Remove ads
վերարտադրության, սեռական հաճույքի կամ երկուսի համար կատարվող ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն From Wikipedia, the free encyclopedia
Սեռական հարաբերություն, սեքս կամ սեռական ակտ (կենակցում, կոիտուս, մերձեցում), հիմնական իմաստով՝ էրեկցված առնանդամի ներթափանցումն (պենետրացիան) ու ներհրումն է հեշտոցամուտք՝ սեռական հաճույք զգալու, վերարտադրման (բազմացման) կամ երկուսի նպատակով[3]։ Հայտնի է նաև հեշտոցային (վագինալ) հարաբերություն կամ հեշտոցային (վագինալ) սեքս անվանումներով[2][4]։ Սեռական հարաբերության այլ ձևերից է անալ սեքսը (հետանցքային սեքս, առնանդամի ներթափանցումը հետանցքի մեջ), օրալ սեքսը (բերանային սեքս, առնանդամի ներթափանցումը բերանի մեջ կամ կանացի սեռական օրգանների պենետրացիան բերանով), ֆինգերինգը (մատներով սեռական պենետրացիան) և դիլդոյով պենետրացիան (հատկապես՝ ստրապոն դիլդոյով)[5][6][7]։ Վերոնիշյալ գործողությունները կարող են ներառել երկու կամ ավելի անհատներ, իրականացվում են բացառապես ֆիզիկական կամ զգացմունքային հաճույքի կամ անհատների միջև որոշակի սոցիալական կապի հաստատման նպատակով[5][8]։
Սեռական հարաբերության կամ սեռական ակտիվության սահմանման վերաբերյալ կան տարբերվող պատկերացումներ[9][10], որն իր հերթին ազդում է սեռական առողջության նկատմամբ պատկերացումների վրա[11]։ Սեռական հարաբերությունը և մասնավորապես հեշտոցային սեքսը (կոիտուս) հիմնականում վերաբերում է առնանդամ-հեշտոցային պենետրացիային և սերունդ ստեղծելու հնարավորությանը[3]։ Այն նաև կարող է վերաբերել օրալ սեքսին, առնանդամ-հետանցքային սեքսին (հատկապես՝ վերջինին)[12]։ Կարծիքները նաև տարբեր են, թե արդյոք ոչ պենետրատիվ սեռական գործողությունը համարվում է սեռական հարաբերություն[5][13][14]։ «Սեքս» կարող է անվանվել սեռական գործողության ցանկացած ձև[11][15]։ Քանի որ սեռական գործողությունների ընթացքում մարդիկ կարող են ձեռք բերել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[16][17], խորհուրդ է տրվում հետևել անվտանգ սեքսի կանոններին[16]։ Ոչ պենետրատիվ սեռական հարաբերության ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի փոխանցման ռիսկը նվազում է[18][19]։
Արդարադատական տարբեր համակարգերում այս կամ այն սեռական գործողություն իրականացնելու համար սահմանված են խստագույն օրենքներ։ Այդպիսի սեռական գործողություններից են՝ ինցեստը, երեխաների, մարմնավաճառների, կենդանիների հետ սեռական հարաբերությունը, զոոֆիլիան, անալ սեքսը, մինչամուսնական սեքսը, անառակությունը կամ ամուսնության ժամանակ այլ անձանց հետ սեռական հարաբերության մեջ մտնելը և այլն։ Սեռական հարաբերության վերաբերյալ ունեցած անձնական կարծիքների վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ նաև կրոնական հայացքները, օրինակ՝ կուսության նկատմամբ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել մարդու կրոնական հայացքներով[10][20]։ Սեռական հարաբերության վերաբերյալ ունեցած կրոնական պատկերացումները նշանակալիորեն առանձնանում են տարբեր կրոններում և կրոնական ուսմունքներում, բայց կան նաև ընդհանուր մոտեցումներ, օրինակ՝ արտաամուսնական սեռական հարաբերության հանդեպ արգելքը։
Կենդանիների միջև վերարտադրողական սեռական հարաբերությունը ավելի հաճախ անվանում են կոպուլյացիա կամ խաչասերում։ Կենդանիների մոտ սերմնահեղուկը իգական սեռական ուղի կարող է թափանցել նաև ոչ հեշտոցային ճանապարհով, օրինակ՝ կոյանոցի միջոցով կոպուլյացիայի ժամանակ։ Կաթնասունների մեծամասնության մոտ խաչասերումը տեղի է ունենում բազմացման շրջանում։ Բազմացման շրջանը ներառում է իգական սեռական ցիկլի ամենաբեղուն շրջանը, որը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը[21][22]։ Սակայն բոնոբոները, դելֆինները և շիմպանզեները սեռական հարաբերության մեջ են ներգրավվում նաև անկախ բազմացման շրջանի[23]։ Ինչպես մարդկանց մոտ[24], այս կենդանիների մոտ նույնպես սեռական հարաբերության նպատակն է սեռական հաճույք ստանալը[25], որը սոցիալական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն է[24]։
«Սեռական հարաբերություն» արտահայտությունը հայերենում կարող է արտահայտվել նաև սեռական կապ, կենակցում, զուգավորում, խաչասերում, մերձավորություն, մերձեցում բառերով և արտահայտություններով[26]։ Սա սովորաբար վերաբերում է հեշտոցային (վագինալ) սեքսին[4][27]։ Վագինալ սեքսը կամ վագինալ սեռական հարաբերությունը կարող է նաև վերաբերել ցանկացած վագինալ հարաբերության, հատկապես պենետրատիվ բնույթի, այդ թվում նաև լեսբի զույգերի սեռական հարաբերությանը[28][29]։ Զուգավորումը կամ խաչասերումը վերաբերում է շատ հաճախ հենց կենդանական սեռական կապին․ այն կարող է նշանակել տարբեր սեռական գործողություններ՝ նույն կամ տարբեր սեռերի միջև[30]։ Բայց ամենից հաճախ այն ունի սեռական բազմացման, ակտի նշանակությունը՝ արական անհատից իգական անհատ՝ սերմնահեղուկի, սպերմատոզոիդների փոխադրումը[30][31][32]։
Չնայած, ինչպես արդեն նշվեց, սեռական հարաբերություն, կենակցում ասելով սովորաբար հասկանում են առնանդամ-հեշտոցային հարաբերություն, սեքս բայը և «սեքս անել» արտահայտությունը շատ ավելի լայն իմաստ ունի և կարող է ներառել երկու և ավելի անձանց միջև տեղի ունեցող ինչպես պենետրատիվ (ներթափանցողական), այնպես էլ ոչ պենետրատիվ սեռական գործողություններ[11][15][33]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ տարբեր լեզուներում սեռական հարաբերությունն արտահայտող բառերն ունեն տարբերվող նշանակություններ[11]։ Շատ գռեհկաբանություններ, ժարգոնային բառեր և մեղմասություններ են օգտագործվում սեռական հարաբերության և սեռական բնույթի գործողությունների նկարագրման համար, ինչպես օրինակ՝ «իրար հետ քնելն» է[34][35][36]։ Որոշ երկրների օրենքներում սեռական հարաբերությունը նկարագրելու համար նույնպես օգտագործվում են մեղմասություններ։
Վագինալ, անալ և օրալ սեքսի տեսակներն ավելի հաճախ են համարվում սեռական հարաբերության ձևեր, քան սեռական մյուս գործողությունները[37]։ Ոչ ներթափանցողական և ոչ առնանդամ-հեշտոցային սեռական գործողությունները նույնպես կարող են համարվել սեռական հարաբերություն[5][6][14]։ Չնայած դրան, անկախ պենետրատիվ բնույթի, դրանք նաև կարող են համարել կուսության պահպանմամբ գործողություններ, ինչպես օրալ սեքսի և անալ սեքսի դեպքում է[38]։ Կուսազրկումը կապվում է առնանդամ-հեշտոցային (պենիլ-վագինալ) հարաբերության հետ։ Հետերոսեքսուալ զույգերը անալ կամ օրալ սեքս կարող են ունենալ ոչ միայն սեռական հաճույքի, այլև «կուսությունը պահպանելու» և «կույս մնալու» համար[38]։ Որոշ գեյ տղամարդիկ ֆրոթինգը կամ օրալ սեքսը համարում են կուսության պահպանման եղանակ[10][39][40]։ Լեսբիները օրալ սեքսը կամ ֆինգերինգն են համարում սեռական հարաբերության և նաև կուսազրկվելու ձև[9][10][41], իսկ տրիբադիզմը սեռական գործողության հիմնական եղանակ[42][43]։
