From Wikipedia, the free encyclopedia
Աղջիկ փախցնել, հայտնի է նաև հարս փախցնել[1] կամ ամուսնություն առևանգմամբ, ավանդույթ, երբ տղամարդը առևանգում է[2] կնոջը, որի հետ ցանկանում է ամուսնանալ։ Աղջիկ փացնելու սովորույթը եղել է աշխարհի տարբեր մասերում և պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Այս սովորույթը այժմ գործում է հիմնականում Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Աֆրիկայի որոշ մասերում։
Շատ երկրներում աղջիկ փախցնելը համարվում է սեռական հանցագործություն, ոչ թե ամուսնության թույլատրելի տարբերակ։ Որոշ դեպքերում այն կարող է դիտարկվել որպես ստիպողաբար ամուսնության և պլանավորված ամուսնության միջև գտնվող երևույթ։ Եզրը նաև օգտագործվում է այն դեպքերի համար, երբ զույգը համաձայնեցված փախչում է և փորձում է ծնողների համաձայնությունը հետո ստանալ։ Սակայն, նույնիսկ եթե սովորույթը արգելված է օրենքով, որոշ շրջաններում իրավապահ մարմինները չեն միջամտում նման դեպքերին։ Աղջիկ փախցնելը հիմնականում տարածված է Կովկասում և Կենտրոնական Ասիայում[3]։ Աղջիկ փախցնելը երբեմն (բայց ոչ միշտ) մանկական ամուսնության տարբերակ է[4]։ Այն կարող է ամուսնանալու համար հարսնացուի ընտանիքին գումար տալու սովորության հետևանք լինել (վճարել չկարողանալու կամ չցանկանալու դեպքում)[5]։
Աղջիկ փախցնելը տարբերվում է ռապտիոյից. առաջինը վերաբերում է մեկ տղամարդու (ընկերների և հարազատների օգնությամբ) կողմից մեկ կնոջ առևանգմանը, իսկ երկրորդը՝ մեծ թվով կանանց առևանգումն է տղամարդկանց խմբի կողմից (հաճախ պատերազմի ժամանակ)։
Որոշ մշակույթներ այժմ պահպանում են սիմվոլիկ աղջիկ փախցնելու ծիսակարգը՝ որպես ավանդական հարսանիքի մաս։ Ըստ որոշ աղբյուրների՝ մեղրամիսը աղջիկ փախցնելու հետևանք է, հիմնված այն սովորույթի վրա, երբ ամուսինը թաքնվում էր կնոջ հետ՝ նրա հարազատների հաշվեհարդարից խուսափելու համար, այն հույսով, որ ամսվա վերջում կինը կհղիանա[6]։
Չնայած աղջիկ փախցնելու դրդապատճառները տարբեր շրջաններում տարբեր են՝ նման ավանդույթ ունեցող մշակույթները սովորաբար հայրիշխանական են և ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունների կամ հղիության վերաբերյալ ուժեղ սոցիալական ստիգմաներ ունեն[7]։
Որոշ դեպքերում զույգերը միանում են աղջկան փախցնելու քողի տակ՝ ծնողներին ներկայացնելով որպես արդեն կատարված և անշրջելի փաստ։ Սակայն հիմնականում նման միջոցի դիմող տղամարդիկ ունենում են սոցիալական ցածր կարգավիճակ՝ աղքատության, հիվանդության, վատ կերպարի կամ հանցագործության պատճառով[8]։ Նրանք երբեմն անկարող են օրինական միջոցներով ամուսնանալ՝ կնոջ ընտանիքի ակնկալած վճարի պատառով (որոշ մշակույթներում ամուսնության համար փեսան պետք է հարսի ընտանիքին գումար վճարի։ Չշփոթել օժիտի հետ, որը վճարում է հարսի ընտանիքը)[9]։։
