ռուս բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Սերգեյի Պուշկին (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Пу́шкин, (մայիսի 26 (հունիսի 6), 1799[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][4][…] - հունվարի 29 (փետրվարի 10), 1837[1][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5][6][…]), ռուս բանաստեղծ և գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ռուս մեծագույն բանաստեղծի հռչակ է վայելում։ Նա համարվում է նաև ժամանակակից գրական ռուսերենի ստեղծողը[Ն 1][10]։ Պուշկինի հիմնական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն[11][12][13][14][15][16][17][18][19]։
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից[Ն 2]։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ արձակ և չափածո. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում Պետրոս I-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ[20]։
Հորական պապը՝ Լև Ալեքսանդրովիչը, հրետանու գնդապետ էր, գվարդիայի կապիտան։ Հայրը՝ Սերգեյ Լվովիչ Պուշկինը (1767–1848), ազնվակիրթ սրախոս էր, սիրողական բանաստեղծ։ Պուշկինի մայրը՝ Նադեժդա Օսիպովնան (1775–1836), Հանիբալի թոռնուհին էր։ Հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը (1766–1830), Կարամզինի խմբի հայտնի բանաստեղծ էր։ Սերգեյ Լվովիչի և Նադեժդա Օսիպովնայի երեխաներից, բացի Ալեքսանդրից, կենդանի են մնացել միայն դուստրը՝ Օլգան (ամուսնության մեջ՝ Պավլիշչևա, 1797–1868) և որդին՝ Լևը (1805-1852)[21][22]։
Պուշկինը ծնվել է 1799 թվականի մայիսի 26-ին (հունիսի 6-ին) Մոսկվայում։ Ելոխովի Հայտնություն եկեղեցու (այժմ դրա տեղում գտնվում է Ելոխովի Հայտնության տաճարը) չափաբերական մատյանում 1799 թվականի հունիսի 8-ի ամսաթվով, այլոց մեջ, կա մի այսպիսի գրառում.
Մայիսի 27։ Կոլեգիական մատենավար Իվան Վասիլևիչ Սկվարցովի տանը, նրա կենվոր մայոր Սերգեյ Լվովիչ Պուշկինի ընտանիքում ծնվել է որդին՝ Ալեքսանդրը։ Կնքվել է հունիսի 8-ին։ Կնքահայրը կոմս Արտեմի Իվանովիչ Վորոնցովն է, վերոնշյալ Սերգեյ Պուշկինի կնքամայրը՝ այրի Օլգա Վասիլևնա Պուշկինան[23]։ |
1805-1810 թվականների ամառային ամիսներն ապագա բանաստեղծը սովորաբար անցկացնում էր մորական տատի՝ Մարիա Ալեքսեևնա Հանիբալի (1745-1818, ի ծնե՝ Պուշկինա[24], տոհմի այլ ճյուղից) մոտ, մերձմոսկովյան Զախարով գյուղում, Զվենիգորոդի մոտ։ Վաղ մանկական տպավորություններն արտացոլվել են պուշկինյան պոեմների առաջին փորձերում, որոնք գրի են առնվել ավելի ուշ («Վանականը», 1813, «Բովա», 1814), լիցեյական բանաստեղծություններում («Ուղերձ Յուդինին», 1815, «Երազ», 1816)։ Տատն իր թոռան մասին գրել է.
Չգիտեմ՝ ինչ դուրս կգա իմ ավագ թոռից։ Տղան խելացի է, սիրում է գրքեր, բայց վատ է սովորում, հազվադեպ է դասերը լավ հանձնում։ Մեկ տեղից չի շարժվում, չի խաղում երեխաների հետ, մեկ էլ այնպես է բացվում ու ոգևորվում, որ ոչ մի կերպ չես հանդարտեցնի. մի ծայրահեղությունից մյուսի մեջ է նետվում, միջին վիճակ չկա[23]։ |
Վեց տարի Պուշկինն անցկացրեց 1811 թվականի հոկտեմբերի 19-ին բացված Ցարսկոսելսկյան լիցեյում[25]։ Այստեղ պատանի բանաստեղծն ապրեց 1812 թվականի Հայրենական պատերազմի դեպքերը։ Այստեղ առաջին անգամ բացահայտվեց և բարձր գնահատվեց նրա բանաստեղծական շնորհը։ Լիցեյում անցկացրած տարիների, լիցեյյան եղբայրության մասին հիշողություններն ընդմիշտ մնացին բանաստեղծի հոգում[22]։
Լիցեյյան շրջանում Պուշկինը ստեղծեց բազմաթիվ չափածո ստեղծագործություններ։ Նրան ոգեշնչում էին 17-18-րդ դարերի ֆրանսիացի բանաստեղծները, ում ստեղծագործությանը նա ծանոթացել էր մանկության տարիներին՝ կարդալով հոր գրադարանի գրքերը։ Երիտասարդ Պուշկինի սիրելի հեղինակներն էին Վոլտերը և Պարնին։ Նրա վաղ շրջանի քնարերգության մեջ միավորվել են ֆրանսիական և ռուսական կլասիցիզմի ավանդույթները։ Պուշկին-բանաստեղծի ուսուցիչներն էին «թեթև պոեզիայի» ճանաչված վարպետ Բատյուշկովը և հայրենական ռոմանտիզմի պարագլուխ Ժուկովսկին։ Պուշկինի 1813-1815 թվականների քնարերգությունը ներծծված է կյանքի վաղանցիկության մասին գաղափարներով, որը թելադրում էր կյանքի ուրախությունները վայելելու ծարավ։ 1816 թվականից, հետևելով Ժուկովսկուն, նա դիմում է էլեգիաներին, որտեղ զարգացնում է այդ ժանրին հատուկ թեմաներ՝ անպատասխան սեր, երիտասարդության հեռանալը, հոգու մարելը։ Այս շրջանում Պուշկինի քնարերգությունը դեռ ընդօրինակման երանգներ էր կրում, լի էր գրական պայմանականություններով և դրոշմներով, այնուամենայնիվ, արդեն այդ ժամանակ սկսնակ բանաստեղծն ընտրել էր իր՝ յուրահատուկ ուղին[26]։ Չպարփակվելով կամերային բանաստեղծության մեջ՝ Պուշկինը դիմում էր ավելի բարդ՝ հասարակական նշանակության թեմաների։ «Հիշողություններ Ցարսկոյե Սելոյում» (1814) բանաստեղծությունը, որ Դերժավինի հավանությանն արժանացավ (1815 թվականի սկզբին Պուշկինը նրա ներկայությամբ կարդաց այն), նվիրված է 1812 թվականի Հայրենական պատերազմին[22]։ Բանաստեղծությունը հրապարակվեց 1815 թվականին «Ռոսյիսկի մուզեյ» ամսագրում՝ հեղինակի լրիվ ստորագրությամբ։ Իսկ պուշկինյան «Լիցինիին» ուղերձում քննադատաբար ներկայացվել է Ռուսաստանի ժամանակակից կյանքը, որտեղ «սիրված բռնակալի» դերում Արակչեևն է։ Իր ստեղծագործական ուղու արդեն իսկ սկզբում Պուշկինը մեծ հետաքրքրոթյուն էր ցուցաբերում նախորդ դարի ռուս երգիծական գրողների հանդեպ։ Ֆոնվիզինի ազդեցությունն զգացվում է նրա «Ֆոնվիզինի ստվերը» երգիծական պոեմում (1815), Ռադիշչևի արվեստին են առնչվում «Բովան» (1814) և «Անհավատությունը»[27]։
1814 թվականի հուլիսին Պուշկինն առաջին անգամ տպագրվեց Մոսկվայում հրատարակվող «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում։ Տասներեքերորդ համարում լույս տեսավ նրա «Բանաստեղծ ընկերոջս» բանաստեղծությունը՝ ստորագրված Александр Н.к.ш.п. ծածկանունով[23][Ն 3]։
Դեռ լիցեյի սան եղած ժամանակ Պուշկինը մտավ «Արզամաս» գրական միության մեջ, որը ելույթ էր ունենում գրականության մեջ հնամոլության և հնապաշտության դեմ։ Նա գործուն մասնակցություն ունեցավ նախորդ դարի կլասիցիզմի կանոնները պաշտպանող «Ռուսերեն խոսքի սիրահարների ժողով» միավորման հետ բանավեճին։ Նոր գրական ուղու առավել վառ ներկայացուցիչների ստեղծագործությամբ տարված՝ Պուշկինն այդ շրջանում կրում էր Բատյուշկովի, Ժուկովսկու, Դավիդովի պոեզիայի մեծ ազդեցությունը[28]։ Վերջինս Պուշկինին գրավում էր նախ խիզախ մարտիկի թեմայով, իսկ այնուհետև նրանով, ինչն ինքը՝ բանաստեղծն անվանում էր «բանաստեղծության ոլորում»՝ տրամադրության կտրուկ փոփոխություններով, էքսպրեսիայով, կերպարների անսպասելի միավորմամբ։ Ավելի ուշ Պուշկինն ասում էր, որ երիտասարդ տարիներին Դավիդովին նմանակելով՝ «ընդմիշտ սեփականացրեց նրա ոճը»[29]։
Պուշկինը լիցեյն ավարտեց 1817 թվականին՝ կոլեգիական քարտուղարի կոչումով (10-րդ դասարանը՝ ըստ կարգային վկայականի) և տեղավորվեց Արտաքին գործերի կոլեգիայում։ Պուշկինը թատրոնի մշտական այցելուն էր, մասնակցում էր «Արզամասի» նիստերին (այստեղ նա ընդունվել էր հեռակա կարգով, դեռ լիցեյում ուսանելու տարիներին)[22], 1819 թվականին դարձավ «Կանաչ լամպ» գրական-թատերական միության անդամ, որը գլխավորում էր «Բարօրության միությունը»[22]։ Չմասնակցելով առաջին գաղտնի կազմակերպությունների գործունեությանը՝ Պուշկինը, այնուամենայնիվ, ընկերական հարաբերությունների մեջ էր դեկաբրիստական կազմակերպությունների ակտիվ անդամների հետ, գրում էր քաղաքական էպիգրամներ և բանաստեղծություններ՝ «Չաադաևին» («Любви, надежды, тихой славы…», 1818), «Ազատություն» (1818), «Ն. Յա. Պլյուսկովային» (1818), «Գյուղը» (1819) և այլն։ Այդ տարիներին նա աշխատում էր «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի վրա, որն սկսել էր լիցեյում և որը համապատասխանում էր «Արզամաս» գրական միության՝ ազգային դյուցազնական պոեմ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ ծրագրային պահանջներին։ Պոեմը հրապարակվեց 1820 թվականի մայիսին (ըստ ցուցակների՝ հայտնի էր նախապես) և արժանացավ տարաբնույթ, ոչ միշտ բարյացակամ, արձագանքների։ Իսկ արդեն Պուշկինի աքսորվելուց հետո պոեմի շուրջ վեճեր ծավալվեցին[30]։ Որոշ քննադատներ վրդովված էին վերամբարձ ոճի բացակայության պատճառով։ «Ռուսլան և Լյուդմիլայում» ժողովրդական ոճի և խոսակցական լեզվի միախառնումը բանավոր խոսքի ռուս-ֆրանսիական հնարքների հետ առաջացրեց նաև գրականության մեջ դեմոկրատական ժողովրդայնության պաշտպանների դժգոհությունը։ Այդ կարգի հանդիմանություններ էր պարունակում Կատենինի գրական հետևորդ Դմիտրի Զիկովի նամակը՝ տպագրված «Սին օտեչեստվայում»[31][32]։
1820 թվականի գարնանը Պուշկինին կանչեցին Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետ կոմս Միխայիլ Միլոռադովիչի մոտ՝ իր՝ պետական պաշտոնյային ոչ հարիր բանաստեղծությունների (այդ թվում նաև Արակչեևի, Ֆոտիա վանահոր և հենց Ալեքսանդր I-ի մասին երգիծական բանաստեղծությունների) բովանդակության վերաբերյալ բացատրություն տալու։ Դրված էր նրան Սիբիր աքսորելու կամ Սլովեցկի միաբանությունում մեկուսացնելու հարցը։ Եվ միայն ընկերների, նախևառաջ՝ Նիկոլայ Կարամզինի ջանքերի շնորհիվ հաջողվեց մեղմել պատիժը. նրան մայրաքաղաքից տեղափոխեցին հարավ՝ Իվան Ինզովի քիշնևյան գրասենյակ[22]։
Նոր ծառայության վայր մեկնելու ճանապարհին Ալեքսանդր Սերգեևիչը, Դնեպրում լողալուց հետո, հիվանդացավ թոքաբորբով։ Առողջությունը վերականգնելու նպատակով 1820 թվականի մայիսի վերջին Ռաևսկիները հիվանդ բանաստեղծին իրենց հետ տարան Կովկաս և Ղրիմ[22]։ Ճանապարհին Ռաևսկիների ընտանիքը և Պուշկինը կանգ առան Տագանռոգ քաղաքում, քաղաքապետ Պյոտր Պապկովի նախկին տանը (Հունական փողոց, 40)։
1820 թվականի օգոստոսի 16-ին Պուշկինը ժամանեց Թեոդոսիա։ Նա գրեց եղբորը՝ Լևին.
