From Wikipedia, the free encyclopedia
Մանկական ամուսնություն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանման՝ պաշտոնապես կնքված ամուսնություն կամ ոչ պաշտոնական միություն 18 տարին չլրացած անձի հետ[1]։ Որոշ երկրներում և շրջաններում օրենքով սահմանված ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանից ցածր է, մյուսներում՝ թույլ է տրվում մինչև 18 տարեկանն ամուսնանալ ծնողների համաձայնությամբ՝ հղիությամբ կամ այլ հատուկ հանգամանքներով պայմանավորված, երրորդում՝ մշակութային ավանդույթները կարող են ավելի ուժեղ լինել, քան պաշտոնական իրավական նորմերը[2]։ Ինչպես երիտասարդները, այնպես էլ աղջիկներն ամուսնանում են վաղ հասակում, սակայն մանկահասակ հարսնացուները շատ ավելի շատ են, և նրանց մեծամասնությունը սերում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող ընտանիքից[3]։
ԱՄՆ առողջապահության նախարարությունը[4] և որոշ հետազոտողներ[5] մանկական ամուսնության շարքն են դասում նաև այն մանկահասակների նշանադրությունը և ամուսնությունը, որոնք սահմանված են դատարանի կողմից՝ պատանեկան հղիության դեպքում։
Տարբեր մշակույթներում և կրոններում, տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր ժամանակներում կարելի է գտնել իրար ոչ նման պատկերացումներ այն բանի մասին, թե որ ամուսնությունն է պետք համարել չափազանց վաղ և ինչու։ Դարեր շարունակ ժամանակակից պատկերացումներով վաղ ամուսնությունները կնքվել են աղքատ զարգացող երկրներում և վատ ապահովված ընտանիքներում։ Ըստ վերջին հասանելի տվյալների՝ մանկական ամուսնությունն առավել տարածված է Աֆրիկայի որոշ մասերում[6][7], Հարավային[8], Հարավարևելյան[9][10] և Արևմտյան Ասիայում[11][12], Լատինական Ամերիկայում[11] և Օվկիանիայում[13]։ Մանկական ամուսնությունը շատ տեղերում կայուն նվազում է, սակայն մնում է դեռևս շատ բարձր՝ ավելի քան 60%՝ Նիգերում, Չադում, Մալիում, Բանգլադեշում, Գվինեայում և ԿԱՀ-ում։ Ամենավաղ ամուսնությունները զանգվածայնորեն կնքվում են Նիգերիայում, Չադում, Բանգլադեշում, Մալիում և Եթովպիայում՝ ամուսնությունների ավելի քան 20%-ը կնքվում են մինչև 15 տարեկանը (2003-2009 թվականների հետազոտությունների տվյալներով)[14][15]։
Մանկական ամուսնություններ կնքելու պատճառներից կարելի է նշել աղքատությունը, հարսնացուի ազատագնի ավանդույթները և օժիտ տալը, տեղական մշակութային ավանդույթները, վաղ ամուսնություններ թույլատրող օրենքները, կրոնական և սոցիալական ճնշումը, կրոնական կանոնները, հասուն տարիքում չամուսնանալու վախը, անգրագիտությունը, կանանց՝ վարձատրվող աշխատանքի տեղավորվել չկարողանալը[16][17]։
Ժամանակակից պատկերացումներով վաղ ամուսնությունը դարեր շարունակ սովորական և համընդհանուր երևույթ էր աշխարհի շատ բնակավայրերում։ Միայն 20-րդ դարում այս բոլոր ավանդույթները կասկածի տակ առնվեցին, երբ առաջին ամուսնության տարիքի բարձրացման միտում նկատվեց, այնուհետև պետությունները ևս սկսեցին բարձրացնել ամուսնության նվազագույն տարիքը։
Անտիկ շրջանում և միջնադարում աղջիկներին հաճախ նշանում էին սեռական հասունացման տարիքում և նույնիսկ ավելի վաղ[18][19]։ Ինչպես պնդում է Միլթոն Ֆրիդմենը «Հին Իսրայելում միայն հայրը կարող էր որոշել, թե երբ և ում հետ պետք է ամուսնանա իր դուստրը, և դա նույնիսկ քննարկման ենթակա չէր․ այդուհանդերձ, շատ աղջիկների ամուսնացնում էին մինչև 15 տարեկանը, հաճախ սեռական հասունացման հենց սկզբում[20]։ Միջնադարում հրեուհիների մեծ մասը նույնպես ամուսնանում էր երիտասարդ տարիքում[21]»։
Ռութ Լամդանը գրում է[22], որ «16-րդ դարի «Ռեսպոնսա»-ում և այլ աղբյուրներում բազում հիշատակումներ և հղումներ վկայում են այն բանի մասին, որ մանկական ամուսնությունն այն ժամանակ սովորական բան էր համարվում։ Այս առումով կարևոր է հիշել նաև այն, որ «Հալախա»-ում «անչափահաս» եզրը վերաբերում է մինչև 12 տարեկան և 1 օրական աղջկան։ Իսկ 12.5 տարեկանում աղջիկն արդեն համարվում էր բոլոր առումներով չափահաս[Ն 1]։
Հունաստանում ևս հավանության էր արժանանում վաղ ամուսնությունը և մայրանալը, և նույնիսկ պատանիներից ակնկալվում էր ամուսնանալ դեռահաս տարիքում[23]։ Այդ տարիներին, երբ կյանքի միջին տևողությունը կազմում էր 40-45 տարի, վաղ ամուսնությունները և երեխա ունենալը բնորոշ էին և արդարացված։ Հռոմեական կայսրությունում սահմանվեց ամուսնանալու համար նվազագույն տարիք․ 12 տարեկան՝ աղջիկների համար և 14՝ պատանիների[24]։
Միջնադարյան Անգլիայի օրենսդիր մարմինը, շատ բաներում հիմնվելով հռոմեական իրավունքի վրա, նույնպես թույլատրում էր վաղ ամուսնությունները, և դրանք սովորաբար կնքվում էին մինչև 16 տարեկանը[25]։ Չինաստանի կայսրությունում մանկական ամուսնությունը ևս համարվում էր սովորական[26]։
Պատմությանը հայտնի կրոններից շատերն այսպես թե այնպես սահմանում էին ամուսնանալու նվազագույն տարիք։ Քրիստոնեական կանոնական իրավունքն արգելում էր աղջկան ամուսնացնել մինչև նրա սեռական հասունացումը[27], իսկ հնդկական Վեդաները՝ թույլատրում էին միայն դրանից 3 տարի հետո[28]։ Հրեա գիտնականները և ռաբունիները կտրականապես դեմ էին սեռական հասունության չհասած ամուսնություններին[20], սակայն միևնույն ժամանակ բացառություններ էին անում․ 3-12 տարեկան աղջիկները կարող էին նշանվել կամ ամուսնանալ իրենց հայրերի կամքով[29][30]։
Կաթոլիկ եկեղեցին, մինչև 1917 թվականի կանոնական իրավունքի կոդեքսի ընդունումը, սահմանում էր նշանադրության խզման նվազագույն տարիքը (լատին․՝ sponsalia de futuro) 7 տարեկան։ Իսկական ամուսնության կնքման նվազագույն տարիքը համարվում էր կա՛մ փաստացի սեռական հասունացումը, կա՛մ 14 տարեկան՝ պատանիների և 12 տարեկան՝ աղջիկների համար[31]։ 1917 թվականի կոդեքսով այդ տարիքային շեմը բարձրացավ տղաների համար 16 տարեկանի և աղջիկների համար՝ 14[32]։ Կանոնական իրավունքի ներկայիս կոդեքսով, որն ընդունվել է 1983 թվականին, ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում տղաների համար 16 տարեկանը և աղջիկների համար 14 տարեկանը[33][34][Ն 2]։
Չնայած նրան, որ 21-րդ դարի սկզբին երկրների մեծամասնության օրենքով ամուսնության նվազագույն տարիքը սահմանվում էր 18 տարեկանը, շատ երկրներում (ընդ որում ոչ միայն զարգացող կամ կրոնական) կան բացառություններ, որոնք թույլ են տալիս ամուսնանալ այդ տարիքից շուտ՝ ծնողների և/կամ դատարանի համաձայնությամբ[40]։ Կան երկրներ, որտեղ կրոնական ամուսնությունը, ինչպես նախկինում, ճանաչվում է պետության իշխանությունների կողմից, որոշներում էլ պարտադիր է գրանցված քաղաքացիական ամուսնությունը։
2015 թվականին Իսպանիայի իշխանությունները բարձրացրին ամուսնության նվազագույն տարիքը՝ 14-ից դարձնելով 16[41]։
Մեքսիկայում մինչև 18 տարեկանը (14 տարեկանից սկսած աղջիկներին և 16 տարեկանից սկսած տղաներին) ամուսնանալ թույլատրվում է ծնողների համաձայնությամբ[42]։ Ուկրաինայում 2012 թվականին Ընտանեկան կոդեքսում փոփոխություններ արվեցին, որոնք սահմանեցին նույն տարիքային շեմը աղջիկների և տղաների համար՝ 18 տարեկան, սակայն դատարանն իրավունք ունի թույլ տալ ամուսնանալ 16 տարեկանից, եթե գտնի, որ դա բխում է անչափահասի շահերից[43]։
Դատարանի հաստատմամբ վաղ ամուսնություններ թույլատրվում են ԱՄՆ-ի շատ նահանգներում։ Կանադայում 2015 թվականից ամուսնության նվազագույն տարիքը սահմանված է 16 տարեկան, և չափահասության տարիքը կարող է սահմանվել պրովինցիաների իշխանությունների կողմից՝ 18 կամ 19 տարեկան։ Կանադայում որպեսզի անչափահասն ամուսնանա պահանջվում է ծնողների համաձայնությունը կամ դատարանի որոշում։ «Քաղաքացիական ամուսնության մասին ակտ»-ի համաձայն՝ 16 տարին չլրացած անձը կարող է ամուսնություն կնքել, սակայն այդպիսի ամուսնությունը չի գրանցվի կամ ճանաչվի Կանադայի իշխանությունների կողմից[44]։ Իսկ ոչ պետական ամուսնական արարողության անցկացումը, եթե նորապսակներից թեկուզ մեկի 16 տարին չի լրացել, համարվում է քրեական հանցագործություն (Կանադայի քրեական օրենսգրքի հոդված 293.2) և պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ․ ընդ որում պատժելի է այդպիսի ամուսնական արարողության կազմակերպման և անցկացման ցանկացած մասնակցություն, եթե մեղավորը ակնհայտ կերպով գիտեր նորապսակի տարիքի մասին[45]։
Հյուսիսային Իռլանդիայում, Անգլիայում և Ուելսում հնարավոր է ամուսնություն կնքել 16-17 տարեկան հասակում՝ ծնողների համաձայնությամբ, իսկ Շոտլանդիայում՝ առանց ծնողների համաձայնության[46]։ Սակայն Միացյալ Թագավորությունում, ըստ 1973 թվականի ամուսնական ակտի, մինչև 16 տարեկանների ամուսնությունը համարվում է անվավեր[47]։
Իսլամական ամուսնական կանոններով երբեմն թույլատրվում է մինչև 10 տարեկան աղջիկների ամուսնությունը, քանի որ շարիաթի օրենքները մասամբ հիմնված են Մուհամեդ առաքյալի մտքերի և արարքների վրա, որոնք մասամբ նկարագրված են «Սահիհ ալ-Բուխարի» և «Սահիհ Մուսլիմ» հադիսներում։ Ըստ այդ աղբյուրների՝ Մուհամեդն ամուսնացել է Աիշայի՝ իր երրորդ կնոջ հետ, երբ վերջինս 6 կամ 7 տարեկան էր[Ն 3] և փաստացի ամուսնական հարաբերություններ ունեցավ Աիշայի հետ, երբ վերջինս մոտ 9 կամ 10 տարեկան էր[Ն 4]։ Որոշ հայտնի իսլամ գիտնականներ ենթադրում են, որ այստեղ խոսքը բառացիորեն ժամանակագրական տարիքի մասին է․ մուսուլմանների մոտ ամուսնական տարիքը գալիս է այն ժամանակ, երբ աղջկա պատասխանատուները հասկանում են, որ նա հասել է սեռական հասունացման։ Սակայն սեռական հասունացման այս սահմանումը ոչ պրոֆեսիոնալ է և բավականին սուբյեկտիվ։ Շատ մուսուլմաններ և իսլամի որոշ ուսումնասիրողներ համոզված են, որ 13 տարին չլրացած աղջկան ամուսնացնելը թույլ է տրվում շարիաթի օրենքներով[52][53][54]։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հաղորդում է, որ[40]
