Հրաչյա Աճառյան

հայ լեզվաբան, բառարանագիր From Wikipedia, the free encyclopedia

Հրաչյա Աճառյան

Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8 (20), 1876[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - ապրիլի 16, 1953(1953-04-16)[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][2]), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[5]։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։Գիտեր 20 լեզվից ավել։

Կենսագրություն

Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերենի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ[6]։

Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։

Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ` հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։
- Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աշխատություններ

Thumb
Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանում
Thumb
Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցում
Thumb
Հրաչյա Աճառյանի հուշակոթողը Մաշտոցի պողոտա 45 հասցեում

Գրականություն

  • Էդուարդ Բագրատի Աղայան։ Հրաչյա Հակոբի Աճառյան։ Նյութեր Հայ գիտնականների կենսագրության եվ բիբլիոգրաֆիայի համար։ ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1956, 104 էջ[12]:
  • Խաչիկ Բադիկյան։ Հրաչյա Աճառյան մարդը և գիտնականը։ Զանգակ-97, 2005, 420 էջ[13]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.