ժամը 17․00-18․00։ Մինչև հարսանիքը տեղի է ունենում ծաղկոցը․ հավաքվում են գյուղի «ծաղիկ հասակ ունեցողները»՝ երիտասարդները, և գնում այն տուն, որտեղ տեղափոխվել էր հարսնացուն մինչև հարսանիքը։ Այդ տունը պետք է պատկանի հարսնացուի ազգականներից մեկին և կոչվում է «ծաղկոց տուն»։ Այստեղ 4-6 ժամ պարում են, երգում, մինչ գալիս են հարսը հանելու։ Այդ արարողության ժամանակ հարսին տանում են իր հորական տուն՝ նախօրոք սանրելով նրա մազերը և հագցնելով հարսի շորը։ Ապա սկսվում է բուն հարսանիքը, բոլորը պարում են, ուրախանում, խմում կենացներ։ Հարսանիքի հաջորդ օրը՝ առավոտյան, հարսանքավորները նորից են հավաքվում և խնջույք սարքում, որը տևում է շուրջ 3-4 ժամ, որտեղից 25-30 մարդ գնում է հարսի տուն և այնտեղ նույնպես սկսում կերուխում․ այն տևում է մինչև ցերեկը՝ ժամը 16․00-17․00։ Հնում հարսանիքները տևում էին շուրջ 3 օր և գիշեր[33]։
Մկրտություն (տեղացիներն անվանում են կնունք) մինչև 1928-30-ական թվականները իրականացվել է եկեղեցում՝ քահանայի կողմից, հետագայում՝ խորհրդային տարիներին, այն փոփոխվել է։ Քահանան ինքն էր գալիս և 15-20 րոպեում երեխային մկրտում, ապա վերցնում իր վարձը և հեռանում։ Դրանից հետո ընտանիքը և նրանց ազգականները շուրջ 5-6 ժամ խնջույք էին անում՝ նվագում, երգում, պարում, բարեմաղթանքներ ասում։ Մկրտվողը ունենում է քավոր։ Այսպիսի մկրտությունները 1920-30-ական թվականներին անվանվել է կարմիր կնունք։ Հետագայում վերականգնվել է հին՝ եկեղեցում մկրտվելու կարգը[34]։
Նոր տարին Մելիքգյուղում միշտ ճոխ սեղանների շուրջ է նշվում։ Ընտանիքները օրեր շարունակ գնումներ են կատարում և նախապատրաստվում Նոր տարին դիմավորելուն։ Նոր տարվա սեղանը պատրաստվում է դեկտեմբերի 31-ին և մնում մինչև հունվարի 9-10-ը։ Գյուղացիներն այցելում են միմյանց տներ, շնորհավորում նոր տարին։ Ընդունված է հյուր գնալիս մի շիշ խմիչք հանել տանտերերին։ Դեկտեմբերի 31-ի գիշերը ամբողջ ընտանիքը պետք է հավաքված լինի և սպասի ժամը 00․00-ին։ Երբ ժամացույցը զարկում է և ազդարարում նոր տարին, ընտանիքի գլխավորը շնորհավորում է բոլորին, բարեմաղթանքներ ասում՝ մաղթելով խաղաղ, առատ և հաջող տարի[35]։
Վարդավառը (տեղացիները կոչում են Վարտէվար) տոնվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։ Երիտասարդները, տղաները և աղջիկները վերցնում են ուտելիքի պաշար և բարձրանում Թուխմանուկ լեռան լանջերը։ Սառնորակ աղբյուրների մոտ պարում են, երգում, ուրախանում, միմյանց վրա ջուր ցայտեցնում և նշում տոնը։ Պատանիների մի մասը բարձրանում է Թուխմանուկ լեռան գագաթը, որտեղ գտնվում է սրբավայր։ Հաճախ գյուղ են վերադառնում նաև Մելիքգյուղից այլ բնակավայրեր տեղափոխված հին բնակիչները, որոնք այստեղի բնության գրկում նշում են տոնը, հանդիպում ընկերների և ազգականների հետ[36]։
Մելիքգյուղում արհեստավորների առանձին խավ չի եղել, քանի որ արհեստներով զբաղվողների հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը և անասնապահությունը, իսկ արհեստներով զբաղվել են միայն ազատ ժամանակ։ Վարպետները միշտ մեծ հեղինակություն են վայելել գյուղում։ Նրանք աշխատել են ոչ միայն Մելիքգյուղում, այլ նաև հարևան գյուղերում։ Արհեստներով են զբաղվել հիմնականում ուշ աշնանը և ձմռանը, հաճախ նաև ամռանը, երբ արհեստավորները ազատ են եղել գյուղատնտեսական այլ աշխատանքներ կատարելուց։