Հետազոտողները, սեռական հարաբերություն ասելով, հիմնականում նկատի են ունենում պենիլ-վագինալ հարաբերությունը, իսկ սեռական այլ գործողությունների համար օգտագործում են այլ արտահայտություններ, օրինակ՝ «անալ սեքս» կամ «օրալ սեքս»[44]։ Ռիչարդ Լիրները և Լորենս Ստեյնբերգը պնդում են, որ հետազոտողները շատ «հազվադեպ են երևան հանում» ինչպես են նրանք սահմանում կամ իմաստավորում սեքսը[9]։ Լիրները և Ստեյնբերգը ցույց են տալիս այլ հետազոտողների կենտրոնացումը առնանդամ-հեշտոցային սեքսի վրա որպես սեռական հարաբերության հիմնական եղանակ։ Ապա արտահայտում են իրենց անհանգստությունը, որ «սեքսի և առնանդամ-հեշտոցային հարաբերության միջև հավասարման նշան դնելը բերում է նրան, որ կարդացողը, ակնարկողը չի հասկանում՝ արդյոք այն ինչ նկատի են ունեցել հետազոտողները համապատասխանում է սեռական հարաբերության սեփական պատկերացումների հետ»[9]։ Հետազոտողների այսպիսի վերաբերմունքը նաև պատճառ է դառնում, որ սեռական բնույթի մյուս գործողությունների նշանակությունն ու իմաստը նվազեցվի, քանի որ դրանց չեն դիտարկում որպես «իրական սեքսի» եղանակ, նաև սահմանափակելով «բռնաբարություն» բառի նշանակությունը[45][46][47][48]։ Սեռական հարաբերության նույնացումը վագինալ սեռական հարաբերության հետ կարող է նաև սահմանափակել մարդկանց տեղեկացվածությունը ոչ հետերոսեքսուալ, ոչ վագինալ հարաբերություններ ունեցող անձանց սեռական հարաբերության ձևերի վերաբերյալ[46]։
Սեռական հարաբերության նշանակության վերաբերյալ հետազոտությունները կարող են հակասական լինել։ Մեծամասնությունը առնանդամ-հեշտոցային հարաբերությունը համարում է սեքսի ձև, բայց օրալ կամ անալ սեքսի (հատկապես օրալ հարաբերության դեպքում)՝ սեռական հարաբերություն լինելը միանշանակ չի ընդունում[15][33][49]։ ԱՄՆ-ի հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնը 2009 թվականին ներկայացրեց, որ «չնայած շատ քիչ տվյալ կա պատանեկան հասակում օրալ սեքսով զբաղվելու վերաբերյալ, մեծերը, որոնք զբաղվել են օրալ սեքսով, սովորաբար այն չեն համարում սեքսի եղանակ։ Այդ պատճառով նրանք կարող են օրալ սեքսով զվաղվել, բայց մտածել, թե մաքուր են կամ կույս»[50]։ Որոշ հետազոտողներ սեռական հարաբերությունը սահմանում են նաև ըստ տղամարդու հասել է օրգազմի․ եթե օրգազմի չի հասել, նրանք չեն համարում, որ սեքս է տեղի ունեցել[33]։ Որոշ տղամարդիկ պնդում են, որ եթե սեռական հարաբերության ժամանակ օգտագործվել է պահպանակ, ապա այն չի կարող համարվել իրական սեքս[33][51][52]։ Այս տեսակետը ավելի բնորոշ է ավելի մեծ տարիքով տղամարդկանց սերնդին (65 և ավելի տարիք ունեցող)[33], ինչպես նաև աֆրիկացի տղամարդկանց[51][52], որտեղ պահպանակով սեռական հարաբերությունը հաճախ ասոցացվում է ապատղամարդկայնացման հետ, քանի որ ըստ նրանց պահպանակը պատնեշում է առնանդամ-սեռական օրգանների մաշկ կոնտակտը[51]։
Մարդկանց մոտ սեռական հարաբերությունը զուտ վերարտադրողական բնույթից ստացել է նաև զգացմունքային կապ հաստատելու եղանակ։ Սեռական հարաբերությունը մարդկանց հասարակական հարաբերությունների, մարդկանց միջև սոցիալական կապ հաստատելու մեջ կարևոր դեր է կատարում[24]։ Շատ հասարակություններում, շատ զույգերի մոտ ընդունված է բեղմնականխումը․ չնայած զույգերը զբաղվում են սեռական հարաբերությամբ, կապվում են զգացմունքորեն, բայց խուսափում են հղիությունից[24]։
Մարդկանց և բոնոբոների մոտ իգական անհատը ունենում է համեմատաբար թաքնված ձվազատում, արական և իգական կողակիցները սովորաբար չեն իմանում իգական անհատի բեղունությունը։ Սրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մարդկանց համար կարևոր է զույգերում ամուր զգացմունքային կապի հաստատումը և կարևոր է երկարատև միությունը, քան անմիջական սեռական վերարտադրումը[24][53]։ Մարդկանց մոտ, հատկապես համայնքում համագործակցային վարքը և սեռական կապը նպաստում են սոցիալական կապերի, ինչպես նաև անհատների միջև կապերի ամրապնդմանը, որն էլ իր հերթին ազդում է սոցիալական կառույցների ձևավորման վրա։ Ձևավորված համագործակցությունը խրախուսում է ընդհանրական այնպիսի որոշումներ, որոնք ապահովում են խմբի յուրաքանչյուր անհատի գոյությունը[23]։
Սեռական հարաբերությունը կամ գործողությունը կարող է ներառել սեռական տարբեր գրգռող գործոններ՝ հոգեբանական և ֆիզիկական, որոնցից են սեռական դիրքերը կամ սեռական խաղալիքների օգտագործումը[2][6][54]։ Սեռական բնույթի շատ գործողություններին կարող է նախորդել նախախաղը, որը հաճախ ուղղված է զույգերի սեռական գրգռմանը (արթնացմանը) և բերում է առնանդամի էրեկցիային կամ հեշտոցի բնական խոնավացմանը[55]։ Մարդկանց մոտ նաև տարածված է, որ համբուրելուց կամ էրոտիկ հպումից նույնքան սեռականապես բավարարված զգան, որքան՝ սեռական հարաբերության ժամանակ[56]։
Կաթնասունների մեծամասնության մոտ սեռական օրգանների անատոմիան և նյարդային համակարգի որոշ հատվածներ հատուկ կազմավորված են հետերոսեքսուալ (տարասեռական) զուգավորման համար։ Սեռական ակտը ուղեկցվում է մի շարք բնածին սեռական ռեֆլեքսներով՝ էրեկցիա, հեշտոցի խոնավացում, լորդոզային վարք, անշարժացում, ինտրոմիսիա, կոնքային հրում և սերմնաժայթքում։ Այս կոպուլյատիվ ռեֆլեքսները ղեկավարվում են հորմոնների և կարգավորվում սեռական ֆերոմոնների միջոցով[57]։ Հոմինիդների, այդ թվում՝ մարդու մոտ, զուգավորումը կարգավորող շատ կենսաբանական գործոններ ձևափոխված են[58]։
Զուգավորման նյարդակենսաբանական ղեկավարման այս փոփոխությունները հատկապես նկատելի են հոմինիդների էգերի մոտ։ Պրիմատներին չպատկանող տեսակների էգերը զուգավորվում են միայն բազմացման շրջանում[59], բայց կնոջ մոտ սեռական հարաբերությունը հնարավոր է դաշտանային ցիկլի ցանկացած փուլում[53][60]։ Սեռական հորմոնները կարգավորում են սեռական ռեֆլեքսները[61], բայց մարդկանց մոտ ֆերոմոնների հայտնաբերումը չի գործում[62][63] և ունի միայն մնացորդային ազդեցություն[64]։ Պրիմատներին չպատկանող տեսակների էգերը սեռական ակտի ժամանակ ընդունում են լորդոզային դիրք և անշարժանում, իսկ կանանց մոտ այս կոպուլյատիվ ռեֆլեքսները չեն գործում[59]։ Ի տարբերություն կաթնասունների զուգավորման, որտեղ զուգավորումը հորմոններով և ֆերոմոններով կառավարվող ռեֆլեքսային գործընթաց է, մարդու սեռական ակտը հիմնականում կամային է, մարդը այն սովորում է կյանքի ընթացքում՝ սեռական բնույթի «պարգևների» համար (սեռական հաճույք, սերնդի շարունակում և այլն)[58][65]
Սեռական ակտի ժամանակ զուգընկերները իրենց կոնքերը այնպես են դիրքավորում, որ առնանդամը հեշտությամբ շարժվի, ներթափանցվի և ներհրվի հեշտոցամուտք։ Սրա շնորհիվ զուգընկերները գրգռվում են, սովորաբար շարունակելով այնքան՝ մինչև զուգընկերներից որևէ մեկը կամ երկուսը հասնի հեշտանքի (օրգազմի)[14][66]։
Կանանց մոտ ծլիկի գրգռումը կարևոր է սեռական ակտի ժամանակ։ Կանանց 70-80%-ի մոտ հեշտանքի հասնելու համար անհրաժեշտ է ծլիկի ուղղակի գրգռում[67][68][69]։ Ծլիկի ոչ ուղղակի գրգռումը (օրինակ՝ հեշտոցային սեռական հարաբերության դեպքում) նույնպես կարող է բավարար լինել օրգազմի համար[70][71]։ Սրա պատճառով, որոշ զույգեր սեռական հարաբերություն են ունենում կինը վերևում դիրքով կամ օրինակ՝ միսիոներական դիրքի այնպիսի տարատեսակով, որով զուգընկերները ապահովում են սեռական օրգանների հպման և հակահպման ռիթմային շարժումներ՝ հասնելով ծլիկի առավելագույն գրգռման[1][6][72]։
Անալ սեքսը ներառում է մարդու հետանցքի, հետանցքային խոռոչի և ուղիղ աղիքի սֆինկտերի գրգռումը։ Անալ սեքսի տակ հիմնականում հասկանում են տղամարդու առնանդամը այլ անձի ուղիղ աղին մտցնելու գործընթացը, չնայած որ հետանցքի պենետրացիայի համար կարող են օգտագործվել նաև սեքսի խաղալիքները կամ մատները։ Հետանցքի պենետրացիան հնարավոր է նաև օրալ սեքսի տարատեսակներից մեկի՝ անիլինգուսի դեպքում կամ էլ պեգինգի ժամանակ (ստրապոն դիլդոյով պենետրացիան)[73]։
Օրալ սեքսը ներառում է սեռական այն բոլոր գործողությունները, որի ժամանակ բերանի և կոկորդի միջոցով տեղի է ունենում սեռական օրգանների կամ հետանցքի գրգռում։ Այն կարող է ներառել նաև սեռական այլ գործողություններ, այդ թվում սերմնահեղուկի (ֆելյացիայի ժամանակ) և հեշտոցային հեղուկների (կունիլինգուսի ժամանակ) կուլ տալը կամ կլանումը[2][74]։