Օրենքով թույլ տրվող վաղ ամուսնությունները պարտադիր չեն հանգեցնում դրանց տարածմանը, սակայն որոշակի համահարաբերակցություն այս երևույթների միջև գոյություն ունի։ ԱՄՆ-ում 1960 թվականի մարդահամարի տվյալներով աղջիկների 3,5 %-ն ամուսնացել է մինչև 16 տարեկանը, իսկ 11,9 %-ը՝ 16-18 տարեկանում։ Այն նահանգներում, որտեղ սահմանվել է ամուսնական տարիքի նվազագույն շեմ, մանկական ամուսնությունները շատ են եղել[24]։ Սակայն իսլամական երկրներում համահարաբերակցություն ամուսնական բարձր տարիքի և մանկական ամուսնությունների փաստացի տարածման օրենսդրական սահմանումների միջև չի նկատվում։ Այն երկրներում, որտեղ իսլամը պետական կրոն է, ընդունվում է շարիաթի օրենքների գերակայությունը, և հակասությունների դեպքում դատարանները հաճախ են որոշումներ կայացնում շարիաթի օրենքներին համապատասխան և ոչ թե ըստ գործող պետական օրենքների ու այսպիսով կարող են թույլատրվել վաղ ամուսնությունները, որոնք արգելվում են քաղաքացիական օրենսդրությամբ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով առավել քանակությամբ վաղ ամուսնություններ գրանցված բոլոր երկրներում՝ Նիգերում, Չադում, Մալիում, Բանգլադեշում և Գվինեայում, մուսուլմանները կազմում են բնակչության մեծամասնությունը[55]։
Պատմությանը հայտնի են մանկահասակ աղջիկների ամուսնությունների ավելի շատ դեպքեր, քան տղաների, և այժմ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, մանկահասակ հարսնացուներն անհամաչափորեն շատ են մանկահասակ փեսացուներից։
Սակայն անչափահաս երիտասարդի ամուսնությունը ևս չի կարելի անվանել բացառապես հազվագյուտ երևույթ․ 2014 թվականի սեպտեմբերի տվյալներով 18 տարին չլրացած 156 մլն տղա կա ամուսնացած։ Սակայն մանկահասակ տղաների ամուսնության պատճառների և հետևանքների հարցը բավարար չափով ուսումնասիրված չէ[56]։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ մանկական ամուսնությունների տարածմանը նպաստող գործոններն են աղքատությունը և դրա հետ կապված գոյատևման տնտեսական ռազմավարությունները, սեռային անհավասարությունը, հողատիրության և այլ սեփականության հետ կապված հարցերը, սեքսուալության վերահսկումը և ընտանիքի պատվի պաշտպանությունը, ավանդույթները և մշակույթը, չամուսնացած կնոջ կյանքի անվտանգությունն ապահովելու անհնարինությունը (վերջինս հատկապես ակտուալ է պատերազմի, սովի և համաճարակի ժամանակ)[40]։ Այլ պատճառների թվում են ամուսնությունների օգտագործումն իշխանության հետ կապված խնդիրները լուծելու և ընտանիքների միջև հարաբերությունները կարգավորելու համար[40]։ Մանկական ամուսնությունների տարածումը կարող է կապված լինել բնակչության թվի արագ աճի, մեծ քանակությամբ որբ երեխաների, տարբեր հիվանդությունների համաճարակների հետ[57]։
Որոշ երկրներում հարսնացուին օժիտ տալու հին ավանդույթը պահպանվել է մինչև այժմ։ Հաճախ օժիտ տալը հարսնացուի ծնողների համար չափազանց մեծ ծախսերի է հանգեցնում, հատկապես տնտեսական ճգնաժամերի, հետապնդումների, սեփականության անկանխատեսելի բռնագրավման և խտրականություն մտցնող հարկերի սահմանման ժամանակ, ինչպիսին ջիզիան է։ Նման տնտեսական դժվարությունները հաճախ են ծնողներին ստիպում իրենց դստերն ամուսնացել հենց այն ժամանակ, երբ բավականաչափ օժիտ են հավաքում՝ հաշվի չառնելով դստեր տարիքը։ Շլոմո Դով Գոյտեյնը նշում է, որ եվրոպացի հրեաները ևս այսպիսի ավանդույթ ունեն․ ամուսնացնել իրենց դստերը որքան հնարավոր է շուտ, հենց այն ժամանակ, երբ ծնողները կպատրաստեն փեսային բավարարող օժիտ[58]։
Մյուս ժողովուրդների ավանդույթներում ընդունված է հարսնագնի պրակտիկան․ երբ, ընդհակառակը, փեսան (կամ նրա ծնողները) պետք է գումար վճարեն կամ այլ սեփականություն տան հարսնացուի ծնողներին, որպեսզի վերջիններս տան իրենց համաձայնությունն այդ ամուսնությանը։ Որոշ երկրներում որքան հարսնացուն երիտասարդ է, այնքան շատ հարսնագին կարելի է ստանալ նրա համար[59]։ Այսպիսի պրակտիկան ավելի է նպաստում աղջիկների վաղ ամուսնությանը։ Լինում են նաև դեպքեր, երբ հարսնացուի ծնողներն այնքան ծանր նյութական վիճակում են լինում, որ նրանց համար դստերը «վաճառելը» միակ հնարավորությունն է դուրս գալ այդ վիճակից․ մյուսներն էլ նախօրոք դիտում են դուստրերին որպես ապրանք և ընտանիքի համար եկամտի աղբյուր[60][61][62]։ Այսպիսով, հարսնագնի ավանդույթը երբեմն հանգեցնում է ոչ միայն վաղ ամուսնությունների, այլև երեխաների վաճառքին[17][63][64]։
Վաղ ամուսնությունների թվի աճն զգացվում է նաև այնպիսի ամենաբարդ և վտանգավոր իրավիճակներում, ինչպիսիք են պատերազմները, բռնի կրոնափոխումը, տեղի ժողովուրդների գերեվարումը և ստրուկների վերածումը, արտաքսումը և բռնի վերաբնակեցումը, զանգվածային ձերբակալությունները։ Քանի որ այսպիսի դեպքերի մեծամասնությունում տղամարդիկ ավելի շատ են զոհվում կամ ազատազրկվում, քան կանայք, առաջանում է փեսացուների պակասորդ, որն էլ աղջկա ծնողներին ստիպում է նրան ամուսնացնել առաջին իսկ հնարավորության դեպքում, քանի դեռ փեսացուն չի գնացել կամ ինչ-որ բան չի պատահել։ Մինչև 19-րդ դարը Եվրոպայում գնչուների և հրեաների հետապնդումները, Արևմտյան Աֆրիկայում ստրուկների բռնազավթումը եվրոպացի գաղութարարների, իսկ Հնդկաստանում և Աֆղանստանում՝ մուսուլմանների կողմից, նպաստում էին մանկական ամուսնությունների թվի աճին այն ժողովուրդների շրջանում, որոնք այդպիսի բռնության զոհ էին դառնում[58][65][66]։
Այսպես, Նյու Յորք Թայմսի և այլ հետազոտողների տվյալներով՝ Հնդկաստանում մանկական ամուսնությունների տարածման հիմնական պատճառը նրանց զավթումն էր մուսուլմանների կողմից, որն սկսվեց ավելի քան հազար տարի առաջ։ Զավթիչները հաճախ էին բռնաբարում չամուսնացած հնդիկ աղջիկներին կամ առևանգում էին նրանց որպես ռազմավար, իսկ վաղ ամուսնությունը պաշտպանություն էր համարվում դրանից[67][68][69]։ Նման իրավիճակում էին նաև սեֆարդիները՝ մուսուլմանների լծի տակ 10-13-րդ դարերում․ սեֆարդների շրջանում աղջիկների վաղ ամուսնությունները ևս տարածված էին, և ավելի տարածվեցին Իսպանիայից Օսմանյան կայսրություն արտաքսված հրեաների շրջանում։ Արևելյան սեֆարդիների շրջանում, որոնք ապրում էին այնպիսի շրջաններում, որտեղ մուսուլմանները մեծամասնություն էին կազմում, մանկական ամուսնությունները շարունակվեցին նաև 19-րդ դարում[70][71][72]։
Սոցիալական անպաշտպանությունն ամբողջ աշխարհում մանկական ամուսնությունների հիմնական պատճառներից մեկն է։ Օրինակ՝ Նեպալում ծնողները վախենում են ենթարկվել հանրային պարսավանքի, եթե իրենց ավագ (18 տարեկանից բարձր) դուստրը շարունակում է ապրել իրենց տանը։ Մյուս վտանգը բռնաբարությունն է, որը, կարող է նաև հանգեցնել նրան, որ դրանից հետո զոհն ամուսնանալու փոքր հնարավորություն կունենա[73]։ Մյուս մշակույթներում վախենում են, որ չամուսնացած աղջիկը կարող է հեշտ ներգրավվել անթույլատրելի հարաբերությունների մեջ[74] կամ էլ փախչել սիրեկանի հետ և այդպիսով խայտառակել իր եղբայրներին և կրտսեր քույրերին զրկել հաջող ամուսնանալու հնարավորությունից։ Նմանատիպ մտքերը և հասարակական կարծիքի ճնշումը ևս հանգեցնում են վաղ ամուսնությունների։
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի համար դուստրը կարող է բեռ դառնալ, իսկ եթե նրան ամուսնացնել որքան հնարավոր է շուտ, ապա դա թեթևություն կբերի ոչ միայն ընտանիքին, այլև հենց նրան[75]․ չքավոր ծնողների ընտրությունը մեծ չէ[2][76]։
Մանկական ամուսնությունը կարող է դիտվել նաև որպես երիտասարդ կնոջ տնտեսական անվտանգության ապահովվածության միջոց, հատկապես այն դեպքերում, երբ ընտանիքն արդեն անկարող է նրան պահել, իսկ կինն ինքը հնարավորություն չունի իր գոյության համար միջոցներ հայթայթել[77]։ Հատկապես սա արդիական է այն էթնիկ խմբերի համար, որոնք խոցելի վիճակում են գտնվում․ հետազոտողները նշել են, որ աշխարհի տարբեր մասերում սփռված հրեաների շրջանում մանկական ամուսնությունների հաճախակիությունը պայմանավորված էր աղքատությամբ, փեսացուների պակասով, տնտեսական և սոցիալական անկայունությամբ[78][79][80]։
Վաղ ամուսնությունների մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ ծնողների վախը՝ դստեր ֆիզիկական անվտանգության համար և այն հույսը, որ ամուսինը վերջինիս կպաշտպանի բռնությունից, անկանոն սեռական կյանքից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից[2]։ Սակայն իրականում մանկահասակների ամուսնությունն իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ մեծացնում է այդպիսի վարակներով վարակվելու հավանականությունը․ ամուսնացածներն ավելի հաճախ են վարակվում ՁԻԱՀ-ով կամ մարդու պապիլոմայի վիրուսով, քան չամուսնացածները[2]։
Երկարատև զինված հակամարտությունների ժամանակ երիտասարդ կանանց հաճախ են ամուսնացնում զինծառայողների կամ տարբեր զինված խմբավորումների անդամների հետ՝ այն հույսով, որ զինված ամուսնու կողքին կինն անվտանգ կլինի․ հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ զինված տղամարդիկ իրենց համար բռնի կերպով հարսնացուներ են վերցնում[77]։
Մանկական ամուսնությունը կարող է կախված լինել սոցիալ-տնտեսական կարգավիճակից։ Մի շարք երկրներում՝ այդ թվում և միջնադարյան ֆեոդալական Եվրոպայում, ազնվականները ձգտում էին իրենց զավակների ամուսնություններն օգտագործել քաղաքական նպատակներով, անվանի ընտանիքների միջև քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու համար[81]։ Այսպիսի ամուսնությունը դիտվում էր որպես կարևոր պարտավորեցնող համաձայնագիր, իսկ դրա խզումը կարող էր հանգեցնել լուրջ հետևանքների ինչպես ամուսինների, այնպես էլ նրանց բարեկամների համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն՝ աշխարհում տարեկան 18 տարին չլրացած մոտ 10 մլն կին է ամուսնանում[82]։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ եթե ներկայիս միտումները պահպանվեն հետագա տարիներին ևս, ապա ամեն օր կկնքվի մինչև 39000 մանկական ամուսնություն, իսկ անչափահաս հարսնացուների թիվը տարեկան կկազմի մոտ 14,2 մլն[83]։ 2000-2011 թվականներին զարգացած երկրներում 20-24 տարեկան կանանց մոտ 1/3-ը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը։ 2010 թվականին այդպիսի կանանց թիվը 67 մլն էր։ Նրանց մոտ 12%-ն ամուսնացել կամ սկսել են համատեղ կյանք վարել իրենց ամուսինների հետ, երբ չէր լրացել նրանց 15 տարին[40]։
