հղիության ընդհատում From Wikipedia, the free encyclopedia
Վիժում, հայտնի է նաև որպես սպոնտան աբորտ կամ հղիության կրելախախտ, սաղմի կամ պտղի մահն է, նախքան այն կկարողանա ինքնուրույն կենսագործունեություն ծավալել[1][2]։ Որոշ մարդիկ հղիության 20-րդ շաբաթից հետո պտղի մահն անվանում են վաղաժամ ծնննդաբերություն[3]։ Վիժման ամենատարածված ախտանիշը անցավ հեշտոցային արյունահոսությունն է[1]։ Հետո կարող են առաջանալ տխրություն, տագնապայնություն և մեղքի զգացում[4][5]։ Արգանդից հեշտոցով կարող է դուրս գալ մակարդուկանման նյութ կամ հյուսվածք[6]։ Շարունկական վիժումների արդյունքում կնոջ մոտ զարգանում է անպտղություն[7]։
Վիժում Miscarriage | |
---|---|
Տեսակ | հիվանդություն, ախտանիշ կամ նշան և Հղիության բարդություններ |
Պատճառ | սամի քրոմոսոմային անոմալիաներ, արգանդի անոմալիաներ, տրավմա, վարակներ և այլն |
Հիվանդության ախտանշաններ | հեշտոցային արյունահոսություն՝ ցավով կամ առանց դրա |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն/գինեկոլոգիա, նեոնատոլոգիա, մանկաբուժություն |
ՀՄԴ-9 | 634634 |
ՀՄԴ-10 | O03 |
Հոմանիշներ | հղիության կրելախախտ, հղիության վաղաժամկետ կորուստ |
Ռիսկի գործոններ | ծնողների մեծ տարիքը, նախկինում ունեցած վիժումները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, շաքարային դիաբետը և այլն |
Ախտորոշում | ֆիզիկալ զննում, խորիոնային գոնադոտրոպինի որոշում, ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
Տարբերակիչ ախտորոշում | արտարգանդային հղիությունից, սաղմի իմպլացնտացիայի ժամանակ առաջացող արյունահոսությունից |
Բուժում | դեղորայքային բուժում, բեղմնավորման արգասիքների վիրահատական հեռացում (վակուում ասպիրացիա, կյուրետաժ), հոգեբանական աջակցություն |
Բարդություններ | վարակ, ուժգին արյունահոսություն, դեպրեսիա, սուգ |
Կանխարգելում | Նախածննդյան խնամք |
Հաճախություն | հղիությունների 10-50% |
Սկիզբը | սովորաբար մինչև հղիության 20-րդ շաբաթը |
Miscarriage Վիքիպահեստում |
Վիժման ռիսկի գործոններն են ծնողի մեծ տարիքը, նախկինում ունեցոած վիժումը, ծխելը, ճարպակալումը, վահանագեղձի խնդիրները և որոշ դեղերի ու ալկոհոլի օգտագործումը[8][9]։ Վիժումների 80%-ը տեղի է ունենում հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում (առաջին եռամսյակ)[1]։ Դեպքերի կեսում վիժման պատճառը պտղի քրոմոսոմային անոմալիաներն են[1][10]։ Վիժման ախտորոշումը ներառում է ստուգումը արգանդի վզիկը բաց է թե փակ, արյան մեր խորիոնային գոնադոտրոպինի որոշումը (ԽԳ) և ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ)[11]։ Նույնանման ախտանիշներ կարող են առաջացնել արտարգանդային հղիությունը և իմպլանտացիոն արյունահոսությունը[1]
Կանխարգելումը հնարավոր է լավ կազմակերպված նախածննդյան խնամքի միջոցով[12]։ Թմրանյութերից, ալկոհոլից, ինֆոկցիոն հիվանդություններից և ճառագայթումից խուսափելը նվազեցնւմ է վիժման ռիսկը[12]։ Առաջին 7-14 օրերի ընթացքում որևէ յուրահատուկ բուոժում անհրաժեշտ չէ[9][13]։ Այդ ժամկետում վիժումների մեծամասնությունն ընթանում են առանց լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության[9]։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում միզոպրոստոլի կամ վակուում-ասպիրացիայի կիրառում՝ մնացորդային հյուսվածքները հեռացնելու համար[13][14]։ Ռեզուս բացասական արյուն ունեցող կանանց դեպքում կարող է անհրաժեշտ լինել հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկում[9]։ Ցավազրկումը կարող է դրական ազդեցություն ունենալ[13]։ Զգացմունքային աջակցությունը կարող է օգնել նվազեցնել կորուստի ցավը[13]
Վիժումը հղիության վաղ ժամկետների ամենատարածված բարդությունն է[15]։ Իրենց հղիության մասին տեղյակ կանանց մոտ վիժման ռիսկը 10-20% է, իսկ բոլոր բեղմնավորումների դեպքում՝ 30-50%[1][8]: 35 տարեկանից փոքր տարիք ունեցող կանանց դեպքում վիժելու հավանականությունը 10% է, իսկ 40-ից մեծ տարիք ունեցողների դեպքում՝ 45%[1]: Ռիսկը սկսում է աճել սկսած 30 տարեկանից[8]։ Կանանց 5%-ն ունեցել է 2 անընդմեջ վիժում[16]։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս խուսափել «աբորտ» տերմինից՝ սթրեսը նվազեցնելու նպատակով[17] :
Վիժման նշաններն են հեշտոցից սաղմի դուրս գալը, որովայնի ցավը, կծկումները, հեղուկի, արյան մակարդուկների և հյուսվածքների դուրս գալը հեշտոցով[18][19][20]։ Արյունահոսությունը կարող է վիժման նշան լինել, սական շատ կանայք հղիության վաղ շրջանում ունենում են արյունահոսություն և չեն վիժում[21]։ Հղիության ընթացքում արյունահոսությունը պետք է դիտվի որպես վիժման վտանգ։ Վիժման դեպքերի մոտ կեսը հղիության ընթացքում կարիք են ունեցել արյունահոսության բուժման[22]։ Վիժումը կարող է ախտորոշվել ուլտրաձայնային հետազոտության և խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշման միջոցով։
