Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հոգնածություն, աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշվում աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդային ռեակցիաների որոշակի փոփոխությամբ։ Կարճատև լարված աշխատանքից հետո հոգնածությունը սովորաբար արագ է անցնում, իսկ տևական աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար։
Հոգնածությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին։ էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող օրգանիզմների հոգնածության պրոցեսը և խորությունը տարբեր են. ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում։
Մարդկանց հոգնածությունը զարգանում և ընթանում է ուրույն ձևով, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքով։ Ֆիզիկական աշխատանքի դեպքում աշխատող մկանախմբերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխություններ, դրանց հետեանքով առաջանում է ջերմային էներգիա, որի մի մասը վերածվելով մեխանիկականի, մարդը կատարում է այս կամ այն աշխատանքը։ Միաժամանակ նյութափոխանակության պրոցեսում որոշ չափով պակասում են հիմնական սննդանյութերը (ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր), էներգիայի այլ պաշարները (անդենոզինեռֆոսֆատ, կրեատինֆոսֆատ, որոշ վիտամիններ, հորմոններ ևն), ինչպես նաև առաջանում են այրման ու թերայրման արգասիքներ։ Դրանք էլ պայմանավորում են հոգնածության առաջացումը։ Ֆիզիկական աշխատանքին մասնակցում են նաև շնչառական, սիրտ-անոթային և նյարդային համակարգերը։ Վերջինս ղեկավարում, կարգավորում և կոորդինացնում է աշխատանքի պրոցեսը։ Չնայած մտավոր աշխատանքի ընթացքում մարդու ուղեղի կեղևում ևս տեղի են ունենում մի շարք ֆիզիոլոգիական, կենսաֆիզիկական և կենսաքիմիական փոփոխություններ, սակայն, էներգիայի ոչ մեծ քանակության ծախսի հետևանքով հոգնածությունը դանդաղ է զարգանում։
Հոգնածությունն արտահայտվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշաններով, աշխատունակության կորուստ, ֆիզիկական և մտավոր ունակությունների իջեցում, անտարբերություն դեպի միջավայրը, դրդման շեմքի բարձրացում (սովորական գրգիռներն անպատասխան են մնում)։ Հոգնած վիճակում աշխատանքը շարունակելը հանգեցնում է գերհոգնածության, որին բնորոշ հիվանդությունները (նևրոզներ, անոթային հիվանդություններ) ավելի հաճախ նկատվում են մտավոր աշխատանքով զբաղվողների մոտ։ Այդ հիվանդությունների կորագիծն առանձնապես բարձրացել է վերջին տասնամյակներում՝ գիտատեխնիկական առաջընթացի, նյութական և հոգևոր բարիքների արտադրության պրոցեսի խիստ ինտենսիվացման հետ կապված, երբ խստորեն բարձրացել է մտավոր աշխատանքի տեսակարար կշիռը։ Ֆիզիկական աշխատանքով պայմանավորված հոգնածության սուբյեկտիվ զգացողության ռեֆլեքսները էվոլյուցիայի պրոցեսում մարդու մոտ զարգացել են բավարար, դրա շնորհիվ հոգնած ժամանակ մարդը դադարեցնում է աշխատանքը, իսկ մտավոր աշխատանքով պայմանավորված հոգնածությունը՝ թույլ, այդ պատճառով էլ անհատը շարունակում է աշխատանքը և ընկնում գերհոգնածության մեջ։ Վերջինիս նպաստում են նաև սև սուրճի, ալկոհոլային խմիչքների օգտագործման չարաշահումները, աշխատանքային կամ կենցաղային ոչ բնականոն փոխհարաբերությունները, աշխատանքային անբավարար պայմանները (աղմուկը, անբարենպաստ միկրոկլիման, վնասակար քիմիական նյութերը և այլն), սրտի ինտենսիվ ինֆորմացիան և ֆիզիկական աշխատանքի խիստ պակասը (հիպոդինամիա)։ Հոգնածությունը արդի աշխատանքի ֆիզիոլոգիայի և հոգեբանության ամենահրատապ ու բարդ պրոբլեմներից է և բավարար չափով ուսումնասիրված չէ, սակայն գոյություն ունեն այն բացատրող մի շարք տեսություններ.
Մի խումբ հեղինակների կարծիքով հոգնածությունն օրգանիզմի ֆիզիոլոգիական մի նոր վիճակ է, որը պայմանավորված է ինչպես էներգետիկ նյութերի պակասությամբ, նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ, այնպես էլ նյարդային և մկանային համակարգերի որոշակի փոփոխություններով, որոնք, ի վերջո, հանգեցնում են աշխատունակության իջեցման։ Հոգնածությանը հաջորդող հանգիստը հնարավորություն է տալիս դրանք լրիվ վերականգնելու։
Հոգնածության լուրջ խորացման կանխում, աշխատունակության պահպանում, որին նպաստում են՝ ֆիզիկական աշխատանքի մի տեսակից մյուսին անցնելը, արդյունաբերության ճյուղերում լայնորեն կիրառվող պարտադիր ֆիզիկական վարժությունները, աշխատանքի փորձի ձեռքբերումը, աշխատանքային վարժվածությունը, կենցաղի, սննդի, հանգստի ռեժիմների ճիշտ կազմակերպումը, մաքուր օդը, աշխատանքի վայրում վնասակար գործոնների դեմ կազմակերպվող ճիշտ պայքարը, դրական հուզումները։ Առավելապես մտավոր աշխատանքով զբաղվող անհատների համար՝ մտավոր աշխատանքը միջին ծանրության ֆիզիկական աշխատանքի հետ զուգորդելը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, քայլելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 506)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.