Յուրաքանչյուր բնակավայրում անհրաժեշտ արհեստ հանդիսացող հյուսնությունը զարգանում էր նաև Մելիքգյուղում։ Հյուսնները պատրաստում էին սայլեր, գյուղատնտեսական գործիքներ (փոցխ, գերանդի, արոր, լուծ և այլն), խնոց, ամբար, հացի տախտակ, դուռ և այլն։ Գյուղում զարգանում էր նաև դարբնությունը․ դարբին վարպետները պատրաստում էին խոփ, անիվ, դանակ, մեծ մեխեր, դռան փականքներ, թոնրի շիշ, եղան, մուրճ և այլն։ Հիմնականում մետաղյա գործիքների անհրաժեշտության դեպքում գյուղացիները դիմել են դարբին վարպետների։ Գյուղում կային դարբինների մի շարք աշակերտներ, որոնք աշխատում էին իրենց ուսուցիչների հոտ միասին։ Այժմ դարբնությունը գրեթե վերացել է, քանի որ տարբեր գործիքների կամ իրերի ձեռք բերման համար գյուղացիները ոչ թե դիմում են դարբինների, այլ գնում են խանութից։ Մինչև 1940-ական թվականները, երբ դեռևս գյուղ չէին բերվել գյուղատնտեսական աշխատանքները հեշտացնող մեքենաները, գյուղում ամենանշանավոր արհեստներից էր պայտարությունը, սկայան այժմ այս արհեստը վերացել է։ Գյուղում դերձակությունը տարածված չի եղել, քանի որ յուրաքանչյուր ընտանիքի կին կարում էր սեփական ընտանիքի շորերը, այդ պատճառով դերձակին դիմելու կարիք չկար։ Վարսավիրությունը մինչև օրս էլ տարածված է գյուղում։ Մինչև 1950-ական թվականները գյուղում բոլորը իրենց մազերը կտրել և սափրվել են վարսավիրների մոտ, իսկ դրանից հետո միայն ձևավորվեց անձամբ սափրվելու սովորույթը[37]։
2004 թվականին գյուղից արևելք՝ 1,5-2 կմ հեռավորության վրա, հայտնաբերվում են ոսկու և բազմամետաղների պաշարներ[10]։ 2006 թվականին նոր հայտնաբերված «Թուխմանուկ» ոսկու և բազմամետաղի հանքի շահագործումը հանձնվում է Հրայր Թովմասյանի կողմից հիմնադրված «Մեգո գոլդ» ՍՊԸ-ին, ինչից հետո գյուղացիների մեծ մասը սկսում է աշխատել հանքավայրում[12]։ 2012 թվականին «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն հայտարարում է, որ պատրաստվում է կառուցել երրորդ պոչամբարը։ Այս ամենի հետևանքով գյուղացիները սկսում են բողոքի ակցիաներ իրականացնել, փակել միջհամայնքային ճանապարհները՝ պատճառաբանելով հանքի վտանգավոր ներգործությունը շրջակա միջավայրի, անասնապահության և առողջապահության վրա։ Ի վերջո՝ 2013 թվակին ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժում է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի՝ երրորդ պոչամբարը կառուցելու առաջարկը[14]։ Ոսկու հանքը շահագործող ընկերությունը ժամանակի ընթացքում պարտքեր էր կուտակել 40 գյուղացիների նկատմամբ[14]։ Նույն ընկերությունը պարտքեր էր կուտակել նաև համայնքի նկատմամբ՝ շուրջ 50 մլն դրամ։ 2016 թվականին համայնքապետ Դերենիկ Շահբազյանը դիմում է դատարան՝ գործարանի կուտակած 50 մլն պարտքը համայնքին վերադարձնելու համար[17]։ Ի վերջո՝ «Մեգո գոլդ» ընկերությունը հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին դիմում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, իսկ նոյեմբերի 1-ի վճռով՝ ճանաչվում սնանկ[14]։