Վիժում կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից ու միշտ չէ, որ պատճառը հնարավոր է հայտնաբերել։ Ռիսկի գործոնները մեծացնում են վիժելու հավանականությունը, սակայն կարող են վիժելու անմիջական պատճառ չլինել։ Վիժման ռիսկի գործոն են ավելի քան 70 երևույթներ[1][10][19][23][24][19], վարակներ[25][26][27], բժշկական միջամտություններ[28][29][30], ապրելակերպի գործոններ[8][9][31][32][33], մասնագիտական ազդեցություններ[12][19][19], քիմիական նյութեր[19], հերթափոխով աշխատանքը և այլն[34]։ Ռիսկի գործոններ են նաև էնդոկրին, գենետիկ, արգանդային, հորմոնալ խանգարումները, սեռական ուղիների վարակները և հյուսվածքների մերժումը աուտոիմուն հիվանդությունների ժամանակ[35] :
Կլինիկորեն արտահայտվող վիժումների մեծ մասը (երկու երրորդից մինչև երեք չորրորդ մասը) տեղի են ունենում 1-ին եռամսայակի ընթացքում[1][25][37][38]։ Բեղմնավորված ձվաբջիջների 30-40%-ն ավարտվում է վիժումով անգամ հղիության մասին իմանալը[1]։ Սաղմը սովորաբար մահանում է նախքան հղիության բացահյտվելը. արյունահոսությունն ու հյուսվածքների մեռուկն առաջացնում են արգանդի կծկումներ՝ սաղմն արտամղելու համար[38]։ Վաղ վիժումները սովորաբար ընկերքի կամ սաղմի այլ հյուսվածքների զարգացման արատների արդյունք են։ Որոշ դեպքերում սաղմի մի մասի հյուսվածքները զարգանում են, իսկ այլ հյուսվածքները՝ ոչ։ Սա կոչվում է «փտող սաղմ»[39][40][19]։
Զիգոտի (բեղմնավորված ձվաբջիջ) իմպլանտացիան արգանդում տեղի է ունենում բեղմնավորումից 8-10 օր անց։ Եթե իմպլանտացիան տեղի չի ունենում 10 օրվա ընթացքում, ապա դրա հավանականությունը խիստ նվազում է[41] :
Պատահում են դեպքեր, երբ հղիությունը հայտնաբերվում է թեստի միջոցով, սակայն ավարտվում է վիժմամբ հաջորդ սպասվելիք ցիկլի շրջանում[42]։
Քրոմոսոմային անկանոնությունների հայտնաբերվում են հղիության առաջին 13 շաբաթներում վիժած սաղմերի կեսի մոտ։ Այդ վիժումների կեսը (ընդհանուրի 25%-ը) ունեցել են անէուպլոիդիա (քրոմոսոմների քանակի խախտում)[43]։ Վիժումներից հետո սաղմի մոտ հայտնաբերված քրոմոսոմային այլ անկանոնություններից են աուտոսոմ տրիսոմիան (22-32%), մոնոսոմիա X-ը (5-20%), տրիպլոիդիան (6-8%), տետրապլոիդիան (2-4%) և այլ կառուցվածքային խանգարումներ (2%)[38]։ Գենետիկ խանգարումներ ունեցող սաղմերն առավել բնորոշ են տարիքով մեծ ծնողներին[44]։
Լուտեինային փուլում պրոգեստերոնի անբավարարությունը ևս կարող է վիժման պատճառ լինել[45]:Կաղապար:Update inline[46]
2-րդ և 3-րդ եռամսյակներում վիժումները կարող են պայմանավորված լինել մայրական պատճառներով, ինչպիսիք են արգանդի կառուցվածքի անկանոնությունները, արգանդում կպումների առկայությունը կամ վզիկի խնդիրները[25]։ Այս երևույթները հանգեցնում են նաև վաղաժամ ծննդաբերության[37]։ Ի տարբերություն 1-ին եռամսյակի, 2-րդ եռամսյակի վիժումները առավել քիչ հավանական է, որ գենետիկ պատճառներ ունենան. քրոմոսոմային անկանոնություններ հայտնաբերվում են դեպքերի երրորդ մասում[38]։ 3-րդ եռամսյակում վիժման պատճառ կարող են դառնալ նաև վարակները[25]։
Հղի կնոջ տարիքը ռիսկի նշանակալի գործոն է։ Վիժելու հավանականությունը մեծանում է տարիքի հետ ու ավելի նշանակալի աճ է գրանցում 35 տարեկանից հետո[47]։ Մինչև 35 տարեկանը վիժելու հավանականությունը 10% է, իսկ 40 տարեկանից հետո՝ 45%[1]: Ռիսկը սկսում է մեծանալ 30 տարեկանից սկսած[8]։ Հոր տարիքը ևս կապված է վիժման ռիսկի աճի հետ[19]։
Ճարպակալումը ոչ միայն կապված է վիժելու բարձր ռիսկի հետ, այն կարող է նվազեցնել նաև բեղմնավորման հավանականությունը և հղիության այլ բարդություններ առաջացնել։ Սովորութային վիժումները հաճախ են կապված լինում է ճարպակալման հետ։ Որկրամոլություն կամ անոռեքսիա ունեցող կանայք ունեն վիժելու մեծ ռիսկ։ Սննդանյութերի անբավարարությունը վիժում առաջացնող տարածված գործոն չէ սակայն հղիության փսխումները (hyperemesis gravidarum) կարող են վիժումներ առաջացնել[19]։
Կոֆեինի չարաշահումը ևս կապված է վիժման ռիսկի մեծացման հետ[25]։
Վիտամինային հավելումները մեծ դեր չունեն վիժման կանխարգելման գործում[48]։ Չինական ավանդական բժշկությունը ևս կանխարգելիչ նշանակություն չունի[20]։
Վահանագեղձի խնդիրները կարող են ազդել հղիության ելքի վրա։ Յոդի անբավարարությունը խոսի ասոցացված է վիժումների հետ[19]։ Վիժման ռիսկը մեծ է նաև վատ վերահսկվող ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ[19]։ Լավ վերահսկվող շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ վիժելու ռիսկը նույնն է, ինչ շաքարային դիաբետ չունեցող կանանց մոտ[49][50]։
Սննդային այնպիսի թունավերումները, ինչպիսիք են լիստերիոզը, տոքսոպլազմոզը և սալմոնելյոզը, մեծացնում են վիժելու ռիսկը[7][25]։