Ըստ «Save the Children» կազմակերպության 2016 թվականի տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ 15 տարեկանը չլրացած աղջիկ է ամուսնանում[84][85]։
Մանկական ամուսնությունների տարածվածությունը տարբեր երկրներում էականորեն տարբերվում է[40]։
Շատ ավանդական համայնքներում մանկական ամուսնությունները միանգամայն սովորական երևույթ են, հատկապես այնտեղ, որտեղ պահպանվել է հարսնագնի սովորույթը։ Մանկական ամուսնությունն ավելի բնորոշ է զարգացող երկրներին և որոշ էթնիկ խմբերին (օրինակ՝ գնչուներին)[86]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մանկական ամուսնությունների մեծ մասը կնքվում է Ենթասահարայի գյուղական շրջաններում, որտեղ կանանց 1/3-ից ավելին ամուսնանում է 18 տարին չլրացած և Հարավային Ասիայում, որտեղ հարսնացուների գրեթե կեսն ամուսնանալու պահին անչափահաս է։ 2017 թվականի տվյալներով՝ մանկական ամուսնությունների հարաբերական տարածվածությամբ աշխարհում առաջատար է Նիգերը, որտեղ դրանց թիվը հասնում է 76 %-ի, այնուհետև գալիս է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (68 %), Չադը (67%), Բանգլադեշը (59%), Մալին (52%), Հարավային Սուդանը (52%), Բուրկինա Ֆասոն (52%), Գվինեան (51%), Մոզամբիկը (48%), Հնդկաստանը (47%)։
Քաղաք | % |
---|---|
Նիգեր | 76 |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 68 |
Չադ | 67 |
Բանգլադեշ | 59 |
Մալի | 52 |
Հարավային Սուդան | 52 |
Բուրկինա Ֆասո | 52 |
Գվինեա | 51 |
Մոզամբիկ | 48 |
Հնդկաստան | 47 |
Սակայն մանկական ամուսնությունների համաշխարհային առաջատարն է Հնդկաստանը, որին բաժին է ընկնում աշխարհի բոլոր մանկական ամուսնությունների մոտ 40 %-ը․ դա կապված է նաև նրա մեծաքանակ բնակչությամբ և այդ երկրի այլ առանձնահատկություններով[82][83]։ Չնայած այժմ Հնդկաստանում անչափահասների հետ ամուսնություններն արգելված են և նույնիսկ պատժվում են քրեորեն՝ այն տարածված է հատկապես հեռավոր գյուղերում և դրանց մասին շատ հազվադեպ են հայտնում ոստիկանությունը[82]։ Արդյունքում, ըստ ԱՀԿ-ի, հնդիկ հարսնացուների 47 %-ի 18 տարին լրացած չէ[83]։ Հարևան Բանգլադեշում մանկական ամուսնությունների թիվն ավելի շատ է․ այդ ցուցանիշով այն Հարավային Ասիայի երկրների շարքում առաջատարն է։ Եվ այնտեղ ևս, չնայած մանկական ամուսնությունների արգելքին, կնոջը հաճախ են ամուսնացնում և ամուսնու տուն տանում սեռական հասունացումից անմիջապես հետո[82]։
Ստորև աղյուսակում ներկայացվում է որոշ երկրներում մանկական ամուսնությունների տարածվածության մասին տվյալներ։ Վերցված է 20-24 տարեկան այն կանանց տվյալները, որոնք առաջին անգամ ամուսնացել են (պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես) 18 տարին չլրացած․ այս տվյալն էլ օգտագործվում է որպես մանկական ամուսնությունների տարածվածության ցուցանիշ։ Օգտագործվել են ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «International Center for Research on Womenruen»-ի ուսումնասիրությունների տվյալները։ Այս տվյալները կարող են հնացած լինել, քանի որ ICRW-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտություններն անց են կացվել 10-20 տարի առաջ, իսկ ՄԱԿ-ի հետազոտությունները՝ 10-15 տարի առաջ։ Ավելի արդիական տվյալներ դեռևս հասանելի չեն։
Երկիր | Մինչև 18 տարեկանն ամուսնացածներ (%) (ICRW-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներ)[88][89] (փակագծերում նշված է հետազոտության տարին) |
Մինչև 18 տարեկանն ամուսնացածներ (%) (ՄԱԿ-ի տվյալներ)[90] |
---|---|---|
Նիգեր | 76 (2012) | 62 |
Չադ | 68 (2010) | 49 |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 68 (2010) | 42 |
Բանգլադեշ | 65 (2011) | 48 |
Մալի | 55 (2010) | 50 |
Գվինեա | 52 (2012) | 46 |
Մալավի | 50 (2010) | 37 |
Մոզամբիկ | 48 (2011) | 47 |
Մադագասկար | 41 (2012) | 34 |
Սիերա Լեոնե | 44 (2010) | 47 |
Բուրկինա Ֆասո | 52 (2010) | 35 |
Հնդկաստան | 47 (1999֊2005) | 30 |
Սոմալի | 45 (1998֊2006) | 38 |
Նիկարագուա | 41 (2000֊2006) | 32 |
Զամբիա | 42 (2002֊2007) | 24 |
Էրիթրեա | 41 (2010) | 38 |
Ուգանդա | 40 (2011) | 32 |
Եթովպիա | 41 (2011) | 30 |
Նեպալ | 41 (2011) | 40 |
Դոմինիկյան Հանրապետություն | 41 (2009֊2010) | 29 |
Աֆղանստան | 40 (2012) | 29 |
Բոլոր մանկական ամուսնությունների գրեթե կեսից ավելին տեղի է ունենում Հնդկաստանում, Բանգլադեշում և Նեպալում[91]։ 1991-2007 թվականներին մանկական ամուսնությունների թիվը Հարավային Ասիայում ընդհանուր առմամբ նվազեց, սակայն հիմնականում աղջիկների՝ վաղ պատանեկության տարիքում չամուսնանալու հաշվին, սակայն ուշ պատանեկության տարիքում ամուսնանալը շարունակվեց։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ մանկական ամուսնությունների այսպիսի տարիքային ընտրողական նվազումը կապված է այն բանի հետ, որ աղջիկները սկսեցին ավելի հաճախ դպրոցում սովորել մինչև 15 տարեկանը, այնուհետև ամուսնանալ[92]։
Մանկական ամուսնությունները տարածված են Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի լեռնային ժողովուրդների շրջանում։ Կարենները կարող են պայմանավորվել իրենց երեխաների ամուսնության համար նախքան նրանց ծնվելը[93]։
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների՝ Ինդոնեզիայում 2012 թվականին անչափահաս աղջիկների 22 %-ն ամուսնացել է, ընդ որում՝ նրանց 12 %-ն ամուսնացել է մինչև 15 տարեկանը[94],․ մանկահասակ կինը հաճախ ամուսնու միակ կինը չի դառնում։ Բազմիցս հաղորդվել է, որ մուսուլման կրոնական գործիչներն ամուսնանում էին միանգամից մի քանի անչափահաս աղջիկների հետ, որոնցից ոմանք 12 տարեկանից էլ ցածր էին։ Ինդոնեզիայի դատախազությունը փորձում էր վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկել, սակայն տեղական դատարանները թեթև պատիժ էին սահմանում և չէին ազատազրկում[95]։
Ընդ որում Ինդոնեզիայում դեռևս 1974 թվականին ընդունվել է «Ամուսնության մասին օրենքը», որն ամուսնության համար նվազագույն տարիք էր սահմանում կանանց համար 16 տարեկանը, տղամարդկանց համար՝ 19 տարեկանը։ Սակայն փաստացի վաղ ամուսնություններ շարունակում էին կնքվել, իսկ Ինդոնեզիայում համացանցի հայտնվելը ոչ թե թուլացրեց, այլ ուժեղացրեց այս միտումը․ ամուսնության նպատակով մանկահասակների հետ ավելի շատ ծանոթություններ հաստատվում էին Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում։ Սա հատկապես արդիական էր Ջոկյակարտա շրջանի Գունունգ Կիդուլ քաղաքում։ Ֆեյսբուքով ծանոթացած զույգերը զարգացնում էին իրենց հարաբերությունները մինչև աղջիկը հղիանում էր[96]։ Սումատրա կղզու Աչեխ պրովինցիայում ընդունված էր աղջիկներին ամուսնացնել մինչև սեռական հասունացումը, սակայն ամուսինները (որոնք սովորաբար զգալիորեն ավելի մեծ էին) պետք է սպասեին մինչև իրենց մանկահասակ կանայք հասունանային նախքան նրանց հետ ինտիմ հարաբերություններ ունենալը[97]։ Նմանատիպ ավանդույթ գործում էր նաև Ֆիջի կղզիներում[97]։
2013 թվականի տվյալներով՝ Աֆղանստանի ամուսնացած կանանց 53 %-ն ամուսնացել է մինչև 18 տարեկանը, այդ թվում՝ 21 %-ը՝ մինչև 15 տարեկանը։ Այդուհանդերձ, Աֆղանստանում ամուսնության պաշտոնական նվազագույն տարիքը կանանց համար սահմանված է 15 տարեկանը (աղջկա հոր թույլտվությամբ)[98]։ Երկրի բոլոր 34 պրովինցիաներում գործում է «բաադ»-ի ավանդույթը․ գյուղերի ավագները («ջիրգա») լուծում են ընտանիքների միջև ծագած վեճերը, չվճարված պարտքերի հարցերը և նույնիսկ ընտանիքի անդամներից մեկի կողմից կատարված հանցանքի համար ընտանքին պատիժ են սահմանում։ «Հատուցման» կամ «մեղանչելու» նպատակով հնարավոր է «մեղավոր» ընտանիքի 5-12 տարեկան աղջկան ամուսնացնեն։ Եղել են դեպքեր, երբ աղջիկն այս ձևով հատուցել է իր քեռու կամ ավելի հեռու բարեկամի կատարած հանցանքի համար[99][100]։
Բանգլադեշն աշխարհում ամենաշատ մանկական ամուսնություններ ունեցող երկրներից մեկն է, որին բաժին է ընկնում կնքված մանկական ամուսնությունների մեկ երրորդը։ 2005 թվականի վիճակագրությամբ՝ 25-29 տարեկան ամուսնացած կանանց 49%-ն ամուսնացել է մինչև 15 տարեկանը[101]։ Ինչպես նշված է «State of the World’s Children-2009»-ում, 20-24 տարեկան ամուսնացած կանանց 63%-ն ամուսնացել է մինչև 18 տարեկանը։ 2008 թվականի հետազոտությունների տվյալներով՝ Բանգլադեշի գյուղական շրջաններում յուրաքանչյուր տարի, որ աղջիկը չի ամուսնանում, հաճախում է դպրոց[57]։ Վաղ ամուսնացած կանայք այս շրջանում սովորաբար ավելի քիչ ազդեցություն ունեն ընտանեկան ծրագրերի և գործերի վրա, ամուսնու ընտանիքում ավելի ցածր կարգավիճակ ունեն, և նրանց շրջանում մայրական մահացությունը զգալիորեն բարձր է, քան նրանց մոտ, ովքեր ամուսնացել են ավելի մեծ տարիքում[57]։ Վաղ տարիքում ամուսնացածներն ավելի հաճախ են վաղ ախտորոշում անցնում և բուժվում հիվանդություններից[57]։
2006 թվականին հայտնի դարձավ 11-ամյա Միա Արմադորի՝ 48-ամյա ամուսնու կողմից խոշտանգման և սպանության պատմությունը։ Այս աղջկա անունով կոչվեց ընդունված օրենքը (Միայի օրենք), որն ուղղված էր վաղ ամուսնություններում մանկահասակների պաշտպանությանը։ Այն չբարձրացրեց ընդհանուր ամուսնական տարիքը, սակայն սահմանեց, որ մինչև 13 տարեկանն ամուսնանալ հնարավոր է միայն իշխանությունների հատուկ թույլտվությամբ[102]։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2009 թվականին հրապարակած տվյալների՝ Հնդկաստանում 20-24 տարեկան կանանց 47 %-ն ամուսնացել է մինչև 18 տարեկանը, իսկ գյուղական բնակավայրերում դրանց թիվը կազմել է 56%[1]։ Հնդկաստանում է կնքվել աշխարհում կնքված մանկական ամուսնությունների 40%-ը[82][83][103]։
