Ալեքսանդր Գերցեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Իվանովիչ Գերցեն (ռուս.՝ Александр Иванович Герцен, գրական կեղծանունը՝ Իսկանդեր, մարտի 25 (ապրիլի 6), 1812[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1] - հունվարի 9 (21), 1870[2][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[4][6][7]), ռուս հեղափոխական, գրող, փիլիսոփա, հրապարակախոս։
Ալեքսանդր Գերցեն ռուս.՝ Александр Иванович Герцен | |
---|---|
Ծնվել է | մարտի 25 (ապրիլի 6), 1812[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1] |
Մահացել է | հունվարի 9 (21), 1870[2][5][6][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][6][7] |
Գերեզման | Cimetière du Château |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Երկեր | My Past and Thoughts? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, լրագրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ, քաղաքական գործիչ, ուսուցիչ և հեղափոխական |
Ամուսին | Նատալյա Զախարինա |
Ծնողներ | հայր՝ Իվան Յակովլև |
Երեխաներ | Ալեքսանդր Գերցեն և Natalie Herzen? |
Ստորագրություն | |
Alexander Herzen Վիքիպահեստում |
Ծնվել է կալվածատեր Ի․ Ա․ Յակովլևի ընտանիքում, մայրը՝ Լուիզա Տաագը, գերմանուհի էր։ Ծնողների ամուսնությունը չի ձևակերպվել, այդ պատճառով Ալեքսանդրը կրում էր մտացածին ազգանուն (գերմ.՝ Herz — սիրտ)։ 1833 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժանմունքը։ Գերցենի հոգևոր զարգացումն ընթացել է դեկաբրիստների, 1830 թվականի ֆրանսիական Տուլիսյան հեղափոխության, 1830 թվականից 1831 թվականը Լեհական ապստամբության, Ալեքսանդր Պուշկինի, Կ․ Ֆ․ Ռիլեևի, տասնութերորդ դարի ֆրանսիացի մտածողների ազդեցությամբ։ 1834 թվականին հեղափոխական խմբակ կազմակերպելու համար Գերցենը բանտարկվել է, 1835 թվականին, որպես «չափազանց վտանգավոր, հանդուգն, ազատամիտ»՝ աքսորվել։ 1842 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ Մոսկվա, որտեղ մասնակցել է սլավոնաֆիլների և արևմտականների պայքարին՝ հարելով վերջիններիս։ 1840-ական թվականներին ճորտատիրական Ռուսաստանում Նա կարողացել է հասնել այնպիսի բարձրության, որ կանգնել է «իր ժամանակի մեծագույն մտածողների հետ հավասար մակարդակի վրա»։
Գերցենն անցել է գաղափարական բարդ և հակասական ուղի։ Սկզբնական շրջանում հարելով իդեալիզմին՝ հետզհետե հանգել է մատերիալիզմին և մատերիալիստական, աթեիստական աշխարհայացքի տեսանկյունից քննադատորեն վերաիմաստավորել ֆրանսիական ուտոպիական սոցիալիզմի ու գերմանական դասական փիլիսոփայության գաղափարները։ «Դիլետանտիզմը գիտության մեջ» (1842-1843) հոդվածաշարով և «Նամակներ բնության ուսումնասիրության մասին» (1844-1845) փիլիսոփայական երկով փորձել է հիմնավորել կեցության ու մտածողության, պրակտիկայի ու տեսության, հասարակության ու անհատի միասնության, բնագիտության ու փիլիսոփայության միջև եղած հակասության վերացման անհրաժեշտությունը։ Գ․ Հեգելի դիալեկտիկան համարել է «հեղափոխության հանրահաշիվ» և, ի տարբերություն նրա, բնությունը ներկայացրել որպես առաջնային, իսկ ճանաչողության դիալեկտիկան, տրամաբանությունը՝ նրա շարունակություն և արտացոլում։ Սակայն Գերցենը չկարողացավ ամբողջությամբ լուծել Հեգելի դիալեկտիկայի վերանայման, մատերիալիստական ելակետով և դիալեկտիկական մեթոդոլոգիայով «նոր փիլիսոփայության» ստեղծման խնդիրները։ Գերցեն «․․․ ընդհուպ մոտեցավ դիալեկտիկական մատերիալիզմին և կանգ առավ պատմական մատերիալիզմի առաջ»։ Պատմությունը նրա համար հիմնականում մարդկային գիտակցության զարգացումն Էր, գլխավոր նպատակը՝ հասարակական կյանքի բարելավումն ու համապատասխանեցումը «բանականության պահանջներին ու ազատության գաղափարներին»։
1840-ական թվականներին Գերցենի ստեղծագործություններում («Ո՞վ է մեղավոր», «Դոկտոր Կրուպով», «Գող կաչաղակը») սուր քննադատության են ենթարկված կալվածատիրական կարգերը։ Խուսափելով ցարիզմի հալածանքներից՝ Գերցենը 1847 թվականին, որպես քաղաքական տարագիր, տեղափոխվել է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա։ Բուրժուական Ֆրանսիան հետապնդումներ է սկսել Գերցենի դեմ, և նա ստիպված անցել է Շվեյցարիա, այնուհետև՝ Անգլիա։ Լոնդոնում, 1853 թվականին հիմնադրել է «Ազատ ռուսական տպարան», 1855-1859 թվականներին տպագրել «Պոլյարնայա զվեզդա» ալմանախը, որի շապկին դրոշմված էր կախաղան հանված հինգ դեկաբրիստների ուրվանկարը։ 1857-1867 թվականներին Ն․ Պ․ Օգարյովի հետ միասին Գերցենը հրատարակել է «Կոլոկոլ» թերթը, որի քաղաքական ծրագիրն էր՝ խոսքի ազատություն գրաքննությունից, գյուղացիների ազատագրում ճորտությունից, մարմնական պատիժների վերացում։ Կտրված լինելով Ռուսաստանից և գերագնահատելով նախապատրաստվող 1861 թվականի ճորտատիրական ռեֆորմը՝ Գերցենը սկզբում թույլ է տվել որոշ լիբերալ տատանումներ, նամակներ գրել Ալեքսանդր Երկրորդին, որի համար քննադատության է ենթարկվել Ն․ Գ․ Չեռնիշևսկու և Ն․ Ա․ Դոբրոլյուբովի կողմից։ Սակայն ռեֆորմից հետո ըմբռնել է իր սխալը, կանգնել հեղափոխական դեմոկրատիայի դիրքերում։ Արտասահմանում Գերցենը ծավալել է եռանդուն գրական գործունեություն՝ եվրոպական ընթերցողին ծանոթացնելով ռուս մշակույթին, գրականությանը։ Գրել է «Ռուսաստանում հեղափոխական գաղափարների զարգացման մասին» (1850), «Ռուս ժողովուրդը և սոցիալիզմը» (1855) և այլ աշխատություններ։ Արտասահմանյան շրջանի լավագույն գրական երկը «Եղելություններ և խոհեր» (1852-1868) հուշավեպն է, որտեղ ամփոփված է փաստական և գեղարվեստական մեծ նյութ ռուս, և եվրոպական կյանքի մասին՝ սկսած 1812 թվականից մինչև 1868 թվականը։ Գերցենը տեղափոխվել է Փարիզ։ Այստեղ գրել է «Նամակներ հին ընկերոջս» (1869), խզել կապերը Մ․ Ա․՝ Բակունինի հետ, ողջունել բանվորական համագումարները։ Սակայն վաղաժամ մահը խանգարել է նրա վերջնական անցումը դեպի բանվորական շարժումը։
Գերցենի և հայ մշակույթի կապերը թեև սկսվում են Միքայել Նալբանդյանի ժամանակներից, բայց նրա անունը Հայաստանում հայտնի է դարձել 1905 թվականի հեղափոխության շրջանում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո միայն սկսվեց Գերցենի ժառանգության թարգմանության ու հրատարակման գործը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.