Ֆինգերինգը (կամ թվային պենետրացիան կամ թվային սեռական հարաբերությունը) ներառում է ծլիկի, բունոցի՝ ձեռքով կամ մեխանիկական սեռական գրգռումը։ Սեռական հարաբերությունը կարող է ամբողջությամբ ներառել ֆինգերինգ կամ էլ ֆինգերինգ իրականացվի նախախաղի կամ սեռական հարաբերության տարբեր փուլերում[29][75][76]։
Սեռական բազմացումը ենթադրաբար ունի 385 միլիոն տարվա պատմություն։ Շատ հնարավոր է, որ Երկրի վրա ամենահին կռճիկային ձուկը առաջին կենդանին է, որ վերարտադրվել է զուգավորմամբ (կոպուլյացիայով)[78]։ Մարդու մոտ վերարտադրումը սովորաբար տեղի է ունենում առնանդամ-հեշտոցային ներթափանցման միջոցով[79]։ Տղամարդու օրգազմը (հեշտանքը) սովորաբար ներառում է սերմնաժայթքումը (էյակուլյացիան), որի ժամանակ հաջորդական մկանային կծկումների շնորհիվ՝ տղամարդու գամետներ կամ սպերմատոզոիդներ պարունակող հեղուկը՝ սերմնահեղուկը, սպերման դուրս է մղվում դեպի հեշտոց։ Սերմնահեղուկը հեշտոցամուտքից անցնում է արգանդի վզիկ, ապա արգանդ և հասնում արգանդափող (ֆալոպյան փող)։ Յուրաքանչյուր սերմնաժայթքման հեղուկը պարունակում է միլիոնավոր սպերմատոզոիդներ, որը մեծացնում է ձվաբջջի բեղմնավորման և սաղմի ձևավորման հավանականությունը։ Երբ բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդ, ամրանում է արգանդի պատին (էնդոմետրիումին) և սկսում է հղիությունը[79][80]։
Դաշտանային ցիկլի ընթացքում ձվազատումից 5 օր առաջ մինչև 1-2 օրերը (8-19 օրերին, դաշտանային ցիկլի 25-32 օր տևողության ժամանակ) սեռական հարաբերության ժամանակ հղիանալու հավանականությունը ամենաբարձրն է[81]։ Հղիանալու համար խորհուրդ է տրվում այս ընթացքում սեռական հարաբերություն ունենալ ամեն օր կամ 2 օրը մեկ անգամ[82] կամ 2-3 օրը մեկ անգամ[83]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության հավանականության և սեռական հարաբերության դիրքի միջև որևէ նշանակալի կապ չկա, այնքան ժամանակ, քանի դեռ սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցում[84]։
Երբ սերմնահեղուկի դոնորը կնոջ հետ սեռական հարաբերություն է ունենում՝ կնոջ հղիացման նպատակով, ապա տեղի է ունենում այսպես կոչված «բնական բեղմնավորում»։ Արհեստական բեղմնավորումը օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիայի տարատեսակ է[85]։ Արհեստական բեղմնավորման համար սերմնահեղուկի դոնորները սերմնահեղուկը հանձնում են սերմնահեղուկի բանկում։ Արհեստական բեղմնավորումը նպատակ ունի փոխարինել սեռական հարաբերությունը և կնոջը հղիացնել[86][87]։ Վերարտադրողական այս մեթոդները կիրառում են նաև գեյ և լեսբի զույգերը։ Գեյ զույգերը կարող են դիմել փոխնակ (սուրոգատ) հղիությանը։ Լեսբի զույգերը կարող են դիմել արհեստական բեղմնավորմամբ հղիացմանը[88][89]։
Տարասեռական և նույնասեռական զույգերը օգտագործում են ապահով սեռական հարաբերության տարբեր ձևեր, որը ներառում է՝ ոչ ներթափանցողական սեռական գործողությունները[19][90], իսկ բեղմնականխման համար՝ անալ և օրալ սեքսը[91][92]։ Անալ սեքսի և սեռական այլ գործողությունների ժամանակ կինը կարող է այնուամենայնիվ հղիանալ, եթե առնանդամը մոտ է հեշտոցին, օրինակ՝ ներազդրային սեռական հարաբերության (ֆեմորալ, ինտերֆեմորալ սեքս), GG շփման (սեռական օրգանների շփման) ժամանակ, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցամուտքին մոտիկ, իսկ սերմնահեղուկը հեշտոցային հեղուկների միջոցով թափանցում է հեշտոց։ Սերմնահեղուկը հեշտոց կարող է թափանցել նաև այլ ճանապարհներով, օրինակ՝ մատների կամ ոչ սեռական այլ օրգանների միջոցով[93][94]։
Պաշտպանված սեռական հարաբերությունը հետևում է նվազագույն վնասի սկզբունքին[16][95]։ Պահպանակներն օգտագործվում են որպես պաշտպանված սեռական հարաբերության և բեղմնականխման ձևեր։ Պահպանակները նաև խրախուսվում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) կանխման համար[16][95]։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, լատեքսային պահպանակների ճիշտ և մշտական օգտագործումը 85-99%-ով նվազեցնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի փոխանցման ռիսկը[96][97]։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխման ամենաարդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից, հատկապես՝ վագինալ, անալ և օրալ տեսակներից զերծ մնալն է[95]։
Հակաբեղմնավորման մեթոդներին վերաբերող որոշումների և տարբերակների վրա կարող են ազդել մշակութային գործոնները, օրինակ՝ դավանանքը, գենդերային դերերը կամ ավանդույթները[98]։ Իռլանդիայում, Իտալիայում և Ֆիլիպիններում, որտեղ բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է, հակաբեղմնավորման միջոցներից ավելի ընդունելի են օրացույցային բեղմնականխման մեթոդները[18]։ Ամբողջ աշխարհում բեղմնականխման ամենատարածված մեթոդը ստերջացումն է[18], իսկ ներարգանդային պարույրը՝ ամենատարածված և արդյունավետ հակադարձելի հակաբեղմնավորման մեթոդը[18][99]։ Հակաբեղմնավորման միջոցների օգտագործումը հատկապես կարևոր է զարգացող երկրներում, որտեղ երեք կնոջից մեկը առաջին անգամ ծննդաբերում է 20 տարեկանից շուտ։ Այս երկրներում պաշտպանված, առանց անհրաժեշտ կարողություններով իրականացված աբորտների շուրջ 90%֊ը հնարավոր կլիներ կանխել հակաբեղմնավորման միջոցների կիրառմամբ[18]։
ԱՄՆ֊ի սեռական առողջության և վարքի մասին իրականցված ազգային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2010 թվականին «ԱՄՆ֊ում 4 վագինալ սեռական հարաբերությունից 1-ը իրականացվել է պահպանակով (չամուսնացածների մոտ 3-ից 1-ը)[100]։
Ըստ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության՝ Հայաստանում 2013-2016 թվականներին բոլոր հղիությունների 69 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, 23 տոկոսը՝ աբորտով. իսկ 9 տոկոսը՝ վիժումով կամ մեռելածնությամբ։ Ըստ հղիությունների հերթականության՝ աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինն աճում է։ Հայաստանում 15-49 տարեկան չորս կանանցից մեկը երբևէ կատարել է աբորտ։ Աբորտների հավանականությունն աճում է տարիքին և կենդանի երեխաների թվաքանակի աճին զուգընթաց։ Հակաբեղմնավորման մեթոդների իմացությունը Հայաստանում բարձր է։ Կանանց 97 և տղամարևդկանց 99 տոկոսը տեղյակ են մեթոդների մասին։ Ներկայումս, սակայն, կանանց միայն 28 տոկոսն է օգտագործում դրանք[101]։
Առնանդամ-հեշտոցային (պենիլ-վագինալ) ներթափանցումը սեռական հարաբերությունների ամենատարածված տեսակն է[4][27]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հետերոսեքսուալ զույգերը համարյա յուրաքանչյուր սեռական ակտի ժամանակ իրականացնում են վագինալ կապ[27]։ 2010 թվականին ԱՄՆ֊ում իրականացված սեռական առողջության և վարքի ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ վագինալ սեռական կապը «բոլոր ազգությունների, բոլոր տարիքի տղամարդկանց և կանանց սեռական վարքի ամենագերակշռող ձևն է»[27]։
Քլինթ Բրուսը և այլք գտնում են, որ՝ «վագինալ սեռական հարաբերությունը ամենաուսումնասիրված սեռական վարքն է, որը մարդիկ նկատի են ունենում «սեքս անել» կամ «սեռական հարաբերություն ունենալ» ասելով․ սա սեռական հարաբերության այն ձևն է, որի վրա կենտրոնանում են սեռական կրթության ծրագրերում»[102]։ Ուեյթենը և այլք պնդում են, որ վագինալ սեռական հարաբերությունը «հասարակության մեջ ամենաշատ տարածված և ընդունելի սեռական հարաբերության ձևն է»[43]։