Ամնիոցենտեզը և խորիոնային թավիկների նմուշառումը (CVS) հետազոտության մեթոդներ են, որոնք կիրառվում են պտղի մասին այս կամ այն ինֆորմացիան ստանալու համար։ Ամնիոցենտեզը միջամտություն է, որի ժամանակ որովայնի առաջային պատից ասեղը մտցվում է արգանդ և կատարվում է պտղաջրի նմուշառում։ Խորիոնային թավիկների նմուշառումը կատարվում է նույն սկզբունքով, պարզապես հեղուկից բացի վերցվում է նաև հյուսվածք։ Այս միջամտությունները վիժում չեն առաջացնում հղիության երկրորդ եռամսյակում, սակայն վիժման ռիսկը մեծացնում են, եթե կատարվում են առաջին եռամսյակում[30]։ Ամնիոցենտեզի և խորիոնային թավիկների նմուշառման դեպքում վիժման ռիսկը ցածր է (մոտ 1%)[29]։
Վիրահատությունների ազդեցությունը հղիության վրա լավ ուսումնասիրված չէ։ Որովայնի և կոնքի վիրահատությունները չեն մեծացնում վիժման հավանականությունը։ Ձվարանի ուռուցքների և կիստաների հեռացումը ևս վիժելու ռիսկը չի մեծացնում։ Բացառություն է կազմում ձվարանից դեղին մարմնի հեռացումը։ Սա կարող է առաջացնել հորմոնային տատանումներ և խաթարել հղիության նորմալ ընթացքը[19]։
Որևէ նշանակալի կապ հակադեպրեսանտների օգտագործման և վիժման ռիսկի միջև չի հայտնաբերվել[51][51][52][53][54]։ Սերոտոնինի զավթման ընտրողական արգելակիչների կիրառումը հղիությունից առաջ ևս չի նվազեցնում վիժման ռիսկը[55]։
Վիժման ռիսկը մեծացնող դեղերն են.
Պատվաստումները չեն հանդիսանում վիժումների պատճառ[19]։ Կենդանի պատվաստանյութերը, ինչպիսին է ԿԿԽ պատվաստանյութը, տեսականորեն կարող են հանգեցնել սաղմի վնասման, քանի որ կենդանի վիրուսը կարող է անցնել ընկերքով և մեծացնել վիժումների ռիսկը[57][58]։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս խուսափել հղի կանանց պատվաստումներից[59]։ Ամեն դեպքում, դեռևս չկա որևէ ապացույց, որ պատվաստումները մեծացնում են վիժելու կամ սաղմի անոմալիաների ռիսկը[58]։
Քաղցկեղի ժամանակ կիրառվող ճառագայթային թերապիան հանգեցնում է վիժման։ Այն կարող է ազդել նաև բեղունության վրա։ Քիմիոթերապևտիկ դեղերը, որոնք կիրառվում են մանկական քաղցկեղի բուժման համար, ևս մեծացնում են հետագա վիժումների ռիսկը[19]։
Որոշ ընթացիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, հիպոթիրոիդիզմը (վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակ), որոշ վարակային և աուտոիմուն հիվանդությունների, մեծացնում են վիժման հավանականությունը։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը մեծացնում է վիժելի ռիսկը[25]։ Երկու հետազոտություններ ցույց են տվել, որ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող կանանց բուժումը Մետֆորմինով, նվազեցնում է վիժման ռիսկը[60][61], սակայն այդ հետազոտությունների որակը հարցականի տակ է[62]։ Դեռևս չի ապացուցվել, որ հղիության ընթացքում մետֆորմինի ընդունումը անվտանգ է[63]։ 2007 թվականին Մանկաբարձության և Գինեկոլոգիայի թագավորական քոլեջը հանդես եկավ ընդդեմ վիժումը կանխարգելելու նպատակոց այդ դեղի օգտագործման[62]։ Թրոմբոֆիլիաները, արյան մակարդման խնդիրներն ու արյունահոսությունները համարվել են վիժման ռիսկի գործոն, սակայն դա վերջերս դրվել է հարցականի տակ[19]։ Հիպոթիրոիդիզմի ծանր դեպքերը ևս մեծացնում են վիժման հավանականությունը։ Թեթև աստիճանի հիպոթիրոիդիզմի ազդեցությունը վիժման ռիսկի վրա դեռևս հստակորեն բացահայտված չէ։ Լյուտեինային փուլի խանգարում անունը ստացած վիճակը հանգեցնում է նրան, որ արգանդի լորձաթաղանթը լիարժեք պատրաստ չի լինում հղիություն կրելուն։ Դրա հետևանքով բեղմնավորված ձվաբջիջը կարող է չամրանալ արգանդի լորձաթաղանթում և կառաջանա վիժում[64]։
Mycoplasma genitalium վարակը կապված է վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների մեծ ռիսկի հետ[27]։
Վարակները կարող են մեծացնել վիժման ռիսկը. կարմրուկը, ցիտոմեգալովիրուսը, բակտերիալ վագինոզը, ՄԻԱՎ-ը, խլամիդիան, գոնորեան, սիֆիլիսը և մալարիան[25]։
Աուտոիմունությունը կարող են կրկնվող և ուշ ժամկետների վիժումների պատճառ լինել։ Աուտոիմուն վիժումների դեպքում կնյոջ օրգանիզմը հարձակվում է աճող սաղմի վրա և խաթարում հղիության նորմալ զարգացումը[65][66]։ Աուտոիմունություն կարող է առաջանալ սաղմի գենետիկ հիվանդությունների հետևանքով, որը ևս վիժելու ռիսկի գործոն է[67]։ Որպես օրինակ՝ ցելիակիան մեծացնում է վիժելու հավանականությունը[24][19]։ Նորմալ իմունային ֆունկցիաների խանգարումը կարող է հանգեցնել հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշի առաջացման։ Սա ևս կարող է հղիության ընդհատման հանգեցնել և կրկնվող վիժումներ ունեցող կինը պետքա է հետազոտվի այս հիվանդության համար[19]։ Սովորութային վիժումների 15%-ը կապված են իմունոլոգիական գործոնների հետ[19]։ Հակաթիրոիդային հակամարմինների առկայությունը ևս կապված է վիժման ռիսկի աճի հետ[68]։ Համակարգային կարմիր գայլախտը ևս մեծացնում է վիժելու հավանականությունը[69]։