«Կերչից մենք եկանք Կաֆա, կանգ առանք Բրոնևսկու մոտ, անբասիր պաշտոնավարության և աղքատության մեջ հարգված մի անձնավորություն։ Այժմ նա դատի տակ է և, ծերունի Վերգիլիայի նման, այգի է մշակում ծովի ափին, քաղաքից ոչ հեռու։ Խաղողը և նուշը նրա եկամտի աղբյուրն են։ Նա խելացի մարդ չէ, բայց շատ տեղեկություններ ունի Ղրիմի մասին։ Կարևոր և բարձիթողի եզերք։ Այստեղից ծովով, Տավրիդայի հարավային ափերի մոտով, մենք ուղևորվեցինք դեպի Յուրզուֆ, որտեղ գտնվում էր Ռաևսկու ընտանիքը։ Գիշերը նավի վրա ես եղերերգ գրեցի, որն ուղարկում եմ քեզ»[33]։ |
Երկու օր անց Պուշկինը Ռաևսկիների հետ ծովով ճանապարհ ընկավ դեպի Գուրզուֆ։
Պուշկինը Գուրզուֆում անցկացրեց 1820 թվականի ամռան և աշնան մի քանի շաբաթ։ Նա Ռաևսկիների հետ կանգ առավ հերցոգ Ռիշելիեի տանը. բանաստեղծին տրամադրեցին դեպի արևմուտք նայող կիսավերնահարկը։ Գուրզուֆում ապրելու ընթացքում Պուշկինը բազմաթիվ զբոսանքներ իրականացրեց ափի երկայնքով և լեռներում, որոնց թվում էին ձիով արշավը դեպի Այու Դագի գագաթը և դեպի Սուուկ Սու հրվանդանը նավակով զբոսանքը։
Գուրզուֆում Պուշկինը շարունակեց աշխատել «Կովկասի գերին» պոեմի վրա, գրեց մի քանի քնարական բանաստեղծություն, որոնցից մի քանիսը նվիրված են Ն. Ռաևսկու դուստրերին՝ Եկատերինային, Ելենային և Մարիային։ Այստեղ բանաստեղծը մտահղացավ «Բախչիսարայի շատրվանը» պոեմը և «Եվգենի Օնեգին» վեպը։ Կյանքի վերջում նա այսպես էր հիշում Ղրիմը. «Դա իմ Օնեգինի օրրան է»[22]։
1820 թվականի սեպտեմբերին Սիմֆերոպոլի ճանապարհին եղավ Բախչիսարայում։ Դելվիգին ուղղված նամակում.
․․․Մտա պալատ, տեսա անսարք շատրվանը, ժանգոտված երկաթյա խողովակից կաթիլ-կաթիլ ջուր էր ծորում։ Ես շրջեցի պալատում՝ սրտնեղած բարձիթողի վիճակից, որում այն գտնվում էր, և կիսաեվրոպական ոճով ձևափոխված մի քանի սենյակներից[34]։ |
Պալատի ներքին բակերում շրջելով՝ բանաստեղծը երկու վարդ պոկեց և դրեց «Արցունքի շատրվանի» մոտ, որին հետագայում նվիրեց մի բանաստեղծություն և «Բախչիսարայի շատրվանը» պոեմը։
Սեպտեմբերի կեսին Պուշկինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց Սիմֆերոպոլում, ենթադրաբար, նահանգապետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բարանովի տանը, որը նրա հին ծանոթն էր դեռ Պետերբուրգից։
Ղրիմից ստացած իր տպավորությունները Պուշկինն օգտագործել է «Օնեգինի ճանապարհորդության» նկարագրության մեջ, որն սկզբում մտնում էր «Եվգենի Օնեգին» պոեմի մեջ՝ որպես հավելված[35]։
Միայն սեպտեմբերին Պուշկինը հասավ Քիշնև։ Նոր ղեկավարը ներողամտորեն էր վերաբերվում Պուշկինի ծառայությանը՝ թույլ տալով նրան երկար ժամանակով բացակայել և հյուրընկալվել ընկերների մոտ՝ Կամենկեում (ձմեռ 1820–1821), մեկնել Կիև, ճանապարհորդել Իվան Լիպրանդիի հետ Մոլդովայով և այցելել Օդեսա (1821 թվականի վերջ)։ Քիշնևում Պուշկինն ընդունվեց «Օվիդիոս» մասոնական խմբավորման շարքերը[36], ինչի մասին գրել է իր օրագրում[37]։ Եթե «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը լավագույն ռուս բանաստեղծների դպրոցի արդյունք էր, ապա Պուշկինի առաջին իսկ «հարավային պոեմը»՝ «Կովկասի գերին» (1822) նրան ողջ ժամանակակից ռուս գրականության գագաթը դարձրեց։ Նա վաստակեց Ռուսաստանի առաջին բանաստեղծի համբավը, որն ուղեկցեց նրան ընդհուպ մինչև 1820-ական թվականները, իսկ 1830-ական թվականներին ստացավ «Ռուս Բայրոն» մականունը[38]։
Ավելի ուշ լույս տեսավ մեկ այլ «հարավային պոեմ»՝ «Բախչիսարայի շատրվանը» (1824)։ Պոեմը մի տեսակ հատվածական էր ստացվել, ասես ինչ-որ բան չասված էր մնացել, որն էլ նրան յուրահատուկ հմայք էր հաղորդում՝ խորապես ազդելով ընթերցողի զգացմունքային դաշտի վրա։ Պյոտր Վյազեմսկին Մոսկվայից այդ առիթով գրել է.
«Բախչիսարայի շատրվանի» հայտնվելն արժանի է ոչ միայն պոեզիայի սիրահարների, այլև մտավոր արդյունաբերության մեջ մեր հաջողություններին հետևողների ուշադրությանը, քանի որ, թող շատ բարձրագոչ չհնչի, երկուսն էլ նպաստում են պետության բարեկեցությանը։ Պուշկինի այդ փոքրիկ պոեմի ձեռագիրը գնահատվել է երեք հազար ռուբլի. նրանում նույնիսկ վեց հարյուր տող չկա։ Եվ այսպես, յուրաքանչյուր տողը (այն էլ ինչպիսի տողը․․․ նկատենք բորսային գնահատողների համար. կարճ քառաոտ տողը) արժե հինգ ռուբլուց մի փոքր ավելի։ Բեյրոնի տողը, Կազիմիր Լավինյայի, Վալտեր Սքոթի տողը ավելի նշանակալից տոկոս են բերում, ճիշտ է։ Բայց հիշենք և այն, որ օտարերկրյա կապիտալիստները տոկոսներ են գանձում երկրագնդի բոլոր կրթված սպառողներից, իսկ մեր կապիտալները պտտվում են նեղ ընտանեկան շրջանում։ Ինչևիցե, «Բախչիսարայի շատրվանի» տողի համար վճարվել է այնքան, որքան մինչ այժմ դեռ ոչ մի ռուսական չափածո տողի համար չէր վճարվել[39]։ |
Միաժամանակ բանաստեղծը ձգտում էր հայացքն ուղղել դեպի Ռուսաստանի պատմությունը՝ նախաձեռնելով «Մստիսլավ» և «Վադիմ» պոեմները (վերջին մտահղացումը նաև դրամատիկական ձև ստացավ)՝ ստեղծելով նաև «Գավրիիլիադա» երգիծական պոեմը (1821), «Ավազակ եղբայրները» պոեմը (1822, առանձին հրատարակությամբ՝ 1827)։ Ժամանակի ընթացքում Պուշկինի մեջ հասունացավ այն համոզմունքը (սկզբում անելանելի ողբերգական), որ աշխարհում գոյություն ունեն օբյեկտիվ օրենքներ, որոնք մարդն ի զորու չէ փոխել, որքան էլ անվեհեր և հիասքանչ լինեն նրա մտադրությունները։ Այս տրամադրությամբ 1823 թվականի մայիսին Քիշնևում սկիզբ առավ «Եվգենի Օնեգին» չափածո պոեմը. առաջին գլուխը պետք է ավարտվեր հերոսի՝ հայրենիքից դուրս ճանապարհորդության նկարագրությամբ (Բայրոնի «Դոն Ժուան» պոեմի նմանությամբ)։
Իսկ մինչ այդ, 1823 թվականի հուլիսին, Պուշկինը կարողացավ ծառայության տեղափոխվել Օդեսա՝ կոմս Վորոնցովի գրասենյակ։ Հենց այդ ժամանակ նա սկսեց հաստատվել որպես պրոֆեսիոնալ գրական գործիչ, որը կանխորոշվեց ընթերցող շրջաններում նրա ստեղծագործությունների բուռն հաջողությամբ։ Պետի կնոջը սիրահետելը, հնարավոր է նաև նրա հետ սիրավեպը և պետական ծառայությանն անընդունակությունը լարեցին հարաբերությունները Վորոնցովի հետ։