Գյուղատնտեսությունը մինչև օրս գյուղացիների հիմնական ապրուստի միջոցն է։ Այն գյուղում անցել է երկար ճանապարհ և զարգացում։ 19-րդ դարում գյուղատնտեսական աշխատանքները հիմնականում կատարվել են ձեռքով կամ պարզունակ գյուղգործիքներով։ Ցանել են ձեռքով, հնձել գերանդիով, օգտագործել արոր, փայտե գութան և այլ գործիքներ։ Բերքը տեղափոխել են սայլերով։ Գյուղատնտեսության համար կային մի շարք դժվար պայմաններ։ Դրանցից էին բնակլիմայական պայմանները․ տևական անձրևների պատճառով հաճախ գյուղատնտեսական աշխատանքները ձգձգվել են մինչև հունիսի կեսեր, ինչից հետո քիչ ժամանակ է մնացել բույսի աճման համար։ Դրան հաջորդել են աշնանային ցրտերը, որոնք շատ հաճախ փչացրել են բերքը։ Ցորենը հաճախ վերածվել է մրիկի։ Վնասատուներից մեծ վնասներ է հասցրել մորեխը, որը հաճախ խժռել է բերքը։ Վնասատուներից են նաև մկները։ Չկային պարարտանյութեր և քիմիկատներ։ Հիմնականում աճեցվել են ցորեն և գարի[38]։
Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1930-ական թվականներին, գյուղատնտեսական զարգացման նոր փուլ է բացվել։ Սկսվել է գյուղտնտեսությունների կոլեկտիվացումը, ինչը ավարտվել է 1934 թվականին։ Գյուղը արդեն ստանում էր պարարտանյութեր և քիմիկատներ, որոնց միջոցով պայքար էր ծավալվել վնասատուների դեմ։ Մեծացել է բերքատվությունը։ Սկսվել է գյուղատնտեսության մեքենայացումը։ Առաջին տրակտորները գյուղ են բերվել 1934 թվականի գարնանը։ 1950-ական թվականներին՝ հետպատերազմյան շրջանում, գյուղացիները սկսել են արդեն ոռոգվող տնամերձ հողամասերում աճեցնել պտղատու ծառեր, կարտոֆիլ, կաղամբ, վարունգ, գազար, լոբի, սոխ, կանաչի և այլն[39]։
Գյուղում մշտապես զարգացել է նաև անասնապահությունը։ Պահվում են կով, ոչխար, խոզ, եզ, հավ, այծ և այլ կենդանատեսակներ[40]։
Մինչև օրս էլ գյուղատնտեսությունը Մելիքգյուղի հիմնական ապրուստի միջոցն է։
1990-ական թվականներից գյուղում գործում է բնական ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարան[41], որը հումք չունենալու հետևանքով հաճախ է պարապուրդի գնում։ Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարող է ստեղծել 300 աշխատատեղ[42]։
Մելիքգյուղում դպրոցն սկսել է գործել 1921 թվականի սեպտեմբերին՝ խորհրդային կարգերի հաստատումից 9 ամիս հետո։ Մինչ այդ գյուղում կրթական հաստատություններ չեն եղել, ինչի հետևանքով գյուղացիների մեծամասնությունը գրաճանաչ չի եղել։ Կրթությունը սկզբում տեղի է ունեցել մասնավոր տներում, սակայն հետագայում՝ 1927 թվականին շահագործման է հանձնվել դպրոցի շենքը, որն ուներ երկու դասասենյակ և միջանցք․ այն կառուցված էր երկդասյա դպրոցի նախագծով։ Դպրոցի առաջին ուսուցիչը և հիմնադիր-տնօրենը եղել է Մկրտիչ Մադաթյանը։ Հետագայում դասասենյակների թիվը մեծացվել է։ 1931/32 ուսումնական տարվանից սկսվել էր արդեն պարտադիր կրթության կիրառումը։ Մեծացել է աշակերտների և ուսուցիչների թիվը (հասնում է 6-ի)։ 1933 թվականին դպրոցը դարձել է 7-ամյա։ Դպրոցն ավարտած պատանիները, 1935 թվականից սկսած, մեկնել էին Երևան կամ Վաղարշապատ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու։ 1967 թվականին դպրոցի հին շենքը այլևս չէր կարող բավարարել պահանջվող պայմաններին, ինչի արդյունքում 1967 թվականին շահագործման է հանձնվել դպրոցի նոր, ժամանակակից շենքը։ Նոր շենքն ունեցել է կաբինետներ, լաբորատորիաներ, գրադարան, մարզական դահլիճ, արհեստանոցային սենյակ։ Շենքը տաքացվել է շոգեջեռուցմամբ։ 1966 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ։ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, դպրոցի շենքը քանդվել է, իսկ դասերը տեղափոխվել են փայտե տնակներ՝ մինչև դպրոցի վերականգնումը[43]։