3 և ավելի վիժում ունեցած կանանց 15%-ն ունեցել է արգանդի կառուղվածքի հետ կապված որևէ խնդիր[19]։ Արգանդի կառուցվածքն ազդում է հղիություն կրելու ունակության վրա։ Անատոմիական խանգարումները կարող են լինել բնածին։
Որոշ կանանց մոտ առաջանում է վզիկային անբավարարություն՝ այսինքն արգանդի վզիկը չի կարողանում փակ մնալ ամբողջ հղիության ընթացքում[26][32]։ Այն չի առաջացնում առաջին եռամսյակի վիժումներ։ Այն մեծացնում է 2-րդ եռամսյակի վիժումների ռիսկը։ Այն ախտորոշվում է հղիության 16-18-րդ շաբաթներում վաղաժամ ծննդաբերության դեպքում[19]։ 2-րդ եռամսյակում վիժելու պատճառներից են նաև տրավմաները[19]։
Ծխողներն ունեն վիժման ավելի բարձր ռիսկ[31][32]։ Ռիսկը մեծանում է երկու ծնողների ծխելու դեպքում էլ, սակայն ավելի վնասակար է ծխախոտի օգտագործումը հղի կնոջ կողմից[33]։
Հղիության սրտխառնոցն ու փոխումը կապված են վիժելու ցածր ռիսկի հետ։ Սրտխառնոցի ու փսխման պատճառները շատ են ուսումնասիրվել, սակայն այս հարցում համաձայնություն դեռևս չկա[70]։ Հնարավոր է, որ այն պաշտպանական մեխանիզմ է, որը թույլ չի տալիս որ կնոջ ստացած այնպիսի սննդանյութերը, որոնք կարող են վնասակար լինել պտղի համար, անցնեն արյան շրջանառություն։ Գուցե հենց դա է պատճառը որ առավոտյան սրտխառնոց և փսխում ունեցող կանանց մոտ նվազած է վիժելու հավանականությունը[71] :
Քիմիական ու մասնագիտական վնասակար նյութերը կարող են ազդել հղիության ելքի վրա։ Իհարկե շատ դեպքերում ազդող նյութի ու դրա էֆեկտի միջև կապը կարող է այդպես էլ չհայտնաբերվել։ Վիժման ռիսկը մեծացնող քիմիական նյութերն են DDT-ն, կապարը, ֆորմալդեհիդը, բենզենը և էթիլենի օքսիդը։ Տեսաէկրաններն ու ուլտրաձայնային ալիքները որևէ ազդեցություն չունեն վիժման ռիսկի վրա։ Ատամնաբուժարաններում որպես անզգայացնող միջոց օգտագործվող է ազոտի օքսիդը, եթե կիրառվում է առանց գազի մաքրման տեխնոլոգիայի, մեծացնում է վիժման ռիսկը։ Հականեոպլաստիկ քիմիոթերապևտիկ նյութերի հետ աշխատող կանանց մոտ ևս վիժման ռիսկը մի փոքր բարձր է։ Կոսմետոլոգների մոտ վիժման ռիսկը մեծացած չէ[19]։
Ալկոհոլը մեծացնում է վիժման ռիսկը[25]։ Պրոգեստերոնի էֆեկտիվությունը վիժման կանխարգելման գործում չի ապացուցվել[72]։ Կոկայինի կիրառումը մեծացնում է վիժման ռիսկը[31]։ Որոշ ինֆեկցիաներ ևս կապված էն վիժման ռիսկի մեծացման հետ։ Դրանցից են ուրեապլազման, միկոպլազման, B-խմբի ստրեպտակոկերը, ՄԻԱՎ-ը և սիֆիլիսը։ Խլամիդիան, կամպիլոբակտերը և տոքսոպլազման վիժման ռիսկի մեծացում չեն առաջացնում[38]։
Արյունահոսության և/կամ ցավի առկայության դեպքում իրականացվում է հեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն։ Եթե չի հայտնաբերվում տեսանելի ներարգանդային հղիություն, իրականացվում են լաբորատոր հետազոտություններ (մարդու β խորիոնային գոնադոտրոպին)՝ բացառելու համար արտարգանդային հղիությունը, որը կյանքին սպառնացող իրավիճակ է[73][74]։
Եթե առկա են զարկերակային թերճնշում, հաճախասրտություն և անեմիա, արտարգանդային հղիության ժխտումը շատ կարևոր է[74]։
Վիժումը կարող է ախտորոշվել մանկաբարձական ուլտրաձայինային հետազոտության միջոցով, կամ հետազոտելով արտանկած հյուսվածքը։ Միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ փնտրում են բեղմնավորման արդյունք հանդիսացող հյուսվածքներ։ Դրանք ներառում են խորիոնի թավիկները, տրոֆոբլաստը, պտղամասերը և էնդոմետրիումի գեստացիոն փոփոխությունները։ Եթե մեկից ավել վիժումների դեպքում սաղմի/պտղի մոտ հայտնաբերվում են քրոմոսոմալ անոմալիաներ, անհրաժեշտ է իրականացնել երկու ծնողների գենետիկ հետազոտություն[75]։
The New England Journal of Medicine ամսագրի հետազոտությունը, որը հիմնված է ԱՄՆ-ի ուլտրաձայնային հետազոտության մասնագետների կոնսենսուս-հանդիպման վրա, պնդում է, որ վիժման ախտորոշում կարելի է դնել միայն եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ առկա են հետևյալ կրիտերիաները[76]․
Վիժումն ախտորոշվում է | Վիժումը կասկածվում է | Աղբյուրներ |
---|---|---|
Սաղմի երկարությունն առնվազն 7 մմ է և սաղմի մոտ առկա չէ սրտի բաբախ. | Սաղմի երկարությունն առնվազն 7 մմ է և սաղմի մոտ առկա չէ սրտի բաբախ. | [76][19] |
Բուն պտղապարկի երկարությունն առնվազն 25 մմ է և առկա չէ սաղմ. | Բուն պտղապարկի երկարությունը 16–24 մմ է և առկա չէ սաղմ. | [76][19] |
Սրտի բաբախով սաղմի բացակայությունը առնվազն 2 շաբաթ ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ առանց դեղնուցապարկի. | Սրտի բաբախով սաղմի բացակայությունը 7–13 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ առանց դեղնուցապարկի. | [76][19] |
Սրտի բաբախով սաղմի բացակայությունը առնվազն 11 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ դեղնուցապարկով. | Սրտի բաբախով սաղմի բացակայությունը 7–10 օր ուլտրաձայնային հետազոտությունից հետո, որը հայտնաբերել է պտղապարկ՝ դեղնուցապարկով. | [76][19] |
