Ուիլյամ Շեքսպիր
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare[19], ապրիլ 1564[1], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][3] - ապրիլի 23 (մայիսի 3), 1616[4][2][5][…], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Անգլիայի թագավորություն[2][6])[20], անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան, որ հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը[21][22][23]։ Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ և Էյվոնի երգիչ[24][Ն 1]։ Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես[Ն 2], 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ և մի քանի այլ բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ[26]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեքսպիր (այլ կիրառումներ)
Շեքսպիրը ծնվել և հասակ է առել Ստրատֆորդ ըփոն Էյվոնում (Ուորիքշիր)։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է Էնն Հաթաուեյի հետ և ունեցել երեք երեխա՝ Սյուզանան և երկվորյակներ Համնետն ու Ջուդիթը։ Շեքսպիրն իր կարիերան սկսել է Լոնդոնում 1585 թվականից մինչև 1592 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հաջողությամբ հանդես գալով որպես դերասան, գրող և «Լորդ սենեկապետի ծառաները» (անգլ.՝ Lord Chamberlain's Men, այլ թարգմանությամբ՝ «Լորդ սենեկապետի մարդիկ»[27]) անունը կրող թատերական ընկերության բաժնետեր, որը հետագայում հայտնի է դարձել «Թագավորի մարդիկ» (անգլ.՝ King's Men) անունով։ Քառասունինը տարեկանում (մոտ 1613 թվականին) Շեքսպիրը հավանաբար վերադարձել է Ստրատֆորդ, որտեղ էլ մահացել է երեք տարի անց։ Շեքսպիրի անձնական կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, ինչը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել նրա արտաքին տեսքի, սեռական կողմնորոշման, կրոնական հայացքների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել է այն հարցը, թե նրան վերագրվող ստեղծագործությունները գրվել են ուրիշների կողմից[28][29][30]։ Այդ վարկածները հաճախ քննադատության են ենթարկվում այն պատճառաբանությամբ, թե այդ ժամանակաշրջանի ոչ ազնվականների մասին ընդհանրապես քիչ տեղեկություններ են պահպանվել։
Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը գրվել են 1589-1613 թվականներին[31][32][Ն 3]։ Նրա վաղ ստեղծագործությունները եղել են հիմնականում կատակերգություններ և պատմական պիեսներ, որոնք դասվում են այդ ժանրերի լավագույն նմուշների շարքում։ Մինչև մոտավորապես 1608 թվականը նա գրել է մեծ մասամբ ողբերգություններ, այդ թվում՝ «Համլետ (ողբերգություն)», «Օթելլո», «Արքա Լիր» և «Մակբեթ» ստեղծագործությունները, որոնք բոլորը համարվում են անգլերենով ստեղծված լավագույն գրական նմուշներից[21][22][23]։ Իր կյանքի վերջին շրջանում Շեքսպիրը գրել է տրագիկոմեդիներ (հայտնի են նաև որպես ռոմանտիկական դրամաներ) և համագործակցել այլ դրամատուրգների հետ։
Շեքսպիրի բազմաթիվ պիեսներ հրատարակվել են տարբեր որակի ու ճշտության խմբագրություններով դեռ նրա կյանքի օրոք։ 1623 թվականին նրա երկու ընկերները՝ դերասաններ Ջեն Հեմինգեսն ու Հենրի Քոնդելը տպագրել են նրա ստեղծագործությունների առավել ճշգրիտ տեքստերը, որը հայտնի է որպես «Առաջին ֆոլիո» և եղել է Շեքսպիրի դրամատիկական ստեղծագործությունների հետմահու ժողովածուն, որ ներառել է նրա բոլոր պիեսները, բացառությամբ երկուսի[33]։ Որպես գրքի նախաբան տպագրվել է Բենջամին Ջոնսոնի բանաստեղծությունը, որում նա Շեքսպիրի մասին գրել է, թե նա «ոչ թե մի դարաշրջանի համար է, այլ բոլոր ժամանակների» (անգլ.՝ not of an age, but for all time)[33]։
20-րդ և 21-րդ դարերում Շեքսպիրի ստեղծագործությունները մշտապես բեմադրվում են և վերաբացահայտվում գիտական և թատերական նոր շարժումների կողմից։ Նրա պիեսները շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել և ուսումնասիրվում, բեմադրվում և վերամեկնաբանվում են մշակութային ու քաղաքական տարբեր համատեքստերում ամբողջ աշխարհում։