Ինչ վերաբերում է անալ և օրալ սեռական հարաբերությանը, համաձայն 2009 թվականին ԱՄՆ֊ի Հիվանդությունների ղեկավարման և կանխարգելման կենտրոնի կենտրոնի հետազոտության՝ «օրալ սեքսը լայնորեն տարածված է սեռականապես ակտիվ տղամարդ֊կին զույգերում և տարբեր տարիքի նույնասեռական զույգերում»[50]։ ԱՄՆ֊ում 2010 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց մոտ վագինալ սեռական հարաբերության մեջ ավելի շատ են ներգրավվել, քան անալ սեռական հարաբերության մեջ, բայց 25-49 տարեկանի տղամարդկանց 13%-15%-ը ունեցել են ներթափանցողական անալ սեռական կապ։ 14-94 տարեկանների մոտ այս ցուցանիշը ընդամենը 7% է։ 18-39 տարեկան կանանց 10%-14%-ը ենթադրվում է, որ վերջին 90 օրվա ընթացքում ունեցել են անալ սեռական հարաբերություն[27]։
Սեռական հարաբերության հաճախականությունը ուսումնասիրվել է տարբեր մշակույթների մոտ։ 2003 թվականին Միշել Բոզոնը Ֆրանսիայի ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտից իրականացրել է միջմշակութային հետազոտություն «Քանի՞ տարեկանում են տղամարդիկ և կանայք ունենում առաջին սեռական հարաբերությունը» անվամբ։ Ժամանակակից առաջին մշակույթը, որը նա հետազոտել է Ենթասահարան էր (Մալի, Սենեգալ և Եթովպիա)։ Տվյալները ցույց են տվել, որ այս հասարակություններում կանայք առաջին սեռական հարաբերությունը ավելի մեծ տարիքում են ունենում և այս կապը սովորաբար արտաամուսնական է։ Հետազոտությունը համարում է, որ Հնդկական ենթամայրցամաքը նույնպես պատկանում է այս խմբին, չնայած որ տվյալները առկա էին միայն Նեպալի համար[103][104]։
Ըստ երկրորդ խմբի տվյալների՝ ընտանիքներում աղջիկներին խրախուսում էին ուշ ամուսնանալ և խուսափել նախաամուսնական սեռական հարաբերությունից։ Տղաներին խրախուսում էին մինչ ամուսնությունը փորձառություն ձեռք բերել կանանց և մարմնավաճառների հետ։ Այս խմբի տղամարդիկ առաջին սեռական հարաբերությունն ունենում են ավելի վաղ տարիքում։ Այս խմբին են պատկանում Հարավային Եվրոպայի (Պորտուգալիա, Հունաստան և Ռումինիա) և Լատինական Ամերիկայի (Բրազիլիա, Չիլի և Դոմինիկյան Հանրապետություն) լատինական մշակույթները։ Շատ ասիական երկրներ նույնպես պատկանում են այս խմբին, չնայած տվյալներ առկա էին միայն Թայլանդի համար[103][104]։
Երրորդ խմբում տղամարդիկ և կանայք համարյա նույն տարիքում են ունենում սեռական հարաբերություն։ Այս խումբն ունի երկու ենթախումբ։ Ոչ լատինական կաթոլիկ երկրներում (նշված են Լեհաստանը և Լիտվան), առաջին սեռական հարաբերության տարիքը բարձր է, որը ենթադրում է, որ այն տեղի է ունեցել ամուսնության ժամանակ և ցույց տալիս՝ տղամարդու ու կնոջ կուսության արժեվորումը։ Այս նույն օրինաչափությունը նկատվում է Սինգապուրում և Շրի Լանկայում։ Համաձայն այս հետազոտության՝ Չինաստանը և Վիետնամը նույնպես պատկանում են այս խմբին, չնայած տվյալները բացակայում են[103][104]։ Հյուսիսային և արևելյան եվրոպական երկրներում, առաջին սեռական հարաբերության տարիքը ցածր է, տղամարդիկ և կանայք սեռական կապ են ունենում մինչ ամուսնությունը։ Նշված երկրներն են՝ Շվեյցարիան, Գերմանիան և Չեխիան[103][104]։
ԱՄՆ֊ում, համաձայն Առողջապահական վիճակագրության ազգային կենտրոնի տվյալների՝ առաջին սեռական հարաբերության տարիքը միջինում կազմում է 17,1 տարեկան[105]։ Ըստ հետազոտության՝ 2002 թվականին աղջիկների 45,5 և տղաների 45,7 տոկոսը սեռական հարաբերություն են ունեցել մինչև 19 տարեկանը[106]։
Հայաստանում ՀԺԱՀ 2015-16-ի արդյունքները ցույց են տալիս, որ հայ կանանց շրջանում տարիքն առաջին ամուսնության և տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ մեծապես հաընկնում են։ Այս համընկնումը հնարավոր է, որ մասամբ պայմանավորված լինի այն հանգամանքով, որ կանայք չեն ցանկանում հայտնել իրենց մինչամուսնական սեռական ակտիվության մասին, քանի որ նման վարքագիծը դեմ է մշակութային նորմերին։ Հայաստանում կանայք սովորաբար սկսում են սեռական կյանքն առաջին ամուսնության հետ զուգահեռ։ Ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդիկ ավելի շատ են նշել, որ սեռական հարաբերություն են ունեցել նախքան ամուսնանալը։ Օրինակ՝ 30-49 տարեկան տղամարդկանց մեկ երրորդը նշել է, որ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել մինչև 20 տարեկան դառնալը։ Ի հակադրություն սրան՝ 30-49 տարեկան տղամարդիկ սկսում են սեռական կյանքն առաջին ամուսնությունից 4,7 տարի առաջ[101]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու մոտ սեռական ակտիվությունն ու սեռական հարաբերությունն ունի մի շարք օգուտներ[107]։ Այն ուժեղացնում է իմունիտետը՝ մեծացնելով օրգանիզմի կողմից հակամարմինների արտադրությունը․ այն նաև նվազեցնում է արյան ճնշումը[108][109], նվազեցնում շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը[108]։ Սեռական մերձեցման ժամանակ մեծանում է օքսիտոցին հորմոնի («սիրո հորմոն») մակարդակը, որը նպաստում փոխվստահության և սոցիալական կապի ստեղծմանը[109][110]։ Օքսիտոցինը ավելի մեծ ազդեցություն է գործում կանանց վրա, սրա պատճառով է թերևս, որ կանայք ավելի հաճախ են սեռական ցանկությունը կամ սեռական հարաբերությունը կապում սիրո և ռոմանտիկայի հետ, քան տղամարդիկ[8]։ 18-102 տարեկան 3500 մարդու մասնակցությամբ իրականացված երկարատև հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական պարբերական հարաբերությունները մարդկանց ավելի երիտասարդ տեսք են տալիս։ Հետազոտությունն իրականացրել է նյարդաֆիզիոլոգ Դեյվիդ Ուիքզը[111]։
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) բակտերիալ, վիրուսային կամ մակաբուծային վարակներ են, որոնք փոխանցվում են սեռական կոնտակտի, հատկապես՝ պենետրատիվ սեռական գործողությունների ժամանակ։ Որոշները, հատկապես ՄԻԱՎ֊ը և սիֆիլիսը, կարող են փոխանցվել նաև այլ ճանապարհներով, այդ թվում՝ մորից երեխային՝ հղիության և ծննդաբերության ժամանակ, արյան փոխպատվաստման, բժշկական ասեղների միջոցով[112]։ Գոնոկոկային և քլամիդիալ (խլամիդիալ) վարակները սովորաբար ոչ մի ախտանիշ չեն առաջացնում։ Չբուժված քլամիդիալ վարակը կանանց մոտ կարող է առաջացնել անպտղություն կամ արտարգանդային հղիություն։ Մարդու պապիլոմավիրուսը կարող է առաջացնել սեռական օրգանների և արգանդի վզիկի քաղցկեղ։ Սիֆիլիսը կարող է առաջացնել մեռելածնություն և նորածնային (նեոնատալ) մահ։ Չբուժված գոնոկոկալ վարակները առաջացնում է վիժում (կրելախախտ), վաղաժամ ծննդաբերություն, պերինատալ մահացություն։ Գոնորեա և քլամիդիոզ (խլամիդիոզ) ունեցող կանանց նորածինների մոտ կարող է առաջանալ նեոնատալ կոնյունկտիվիտ, ապա կուրացում[112]։ Հեպատիտ Բ֊ն նույնպես կարող է փոխանցվել սեռական ճանապարհով[113]։ Ամբողջ աշխարհում կա հեպատիտ B֊ի 350 միլիոն քրոնիկական կրող[114]։
Հայաստանի ՀԺԱՀ 2015-16-ի արդյունքներով կանանց 5 և տղամարդկանց 1 տոկոսը նշել են, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ կամ վարակի նշաններ[101]։
ԱՄՆ֊ում ամեն տարի գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների 19 միլիոն նոր դեպք[115]։ 2005 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ենթադրեց, որ ամեն տարի շուրջ 448 միլիոն 15-49 տարեկան մարդ վարակվում է բուժվող ՍՃՓՎ֊ով (սիֆիլիս, գոնորեա, քլամիդիոզ և այլն)[112]։ Որոշ ՍՃՓՎ֊եր կարող են առաջացնել սեռական օրգանների խոցեր․ եթե նույնիսկ խոց չեն առաջացնում, այս վարակները մեծացնում են ՄԻԱՎ֊ով վարակվելու և փոխանցելու հավանականությունը շուրջ տասն անգամ[112]։ ՄԻԱՎ֊ը մահացությունների թվով ամենատարածված վարակներից մեկն է աշխարհում։ 2010 թվականի հաշվարկներով ՄԻԱՎ֊ի էպիդեմիայի սկզբից մինչ օրս մահացել է 30 միլիոն մարդ։ 2010 թվականին աշխարհում գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի 2,7 միլիոն դեպքերից 1,9 միլիոնը (70%) գրանցվել է Աֆրիկայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է նաև, որ 2010 թվականին 1,8 միլիոն գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի մահացության դեպքերից մոտավոր հաշվարկներով 1,2 միլիոնը տեղի է ունեցել Աֆրիկայում[116]։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ը ախտորոշվում է արյան թեստերով և քանի որ հիվանդության բուժում դեռ հայտնաբերված չէ, այն կառավարվում է հակառետրովիրուսային դեղամիջոցներով, որի արդյունքում պացիենտները կարող են շարունակել ապրել առողջ և արդյունավետ[117]։
