Remove ads
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Օշական, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Համայնքի մակերեսը կազմում է 16.96 կմ², իսկ բնակչությունը՝ 5962 մարդ։ Ունի հնագույն պատմություն։ Այստեղ են գտնվում Հայոց պատմության ամենահայտնի անձանցից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Բնակավայրի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար համարվում է կարևորագույն սրբավայր։ Այստեղ պահպանվել են նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օշական | ||
Օշական | ||
Երկիր | Հայաստան | |
---|---|---|
Մարզ | Արագածոտնի | |
Գյուղ | Արագածոտնի մարզ | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. VII դար - մ.թ.ա. V դար | |
Այլ անվանումներ | Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան | |
Մակերես | 16.96 կմ² | |
ԲԾՄ | 1020 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 5962[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր, եզդիներ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | օշականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)232 | |
Փոստային ինդեքս | 0226 | |
Պաշտոնական կայք | oshakan.weebly.com | |
| ||
Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ 442-443 թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։
Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր։ Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու օրոք (330–338 թթ.)։
Օշականը՝ որպես բերդ, առաջին անգամ հիշատակվում է պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից 4-րդ դարի 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ 336 թ.-ին Մազքթաց Սանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը․ 442 թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։
Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 336 թ.-ին, Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակների միջև։ Սասանյան Պարսկաստանի դրդմամբ Կովկասյան վաչկատուն ցեղերից (հոներ, փոխեր) կազմված բանակով մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել Հայոց գահին, 335 թ.-ին արշավում է Հայաստան և գրավում Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։
Ավելի ուշ Օշականում ևս մի ճակատամարտ է տեղի ունեցել՝ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ.-ի օգոստոսի 17-ին։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ 1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը։ Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը։ Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին։
Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. 3-րդ դարում անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դար։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։
Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։ Հայտնաբերված նյութերի մի մասը ցուցադրված է ՀՀ պատմության թանգարանում։
Բլրի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը։ Այն համարելով 12-14-րդ դարերի կառույց ճարտարապետ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն» աշխատության մեջ այն անվանում է Թուխ Մանուկ։ Այն բիայնական ամրոցի ներսում է, ինչից էլ ենթադրվում է, որ նրա տեղում եղել է ավելի հին սրբատեղի, որի հիմքերի վրա էլ կառուցվել է մատուռը[5]։
Ամեն տարվա կրկնազարդի օրը՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրը՝ Զատիկին հաջորդող կիրակին, Կոնդի ուխտն է։
Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին այստեղ պեղումներ են կատարել Ա․ Ս․ Ուվարովը, Ա Ե․ Լալայանը։ Քասախ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Օշականի տարածքում պարբերաբար պեղումներ են կատարվում 1971 թ.-ից։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։
Բլրի գագաթին պեղվել է մ․ թ․ա․ 7-5-րդ դարերին, 0.25 հա տարածքով ամրոց․ 2.5 - 2.65 մ լայնությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիս-հվ․ անցնող միջնապատով) կա նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ V - VII դդ․ ամրոցի տարածքը եղել է բնակատեղի։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ․ թ․ ա․ VII դ․ հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։
Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։ Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ․թ.ա․ III դ․ անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դ․: Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։ Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։
Օշականը գտնվում է Քասաղ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա։ Քասաղ գետն էլ գյուղը բաժանում է 2 մասի։ Համայնքային կառուցվածքով սահմանակից է Ոսկեվազ, Աշտարակ, Սասունիկ, Դաշտ համայնքների վարչական տարածքներին։ Ոչ պաշտոնապես բաժանված է հին և նոր թաղամասերից։ Հին թաղամասում են ընդգրկված Խերեսի, Մոծակի, Չոլչոլանի, Դպրոցի, Մատուռի, Ոսկեվազի, Ժամի, Քարեկալի, Արեգունիքի, Թթենուտի, Ղըռի, Մանկանոց թաղերը։ Նոր թաղամասում ընդգրկված են Մեսրոպ Մաշտոց, Վահան Ամատունի, Միսաք Հովհաննիսյան, Այգեստան, Հոկտեմբերյան, Միքայել Նալբանդյան, Դպրոցականներ փողոցներն ու Ձախ ափ կոչվող թաղը։
Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 °C սահմաններում, հունվարին՝ -4 °C է։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Ոռոգման արդյունքում բնական լանդշաֆտները, որոնք չոր տափաստանային էին, վերափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։ Գյուղում է գտնվում Դիդի կոնդ կոչվող բլուրը, որն առաջացել է լավային գոյացումներից։
Կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցիու՝ 1996 թ.-ի մայիսի 30-ի կոնդակով։ Առաջնորդանիստը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը)։ Արագածոտնի թեմն ընդգրկում է Հայաստանի Արագածոտնի մարզը (պատմական Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը)։ Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոսական աթոռների։
Արագածոտնի թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցի, Սուրբ Սարգիս եկեղեցի, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի, Թալինի Սբ. Աստվածածինը, Կարբիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցի, Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցի, Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի ու Սաղմոսավանքը։ Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը։ Թեմը հրատարակել է «Շողակն» (1998–2000), 2000 թ.-ից՝ «Արագածոտն» պարբերականները։ Գյուղում գործում է Խրիմյան կրթօջախն ի հովանավորություն Արագածոտնի թեմի և ամերիկահայ բարերարներ՝ Սիլվա և Իռմա Տեր-Ստեփանյանների։ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն էր Վազգեն վրդ. Միրզախանյանը (1999 թ.-ից)։ Այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը։
Դպրոցը գոյություն է ունեցել վաղուց, սակայն 1945 թվականին, երբ դպրոցի տնօրեն է դառնում Հարություն Ստեփանյանը, վերջինիս ջանքերով կառուցվում է դպրոցի ներկայիս շենքը. մինչ այդ դասերն անցկացվում էին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը (այն կառուցվել էր 1914 թ.)։ Հ. Ստեփանյանի ջանքերով դպրոցը կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Այժմ դպրոցը միջնակարգ դպրոց է, որտեղ սովորում են մոտավորապես 700 աշակերտներ։ Բաղկացած է 3 մասնաշենքից։ Դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են տարբեր օլիմպիադաների և մրցույթների։ 2010 թ. դպրոցի թիմը մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին։
Խրիմյան կրթօջախը հիմնադրվել է 2007 թ. ամերիկահայ բարերարներ՝ Սիլվա և Իռմա Տեր-Ստեփանյանների կողմից Օշականում։ 2000 թ. նրանք ժամանել են Հայաստան, եկել Օշական, հետո հանդիպել Գարեգին Բ վեհափառի հետ և առաջարկել Սուրբ Մաշտոց եկեղեցու բակում ստեղծել կանաչապատ հայոց այբուբեն։ Այն դարձավ իրականություն, և դա հենց առիթ հանդիսացավ Օշականում հիմնելու այս կրթօջախը։ Նման մի կրթօջախ գործում է Նյու Ջերսիում։
2012 թ.-ին կանայք կազմում էին 53%, տղամարդիկ՝ 47%: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 26%, աշխատունակները՝ 58%, հետաշխատունակները՝ 16%: Գյուղում գործում են 2 դպրոց՝ Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը (տնօրեն՝ Լ. Մելիքյան)[8][9] և Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցը (տնօրեն՝ Ս. Հովնանյան)[10], երաժշտական դպրոց, Ժորա Աբելյանի անվան համայնքային գրադարան[11], 2 մանկապարտեզ՝ «Գայանե» (տնօրեն՝ Ռ. Մելիքյան)[12] և «Անահիտ» (տնօրեն՝ Ա. Ներսիսյան), կապի հանգույց, հիմնովին վերանորոգված բուժկետ, մշակույթի պալատ (տնօրեն՝ Ա. Ամիրբեկյան), Խրիմյան կրթօջախ[13] (տնօրեն՝ Կարինե Սարգսյան), Անժելա Շահնաբադյանի անվան ժողովրդական պարերի համույթ (ղեկավար՝ Արմեն Մուշեղյան), լատինամերիկյան պարերի համույթ (ղեկավար՝ Մագա Ոսկանյան), դուքենդոյի խմբակ (ղեկավար՝ Արայիկ Ավետիսյան), մանակական առողջարան։ Գյուղն ունի 2125 տնտեսություն։
Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համախառն արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում բուսաբուծությանը։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասը ծառայում է որպես պտղատու և խաղողի այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Գյուղացիական սեփականություններում վարելահողերն զբաղեցնում են 314 հա, պտղատու և խաղողի այգիները՝ 123 հա մակերես։ Գյուղում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերն զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 27%, դրանցից արոտավայրերը կազմում են 152 հա, վարելահողերը՝ 69 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, զարգացած է կաթնամսատու ուղղությունը։ Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցվել է գինու գործարան։ Այստեղ արտադրվում է խերես տիպի գինիներ, ընդ որում՝ նմանատիպ գինիներ արտադրվում են միայն այստեղ։ Արտադրանքն սպառվում է Հայաստանում և արտերկրում։ Գյուղում կառուցված է մսամթերքի արտադրության ձեռնարկություն։ Ունի «Օշական» կրթական բարեգործական հիմնադրամ։ Օշականում ԽՍՀՄ տարիներին գործում էր Երևանի Կ․ Ցետկինի անվան կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։
Օշականում գործում են՝
Կենտրոն հեռուստաընկերության «Մեր աշխարհի մի անկյունը» հաղորդաշարը 2014 թվականի հուլիս ամսին նկարահանել է Օշականի մասին փաստագրական ֆիլմ[20]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օշականից ռազմաճակատ են մեկնել 658 օշականցիներ, մարտական գործողություններին մասնակցել են 632-ը, զոհվել 273-ը։ Նրանց հիշատակը հավերժացնելու համար հայտնի լրագրող Խաչիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Տիրան Մարությանի գծագրով 1987 թ.-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմում զոհված օշականցիներին նվիրված հուշակոթողի շինարարությունը, որը բացվում է 1998 թվականին։ Ամեն տարի մայիսի 9-ին օշականցիները իրենց հարգանքի տուրքն են մատուցում իրենց հերոս նախնիների հիշատակին։
Օշական համանքի ղեկավար մարմինը գյուղապետարանն է՝ համայնքի ղեկավարով և ավագանու 11 անդամներով։ Խորհրդային շրջանում գյուղի բնակչության հարցերով զբաղվել է գյուղխորհուրդը (կազմված 41 պատգամավորներից, որոնք ընտրում էին գյուղխորհրդի նախագահին), գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունը ղեկավարել է կոլեկտիվ տնտեսության տնօրենը, 1963 թվականից՝ սովետական տնտեսության տնօրենը։
Գյուղապետ | Տարեթվեր |
---|---|
Գնել Հովակիմյան | 1991-1993 |
Մեսրոպ Ավագյան | 1993-1996 |
Գոռ Գալոյան | 1996-1999 |
Արամ Ներսիսյան | 1999- |
2012-ից
Ավագանու անդամներ՝
Օշական համայնքի ղեկավարության կողմից «Պատվավոր Օշականցի» կոչմանն են արժանացել զինվորական բժիշկ Մաթևոս Մաթևոսյանը (1989 թ.), ճարտարապետ Տիրան Մարությանը (1991 թ.), Ալֆորվիլի քաղաքաքապետ Ռենե Ռուկեն(2011 թ.), բարերար Անահիտ Ներսիսյանը(2012 թ.)։
1994 թվականի մարտի 26-ին Օմարի լեռնանցքում զոհվել է օշականցի հերոս Փայլակ Բաբկենյանը, ում անունով կոչվում է Օշականի հիմնական դպրոցը։
2012 թվականի հունիսի 18-ին Ասկերանի մարտական դիրքերում ստանալով հրազենային վնասվածք հակառակորդի դիպուկահարի կողմից Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հոսպիտալի ճանապարհին մահանում է։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2012 թվականի հունիսի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական զորքերի սանձազերծած պատերազմը չշրջանցեց նաև Օշականը։
Հոկտեմբերի 16-ին զոհվել է օշականցի 19-ամյա Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը։
Նոյեմբերի 4-ին՝ Հարություն Վաչագանի Մելքոնյանը։
Հոկտեմբերի 26-ին՝ Գոռ Հայկի Աբգարյանը։
Հոկտեմբերի 7-ին՝ Ռազմիկ Արթուրի Գալստյանը։
Հայոց աշխարհն ունի շատ վայրեր, որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է։ Բայց, անկասկած, Հայաստանի ամենապատվաբեր վայրը Օշականն է՝ Սուրբ Մաշտոցի հանգստատեղին... |
2006 թվականին եկեղեցու բակում ստեղծվեց տառերի պուրակը։ Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի տնօրինմամբ եկեղեցու բակում տեղադրվեցին Ռուբեն, Յուրի, Արմեն Նալբանդյանների կերտած 36 խաչքար-տառերը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օշական կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.