Remove ads
հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Ծերենց (Հովսեփ Հակոբի Շիշմանյան), (սեպտեմբերի 16, 1822[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 17, 1888[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։
Ծերենց | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Յովսէփ Շիշմանեան |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1822[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 17, 1888[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Խոջիվանք |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | հայերեն |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի (1837), Փարիզի համալսարան (1852) և Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Ուշագրավ աշխատանքներ | Երկունք Թ դարու և Թեոդորոս Ռշտունի |
Աշխատավայր | Արևելյան մամուլ և Ներսիսյան դպրոց |
Ծերենց Վիքիդարանում | |
Tserents Վիքիպահեստում |
Ծնվել է 1822 թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թ. մեկնել է Կովկաս, այցելել Արևելյան Հայաստան։ 1848 թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։
1849 թ. Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերությունը»։ 1852 թ. Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թ.՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։
1853 թ. փետրվարին Կ.Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853 թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։
1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862 թ. Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։
1872 թ. ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ 1872 թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ որպես բժիշկ։ 1874 թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875 թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետևանքով, հիվանդանոցի տնօրեն Հ. Տատյանը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։
Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թ. բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող Կիպրոս կղզի և բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878 թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում, բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր։ Բժշկական և ազգային-հասարակական աշխույժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888 թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։
Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»–ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։
1879 թ. Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։
1881 թ. լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայնված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։
Ծերենցի դերը նշանակալից է նաև պատմա–ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.