Վերջին դաշտանային ցիկլից առնվազն 6 շաբաթ անց սաղմի բացակայություն. | [76][19] | |
Ամնիոտիկ պարկը հայտնաբերվում է դեղնուցապարկին հարակից հատվածում՝ առանց տեսանելի սաղմի․ | [76][19] | |
Դեղնուցապարկն առավել քան 7 մմ է. | [76][19] | |
Սաղմի չափերի համեմատ փոքր պտղապարկ (պտղապարկի և սաղմի երկարության տարբերությունը՝ 5մմ-ից փոքր). | [76][19] |
Վիժման ռիսկ է հանդիսանում ցանկացած արյունահոսություն՝ հղիության ընթացքում, նախքան պտղի ինքնուրույն կենսունակ լինելը, ինչը պետք է գնահատվի։ Հետազոտությունների ժամանակ կարող է պարզվել, որ պտուղը իր տեղում է, կենսունակ և որ հղիությունը շարունակվում է։
Ոչ սաղմնային հղիությունը (անէմբրիոնիկ հղիություն, կոչվում է նաև «դատարկ պտղապարկ») մի վիճակ է, երբ պտղապարկի զարգացումն ընթանում է նորմալ, իսկ դրանում սաղմը կամ բացակայում է, կամ դրա աճը դադարել է։ Այս երևույթը կազմում է վիժումների դեպքերի մոտ կեսը։ Վիժման մյուս բոլոր տեսակները դասակարգվում են որպես սաղմնային վիժումներ, քանի որ պտղապարկում առկա է լինում սաղմ։ Սաղմնային վիժումների մոտ կեսի դեպքում առկա է լինում անէուպլոիդիա (քրոմոսոմների ոչ-նորմալ քանակ)[38]։
Վիժումը դառնում է անխուսափելի, եթե առաջանում է արգանդի վզիկի բացվածք[77], սակայն պտուղը դեռ տեղում է։ Սա սովորաբար ավարտվում է լրիվ վիժումով։ Պտուղը կարող է ունենալ կամ չունենալ սրտի բաբախ։
Վիժումը համարվում է ավարտված, երբ բեղմնավորման բոլոր արգասիքներն արտամղված են լինում․ դրանք կարող են լինել տրոֆոբլաստը, խորիոնային թավիկները, պտղապարկը, դեղնուցապարկը և սաղմը, իսկ հղիության ավելի ուշ փուլերում՝ պտուղը, պորտալարը, ընկերքը, ամնիոտիկ հեղուկը և պտղաթաղանթները։ Եթե հղիության թեստը դեռ դրական է, մինչ հեշտոցային սոնոգրաֆիան հայտնաբերում է դատարկ արգանդ, ապա խոսքը գնում է անհայտ տեղակայման հղիության մասին։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել հղիության ևս մի քանի թեստ՝ հաստատելու համար հղիության առկայությունը՝ նկատի ունենալով արտարգանդային հղիության հնարավորությունը։
Վիժումը համարվում է անավարտ, եթե բեղմնավորման մի շարք արգասիքներ արդեն արտամղվել են, իսկ մյուսները մնում են արգանդի խոռոչում[78]։ Սակայն արգանդի խոռոչի լայնացումը, որը հայտնաբերվում է հեշտոցային սոնոգրաֆիայի ժամանակ, կարող է պարզապես էնդոմետրիումի փոփոխությունների կամ պոլիպի հետևանք լինել։ Դոպլեր-սոնոգրաֆիայի կիրառումը կարող է հեշտացնել բեղմնավորման որոշ արգասիքների հայտնաբերումը արգանդի խոռոչում[79]։ Անհասկանալի դեպքերում պետք է ժխտել արտարգանդային հղիությունը՝ կատարելով մարդու խորիոնային գոնադոտրոպինի շարունակական չափումներ[79]։
Չկայացած վիժումն այն դեպքն է, երբ սաղմը կամ պտուղը մահացել է, սակայն դեռ չի արտամղվել։ Այս երևույթը կոչվում է նաև ձգձգվող վիժում, լուռ վիժում կամ չկայացած աբորտ[80][81]։
Սեպտիկ վիժման դեպքում անավարտ կամ չկայացած վիժումների ժամանակ արգանդի խոռոչում մնացած սաղմնային մնացորդները ինֆեկցվում են, ինչը պարունակում է վարակի տարածման և սեպսիսի առաջացման մեծ ռիսկ, ինչը կարող է մահացու լինել[38]։
Կրկնվող (սովորութային) վիժումը մի քանի հաջորդական վիժումների առկայությունն է։ Կախված կրկնվող վիժումների թվից ախտորոշումը կարող է փոխվել[38]։ Եթե վիժումների թիվը կազմում է տվյալ կնոջ հղիությունների թվի մինչև 15%-ը, ապա համարվում է, որ այդ վիժումներն իրարից անկախ դեպքեր են[82], այդ դեպքում 2 հաջորդական վիժման հավանականությունը 2,25% է, իսկ 3 հաջորդական վիժումներինը՝ 0,34%։ 2 վիժում ունեցած կանանց մեծամանությունը (85%) հետագայում կարողանում են նորմալ բեղմնավորվել և ծննդաբերել[82]։
Վիժման ախտանիշները փոփոխվում են կախված հղիությն ժամկետից։ Վիժումների մեծ մասի դեպքում առկա է լինում ուժեղ ցավ։ Հեշտոցից հեռացող արյան մակարդուկներն ու բեղմնավորման արգասիքները հղիության ժամկետից կախված մեծանում են։ Հղիության 13-րդ շաբաթվանից հետո մեծ է ընկերքի՝ արգանդի խոռոչում մնալու ռիսկը[83]։
Վիժման կանխարգելումը կարող է երբեմն սահմանափակվել միայն ռիսկի գործոնների անբարենպաստ ազդեցությունները նվազեցնելով[12]։ Սա կարող է ներառել լավ նախածննդյան խնամքը, թմրադեղերի և ալկոհոլի չօգտագործումը, վարակային հիվանդությունների կանխարգելումը, ռենտգեն-հետազոտություններից խուսափելը[12]։ Վիժման պատճառի հայտնաբերումը կարող է օգնել կանխել հետագա վիժումները, հատկապես կրկնվող վիժումների դեպքում։ Հաճախ մարդը շատ քիչ բան կարող է անել վիժումը կանխարգելելու համար[12]։ Վիտամինների օգտագործումը հղիանալուց առաջ և հղիության ընթացքում կապ չունեն վիժման ռիսկի հետ[84]։ Պրոգեստերոնը մի փոքր նվազեցնում է վիժելու հավանականությունը՝ սովորութային կրելախախտ ունեցող կանանց մոտ[85]։
Վիժումը կանխարգելելու համար պետք է հաշվի առնել.