Այդուհանդերձ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես Աֆրիկայի դեպքում, հիմնվում է 1999 թվականին կատարած ոչ մեծ հետազոտության տվյալների վրա[104]։ Հնդկաստանում մանկական ամուսնությունների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած հետազոտությունները կատարվել են 2004-2005 թվականներին, այլ հետազոտողների տվյալներով[91]՝ Հնդկաստանում մանկական ամուսնությունների թիվը քիչ է։ Այսպես, Ռաջա և այլնի (Raj et al.) տվյալներով, որոնք ոչ մեծ հարցում են անցկացրել 2005 թվականին՝ Հնդկաստանում աղջիկների 22%-ն ամուսնացել է 16-18 տարեկանում, 20%-ը՝ 13-16 տարեկանում, իսկ 2-6%-ը՝ մինչև 13 տարեկանը։ Ըստ 2011 թվականի Հնդկաստանի բնակչության մարդահամարի տվյալների՝ կանանց համար ամուսնության միջին տարիք է արձանագրվել 21 տարեկանը[105]։ Ըստ մեկ այլ հետազոտության տվյալների՝ 2009 թվականին Հնդկաստանում մանկական ամուսնությունների թիվը նվազեց մինչև 7%[106]։ Ըստ Հնդկաստանի ժողովրդագրական ծառայության տվյալների՝ 2001 թվականին 10 տարեկանից ցածր ոչ մի աղջիկ չի ամուսնացել․ 10-14 տարեկան 59.2 մլն աղջիկներից ամուսնացել է 1.4 մլն-ը, իսկ 15-19 տարեկան 46.3 մլն աղջիկներից՝ 11.3 մլն-ը (այս թվի մեջ են մտնում նաև 18-19 տարեկան չափահասները)[107]։ 2011 թվականին Հնդկաստանի ժողովրդագրական ծառայությունը հայտնեց, որ արդեն 18 տարեկանը չլրացած աղջիկների 3.7%-ն է ամուսնացած[108]։
1929 թվականին, երբ Հնդկաստանը դեռ բրիտանական գաղութ էր, ընդունվեց «Մանկական ամուսնությունների սահմանափակման մասին օրենքը», որն արգելում էր 21 տարեկանից ցածր տղամարդկանց և 18 տարեկանից ցածր կանանց ամուսնանալ․ օրենքը տարածվում էր հինդուիզմի, բուդդիզմի հետևորդների, քրիստոնյաների և Հնդկաստանի բնակչության մեծ մասի վրա։ Տվյալ օրենքը գործում է մինչ այժմ և կրկին չի վերաբերվում մուսուլմաններին, որոնք կազմում են Հնդկաստանի բնակչության 165 միլիոնը։ Օրենքի կապը կրոնի հետ պաշտոնապես ճանաչվել է դեռ բրիտանական գաղութի իշխանությունների կողմից, որոնք հրատարակեցին «Մուսուլմանական անձնային օրենքներ»-ը, իսկ 1937 թվականին դրանք օրինակարգեցին «Հնդկական մուսուլմանական անձնային օրենքների կիրառման ակտ»-ի (շարիաթի)։ Այդ առանձին մուսուլմանական օրենքների համաձայն՝ աղջիկը կարող էր ամուսնանալ 9 տարեկանից կամ նույնիսկ ավելի վաղ, եթե նրա խնամակալը («վալի») համարի, որ աղջիկը սեռահասուն է[109][110]։ Վերջին 25 տարիների ընթացքում All India Muslim Personal Law Board-ը և այլ մուսուլմանական հասարակական կազմակերպություններն ակտիվորեն ընդդիմանում էին Հնդկաստանում ընդունվող և գործի դրվող մանկական ամուսնությունների մասին օրենքներին, դա հիմնավորելով նրանով, որ հնդիկ մուսուլմանական ընտանիքները կրոնական իրավունք ունեն ամուսնացնել իրենց դուստրերին 15 և նույնիսկ 12 տարեկանում[111]։ Հնդկաստանի մի քանի նահանգներ նշում են, որ իրենց տարածքում մանկական ամուսնությունների թիվը հատկապես բարձր է մուսուլմանական և տոհմային համայնքներում[112][113]։ Հնդկաստանի կառավարության «Կանանց և երեխաների զարգացման բաժնի» հրատարակած «Հանուն երեխաների գործողությունների ազգային ծրագիր 2005»-ում նպատակ էր դրվել 2010 թվականին ամբողջովին արմատախիլ անել մանկական ամուսնությունները։ 2006 թվականին «Մանկական ամուսնություններն արգելող օրենքը» արգելում էր մանկական ամուսնությունների ոչ միայն պետական գրանցումը, այլև մանկահասակ նորապսակների մասնակցությամբ հարսանեկան տոնախմբությունների և արարողությունների անցկացումը։ Այդ օրենքով սահմանվեց ամուսնության համար նվազագույն տարիքը` 21 տարեկան՝ տղամարդկանց և 18 տարեկան՝ կանանց համար։
Որոշ մուսուլմանական կազմակերպություններ ծրագրում էին վիճարկել այդ օրենքը Հնդկաստանի գերագույն դատարանում[114]։ Հետագա տարիներին Հնդկաստանի գերագույն դատական մարմինները, այդ թվում՝ Գուջարաթ նահանգի գերագույն դատարանը[115], Կարնատակա նահանգի գերագույն դատարանը[116] և Մադրասի գերագույն դատարանը[117] սահմանեցին, որ «Մանկական ամուսնություններն արգելող օրենքը» գործում է Հնդկաստանի ամբողջ տարածքի վրա և ավելի շատ իրավաբանական ուժ ունի, քան ցանկացած անձնային օրենք, այդ թվում՝ մուսուլմանական։
Ներկայումս Հնդկաստանում (2016) անչափահասների հետ ամուսնություններն արգելված են և նույնիսկ քրեորեն պատժելի են, սակայն դրանք շարունակում են կնքվել տեղական համայնքներում (հատկապես հեռավոր գյուղերում) և դրանց մասին հազվադեպ են հայտնում ոստիկանությանը[82]։
Եմենի աղջիկների կեսից ավելին ամուսնանում է մինչև 18 տարեկանը, որոշները նույնիսկ 8 տարեկանում[118][119], որն արգելված չէ երկրի օրենքներով։ Եմենի կառավարության շարիաթական օրենսդիր կոմիտեն խոչընդոտում է ամուսնական տարիքի բարձրացումը մինչև 18 և նույնիսկ 15 տարեկանը՝ համարելով, որ ցանկացած օրենք, որը կանանց համար սահմանում է նվազագույն ամուսնական տարիք, հակասում է իսլամին։ Եմենի մուսուլման հասարակական ակտիվիստները պնդում են, որ որոշ աղջիկներ 9 տարեկանում էլ լիովին պատրաստ են ամուսնանալ[120][121]։ Ըստ Human Right Whatch-ի՝ Եմենում նախկինում կանանց համար ամուսնության նվազագույն տարիքը 15 տարեկանն էր, սակայն 1999 թվականին այն չեղարկվեց, իսկ դրա փոխարեն ամուսնական հարաբերություններ ունենալու համար պարտադիր պայման ընդունվեց սեռական հասունացումը, որը, ըստ պահպանողական մուսուլմանների, սկսվում է 9 տարեկանում[122]։ Գործնականում «Եմենի օրենքները թույլ են տալիս աղջիկներին ամուսնացնել ցանկացած տարիքում, սակայն վերջիններիս հետ արգելվում է ինտիմ հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև նրանք պատրաստ կլինեն կենակցել»[118]։
Վերը նշված թվերը հիմնված են 1990-2000 թվականներին HRW-ի կողմից իրականացված հետազոտությունների վրա։ Եմենում մանկական ամուսնությունների խնդրի շուրջ ավելի արդիական և հավաստի տվյալներ դժվար է գտնել երկրում բռնի հակամարտությունների պարբերաբար ծագման և այլ խոչընդոտների պատճառով[118]։ Սակայն որոշ դեպքեր Եմենում սկանդալային հանրաճանաչություն ձեռք բերեցին[123]։ Այսպես, 2008 թվականի ապրիլին 10-ամյա Նուջուդ Ալին դատարանով ամուսնալուծվեց ամուսնուց, որը պարբերաբար ծեծում և բռնաբարում էր վերջինիս՝ չնայած նրան, որ աղջիկը դեռ սեռական հասունացման չէր հասել։ Այս դեպքը ամուսնական նվազագույն տարիքի բարձրացման վերաբերյալ քննարկումների նոր ալիք բարձրացրեց։ Ավելի ուշ՝ 2008 թվականին, Մայրության և մանկության գերագույն հյուպատոսն առաջարկեց նվազագույն տարիքը դարձնել 18 տարեկան։ Ամուսնական նվազագույն տարիքը 17 տարեկան դարձնելու օրենքն ընդունվեց 2009 թվականի ապրիլին, սակայն հաջորդ օրը չեղարկվեց ընդդիմադիր պառլամենտականների քաղաքական խուսանավումների պատճառով․ դրա շուրջ բանակցությունները շարունակվում են[124]։ Միևնույն ժամանակ Նուջուդ Ալիի հետ կատարվածը ստիպեց եմենցիներին հասնել ամուսնական տարիքի բարձրացման օրենքի ընդունմանը[125]։ Իսկ 2013 թվականի սեպտեմբերին 8-ամյա աղջիկ մահացավ իր 40-ամյա ամուսնու հետ առաջին ամուսնական գիշերից հետո՝ ներքին արյունահոսությունից և արգանդի պատռվածքից[126]։
Հետազոտող Սինտիա Գորնին պատմում է Եմենի մուսուլման ակտիվիստների հետ շփման իր փորձի մասին[127]․
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2011 թվականին Նեպալում մանկական ամուսնությունները կազմում էին 28,8%[128]։ Նույն տվյալներով մինչև 15 տարեկանն ամուսնացել են մուսուլմանական ընտանիքների աղջիկների 79,6%-ը, լեռնային շրջանների աղջիկների 69,7%-ը (անկախ կրոնից) և գյուղական այլ բնակավայրերի աղջիկների 55,7%-ը։ Նեպալի ապահովված ընտանիքներում մանկական ամուսնություններն ավելի հազվադեպ են, այսպես, վերին դասին պատկանող ընտանիքների աղջիկներն ամուսնանում են միջինում 2 տարի ավելի ուշ, քան Նեպալի մնացած աղջիկները[129]։
2013 թվականի երկու զեկույցների համաձայն՝ Պակիստանում կնքված բոլոր ամուսնությունների ավելի քան 50 %-ի դեպքում հարսնացուները 18 տարեկանից ցածր են[130][131]։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ Պակիստանում աղջիկների 70 %-ից ավելին ամուսնանում է մինչև 16 տարեկանը[132], սակայն ինչպես Հնդկաստանի և Աֆրիկայի դեպքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս թվերը հիմնված են ոչ մեծ հետազոտության արդյուքների վրա, որը կատարվել է դեռևս 1990-ական թվականներին։ 13 տարեկանից ցածր ամուսնացողների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն, ըստ ՄԱԿ-ի, այն աճում է[133]։ Էնդրյու Բուշելը հայտնում է, որ Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններում 8-13 տարեկան աղջիկների կեսից ավելին արդեն ամուսնացած են[134]։ Ըստ Population Councilruen-ի տվյալների՝ վաղ ծննդաբերությունը ևս տարածված է Պակիստանում․ կանանց 35 %-ն առաջին երեխային ունենում է մինչև 18 տարեկանը, 67 %-ը հղիանում է մինչև 19 տարեկանը (և նրանցից 69 %-ը ծննդաբերում է նույն տարիքում)[135]։ Մինչև 19 տարեկանն ամուսնացած աղջիկների միայն 4 %-ն է ասում, որ ամուսնանալիս հաշվի է առնվել իրենց կարծիքը, 80 %-ն ամուսնացել է մոտ կամ հեռու բարեկամների հետ[136]։
Պակիստանում սովորույթ կա, որը կոչվում է «սվարա» կամ «վանի», երբ գյուղի ավագանին լուծում է ընտանիքների՝ չվճարված պարտքերի շուրջ առաջացած վեճերը մանկահասակ դուստրերի ամուսնության միջոցով։ Սվարայով ամուսնացող աղջիկների միջին տարիքը 5-9 տարեկան է[132][137]։ Պակիստանում տարածված մեկ այլ ավանդույթը, որը կրկին հանգեցնում է վաղ ամուսնությունների, «վատա սատա»-ն է՝ քույր-եղբայրների ամուսնությունը, եթե մի ընտանիքի որդին ամուսնանում է մյուս ընտանիքի դստեր հետ, ապա երկրորդ ընտանիքի որդին պետք է ամուսնանա առաջին ընտանիքից աղջկա հետ[138]։