Հարավում անցկացրած չորս տարիները Պուշկին-բանաստեղծի զարգացման նոր ռոմանտիկ փուլ էին։ Այդ ժամանակ Պուշկինը ծանոթացավ Բայրոնի և Շենիեի ստեղծագործություններին[22]։ Հենց իր՝ բանաստեղծի խոստովանությամբ, նա տարված էր Բայրոնի անձով, «գժվում էր» նրա համար։ Աքսորում գրած նրա առաջին բանաստեղծությունն էր՝ «Մարեց լուսատուն երկնային․․․», որի բնաբանում Պուշկինը գրել է. «Նմանակությամբ Բայրոնի»։ Նրա ստեղծագործությունների առանցքը, հիմնական նպատակը մարդու էմոցիոնալ վիճակի արտացոլումն էր, նրա ներաշխարհի բացահայտումը։ Իր չափածոյի գեղարվեստական ձևը մշակելիս Պուշկինը դիմել է հին հունական պոեզիային՝ ուսումնասիրելով դրանց թարգմանությունները։ Վերաիմաստավորելով ռոմանտիկ տրամադրություններում անտիկ բանաստեղծների պատկերավոր մտածելակերպը, իր նախորդների ստեղծագործություններից լավագույնը վերցնելով, հաղթահարելով եղերերգական ոճի շաբլոնայնությունը՝ նա ստեղծեց իր սեփական բանաստեղծական լեզուն։ Պուշկինյան պոեզիայի հիմնական հատկանիշը նրա արտահայտչական ուժն է և, միևնույն ժամանակ, յուրահատուկ սեղմվածությունն ու լակոնիզմը[40]։ 1818-1820-ական թվականներին ֆրանսիական էլեգիայի և Ժուկովսկու քնարերգության ազդեցությամբ ձևավորված պայմանական-մելանխոլիկ ոճը լուրջ փոփոխության ենթարկվեց և միաձուլվեց նոր՝ «բայրոնական» ոճին։ Հին, բարդացված և պայմանական ձևերի համադրությունը ռոմանտիկ գույների և լարվածության հետ վառ կերպով արտահայտվեց «Կովկասի գերին» պոեմում[41]։
Առաջին անգամ պատանի բանաստեղծն այստեղ է եղել 1817 թվականի ամռանը, և, ինչպես ինքն է գրել իր ինքնակենսագրություններից մեկում, հիացել է «գյուղական կյանքով, ռուսական բաղնիքով, ելակով և այլնով, բայց այդ ամենն ինձ գրավեց կարճ ժամանակով»[42]։ 1824 թվականին Մոսկվայում ոստիկանության կողմից բացահայտվեց Պուշկինի նամակը, որում նա գրում էր «աթեիստական ուսմունքով» տարվելու մասին։ Դա 1824 թվականի հուլիսի 8-ին նրա աշխատանքից ազատման պատճառը դարձավ։[22] Նա աքսորվեց իր մորական կալվածք և այնտեղ անցկացրեց երկու տարի (մինչև 1826 թվականի սեպտեմբեր). դա Պուշկինի՝ Միխայլովսկոյեում գտնվելու ամենաերկար ընթացքն էր։
Միխայլովսկոյե ժամանելուց շատ չանցած՝ Պուշկինը լուրջ վեճ ունեցավ հոր հետ, ով փաստացի համաձայնել էր գաղտնի հետևել սեփական որդուն։ Աշնան վերջում Պուշկինի բոլոր հարազատները մեկնեցին Միխայլովսկոյեից։[22]
Հակառակ ընկերների մտավախություններին՝ գյուղում մեկուսանալը կործանարար չեղավ Պուշկինի համար։ Չնայած ծանր ապրումներին՝ միխայլովսկյան առաջին աշունն արգասաբեր եղավ բանաստեղծի համար. նա շատ էր կարդում, մտորում, աշխատում։[22] Պուշկինը հաճախակի էր այցելում հարևան՝ Տրիգորսկի կալվածք, օգտվում տիրուհու՝ Պրասկովիա Օսիպովայի գրադարանից. վերջինիս հայրը մասոն էր, Ն. Նովիկովի զինակիցը, և թողել էր գրքերի մեծ հավաքածու։ Միխայլովսկյան աքսորից մինչև կյանքի վերջը Պուշկինը պահպանեց սերտ ընկերական հարաբերությունները Օսիպովայի և նրա մեծ ընտանիքի հետ։ 1826 թվականին Տրիգորսկում Պուշկինը հանդիպեց Յազիկովին, ում բանաստեղծություններին ծանոթ էր 1824 թվականից։
Այստեղ Պուշկինն ավարտեց Օդեսայում սկսած «Գրավաճառի զրույցը պոետի հետ»[43] (որտեղ ձևակերպել է իր մասնագիտական հայացքները), «Դեպի ծովը» (Նապոլեոնի և Բայրոնի ժամանակաշրջանի մարդու ճակատագրի, անհատի վրա պատմական հանգամանքների դաժան իշխանության մասին քնարական մտորում) բանաստեղծությունները, «Գնչուներ» պոեմը (1827), շարունակեց գրել իր չափածո վեպը։ 1824 թվականի աշնանը նա վերսկսեց Քիշնևում կիսատ թողած աշխատանքն ինքնակենսագրական նոթերի վրա և սկսեց մտածել «Բորիս Գոդունով» ժողովրդական դրամայի (ավարտել է 1825 թվականի նոյեմբերի 7-ին (19-ին), տպագրվել է 1831 թվականին) սյուժեն, գրեց «Կոմս Նուլին» երգիծական պոեմը։ Պուշկինը Միխայլովսկոյեում, ընդհանուր առմամբ, գրել է մոտ հարյուր ստեղծագործություն։
1825 թվականին Տրիգորսկում Պուշկինը հանդիպեց Օսիպովայի զարմուհի Աննա Կերնին[Ն 4], ում, ինչպես ընդունված է համարել, նվիրել է «Я помню чудное мгновенье…» բանաստեղծությունը։
Աքսորի ավարտից մեկ ամիս անց նա վերադարձավ արդեն «ազատ՝ իր լքված բանտը» և մոտ մեկ ամիս անցկացրեց Միխայլովսկոյեում։ Հետագա տարիներին բանաստեղծը պարբերաբար գալիս էր այստեղ՝ քաղաքի կյանքից հանգստանալու և ազատության մեջ ստեղծագործելու։ 1827 թվականին Միխայլովսկոյեում Պուշկինն սկսեց գրել «Պետրոս Առաջինի արաբը» վեպը[44]։
Միխայլովսկոյեում բանաստեղծն սկսեց նաև բիլյարդ խաղալ և, չնայած հայտնի խաղացող չդարձավ, ընկերների հիշողություններից դատելով, կարողանում էր կին ասվի վրա բավականին հմտորեն աշխատեցնել[45]։
1826 թվականի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Միխայլովսկոյե ժամանեց Պսկովի նահանգապետ Բ. Ադերկասի սուրհանդակը. Պուշկինը ֆելդեգերի ուղեկցությամբ պետք է ժամաներ Մոսկվա, որտեղ այդ ժամանակ գտնվում էր օգոստոսի 22-ին թագադրված Նիկոլայ I-ը։
Տեղ հասնելուն պես, սեպտեմբերի 8-ին, Պուշկինը բերվեց կայսեր մոտ՝ անձնական ունկնդրության։ Նիկոլայի զրույցը Պուշկինի հետ տեղի ունեցավ դեմառդեմ[46]։
Բանաստեղծին աքսորից վերադառնալուց հետո երաշխավորվում էր բարձրագույն հովանավորություն և ազատում սովորական գրաքննությունից։
Հենց այդ տարիներին Պուշկինի ստեղծագործության մեջ սկիզբ առավ հետաքրքրությունը Պետրոս I-ի՝ բարենորոգիչ կայսեր անձի հանդեպ։ Վերջինս դարձավ բանաստեղծի ապուպապի՝ Աբրամ Հաննիբալի մասին վեպի և «Պոլտավա» նոր պոեմի հերոս։ Մեկ պոետիկ ստեղծագործության («Պոլտավայի») շրջանակներում բանաստեղծը միավորել է մի քանի լուրջ թեմա՝ Ռուսաստանի և Եվրոպայի փոխհարաբերությունների, ժողովուրդների միասնության, պատմական իրադարձությունների ֆոնի վրա ազնիվ մարդու երջանկության և ողբերգության։ Պուշկինին, իր իսկ խոստովանությամբ, գրավում էին «ուժեղ բնավորությունները և այդ բոլոր սարսափների վրա ուրվագծված խորը, ողբերգական ստվերը»[47]։ 1829 թվականին հրապարակվելով՝ պոեմը չհասկացվեց ո՛չ ընթերցողի, ո՛չ քննադատների կողմից։ «Առարկություն «Պոլտավայի« քննադատներին» հոդվածի ձեռագիր սևագրության մեջ Պուշկինը գրել է.