Նորմալ քաշը և լավ նախածննդյան խնամքը կարող են նվազեցնել վիժելու ռիսկը[25]։ Ռիսկի որոշ գործոններ կարող են նվազագույնի հասցվել դադարեցնելով հետևյալները.
Հղիության վաղ ժամկետներում վիժող կանանց դեպքում սովորաբար անհրաժեշտ չի լինում դիմել դեղորայքային կամ այլ միջամտությունների և նրանք սովորաբար լավանում են լավ խնամքի արդյունքում[21][88]։ Վաղ ժամկետներում վիժումների մեծամասնությունն ավարտվում է ինքնուրույն, սակայն որոշ դեպքերում կարող է դեղորայքային բուժման կամ բեղմնավորման արգասիքների վակուում-ասպիրացիայի կարիք առաջանալ[89]։ Վիժումը կանխարգելելու համար անկողնային ռեժիմի պահպանումը էֆեկտիվություն ցույց չի տվել[90][19]։ Վիժած կանանց վիճակը լավանում է նաև նրբանկատ բժշկական մոտեցումից և խոսքերից։ Սթրեսի մի զգալիս մասը կարելի է հաղթահարել, եթե բժիշկը բացատրի կնոջը/զույգին, որ իրենք մեղավոր չեն կատարվածի համար և չպետք է իրենք իրենց մեղադրեն[91]։
Վիժումից հետո հակառեզուս (Rho(D)) իմունոգլոբուլինի ներմուծման արդյունավետությունը դեռ պարզ չէ[92]։ Մեծ Բրիտանիայում հակառեզուս հակամարմնի ներմուծումը խորհուրդ է տրվում եթե կինը վիժել է հղիության 12-րդ շաբաթվանից հետո, կամ եթե վիժումը սկսվել է 12-րդ շաբաթվանից առաջ սակայն անհրաժեշտ է կատարել վիրահատական միջամտություն[93]։
Լրիվ վիժման դեպքում բուժում անհրաժեշտ չէ (եթե իհարկե բացառվել է արտարգանդային հղիությունը)։ Անավարտ վիժման, դատարկ պտղապարկի կամ մահացած պտղի դեպքում առկա բուժման 3 տարբերակ․ հիվանդի շարունակական վերահսկողություն, իրականացնել դեղորայքային բուժում և իրականացնել վիրաբուժական միջամտություն։ Բուժման բացակայության դեպքում (հիվանդի շարունակական վերահսկողություն) վիժումների մեծամասնությունն (65-80%) ինքնուրույն կավարտվի 2-6 շաբաթվա ընթացքում[94]։ Այս տակտիկան բացառում է դեղամիջողների կամ վիրահատական միջամտության հնարավոր կողմնակի էֆեկտները, սակայն մեծանում է արյունահոսության ռիսկը, որը կարող շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտություն առաջացնել[95]։ Մեծանում է նաև անավարտ վիժման ռիսկը։ Դեղորայքային բուժումը հիմնականում իրականացվում է միզոպրոստոլի (պրոստագլանդին) միջոցով, կամ դրա կիրառումով՝ միֆեպրիստոնով նախաբուժում իրականացնելուց հետո[96]։ Այս դեղամիջոցները նպաստում են արգանդի կծկումներին և այնտեղ մնացած հյուսվածքների արտամղմանը։ Այս մեթոդն աշխատում է օրերի ընթացքում՝ դեպքերի 95%-ում։ Կարող է իրականացվել նաև վակուում-ասպիրացիա կամ սուր կյուրետաժ[94]։ Վակուում-ասպիրացիան առավել անվտանգ և լայն տարածում ունեցող մեթոդ է[94]։
Ձգձգվող կամ թերի վիժման դեպքում բուժման մեթոդը կախված է արգանդի խոռոչում մնացած հյուսվածքների քանակից։ Բուժումը կարող է ներառել հյուսվածքի հեռացում՝ վակուում ասպիրացիայի կամ միզոպրոստոլի միջոցով[97][98]։
Այն կանանց դեպքում, ում հղիությունը չի կարելի շարունակել, վիժում են հարուցում որակավորված բժիշկները[99]։ Վիժման ինքնուրույն կամ բժշկական կրթություն չունեցող անձի կողմից հարուցումը վտանգավոր է և կարող է անգամ մայրական մահացության պատճառ դառնալ։ Այս երևույթը շատ երկրներում համարվում է անօրինական և դատապարտվում է հասարակության կողմից[100][101]։
Որոշ մանկաբարձական-գինեկոլոգիական կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո չունենալ սեռական հարաբերություններ՝ նախքան արյունահոսության դադարեցումը[102][103][103][103][104]։
Գինեկոլոգիական որոշ կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո 1-2 շաբաթ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից՝ վարակից խուսափելու նպատակով[104]։ Չկան լիարժեք ապացույցներ, որ հակաբիոտիկների կանխարգելիչ կիրառումն էֆեկտիվ է վիժումից հետո վարակի կանխարգելման համար[104][105][105][106]։
Յուրաքանչյուր կնոջ անձնական զգացողությունները վիժման վերաբերյալ տարբեր են և բազմակի վիժումներ ունեցող կանայք կարող են տարբեր կերպ արձագանքել ամեն հաջորդ դեպքին[107]։
