Remove ads
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Արմենյան (իսկական ազգանունը՝ Իփեկյան, սեպտեմբերի 10 (22), 1871[3][1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][4] - հուլիսի 20, 1965[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)[5]:
Արմեն Արմենյան | |
---|---|
Ծնվել է | 1871 սեպտեմբերի 10 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | հուլիսի 20, 1965 93) | (տարիքը
Մահվան վայր | Լենինական |
Կրթություն | Կեդրոնական վարժարան[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Աբելյան-Արմենյան թատերախումբ և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Ամուսին(ներ) | Եկատերինա Դուրյան-Արմենյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Պերա թաղամասի հայկական դպրոցում, Բերայի գերմանական դպրոցում, ապա՝ Կադը գյուղի Մխիթարյան միաբանության գիշերօթիկում։ Այնուհետև նա դարձել է Օրթագյուղի վարժարանի, ապա, մի երկու տարի անց, Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանի սանը։ 1889-1890 թթ. նա տեսնում է Պետրոս Ադամյանի խաղը և դառնում նրա երկրպագուն։ Շատ չանցած, 1891 թ. հունիսին Ադամյանի մահը խորապես ցնցում է դերասանին։ 1890-ականների սկզբներին Արմենյանը գնացել է Կովկաս և խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում։
Առաջին անգամ բեմ է բարձրացել Գաստոնի դերում՝ Ալեքսանդր Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում։ Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնել է Բաթում, 1894 թ. մեկնել արտասահման։ Եղել է Փարիզում, Համբուրգում և այլ քաղաքներում, տեսել աշխարհահռչակ մի շարք դերասանների խաղը։ Վերադառնալով Կովկաս, 1902-1903 թթ. խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1906 թ. իր կնոջ՝ Եկատերինա Դուրյանի հետ մեկնել է Եգիպտոս, կազմակերպել ներկայացումներ։ Ալեքսանդրիայում և Կահիրեում հանդես գալուց հետո՝ 1907 թ. վերադարձել է Կովկաս։ 1908 թ. Հ. Աբելյանի հետ կազմավորել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ Հ.Իբսենի, Շիրվանզադեի պիեսների բեմադրություններով մեծ հաջողություն են ունեցել։ Կոստանդնուպոլսից հետո խումբը ներկայացումներ է տվել Իզմիրում, Պարտիզակում և վերադարձել է Կովկաս։ Այնուհետև իր խմբով կամ Աբելյանի հետ՝ շրջագայել է Թուրքիայի, Պարսկաստանի, Ռումինիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքներ, ներկայացումներ տվել Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի հայաշատ գրեթե բոլոր վայրերում։ 1921 թ. Պարսկաստանից վերադարձել է Հայաստան, խաղացել Երևանում, ապա ընդմիշտ հաստատվել Լենինականում՝ աշխատելով թատրոնում[6]։
Մինչխորհրդային տարիներից ունեցել է ռեժիսուրական բեղուն գործունեություն, բեմադրել բազմաթիվ պիեսներ։ 1954 թ. լույս են տեսել նրա հուշերը՝ «60 տարի հայ բեմի վրա»[7]։
Դերասան Գևորգ Պետրոսյանը Կովկասից Կոստանդնուպոլիս է ժամանել «Թատերական կոմիտետի» հանձնարարությամբ Թիֆլիսի թատերախմբի համար դերասաններ ընտրելու։ Նա ցանկանում է հանդես գալ այդ թատերախմբում, սակայն ծնողները դեմ են լինում։ Երկար վեճերից հետո ծնողները զիջում են, և Արմենը խոստանում է բեմի վրա հանդես չգալ Իփեկյան ազգանվամբ։ Նա հանդես է գալիս Սիրանույշի, Աբելյանի, Պետրոսյանի, Թրյանցի և ուրիշ դերասանների հետ։ Արմենյանի հայրը ցանկանում էր, որ որդին առևտրական դառնա և 1894 թ. նրան ուղարկում է Համբուրգ՝ սովորելու և այստեղ ապագա դերասանը ավելի մոտիկից է սկսում շփվել հայ թատրոնի հետ։ Համբուրգում Արմենյանը դառնում է գերմանական դասական երաժշտության ունկնդիրը, լսում հռչակավոր երաժիշտների, դիտում Էլեոնորա Դուզեի, իսկ հետո լինելով Բրյուսելում, Սառա Բեռնարի խաղը։ Այստեղ, հոր գործերը վարելու հետ միասին, հետևում է թատրոնի փորձերին, առնում արտասանության դասեր։ Նա համարձակվում է այցելել Սառա Բեռնարին և խնդրել նրա աջակցությունը։ Շատ չանցած տեղափոխվում է Փարիզ, անթոս դերեր կատարողի իրավունքով մտնում հայտնի արտիստուհու թատրոնը։ Այստեղ նա տեսնում է Սառա Բեռնարի, Մունե Սյուլիի, Պոլ Մունեի (Paul Mounet) և ուրիշ վարպետների արվեստը։ Նա դառնում է Սառա Բեռնարի թատրոնի տեխնիկական ռեժիսորի օգնականը։ Այդ տարիներին Արմենյանն ուսանել է առոգանության, դասական ողբերգության և դասական կատակերգության արվեստ, հաճախել Պոլ Մունեի մասնավոր ստուդիան։ 1902 թ. նա հրավեր է ստանում Թիֆլիսից։ Նրա առաջին գործը ֆրանսիական թատերագիր Ֆ. Կոպպեի «Կրեմոնայի վնագործն» էր։ Պիեսը հաջողություն է ունենում։ Ներկայացման հանդիսատես Գաբրիել Սունդուկյանը այցելում է նորեկ դերասանին, շնորհավորում և խորհուրդ տալիս մտածել Ֆրանցի դերը Ֆ.