Երբ ՄԻԱՎ֊ով վարակվելու կասկած կա, բուժական միջամտությունը օգտակար է բոլոր դեպքերում։ ՄԻԱՎ֊ի փոխանցումը օրալ սեքսի ժամանակ ավելի քիչ հավանական է, քան փոխանցումը անալ կամ վագինալ սեքսի ժամանակ, չնայած որ օրալ սեքսի պատճառով տեղի ունեցած փոխանցման դեպքերը հաշվելը բարդ է, քանի որ սեռականապես ավելի ակտիվ անհատները, որոնք ակտիվորեն զբաղվում են օրալ սեքսով, զբաղվում են նաև սեքսի վագինալ և/կամ անալ սեքսի ձևերով։ Որոշ գործոններ կարող են մեծացնել ՄԻԱՎ֊ով վարակվելու ռիսկը՝ խոցերը, արյունահոսող լնդերը, սեռական օրգանների վերքերը, այլ ՍՃՓՀ֊երի առկայությունը[50]։
2005 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվեց, որ աշխարհում ամեն տարի հղիության 123 միլիոն դեպքերից մոտավորապես 87 միլիոնը կամ 70.7%֊ը չպլանավորված են։ 46 միլիոն հղիության դեպքեր ամեն տարի ընդհատվում են աբորտով[118]։
ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկությունը Հայաստանում շատ բարձր է։ 15-49 տարեկան կանանց 89 և տղամարդկանց 88 տոկոսը լսել են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, չնայած որ բազմակողմանի գիտելիքների իմացությունը շատ ցածր է։ Խտրական վերաբերմունքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ տարածված երևույթ է։ 1988-2001 թվականներին դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է 169 ՄԻԱՎ վարակակիր։ Վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 130 դեպք (76,9%), կանանց մոտ արձանագրվել է 36 դեպք (21,3%), իսկ երեխաների մոտ՝ 3 դեպք (1,8%)։ ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը (80%) գտնվում է 20-39 տարեկան տարիքային խմբերում։ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են ներերակային թմրանյութեր օգտագործելու միջոցով վարակումը (46,7%) և հետերոսեքսուալ ճանապարհը (40,8%)։ Տղամարդկանց մեծամասնությունը՝ 60%-ը վարակվել են ներերակային թմրանյութեր օգտագործելու միջոցով, իսկ կանանց վարակման ճանապարհը հիմնականում հետերոսեքսուալ հարաբերությունն է եղել[119]։
Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տվյալ վիճակագրությունը չի արտացոլում համաճարակի տարածվածության իրական պատկերը Հայաստանում։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության իրական չափերն ավելի քան 10-15 անգամ գերազանցում են պաշտոնական տվյալները, այսինքն հաշվարկային տվյալներով Հայաստանում կան մոտ 1500-2200 ՄԻԱՎ վարակակիրներ[119]։
Սեռական ակտիվությունը գլխուղեղի պարգևի կենտրոնում կարող է մեծացնել ΔFosB (դելտա FosB) գեների տրանսկրիպցիայի գործոնի էքսպրեսիան[120][121][122]։ Չափից դուրս հաճախ սեռական ակտիվությունը կարող է բերել ΔFosB գործոնի գերէքսպրեսիային՝ կախվածություն առաջացնելով սեռական ակտիվությունից[120][121][122]։ Սեռական կախվածությունը, հիպերսեքսուալությունը կամ գերսեռականությունը պատկանում է սովորությունների և ձգտումների խանգարումների խմբին և վարքային կախվածության տարատեսակ է։ Այն կապվում է դոֆամինի ատիպիկ մակարդակի հետ։ Առաջարկել են, որ «սեռական կախվածությունը» դասվի օբսեսսիվ-կոմպուլսիվային խանգարումների շարքին։ Համարում են, որ սեռական կախվածությունը կարող է ունենալ ժառանգական բնույթ։ Սեռական կախվածություն ունեցող մարդկանց գլխուղեղն ունի ավելի բարձր պատասխանի մակարդակ տեսողական սեռական ազդակների նկատմամբ[123]։ Հիպերսեքսուալության ձևերից է Քլեյն-Լևինի սինդրոմը։ Այն ուղեկցվում է հիպերսոմնիայով և հիպերսեքսուալությամբ և շատ հազվադեպ է հանդիպում[124]։
Սեռական ակտիվությունը կարող է մահվան պատճառ դառնալ, հատկապես սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության բարդություներ ունեցողների մոտ[14][125][126]։ Չնայած դրան սեռական հարաբերության ժամանակ առաջացող մահերը հազվադեպ են[125]։ Ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ, որոնք ունեն սրտամկանի ինֆարկտի ռիսկ, սեռական հարաբերության ժամանակ կարող է առաջանալ հանկարծակի սրտային մահ[126]։ Պարբերական ֆիզիկական ակտիվությունը կրճատում է, բայց չի վերացնում այս ռիսկը[126]։ Շվեյցարիայի շտապ օգնության սեռական հարաբերությունների ժամանակ առաջացող դեպքերի բաժնի դիմումների 1%-ը սրտանոթային խնդիրներն են, 10%-ը՝ վնասվածքները, 12%-ը՝ նյարդաբանական խնդիրները, որոնցից ամենահաճախը գլխացավն է[127]։
Եթե սեռական հարաբերության մեջ ներգրավված է տղամարդ, ապա սերմնաժայթքումից հետո սեռական հարաբերությունը ավարտվում է, որի պատճառով զուգընկերը կարող է չհասնել հեշտանքի (օրգազմի)[128]։ Բացի այդ վաղաժամ սերմնաժայթքումը շատ տարածված է, իսկ կանայք՝ տղամարդկանց համեմատ ավելի շատ գրգռման կարիք ունեն օրգազմին հասնելու համար[55][129][130]։ Ըստ Ուեյթենի և այլոց հետազոտության՝ «Շատ զույգեր կարծում են, որ սեռական հարաբերության ժամանակ օրգազմի կարելի է հասնել միայն սեռական ակտի (առնանդամ-հեշտոցային սեքսի) միջոցով։ Նրանք կարծում են, որ նախախաղը միայն սեռական ակտին նախապատրաստվելու համար է։ Քանի որ կանայք բուն սեռական ակտի ժամանակ ավելի հազվադեպ են օրգազմի հասնում, ապա ավելի հավանական է, որ նրանք կեղծեն հեշտանքը՝ տղամարդ զուգընկերոջը բավարարելու նպատակով»[55]։
1991 թվականին Քինզի ինստիտուտի հետազոտողները ցույց տվեցին, որ «իրականում ներթափանցման և սերմնաժայթքման միջև եղած ժամանակահատվածը ոչ միայն տարբերվում է տարբեր տղամարդկանց մոտ, այլ նաև նույն տղամարդու տարբեր սեռական հարաբերությունների ժամանակ»։ Նրանք ավելացնում են, որ սեռական հարաբերության անհրաժեշտ երկարությունը այն ժամանակահատվածն է, երբ երկու զուգընկերներն էլ բավարարվում են։ Քինզին նաև նշել է, որ՝ «Տղամարդկանց 75%-ը սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքել է ներթափանցման առաջին երկու րոպեի ընթացքում»։ Բայց նա չի հարցրել, թե արդյոք երկու րոպեն բավարար է եղել միմյանց բավարարելու համար։ Վերջերս իրականացված հետազոտությունները նշում են երկու րոպեից մի փոքր ավելի երկարատև ժամանակահատված[131]։ Կանադացի և ամերիկացի սեռական թերապևտների 2008 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ հետերոսեքսուալ զույգերի սեռական ակտի միջին տևողությունը յոթ րոպե է․ 1-2 րոպեն համարվել է շատ կարճ, 3-7 րոպեն՝ բավարար, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30 րոպեն՝ շատ երկար[27][132]։
Անօրգազմիան սեռական գրգռումից հետո օրգազմին հասնելու դժվարությունն է, որը կարող է պատճառ դառնալ անձնական խնդիրների[133]։ Այս երևույթն ավելի տարածված է կանանց, քան տղամարդկանց մոտ[134][135]։ Սա կապվում է կնոջ մարմնի, օրինակ՝ ծլիկի օրգազմում ունեցած նշանակության մասին սեռական կրթության անբավարար որակի հետ, հատկապես՝ սեքս բացասական (անտիսեքսուալ, հակասեռական) մշակույթներում[135]։ Դասական սեռական ակտի ընթացքում առնանդամն ավելի շատ է գրգռվում, քան ծլիկը․ ծլիկի դիրքի պատճառով, որպեսզի կինը հասնի հեշտանքի, անհրաժեշտ է լինում ձեռքով կամ բերանային լրացուցիչ գրգռում[27]։ Կանանց 10%-ը երբեք չի ունեցել օրգազմ[136], 40-50%-ը կամ բողոքներ ունի օրգազմին հասնելու դժվարությունների վերաբերյալ, կամ կյանքի որոշակի շրջանում ունեցել է օրգազմին հասնելու դժվարություններ[137]։