Իրավապահ խմբերը նշում են Սաուդյան Արաբիայում մանկական ամուսնությունների համընդհանուր տարածումը[139]։ Դատարանները և իսլամական կրոնական գործիչներն արդարացնում են աղջիկների՝ 9 տարեկանից սկսած ամուսնությունները[140]։ Սաուդյան Արաբիայի օրենքներն ընդհանրապես չեն սահմանում նվազագույն ամուսնական տարիք, միայն 2011 թվականին առանձին փորձեր արվեցին դրա օրենսդրական հաստատման համար[141]։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունը ցույց տվեց, որ Թուրքիայում ամուսնացող աղջիկների 28.2 %-ի 18 տարեկանը չի լրացել[142][143]։
Լիբանանում մանկական ամուսնությունները ևս տարածված են սիրիացի և պաղեստինցի փախստականների շրջանում, տարածված են նաև սեքսուալ և այլ կարգի բռնությունները։ Դստեր վաղ ամուսնությունը դիտվում է որպես ընտանիքի պատիվը պաշտպանելու, ինչպես նաև աղջկան բռնաբարելուց պաշտպանելու փորձ, որը զինված հակամարտությունների գոտում և փախստականների որոշ ճամբարներում սովորական երևույթ է[144]։ Սիրիայում և սիրիացի փախստականների շրջանում հակամարտության զարգացմանը զուգընթաց աճում է նաև մանկական ամուսնությունների թիվը։ Այսպես, Հորդանանում ապրող սիրիացի փախստական աղջիկների շրջանում ամուսնացածների թիվը 2011 թվականին կազմում էր 13%, իսկ 2014 թվականին՝ 32%[145]։ Այս խնդրի ուսումնասիրմամբ զբաղվում էին լրագրողներ Մագնուս Վենմանը և Կարինա Բերգֆելդտը[146]։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ մանկական ամուսնություններն առավել տարածված են Աֆրիկայի երկրներում․ դրանցից երեքում աղջիկների ավելի քան 70%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը[55]։ Նիգերում 20-24 տարեկան ամուսնացած կանանց 76%-ն ամուսնացել է 18 տարին չբոլորած, այդ թվում՝ 28%-ը՝ մինչև 15 տարեկանը[101]։ Այս տվյալները 1995-2004 թվականներին կատարված ոչ մեծ հետազոտությունների արդյունք են։ Ավելի նոր տվյալներ չկան, որովհետև Աֆրիկայի այդ մասում սոցիալական հետազոտությունների անցկացմանը խոչընդոտում են պարբերական բռնի հակամարտությունները և ենթակառուցվածքի բացակայությունը[147]։
Աֆրիկյան պետությունների մեծամասնությունում ամուսնության պաշտոնական տարիք է սահմանված 16-18 տարեկանը։ Սակայն Եթովպիայում, Չադում և Նիգերում պետական օրենքը թույլ է տալիս ամուսնանալ 15 տարեկանից, ընդ որում տեղի ավանդույթները և կրոնական դատարանների որոշումներն այդ երկրներում նույնպես ուժ ունեն և դրանք իրավունք ունեն թույլ տալ 12 տարին չլրացած երեխաներին ամուսնանալ[148]։ Աղջիկների վաղ ամուսնությունները լայնորեն տարածված են Արևմտյան և Հյուսիսարևելյան Աֆրիկայում[149]։ Բացի այդ, աղքատությունը, կրոնը, ավանդույթները և հակամարտությունները զգալիորեն խթանում են մանկական ամուսնությունների տարածվածությանը Աֆրիկայի Ենթասահարայի որոշ տեղանքներում[150][151]։ Հարսնագնի ավանդույթը գործում է աֆրիկյան շատ ցեղերում։ Որպես հարսնագին կարող է ծառայել փողը, տնային կենդանիները կամ նյութական այլ արժեքները։ Որոշ տեղերում որքան երիտասարդ է հարսնացուն, այնքան թանկ վերջինս արժի, և այդտեղ գնում են նույնիսկ սեռական հասունության չհասած աղջիկների։ Որպես կանոն, մանկահասակ կնոջն անմիջապես ուղարկում են ամուսնու տուն, և ծնողներն այլև չեն պահում նրան։ Ծայր աղքատության պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքների համար երիտասարդ աղջիկների «ամուսնական վաճառքը» հաճախ ընտանիքի մյուս անդամներին սնունդով, հագուստով, բնակարանով և կրթությամբ ապահովելու միակ հնարավորությունն է։ Անչափահաս կանայք շատ ավելի հաճախ են հանդիպում, քան անչափահաս տղամարդիկ․ օրինակ՝ Քենիայում 21 անգամ, Մալիում՝ 72[150]։
Ըստ տարբեր տվյալների՝ Ենթասահարայի շրջանի մի շարք երկրներում շատ են այն կանայք, որոնք ամուսնանում են 15 տարին չլրացած, իսկ այդ երկրների իշխանությունները ուշադրություն չեն դարձնում այդպիսի վաղ ամուսնությունների և սեռական վաղ կյանքի արդյունքում առաջացած հիվանդություններին և այլ խնդիրներին, այդ թվում՝ մանկաբարձական ուղիղաղիք-հեշտոցային խուղակները, թերհաս և մեռելածին երեխաների ծնունդը, սեռավարակները (ներառյալ արգանդի վզիկի քաղցկեղը), մալարիան[150]։ Եթովպիայի և Նիգերիայի որոշ շրջաններում շատ կանայք ամուսնանում են մինչև 15 տարեկանը․ հայտնի են նաև 7-ամյա կանայք[101]։ Մալիի առանձին շրջաններում կանանց 39%-ն ամուսնանում է 15 տարին չլրացած, իսկ Նիգերում և Չադում կանանց 70%-ն ամուսնանում է 18 տարին չլրացած[150]։
Ամուսնացած աղջիկները հաճախ թողնում են ուսումը․ 2006 թվականին Նիգերիայում դպրոցը կիսատ թողնելու դեպքերի 15-20%-ը կապված է մանկական ամուսնությունների հետ[152]։ 2013 թվականին Նիգերիայում օրենքում փոփոխություններ արվեցին, որոնցով արգելվեցին մանկական ամուսնությունները։ Սակայն Նիգերիայի մուսուլմանական նահանգները կտրուկ դեմ եղան սրան՝ համարելով մանկական ամուսնությունների արգելքի փորձը հակասող իսլամին։ Մուսուլմանները կազմում են այդ երկրի բնակչության մոտ կեսը, իսկ քրիստոնյաները՝ կեսից քիչ ավելին, և այնտեղ մուսուլմանների և քրիստոնյաների համար գործում են տարբեր օրենքներ։ Քրիստոնյաների համար շարունակում է գործել այն օրենքը, որը գործում էր, երբ Նիգերիան բրիտանական գաղութ էր, և այդ օրենքն արգելում է մանկական ամուսնությունները։ Սակայն այն չի տարածվում մուսուլմանների վրա[153][154]։ Նիգերիայի հյուսիսային նահանգներում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, աղջիկների ավելի քան կեսն ամուսնանում է մինչև 15 տարեկանը[155][156]։
2016 թվականին Ռամադանի վերջում Գամբիայի նախագահ Յահյա Ջամեն հայտարարեց մանկական և բռնի ամուսնությունների արգելման մասին[157][158]։ 2015 թվականին Մալավիում օրենք ընդունվեց, որն արգելում էր ամուսնանալ մինչև 18 տարեկանը[159]։ Դրան նախորդում էր հասարակական երկար արշավը, որն իրականացնում էր Girls Empowerment Network-ը[160]։
Մարոկոյում մանկական ամուսնությունները սովորական երևույթ են, և տարեկան ավելի քան 41000 հարսանիք է լինում անչափահաս հարսնացուների հետ[161][162]։ Մինչև 2003 թվականը մանկական ամուսնությունները դատարանի կամ իշխանության այլ մարմնի թույլտվության կարիքը չունեին․ 2003 թվականին Մարոկոյում ընդունվեց ընտանիքի մասին օրենքը, որով բարձրացվեց ամուսնացող աղջիկների նվազագույն տարիքը 14-ից 18 տարեկան, սակայն օրենքը նաև բացառություն էր թույլ տալիս․ դատարանի (կամ այլ իրավասու մարմնի) և աղջկա խնամակալի թույլտվությամբ հնարավոր էր ամուսնանալ ավելի վաղ տարիքում[163][164][165]։ Մինչև 2008 թվականը վաղ ամուսնությունների թույլատրման հայցերի քանակը շատացավ, դրանցից շատերը բավարարվեցին Մարոկոյի Սոցիալական զարգացման նախարարության կողմից և արդյունքում մանկական ամուսնությունները կազմեցին տվյալ երկրում գրանցված ամուսնությունների 29%-ը[162][166]։ Մանկական ամուսնությունների մի մասը կապված էր բռնաբարությունների հետ․ Մարոկոյի քրեական օրենսգրքի 475 հոդվածի համաձայն բռնություն գործադրողը կարող էր խուսափել պատժից՝ ամուսնանալով անչափահաս տուժողի հետ[167][168]։ Միայն 2014 թվականի հունվարին՝ հասարակական երկար պայքարից հետո, հոդվածում փոփոխություններ մտցվեցին, որով բռնաբարության պատասխանատվությունից խուսափելու նմանօրինակ ազատում այլևս չկա[169]։
ՀԱՀ-ի օրենքը հարգում է ամուսնական ավանդույթները և ամուսնության համար նվազագույն տարիք է սահմանում աղջիկների համար 12 տարեկանը, իսկ տղաների համար՝ 14-ը[150]։ 2016 թվականին Տանզանիայի գերագույն դատարանը Msichana Initiative-ի՝ աղջիկների՝ կրթության իրավունք ունենալու համար պայքարող խմբի հայցով արգելեց մանկական ամուսնությունները[158][170], և այդ օրվանից 18 տարին չլրացած որևէ անձ չի կարող օրինական ամուսնանալ Տանզանիայում[170]։ 2015 թվականին Human Rights Watch-ի հաղորդմամբ՝ Զիմբաբվեի 20-49 տարեկան ամուսնացած կանանց մեկ երրորդն ամուսնացել է 18 տարին չլրացած[171]։ 2016 թվականի հունվարին 2 այդպիսի կանայք դիմեցին Սահմանադրական դատարան՝ ամուսնական տարիքի փոփոխման համար[172], և դատարանը սահմանեց, որ ամուսնության համար նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար (մինչ այդ սահմանված էր 16 տարեկան՝ կանանց և 18՝ տղամարդկանց համար)։ Դատարանի որոշումն ուժի մեջ մտավ անմիջապես և արժանացավ կանանց իրավունքները պաշտպանողների, իրավաբանների և բժիշկների հավանությանը[173]։
Եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ինքն է ընդունում իր օրենքները ամուսնության և ընտանիքի մասին․ և՛ Եվրամիությունը, և՛ Եվրախորհուրդը սահմանել են, որ ամուսնության նվազագույն տարիքի հարցը գտնվում է առանձին անդամ պետությունների իրավասության տակ։ Համաեվրոպական մակարդակով գործում է Կանանց և տնային բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրախորհրդի համաձայնագիրը, որը կոչվում է նաև «Ստամբուլի համաձայնագիր», որը պահանջում է այն վավերացրած պետություններից արգելել բռնի ամուսնությունները և միջոցներ ձեռք առնել, որպեսզի բռնի կերպով կնքված ամուսնությունները հնարավոր լինի խզել, չեղարկել կամ անվավեր ճանաչել՝ առանց տուժողին անհիմն ֆինանսական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու (հոդված 32)[174]։ Սակայն մանկական ամուսնությունն այդ համաձայնագրում չի հիշատակվում։
Ինչպես 2016 թվականի ապրիլին հայտնեց Ռոյթերս գործակալությունը, Եվրոպայի հյուսիսում ապաստարան փնտրող անձանց կենտրոններում երբեմն հանդուրժողաբար են մոտենում մանկահասակ հարսնացուների հետ ամուսնություններին՝ չնայած դրանց օրենսդրական արգելքին։ Օրինակ՝ Շվեդիայում գտնվեց 18 տարեկանից ցածր 70 կին, որոնք համատեղ կյանք էին վարում հասուն տղամարդկանց հետ։ Դանիայում կան այդպիսի տասնյակ կանայք, Նորվեգիայում 16 տարին չլրացած որոշ կանայք համատեղ ապրում են հասուն տղամարդկանց հետ նմանատիպ կենտրոններում և փախստականների ճամբարներում։ Նույնիսկ խնդրագիր է հղվել Ինգեր Ստոյբերգին՝ Դանիայի Ներգաղթի, ինտեգրման և բնակության հետ կապված հարցերի նախարարին՝ կենտրոններ չընդունել մանկահասակ հարսնացուներ[175]։