Դպրոցի տնօրենների ցանկ |
---|
|
Ժողովրդին մշակութային խավարից դուրս բերելու համար խորհրդային կարգերը բնակավայրերում բացում էին մշակութային ակումբներ։ Այդպիսի մի հաստատություն է հիմնվել նաև Մելիքգյուղում։ Այստեղ մշակույթի ակումբի հիմնադիր-տնօրենը եղել է Ազատ Պետրոսյանը։ Մինչև 1950 թվականը հաստատությունը գործել է գյուղխորհրդին կից մի սենյակում, իսկ 1950 թվականին շահագործման է հանձնվել գյուղի մշակույթի ակումբի շենքը, որն ուներ դահլիճ, ընթերցասրահ, խաղասենյակ։ Մշակույթի տանը հիմնվել է նաև գրադարան։ Գյուղը պարբերաբար ստացել է թերթեր, հրատարակվել է պատի թերթ, կազմակերպվել են ներկայացումներ, քննարկումներ, հարց ու պատասխան և այլն։ Գյուղի առաջին ռադիոընդունիչը տեղադրված է եղել մշակույթի ակումբում։
Մշակույթի ակումբի հիման վրա 1975 թվականին բացվել է մշակույթի տուն, որտեղ գործել է մշտական կինո։ Կազմակերպվել են թատերական ներկայացումներ։ Միայն 1977-1978 թվականներին մշակույթի տան թատերական ինքնագործ խումբը պատրաստել և շրջանի գյուղերում ներկայացրել է 5 պիես՝ Արամ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել», Նաիրի Զարյանի «Վրեժ», Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ», «Ախ՜, ներվե՛ր, ներվե՛ր», Շամյալովի «Սկեսուրը»։
1946 թվականին ակումբից բաժանվել և շահագործման է հանձնվել առանձին գրադարանը, որի առաջին վարիչը եղել է Մկրտիչ Մադաթյանը։ 1991 թվականին գրադարանը ուներ 8300 գիրք, 420 ընթերցող, ստանալիս է եղել 30 անուն լրագիր և ամսագիր[44]։
Մելիքգյուղում զարգացած է նաև մարզական կյանքը։ Այստեղ տարածված են շախմատը և տաման։
Շախմատ են խաղում գրեթե բոլոր տարիքային խմբերը։ 1960-ական թվականներին դպրոցում կար շախմատի առանձին խմբակ, որի շնորհիվ գյուղի երիտասարդությունը միշտ պատվավոր տեղեր է զբաղեցրել շախմատի շրջանային մրցույթների ժամանակ։ Սկզբնապես Մելիքգյուղում շախմատը կոչվել է «քըշ», իսկ շախ հայտարարելը՝ «քըշ տալ», ինչին զուգահեռ կամաց-կամաց արմատավորվել են նաև գրական անունը և արտահայտությունները։ Գյուղի ընտանիքներից գրեթե բոլորի տանը կա շախմատ, իսկ երեխաներն արդեն 7-8 տարեկանից տիրապետում են խաղին։ Շախմատի քարերը Մելիքգյուղում ունեցել են այլ անվանումներ, որոնց զոգահեռ այժմ օգտգործվում են նաև գրականները։ Դրանք են՝
Տաման նույնքան տարածված է Մելիքգյուղում որքան շախմատը։ Տամա են խաղում թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Տամա խաղում են հիմնականում շախմատային քարերի օգնությամբ՝ մի կողմը օգտագործելով զինվորները, իսկ մյուս կողմը՝ ավելի խոշոր ֆիգուրները։ Հոտաղները և հովիվները լեռներում տամա խաղալու համար օգտագործում են տարբեր գույներ ունեցող քարեր։
Բացի վերոնշյալ խաղերը գյուղում խաղում են նաև հոլ (ժամանակակից խոտի հոկեյի նախատիպը), տուտ, գուլաշ (ազատ ոճի ըմբշամարտ), լարախաղ և այլ խաղեր[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.