Գյուղատնտեսական և հայրիշխանական հասարակություններում, որտեղ աղջիկ փախցնելը ամենատարածվածն է, երեխաները աշխատում են իրենց ընտանիքների համար։ Ամուսնությունից հետո կինը լքում է հայրական ընտանիքը (աշխարհագրորեն և տնտեսապես)՝ դառնալով ամուսնու ընտանիքի անդամ (տե՛ս հայրատեղային ամուսնություն)։ Այս կորստի պատճառով կանանց ընտանիքները չեն ցանկանում, որ աղջիկները վաղ տարիքում ամուսնանան, և ամուսնության դեպքում տնտեսական փոխհատուցում են պահանջում։ Սա հակասում է տղամարդկանց հետաքրքրություններին, որոնք ցանկանում են վաղ տարիքում ամուսնանալ, քանի որ ամուսնությունը նշանակում է սոցիալական դերի բարձրացում, ինչպես նաև փեսայի ընտանիքի հետաքրքրություններին, որոնք ամուսնության դեպքում տնտեսապես կշահեն[10]։
Ստիպողական ամուսնության խնդրից բացի՝ աղջիկ փախցնելը կարող է այլ հետևանքներ ունենալ կնոջ և հասարակության վրա։ Օրինակ՝ առևանգվելու վախը որոշ դեպքերում դառնում է կրթական համակարգում աղջիկների ցածր մասնակցության պատճառ[11]։
Աղջիկ փախցնելը տարածված է Ռուանդայում[12]։ Հաճախ առևանգողը փախցնում է կնոջը տնից կամ հետևում է նրան դրսում և առևանգում։ Հետագայում նա և իր ուղեկիցները կարող են բռնաբարել կնոջը, որպեսզի համոզված լինեն, որ կինը կհամաձայնվի ամուսնանալ[13]։ Կնոջ ընտանիքը կամ պարտավորված է զգում համաձնություն տալ միությանը[14] կամ ստիպված է լինում համաձայնվել, երբ պարզվում է, որ կինը հղի է։ Ամուսնությունը հաստատվում է առևանգումից մի քանի օր հետո տեղի ունեցող արարողությամբ։ Նման արարողությունների ժամանակ փեսան ներողություն է խնդրում հարսի ընտանիքից՝ իրենց աղջկան առևանգելու համար[14] The man may offer a cow, money, or other goods as restitution to his bride's family.[15]։
Իրավապաշտպանների զեկույցների համաձայն՝ աղջիկ փախցնող տղամարդկանց մեկ երրորդը հետագայում լքում է կնոջը[14]։ Բացի դա, որոշ տղամարդիկ նախընտրում են հանդիսավոր կերպով չնշել հարսանիքը՝ կնոջը որպես հարճ պահելով[14]։
Մասնավորապես աղջիկ փախցնելը անօրինական չէ Ռուանդայում, բայց բռնի առևանգումները պատժվում են ինչպես բռնաբարությունը։ Ըստ քրեական արդարադատության պաշտոնյաներից մեկի՝ աղջիկ փախցնելու դեպքերը գործնականում երբեք դատարան չեն հասնում. «Երբ մենք լսում ենք առջանգման մասին, բռնում և ձերբակալում ենք առևանգողներին, երբեմն նաև ամուսնուն։ Բայց մենք պարտավոր ենք նրանց մի քանի օր հետո բաց թողնել»[14]։
Արձանագրվել են դեպքեր, երբ ղպտի քրիստոնյա կանայք առևանգվել են, որից հետո ստիպողաբար փոխել են կրոնը և ամուսնացել մուսուլման տղամարդու հետ[16][17]։
Աղջիկ փախցնելը տարածված է Եթովպիայում։ Ըստ Եթովպիայում ավանդական սովորույթների ազգային հանձնաժողովի 2003 թվականի հարցման՝ սովորույթի տարածվածությունը մոտ 69 տոկոս է (ամենաբարձրը Հարավային ազգերի, ազգությունների և ժողովուրդների շրջանում՝ 92 տոկոս)[18][19]։ Տղամարդը ընկերների օգնությամբ կարող է առևանգել աղջկան կամ կնոջը՝ հաճախ փաուստի համար օգտագործելով ձի[20]։ Որից հետո, առևանգողը թաքցնում է ապագա հարսին և բռնաբարում է նրան մինչև հղիանալը։ Որպես կնոջ երեխայի հայր տղամարդը կորղ է նրան համարել իր կինը[21]։ Հետագայում, առևանգողը կարող է բանակցել գյուղի ավագների հետ՝ կնոջ ընտանիքին տրվող գումարի միջոցով ամուսնությունը օրինականացնելու համար[21]։ Ամուսնության նպատակով առևանգվում են 11 և ավելի բարձր տարիքի աղջիկներ[22]։ Չնայած Եթովպիան քրեականացրել է նման առևանգումները և բարձրացրել է ամուսնության նվազագույն տարիքը մինչև 18-ի (2014 թվականին), այս օրենքը ամբողջությամբ չի իրականացվել[23]։ 2016 թվականի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունների համաձայն (ըստ 2010-2013 թվականների տվյալների)՝ բարձր ռիսկային շրջաններում ամուսնությունների 10-13 տոկոսը կապված է առևանգման հետ իսկ ցածր ռիսկային շրջաններում՝ 1.4-2.4 տոկոս[24]։