Ինչպես 2016 թվականի ապրիլին հաղորդել է Վաշինգտոն Փոստ-ը, 2015 թվականին Բելգիա է ներգաղթել 17 մանկահասակ հարսնացու, իսկ 2016 թվականի սկզբից՝ ևս 7-ը, բացի այդ, 2010-2013 թվականներին Բելգիայի ոստիկանությունն արձանագրել է բռնի ամուսնությունների ոչ պակաս, քան 56 դեպք[176]։
Պետական «Մարդկանց առևտրով և երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու հարցերով ազգային զեկուցողը» հաղորդում է, որ «2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունվարը Նիդեռլանդներ է գաղթել մոտ 60 մանկահասակ հարսնացու»[177], որոնցից մեկը 14 տարեկան էր[178][179]։ Ըստ Վաշինգտոն Փոստ թերթի տվյալների՝ Նիդեռլանդներում ապաստարան փնտրող անձանց համար նախատեսված կենտրոններում 2015 թվականին ապրում էր 13-15 տարեկան 20 հարսնացու կամ կին[180]։
Ըստ Ռուսաստանի Ընտանեկան օրենսգրքի՝ ամուսնական տարիք է սահմանված 18 տարեկանը։ 16-18 տարեկան անձանց թույլ է տրվում ամուսնանալ հարգալից պատճառներով և տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվությամբ, իսկ մինչև 16 տարեկանը՝ միայն եթե սահմանված է ՌԴ անհատի մասին օրենքով՝ որպես բացառություն և հատուկ հանգամանքներում[181]։ 2016 թվականի դրությամբ նվազագույն տարիքը, որի դեպքում հատուկ հանգամանքներում հնարավոր է ամուսնանալու թույլտվություն ստանալ, սահմանված է 14 տարեկանը (Ադիգեայի Հանրապետության[182], Թաթարստանի[183], Վոլոգդայի[184], Կալուգայի[185], Մագադանի[186], Մոսկվայի[187], Նիժնի Նովգորոդի[188], Նովգորոդի[189], Օրյոլի[190], Սախալինի[191], Տամբովի[192], Տուլայի[193], Տյումենի մարզերի[194], Հրեական ինքնավար մարզի[195], Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի[196] և Չուկոտկայի ինքնավար շրջանի օրենքներ) կամ 15 տարեկանը (Մուրմանսկի[197], Ռյազանի[198], Տվերի[199], Չելյաբինսկի մարզերի, Կաբարդա-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի օրենքներ)։ Նմանատիպ օրենքներ կարող են ընդունվել նաև ՌԴ այլ մարզերում։ ՌԴ որոշ շրջաններում նման օրենքներ չկան և հատուկ հանգամանքներում ամուսնության նվազագույն տարիք սահմանված չէ[200]․ «Գոլուբա» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիաննա Վրոնսկայայի կարծիքով սա հնարավորություն է տալիս ծնողների և խնամակալության մարմինների համաձայնությամբ աղջկան ամուսնացնել ցանկացած տարիքում[201]։
Ամուսնության տարիքի նվազեցումը մինչև թույլատրված շեմ հարկադրված, ծայրահեղ դեպք է, վերաբերվում է երկու ամուսիններին էլ և թույլատրվում է առաջին հերթին ապագա կնոջ հղիության, երեխա ունենալու, կողմերից մեկի կյանքին վտանգ սպառնալու դեպքերում[197]։ ՌԴ որոշ օրենքներում ճշգրտվում է, որ 14-16 տարեկան ՌԴ քաղաքացիների ամուսնանալու համար հատուկ հանգամանքներ են հանդիսանում հղիության ուշ ժամկետը (Ադիգեայի Հանրապետության օրենք[182]), հղիությունը (22 շաբաթ և ավել), որի ընդհատումը հակացուցված է բժշկական կոմիտեի որոշմամբ կամ հնարավոր չէ, քանի որ երկու կողմերը ցանկանում են պահպանել երեխային (Մուրմանսկի մարզի օրենք)[197]։
Մեծ հնչեղություն ստացավ Չեչնիայի Նոժայ-Յուրտովսկի շրջանի Բայտարկի գյուղից 17-ամյա Լուիզա (Խեդա)[Ն 5] Գոյլաբիևայի պսակադրությունը 57-ամյա Նաժուդ Գուչիգովի՝ նույն շրջանի ներքին գործերի բաժնի պետի հետ, որի համար Գոյլաբիևան երկրորդ կինն էր․ այս դեպքը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ սրա մասին հաղորդեց «Նովայա գազետան»[203]։ Սկզբում փեսացուն թերթին տված հեռախոսային հարցազրույցի ժամանակ հերքում էր ամեն ինչ, ասում, որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ ամուսնացած է, չի հանդգնի խախտել հանրապետության ղեկավարի՝ Ռամզան Քադիրովի՝ վաղ ամուսնությունների և հարսնացուների առևանգման արգելքը և ընդհանրապես չի ճանաչում ոչ մի Խեդա[203]։ Սակայն կես ամիս անց պարզվեց, որ 2015 թվականի մայիսի 16-ին Գուչիգովի և Գոյլաբիևայի հարսանիքն այնուամենայնիվ տեղի է ունեցել[202]։ Ռամզան Քադիրովը, «Նովայա գազետայի» հրապարակումից հետո, պնդում էր, որ Գուչիգովի և Գոյլաբիևայի պսակադրությունը տեղի է ունեցել առանց պարտադրանքի[204], սուր քննադատության ենթարկեց չեչեն լրագրողների աշխատանքը և աշխատանքից ազատեց հանրապետության տպագրության նախարար Շաիդ Ժամալդաևին[205]։ ՌԴ նախագահին կից երեխայի իրավունքների հանձնակատար Պավել Աստախովի մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ո՛չ Գոյլաբիևան և ոչ էլ նրա բարեկամներն իրեն չեն դիմել, իսկ Ռուսաստանում ոչ ոքի «բռնի չեն պաշտպանում», և ամուսնությունները կնքվում են միայն բարի կամքով[206]։ Պավել Աստախովը հետո պնդում էր, որ մինչև 18 տարեկանն ամուսնանալը նորմալ է, հատկապես այն վայրերում, որտեղ, ըստ նրա, կանայք ավելի վաղ են հասնում սեռական հասունացման և շուտ ծերանում են, և որ ամուսնության նվազագույն տարիքը շրջանային իշխանությունների իրավասության տակ է գտնվում, իսկ Ռուսաստանի որոշ շրջաններում այն ընդհանրապես սահմանված չէ[200]։ Այս մտքերն առաջացրեցին կին քաղաքական գործիչների, այդ թվում՝ Եկատերինա Լախովայի և Վալենտինա Պետրենկոյի վրդովմունքը[207]։ Մեկ օր անց Աստախովը ներողություն խնդրեց և ասեց, որ իրեն ճիշտ չեն հասկացել համատեքստի միայն մի մասը հրապարակելու պատճառով[208]։ Լյուդմիլա Ալեքսեևան և Միխայիլ Ֆեդոտովը հայտարարեցին, որ այդպիսի հարսանիքն օրենքի խախտում է, վերջինը նույնիսկ սա հիմք համարեց, որպեսզի դատախազն ուշադրություն դարձնի այս դեպքին, քանի որ երկամուսնությունը Ռուսաստանում հանցագործություն է համարվում[Ն 6][209]։
Հյուսիսային Իռլանդիայում, Անգլիայում և Ուելսում հնարավոր է ամուսնանալ 16-17 տարեկանում ծնողների համաձայնությամբ, իսկ Շոտլանդիայում՝ նույնիսկ առանց ծնողների համաձայնության[46][210][211]։ Սակայն Միացյալ Թագավորությունում մինչև 16 տարեկանն ամուսնանալը, ըստ Matrimonial Causes Act 1973-ի, համարվում է անվավեր ամուսնություն[212]։ Այնպես, ինչպես և ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում ևս նկատվում է անչափահաս աղջիկների և կանանց ոչ պաշտոնական կենակցությունը հասուն տղամարդկանց հետ։ 2005 թվականի հետազոտությունների տվյալներով՝ Միացյալ Թագավորությունում բնակվող 15-19 տարեկան կանանց 4,1 %-ը համատեղ կյանք է վարում տղամարդկանց հետ (որը, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ևս մանկական ամուսնություն է համարվում[213]), իսկ 8,9 %-ը՝ հնարավոր են համարում մինչև 18 տարեկանը համատեղ կյանք վարելը։ Միացյալ Թագավորության անչափահաս աղջիկների ավելի քան 4 %-ը մանկահասակ մայր է եղել[5]։
The Guardian-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի մուսուլմանական համայնքներում 12 տարեկանից սկսած աղջիկների առևանգման դեպքեր են եղել՝ բռնի ամուսնացնելու նպատակով։ Դրանցից նրանք, ովքեր փորձել են փախչել, «ամոթով են թողել» ինչպես իրենց ընտանիքին, այնպես էլ ամուսնու ընտանիքին, ենթարկվել են մահացու վտանգի, կարող էին «պատվի սպանությունների» զոհ դառնալ[214]։ 2014 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Աղջիկների գագաթնաժողովը, որը նպատակ ուներ աջակցել կանանց թլպատումը, վաղ և բռնի ամուսնություններն արմատախիլ անելուն[215]։
Դեռևս 4-5-րդ դարերում եկեղեցին պայքարել է մանկահասակների ամուսնության դեմ։ Ս. Սահակի (կանոն 28) և մյուսների կանոններով արգելվում էր դեռահասների պսակը, պատասխանատվություն էր սահմանվում այն ծնողների ու քահանայի համար, ովքեր մանկահասակներին պսակում էին։ Գոշի Դատաստանագրքի I մասի 5-րդ հոդվածը նախատեսել էր ամուսնության այնպիսի հասակ, որ ամուսինը բոլոր կողմերով կարողանա տիրապետել կնոջը։ Ամուսնացողները պետք է անպայման տեսնեն միմյանց։ Կամավորության սկզբունքի պահպանությունը պարտադիր էր համարվում։ Եթե նշանադրում էին դեռահասներին, ապա նրանք չափահաս դառնալով՝ կարող էին լուծարել իրենց ամուսնությունը և ուրիշի հետ ամուսնանալ (Հոդված 91)[216]։
Միջնադարյան Հայաստանում բավականին տարածված է եղել դեռահասների պսակումը։ Հայկական եկեղեցու նախորդ դարերում սահմանված կանոնները վկայում են, որ անչափահասների պսակը հոգևոր հայրերի եկամտի աղբյուրներից մեկն է եղել։ Քանի որ վաղաժամ ամուսնությունը վնաս էր հասարակության համար, դեռահասներին պսակող քահանան պետք է կարգալուծվեր և հօգուտ եկեղեցու բռնագանձվեր 100 դրախմա։ Իսկ երբ պսակը կատարվել էր կողմերի մանկական տարիքում, բայց հասուն ժամանակ, սակայն նրանք միմյանց չէին ուզում, օրենքը նրանց թույլատրում էր ամուսնանալ ում հետ որ կուզենային[217]։
Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» նշվում է զույգի ֆիզիոլոգիական գործոնը․ «Ամուսինը կնոջից տարիքով պետք է մեծ լինի, որպեսզի նա ամուսնական առումով կարողանա տիրել կնոջը։ Եթե նա չի կարող կնոջը տիրել ամուսնաբար և թերանում է իր ամուսնական դերում, ապա նրանք կարող են ապրել համատեղ միայն կնոջ համաձայնության դեպքում, այլապես այդ ամուսնությունը պետք Է լուծարվի։ Տվյալ դեպքում ամուսինը պարտավոր է վերադարձնել կնոջ բերած ողջ ունեցվածքը և արտոնել նրան ուրիշի հետ ամուսնանալ։ Հարազատներից կնոջ ստացած նվերները և հարսանեկան ծախսերը վեճի ենթակա չեն»[217]։
Ներկայումս (2017) ՀՀ Ընտանեկան օրենսգիրքն ամուսնական տարիք սահմանում է տղամարդկանց և կնոջ համար 18 տարին։ Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը։ Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է[218]։
2014 թվականին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն։ Նույն տարում գրանցվել է 16-19 տարեկան տղաների 68, աղջիկների՝ 1 118 ամուսնություն, որը կազմում է ընդհանուր ամուսնությունների 6%-ը։ Նկատվում է 16-19 տարեկան աղջիկների ամուսնությունների թվի նվազում` 2004 թվականի համեմատ թիվն իջել է 52%-ով։ 2004 թվականից ի վեր նվազման միտում ունի նաև մինչև 20 տարեկանը ծննդաբերած կանանց երեխաների թիվը. եթե 2004 թվականին այն կազմել է ծնվածների 12,6%-ը, ապա 2014 թվականին՝ 5,1%-ը[219]։