Վագինիզմի ժամանակ կնոջ մոտ տեղի է ունենում կոնքի հատակի մկանների ոչ կամային կծկումներ, որի հետևանքով սեռական ակտը կամ հեշտոցի ցանկացած տեսակի պենետրացիա դառնում է ցավոտ, դժվարին և հաճախ անհնարին։ Այս երևույթը պայմանավորված է ցայլք-պոչուկային մկանի պայմանական ռեֆլեքսով։ Վագինիզմը հաղթահարելը դժվար է, քանի որ կինը սեռական ակտի ժամանակ արդեն ակնկալում է զգալ ցավ, որը կարող է առաջացնել մկանների կծկանք (սպազմ)՝ սեռական հարաբերության ժամանակ առաջացնելով ցավ[135][138]։ Վագինիզմի բուժումը ներառում է հոգեբանական և վարքային տեխնիկաներ, այդ թվում նաև՝ հեշտոցային լայնիչների օգտագործում[139]։ Բացի այդ վագինիզմի ժամանակ բոտոքս (բոտուլոտոքսինի) նույնպես օգտագործվում է[140]։ Ցավոտ կամ անհարմար սեռական ակտը կարող է դասակարգվել նաև որպես դիսպարևնիա[139]։
Տղամարդկանց մոտ 40%-ը ունեցել է այս կամ այն տեսակի էրեկցիայի խանգարում կամ իմպոտենցիա[141]։ Վաղաժամ սերմնաժայթքումը ավելի տարածված է, քան էրեկցիայի խանգարումները, չնայած որոշ հետազոտություններ պնդում են հակառակը[129][130][141]։ Վաղաժամ էրեկցիայի սահմանման անորոշության պատճառով հանդիպման հաճախականությունը դժվար է գնահատել[129][130]։ Օրինակ՝ ըստ Մայո կլինիկայի՝ «մոտավորապես 3 տղամարդուց 1-ը կարող են կյանքի որոշակի ժամանակահատվածում ունենալ վաղաժամ սերմնաժայթքում»[142]։ Մասթերսը և Ջոնսոնը ենթադրել են, որ վաղաժամ սերմնաժայթքումն ամենատարածված սեռական դիսֆունկցիան է, չնայած որ տղամարդիկ բուժման են գնում ավելի շատ էրեկցիայի խանգարումների դեպքում։ Սրա պատճառն այն է, տղամարդիկ վաղաժամ սերմնաժայթքումը խնդիր չեն համարում, իսկ կանայք դժվարանում են արտահայտել իրենց սեռական կարիքները[131]։ Ամերիկայի ուռոլոգների ասոցիացիան հաշվարկել է, որ ԱՄՆ-ի տղամարդկանց մոտ 21%-ը կարող է ունենալ վաղաժամ սերմնաժայթքում[143]։
Եթե իմպոտենցիան պայմանավորված է բժշկական վիճակով, նշանակվում են դեղամիջոցներ, օրինակ՝ վիագրա, ցիալիզ կամ լևիտրա։ Բժիշկները, սակայն, շատ զգույշ են այս դեղամիջոցների ոչ տեղին օգտագործման նկատմամբ, քանի որ դեղամիջոցները կարող են առաջացնել ինֆարկտի ռիսկ[144]։ Վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար օգտագործվում են սերոտոնինի հետադարձ զավթման ընտրողական պաշարիչները (Selective serotonin reuptake inhibitor) և դեպօքսետին հակադեպրեսանտը[145]։ Կլինիկական փորձարկումների ժամանակ, դեպօքսետինի օգտագործումը 3-4 անգամ երկարացրել է սեռական ակտի տևողությունը[146]։ Սերմնաժայթքման հետ կապված մյուս խանգարումը ուշացած սերմնաժայթքումն է, որը կարող է պայմանավորված լինել, օրինակ՝ ֆլուվօքսամին հակադեպրեսանտի կողմնակի ազդեցությամբ[147]։
Սեռական օրգանների և կառույցների խոշոր բժշկական միջամտումից հետո սեռական հարաբերություն ունենալը դեռ հնարավոր է։ Սա հատկապես ճիշտ է կանանց դեպքում։ Նույնիսկ գինեկոլոգիական վիրահատական խոշոր միջամտությունից հետո սեռական հարաբերությունը հնարավոր է (արգանդի, ձվարանի, արգանդափողի, կուսաթաղանթի, արգանդի վզիկի, փոքր շուրթերի, բարտոլիտյան գեղձերի հեռացում, անդաստակահատում, քիմիոթերապիա, քաղցկեղի ռադիոլոգիական բուժման ձևեր և այլն)[148]։
Հաշմանդամություն ունեցող անձինք սեռական հարաբերության հետ կապված կարող են ունենալ մի շարք դժվարություններ, այդ թվում՝ դեպրեսիա, ցավ, հոգնածություն, նրանց մարմնի բացասական պատկերացումների հետ կապված խնդիրներ, ֆունկցիոնալ անկարողություն, տագնապ, սեռական հակման (լիբիդոյի) նվազում, հորմոնային հավասարակշռության խախտում և դեղամիջոցներով բուժման կողմնակի ազդեցությունները։ Ռևմատոիդ արթրիտ ունեցող հիվանդների կյանքում սովորաբար սեռական ֆունկցիոնալությունը բացակայում է[149]։ Ցավը կառավարելու համար օփիոիդներ ընդունողների մոտ սեռական հարաբերությունը կարող է ավելի բարդ լինել[150]։ Ինֆարկտ ունեցած լինելը նույնպես կարող է ազդել սեռական հարաբերության մեջ ներգրավվելու վրա[151]։ Չնայած, որ ցավով ուղեկցվող հաշմանդամության, օրինակ՝ քաղցկեղի կամ շարժողական դժվարությունների դեպքում սեռական հարաբերությունը կարող է դժվարանալ, շատ դեպքերում, սակայն, ամենանշանակալի խոչընդոտը հոգեբանականն է[152]։ Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձինք սեռական հարաբերությունը կարող են խնդրահարույց համարել, իրենց՝ «սեռական էակ» լինելու ընկալման կամ զուգընկերոջ դիսկոմֆորտի, զուգընկերոջ ենթադրյալ դիսկոմֆորտի պատճառով[152]։ Ժամանակավոր դժվարություններ կարող են առաջանալ ալկոհոլի պատճառով, քանի որ ալկոհոլը սկզբում կարող է բարձրացնել սեռական հետաքրքրվածությունը, բայց մեծ քանակի դեպքում՝ նվազեցնել կարողությունը[153][154]։
Մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես բախվում են դժվարությունների։ Մտավոր հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ դժվարություններ են ունենում սեռական հարաբերության հետ կապված։ Այս մարդիկ կարող են ունենալ սեռական ոլորտի հետ կապված գիտելիքի պակաս, դժվարություններ՝ սեռական կապի մասին խոսելիս, սեռական կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ։ Բացի այդ նրանք կարող են ենթարկվել սեռական բռնության և հարձակման։ Այս հանցանքները սովորաբար մնում են աննկատ[155]։
Ալեքս Քոմֆորթը մարդու մոտ առանձնացնում է սեռական հարաբերության երեք հնարավոր առավելություն կամ սոցիալական ազդեցություն՝ վերարտադրում, հարաբերություն և հանգիստ (հաճույք)[24][156]։ Այս երեքը մեկը մյուսին չեն պայմանավորում։ 20-րդ դարի կեսին և վերջին հակաբեղմնավորման արդյունավետ ձևերի մշակումը բերեց այս երեքի տարանջատմանը, չնայած որոշ դեպքերում, դրանք այնուամենայնիվ համընկնում են։ Օրինակ՝ զույգը կարող է սեռական հարաբերություն ունենալ հաճույքի համար (հանգիստ) որպես զգացմունքային հարաբերության ձև՝ ավելի խորացնելով սոցիալական կապը (հարաբերություն), հարաբերությունը դարձնելով այնպիսին, որ հնարավոր դառնա երեխա ունենալն ու մեծացնելը (վերարատադրում)։ Այս զույգերը կախված իրավիճակից կարող են առանձնացնել և կարևորել սեռական հարաբերության այս կամ այն դրսևորումը՝ հաճույք ստանալ, ցույց տալ խորը զգացմունքային կապը կամ ձգտել հղիության[156]։
Սեռական կապի բացակայության պատճառով առաջացող սեռական անբավարարությունը, հատկապես տղամարդկանց մոտ, կարող է բարձրացնել ամուսնալուծության և հարաբերության խզման ռիսկը[157][158][159]։ Հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ ամուսնության հանդեպ ընդհանուր դժգոհությունը տղամարդկանց մոտ առաջանում է, երբ նրանց կինը սիրախաղում է, համբուրում կամ սեռական, զգացմունքային հարաբերություն ունենում այլ տղամարդու հետ (դավաճանություն)[157][158]։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ սեռական հարաբերությունը նշանակալի ազդեցություն չի գործում ապահարզանի վրա, չնայած որ կարող է պատճառներից մեկը լինել[160][161]։ 2010 թվականին իրականացված ԱՄՆ-ի Սեռական առողջության և վարքի ազգային հարցման համաձայն՝ տղամարդիկ, որոնց վերջին սեռական կապը եղել է իրենց զուգընկերոջ հետ, ավելի ուժեղ սեռական գրգռում են ունեցել, ավելի շատ հաճույք զգացել և ունեցել ավելի քիչ խնդիրներ՝ էրեկցիայի, օրգազմի հետ կապված, համեմատած այն տղամարդկանց հետ, որոնք սեռական կապ են ունեցել ոչ զուգընկերոջ հետ[162]։