Իմ բոլոր չափածո պոեմներից ամենահասունը, որում ամեն ինչ գրեթե յուրահատուկ է (իսկ մենք հենց դրա համար ենք պայքարում, չնայած դա էլ գլխավորը չէ), «Պոլտավան», որը Ժուկովսկին, Գնեդիչը, Դելվիգը, Վյազեմսկին գերադասում են այն ամենից, ինչ ես գրել եմ մինչև այժմ, հաջողություն չունեցավ[48]։ |
Այդ ընթացքում բանաստեղծի ստեղծագործության մեջ նոր շրջադարձ է նկատվում։ Իրականության պատմական և սոցիալական սթափ վերլուծությունը համադրվում է հաճախ բանական բացատրությունից խույս տվող շրջակա աշխարհի բարդության գիտակցման հետ, որը գրողի ստեղծագործությանը հաղորդում է անհանգստության կանխազգացում, տանում է անիրականության լայն ներխուժման, ծնում է դառն, ցավալի հիշողություններ, մահվան հանդեպ լարված հետաքրքրություն։
Միևնույն ժամանակ, «Պոլտավա» պոեմից հետո նրա հանդեպ քննադատների և ընթերցող հասարակության վերաբերմունքն ավելի սառն ու քննադատական դարձավ[49]։
1827 թվականին հետաքննություն սկսվեց դեռ 1825 թվականին Միխայլովսկոյեում գրված «Անդրեյ Շենյե» բանաստեղծության առիթով, որում արձագանքներ կային 1825 թվականի դեկտեմբերի 14-ի իրադարձությունների վերաբերյալ[22], իսկ 1828 թվականին իշխանությանը հայտնի դարձավ «Գավրիլիադա» քիշնևյան պոեմը։ Այդ գործերը, Պուշկինի բացատրություններից հետո, բարձրագույն հրամանով կարճվեցին, [22] բայց բանաստեղծի վրա գաղտնի ոստիկանական հսկողություն սահմանվեց։
1828 թվականի դեկտեմբերին Պուշկինը ծանոթացավ մոսկովյան գեղեցկուհի 16-ամյա Նատալյա Գոնչարովայի հետ։ Իր իսկ խոստովանությամբ, նա սիրահարվեց առաջին հայացքից։ 1829 թվականի ապրիլի վերջին Ֆեոդոր Տոլստոյ-Ամերիկացու միջոցով Պուշկինն առաջարկություն արեց Գոնչարովային։
Աղջկա մոր՝ Նատալյայի երիտասարդության պատճառաբանությամբ անորոշ պատասխանը, Պուշկինի խոսքերով, «խելքից հանեց նրան»։ Նա մեկնեց Պասկևիչի բանակ՝ Կովկաս, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր գնում Թուրքիայի հետ։ Իր ուղևորությունը նա նկարագրեց «Ճանապարհորդություն դեպի Արզրում» ստեղծագործության մեջ։ Պասկևիչի պնդմամբ, ով չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Պուշկինի կյանքի համար, թողեց գործող բանակը, որոշ ժամանակ բնակություն հաստատեց Թիֆլիսում։[50] Մոսկվա վերադառնալով՝ նա Գոնչարովների կողմից սառն ընդունելության արժանացավ։ Հնարավոր է, որ Նատալյայի մայրը վախենում էր Պուշկինի՝ ազատամիտ բանաստեղծի համբավից, նրա աղքատությունից և խաղամոլությունից։[51]
Պուշկինը զգում էր առօրյա կյանքի փոփոխության անհրաժեշտությունը։ 1830 թվականին Նատալյա Նիկոլայի Գոնչարովայի կրկնակի հարսնախոսությունն ընդունվեց, և աշնանը Պուշկինն ուղևորվեց հոր նիժեգորոդյան կալվածք՝ Բոլդինո, որպեսզի ստանձնի հոր կողմից որպես հարսանյաց նվեր մատուցված մոտակա Կիստենևո գյուղի սեփականատիրոջ դերը։ Խոլերայի կարանտինը ստիպեց նրան գյուղում մնալ երեք ամիս, և այդ ընթացքին վիճակված էր դառնալ հանրահայտ Բոլդինյան աշունը՝ Պուշկինի ստեղծագործության ամենաբեղուն ժամանակաշրջանը, երբ նրա գրչի տակից դուրս եկավ ստեղծագործությունների մի ողջ գրադարան. «Հանգուցյալ Իվան Պետրովիչ Բելկինի վիպակները» («Բելկինի վիպակները»), «Դրամատիկական ուսումնասիրությունների փորձ» («Փոքրիկ ողբերգություններ»), «Եվգենի Օնեգինի» վերջին գլուխները, «Կոլոմնայի տնակը», «Գորյուխին գյուղի պատմությունը», «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը», քննադատական հոդվածների մի քանի ուրվագիծ և մոտ 30 բանաստեղծություն։
Բոլդինյան ստեղծագործությունների շարքում, ասես դիտավորյալ, ժանրով և գունեղությամբ իրարից խիստ տարբերվում, իրար հակադրվում են հատկապես երկու շարք՝ արձակ և դրամատիկական։ Դրանք Պուշկինի ստեղծագործության երկու բևեռներն են, որոնց ձգտում են 1830 թվականի աշնանային երեք ամիսներին գրված մյուս ստեղծագործությունները։
Այդ շրջանի չափածո ստեղծագործությունները ներկայացնում են ժանրերի ողջ բազմազանությունը և ընդգրկում են թեմաների մի ստվար խումբ։ Դրանցից մեկը՝ «Իմ կարմրայտ քննադատը․․․», աղերսներ ունի «Գորյուխին գյուղի պատմության» հետ և այնքան հեռու է գյուղական իրականության իդեալականացումից, որ առաջին անգամ հրապարակվել է միայն հետմահու երկերի ժողովածուում՝ «Կապրիզ» փոփոխված վերնագրով։[52]
«Բելկինի վիպակները» Պուշկինից մեզ հասած առաջին ավարտուն արձակ ստեղծագործությունն է, որի ստեղծման համար նա բազմաթիվ փորձեր է արել։ 1821 թվականին նա սահմանեց իր արձակ գրելաոճի գլխավոր օրենքը՝ «Ճշգրտություն և հակիրճություն. ահա արձակի առաջնային արժանիքները։ Դա պահանջում է մտքեր և էլի մտքեր. առանց դրանց փայլուն արտահայտություններն անգամ արժեք չունեն»։ Այդ վիպակները միաժամանակ սովորական մարդու յուրօրինակ հուշագրություններ են, մարդ, որն իր կյանքում նշանակալից ոչինչ չգտնելով՝ իր հիշատակարանը լցնում է ուրիշներից լսած և անսովորությամբ իրեն զարմացրած պատմություններով։ «Վիպակները» նշանավորեցին 1827 թվականին «Պետրոս Առաջինի արաբը» ստեղծագործությամբ սկզբնավորված՝ Պուշկինի՝ որպես արձակագիր հաստատվելու ավարտը։ Այս շարքը որոշիչ եղավ Պուշկինի ստեղծագործության հետագա ուղղության հարցում. կյանքի վերջին վեց տարիները նա հիմնականում դիմում էր մինչ այդ դեռ ոչ լիովին զարգացած ռուսական գեղարվեստական արձակ խոսքին։[53][54]
Այդ ժամանակ Պուշկինն ակտիվ մասնակցություն է ունենում իր ընկերոջ՝ Անտոն Դելվիգի «Լիտերատուրնայա գազետայի» (լույս է տեսել 1830 թվականի հունվարի 1-ից մինչև 1831 թվականի հուլիսի 30-ը) հրատարակման գործում։ Դելվիգը, պատրաստելով առաջին երկու համարները, ժամանակավորապես մեկնեց Պետերբուրգից՝ թերթը հանձնելով Պուշկինին, ով էլ դարձավ առաջին 13 համարների փաստացի խմբագիրը[55]։ Երրորդ բաժանմունքի գործակալ, կիսապաշտոնական «Սեվերնայա պչելա» թերթի խմբագիր Ֆադեյ Բուլգարինի հետ ընդհարումն այն բանից հետո, երբ «Լիտերատուրնայա գազետայում» տպագրվեց Հուլիսյան հեղափոխության զոհերի մասին Կազիմիր Դելավինյայի քառատողը, հանգեցրեց թերթի փակմանը։
1831 թվականի փետրվարի 18-ին (մարտի 2-ին) Մոսկվայի Նիկիտինյան դարպասների մոտ գտնվող Մեծ Համբարձման եկեղեցում տեղի ունեցավ Պուշկինի և Նատալյա Գոնչարովայի պսակադրության արարողությունը։ Մատանիները փոխանակելիս Պուշկինի մատանին ընկավ գետնին։ Հետո մարեց նրա մոմը։ Նա գունատվեց և ասաց. «Վատ նախանշաններ են»[56]։
Հարսանիքից անմիջապես հետո Պուշկինների ընտանիքը կարճ ժամանակով բնակություն հաստատեց Մոսկվայում, Արբատի վրա (ժամանակակից համարակալմամբ՝ տուն 53, այժմ թանգարան է)։ Այստեղ ամուսինները բնակվեցին մինչև 1831 թվականի մայիսը, որից հետո, չսպասելով վարձակալության ժամկետի ավարտին, մեկնեցին մայրաքաղաք, քանի որ Պուշկինը վիճեց զոքանչի հետ, ով միջամտում էր նրա ընտանեկան կյանքին[57]։
Ամռանը Պուշկինն ամառանոց վարձեց Ցարսկոյե Սելոյում։ Այստեղ նա գրեց «Օնեգինի նամակը»՝ դրանով իսկ վերջնականապես ավարտելով չափածո վեպը, որը նրա կյանքի ութ տարիների «հավատարիմ ուղեկիցն էր»։
Իրականության նոր ընկալումը, որ նրա ստեղծագործության մեջ ի հայտ եկավ 1820-ական թվականներին, պահանջում էր պատմության խոր ուսումնասիրություն. դրանում պետք է գտնվեին ներկայի արմատական հարցերի աղբյուրները։ 1831 թվականին նրան թույլատրվեց աշխատել արխիվներում։ Պուշկինը կրկին ծառայության անցավ՝ որպես «պատմագիր», «Պետրոս Առաջինի պատմությունը» գրելու բարձրագույն հանձնարարություն ստանալով։ Իրենց բնույթով սարսափելի խոլերային խռովությունները, լեհական իրադարձությունները, որոնք Ռուսաստանին Եվրոպայի հետ նոր պատերազմի շեմին կանգնեցրին, պոետին ներկայանում էին որպես վտանգ ռուսական պետականության համար։ Այսպիսի պայմաններում ուժեղ իշխանությունը թվում էր նրան Ռուսաստանի փրկության գրավական. այս գաղափարով են տոգորված նրա «Սուրբ գերեզմանի առաջ․․․», «Ռուսաստանի զրպարտիչներին», «Բորոդինյան տարեդարձ» բանաստեղծությունները։ Վերջին երկուսը, որ գրվել էին Վարշավայի գրավման կապակցությամբ, Վ․ Ժուկովսկու «Հին երգը՝ նոր ձևով» բանաստեղծության հետ միասին, տպագրվեցին «Վարշավայի գրավումը» հատուկ գրքույկով՝ ոչ միանշանակ վերաբերմունք առաջացնելով։ Պուշկինը, երբևէ չլինելով որևէ ժողովրդի թշնամի, մտերիմ լինելով Միցկևիչի հետ, այնուամենայնիվ, չկարողացավ համակերպվել Լեհաստանին միավորվելու համար ապստամբած լիտվական, ուկրաինական և բելառուսական հողերի պահանջներին[58]։ Լեհական իրադարձություններին Պուշկինի արձագանքին տարբեր կերպ վերաբերվեցին նրա ընկերները, բացասական՝ Վյազեմսկին և Ալեքսանդր Տուրգենևը։ 1831 թվականի սեպտեմբերի 22-ին իր օրագրում Վյազեմսկին գրել է.