2015 թվականին Իսպանիայի իշխանությունները բարձրացրեցին ամուսնության նվազագույն տարիքը 14-ից 16 տարեկան[41]։ Ուկրաինայում 2012 թվականին փոփոխություններ մտցվեցին Ընտանեկան օրենսգրքում, որը սահմանում էր աղջիկների և տղաների համար նույն ամուսնական տարիքը՝ 18 տարեկան, սակայն դատարանն իրավունք ունի թույլ տալ ամուսնանալ 16 տարեկանից, եթե գտնի, որ դա անչափահասի շահերից է բխում[220]։
Մանկական ամուսնությունները սովորական երևույթ են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում․ այնտեղ աղջիկների մոտ 29 %-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը[11]։ Մանկական ամուսնությունների թիվը տարբերվում է երկրից երկիր․ այն մեծ թիվ է կազմում Դոմինիկյան Հանրապետությունում, Հոնդուրասում, Բրազիլիայում, Գվատեմալայում, Նիկարագուայում, Հայիթիում և Էկվադորում[7]։ Բոլիվիայում և Գվինեայում այն 2012 թվականից սկսած սահուն իջնում է[221]։ Բրազիլիան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում մինչև 15 տարեկան աղջիկների քանակով, որոնք ամուսնացած են կամ համատեղ կյանք են վարում տղամարդու հետ[222]։ Մեքսիկայում մինչև 18 տարեկանը կարելի է ամուսնանալ ծնողների համաձայնությամբ[42]։
Լատինական Ամերիկայում մանկական ամուսնությունների տարածման հիմնական պատճառներն են աղքատությունը և ամուսնության նվազագույն տարիքի մասին գործող օրենքների բացակայությունը[223][224]։ Որոշ ոչ առևտրային կազմակերպություններ աշխատում են տեղի համայնքների հետ, որպեսզի դեռահաս աղջիկների համար անվտանգ միջավայր ստեղծվի և օգնեն լուծել մանկական ամուսնությունների խնդիրը, որի մեջ աղքատները, ինչպես նաև գյուղացիները և հնդկացիները տեսնում են աղքատությունից իրենց փրկության ուղին[222]։
Կանադայում 2015 թվականից ամուսնության նվազագույն տարիքը 16 տարին է, ընդ որում չափահասության տարիքը սահմանվում է Կանադայի առանձին պրովինցիաների իշխանությունների և տարածքների կողմից և տարբեր պրովինցիաներում կազմում է 18 կամ 19 տարեկան։ Մինչև չափահաս դառնալն ամուսնանալու համար անհրաժեշտ է ծնողների համաձայնությունը կամ դատարանի որոշում։ Այն ամուսնությունը, որտեղ ամուսիններից թեկուզ մեկը դեռ 16 տարեկան չէ, չի գրանցվի կամ ճանաչվի Կանադայի իշխանությունների կողմից․ «Քաղաքացիական ամուսնության մասին օրենքի» 2.2 կետի համաձայն՝ «16 տարին չլրացած անձը չի կարող ամուսնանալ»[44]։ Որևէ ոչ պետական արարողության կամ կրոնական ծեսի անցկացումը 16 տարեկանից ցածր անձի մասնակցությամբ քրեական հանցագործություն է համարվում՝ Կանադայի Քրեական օրենսգրքի 293.2 հոդվածի համաձայն․ «Յուրաքանչյուրը, ով կատարում է ամուսնական արարողակարգ կամ մասնակցում է դրան կամ աջակցում դրա անցկացմանը՝ նախապես իմանալով, որ ամուսնացողներից մեկը դեռ 16 տարեկան չկա, մեղավոր է հանցագործության կատարման մեջ և պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ»[45]։
ԱՄՆ-ում հանդիպում են մանկական ամուսնություններ այն իմաստով, ինչ որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դնում է այդ հասկացության մեջ՝ տղամարդ և կին, որոնք պաշտոնապես ամուսնացած են կամ ուղղակի համատեղ կյանք են վարում, եթե նրանցից թեկուզ մեկը, սովորաբար կինը, 18 տարեկանից ցածր է[213]։ ԱՄՆ-ում ոչ պաշտոնական մանկական ամուսնություններն ավելի հաճախ են հանդիպում և պաշտոնապես կոչվում են «համաբնակություն»։ ԱՄՆ կառավարական գործակալություններից մեկի՝ Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի 2010 թվականի տվյալներով՝ 15-17 տարեկան աղջիկների 2,1 %-ն ամուսնացել է մանուկ հասակում, իսկ եթե վերցնենք սեռահասուն 15-19 տարեկան աղջիկների և կանանց խումբը, ապա նրանց 7,6 %-ը ոչ պաշտոնապես ամուսնացած է կամ ոչ պաշտոնական կապի մեջ է գտնվում տղամարդու հետ։ Առանձին նահանգներում և առանձին էթնիկ խմբերում մանկական ամուսնությունների թիվը միջինից զգալիորեն բարձր է։ Այսպես, 15-17 տարեկան իսպանախոս ամերիկացի աղջիկների 6,6 %-ը սեռական հարաբերություն է ունեցել տղամարդու հետ, իսկ 15-19 տարեկանների շրջանում՝ 13 %-ը[4]։ Անչափահաս մայրերից ԱՄՆ-ում տարեկան ծնվում է ավելի քան 350 000 երեխա, որոնցից 50 000-ը մանկահասակ մոր առաջնեկը չեն[225]։
Մանկական ամուսնությանը վերաբերող օրենքները տարբերվում են նահանգից նահանգ։ Հիմնականում 16 տարեկանից կարելի է ամուսնանալ միայն ծնողների համաձայնությամբ, իսկ 18 տարեկանից՝ նաև առանց ծնողների համաձայնության (բոլոր նահանգներում, բացի երկուսից)։ ԱՄՆ-ում 16 տարին չլրացած անձը կարող է ամուսնանալ, սակայն դրա համար սովորաբար պահանջվում է միաժամանակ և՛ ծնողների համաձայնությունը, և՛ դատարանի որոշումը[226]։
Մինչև 2008 թվականը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին թույլատրում էր մանկական ամուսնություններ, այդ թվում՝ բազմակնություն՝ այսպես կոչված «հոգևոր ամուսնության» ձևով, որն աղջիկը կարող էր կնքել այն ժամանակ, երբ պատրաստ լիներ երեխա ունենալ, սակայն հետագայում նրանց մոտ ամուսնության նվազագույն տարիքը բարձրացվեց[227], և 2008 թվականից այդ եկեղեցին չի պսակում տեղի օրենքներով սահմանված տարիքին չհասած անձանց[228][229]։ Դրանից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ղեկավար Ուորեն Ջեֆսին մեղադրեցին մանկահասակների բռնաբարման մեջ այն բանից հետո, երբ վերջինս կատարեց 14-ամյա հարսնացուի և 19-ամյա փեսացուի պսակադրությունը[230]։
2008 թվականի մարտին Տեխաս նահանգի իշխանությունները կարծեցին, որ «Սիոնի հույս» ագարակում գտնվող երեխաներն ամուսնացել էին մեծահասակների հետ և ենթարկվում էին սեքսուալ շահագործման[231]։ Արդյունքում Տեխասի իշխանություններն այնտեղից ազատեցին բոլոր 468 երեխաներին և նրանց տեղավորեցին նահանգի ժամանակավոր կեցության կենտրոնում[231]։ Այս որոշումը բողոքարկվեց, Տեխասի գերագույն դատարանը երեխաների հեռացումը ոչ իրավաչափ համարեց, երեխաները վերադարձվեցին ծնողներին կամ այլ բարեկամներին[232]։
Երաժիշտ Ջերի Լի Լյուիսի երրորդ կինը դարձավ նրա զարմուհի Միրա Գեյլ Բրաունը, որն այդ պահին 13 տարեկան էր[233][234]։
Վաղ ամուսնությունն ու սեռական կյանքի շուտ սկսումը կանանց համար երկարաժամկետ հետևանքներ են ունենում, որոնցից որոշները պահպանվում են նաև հասուն տարիքում[235][236]։ Մանկական կամ դեռահաս տարիքում ամուսնացած կինը հաճախ տարբեր առողջական խնդիրներ է ունենում, որն առաջանում է առաջին վաղ հղիությամբ և փոքր դադարով՝ մինչև հաջորդ հղիություն և ծննդաբերություն[237]։ Դեռահաս տարիքում ամուսնությունն ու հղիությունը հաճախ հանգեցնում են կնոջ սոցիալական մեկուսացմանը, իսկ վաղ ծննդաբերության ժամանակ մեծ է նաև բարդությունների հնարավորությունը։ Աղքատ երկրներում երիտասարդ կինը և մայրը սովորաբար թողնում է դպրոցը և ուսումը և հետագայում նրա համար կրթություն և մասնագիտություն ստանալու հնարավորությունները զգալիորեն նվազում են կամ ընդհանրապես վերանում։ Արդյունքում այդպիսի կինն ամուսնուց կամ բարեկամներից ֆինանսական կախման մեջ է ընկնում, չի կարողանում ինքնուրույն միջոցներ հայթայթել գոյատևման համար և այլընտրանք չունի։ Մանկահասակ կանայք հասուն կանանցից հաճախ են տնային բռնության, սեքսուալ չարաշահումների և ամուսնական բռնաբարության զոհ դառնում[235][238]։
Վաղ ամուսնությունը կարող է վտանգավոր լինել կնոջ առողջության և կյանքի համար[239][240]։ Զարգացող երկրներում հղիության և ծննդաբերության բարդությունները 15-19 տարեկան կանանց շրջանում մահացածության ամենահաճախ հանդիպող պատճառներն են[241]։ Այդ տարիքում ծննդաբերության ժամանակ մահանալու հնարավորությունը կրկնակի բարձր է, քան 20-30 տարեկանում, իսկ մինչև 15 տարեկանն այն 5-7 անգամ բարձր է[150]։ Հիմնական պատճառը երիտասարդ կնոջ ֆիզիոլոգիապես ոչ հասուն լինելն է, ում մոտ կոնքը և ծննդաբերական ուղիները դեռ լավ զարգացած չեն։ Դրանք խիստ դժվարացնում են ծննդաբերությունը և մեծացնում են մանկաբարձական խուղակի զարգացման վտանգը. 15 տարեկանից ցածր ծննդաբերողների մոտ այն հասնում է 88 %-ի[150]։ Համապատասխան բուժման բացակայության դեպքում (որպես կանոն վիրաբուժական) այդ խուղակը շատ ցավոտ է դառնում, հանգեցնում է անաշխատունակության, մեզի և կղանքի անպահունակության, տարբեր վարակիչ հիվանդությունների զարգացման, և նման հետևանքները պահպանվում են մինչև կյանքի վերջ։ Խուղակ ունեցող կանայք ունենում են ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիրներ․ նման հիվանդությունները համարվում են «ամոթալի», «ոչ մաքուր», և եթե նրանց շրջապատն իմանում է դրա մասին, սկսում են խուսափել տվյալ կնոջ հետ շփումից[242][243][244]։ Մանկահասակ կանանց մոտ սեռավարակներով և մալարիայով վարակվելու, արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգը ավելի բարձր է, քան չամուսնացած կամ 20-ից բարձր տարիքում ամուսնացած կանանց մոտ[150]։
Մանկական ամուսնությունը վտանգի տակ է դնում ոչ միայն մոր, այլև երեխայի առողջությունը։ 18 տարեկանից ցածր մայրերի մոտ վաղածին կամ անբավարար քաշով ծնված երեխաների թիվը 35-55 %-ով բարձր է, քան 19-ամյա ծննդաբերողների մոտ, իսկ մանկական մահացությունը՝ 60 % -ով է բարձր։ Մանկահասակ մայրերի երեխաները հաճախ թույլ դիմադրողականություն են ունենում, հաճախ են տառապում ոչ ճիշտ կամ ոչ բավարար սնուցումից[243]։