Կանայք սովորաբար դժգոհում են իրենց զուգընկերոջ սեռական ինքնաբերականությունից։ Այս կանանց մոտ սեռական ակտիվության անկումը կարող է պայմանավորված լինել իդեալական ֆիզիկական գրավչությունը պահպանելու ենթադրյալ ձախողման կամ զուգընկերոջ առողջական խնդիրների պատճառով[163]։ Որոշ կանայք կարծում են, որ ամենաբավարարող սեռական փորձառությունը եղել է, երբ նրանք կապվել են մեկին և սեռական բավարարվածությունը չեն կապել միայն օրգազմի հետ[128][164]։ Կանայք ավելի հավանական է, որ բաժանվեն իրենց ամուսնուց, եթե ամուսնությունը կառուցողական չէ և վիճահարույց է, իսկ ամուսինը դավաճանում է[159]։
Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ չամուսնացած զույգերը, որոնք ապրում են միմյանց հետ, ավելի հաճախ են սեռական հարաբերություն ունենում և ավելի հավանական է, որ իրենց հարաբերությունից դուրս սեռական կապի մեջ ներգրավվեն։ Սա կարող է լինել «մեղրամիսի» երևույթի արդյունք, երբ ամուսնացած զույգերը ամուսնության տևողության հետ ավելի հազվադեպ են զբաղվում սեքսով[165]։ Տարիքը նույնպես ազդում է սեռական հարաբերության հաճախության վրա, տարիքով ավելի մեծ մարդիկ երիտասարդների համեմատ ավելի քիչ են ունենում սեռական հարաբերություն[165]։
Հայաստանում ՀԺԱՀ 2015-16-ի արդյունքների համաձայն՝ կանանց և տղամարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ամուսնանում է․ երբևէ չամուսնացածների մասնաբաժինը կտրուկ նվազում է՝ տարիքի աճին զուգընթաց՝ կազմելով 6 տոկոս 45-49 կանանց և 4 տոկոս 45-49 տարեկան տղամարդկանց շրջանում։ Հայաստանում տղամարդիկ ամուսնանում են կանանցից հինգ տարի ավելի ուշ[101]։
Անչափահաները սեռական հարաբերություն են ունենում հաճույք ստանալու կամ հարաբերություն կառուցելու նպատակներով․ սեռական հարաբերությունը նրանց կյանքի վրա կարող է թողնել դրական կամ բացասական ազդեցություն։ Օրինակ՝ պատանեկան հղիությունը հիմնականում նսեմացվում է (հազվադեպ՝ խրախուսվում), իսկ վաղ սեռական հասունացման պատճառով երեխաների և պատանիների վրա հասարակական ճնշում է գործադրում, որն անկախ նրանց զգացմունքային և մտավոր պատրաստվածության ստիպում է իրենց պահեն մեծահասակների պես[166]։ Որոշ հետազոտություններ եզրակացնում են, որ սեռական հարաբերություն ունենալը պատանեկան տարիքում աղջիկների մոտ հաճախ առաջացնում է սթրես և դեպրեսիա, իսկ աղջիկներն ավելի հաճախ են ենթարկվում սեռական ռիսկի (օրինակ՝ չպաշտպանված սեռական հարաբերություն)[167][168]։ Այս ոլորտը սակայն դեռ ուսումնասիրման կարիք ունի[168]։ Որոշ երկրներում դպրոցական ուսումնական ծրագրում ներառված է սեռական կրթությունն ու պատանեկան սեռական կրթությունը՝ պատանիներին սեռական գործընթացների մասին կրթելու նպատակով։ Այս ծրագրերը հակասական են, մասնագետները վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք սեռական հարաբերության և սեռական գործընթացների մասին երեխաներին և պատանիներին պետք է սովորեցնեն միայն ծնողները կամ այլ խնամակալները[169]։
1970-1990-ական թվականներին իրականացված մի շարք հետազոտություններ պատանիների ինքնագնահատականը կապում էին սեռական հարաբերության հետ[170]։ 1980-1990-ական թվականների այլ ուսումնասիրություններ պնդում էին, որ որևէ կապ չկա պատանիների ինքնագնահատականի և սեռական ակտիվության միջև[171]։ 1990-ական թվականներին հետազոտությունները հիմնականում փաստում էին վերջինս[171], հետագա հետազոտությունները պատանիների ինքնագնահատականի և սեռական ակտիվության միջև որևէ նշանակալի կապ չեն բացահայտել[172][173]։ Հետազոտող Լիզա Արայն այս առիթով ասել է․ «Այն միտքը, թե վաղ սեռական հարաբերությունը և հղիությունը կարող է պատճառ դառնալ ցածր ինքնագնահատականի, տարածված էր 20-րդ դարի երկրորդ կեսին, հատկապես ԱՄՆ-ում։ Բայց ինքնագնահատականի և պատանիների սեռական վարքի միջև եղած հարաբերության համակարգային ուսումնասիրությունը ոչ մի արժանահավատ կապ չի բացահայտել»[173]։ Այս կապը հաստատող հետազոտությունները գտնում են, որ ոչ կույս տղաները և աղջիկները, որոնք ունեն ցածր ինքագնահատական, ավելի խոցելի են ռիսկային վարք ունենալու հանդեպ (չպաշտպանված սեքս, մեկից ավելի զուգընկերներ և այլն)[170][172][173]։
Հոգեբան Լին Փոնթոնը գրում է՝ «Բոլոր պատանիներն ունեն սեռական կյանք, անկախ նրանից նրանք սեռականապես ակտիվ են ուրիշների, իրենք իրենց, թե ոչ մեկի հանդեպ։ Պատանեկան տարիքի սեռականությունը որպես դրական փորձառություն դիտարկելը, պատանիներին կարող է օգնել ձևավորել ավելի առողջ վարք և կատարել ավելի դրական սեռական որոշումներ»[166]։ Հետազոտողները ցույց են տվել, որ երկարատև ռոմանտիկ հարաբերությունները պատանիներին օգնում են կարողություններ ձեռք բերել ապագայի ավելի բարձրորակ հարաբերությունների համար[174]։ Պատանիների մոտ դրական ռոմանտիկ հարաբերությունը կարող է հետագա կյանքի համար շատ նպաստավոր լինել[175] և օգտակար լինել սոցիալական մրցակցության մեջ[176][177]։
Սեռական հարաբերությունը մարդ տեսակի բազմացման բնական եղանակն է։ Մարդիկ, սակայն, ունեն սեռական հարաբերությունները կարգավորող բարոյական և ազգային բարդ ավանդույթներ, որոնք ամրագրված են կրոնական և իրավական օրենքներով։ Որոշ երկրներ և կրոններ խստորեն տարբերակում են «պատշաճ» սեռական վարքը «անպատշաճից», այդ թվում նաև արգելք դնելով թույլատրելի սեռական գործողությունների վրա։ Պատմականորեն ամենաարգելված և ղեկավարված սեռական հարաբերության տեսակը անալ սեռական հարաբերությունն է[178][179]։
Մարդու կամքին հակառակ սեռական հարաբերությունը՝ նրա նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, մանիպուլյացիայով, այլ անձի նմանակմամբ կամ վավեր համաձայնություն տալու անընդունակ անձի հետ սեռական հարաբերությունը անվանվում է բռնաբարություն կամ սեռական բռնություն[180][181][182][183][184]։ Համարյա բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում[185], բռնաբարությունը համարվում է հանցագործություն[186][187]։ Բռնաբարության զոհերի ավելի քան 90%-ը կանայք են, բռնաբարողների 99%-ը՝ տղամարդիկ[187]։
Շատ երկրներում օրենսդրորեն սահմանված է սեռական համաձայնության նվազագույն տարիքը, որը սովորաբար 16-18 է, բայց կարող է լինել 12-20 տարեկան։ Հայաստանում սեռական համաձայնության նվազագույն տարիքը 16-ն է[188]։ Որոշ երկրներում սեռական համաձայնության նվազագույն տարիքը սահմանված է ավանդույթներով[189]։ Սեռական համաձայնության նվազագույն տարիքից փոքր անձի հետ սեռական հարաբերություն ունենալը, անկախ փոխհամաձայնությունից, հաճախ համարվում է սեռական բռնություն կամ բռնաբարություն։ Որոշ երկրներում պակաս կամ անբավարար մտավոր կարողություններ ունեցող անձանց հետ սեռական հարաբերությունն անկախ համաձայնության և տարիքի նույնպես համարվում է բռնաբարություն[190]։
Ռոբերտ Ֆրանկորը և ուրիշները նշել են, որ «1970-ականներից առաջ բռնաբարության սահմանումը ներառել է միայն առնանդամ-հեշտոցաային սեռական հարաբերությունը»[191]։ Հեղինակներ Պամելա Քալբֆլայշը և Մայքլ Քոդին նշել են, որ եթե «սեքսը միայն առնանդամ-հեշտոցային հարաբերությունն է, ապա բռնաբարությունը միայն առնանդամ-հեշտոցային բռնի գործողությունն է, իսկ մյուս սեռական բնույթի գործողությունները, օրինակ՝ ուրիշի սեռական օրգաններին առանց համաձայնության հպումը, ստիպողական օրալ և նույնասեռական հարկադրական սեռական հարաբերությունները չեն համարվում բռնաբարություն»[48]։ Քեն Փլամբեր նշել է, որ շատ երկրներում «բռնաբարություն ասելով նկատի են ունենում միայն այն բռնի սեռական հարաբերությունը, որի ժամանակ առնանդամը ներթափանցել է հեշտոց, իսկ կանանց հանդեպ այլ սեռական բռնության ձևերը, օրինակ՝ օրալ կամ անալ հարաբերությունը կամ հեշտոցի մեջ այլ առարկաներ մտցնելը, պակաս «լուրջ» սեռական բռնություն է համարվում»[45]։
