հայ ազգագրագետ, բանասեր, բանահավաք, պրելատ From Wikipedia, the free encyclopedia
Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17, 1840[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1892[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։
Գարեգին Սրվանձտյան արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1840[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 17, 1892[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա |
Աշխատավայր | Արծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան |
Անդամություն | Միություն ի փրկություն և Սև խաչ |
Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։
Ծնվել է 1840 թ. Վանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թ. Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թթ. «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը[2][3]։
Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։
Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։
Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգութիւն մեծին Սահկայ Պարթեւի եւ անկումն Արտաշրի Արշակունւոյ» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շաւարշանայ» (1875 թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց եւ նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէս Խորենացւոյ», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշէ Պոլօ» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենեաց վէպք եւ զրոյցք», «Երգք եւ նուագք հայրենեաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ եւ Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կէս կորեկ» և այլն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.