Պուշկինն իր «Ռուսաստանի զրպարտիչներին» բանաստեղծության մեջ փաստացի հայհոյում է նրանց[Ն 5]։ Նա գիտի, որ նրանք չեն կարդա իր ոտանավորը և, հետևաբար, չեն պատասխանի այն հարցերին, որոնց հեշտությամբ կարող է պատասխանել ինքը՝ Պուշկինը։ <…> Եվ ի՞նչ սրբապղծություն է կրկին՝ համեմատել Բորոդինոն Վարշավայի հետ։ Ռուսաստանը կբողոքի այդ անօրինության դեմ։ |
Իսկ Չաադաևը բանաստեղծությունների հրապարակումից հետո հիացական նամակ ուղղեց հեղինակին, նրա դիրքորոշումը կիսում էին նաև աքսորված դեկաբրիստները[58]։ Միևնույն ժամանակ, 3-րդ բաժանմունքի հետ կապված Ֆադեյ Բուլգարինը բանաստեղծին մեղադրում էր լիբերալ հայացքներին հակված լինելու մեջ։
1830-ական թվականների սկզբին Պուշկինի ստեղծագործության մեջ սկսում է գերակշռել արձակը։ «Բելկինի վիպակները» (հրատարակված 1831 թվականին) հաջողություն չեն ունենում։ Պուշկինը մտահղանում է լայն էպիկական կտավ՝ պուգաչովյան ժամանակաշրջանի վեպ՝ խռովարարի կողմն անցած հերոս-ազնվականով։ Այդ մտահղացումը որոշ ժամանակ հետաձգում է՝ այդ դարաշրջանի մասին պակաս գիտելիքներ ունենալու պատճառով, և սկսում է աշխատել «Դուբրովսկի» վեպի վրա (1832–1833). վեպի հերոսը, վրեժ լուծելով հոր համար, որից անարդար կերպով խլել էին տոհմային կալվածքը, դառնում է ավազակ։ Վեհանձն ավազակ Դուբրովսկին պատկերված է ռոմանտիկ ելքով, իսկ մնացած գործող անձիք ներկայացված են բացարձակ ռեալիզմով[59]։ Չնայած ստեղծագործության սյուժետային հիմքը վերցված է ժամանակակից կյանքից, աշխատանքի ընթացքում վեպն ավելի ու ավելի էր նմանվում ավանդական արկածային պատմության՝ ռուսական իրականությանը ոչ բնորոշ բախումներով։ Ամենայն հավանականությամբ, կանխազգալով վեպի հրատարակման հետ կապված գրաքննության անհաղթահարելի դժվարությունները, Պուշկինը դադարեց դրա վրա աշխատելը, չնայած վեպը մոտ էր ավարտին։ Պուգաչովյան խռովության մասին ստեղծագործության մտահղացումը կրկին գլուխ է բարձրացնում, և, հավատարիմ մնալով պատմական ճշգրտությանը, նա ժամանակավորապես դադարեցնում է Պետրոս Առաջինի դարաշրջանի ուսումնասիրությունը, խնամքով հետազոտում է Պուգաչովի մասին աղբյուրները, ծանոթանում է գյուղացիական ապստամբության ճնշման մասին փաստաթղթերին (պարզվում է, որ հենց «Պուգաչովի գործը» խիստ գաղտնիացված է և անմատչելի), իսկ 1833 թվականին նախաձեռնում է ուղևորություն դեպի Վոլգա և Ուրալ, որպեսզի անձամբ տեսնի ահեղ իրադարձությունների վայրերը, լսի պուգաչովականների մասին կենդանի զրույցները։ Պուշկինը մեկնում է Նիժնի Նովգորոդով, Կազանով և Սիմբիրսկով դեպի Օրենբուրգ, իսկ այնտեղից էլ, հինավուրց Յայիկ գետի երկայնքով, դեպի Ուրալսկ, որը գյուղացիական ապստամբությունից հետո վերանվանվել էր Ուրալ։
1833 թվականի հունվարի 7-ին Պուշկինն ընտրվեց Ռուսական ակադեմիայի անդամ՝ Պ. Կատենինի, Մ. Զագոսկինի, Դ. Յազիկովի և Ա. Մալովի հետ միասին։
1833 թվականի աշնանը նա վերադարձավ Բոլդինո։ Այժմ Պուշկինի բոլդինյան աշունը երկու անգամ կարճ էր, քան երեք տարի առաջ, բայց նշանակությամբ համարժեք էր 1830 թվականի աշնանը։ Մեկուկես ամսվա ընթացքում Պուշկինն ավարտում է «Պուգաչովի պատմությունը» և «Արևմտյան սլավոնների երգերը», սկսում է աշխատել «Ագռավի թագուհին» վիպակի վրա, ստեղծում է «Անջելո» և «Պղնձե հեծյալը» պոեմները, «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» և «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ դյուցազունների մասին» հեքիաթները, «Աշուն» ութտող բանաստեղծությունը։
1833 թվականի նոյեմբերին Պուշկինը վերադարձավ Պետերբուրգ՝ անհրաժեշտություն զգալով կտրուկ փոփոխել կյանքը և ազատվել արքունի հովանավորությունից։
1834 թվականի նախօրյակին Նիկոլայ I-ն իր պատմագրին կրտսեր պալատական կամեր-յունկերի կոչում շնորհեց։ Պուշկինի ընկերների խոսքով, բանաստեղծը խիստ զայրացել էր. այդ կոչումը սովորաբար տրվում էր երիտասարդներին։ 1834 թվականի հունվարի 1-ին Պուշկինն իր օրագրում գրել է.
Երրորդ օրը ես կամեր-յունկերի կոչում ստացա, որը հարիր չէ իմ տարիքին։ Բայց արքունիքն ուզում է, որպեսզի N. N. (Նատալյա Նիկոլաևնան) պարի Անիչկովում:[60] |
Հենց այդ ժամանակ արգելվեց «Պղնձե հեծյալի» հրատարակությունը։ 1834 թվականի սկզբին Պուշկինը գրեց մեկ այլ արձակ՝ պետերբուրգյան վիպակ՝ «Պիկովայա դամա»-ն, և այն տեղադրեց «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում, որը Պուշկինին վճարում էր անհապաղ և բարձր դրույքով։ Գրողը վիպակն սկսեց Բոլդինոյում. այն, ըստ երևույթին, նախատեսված էր Վլադիմիր Օդոևսկու և Նիկոլայ Գոգոլի հետ համատեղ հրատարակվող «Տրոյչատկա» ալմանախի համար։
1834 թվականի հունիսի 25-ին Պուշկինը հրաժարական է տալիս՝ արխիվներում աշխատելու իրավունքը պահպանելու խնդրանքով, որը նրան անհրաժեշտ էր «Պետրոս I-ի պատմության» համար։ Որպես դրդապատճառ նշվում էին ընտանեկան խնդիրները և մայրաքաղաքում գտնվելու անհնարինությունը։ Հրաժարականն ընդունվեց առանց արխիվներից օգտվելու թույլտվության, այսպիսով Պուշկինը զրկվեց աշխատանքը շարունակելու հնարավորությունից։ Ժուկովսկու խորհրդին հետևելով՝ Պուշկինը հետ կանչեց հրաժարականը։[61] Ավելի ուշ նա 3-4 տարով արձակուրդ խնդրեց. 1835 թվականին նա գրել է զոքանչին, որ պատրաստվում է ընտանիքով մի քանի տարով մեկնել գյուղ։ Սակայն արձակուրդի խնդրանքը ևս մերժվեց։ Փոխարենը Նիկոլայ I-ն առաջարկեց կեստարյա արձակուրդ և 10 000 ռուբլի, ինչպես ասված էր, «օժանդակություն»։ Պուշկինն այն չընդունեց և խնդրեց 30 000 ռուբլի՝ իր աշխատավարձից գանձելու պայմանով, իսկ արձակուրդ նրան տրվեց չորս ամսով։ Այսպիսով, Պուշկինը հետագա մի քանի տարով կապվեց պետերբուրգյան ծառայությանը։[62] Տրված գումարը Պուշկինի պարտքերի կեսն անգամ չէր փակում, իսկ աշխատավարձի կարճման պատճառով բանաստեղծը ստիպված էր հույսը դնել միայն գրական եկամուտների վրա, որն էլ կախված էր ընթերցողի պահանջարկից։ 1834 թվականի վերջին, 1835 թվականի սկզբին լույս տեսան Պուշկինի ստեղծագործությունների մի քանի հանրագումարային հրատարակություններ՝ «Եվգենի Օնեգինի» ամբողջական տարբերակը (1825-1832 թվականներին վեպը տպագրվել էր առանձին գլուխներով), բանաստեղծությունների, վիպակների, պոեմների ժողովածուները, սակայն բոլորն էլ դժվարությամբ էին սպառվում։ Քննադատությունն արդեն բարձրաձայնում էր Պուշկինի տաղանդի նվազման, ռուս գրականության մեջ նրա դարաշրջանի ավարտի մասին։ 1834 (Բոլդինոյում) և 1835 (Միխայլովսկում) թվականների աշունները պակաս արգասաբեր էին։ Երրորդ անգամ բանաստեղծը Բոլդինո եկավ 1834 թվականի աշնանը՝ կալվածքի խառը գործերով, և այստեղ մնաց մեկ ամիս՝ գրելով միայն մեկ ստեղծագործություն՝ «Հեքիաթ ոսկե աքաղաքի մասին»։ Միխայլովսկում Պուշկինը շարունակեց աշխատել «Տեսարաններ ասպետական ժամանակներից», «Եգիպտական գիշերներ» ստեղծագործությունների վրա, գրեց «Ես կրկին այցելեցի» բանաստեղծությունը։
Պուշկինյան տաղանդի անկումից վշտացած ընթերցող լայն շրջաններն անտեղյակ էին, որ Պուշկինի լավագույն ստեղծագործությունների հրատարակությունն արգելված էր, որ այդ տարիներին մշտական, լարված աշխատանք էր տարվում ընդարձակ նախագծերի վրա («Պետրոս I-ի պատմությունը», պուգաչովականների մասին վեպը)։ Բանաստեղծի արվեստում արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Պուշկին-քնարերգակն այդ տարիներին դարձավ առավելապես «բանաստեղծ ինքն իր համար»։ Նա համառորեն փորձարկումներ էր կատարում արձակ ժանրերում, որոնք նրան լիովին չէին բավարարում, մնում էին նրա մտահղացումներում, ուրվանկարներում, սևագրություններում. նա գրական նոր ձևեր էր փնտրում։
Սերգեյ Սոբոլևսկու խոսքերով.