Շիլլերի «Ավազակներում» խաղալու մասին։ 1908 թ. Արմենյանը ճանաչված ռեժիսոր և դերասան էր, որ հանդես էր եկել բազմաթիվ դերերով։ Արմենյանի շնորհիվ «Աբելյան-Արմենյան» թատերախումբը մեծ հաջողություն ունեցավ։ Թատերախումբը կազմվել է 1908 թ. Աբելյանի նախաձեռնությամբ և գոյատևել է հինգ տարի։ Աբելյանը թատերախմբի ոգին էր, իսկ Արմենյանը նրա ռեժիսորը։ Արմենյանի բեմադրական հայտնի աշխատանք դա «Սասունցի Դավիթ» ժողովրդական ներկայացումն էր, որ ցուցադրվեց Լենինականում, 1922 թ. հուլիսի 8-ին և 31-ին։ Դա «Սասունցի Դավթի» բացօթյա ներկայացում էր, շուրջ 150 ձիավոր ու հետիոտն մասնակիցներով և տասը հազար հանդիսատեսներով, խմբերգերով ու փողային երաժշտությամբ։ Արմենյանը մոլիերյան ոճի դերասան էր, թեև նրա դերասանական կյանքում էական տեղ ունեն նաև շեքսպիրյան և շիլլերյան դերերը։ Վ.Փափազյանը նրան համարում էր մոլիերյան ավանդների կրողը հայ թատրոնում։ Դրա վկայությունն են Արգանը (Մոլիերի «Երևակայական հիվանդ») և Հարպագոնը (Մոլիերի «Ագահը»)[8]։
1894 թվականին մեկնել է Համբուրգ՝ սովորելու, ունկնդրել է հռչակավոր երաժիշտների, դիտել Էլեոնորա Դուզեի և այլ հայտնի դերասանների խաղը։ Փարիզում մեկ թատերաշրջան խաղացել է Սառա Բեռնարի թատրոնում, 1895–1897 թվականներին եղել է նշանավոր դերասան Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայի ուսանող, ապա՝ Փարիզի «Բուֆ Դյունոր», «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնների դերասան, որտեղ ուսումնասիրել է 19-րդ դարի վերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքները։ 1902 թվականին հրավիրվել է Թիֆլիս. բեմադրել է ֆրանսիական պիեսներ (Ֆրանսուա Կոպպեի «Կրեմոնի վինագործը», Ալֆրեդ դը Մյուսսեի «Վաղաժամ վճիռ»), միաժամանակ խաղացել գլխավոր դերերը։ 1902–1903 թվականներին եղել է Բաքվի հայկական թատերախմբի ռեժիսոր և դերասան։ 1904 թվականին Արմենյանը Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ և շրջագայել Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հայաբնակ վայրերում։ Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», Մուրացանի «Ռուզան», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Վրթաննես Փափազյանի «Ժայռ» և այլն։ 1908 թվականին Հովհաննես Աբելյանի հետ կազմակերպել և ղեկավարել է «Աբելյան-Արմենյան» թատերախումբը։ Արմենյանը դասական ռեալիզմի սկզբունքներով է բեմադրել Անուշավան Վարդանյանի «Գործադուլ», Լևոն Շանթի «Հին աստվածներ» (երկուսն էլ հայ բեմում՝ առաջին անգամ) պիեսները, իսկ որպես դերասան՝ հետագայում հետևել է հոգեբանական ռեալիզմի սկզբունքներին։ Լավագույն դերերից են՝ Յագո, Շայլոկ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Վենետիկի վաճառականը»), Ֆրանց (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հարպագոն, Արգան (Ժան-Բատիստ Մոլիերի «Ագահը», «Երևակայական հիվանդ»)։ 1914–1917 թվականներին Արմենյանը բեմական գործունեությունը շարունակել է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի քաղաքներում, 1917–1921 թվականներին՝ Իրանում, 1921–1926 թվականներին՝ կրկին Հյուսիսային Կովկասում, ապա՝ Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և այլուր։ 1924 թվականին Մոսկվայում ծանոթացել է Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետաքրքրվել թատերական նորույթներով։ Այդ շրջանում Արմենյանը բեմադրել է Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Անատոլի Լունաչարսկու «Արքայի սափրիչը», Յուրի Յանովսկու «Ցասում» և այլ գործեր։ Նշանակալի էր նաև Արշակ Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը 1922 թվականին Ալեքսանդրապոլում՝ 150 դերակատարով։ Արմենյանը եղել է Ալեքսանդրապոլի Քաղլուսվարի և Սուխումի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսորը, 1934 թվականին հիմնադրել է Ալավերդու բանվորական թատրոնը։ 1935 թվականից աշխատել է Լենինականի պետական թատրոնում։ Արմենյանը բեմադրել է ավելի քան 100 պիես, խաղացել շուրջ 150 դեր։ Գրել է «60 տարի հայ բեմի վրա» հուշերի գիրքը, կատարել թարգմանություններ։ Հանդես է եկել նաև ասմունքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.