Վաղ ամուսնությունները կանանց համար հաճախ հանգեցնում են ուսումի կիսատ թողնելուն՝ հատկապես աղքատ երկրներում, որտեղ մանկական ամուսնությունները լայնորեն տարածված են[245]։ Մյուս կողմից, անուսում աղջիկներն ու կանայք ամուսնանում են երիտասարդ տարիքում․ ոչ մի կրթություն չունեցող աղջիկները 2 անգամ ավելի հաճախ են ամուսնանում մինչև 18 տարեկանը, քան միջնակարգ կրթություն ունեցողները։ Դառնալով կին և մայր՝ աղջիկը կորցնում է որակյալ կրթություն ստանալու նախկին հնարավորությունները, իսկ երբեմն էլ ընդհանրապես թողնում է դպրոցը[246], որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի իր երեխաներին և տնային գործերին[247]։ Լինում է նաև այնպես, որ պահպանողական ծնողները հեռացնում են իրենց դստերը դպրոցից նրա ամուսնությունից դեռ մի քանի տարի առաջ՝ ենթադրելով, որ աղջկան կրթություն պետք չէ՝ լավ կին և մայր դառնալու համար[77]։
Չկրթված կինը հաճախ հնարավորություն չի ունենում բավականին լավ վարձատրվող աշխատանքի տեղավորվել կամ ինքնուրույն ինչ-որ այլ ձևով գոյատևման միջոցներ վաստակել իր և իր երեխաների համար, ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Արդյունքում նա լիովին կախման մեջ է ընկնում իր ամուսնուց կամ բարեկամներից, իսկ ամուսնու մահվան կամ ամուսնալուծության դեպքում կարող է աղքատության դատապարտվել[235]։ Բացի այդ, եթե ամուսինը շատ անգամ մեծ է երիտասարդ կնոջից (ինչպես հաճախ է պատահում), ապա շուտ այրիանալու, իսկ հետո լուրջ ֆինանսական և սոցիալական խնդիրներ ունենալու հնարավորությունն ամբողջ կյանքում վերջինիս մոտ շատ ավելի բարձր է, քան այն կնոջ մոտ, որն ամուսնացել է ավելի հասուն տարիքում[77]։
Մանկահասակ և քիչ կրթված կանայք ավելի շատ են ենթարկվում սոցիալական մեկուսացման և ընտանեկան բռնության, քան ավելի կիրթ կանայք, որոնք ամուսնացել են հասուն տարիքում[150][248]։ Հաճախ հարսանիքից հետո մանկահասակ կինը տեղափոխվում է ամուսնու մոտ այլ բնակավայր, որի արդյունքում կտրվում է ծնողներից, ընկերներից և դպրոցից, չի կարողանում նրանց կողմից այլևս ստանալ այն սոցիալական աջակցությունը, որը կարող էր ստանալ նախքան ամուսնությունը․ շատ ամուսիններ հակված են իրենց կանանց ընդհանրապես տնից դուրս չթողնել առանց որևէ անհրաժեշտության[2]։ Բացի այդ ամուսնու ընտանիքում կարող են երիտասարդ կնոջն ավելի բարձր պահանջներ ներկայացնել, քան ներկայացնում էին ծնողների ընտանիքում[237]։ Նման ընտանիքներում ենթադրում են, որ իր սեռի և տարիքի պատճառով կինն ընդունակ չէ ինքնուրույն պատասխանատու որոշումներ կայացնել և պետք է ամեն ինչում անխոս հնազանդվի ամուսնուն։ Նմանատիպ մեկուսացումը կարող է հանգեցնել հոգեբանական լուրջ խնդիրների՝ ներառյալ ընկճախտի։
Ամուսնու և կնոջ միջև տարիքային մեծ տարբերությունը հեշտացնում է տնային բռնության կիրառումը՝ այդ թվում դաժան[249]։ Վաղ ամուսնացածները հաճախ են նման բռնության զոհ դառնում, այդ թվում՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության[250]։ Երիտասարդ, հոգեպես ոչ բավարար զարգացած կնոջ համար պարբերական տնային բռնությունները կարող են հանգեցնել հոգեբանական կործանիչ հետևանքների՝ վերջինիս ողջ կյանքի ընթացքում[235], այդ թվում՝ ծանր ընկճախտի և ինքնասպանության փորձերի։
ՄԱԿ-ի մի քանի համաձայնագրերում մանկական ամուսնությունը և/կամ դրանց հետ կապված երևույթները դիտվում են որպես մարդու իրավունքների ոտնահարում։ Այդպիսի միջազգային փաստաթղթերի թվում են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Կանանց հանդեպ բոլոր տեսակի խտրականությունների վերացման համաձայնագիրը, Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոմիտեի որոշումը։ Վաղ ամուսնությունը հաճախ հանգեցնում է կնոջ մի քանի փոխկապակցված իրավունքների ոտնահարման, օրինակ՝ անկախ սեռից և տարիքից իրավունքների և պարտականությունների հավասարությունը, ավելի որակյալ հասանելի բժշկական օգնություն ստանալու իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը, ազատ տեղաշարժվելու ազատությունը, ստրկությունից ազատությունը, վերարտադրողական իրավունքները և ազատությունները, ամուսնություն կնքելու իրավունքը՝ ազատ երկուստեք համաձայնությամբ[235][251][252]։
Մանկական ամուսնությունների մեծ թիվը կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսական զարգացման վրա, քանի որ մանկահասակ կանայք հաճախ որակյալ մասնագիտական կրթություն չեն ստանում և չեն մասնակցում աշխատաշուկային[246]։ Որոշ հետազոտողներ և հասարակական ակտիվիստներ կարծում են, որ մանկական ամուսնությունները խոչընդոտում են հազարամյակի 8 նպատակներին հասնելուն և աղքատության հաղթահարմանը[246]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նեպալում այս թեմայով սոցիալ-տնտեսական հետազոտություններ է կատարել և հանգել այն եզրակացության, որ մանկական ամուսնությունները նպաստում են բնակչության առողջության վատթարացմանը, աշխատանքի արտադրողականության նվազմանը, աղքատությանը, և եթե բոլոր աղջիկներն ամուսնանան 20 տարեկանից ոչ շուտ, ապա նրանց ընդհանուր եկամուտը կավելանա այնքան, որքան երկրի ՀՆԱ-ն 3,87 %-ով[128]։
1962 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ամուսնություն կնքելու համաձայնության, ամուսնական տարիքի և ամուսնությունների գրանցման համաձայնագիրը», որը պարտավորեցնում էր միացող պետություններին օրենսդրորեն սահմանել ամուսնական նվազագույն տարիք և չթույլատրել այդ տարիքից ցածր ոչ մի ամուսնություն, բացի այն դեպքերից, երբ կան լուրջ պատճառներ և որը բխում է ամուսնացողների հետաքրքրություններից, ինչպես նաև չթույլատրել բռնի ամուսնությունները[253]։ 2011 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունեց A/RES/66/170 բանաձևը և սահմանվեց Աղջիկների միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 11-ին[254]։
2013 թվականին Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհուրդն ընդունեց իր առաջին բանաձևը՝ մանկական, վաղ և բռնի ամուսնությունների դեմ․ այնտեղ մանկական ամուսնությունը համարվում է մարդու իրավունքների ոտնահարում, իսկ 2015 թվականից հետո համընդհանուր զարգացման օրակարգում մտցվեց այդ երևույթն արմատախիլ անելու ձգտումը[255][256][257]։
2014 թվականին Կանանց հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն փաստաթուղթ հրատարակեց, որտեղ նշվում էր մանկական ամուսնություններն արմատախիլ անելու անհրաժեշտությունը[258]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս առաջին հերթին ավելի շատ ուշադրություն հատկացնել աղջիկների կրթությանը, ամուսնության նվազագույն տարիքի մասին գործող օրենքների պահպանմանը հետևող իրավապահ մարմինների աշխատանքն ուժեղացնել, ինչպես նաև մանկական ամուսնությունների հետ գործ ունեցող համայնքների մեծահասակներին տեղեկացնել դրանց հետ կապված ռիսկերի մասին[259]։
Մանկական ամուսնությունները կանխարգելող ծրագրերում կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ աղջիկների իրական իրավունքների ընդարձակումը, ծնողների տեղեկացումը վաղ ամուսնությունների ռիսկայնության վերաբերյալ, տեղի համայնքում գիտակցության մակարդակի բարձրացումը, աղջիկների կրթություն ստանալուն նպաստելը, աղջիկների և նրանց ընտանիքների տնտեսական հնարավորությունների ընդարձակումը, որը հնարավորություն է տալիս տնտեսական խնդիրներին այլ լուծում գտնել, քան դստեր վաղ ամուսնությունն է։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ առավել արդյունավետ միջոցներից են նյութական աջակցությունը, կանանց կրթություն ստանալուն և աշխատանքի տեղավորմանն աջակցելը[260]։
Մալավիում կրթության համար առանց պայմանների նպաստ ստացող ընտանիքների աղջիկներն ամուսնանում և առաջին երեխային ունենում են ավելի ուշ, քան նրանց այն հասակակիցները, որոնք չեն մասնակցում նման ծրագրերի։ Մանկական ամուսնությունների կանխարգելմանն ուղղված առանց պայմանների նպաստի արդյունավետությունն ավելի բարձր է, քան պայմանով նպաստը։ Հետազոտողների կարծիքով, դա ցույց տվեց, որ Մալավիում վաղ ամուսնությունների գլխավոր պատճառը աղջիկների ծնողների բարդ տնտեսական վիճակն է և այդ պատճառով բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը թեթևացնելը նվազեցնում է իրենց աղջիկներին չափազանց երիտաարդ տարիքում ամուսնացնելու դրդապատճառը։ Ընտանիքներին նյութական աջակցություն ցույց տալու նման միջոցներ ընդունված են նաև հնդկական Հարյանա նահանգի իշխանությունների կողմից։ Այնտեղ քիչ ապահովված ընտանիքները նպաստ են ստանում այն պայմանով, որ նրանց աղջիկները սովորեն դպրոցում և չամուսնանան մինչև 18 տարեկանը։ Այսպիսի աջակցություն ստացող ընտանիքների աղջիկների շրջանում մանկական ամուսնությունների թիվը զգալիորեն ցածր է, քան մյուս ընտանիքներից իրենց հասակակիցների մոտ[260]։ 2004 թվականին «Բնակչության խորհուրդը» Ամհարա շրջանի (Եթովպիա) տեղական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում իրականացրեց ընտանիքներին աջակցելու նմանատիպ ծրագիր։ Ծնողները նպաստ էին ստանում այն պայմանով, որ իրենց բոլոր աղջիկները կշարունակեն սովորել դպրոցում և չեն ամուսնանա ծրագրին մասնակցելու առաջին 2 տարիների ընթացքում։ Տեղեկատվալուսավորչական միջոցառումներ ևս իրականացվեցին, աջակցություն ցույց տրվեց նաև սովորող աղջիկներին։ Ծրագիրն արդյունավետ էր․ այն սկսելուց 2 տարի անց ծրագրին մասնակցող ընտանիքների՝ դպրոցում սովորող աղջիկների թիվը եռապատկվեց, իսկ անչափահաս ամուսնացողների թիվը 10 անգամ կրճատվեց՝ ի տարբերություն այն ընտանիքների, որոնք չէին մասնակցում ծրագրին[260]։ Մանկական ամուսնությունները կանխարգելող մյուս ծրագրերն իրենց մեջ ներառում էին նաև աղջիկների իրավունքները, կրթություն ստանալը, սեռական և վերարտադրողական առողջությունը, ֆինանսական գրագիտությունը պաշտպանող, կյանքի և շփման ունակությունները զարգացնող, հասարակական գործիչներին աջակցող միջոցառումներ[261]։
2024 թվականի հուլիսից Սիերա Լեոնեն արգելում է մանկահասակ ամուսնությունները։ Խախտողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում կամ մոտ 4000 դոլար տուգանք կամ երկուսն էլ։ Այս ամուսնությունների ականատեսները նույնպես ենթարկվում են բանտարկության կամ տուգանքի[262]։։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.