Միտքը մեծ պարբերական հրատարակության մասին, որը հնարավորինս կարտացոլեր ռուսական կյանքի բոլոր գլխավոր կողմերը, սեփական գրչով անմիջականորեն հայրենիքին ծառայելու ցանկությունը գրեթե մշտապես զբաղեցնում էին Պուշկինին՝ նրա կարճատև կյանքի վերջին տասնամյակում... Հանգամանքները խանգարում էին նրան, և միայն 1836 թվականին նա կարողացավ ձեռք բերել «Սովրեմեննիկի» հրատարակության իրավունքը, բայց արդեն բավականին սահմանափակված և նեղ շրջանակներում[63]։ |
«Լիտերատուրնայա գազետայի» փակման ժամանակներից նա պայքարում էր սեփական պարբերականի հրատարակության իրավունքի համար։ Չիրականացան թերթի («Օրագիր»), տարբեր ալմանախների և ժողովածուների, «Սևերնի զրիտելի», որը պետք է խմբագրեր Վ. Օդոևսկին, մտահղացումները։ Հենց նրա հետ էլ Պուշկինը մտադիր էր 1835 թվականին լույս ընծայել «Քաղաքականության, գիտության և գրականության ժամանակակից տարեգրությունը»։ 1836 թվականին մեկ տարով ալմանախ հրատարակելու թույլտվություն ստացավ։ Պուշկինը նաև եկամուտ էր ակնկալում, որի շնորհիվ կփակեր նոր անհետաձգելի պարտքերը։ 1836 թվականին հիմնադրված ամսագիրը կոչվեց «Սովրեմեննիկ»։ Դրանում տպագրվում էին հենց իր՝ Պուշկինի և Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Տուրգենևի, Վասիլի Ժուկովսկու, Պյոտր Վյազեմսկու ստեղծագործությունները։
Այնուամենայնիվ, ընթերցող շրջաններում ամսագիրը հաջողություն չունեցավ. պարբերականի նոր տեսակին, որ նվիրված էր արդիական խնդիրներին և դրանց, անհրաժեշտության դեպքում, ակնարկներով մեկնաբանմանը, ռուս ընթերցողը պետք է դեռ սովորեր։ Ամսագիրն ուներ ընդամենը 600 բաժանորդ, որը պարզապես սնանկացնող էր հրատարակչի համար, քանի որ չէր ծածկում նույնիսկ տպագրության հետ կապված ծախսերն ու աշխատակիցների հոնորարները։ «Սովրեմեննիկի» վերջին երկու համարները Պուշկինը ավելի քան կիսով չափ լցրեց իր ստեղծագործություններով, մեծ մասամբ՝ անանուն։ «Սովրեմեննիկի» չորրորդ համարում վերջապես տպվեց «Կապիտանի աղջիկը»։ Պուշկինը կարող էր այն թողարկել առանձին գրքով, այդ ժամանակ վեպը եկամուտ կբերեր, որն այդքան անհրաժեշտ էր հեղինակին։ Սակայն նա, այնուամենայնիվ, որոշում կայացրեց «Կապիտանի աղջիկը» հրապարակել ամսագրում և այլևս չէր կարող միաժամանակ այն նաև առանձին գրքով հրատարակել, այդ ժամանակ դա արգելված էր։ Հնարավոր է, վեպը «Սովրեմեննիկում» ընդգրկվեց Կրաևսկու և ամսագրի հրատարակչի ազդեցությամբ, որոնք վախենում էին ամսագրի սնանկացումից։ «Կապիտանի աղջիկը» բարյացակամորեն ընդունվեց ընթերցողի կողմից, սակայն մամուլում հիացած քննադատների արձագանքներն իր վերջին վեպի մասին Պուշկինն այդպես էլ չհասցրեց տեսնել։ Չնայած ֆինանսական անհաջողությանը, Պուշկինը մինչև վերջին օրը զբաղված էր հրատարակչության գործերով՝ «հույս ունենալով, ճակատագրին ի հեճուկս, գտնել և դաստիարակել իր ընթերցողին»[64]։
1836 թվականի գարնանը ծանր հիվանդությունից հետո մահացավ Նադեժդա Օսիպովնան։ Պուշկինը, ով վերջին օրերին մտերմացել էր մոր հետ, ծանր տարավ այդ կորուստը։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա ընտանիքի միակ անդամն էր, ով ուղեկցում էր Նադեժդա Օսիպովնայի աճյունը դեպի թաղման վայրը՝ Սուրբ բլուրներ։ Դա նրա վերջին այցելությունն էր Միխայլովսկոյե։ Մայիսի սկզբին հրատարակչության գործերով և արխիվներում աշխատելու նպատակով Պուշկինը ժամանեց Մոսկվա։ Նա ակնկալում էր «Մոսկովսկի նաբլյուդատելի» հեղինակների համագործակցությունը «Սովրեմեննիկում»։ Սակայն Բարատինսկին, Պոգոդինը, Խոմյակովը, Շևիրյովը չէին շտապում պատասխանել՝ նաև ուղիղ չմերժելով։ Միևնույն ժամանակ Պուշկինը հույս ուներ, որ ամսագրի համար կգրի նաև Բելինսկին, ով ընդհարված էր Պոգոդինի հետ։ Այցելելով Արտաքին գործերի կոլեգիայի արխիվները՝ նա համոզվեց, որ պետրոսյան ժամանակաշրջանի փաստաթղթերի ուսումնասիրությունը մի քանի ամիս կտևի։ Կնոջ հորդորմամբ, ով օր օրի ծննդաբերության էր սպասում, Պուշկինը մայիսի վերջին վերադարձավ Պետերբուրգ։
Ըստ ֆրանսիացի դիվանագետ և հրատարակիչ Լյովե-Վեյմարի հուշերի, ով 1836 թվականի ամռանը հյուրընկալվել էր Պուշկինի մոտ, վերջինս տարված էր «Պետրոսի պատմությամբ» և հյուրի հետ կիսվում էր իր արխիվային պրպտումներով ու կասկածներով, թե ինչպես ընթերցողը կընդունի գիրքը, որտեղ թագավորը ներկայացված է «այնպիսին, ինչպիսին էր գահակալման առաջին տարիներին, երբ իր նպատակին հասնելու համար մոլեգնորեն զոհում էր ամեն ինչ»։ Տեղեկանալով, որ Լյովե-Վեյմարը հետաքրքրվում է ռուսական ժողովրդական երգերով, Պուշկինը նրա համար տասնմեկ երգ թարգմանեց ֆրանսերեն։ Պուշկինի այդ աշխատանքն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, այն կատարված է անթերի։[65]
1836 թվականի ամռանը Պուշկինն ստեղծեց իր վերջին բանաստեղծական շարքը, որը գրելու վայրի (Կամեննայա կղզու ամառանոցի) անունով կոչվեց «կամեննոօստրովյան»։ Բանաստեղությունների շարքի ստույգ կազմը հայտնի չէ։ Հնարավոր է, որ դրանք նախատեսված էին «Սովրեմեննիկում» տպագրվելու համար, սակայն Պուշկինը հրաժարվեց դրանից՝ կանխատեսելով գրաքննության հետ հնարավոր խնդիրները։ Երեք ստեղծագործություն, որոնք անկասկած պատկանում են այդ շարքին, կապակցված են աստվածաշնչյան թեմայով։ «Отцы пустынники и жены непорочны», «Как с древа сорвался…» և «Мирской власти» բանաստեղծությունների միջանցիկ սյուժեն Մեծ պահքի շաբաթն է[66]։ Շարքի ևս մեկ բանաստեղծություն՝ «Из Пиндемонти», զուրկ է քրիստոնեական սիմվոլիկայից, սակայն շարունակում է սեփական անձի և շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվող անհատի պարտավորությունների, դավաճանության, ֆիզիկական և հոգևոր ազատության մասին պոետի մտորումները։ Վադիմ Ստարկի կարծիքով.
«Այս բանաստեղծության մեջ ձևակերպված է Պուշկինի՝ ողջ կյանքով ապրված ու տառապանքով ձեռք բերված իդեալական բանաստեղծական և մարդկային հավատամքը»:[67] |
Հավանական է՝ շարքում ընդգրկված են եղել նաև «Когда за городом задумчив я брожу», «Напрасно я бегу к Сионским воротам» բանաստեղծությունները և, վերջապես (որոշ հետազոտողների կողմից այս ենթադրությունը վիճարկվում է), «Памятник» («Я памятник воздвиг себе нерукотворный…») ստեղծագործությունը՝ որպես նախերգանք, կամ, այլ վարկածով, վերջաբան՝ Պուշկինի բանաստեղծական պատգամը։
Մոր մահից հետո կարողության բաժանման հարցով փեսայի հետ անվերջ բանակցությունները, հրատարակչության հետ կապված գործերը, պարտքերը և, ամենակարևորը, կնոջ՝ դիտավորյալ ակնհայտ դարձած սիրահետումը գվարդիական սպա Դանտեսի կողմից, որն արդեն բամբասանքների առիթ էր դարձել բարձրաշխարհիկ հասարակության շրջանակներում, 1836 թվականի աշնանը Պուշկինի ընկճված վիճակի պատճառը դարձան։ Նոյեմբերի 3-ին նրա ընկերներն[Ն 6] անանուն գրություններ ստացան՝ Նատալյա Նիկոլաևնայի հասցեին ուղղված վիրավորական ակնարկներով։ Պուշկինը, հաջորդ օրն իմանալով այդ նամակների մասին, համոզված էր, որ դա Դանտեսի և նրա հոգեհոր՝ Գեկերնի ձեռքի գործն է։ Նոյեմբերի 4-ի երեկոյան նա Դանտեսին մարտահրավեր նետեց։ Գեկերնը, Պուշկինի հետ երկու հանդիպումից հետո, կարողացավ երկու շաբաթով հետաձգել մենամարտը։ Բանաստեղծի ընկերների, և, ամենից առաջ Ժուկովսկու և Նատալյա Նիկոլաևնայի մորաքրոջ՝ Եկատերինա Զագրյաժսկայայի ջանքերի շնորհիվ, մենամարտը կանխվեց։ Նոյեմբերի 17-ին Դանտեսն առաջարկություն արեց Նատալյա Նիկոլաևնայի քրոջը՝ Եկատերինա Գոնչարովային։ Նույն օրը Պուշկինն իր մարտավկային՝ Վլադիմիր Սոլոգուբին, մենամարտից հրաժարվելու մասին նամակ ուղարկեց[68]։ Սակայն ամուսնությունը կոնֆլիկտը չհարթեց։ Դանտեսը, բարձր հասարակության մեջ Նատալյա Նիկոլաևնային հանդիպելով, հետապնդում էր նրան։ Լուրեր էին շրջանառվում, որ Դանտեսը Պուշկինայի քրոջ հետ ամուսնացել է Նատալյա Նիկոլաևնայի հեղինակությունը փրկելու համար։ Կոնստանտին Դանզասի վկայությամբ, կինը համոզում էր Պուշկինին ժամանակավորապես լքել Պետերբուրգը, սակայն վերջինս, «կորցնելով ինքնատիրապետումը, որոշեց այլ լուծում տալ»[69]։ 1837 թվականի հունվարի 26-ին Պուշկինը Լուի Գեկերնին «չափազանց վիրավորական նամակ ուղարկեց»[70]։
Այդ նամակի միակ պատասխանը կարող էր լինել միայն մենամարտի հրավերը, և Պուշկինը գիտեր դա։ Գեկերնից մենամարտի պաշտոնական հրավերը, Դանտեսի հավանությամբ, Պուշկինը ստացավ հենց նույն օրը՝ ֆրանսիական դեսպանության կցորդ վիկոնտ դ'Արշիակի միջոցով։ Քանի որ Գեկերնը օտար երկրի դեսպան էր, ինքն անձամբ չէր կարող մենամարտի դուրս գալ. դա կնշանակեր կարիերայի անհապաղ տապալում։
Մենամարտը տեղի ունեցավ հունվարի 27-ին, Սև գետակի ափին։ Պուշկինը վիրավորվեց. գնդակը ծակել էր կոնքոսկրը և ներթափանցել որովայն։ Այն ժամանակվա համար դա մահացու վերք էր։ Պուշկինն այդ մասին իմացավ պալատական բժիշկ Արենդտից, որը, զիջելով բանաստեղծի պնդումներին, չէր թաքցնում իրերի իրական վիճակը։
Մահից առաջ Պուշկինը, գործերը կարգի բերելով, նամակագրության մեջ էր կայսր Նիկոլայ I-ի հետ։ Նամակները փոխանցում էին երկու հոգի՝
Բանաստեղծը ներողություն խնդրեց մենամարտերի վերաբերյալ արքայական արգելքը խախտելու համար.
Բանաստեղծը ներողություն է խնդրում մենամարտի վերաբերյալ արքայական արգելքը խախտելու համար. |
Նիկոլայն ի դեմս Պուշկինի տեսնում էր «ազատամիտների վտանգավոր առաջնորդի» (այդ պատճառով սահմանափակվեցին հիշատակի ժողովրդական ելույթները) և արդյունքում վստահեցնում էր, որ ինքը «ստիպեց Պուշկինին մահանալ որպես քրիստոնյա», որը չէր համապատասխանում իրականությանը. դեռ նախքան կայսերական նամակն ստանալը, Պուշկինը, բժիշկներից տեղեկանալով, որ իր վերքը մահացու է, հաղորդություն ստանալու նպատակով քահանա հրավիրեց։ Հունվարի 29-ին (փետրվարի 10-ին), ժամը 14։ 45 Պուշկինը մահացավ որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ)։ Նիկոլայ I-ը կատարեց բանաստեղծին տված իր խոստումը։
Կայսեր հրահանգը.