Ժամանակի հետ աշխարհի տարբեր հատվածներում բռնաբարության սահմանումը լայնացել է՝ ներառելով սեռական բնույթի այլ գործողությունները՝ անալ հարաբերությունը, ֆելյացիան, կունիլինգուսը և անշունչ առարկաներով սեռական պենետրացիան[191]։ Որոշ դեպքերում սեռական գործողությունը բռնաբարություն որակելու համար պենետրացիան պարտադիր չէ[192]։
Աշխարհի հասարակությունների մեծամասնությունը ինցեստը՝ միջազգակցական սեռական հարաբերությունը, համարում են հանցագործություն։ Մոնաշի համալսարանի ավագ դասախոս Ջեյմզ Ռոֆին միջազգակցական սեռական հարաբերության հնարավոր վտանգը համարել է արատներով երեխաների ծնունդը[193]։ Օրենքը, սակայն, ավելի շատ անհանգստանում է այս հանցագործության հնարավոր զոհերի պաշտպանությամբ, որի պատճառով միջազգակցական սեռական կապը քրեականացված է, նույնիսկ, երբ կապը իրականացվել է փոխադարձ հարաբերությամբ։ Այս օրենքները վերաբերում են՝ ծնողներին, տատերին և պապերին, երեխաներին, քույրերին և եղբայրներին, մորեղբայրներին, հորեղբայրներին, մորաքույրներին և հորաքույրներին։ Այս օրենքը կարող է վերաբերել նաև խորթ, որդեգրյալ, կենսաբանական ծնողներին, խորթ քույրերին և եղբայրներին[194]։
Օրենսդրորեն արգելվող այլ սեռական երևույթ է զոոֆիլիան, որը պարաֆիլիա է և վերաբերում է մարդու և այլ կենդանու միջև սեռական բնույթի գործողություններին[195][196][197]։ Որոշ արդարադատական համակարգերում մարդու և կենդանիների միջև սեռական կապը օրենսդրորեն նկարագրված չէ[198]։
Սեռական հարաբարությունը ավանդաբար համարվում է ամուսնության կարևոր մասը։ Ամուսնության իրագործման համար հաճախ պահանջվում են մի շարք կրոնական ծեսեր, որոնք ամուսնությունը համարում են սեռական վերարտադրման համար ամենապատշաճ կապը[199]։ Այս դեպքերում ամուսնության պարտքի չկատարումը չեղյալ է դարձնում ամուսնությունը՝ առանց ամուսնալուծության գործընթացի։ Ժամանակակից և պատմական շատ երկրներում և հասարակություններում ամուսնական զուգընկերների միջև հարաբերությունը հայտնի է որպես «ամուսնական իրավունք», որտեղ հատկապես վերաբերում է ամուսնու իրավունքներին՝ կնոջ նկատմամբ[200][201][202]։ Մինչև 20-րդ դարի վերջը սովորաբար ամուսնացած տղամարդուն թույլատրվում էր նույնիսկ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ[203]։ Հեղինակ Օշիյանան նշում է․ «Կնոջ իրավական կարգավիճակի փոփոխության հետ տղամարդու և կնոջ սեռական հարաբերություն ունենալու իրավական կողմը որպես ամուսնական իրավունք, սկսվեց ավելի քիչ կիրառվել»[204]։
Ամուսնական անհավատարմությունը կամ անառակությունը շատ երկրներում համարվում է հանցագործություն[205][206]։ Շատ երկրներում ամուսնացած զույգերի սեռական կապն ու համատեղ բնակությունը նույնպես անօրինական է[207][208]։ Ի հակառակ դրան՝ շատ երկրներում սեռական հարաբերություն ունենալու համար ամուսնությունը սոցիալապես կամ իրավաբանորեն պարտադիր չէ, նույնիսկ վերարտադրողական նպատակներով (օրինակ՝ Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Բելգիայի ծնունդների մեծ մասը)[209]։
Հայաստանում պոռնկությունը վարչականորեն պատժելի արարք է։ Մինչ 2011 թվականը, պոռնկությունը կարգավորվել է Հայաստանի քրեական օրենսգրքով։ Ներկայումս Հայաստանի վարչական օրենսգրքի հոդված 179-ի առաջին մասը՝ «Պոռնկությամբ զբաղվելը» վերտառությամբ, նախատեսում է իրավական դրույթները և պատասխանատվության ձևերը[210]։
Զուգընկերներից մեկի՝ սեռական հարաբերություն չունենալու ցանկությունը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ[211]։
Նույն սեռի կամ գենդերի անձանց միջև սեռական հարաբերության վերաբերյալ կան տարբերվող իրավաբանական մոտեցումներ։ Օրինակ՝ 2003 թվականին Նյու Հեմփշիրի գերագույն դատարանը «Բլենչֆլաուերն ընդդեմ Բլենչֆլաուերի» գործի շրջանականերում որոշում կայացրեց, որ կանանց միջև նույնասեռական սեռական կապը և սեռական գործողությունները ընդհանրապես չեն կարող համարվել սեռական հարաբերություն՝ հիմք ընդունելով «Ուեբսթերի երրորդ նոր միջազգային բառարանի» (1961) գրառման, ըստ որի սեռական հարաբերությունը կոիտուսն է (առնանդամ-հեշտոցային հարաբերությունը). սրա պատճառով դավաճանության մեջ մեղադրվող կինը անմեղ ճանաչվեց[212][213]։ Որոշ երկրներում, այդ թվում՝ Իրանում, նույնասեռական սեռական վարքը հանցագործություն է և պատժվում է բանտարկմամբ կամ մահապատժով[214][215]։
Նույնասեռական անձանց ամուսնության ընդդիմացողները կարծում են, որ սեռական հարաբերությունը և սեռական կողմնորոշումը պետք է լինեն միայն տարասեռական բնույթի[216][217][218]։ Նույնասեռական ամուսնությունների ճանաչումը ունի քաղաքացիական իրավունքի, քաղաքական, սոցիալական, բարոյական և կրոնական դժվարություններ և հիմնական վեճն այն խնդրի շուրջ է, թե արդյոք նույնասեռական զույգերը կարող են ամուսնական կապի մեջ մտնել կամ կազմել քաղաքացիական միություն, թե այսպիսի զույգերը ոչ մի իրավունք չպետք է ունենան[217][218]։
Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ «Ամուսնական տարիքի կանայք և տղամարդիկ ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք։»[219]։ Հայաստանի ընտանեկան օրենսգիրքը՝ «սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերն ու կարգը»[220]։ Օրենքը ճանաչում է, որ «կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից»[221]։
Ամուսնության ընթացքում կամ ամուսնությունից դուրս սեռական հարաբերության վերաբերյալ կրոնական պատկերացումները տարբերվում են՝
Որոշ դեպքերում երկու անձանց միջև սեռական հարաբերությունը համարվում է կրոնական օրենքին կամ կարգին հակասող։ Շատ կրոնական համայնքների, այդ թվում՝ կաթոլիկների և մահայա բուդդայականների կրոնական առաջնորդները հրաժարվում են սեռական կյանքից՝ իրենց կյանքը, ուշադրություն, էներգիան և հավատարմությունը նվիրելով կրոնական պարտականություններին[250]։
Կենդանաբանության մեջ զուգավորում կամ կոպուլյացիա ասելով նկատի ունեն այն գործընթացը, որի ժամանակ արուն սերմնահեղուկը կամ սպերման փոխադրում է էգի սեռական ուղի[21][31]։ Սարդերը ունեն առանձին արական և իգական առանձնյակներ։ Զուգավորումից առաջ արու սարդը գործում է սարդոստայն և սերմնաժայթքում է սարդոստայնի վրա։ Ապա այն կրում է իր մեծ պեդիպալպերի վրա, որտեղից սերմնահեղուկը փոխադրում է էգի սեռական օրգաններ[251]։
Շատ ջրային կենդանիներ բազմանում են արտաքին բեղմնավորմամբ, ներքին բեղմանվորումն առաջացել է ուշ օրդովիկի ժամանակաշրջանում՝ գամետները հեղուկ միջավայրում պահելու անհրաժեշտության պատճառով։ Շատ ողնաշարավորների մոտ (սողուններ, որոշ ձկներ, թռչունների մեծամասնությունը և այլն) ներքին բեղամնավորումը տեղի է ունենում կոյանոցի միջոցով, իսկ կաթնասունների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում հեշտոցային ճանապարհով։ Պարզագույն ողնաշարավորները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ[252][253]։
Պարզագույն միջատները սպերմատոզոիդները դնում են որևէ մակերեսի (սուբստրատի) վրա կամ այն պահեստավորում հատուկ կառույցներում։ Ապա սպերման տեղափոխվում է իգական սեռական ուղի[254][255]։ Ավելի զարգացած միջատների մոտ, արական առանձնյակներն օգտագործում են փորիկի ծայրային հատվածների ձևափոխումից առաջացած էդեագուսը՝ սերմնահեղուկը իգական սեռական ուղի տեղափոխելու համար[256]։
Բոնոբոները, շիմպանզեները և դելֆինները սեռական հարաբերության մեջ են մտնում նաև անկախ բազմացման շրջանի։ Այս տեսակները ցուցաբերում են նաև նույնասեռական սեռական վարք[23]։ Այս կենդանիների մոտ սեռական հարաբերությունը ունի նաև սոցիալական նշանակություն[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.