From Wikipedia, the free encyclopedia
Ճորտատիրությունը հասարակարգի մի տեսակ էր ֆեոդալիզմի օրոք, որի ժամանակ որոշ գյուղացիների կարգավիճակը ճորտությունն էր, այսինքն՝ հատուկ կապված են կալվածատիրության և ճորտացման համակարգի հետ։ Դա հարկադրական կախվածության տեսակ էր, որը զարգացավ Եվրոպայում Ուշ անտիկ դարաշրջանից և Վաղ միջնադարից և որոշ երկրներում տևեց մինչև 19-րդ դարի կեսերը[1]։
Ինչպես նախկինում՝ ստրկատիրության դարաշրջանում՝ ստրուկներին, ֆեոդալիզմի դարաշրջանում ճորտերին կարող էին գնել, վաճառել, դարձնել առևտրի առարկա (որոշ դեպքերում կարող էին վաճառվել միայն հողի հետ միասին, օրինակ Ռուսաստանում, կամ վաճառվեին ստրուկների նման՝ ինչպես Անգլիայում), ովքեր չունեին ոչ մի իրավունք իրենց անձի նկատմամբ և չէին կարող լքել այն հողը, որին կցված էին։ Ճորտերը պարտավոր էին աշխատել ճորտատերի հողերի վրա։ Փոխարենը նրանց տրվում էր փոքր հողատարածք, որը նույնպես պատկանում էր ճորտատերերին, որտեղ նրանք աշխատում էին սեփական կարիքների համար։ Հաճախ ճորտերն աշխատում ոչ միայն տերերի հողերում, այլ նաև նրանց հանքերում, անտառներում և կառուցում էին ճանապարհներ։
Ճորտատիրության անկումը Արևմտյան Եվրոպայում հաճախ կապում են լայն տարածում գտած համաճարակի` Սև մահի հետ, որը հասավ Եվրոպա 1347 թվականին և աղետալի ազդեցություն ունեցավ հասարակության վրա[2]։ Անկումն սկսվել էր այս տարեթվից առաջ։ Ճորտատիրությունը ավել հազվադեպ երևույթ դարձավ Արմտյան Եվրոպայի շատ երկրներում միջնադարյան վերածննդից հետո Բարձր միջնադարի վերջում։ Սակայն միևնույն ժամանակ ավելի ուժեղացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ մինչ այդ քիչ տարածված էր (այս ֆենոմենը կոչվում է «ուշ ճորտատիրություն»)։
Արևելյան Եվրոպայում ճորտատիրությունը գոյատևեց մինչև 19-րդ դարի կեսերը։ Ավստրիական կայսրությունում ճորտատիրությունը պաշտոնապես արգելվեց 1781 թվականին, սակայն շարունակեց գոյատևել մինչև 1848 թվականը։ Ճորտատիրությունը արգելվեց Ռուսական կայսրությունում 1860-ական թվականներին[3]։ Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ֆեոդալական կարգեր ամբողջությամբ երբեք չհիմնադրվեցին, այդ պատճառով ճորտատիրություն չի եղել, սակայն այն եղել է Դանիայում (Ստավնսբանդ, 1733-ից 1788 թվականներ) և նրա վասալ Իսլանդիայում (ավելի սահմանափակող Վիստերվանդ, 1490-ից 1894 թվականներին)։
Գյուղացիական կախվածության ծայրահեղ ձևերը տարածվում են Եվրոպայի արևմտյան սահմաններից մինչև արևելյան սահմանները։ Ճորտատիրական իրավունքի հաստատումը համապատասխանում է հասարակական-քաղաքական հարաբերությունների որոշակի փուլին։ Սակայն, քանի որ Եվրոպայի տարբեր հատվածների զարգացումն անհամաչափ արագությամբ էր ընթանում (կախված կլիմայից, բնակեցվածությունից, առևտրային ուղիների հարմարությունից, արտաքին վտանգներից), ուստի, եթե մի շարք եվրոպական երկրներում ճորտատիրական իրավունքը զուտ միջնադարյան պատմության բնորոշ հատկանիշն է, ապա որոշ երկրներում այն գոյատևել է ընդհուպ մինչև նորագույն շրջանը։
Եվրոպական մի շարք խոշոր երկրներում ճորտատիրական իրավունքն ի հայտ է եկել 9-10-րդ դարերում (Անգլիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա), որոշ երկրներում՝ ավելի ուշ՝ 14-17-րդ դարերում (Հյուսիս-Արևելյան Գերմանիա, Դանիա, Ավստրիայի արևելյան շրջաններ)։ Ճորտատիրական կախվածությունը կամ ամբողջությամբ և զգաալի չափով անհետանում է դեռ միջին դարերում (Արևմտյան Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա), կամ այս կամ այն չափով պահպանվում է մինչև 19-րդ դարը (Գերմանիա, Լեհաստան, Ավստրո-Հունգարիա)։ Որոշ երկրներում անձնական կախվածությունից գյուղացիների ազատագրման գործընթացն ուղեկցվում է կամ բացարձակ (Անգլիա), կամ մասնակի (Հյուսիս-Արևելյան Գերմանիա, Դանիա) հողազրկությամբ, մնացածում՝ ընդհակառակը՝ մանր գյուղացիական սեփականության աճով ու զարգացմամբ (Ֆրանսիա, մասնավորապես՝ Արևմտյան Գերմանիա)։
Ռուսաստանում ճորտատիրությունն ու ճորտատիրական իրավունքը սկիզբ են առել XI դարից[4]։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման ենթարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն[4]։ Սմերդի և խոլոպի (տես Խոլոպներ) գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ[4]։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)[4]։
Հայաստանում ճորտությունը և ճորտատիրական իրավունքը ծագել են վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ[4]։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ[4]։ Դվինի 648 թվականի եկեղեցական ժողովի (տե՛ս Դվինի ժողովներ) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»[4]։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ[4]։ Ճորտատիրական իրավունքն արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում (Մխիթար Գոշի Դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք, հոդված 118)[4]։ Ճորտատիրական իրավունքն ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես Կիլիկիայի հայկական պետությունում[4]։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո[4]։ Հայտնի է նաև, որ մոնղոլական տերության առաջնորդի՝ Ղազան խանի 1303 թվականի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին[4]։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին[4]։ Ճորտատիրական իրավունքը դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում ճորտատիրական իրավունքը վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով, սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև խորհրդային կարգերի հաստատումը[4]։ Իսկ ամբողջ ժողովրդի մեջ ճորտական հոգեբանությունը, ցավոք, խորը նստվածք է թողել, ինչը պայմանավորված էր սովետական–ստալինյան Ռուսաստանի կիսաճորտատիրական–պարտոկրատական համակարգի յոթանասունամյա տիրապետությամբ և ինչը հոգեբանորեն խորապես խանգարում ու խոչընդոտում է Հայ ժողովրդի ազատագրության և Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ստեղծման գործընթացին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.