Ստիպողական ամուսնության հարսը կարող է տառապել ստիպողական սեռական գործողությունների և վաղ հղիության հետևանքով առաջացած հոգեբանական և ֆիզիկական խնդիրներից, ինչպես նաև վաղ ավարտել կրթությունը[25]։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Քենիայում երեխաները և դեռահաս աղջիկները (10 և ավելի բարձր տարիքի) երբեմն ամուսնանում են երկու տասնամյակ մեծ տղամարդկանց հետ[26]։
Աղջիկ փախցնելու միջոցով ամուսնությունը եղել և որոշ առումով շարունակում է մնալ սովորական իրողություն կիսի էթնիկ խմբի համար։ Ըստ իրենց սովորույթի՝ տղամարդը առևանգում և բռնաբարում է կնոջը՝ հղիացնելու նպատակով։ Կինը այնուհետև ստպված է լինում ամուսնանալ առևանգողի հետ։ Չնայած նման ամուսնությունները ամենատարածվածն էին 19-րդ դարի վերջից մինչև 1960-ականները, այժմ նույնպես լինում են աղջիկ փախցնելու դեպքեր[27]։
Քենիայի Թուրկանա ցեղի մոտ նույնպես ընդունված է աղջիկ փախցնելը։ Այս մշակույթում աղջիկ փախցնելը (akomari) տեղի է ունենում նախքան ամուսնության վերաբերյալ կնոջ ընտանիքի հետ որևէ համաձայնության գալու փորձ անելը։ Ըստ հետազոտողներից մեկի՝ հաջող առևանգումը համայնքում բարձրացնում է տղամարդու հեղինակությունը և թույլ է տալիս նրան կնոջ ընտանիքին ավելի փոքր գումար վճարել։ Եթե առևանգումը հաջող չի ստացվում, տղամարդը պարտավոր է կնոջ ընտանիքին վճարել գումար, հավելյալ նվերներ և վճարումներ, ինչպես նաև ամուսնանալ կնոջ հետ (akota)[28]։
Նգունիերեն խոսող ցեղերի մոտ աղջիկ փաղցնելու սովորույթը հայտնի է ukuthwalwa կամ thwala անվամբ։ Բասոտոները այն անվանում են Tjhobediso։ Զուլուսների մոտ աղջիկ փախցնելը համարվում էր սիրահարված զույգերի համար ամուսնության ընդունելի տարբերակ, երբ իրենց ընտանիքները դեմ էին ամուսնությանը[29]։
Կենտրոնական Ասիայում աղջիկ փախցնելու սովորույթ կա Ղրղզստանում[30], Ղազախստանում[31], Թուրքմենստանում[32] և Կարակալպակստանում (ինքնավար շրջան Ուզբեկստանում)[33]։ Թեև շրջանում ավանդույթի ծագման հարցը վիճելի է[34], Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում չհամաձայնեցված աղջիկ փախցնելու դեպքերի քանակը աճեց քաղաքական և տնտեսական փոփոխությունների հետ միասին[35]։
Չնայած անօրինական լինելուն[36], շատ գյուղական բնակավայրերում աղջիկ փախցնելը (հայտնի է նաև ալա կաչու անվամբ) այն ամուսնության ընդունելի և տարածված միջոց է[37]։ Ըստ 2015 թվականին արված հարցման՝ ամուսնացած կանանց 14 տոկոսը խոստովանել է, որ առևանգվել է, որոնցից երկու երրորդը եղել է համաձայնեցված. կինը և տղամարդը ճանաչել են իրար և պայմանավորվել են առևանգման մասին նախօրոք։ Սա նշանակում է, որ Ղրղզստանում ընտանիքների 5 տոկոսը ստեղծվել է անհամաձայնեցված աղջիկ փախցնելու արդյունքում[38]։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Ղրղզստանի ամուսնությունների գրեթե կեսը եղել են աղջիկ փախցնելու արդյունքում, որոնցից երկու երրորդը համաձայնեցված չեն եղել[39]։ Ոչ պետական կազմակերպությունների հետազոտությունները առևանգմամբ ամուսնությունների վերաբերյալ տալիս են տարբեր թվեր՝ 40%-ից[40] մինչև 68-75%[41]։