Արևմտյան երկրներում սկսած 1980-ականներից բժիշկները հավաստում են, որ վիժումը մեծ կորուստ է համարվում յուրաքանչյուր հղի կնոջ համար[88]։ Այդ կանանց մոտ վիժումը կարող է հանգեցնել սթրեսի և դեպրեսիայի[74][108][109]։ Այն կարող է ազդեցություն ունենալ ամբողջ ընտանիքի վրա[110]։ Վիժած կանանցից շատերն անցնում սգի պրոցեսի միջով[4][111][112]։ Նախածննդյան կապվածությունը կարող է հաճախ դրսևորվել ծնողական քնքշանքով ու սիրով դեպի դեռևս չծնված երեխան[113]։ Այդպիսի կանանց մոտ վիժումն առաջացնում է խորը հոգեբանական ազդեցություն[4]։ Որոշ կանայք կարող են նույն կերպ ծանր տանել արտարգանդային հղիության ավարտը[25]։ Որոշների մոտ սուգը կարող է շարունակվել շաբաթներ շարունակ։ Այդ կանանց ընտանեկան խնամքի կազմակերպումը կարող է բարդ մարտահրավեր լինել, քանի որ որոշ կանայք նախընտրում են խոսել վիժման թեմայով, իսկ մյուսները նախընտրում են չխոսել դրա մասին՝ համարելով այն ցավոտ և տհաճ։ Հայրը ևս կարող է կորուստի նույն զգացողություններն ունենալ։ Սգի և կորուստի զգացողության արտահայտելը տղամարդկանց մոտ կարող է ավելի բարդ ստացվել։ Որոշ կանայք ի վիճակի են լինում պլանավորել իրենց հաջորդ հղիությունը վիժումից արդեն շաբաթներ անց։ Մյուսների համար հղիության պլանավորումը կարող է դժվարություններ առաջացնել[103][114]։ Որոշ դեպքերում ծնողներին հնարավորություն է տրվում անհաս պտղին անուն տալ։ Նրանց տրվում են հիշատակի իրեր, ինչպիսիք են լուսանկարներն ու ոտնահետքերը։ Որոշները կազմակերպում են թաղման արարողություն։ Որոշներն իրենց ցավն արտահայտում են ծառ տնկելով[115]։
Որոշ առողջապահական կազմակերպություններ խորհուրդ են տալիս վիժումից հետո հետաձգել սեռական կյանքի վերականգնումը։ Դաշտանային ցիկլը սովորաբար վերականգնվում է վիժումից 3-4 ամիս հետո[114]։ Որոշ կանայք դժգոհում են բժիշկների և բուժքույրերի՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրությունից ու խնամքից[116]։
Որոշ ծնողներ փորձում են երեխա ունենալ վիժումից հետո որքան հնարավոր է շուտ։ Հղիանալու որոշում կայացնելը կարող է դժվար լինել։ Որոշ պատճառներով ծնողները կարող են շահագրգռված լինել դիտարկել նորից հղիանալու հանգամանքը։ Տարիքով մեծ կանանց դեպքում հնարավոր է կարիք լինի հրատապորեն պլանավորել հաջորդ հղիությունը՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից։ Շատ ծնողներ լավատեսորեն են տրամադրվում հաջորդող հղիությունների ելքի հանդեպ։ Որոշները վատատեսորեն են տրամադրվում և փորձում են որքան հնարավոր է մանրամասնորեն հաշվարկել հաջորդ հղիության՝ վիժումով ավարտելու ռիսկը։ Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հղիանալու փորձերը սկսել վիժումից հետո 1 դաշտանային ցիկլ անց։ Այս դեպքում հնարավոր է լինում առավել ճշգրիտ հաշվարկել հնարավոր բեղմնավորման օրերը։ Վիժումից հետո 1-ին դաշտանային ցիկլը կարող է լինել սպասվածից շուտ կամ ուշ։ Ծնողներին կարող է խորհուրդ տրվել հաջորդ հղիության համար սպասել ավելի երկար, եթե եղել է ուշ վիժում կամ բշտային հղիություն, կամ կատարվում են հետազոտություններ։ Որոշ ծնողներ սպասում են մոտ 6 ամիս՝ ելնելով իրենց բժշկի խորհրդից[103]։
Կրկին վիժում ունենալու ռիսկը կախված է վիժման պատճառից։ Բշտային հղիությունից հետո մեկ այլ վիժման հավանականությունը շատ ցածր է։ 3-րդ վիժումից հետո հաջորդ հղիության վիժմամբ ավարտվելու ռիսկը չափազանց բարձր է։ Որոշ երկրներում իրականցվում է նախաբեղմնավորման խնամք[103]։
Վիժումները և սրտի պսակաձև անոթների հիվանդանությունները խիստ ասոցացված են միմյանց հետ, սակայն չի հայտնաբերվել կապ գլխուղեաանոթային հիվանդությունների և վիժումների միջև[117][19]։
Այն կանանց մոտ, ովքեր արդեն տեղյակ են, որ հղի են, վիժելու հավանականությունը 10-20% է, իսկ բեղմնավորված զիգոտի դեպքում (երբ դեռ հղիության նշաններ չկան)՝ 30-50%[1][8][38][88]։ 2012 թվականին իրականացված հետազոտության համաձայն հղիության 5-20-րդ շաբաթների ընթացքում վիժման հավանականությունը 11-22% է[118]։ Մինչև հղիության 13-րդ շաբաթը վիժման հավանականությունը յուրաքանչյուր շաբաթվա համար կազմում է 2%, իսկ սկսած 14-րդ շաբաթվանից՝ 1% յուրաքանչյուր շաբաթվա համար։ Այդ հավանականությունը գնալով նվազում է մինչև հղիության 20-րդ շաբաթը[118]։
