Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում[1]։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ 1891 թվականին։ Սկզբում եղել է փոքրիկ մատուռ, սակայն վերաշինվել է և վերածվել եկեղեցու։ Եկեղեցին գործել է մինչև 1935 թվական, որից հետո խորհրդային կարգերի հրամանով փակվել է։ Եկեղեցին վերաբացվել է միայն 1995 թվականին՝ Գարեգին Ա-ի կողմից․ դա նրա կողմից առաջին եկեղեցու օծումն էր որպես կաթողիկոս։ Եկեղեցին գործում է մինչև այսօր և ծառայում է Մելիքգյուղի և շրջակա գյուղերի համար։
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մելիքգյուղ) | |
Եկեղեցի | |
---|---|
Սուրբ Հովհաննես եկեղեցին դիմացից | |
Տեղադրություն | Հայաստան Արագածոտնի մարզ, Մելիքգյուղ |
Աշխարհ | Այրարատ |
Երկիր | Հայաստան |
Պատմական երկիր | Ռուսական կայսրություն |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | ավդիբեգցի Ավագ |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ակտիվ է | Այո |
Ժառանգության կարգավիճակում | Տեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան |
Ճարտարապ. տիպ | Բազիլիկ եկեղեցի |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դարի վերջ |
Կառուցման ավարտ | 1891 թվական |
40°40′10″ հս․ լ. 44°21′27″ ավ. ե.HGЯO |
Եկեղեցին հիմնադրվել է 1891 թվականին։ Այն ժամանակին եղել է փոքրիկ մատուռ, սակայն հետագայում վերաշինվել է և դարձել ոչ մեծ եկեղեցի։ Այն գործել է մինչև 1935 թվականը՝ ծառայելով Մելիքգյուղի և հարևան գյուղերի հոգևոր կյանքին։ 1935 թվականին եկեղեցու գործունեությունը դադարեցվել է[2]․ այն շարունակվում էր օգտագործվել տեղի բնակիչների կողմից որպես պահոց, որտեղ պահվում էին մի շարք հացատեսակներ։
Եկեղեցին եռանավ բազիլիկ հորինվածք ունի[3]։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու ճակատային հատվածում։ Ունի եռաթռիչք սյունասրահ, որտեղ սյունների պարտականությունները կատարում են փայտե գլանները։ Եկեղեցու կառուցման ժամանակ վեց փայտե գլանները բերվել են Արևմտյան Հայաստանից՝ Սարիղամիշից, որոնք մինչև օրս էլ ծառայում են իրենց նպատակին։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է սև տուֆ։
Գլխավոր մուտքը արևմտյան մասից է, որտեղ լուսավորման համար բացված է կիսաշրջանաձև լուսամուտ։ Արևմտյան պատի ճակատային մասում կարմիր քարից ավելացված է խաչաքանդակ, իսկ եկեղեցու ընդհանուր լուսավորման համար հարավային և հյուսիսային յուրաքանչյուր պատերին բացված է երկու կիսաշրջանաձև լուսամուտ։ Խորանի բարձրությունը կազմում է 1 մետր։
Բակում է գտնվում գերեզմանոց, որի տապանաքարերը թվագրվում են 17-20-րդ դարերին։ Տապանաքարերից մեկը, որը դրվել է 1680 թվականին, պատկանել է գյուղի հիմնադիր Մելիքին։ Նրա տապանաքարը հետագայում ագուցվել է եկեղեցու հյուսիսային պատին։
1995 թվականի հունիսի 25-ին՝ եկեղեցու փակումից ուղիղ 60 տարի անց, նորից վերաբացվեց եկեղեցին։ Եկեղեցու վերաբացումը ավելի հանդիսավոր դարձավ, քանի որ օծման արարողությունը կատարվում էր Գարեգին Ա-ի կողմից։ Չմերժելով Շիրակի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունբաթյանի հրավերը՝ հայոց կաթողիկոսը համաձայնեց իր կաթողիկոսական գործունեության մեջ առաջին անգամ եկեղեցի օծել։ Այս իրադարձության ժամանակ հայոց կաթողիկոսին ուղեկցում էին Տ. Միքայել վարդապետ Աջապահյանը և Մայր Աթոռում գտնվող Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան վարդապետ Հովհաննիսյանը[2]։
Վեհափառը «Հրաշափառ»-ը արտասանելով ներս է մտել եկեղեցի, որից հետո տեղի ունեցավ եկեղեցու բարեզարդված և վերանորոգված բեմի և խորանի օծման արարաողությունը։ Եկեղեցու վերաբացումից անմիջապես հետո տեղի է ունեցել պատարագ։ Ապա եկեղեցու բակում հավաքված հոծ բազմության առջև ելույթ ունեցող գյուղի ղեկավարության խոսքից հետո ելույթ ունեցավ նաև հայոց կաթողիկոսը։ Իր խոսքում նա նշել է, որ այս եկեղեցու օծումը իր բնույթով հատկանշանկան է, քանի որ ինքը մի շարք եկեղեցիներ է օծել Լիբանանում, Սիրիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, «սակայն սա առաջին անգամն է, որ իր բութ մատը թաթախում է Նրբալույս Մյուռոնի մեջ՝ նրանով դրոշմելու համար հայրենիքի տուֆ քարերը»։
Ապա հայոց կաթղիկոսը շնորհակալություն հայտնեց եկեղեցու վերականգման գործում իրենց լուման ներդրած գյուղացիներին և օրհնելով ժողովրդին՝ հեռացավ[4]։
2016 թվականին Ավետիք Քոչարյանի և այլ գյուղացիների ջանքերով եկեղեցին վերանորոգվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.