Լատիներեն
From Wikipedia, the free encyclopedia
Լատիներեն (lingua latīna ([ˈlɪŋɡʷa laˈtiːna])՝ լի՛նգուա լատի՛նա, lingua՝ լեզու և latinus կամ latinum՝ լատինական բառերից), հնագույն դասական իտալյան լեզու, նախապես այս լեզուն գործածել են իտալական Լացիում տեղանքում և Հին Հռոմում (Ապենինյան թերակղզի)[1]։ Այն պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի իտալյան լեզվախմբին, նախահնդեվրոպական լեզվի անմիջական հետնորդն է։ Իտալերենի հետ միասին՝ Վատիկանի պաշտոնական լեզուն է։ Ներկայիս ռոմանական լեզուները եղել են լատիներենի բարբառային ձևերը։ Շատ ուսանողներ, գիտնականներ և քրիստոնյա հոգևորականներ վարժ խոսում են լատիներեն, այն դասավանդվում է տարրական, միջնակարգ և բարձրագույն շատ ուսումնական հաստատություններում[2][3]։
Լատիներեն Lingua latina | |
---|---|
Լատիներեն Աստվածաշնչից. 1407 թ. | |
Տեսակ | մեռած լեզու, հին լեզու, լեզու և ժամերգության լեզու |
Ենթադաս | Latino-Faliscan? և հարավեվրոպական լեզուներ |
Երկրներ | Լացիում, Հռոմեական թագավորություն, Հռոմեական հանրապետություն, Հռոմեական կայսրություն, Միջնադարյան և Վաղ ժամանակակից Եվրոպա, Կիլիկիայի հայկական թագավորություն, Վատիկան |
Պաշտոնական կարգավիճակ | Վատիկան Մալթայի միաբանություն Սկզբնապես՝ Հին Հռոմ |
Վերահսկող կազմակերպություն | Լատիներենի պապական ակադեմիա |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | la |
ԳՕՍՏ 7.75–97 | лат 380 |
ISO 639-1 | la |
ISO 639-2 | lat |
ISO 639-3 | lat |
Հռոմեական կայսրության (մոտ մթ 117 թ.) և Լատիներեն լեզու օգտագործողների տարածքի քարտեզ նշելով առավելագույն չափը (մուգ կանաչ)։ Կայսրության տաարածաշրջանում խոսում էին բազմաթիվ այլ լեզուներով, հատկապես հունարեն։ | |
Ռոմանական լեզուների ընդգրկումը, լատիներենի ժամանակակից ժառանգները Եվրոպայում։ | |
Latin language Վիքիպահեստում |
Լատիներենը դեռևս լայնորեն օգտագործվում է տարբեր լեզվաընտանիքների լեզուներում նոր բառեր ստեղծելիս, ինչպես նաև կենսաբանական կարգաբանության մեջ։ Լատիներենը և լատիներենից ծագած ռոմանական լեզուները կենդանի մնացած միակ իտալյան լեզուներն են։ Իտալյան ճյուղի մյուս լեզուները տարրալուծվել են լատիներենի հետ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։
Հռոմեական նվաճումների պատճառով լատիներենը տարածվել է շատ միջերկրածովյան և հյուսիսեվրոպական երկրներում։ Այս տարածաշրջանների բարբառները այս կամ այն չափով խառնվել են լատիներենի հետ՝ առաջացնելով ժամանակակից ռոմանական լեզուները[4]։ Հռոմեական կայսրության անկման հետևանքով դասական լատիներենը հետզհետե փոխվել է և դարձել ավելի քիչ կիրառելի։ Միջնադարյան լատիներենի ժամանակաշրջանում, ազդված տարբեր գերմանական և նախառոմանական լեզուներով, լատիներենն օգտագործվել է միջազգային հարաբերությունների, դասավանդման և գիտության համար մինչև 18-րդ դարը։
Հին Հռոմի լեզուն է. ավանդված է գրական հուշարձաններով՝ սկսած մ.թ.ա. 5-րդ դարից և հարուստ գրականությամբ՝ մ.թ.ա. սկսած 2-րդ դարից։ 6-9-րդ դարերում դադարել է խոսակցական լինելուց։
Լատիներենը մեռած լեզու է, ինչպես գրաբարը, սանսկրիտը, հին հունարենը, քանի որ Հռոմեական կայսրության անկումից հետո (476 թվական) չկա այդ լեզուն կրող ժողովուրդը։
Լատիներենը շատ ճկուն լեզու է՝ երեք քերականական սեռերով, յոթ հոլովներով, հինգ հոլովումներով, բայի չորս խոնարհումներով, վեց ժամանակաձևերով, երեք եղանակներով, երեք սեռերով, երկու կամ երեք կերպերով, երեք դեմքերով և երկու թվերով։ Յոթ հոլովներից ամենահազվադեպը ներգոյական հոլովն է, որն օգտագործվում է միայն տեղանունների և մի քանի գոյականների հետ։ Ներգոյականի տեղ ցույց տվող հատկանիշը նույնական է բացառական հոլովի հետ։ Կոչական հոլովում ձևի փոփոխություններ են առաջանում միայն երկրորդ հոլովման բառերի ավարտում։ Մյուս բոլոր դեպքերում կոչական հոլովը նման է ուղղական հոլովին, միայն թե կոչական հոլովը միշտ սկսում է O մասնիկով։
Հոլովների այս երկիմաստության պատճառով տարբեր հեղինակներ նշում են հոլովների տարբեր քանակ՝ 5, 6 կամ 7։ Ածականները և մակբայներն ունեն համեմատության աստիճաններ, համաձայնեցվում են հոլովով, սեռով և թվով։ Չնայած դասական լատիներենն ունի ցուցական դերանուններ՝ այն չունի նախդիրներ։ Ուշ հռոմեական լեզուների նախդիրները ձևավորվել են ցուցական դերանուններից, օրինակ՝ ֆրանսերեն le և la-ն ille և illa-ից, իսկ սարդիներեն՝ sa և su-ն՝ ipse և ipsa-ից։