From Wikipedia, the free encyclopedia
Մարինա Իվանովնա Ցվետաևա (ռուս.՝ Марина Ивановна Цветаева , հոկտեմբերի 8, 1892[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][5][2][…] - օգոստոսի 31, 1941[4][6][5][…], Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5][7]), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը[9]։
Մարինա Ցվետաևա ռուս.՝ Марина Ивановна Цветаева | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][5][2][…] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1941[4][6][5][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5][7] |
Գերեզման | Ելաբուգա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, օրագրի հեղինակ, արձակագիր և թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1908-1941 |
Ժանրեր | պոեզիա և հուշագրություն |
Ամուսին | Սերգեյ Էֆրոն[8][5] |
Համատեղ ապրող | Սոֆյա Պարնոկ |
Զավակներ | Արիադնա Էֆրոն, Gueorgui Serguéievich Efrón? և անհայտ |
Մարինա Ցվետաևա Վիքիքաղվածքում | |
Marina Tsvetaeva Վիքիպահեստում |
Մարինա Ցվետաևան ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8) Մոսկվայում, հենց այն օրը, երբ ուղղափառ եկեղեցին տոնում է Հովհաննես առաքյալի հիշատակությունը։ Այս համընկնումը տեղ է գտել բանաստեղծուհու մի քանի ստեղծագործություններում։ Օրինակ՝ 1916 թվականին գրված բանաստեղծության մեջ.
Красною кистью
Рябина зажглась.
Падали листья,
Я родилась.
Спорили сотни
Колоколов.
День был субботний:
Иоанн Богослов.
Հայրը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բանասեր և արվեստաբան Իվան Ցվետաևը, հետագայում դարձել է Ռումյանցևի թանգարանի տնօրեն, հիմնել Կերպարվեստի թանգարան։ Մայրը՝ Մարիա Մեյնը (ծագումով լեհ-գերմանացու ընտանիքից), դաշնակահարուհի էր, եղել է Նիկոլայ Ռուբենշտեյնի աշակերտուհին։ Մայրական կողմից տատիկը՝ Մարիա Լուկինի Բեռնացկայան, լեհ էր։
Մարինան սկսել է բանաստեղծություն գրել դեռ 6 տարեկան հասակից, ոչ միայն ռուսերեն, այլև ֆրանսերեն ու գերմաներեն։ Նրա բնավորության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրը, ով երազում էր, որ աղջիկը երաժիշտ դառնա։
Մանկության տարիներն անցել են Մոսկվայում և Տարուսայում։ Մոր հիվանդության պատճառով երկար տարիներ ապրել է Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում։ Նախնական կրթությունը ստացել Մոսկվայում՝ Բրյուխոնենկոյի անվան իգական մասնավոր գիմնազիայում, կրթությունը շարունակել է Լոզանում (Շվեյցարիա) և Ֆրայբուրգում (Գերմանիա)։ 16 տարեկանում նախաձեռնեց այցելություն Փարիզ, որպեսզի Սորբոնի համալսարանում ֆրանսիական հին գրականությանը նվիրված դասախոսություններ ունկնդրի։
1906 թվականին՝ մոր մահից հետո (տուբերկուլյոզ), Մարինան քրոջ՝ Անաստասիայի, արյունակից եղբոր՝ Անդրեյի և քրոջ՝ Վալերիայի հետ մնաց հոր խնամքի ներքո, ով ծանոթացնում էր երեխաներին ազգային ու արտասահմանյան դասական գրականությանը և արվեստին։ Իվան Վլադիմիրովիչը խրախուսում էր եվրոպական լեզուների ուսումնասիրությունը և հետևում, որ երեխաները հիմնավոր կրթություն ստանան։
