![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Nietzsche187a.jpg/640px-Nietzsche187a.jpg&w=640&q=50)
Ֆրիդրիխ Նիցշե
գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (գերմաներեն՝ Friedrich Wilhelm Nietzsche, հոկտեմբերի 15, 1844(1844-10-15)[2][3][4][…], Ռյոքեն, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն[1] - օգոստոսի 25, 1900(1900-08-25)[2][3][4][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր, ինչպես նաև լատիներենի և հունարենի գիտակ, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա[13][14][15][16]։ Նախքան դասական փիլիսոփայությամբ տարվելը Նիցշեն զբաղվում է բանասիրությամբ. 1869 թվականին՝ 24 տարեկան հասակում, նա գլխավորում է Բազելի համալսարանի դասական բանասիրության ամբիոնը՝ դառնալով համալսարանի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարը[17]։ 1879 թվականին ստիպված լքում է պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, որոնք կհետապնդեն նրան ողջ կյանքի ընթացքում։ Հաջորդ տասնամյակը Նիցշեն նվիրում է իր ամենանշանակալից աշխատանքների ստեղծմանը[18]։ 1889 թվականին՝ 44 տարեկան հասակում, Նիցշեի մոտ տեղի է ունենում մտավոր ունակությունների վատթարացում, ապա՝ կատարյալ անկում[19]։ Ողջ մնացած կյանքը ապրում է մոր խնամակալության ներքո, մինչև վերջինիս մահը 1897 թվականին, ապա՝ քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի, մինչև իր սեփական մահը 1900 թվականին[20]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/%D5%96._%D5%86%D5%AB%D6%81%D5%B7%D5%A7_%D5%A5%D6%82_%D5%B6%D6%80%D5%A1_%D6%83%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D6%85%D6%83%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%A8.jpg/640px-%D5%96._%D5%86%D5%AB%D6%81%D5%B7%D5%A7_%D5%A5%D6%82_%D5%B6%D6%80%D5%A1_%D6%83%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D6%85%D6%83%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%A8.jpg)
Նիցշեի սկզբնական շրջանի աշխատանքները, որոնք գլխավորապես վերաբերում են արվեստին, բանասիրությանը, պատմությանը, կրոնին, ողբերգությանը, մշակույթին և գիտությանը, մեծապես ներշնչված են այնպիսի մեծն գործիչներից, ինչպիսիք են՝ Շոպենհաուերը, Վագները և Գյոթեն, և ներառում են փիլիսոփայական բանակռիվ, պոեզիա, մշակութային քննադատություն և արձակ՝ ցուցադրելով նրա սերը աֆորիզմների և երգիծանքի նկատմամբ[21]։ Նիցշեի փիլիսոփայության կարևորագույն տարրերից են՝ ճշմարտության քննադատությունը՝ հօգուտ պերսպեկտիվիզմի, կրոնի և քրիստոնեական բարոյականության ծագումնաբանական իր վերլուծությունը և դրանից սերող տերերի և ստրուկների բարոյականությունը[13][22], Աստծո մահվանն ի պատասխան՝ գոյության գեղագիտական հաստատումը և նիհիլիզմի խորը ճգնաժամը[13], ապոլոնյանի և դիոնիսյանի իր գաղափարը, մարդու՝ որպես մրցող կամքերի սուբյեկտի իր բնորոշումը, որը հավաքականորեն բնորոշվում է որպես կամք առ իշխանություն[23]։ Նիցշեն նաև մշակում է այնպիսի ազդեցիկ հասկացություններ, ինչպիսիք են՝ գերմարդու տեսությունը և հավերժական վերադարձի ուսմունքը[24][25]։ Ավելի ուշ շրջանի աշխատանքներում Նիցշեին ավելի ու ավելի են գրավում առողջ գեղագիտությունը և անհատի ստեղծարար ուժը՝ վերարժևորման ճանապարհին հասարակական, մշակութային և բարոյական նորմերի հաղթահարման գործում[16]։
Նիցշեի մահից հետո Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեն դառնում է եղբոր ձեռագրերի համակարգողն ու խմբագիրը՝ վերափոխելով Նիցշեի անտիպ աշխատությունները՝ ծառայեցնելու դրանք սեփական գերմանական նացիոնալիստական գաղափարախոսությանը՝ հաճախ հակասելով և խեղաթյուրելով այնտեղ արտահայտված կարծիքները, որոնք ակնհայտորեն դեմ էին հակասեմականությանն ու ազգայնականությանը։ Քրոջ խմբագրված հրապարակությունների հետևանքով Նիցշեի աշխատությունները սկսում են զուգորդվել ֆաշիզմի և նացիզմի հետ[26]։ 20-րդ դարի փիլիսոփաները վիճարկում են Նիցշեի աշխատանքների նման մեկնաբանությունը, ինչի շնորհիվ աշխատությունները շուտով հասանելի են դառնում շտկված խմբագրությամբ։ 1960-ականներին Նիցշեի գաղափարները կրկին հանրայնություն են վայելում՝ իրենց խորն ազդեցությունը թողնելով 20-րդ և 21-րդ դարի սկզբի փիլիսոփաների շրջանում՝ հատկապես մայրցամաքային փիլիսոփայության այնպիսի դպրոցների վրա, ինչպիսիք են՝ էքսզիստենցիալիզմը, պոստմոդեռնիզմը, պոստստրուկտուրալիզմը, ինչպես նաև արվեստի, գրականության, հոգեբանության, քաղաքագիտության և փոփ-մշակույթի վրա[14][15][16][27][28]։