Հաճախականությունների տատանումը պայմանավորված է նրանով, որ շատ կանայք վիժում են վաղ ժամկետում՝ նախքան իմանալը, որ հղի են[118]։ Այն կանայք, ում մոտ վիժումը դրսևորվում է արյունահոսությամբ, առավել հաճախ են դիմում բժշկի, քան հղիության վաղ ժամկետներում,ա առանց արյունահոսության վիժող կանայք[118][118]։
Վիժման հավանականությունն աճում է երկու ծնողների տարիքի հետ[118][119][120]։ Դանիայի տեղական հետազոտությունը պարզել է, որ 22 տարեկանում վիժման հավանականությունը 9-11% է, իսկ 48 տարեկանում՝ 84%[121]։ Մեկ այլ հետազոտության համաձայն 40 տարեկանից հետո վիժման հավանականությունը կրկնապատկվում է[5][38]։
Այն ընտանիքներում, որտեղ վիժումն առաջացնում է ամենածանր հոգեբանական հետևանքները, վիժումը համարում են երեխայի կորուստ, այլ ոչ թե սաղմի կամ պտղի[91], և առողջապահական համակարգի աշխատողները ստիպված են լինում ընդունել և հարգել այն տերմինը, որն առավել ընդունելի է պացիենտի համար։ Կան տերմիններ, որոնք կարող են խոցել կամ վիրավորել պացիենտին։ Վիժած հղիների մոտ առավել հաճախ սթերս առաջացնող տերմիններն են․
Հղիության կորուստը ընդարձակ տերմին է, որը ներառում է վիժումը, արտարգանդային հղիությունը և բշտային հղիությունները[91]։ Սաղմի մահ տերմինն ընդունված է շատ երկրներում և օգտագործվում է տարբեր կոնտեքստներում[122][123][124]։ 26-րդ շաբաթից հետո վիժումը բնորոշվում է որպես վաղաժամ ծննդաբերություն[122]։ Մեծ Բրիտանիայի օրենքների համաձայն բոլոր վաղաժամ ծննդաբերությունները պետք է գրանցվեն[125], սակայն դա չի վերաբերվում վիժումներին։
Վիժումը նկարագրող բժշկական տերմինները փոխվել են ժամանակի ընթացքում[126]։ Նախքան 1980-ականները, բժիշկները վիժումն անվանում էին սպոնտան աբորտ, իսկ հղիության արհեստական ընդհատումը՝ ինդուկցված աբորտ[126][127]։ 1980-19900-ականներին բժիշկները սկսեցին առավել մեծ ուշադրություն դարձնել վաղ ժամկետում հղիության ընդհատմանը տրվող տերմինին։ Որոշ մասնագետներ առաջարկեցին «կրելախախտ» բառը՝ հիմնավորելով այն նրանով, որ դա ավելի հարգալից է պացիենտի հանդեպ և նվազ սթրեսային[128][129]։ Այս փոփոխությունն աջակցություն ստացավ Մեծ Բրիտանիայի մասնագետների կողմից 1990-ականներին[129]։
Հասարակության վերաբերմունքը վիժումների հանդեպ փոխվել է ժամանակի ընթացքում[107]։ 20-րդ դարի սկզբնական շրջանում առավել մեծ ուշադրություն էր հատկացվում մոր ֆիզիկական առողջությանը և այն բարդություններին, որոնք կարող էին առաջանալ վիժման հետևանքով[107]։ Կային նաև այլ արձագանքներ՝ կապված անցանկալի հղիությունից ազատվելու և բժշկական միջամտության ծախսերի հետ[107]։ 1940-ականներին և 1950-ականներին մարդիկ վիժումներին վերաբերվում էին դրականորեն, քանի որ համարվում էր, որ վիժում տեղի է ունենում, եթե պտուղն ունի որոշակի դեֆեկտներ և հետևաբար ընտանիքը «փրկվում էր» հաշմանդամություն ունեցող երեխա խնամելուց[107]։ 20-րդ դարի կեսերին, չնայած մի փոքր սթրեսային լինելուն, այնուամենայնիվ վիժումը համարվում էր օրհնություն և նոր ու առողջ երեխաներ ունենալու հնարավորություն[107]։ Վիժումների մասին լրատվական հրապարակումները սովորաբար ավարտվում էին ցուցադրելով առողջ երեխայի, հիմնականում տղայի, որն իբր հաջորդել է վիժմանը[107][126][130][131][132]
Վիժում տեղի ունենում բոլոր այն կենդանատեսակների մոտ, որոնք հղիություն են տանում։ Կենդանիների վիժման համար կան ռիսկի մի շարք գործոններ։ Օրինակ ոչխարների մոտ վիժում հաճախակի առաջանում է դռան տակ մնալու կամ շների կողմից հետապնդվելու պատճառով[133]։ Կովերի մոտ վիժման պատճառ կարող են լինել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելյոզը կամ կամպիլոբակտերը, սակայն դրանք հիմնականում կառավարվում են պատվաստումների միջոցով[134]։
Որոշ այլ հիվանդություններ ևս մեծացնում են կենդանատեսակների վիժման հավանականությունը։ Որոշ կենդանիների մոտ վիժում առաջանում է երբ նրանց արուի փոխարեն հայտնվում է նոր արու[135]։ Այս երևույթը ստացել է Բրյուսի էֆեկտ անվանումը։ Ապացուցվել է այն էգ մկները, ում մոտ արձանագրվում են վիժումներ, օտար արուների հետ անցկացնում են նշանակալիորեն ավելի շատ ժամանակ, քան այն էգերը, ում մոտ վիժումներ չեն դիտվում[136]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.