1910 թվականին Մարինան սեփական միջոցներով հրատարակեց բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Իրիկնային ալբոմ»-ը, որը հիմնականում ներառում էր նրա դպրոցական տարիների ստեղծագործությունները։ Ժողովածուն նվիրված է Մարիա Բաշկիրցևայի հիշատակին, որը ընդգծում է նրա «օրագրային» ուղղվածությունը։ Նրա ստեղծագործությունը գրավեց այնպիսի ճանաչված գրողների ուշադրությունը, ինչպիսիք են Վալերի Բրյուսովը, Մաքսիմիլիան Վոլոշինը և Նիկոլայ Գումիլյովը։ Այդ նույն տարում Ցվետաևան գրեց իր առաջին քննադատական հոդվածը՝ «Կախարդանքը Բրյուսովի բանաստեղծություններում»։ Երկու տարի անց լույս տեսավ երկրորդ ժողովածուն՝ «Կախարդական լապտեր»-ը։
Ցվետաևայի ստեղծագործության սկզբնական շրջանը կապված է մոսկովյան սիմվոլիստների խմբի հետ։ Բրյուսովի և բանաստեղծ Էլլիսի հետ ծանոթությունից հետո (իսկական անունը՝ Լև Կոբիլինսկի) Ցվետաևան անդամակցում է ակումբներին և ստուդիաներին «Մուսագետ» հրատարակչության գործունեության ժամանակաշրջանում։
Մարինայի վաղ շրջանի երկերի վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլայ Նեկրասովը, Վալերի Բրյուսովը և Մաքսիմիլիան Վոլոշինը (բանաստեղծուհին հյուրընկալվել է Վոլոշինի տանը Կոկտեբելում 1911, 1913, 1915 և 1917 թվականներին)։
1911 թվականին Մարինան ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի հետ, 1912 թվականի հունվարին նրանք ամուսնանում են։ Նույն թվականի սեպտեմբերին ծնվում է նրանց առաջնեկը՝ Արիադնան (Ալյա)։
1914 թվականին Մարինան ծանոթանում է բանաստեղծուհի և թարգմանչուհի Սոֆյա Պառնոկի հետ, նրանց ռոմանտիկ հարաբերությունները շարունակվում են մինչև 1916 թվականըː Ցվետաևան Պառնոկին է նվիրել «Ընկերուհի» բանաստեղծությունների շարքը։ Նրանք բաժանվեցին 1916 թվականին, Մարինան վերադարձավ ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի մոտː Հետագայում Պառնոկի հետ հարաբերությունները նա անվանեց «իր կյանքում տեղի ունեցած առաջին աղետը»։ Այս ամենը ամփոփելով՝ 1921 թվականին Ցվետաևան գրում է։
1917 թվականին Ցվետաևան ունեցավ աղջիկ՝ Իրինային, ով Կունցևոյի մանկատանը 3 տարեկան հասակում մահացավ սովից։
Քաղաքացիական պատերազմի տարիները Մարինայի համար ամենածանրն էին։ Սերգեյ Էֆրոնը ծառայում էր սպիտակ բանակի շարքերում։ Մարինան ապրում էր Մոսկվայում։ Այդ տարիներին գրվեց բանաստեղծությունների «Կարապնային իրան» շարքը, որտեղ արտացոլվել է նրա համակրանքը սպիտակների նկատմամբ։
1918—1919 թվականներին Մարինան գրում է ռոմանտիկ պիեսներ, պոեմներ՝ «Եգորուշկա», «Օրիորդ թագավորը», «Կարմիր ձիու վրա»։ 1920 թվականի ապրիլին Մարինան ծանոթանում է իշխան Սերգեյ Վոլկոնսկու հետ։
1922 թվականին Ցվետաևային թույլատրում են աղջկա հետ մեկնել երկրից՝ ամուսնու մոտ, նա սպիտակգվարդիական սպա էր և Դենիկինի պարտությունից հետո այդ ժամանակ Պրահայի համալսարանի ուսանող էր։ Սկզբում Ցվետաևան աղջկա հետ երեք տարի ապրում է Բեռլինում, հետագայում՝ երեք տարի Պրահայի ծայրամասում։ Չեխիայում են գրվել հայտնի «Լեռան պոեմ» և «Պոեմ վերջի մասին» ստեղծագործությունները՝ նվիրված Կոնստանտին Ռոզդևիչին։ 1925 թվականին որդու՝ Գեորգիի ծնունդից հետո տեղափոխվում են Փարիզ։ Ամուսնու շուրջը ստեղծված մթնոլորտը ազդում է Ցվետաևայի վրա։ Էֆրոնին մեղադրում են, որ նա հավաքագրվել է ՆԿՎԴ-ի կողմից և մասնակցել է Տրոցկու որդու՝ Լև Սեդովի դեմ դավադրությանը։
1926 թվականին Բորիս Պաստեռնակի նախաձեռնությամբ նամակագրական կապ է հաստատել ավստրիացի պոետ Ռայներ Մարիա Ռիլկեի հետ, ով այդ ժամանակ ապրում էր Շվեյցարիայում։
