From Wikipedia, the free encyclopedia
Անտուան Մեյե (ֆր.՝ Antoine Meillet, նոյեմբերի 11, 1866[1][2][3][…], Մուլեն[2][4][5] - սեպտեմբերի 21, 1936[2][4][6][…], Շատոմեյան[2][4][7]), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի (1924 թ.), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906 թ.)։
1885-1889 թթ.-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մարսել Բրեալին, Ֆերդինանդ դը Սոսյուրին, Օկյուստ Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890-1891 թթ.-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հակովբոս Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ 1891 թ.-ին այցելել է Հայաստան (երկրորդ անգամ՝ 1903 թ.-ին), Էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-1905 թթ.-ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-1936 թթ.-ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ Քոլեժ դը Ֆրանսում։ 1919 թ.-ին Ֆ. Մակլերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերություն»-ը), 1920 թ.-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Études Arméniennes»), 1921 թ.-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Revue des Études Slaves»)։
Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարել է Ֆ. դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով Ֆ. դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեջ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաջ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։
Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, թոխարերեն, գերմաներեն, սլավոներեն, և այլն) ուսումնասիրությամբ։
«Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.