Ղրղզստանում տարեկան մոտ 12,000 աղջիկ փախցնելու դեպքերից մոտ 2,000-ի դեպքում կինը նշել է, որ իրեն բռնաբարել են[42]։ Բռնաբարության հիմնական նպատակը կնոջ վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, քանի որ եթե դրանից հետո նա չնդունի առևանգողին, ամուսնության համար պիտանի չի համարվի հասարակության կողմից։
Չնայած ավանդույթը անօրինական է Ղրղզստանում, աղջիկ փախցնողները հազվադեպ են հետապնդվում։ Օրենքը կիրառելու դժվարությունները մասմամբ պայմանավորված են նրանով, որ Ղրղզստանի գյուղերից շատերը դե ֆակտո կառավարում է ավագները և ակսակալները՝ ըստ ավանդական նորմերի, հեռու պետական իրավական համակարգից[43]։ Շատ դեպքերում ակսակալները հրավիրվում են առևանգված աղջկա հարսանիքին և խրախուսում են հարսի ընտանիքին ընդունել ամուսնությունը[44]։
Ղազախստանում աղջիկ փախցնելու (alyp qashu) համար օգատգործում են երկու եզր՝ kelisimsiz alyp qashu (փախցնել առանց համաձայնության) և kelissimmen alyp qashu (փախցնել համաձայնությամբ)[45]։ Առևանգողների դրդապատճառը կարող է լինել հարսնացուի գնից խուսափելը, հարսանիքի արարողության ծախսից խուսափելը, կնոջ համաձայնությունը չստանալու վախը կամ վախը, որ կնոջը այլ տղամարդ կփախցնի[46][47]։ Աղջկան տղայի տուն հասցնելուց հետո, տղայի կին հարազատներից մեկը նրան առաջարկում է գլխաշոր (oramal), որը հարսի համաձայնության խորհրդանիշ է։ Համաձայնեցված փախուստի դեպքում կինը քիչ երկմտանքից հետո համաձայնվում է կրել գլխաշորը, բայց չհամաձայնեցված առևանգման դեպքում նա կարող է օրեր շարունակ դիմադրել[48]։ Հետո, առևանգողի հարազատները խնդրում են հարսին նամակ գրել իր ընտանիքին՝ ասելով, որ նա իր համաձայնությամբ է գնացել։ Ինչպես գլխաշոր կրելը, այս դեպքում նույնպես կինը կարող է համառորեն հրաժարվել[49]։ Հետագայում, փեսայի ընտանիքը պաշտոնապես ներողություն է խնդրում հարսի ընտանիքից, որը ներառում է նամակ և փեսայի տան անդամներից կազմված պատվիրակություն։ Այս ժամանակ փեսայի ընտանիքը կարող է փոքր գումար առաջարկել՝ հարսնացուի գինը փոխհատուցելու համար։ Այս պատվիրակություններին կարող ընդունել ինչպես ջերմորեն, այնպես էլ բարկությամբ և բռնությամբ[50]։ Ներողության պատվիրակությունից հետո հարսի ընտանիքը ուղարկում է «հետապնդողների» (qughysnshy) պատվիրակություն՝ աղջկան հետ բերելու կամ ամուսնությանը համաձայնություն տալու համար[51]։
Ըստ 2018 թվականին արված հարցման՝ ամուսնացած կանանց 4 տոկոսը խոստովանել է, որ առևանգվել է, որոնցից երկու երրորդը եղել է համաձայնեցված. կինը և տղամարդը ճանաչել են իրար և պայմանավորվել են առևանգման մասին նախօրոք։ Սա նշանակում է, որ Ղազախստանում ընտանիքների 1-1.5 տոկոսը ստեղծվել է անհամաձայնեցված աղջիկ փախցնելու արդյունքում[52]։
