Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կեդրոնական վարժարան, բարձրագույն կրթական հաստատություն, հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում, պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով։ Նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն, Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակելու եվրոպական երկրների (հատկապես Ֆրանսիայի և Շվեյցարիայի) համալսարաններում։ Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը (1886-1889 թթ.)։ Սկզբում ունեցել է մեկ դասարան (65 աշակերտ)։
Կեդրոնական վարժարան արմտ. հայ.՝ Ազգային Կեդրոնական Վարժարան և թուրքերեն՝ Getronagan Ermeni Lisesi | |
---|---|
Տեսակ | ավագ դպրոց |
Հիմնադրված է | 1886 |
Հիմնադրիր | Ներսես Վարժապետյան |
Աշակերտներ | 182 |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Քարաքոյ |
Կայք | getronagan.k12.tr |
Հարություն Մոստիչյանի տնօրինության (1890-1896 թթ.) օրոք մշակվել և գործողության մեջ է դրվել ուսման և դաստիարակության ավելի առաջադիմական ու կատարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով։ 1890 թվականից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի։ Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը։ Առաջին երեք դասարաններում դասավանդվում են՝ կրոն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, վաճառականական գիտելիքներ, առողջապահություն, սղագրություն, գծագրություն։
Հաջորդ երկու դասարաններում ավելանում են իմաստասիրություն, քաղտնտեսություն, ելևմտական գիտություն, մանկավարժություն։ Ուսուցումը մասնագիտացված է գիտական և գրական ուղղություններով։ 1896 թվականին այն փակվել է, վերաբացվել է հաջորդ տարին, կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու։ 1897-1909-ին Կեդրոնական վարժարանն անկման շրջան է ապրել։ 1902 թվականին կից բացվել է բարձրագույն դասընթաց։ Այնուհետև տնօրեններ Մարտիրոս Նալբանդյանի (1909-1913 թթ.), Գարեգին Գավաֆյանի (1917-1927 թթ.), Պետրոս Ատրունու (1927-1933 թթ.) օրոք Կեդրոնականը նոր վերելք է ապրել՝ հասնելով իր երբեմնի մակարդակին։ Հետագա տարիներին իրենց գործունեությամբ աչքի են ընկել տնօրեններ Գևորգ Սարաֆյանը, Հ. Հարությունյանը, Է. Այվազյանը, Հրանտ Տեր-Անդրեասյանը։ 1929 թվականին Կեդրոնական վարժարանը վերանվանվել է Կեդրոնական Մանասարյան լիցեյ։
Նոր՝ Սանասարյան վարժարան հիմնելու համար նախատեսված գումարը տրամադրվել է Կեդրոնական վարժարանին։ Նույն թվականին փակվել է վարժարանի նախակրթարանը, և փոխարենը հիմնվել նախապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ։ 1935-1951 թվականներին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացված է եղել Կեդրոնական վարժարանին։ Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են Մատաթիա Գարագաշյանը, Հովսեփ Շիշմանյանը (Ծերենց), Բ. Կյուլեսերյանը, Հովհաննես Հինդլյանը, Ռեթեոս Պերպերյանը, Մելքոն Կյուրճյանը, Եղիա Տեմիրճիպաշյանը, Հակոբ Պարոնյանը, Գ. Նորատունկյանը, Ստեփան Կուրտիկյանը, Գարեգին Գավաֆյանը, Երվանդ Տեր-Անդրեասյանը, Հրանտ Ասատուրը, Տիրան Չրաքյանը, Լևոն Շանթը, Վահան Թեքեյանը, Կոստան Զարյանը, Զապել Ասատուրը (Սիպիլ), Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը, Եղիշե Դուրյանը, Գարեգին Սրվանձտյանը, Գարեգին Խաչատուրյանը, Արտավազդ Սյուրմեյանը, Աստվածատուր Խաչատրյանը և ուրիշներ։ Դասավանդել է նաե Կոմիտասը. «Գուսան» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից։ Կեդրոնական վարժարանում սովորել են Արշակ Չոպանյանը, Հրաչյա Աճառյանը, Արշակ Ալպոյաճյանը, Հակոբ Սիրունին, Արմեն Արմենյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին, Ռաֆայել Շիշմանյանը, Երուխանը, Օննիկ Չիֆթե-Սարաֆը, Հայկ Պերպերյանը, Պ. Գեորգյանը, Ս. Մանուկյանը, Է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշներ։
Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը մայր հայրենիքում (Կարպիս Կարագյան, Գուրգեն Անտոնյան, Է. Չոփուրյան, Վ. Պետոյան, Տ. Քրմոյան)։ Սովորողների թիվը տատանվել է 30-350-ի միջև։ 1947 թվականին Պոլսում հիմնադրվել է Կեդրոնական վարժարանի սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Այն իր գրական, թատերական, երաժշտական, մշակութային և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և բարոյապես սատարել մայր վարժարանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 355)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.