Կնոջ ցանկությամբ Պուշկինին թաղեցին ոչ թե զինվորական համազգեստով, այլ ֆրակով[71]։ Հոգեհանգստի արարողությունը, որ նշանակված էր Իսահակովյան տաճարում, տեղափոխվեց Կոնյուշեննի եկեղեցի։ Արարողությունը տեղի ունեցավ ստվար բազմության ներկայությամբ. ներս էին թողնում միայն հրավիրատոմսերով։
Տեղ գտան նաև անհեթեթ հրահանգներ։ Ժողովրդին խաբեցին. ասացին, որ Պուշկինի հոգեհանգիստը տեղի կունենա Իսահակովյան տաճարում. այդպես էր նշված նաև հրավիրատոմսերում։ Այդուհանդերձ, աճյունը տնից դուրս բերեցին գիշերով, գաղտնի, և դրեցին Կոնյուշեննի եկեղեցում։ Համալսարանը խիստ հրահանգ ստացավ, որպեսզի դասախոսները չլքեն իրենց ամբիոնները, և ուսանողները ներկա լինեն դասախոսություններին։ Ես չկարողացա ինձ զսպել և այդ առթիվ դժգոհությունս հայտնեցի հոգաբարձուին։ Ռուսները չեն կարող սգալ իրենց համաքաղաքացու մահը, նրա, ով պատվել է իրենց իր գոյությամբ... - Ալեքսանդր Նիկիտենկոյի օրագրից[72] |
Այնուհետև դագաղն իջեցրին նկուղ, որտեղ այն մնաց մինչև փետրվարի 3-ը, մինչև Պսկով ուղարկելը։ Պուշկինի աճյունն ուղեկցում էր Ա. Ի. Տուրգենևը։ Պսկովի նահանգապետ Պեշչուրովին ուղղված նամակում Ա. Ն. Մորդվինովը, Բենկենդորֆի և կայսեր հանձնարարականով, ցուցում էր տվել արգելելու մասին «յուրաքանչյուր հատուկ արտահայտություն, հանդիպում, մի խոսքով, ցանկացած հանդիսավոր արարողություն, բացի այն, ինչ սովորաբար, ըստ մեր եկեղեցական սովորույթի, արվում է ազնվականի թաղման արարողության ժամանակ»[72]։ Ալեքսանդր Պուշկինին թաղեցին Պսկովի նահանգի Սվյատոգորյան միաբանության տարածքում։ 1841 թվականի օգոստոսին, Ն. Ն. Պուշկինայի կարգադրությամբ, գերեզմանի վրա տապանաքար կանգնեցվեց (ճարտարապետ՝ Ալեքսանդր Պերմագորով (1786–1854))[73]։
Պուշկինի չորս զավակներից միայն երկուսն են ժառանգներ թողել՝ Ալեքսանդրը և Նատալյան։ Բանաստեղծի հետնորդներն այժմ ապրում են տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Բելգիայում։ Նրանցից մոտ հիսունն ապրում են Ռուսաստանում, այդ թվում՝ Տատյանա Իվանովնա Լուկաշը, որի նախատատը՝ Պուշկինի թոռնուհին, ամուսնացած է եղել Գոգոլի եղբոր թոռան հետ։ Այժմ Տատյանան ապրում է Կլինում[74]։
Բանաստեղծի՝ արական գծով վերջին անմիջական հետնորդը՝ Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկինը, բնակվում է Բելգիայում[75]։
Ա․ Պուշկինի հասակը եղել է երկու արշին հինգուկես վերշոկ (չափվել է գեղանկարիչ Գրիգորի Չերնեցովի կողմից՝ 1832 թվականի ապրիլի 15-ին)[76]․ դա կազմում է 166, 7 սմ, որն այն ժամանակվա չափանիշներով տղամարդու համար քիչ չէր (Պուշկինի կնոջ հասակը 173 սմ էր)[77]։ Պուշկինի արտաքինի վերաբերյալ կան ժամանակակիցների տարբեր կարծիքներ։ Դրանք մեծ մասամբ կախված են նրա հանդեպ վերաբերմունքից։ Ընդհանուր առմամբ, Պուշկինին ոչ ոք գեղեցկադեմ չէր համարում, սակայն շատերը նշում էին, որ նրա դիմագծերը գեղեցկանում էին ոգեշնչման պահերին։ Վլադիմիր Յուզեֆովիչը հատուկ ուշադրություն է դարձրել Պուշկինի աչքերին, «որոնցում, թվում էր, արտացոլվում է բնության ողջ գեղեցկությունը»[78]։ Լ. Պ. Նիկոլսկայան, որ հանդիպել էր Պուշկինին Նիժնի Նովգորոդի նահանգապետի տանը, ճաշկերույթի ժամանակ, այսպես է բնութագրում բանաստեղծին.
Նրա թուխ դեմքը յուրահատուկ էր, բայց ոչ գեղեցիկ, լայն, բաց ճակատ, երկար քիթ, հաստ շրթունքներ, ընդհանրապես, անկանոն դիմագծեր։ Բայց ինչն էր նրա մոտ հոյակապ՝ կապույտ երանգով մուգ մոխրագույն, մեծ, պարզկա աչքերը։ Անհնար է հաղորդել այդ աչքերի արտահայտությունը. ինչ-որ այրող, բայց միևնույն ժամանակ՝ շոյիչ, հաճելի։ Ես երբևէ չեմ տեսել առավել արտահայտիչ դեմք. խելացի, բարի, եռանդուն։ Նա գեղեցիկ է խոսում. ա՜խ, որքա՜ն կյանք ու բանականություն կար նրա ոչ արհեստական խոսքում։ Իսկ ինքը որքա՜ն կենսուրախ էր, սիրալիր, սքանչելի։ Այդ գժուկը կարողանում էր դուր գալ... - [79] |
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը մեծ կամ մեծագույն ռուս բանաստեղծի համբավ ունի, մասնավորապես, նա այդպես է հիշատակվում «Կրուգոսվետ» (ռուս.՝ Кругосвет) հանրագիտարանում[10], «Ռուսական կենսագրական բառարանում» (ռուս.՝ Русский биографический словарь) և «Գրականագիտական հանրագիտարանում» (ռուս.՝ Литературная энциклопедия)։ Բանասիրության մեջ Պուշկինը դիտվում է որպես ժամանակակից ռուս գրական լեզվի հիմնադիր (տես, օրինակ, Վիկտոր Վինոգրադովի աշխատությունները), իսկ «Համառոտ գրականագիտական հանրագիտարանը» (ռուս.՝ Краткая литературная энциклопедия) (հոդվածի հեղինակ՝ Սերգեյ Ավերինցև) խոսում է նրա ստեղծագործությունների՝ չափանիշ լինելու մասին, ինչպես Դանթեի ստեղծագործությունները՝ Իտալիայում, կամ Գյոթեն՝ Գերմանիայում։ Դմիտրի Լիխաչովը Պուշկինի մասին արտահայտվել է, ինչպես ռուսների «մեծագույն ազգային սեփականության»[80]։
Դեռևս կենդանության օրոք բանաստեղծին կոչել են հանճար, այդ թվում և՝ տպագիր հայտարարություններում[81]։ 1820-ական թվականների կեսերից նա սկսեց համարվել «առաջին ռուս բանաստեղծ» (ոչ միայն ժամանակակիցների շրջանում, այլև՝ բոլոր ժամանակների ռուս բանաստեղծների), իսկ նրա անձի շուրջ ընթերցողի մոտ ձևավորվել էր իսկական պաշտամունքային վերաբերմունք։ Միևնույն ժամանակ, 1830-ական թվականներին («Պոլտավա» պոեմից հետո) տեղ գտավ նաև ընթերցող հասարակության մի մասի որոշակի սառնությունը Պուշկինի հանդեպ[49]։
«Մի քանի խոսք Պուշկինի մասին» հոդվածում (1830-ականներ) Նիկոյալ Գոգոլը գրել է, որ «Պուշկինը բացառիկ երևույթ է և, գուցե թե, ռուսական ոգու միակ դրսևորումը. դա ռուս մարդն է՝ իր զարգացման մեջ, որում նա, հնարավոր է, հայտնվի երկու հարյուր տարի անց»։ Քննադատ և արևմտամետ փիլիսոփա Վիսարիոն Բելինսկին նրան կոչել է «Ռուսաստանի առաջին բանաստեղծ-գեղանկարիչը»[80][82]։ Ֆեոդոր Դոստոևսկին նշել է, որ ««Օնեգինի»՝ իր այդ անմահ և անհասանելի պոեմի մեջ, Պուշկինն ի հայտ է եկել որպես մեծագույն ժողովրդական բանաստեղծ, ինչպիսին մինչ նա ոչ ոք և երբեք չէր եղել» և խոսել է «նրա հանճարի համաշխարհայնության և համամարդկայնության» մասին[80]։
Ամենաբովանդակալից բնութագիրը տվել է Ապոլլոն Գրիգորևը (1859)՝ «Իսկ Պուշկինը մեր ամեն ինչն է»[83]։
Պուշկինի իմաստավորումը ռուսական արվեստում ընթացել է երկու ուղղությամբ՝ գեղարվեստա-փիլիսոփայական, էսսեիստական, որի հիմնադիրներն էին Նիկոլայ Գոգոլը և Ապոլլոն Գրիգորևը (այս շարքում են շատ ռուս գրողներ՝ ներառյալ Ֆյոդոր Դոստոևսկին, Մարինա Ցվետաևան, Ալեքսանդր Սոլժենիցինը և այլք), և գիտական պատմա-կենսագրական՝ հիմնված Պավել Աննենկովի և Պյոտր Բարտենևի կողմից։ Ռուսաստանում գիտական պուշկինաբանության ծաղկումը 20-րդ դարի սկզբին կապված է 1905 թվականին Պուշկինի տան, 1908 թվականին Պուշկինյան սեմինարիայի ստեղծման, Պուշկինի մասին սերիական հրապարակումների ի հայտ գալու հետ։ Խորհրդային շրջանում, Պուշկինի գաղափարախոսության ուսումնասիրման սահմանափակումների պայմաններում, մեծ տարածում ստացավ պուշկինյան տեքստաբանությունն ու ոճի ուսումնասիրությունը։ Մի շարք կարևոր ձեռքբերումներ կապված են արտերկրում, այդ թվում և՝ ռուսական էմիգրացիայի շարքերում ծավալված պուշկինաբանության հետ (Լեհաստան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն)։
«Վաթսունական»-հրապարակախոս և գրաքննադատ Դմիտրի Պիսարևը հերքել է Պուշկինի ստեղծագործության նշանակությունը ժամանակակից կյանքի վրա. «Պուշկինն օգտագործում է իր գեղարվեստական վարպետությունը, որպես ողջ ընթերցող Ռուսաստանն իր ներքին դատարկության տխուր գաղտնիքներին, իր հոգեկան թշվառությանն ու մտավոր անկարողությանը հաղորդակից դարձնելու միջոց»[84]։ Նույն դիրքորոշումն ունեին նաև 1860-ականների շատ նիհիլիստներ, այնպիսիք, ինչպիսիք էին Մաքսիմ Անտոնովիչը և Վարֆոլոմեյ Զայցևը։
Վլադիմիր Մայակովսկին, Դավիդ Բուրլյուկը, Վելիմիր Խլեբնիկովը, Ալեքսեյ Կրուչոնիխը, Բենեդիկտ Լիվշիցը ֆուտուրիստների 1912 թվականի «Ապտակ հասարակական ճաշակին» հրովարտակում կոչ էին անում «Պուշկինին, մի շարք այլ դասականների հետ, դուրս նետել ժամանակի նավից»[85]։ Հրովարտակում այնուհետև ասվում էր. «Ով չի ուզում մոռանալ իր առաջին սերը, չի ճանաչի վերջինը» (Պուշկինի մահվան առթիվ Տյուտչևի «Тебя, как первую любовь, России сердце не забудет» խոսքերի շրջասությունը)։ Միևնույն ժամանակ Պուշկինի ստեղծագործությանը բարձրագույն գնահատական են տվել Ինոկենտի Անենսկին, Աննա Ախմատովան, Մարինա Ցվետաևան, Ալեքսանդր Բլոկը։
