Հայ-թուրքական պատերազմ, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի միջև։ Այն Հայաստանի դեմ 1920 թվականին տեղի ունեցած Ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի մի մասն էր։
Հայ-թուրքական պատերազմ (1920) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայոց Ցեղասպանություն | |||||||||||||
Հայ խաղաղ բնակչության փախուստը թուրքերի կողմից գրաված Կարսից | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայաստանի Առաջին Հանրապետություն | Թուրքիա | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Դրաստամատ Կանայան (Դրո) Մովսես Սիլիկյան |
Քյազիմ Կարաբեքիր | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
30-36 հազար զինվոր 56 հրանոթ 184 գնդացիր |
50 000 զինվոր 306 հրանոթ | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
198 000 հայ խաղաղ բնակիչ |
1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա։ Հայ-թուրքական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Թուրքական զորքը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։
Պատմություն
Թուրքական արշավանք 1920, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։
1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-22) ու հայերի դեմ։
1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։
Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։
Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։
1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։
Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։
Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։
Պատճառներ
1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։
Ուժեր
Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին Հայաստանի դեմ թուրքերը կենտրոնացրել էին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանը սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։
Իրադարձությունների գնահատում ու բնույթ
Հայ պատմաբան, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանն իրավամբ անվանում է այդ ամենը Հայաստանի հանրապետության դեմ 1920 թվականին տեղի ունեցած ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի մի մասը՝ թուրքական մասը։
Տես նաև
Գրականություն
- Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։
- Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։
- Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
- Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։
- Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։
- Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։
- Եազըճեան Գէւորգ, Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները, 2009, 115 էջ։
- Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։
- Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
- Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
- Յազճյան Գևորգ, Կարսի անկման բուն պատճառները 1920 թվականին, 2005։
- Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.), 2009, 413 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ), 2015, 746 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար), 2011, 204 էջ։
- Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 162)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.