Արտագաղթի ամբողջ ընթացքում Ցվետաևայի ու Պաստեռնակի միջև նամակագրական կապը չի դադարում։
Արտագաղթի ժամանակ Ցվետաևայի գրած ստեղծագործությունները հիմնականում մնացել են անտիպ։ 1928 թվականին Փարիզում հրատարակվում է Ցվետաևայի վերջին՝ «Ռուսաստանից հետո» ժողովածուն, որը ներառում էր 1922—1925 թվականներին գրված բանաստեղծությունները։ Հետագայում այս մասին Ցվետաևան գրում է. «Իմ անհաջողությունները արտագաղթի ժամանակաշրջանում այն էր, որ ես գաղթական չեմ, որ ես հոգով, շնչով այնտեղ եմ, այնտեղ… »
1930 թվականին գրում է «Մայակովսկուն» բանաստեղծական շարքը՝ նվիրված ռուս գրող Վլադիմիր Մայակովսկունուն, ում ինքնասպանությունը ցնցել էր բանաստեղծուհուն։
Ի տարբերություն բանաստեղծությունների, որոնք արտագաղթի ընթացքում ճանաչում չունեցան, հաջողություն են ունենում արձակ ստեղծագործությունները, որը 1830-ական թվականներին գերակշռում էին Ցվետաևայի գրական կյանքում («Արտագաղթն ինձ արձակագիր է դարձնում…»)։ Այդ ընթացքում հրատարակվում են «Իմ Պուշկինը» (1937), «Երաժշտություն և մայր» (1935), «Տունը Հին Պիմենի մոտ» (1934), «Պատմություն Սոնեչկայի մասին» (1938), հիշողություններ Մաքսիմիլիան Վոլոշինի («Ապրողը ապրողի մասին» (1933), Միխայիլ Կուզմինի («Երեկո», (1936), Անդրեյ Բելիի մասին («Գերված ոգին», 1934) և այլն։
1930 թվականից Ցվետաևան իր ողջ ընտանիքով համարյա աղքատության մեջ էր ապրում։ Ֆինանսապես նրան որոշ չափով օգնում էր Սալոմեա Անդրոնիկովան։
Առաջինը 1937 թվականի մարտի 15-ին Մոսկվա է վերադառնում Արիադնան, ընտանիքից առաջինը նա է իրավունք ստանում վերադառնալու։ Նույն թվականի հոկտեմբերի տասին Ֆրանսիայից փախչում է Էֆրոնը, ով, ինչպես պարզվում է, խառնված է լինում պատվիրված քաղաքական սպանության մեջ։
1939 թվականին Ցվետաևան ամուսնու և աղջկանից հետո վերադարձավ ԽՍՀՄ և ապրում էր Բոլշևոյում։ Օգոստոսի 27-ին ձերբակալեցին Արիադնային, հոկտեմբերի 10-ին՝ Էֆրոնին։ 1941 թվականի հոկտեմբերի 14-ին Ալեքսանդր Յակովլևիչը գնդակահարվեց Լուբյանկում, Արիադնան 15 տարվա ձերբակալությունից և աքսորից հետո արդարացվեց 1955 թվականին։ Երբ Հայրենական մեծ պատերազմն սկսվեց, Ցվետաևան զբաղված էր Ֆեդերիկո Գարսիա Լորկայի թարգմանությամբ։ Աշխատանքը դադարեցվեց։ Օգոստոսի 8-ին Ցվետաևան որդու հետ շոգենավով տարհանվեց, օգոստոսի 18-ին մի քանի այլ գրողների հետ ժամանեց Ելաբուգա։ Չիստոպոլում, որտեղ հիմնականում գտնվում էին տարհանված գրականագետները, Ցվետաևան գրանցման թույլտվություն ստացավ և դիմում գրեց գրական ֆոնդի խորհրդին. «Խնդրում եմ ինձ աշխատանքի ընդունել գրական ֆոնդի նորաբաց ճաշարանում որպես ամաններ լվացող։ 1941 թվական, օգոստոսի 26»։ Օգոստոսի 28-ին նա վերադարձավ Ելաբուգա, որպեսզի տեղափոխվի Չիստոպոլ։
1941 թվականի օգոստոսի 31-ին Ցվետաևան ինքնասպանություն գործեց (կախվեց) Բրոդելշչիկովների տանը, որտեղ որդու հետ միասին տարահանվել էր։ Ինքնասպանությունից առաջ պատրաստել է 3 գրություն. նրանց, ովքեր պետք է հուղարկավորեին իրեն՝ «տարհանվածներին», Ասեևներին և որդուն։ «Տարհանվածներին» հասցեագրված գրության բնօրինակը չի պահպանվել (որպես իրեղեն ապացույց բռնագրավվել է միլիցիայի կողմից և անհետացել), բովանդակությունը հայտնի է Գեորգի Էֆրոնի արած նշումներից։
Որդուն ուղղված գրությունը.