Մի շարք ուսումնասիրողների կարծիքով, 1937 թվականից ԽՍՀՄ-ում պաշտոնական գաղափարախոսության մեջ արմատավորվում էր «Պուշկինի պաշտամունքը»[86][87]. «Պուշկինի պաշտամունքը վերածվում էր ստալինյան պաշտամունքի մասի»[88]։ Կարծիք կա նաև, որ «Պուշկինի կոմունիստական պաշտամունքը կառուցվում էր նույն սխեմայով, ինչ Լենինինն ու Ստալինինը»[89]։
Պուշկինի երկերի հետմահու առաջին հրատարակությունը (1838) ութ հատորով, լույս տեսած հօգուտ ժառանգների, ընդգրկում էր լոկ այն ստեղծագործությունները, որոնք հրապարակվել էին բանաստեղծի կենդանության օրոք։ Հրատարակությունը գտնվում էր «Ժողովրդական լուսավորության նախարարի հատուկ ուշադրության ներքո», որի իրավասության սահմաններում էլ գտնվում էր գրաքննությունը[90]։ Ըստ Սերգեյ Սոբոլևսկու արձագանքի՝ այն «վատ է ստացվել՝ Ատրեշկովի մեղքով»[Ն 7][91]։ Թույլ են տրվել բազմաթիվ վրիպակներ, բացթողումներ, Պուշկինի տեքստերի խեղաթյուրումներ, հրատարակությունը թերի էր նույնիսկ հայտարարված ծավալով։ 1841 թվականին լույս տեսան լրացուցիչ 3 հատորները (9–11)։ 1846 թվականի սկզբին երկերի այս ժողովածուն ամբողջությամբ վաճառվեց։
Երկերի նոր ժողովածուն նախատեսվում էր լոկ որպես 1838–1841 թվականների հրատարակության կրկնություն։ Սակայն պլանները չիրականացան։ 1849-1850 ձմռանը բանաստեղծի այրին, այդ ժամանակ արդեն ամուսնացած Լանսկու հետ, նոր հրատարակության առթիվ դիմեց Պավել Աննենկովի խորհրդին։ Աննենկովը, որը տնօրինում էր Լանսկայայի մոտ գտնվող Պուշկինի բոլոր ձեռագրերը, սկզբում չէր համարձակվում հանձն առնել նման լուրջ նախաձեռնությունը։ Նրան, ծանոթանալով բոլոր փաստաթղթերին, համոզեցին եղբայրները՝ Իվանը և Ֆյոդորը[Ն 8]։ 1851 թվականի մայիսի 21-ին Լանսկայան պայմանագրով Ի. Վ. Աննենկովին փոխանցեց հրատարակության իրավունքը։ Պ. Աննենկովի եղբայրները պնդեցին, որպեսզի Պավելն այդ գործն իր ձեռքը վերցնի։ Պ. Աննենկովը նաև որոշում կայացրեց գրելու բանաստեղծի կենսագրությունը[92][93]։ Դոբրոլյուբովն այսպես արձագանքեց Պուշկինի երկերի ժողովածուի 1855-1857 թվականների հրատարակությանը. «Ռուսներն արդեն վաղուց անհամբեր սպասում էին երկերի այս նոր հրատարակությանը, որն արժանի է նրա հիշատակին, և Աննենկովի նախաձեռնությունն ընդունեցին հիացմունքով ու երախտագիտությամբ»[94]։ Չնայած գրաքննության բոլոր խոչընդոտներին, Աննենկովը կյանքի կոչեց Պուշկինի ստեղծագործությունների քննադատորեն նախապատրաստված առաջին ժողովածուն[93]։ Աննենկովի հրատարակությունը, լրացումներով և փոփոխություններով, երկու անգամ կրկնվեց Գրիգորի Գեննադիի կողմից (1859–1860, 1869–1871)։
1887 թվականից հետո, երբ սպառվեց Պուշկինի ստեղծագործությունների հանդեպ նրա ժառանգների իրավասության ժամկետը, հայտնվեցին զանազան մատչելի հրատարակություններ, որոնք, սակայն, գիտական արժեք չէին ներկայացնում։ 20-րդ դարի սկզբին լույս տեսած ժողովածուներից ամենաամբողջականը Պյոտր Մորոզովի կողմից խմբագրվածն էր (1903–1906)[95]։
Պուշկինի երկերի լիակատար ակադեմիական ժողովածուն՝ 16 հատորով, նախատեսվում էր լույս ընծայել բանաստեղծի մահվան 100-ամյակի առթիվ՝ 1937 թվականին, սակայն, օբյեկտիվ պատճառներով, այդ աշխատանքը ձգձգվեց երկար տարիներ։ Այդ հրատարակությունը միավորեց ժամանակի բոլոր հայտնի գիտնական-պուշկինիստների աշխատանքները։ 16 հատորով երկերի ժողովածուն առայսօր մնում է Պուշկինի ստեղծագործությունների ամենաամբողջական հավաքածուն. գիտական գրականության մեջ, պուշկինյան տեքստերի մեջբերման համար, ընդունված է հղել հենց այդ հրատարակությանը։ Տեքստաբանական հետազոտությունների պլանում այդ ժողովածուն կողմնորոշիչ է դարձել ռուս գրողների այլ ակադեմիական հրատարակությունների համար[96]։ Այնուամենայնիվ, այդ «ամբողջական» հրատարակության մեջ տեղ չեն գտել Պուշկինի նկարներով հատորները և «Պուշկինի ձեռքով» ժողովածուն կազմող տեքստերը։ Գրաքննության նկատառումներով, չհրապարակվեց «Բարկովի ստվերը» բալլադը։ Պուշկինյան տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, որոնք, ըստ իշխանությունների, խոչընդոտում էին հրատարակությանը, բաց թողնվեցին. դա տասնվեցհատորյակի ամենագլխավոր թերություններից մեկն է[97][98]։
1926 և 1928 թվականներին լույս տեսան Պուշկինի նամակների երկու հատորները (1815-1830)՝ հրատարակված Բորիս Մոդզալևսկու կողմից։ Երրորդ հատորը (1935, 1831-1833 թվականների նամակները), արդեն Մոդզալևսկու մահից հետո, տպագրության նախապատրաստեց նրա որդին։ Նամակների երեքհատորյակի արժեքը կայանում է պուշկինյան ուղղագրության և կետադրության պահպանման մեջ։ Նամակների ընդարձակ մեկնաբանությունն իրենից ներկայացնում է Պուշկինի և, ընդհանրապես, պուշկինյան դարաշրջանի կյանքի մի ամբողջական հանրագիտարան։ Այդ հրատարակության թերություններից է տեքստերից ոչ նորմատիվ բառապաշարի հեռացումը։ 1969 թվականի հրատարակությունը՝ «Ա. Ս. Պուշկին. վերջին տարիների նամակներ» (ընդհանուր խմբագրությունը՝ Նիկոլայ Իզմայլովի) հեղինակային ուղղագրությունն ու կետադրությունը չի վերարտադրում։ Մինչև այժմ Պուշկինի նամակների միակ՝ առանց կրճատումների հրատարակությունը Վլադիմիր Սաիտովի խմբագրությամբ լույս տեսած «Նամակագրությունն» է՝ երեք հատորով (Գիտությունների կայսերական ակադեմիա, 1906–1911)[99]։ «Նամակագրությունը» լույս տեսավ փոքր տպաքանակով և տարածվեց բացառապես ակադեմիայի անդամների շրջանում։ 2013 թվականին «Слово» հրատարակչությունն իրականացրեց «Նամակագրության» կրկնակի հրատարակությունը[100]։
Ռուսաստանի և աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված են Պուշկինի բազմաթիվ հուշարձաններ։ Բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը նվիրված թանգարաններ կան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պուշկինոգորյան շրջանում, Նովգորոդում, Տորժկայում, Կիևում, Քիշնևում, Օդեսայում, Վիլնյուսում, Բրոդզյանայում (Սլովակիա) և այլ քաղաքներում։ Պուշկինի անունով են անվանակոչվել նախկին Ցարսկոյե Սելոն և մի շարք այլ բնակավայրեր։
Պուշկինի բանաստեղծությունների վրա բազմաթիվ կոմպոզիտորներ գրել են երաժշտություն։
Պուշկինի կերպարը գրականությունում և կինոյում
Ա. Ս. Պուշկինը դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հերոս, որոշները ավելի կամ պակաս ճշգրտությամբ արտացոլում են նրա կենսագրությունը (օրինակ, Յուրի Տինյանովի «Պուշկին» վեպը), իսկ մնացածը իրենց առջև դնում են կենսագրական նպատակներ։
Մ. Յ. Լերմոնտովը Պուշկինի մահվան համար արտահայտվել է «Բանաստեղծի մահը» բանաստեղծությամբ, իսկ Միրզա Ախունդովը՝ «Պուշկինի մահվան արևելյան պոեմով»։ Պուշկինի անձնական կերպարի ընկալմանը և ստեղծագործական կյանքին նվիրված է Մարինա Ցվետաևայի «Իմ Պուշկինը» ակնարկը։
Գրոտեսկային ոճում Պուշկինի կերպարը ներկայացված է Դանիել Խարմսի ստեղծագործություններում։ Պուշկինի ստեղծագործական կյանքի մասին կան պոտմոդեռնիզմիստեղծագործություններում, մասնավորապես, Իոսիֆ Բրոդսկու և Տիմուր Կիբիրովի մի շարք բանաստեղծություններում։
Բանաստեղծի ողբերգական ճակատագրին է նվիրված Միխայիլ Բուլգակովի «Ալեքսանդր Պուշկին» պիեսը։
Պուշկինի կյանքի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր.
Յուրօրինակ մեկնաբանություն ըստ բանաստեղծի նկարների և տեքստերի ստեղծել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Անդրեյ Խրժանովսկին, որը կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի համագործակցությամբ ստեղծել է եռերգություն.
2003 թվականին նկարահանվել է Պինեժսկի Պուշկին անիմացիոն ֆիլմը Բորիս Շերգինի համանուն պատմվածքի հիման վրա։
Կինոյում տարբեր ժամանակներում բանաստեղծի կերպարը կերտել են դերասաններ.
Նաև Պուշկինի կերպարը օգտագործվել է Պուշկին հեռուստասերիալում, որտեղ, ի դեպ, հենց Ալեքսանդր Սերգեևիչին ուղղակի ցույց չեն տալիս, բայց այս դեպքում, ըստ սյուժեի նկարահանվում է ֆիլմ նրա կյանքի մասին։ Էկրանին երկու մարդկանց կերպարը, ովքեր տարբեր պատճառներով մտել են Ալեքսանդր Պուշկինի դերի մեջ, խաղաց Ալեքսանդր Մոլոչնիկովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.