Ուսբեկստանի Կարակալպակստան ինքնավար շրջանի ամուսնությունների մոտ մեկ հինգերորդը աղջիկ փախցնելու միջոցով է եղել[53]։ Շրջանի ակտիվիստ խմբերը սա կապում են տնտեսական անկայունության հետ։ Հարսանիքները կարող են փեսայի համար չափից դուրս թանկարժեք լինել, մինչդեռ աղջիկ փախցնելու դեպքում նրանք խուսափում են և՛ հարսանիքի ծախսերից, և՛ հարսնացուի գնից[54]։ Ըստ այլ հետազոտողների՝ վատ կրթություն ունեցող, ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունեցող տղամարդիկ ավելի հակված են աղջիկ փախցնելուն[55][56]։
Աղջիկ փախցնելը տարազված երևույթ է Կովկասի երկրներում և շրջաններում՝ Վրաստանում[57], Դաղստանում, Չեչնիայում և Ինգուշիայում[58]։ Աղջիկ փախցնելու կովկասյան տարբերակում աղջկա ընտանիքը կարող է համոզել աղջկան մնալ առևանգողի տանը[59]։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաղստան, Չեչնիա և Ինգուշիա շրջաններում աճել է աղջիկ փախցնելու դեպքերի քանակը[60]։ Տղամարդու տանը մեկ գիշեր մնալու սոցիալական խարանը կարող է բավարար պատճառ դառնալ, որպեսզի կնոջը ստիպեն ամուսնանալ առևանգողի հետ[61]։ Ըստ Ռուսական օրենքի՝ առևանգողը կարող է դատապարտվել 8-10 տարվա ազատազրկման, եթե հրաժարվի բաց թողնել կնոջը, բայց նա չի հետապնդվի, եթե բաց թողնի զոհին կամ ամուսնանա նրա հետ՝ աղջկա համաձայնության դեպքում[62]։ Չեչնիայում աղջիկ փախցողները կարող են ստանալ մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք[61]։ Սակայն, իշխանությունները սովորաբար խոսափում են նման դեպքերին միջամտելուց[63]։
Ադրբեջանում տարածված է և՛ չհամաձայնեցված (qız qaçırmaq), և համաձայնեցված (qoşulub qaçmaq) աղջիկ փախցնելու սովորույթը[64]։ Անկախ նրանից՝ բռնաբարություն է տեղի ունենում, թե ոչ, կնոջ հարազատները նրան հիմնականում անմաքուր են համարում, հետևաբար՝ ստիպում են ամուսնանալ առևանգողի հետ[65]։ 2015 թվականին Ադրբեջանում քրեականացվել է աղջիկ փախցնելը, բայց սովորույթը շարունակում է կանանց խոցելի սոցիալական իրավիճակի մեջ դնել[66]։ Առևանգված աղջիկները երբեմն դառնում են առևանգողի ընտանիքի ստրուկ[67]։
Վրաստանում աղջիկ փախցնելու սովորույթը տարածված է երկրի հարավային մասում[68]։ Ըստ ոչ առավարական կազմակերպությունների՝ տարեկան առևանգվում և ստիպողաբար ամուսնանում են հարյուրավոր աղջիկներ[69]։ Առևանգումներին երբեմն հաջորդում է բռնաբարություն և կարող է խարան լինել կնոջ վրա, քանի որ ենթադրվում է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել առևանգողի հետ[70]։ Զոհի հարզատները կարող են խայտառակություն համարել, եթե աղջիկը առևանգումից հետո վերադառնա տուն[71]։ Այլ դեպքերում առևանգումը համաձայնեցված է[72]։ Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ դատախազները հաճախ հրաժարվում են առևանգողների դեմ մեղադրանք առաջադրել[73]։ Համապատասխան օրենքի կիրառումը կարող է խնդիր լինել նաև այն պատճառով, որ աղջիկ փախցնելու դեպքերը չեն հրապարակվում՝ զոհի և իր ընտանիքի ահաբեկման պատճառով[74]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.