Մուռլիգա։ Ներիր ինձ, բայց հետո ավելի վատ կլիներ։ Ես ծանր հիվանդ եմ, սա արդեն ես չեմ։ Խենթի պես սիրում եմ քեզ։ Հասկացիր, որ ես այլևս չէի կարող ապրել։ Փոխանցիր հայրիկին և Ալյային, եթե տեսնես, որ սիրել եմ նրանց մինչև վերջին վայրկյանը, և բացատրի, որ հայտնվել եմ փակուղիում։
Ասեևներին ուղղված գրությունը.
Թանկագին Նիկոլայ Նիկոլաևիչ։ Թանկագին Սինյակովա քույրեր։ Աղաչում եմ վերցնել Մուռին ձեզ մոտ Չիստոպոլ, որդու նման ընդունեք նրան, ու թող նա սովորի։ Ես նրա համար այլևս ոչինչ չեմ կարողանում անել, և միայն կործանում եմ։ Պայուսակումս 450 ռուբլի կա, և վաճառեք իմ բոլոր ապրանքները։ Արկղում մի քանի բանաստեղծությունների ձեռագիր գրքեր կան, արձակ ստեղծագործություններ։ Ձեզ եմ հանձնում։ Պահպանեք իմ Մուռին, նա շատ փխրուն առողջություն ունի։ Սիրեք ինչպես ձեր որդու, նա արժանի է։ Իսկ ինձ՝ ներե՛ք։ Չդիմացա։ ՄՑ։ Չլքեք նրան երբեք։ Երջանիկ կլինեի, եթե ապրեր ձեզ հետ։ Եթե հեռանաք տարեք նրան ձեզ հետ։ Չլքե՛ք։
Գրություն՝ ուղղված «տարհանվածներին».
Թանկագին ընկերներ։ Մենակ մի թողեք Մուռին, աղաչում եմ ձեզնից նրան, ով կարող է նրան Չեստոպոլ տանել, Ասեևների մոտ։ Շոգենավերը սարսափելի են, նրան մենակ մի ուղարկեք։ Օգնեք նրան ուղեբեռի հետ կապված՝ հավաքել և ուղարկել։ Չիստոպոլում հույս ունեմ կվաճառվեն իմ իրերը։ Ես ուզում եմ, որ իմ Մուռն ապրի և սովորի։ Ասեևների հասցեն նամակի վրա է։ Ողջ-ողջ չթաղեք, լավ ստուգեք։
Մարինա Ցվետաևան թաղվել է 1941 թվականի սեպտեմբերի երկուսին Ելաբուգայի Պետրոպավլովյան գերեզմանատանը։ Գերեզմանի գտնվելու ճշգրիտ վայրը անհայտ է։ Գերեզմանատան հարավային մասում՝ քարե պարսպի մոտ, Ցվետաևայի քույրը 1960 թվականին տեղադրեց խաչ հետևյալ գրությամբ․ «Գերեզմանատան այս հատվածում է հանգչում Մարինա Ցվետաևան»։ 1970 թվականին այդ նույն տեղում կառուցվեց գրանիտե շիրմաքար։ Արդեն իննսուն տարեկան հասակում Ցվետաևայի քույրը՝ Անաստասիա Ցվետաևան հաստատեց, որ քույրը հենց այդ նույն տեղում է թաղված, որտեղ և գտնվում է շիրմաքարը, իսկ մնացած բոլոր խոսակցությունները մտացածին են։ 2000 թվականին Թաթարստանի գրողների միության կողմից շիրմաքարը հաստատվում է, որպես «Մարինա Ցվետաևայի պաշտոնական գերեզման»։ Չնայած մինչև այժմ էլ կա գերեզմանի գտնվելու վայրի հետ կապված երկու տարբերակ՝ «չուրբանովյան» և «մատվեևյան», և գրականագետների մոտ մինչև հիմա էլ ապացուցողական տեսակետ չկա։
Ցվետաևայի պոեզիան էվոլյուցիա է ապրել՝ երգային, պարզ, դասական ձևերից անցնելով ավելի արտահայտիչ, սրընթաց և ռիթմական առումով ճկուն ձևերի։
Նրա քնարերգությունը (հատկապես 1930-ական թթ․) բնորոշվում է վառ, անակնկալ փոխաբերություններով, յուրաքանչյուր բառը ծայրաստիճան հագեցած է իմաստով ու հույզով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.