Ախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Ախտանիշներ, դրանք որևէ հիվանդության, վնասվածքի կամ ախտաբանական պրոցեսի նկատելի նշաններ կամ ախտանիշներն են: Նշանները օբյեկտիվ են և արտաքինից տեսանելի, իսկ ախտանիշները համարվում են մարդու սուբյեկտիվ զգացողութուններ[1]: Ախտանիշների օրինակներից են սովորականից բարձր կամ ցածր ջերմություն, արյան զարկերակային բարձր կամ ցածր ճնշում, ինչպես նաև դրանց հայտնաբերումը գործիքային հետազոտությունների ընթացքում: Սովորաբար մարդու մոտ արտասովոր ախտանիշների օրինակներից են` ջերմություն, գլխացավ կամ մարմնի այլ մասերի ցավի զգացում[2][3]:

Նշաններ և ախտանիշներ
Նշաններ
Ախտաբանական նշանը հիվանդության, վնասվածքի կամ առողջական վիճակի օբյեկտիվ տեսանելի ցուցիչ է, որը կարող է հայտնաբերվել ֆիզիկական զննման ժամանակ[4]: Հիմնականում այս նշաններն անզեն աչքով տեսանելի են, օրինակ՝ ցան կամ կապտուկ, կամ հայտնաբերվում են այլ եղանակներով, օրինակ՝ ստետոսկոպ օգտագործելու կամ զարկերակային ճնշումը չափելու ժամանակ: Հիմնական նշանները, ախտանիշների հետ մեկտեղ, օգնում են իրականացնել ախտորոշում: Ախտանիշների որոշ օրինակներ են՝ ձեռքերի կամ ոտքերի եղունգների հաստացում, աննորմալ քայլվածք և աչքի ծիածանաթաղանթի շուրջ մգացած օղակ:
Ախտանիշներ
Ախտանիշ է համարվում զգացական որևէ պրոցես, ինչպիսին է` ցավ կամ գլխապտույտ: Նշանները և ախտանիշները միմյանց չեն կարող բացառել, օրինակ` ջերմության սուբյեկտիվ զգացում, որը կարող է գրանցվել որպես ախտանշան` ջերմաչափման միջոցով[5]: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թվարկել է տարբեր հիվանդություններ՝ ըստ իրենց նշանների և ախտանիշների, օրինակ` կարմրուկ, որը ներառում է ջերմություն, կոնյուկտիվիտ և հազ, որից մի քանի օր անց հայտնվում է կարմրուկին բնորոշ ցանավորում[6]:
Առանցքային նշաններ և ախտանիշներ
Առանցքային կամ հիմնական նշաններ և ախտանիշներ բնորոշ են որոշակի հիվանդության համար: Առանցքային նշանը կամ ախտանիշը կարող է նաև վերաբերել հիվանդության հիմնական ախտանիշներին[7]: Ոչ ադեկվատ ռեֆլեքսները կարող են վկայել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին: Նշաններն ու ախտանիշները վերաբերում են նաև ֆիզիոլոգիական որոշակի վիճակներին, որոնք դուրս են հիվանդության համատեքստից, օրինակ՝ հղիության նշաններին և ախտանիշներին կամ ջրազրկման ախտանիշներին անդրադառնալիս: Երբեմն հիվանդությունը կարող է դրսևորվել առանց որևէ ախտանշանի, թեև այն համարվում է ասիմպտոմատիկ: Պաթոլոգիան կարող է հայտնաբերվել թեստավորման,լաբորատոր կամ գործիքային զննման ժամանակ[8]:
Համախտանիշ
Նշաններն ու ախտանիշները հաճախ ոչ սպեցիֆիկ են, բայց որոշակի համակցություններ կարող են հուշել որոշակի ախտորոշումների մասին՝ օգնելով խոսափել սխալվելուց: Հատկանշական նշանների և ախտանիշների մի խումբ, որոնք կարող են կապված լինել որևէ ֆունկցիայի խանգարման հետ, կոչվում է սինդրոմ կամ համախտանիշ: Այն դեպքում, երբ հիմնական պատճառը հայտնի է, համախտանիշն ունի հստակ անուն` Դաունի համախտանիշ և Նունանի համախտանիշ: Այլ սինդրոմները, ինչպիսիք են սուր կորոնար համախտանիշը, ունեն մի շարք հնարավոր պատճառներ:
Տեսակներ
Սիմպտոմատիկ
Երբ հիվանդությունը դրսևորվում է բնորոշ ախտանիշներով, այն կոչվում է սիմպտոմատիկ: Կան բազմաթիվ պայմաններ, այդ թվում՝ կլինիկական ինֆեկցիաներ, որոնք անախտանիշ են և կոչվում են ասիմպտոմատիկ։ Նշաններն ու ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր, կարճատև կամ երկարատև, որտեղ դրանք կարող են թուլանալ (ռեմիսիա) կամ այնուհետև կրկնվել (ռեցիդիվ), որը հայտնի է որպես հիվանդության սրացում: Սրացումը կարող է բերել ավելի ծանր ախտանիշների զարգացման[9]: «Հիմնական գանգատ» տերմինը, ինչպես նաև «խնդիր ներկայացնելը», օգտագործվում է նկարագրելու մարդու նախնական մտահոգությունը բժշկական օգնության դիմելիս, և երբ հստակ նշվում են գանգատներ, արդեն հնարավորություն է տրվում կազմել հիվանդության պատմություն: Ախտանիշը, որն ի վերջո հանգեցնում է ախտորոշման, կոչվում է հիմնական ախտանշան: Որոշ ախտանիշներ կարող են ապակողմնորոշիչ լինել նշված ցավի պատճառով, օրինակ՝ ուսագոտու ցավ կարող է առաջանալ լեղապարկի բորբոքումից, այլ ոչ թե մկանների կասկածելի լարվածությունից[10]:
Նախասիմպտոմատիկ
Շատ հիվանդություններ ունեն վաղ նախասիմպտոմատիկ կամ պրոդրոմալ փուլ, որտեղ մի քանի նշաններ և ախտանիշներ կարող են ցույց տալ որևէ խանգարման առկայություն՝ նախքան հետագա հստակ ախտանիշների ի հայտ գալը: Օրինակ՝ կարմրուկն ունի պրոդրոմալ փուլ, որը ներառում է հազ, ջերմություն և բերանի խոռոչում բծերի առկայություն[11]: Միգրեն կամ առաջնային գլխացավը, որը բնորոշվում է պարբերաբար չափավոր կամ ուժգին գլխացավերով, սակայն որոնց մի մասը ունեն պրոդրոմալ փուլ[12]: Շիզոֆրենիա, ինչպես նաև դեմենցիա հիվանդությունների դեպքում նույնպես առկա է նկատելի պրոդրոմալ փուլ[13][14]:
Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ
Ոչ սպեցիֆիկ ախտանիշները, որոնք երբեմն նաև կոչվում են երկիմաստ ախտանիշներ, հատուկ չեն որոշակի հիվանդություններին[15]: Դրանք ներառում են անբացատրելի քաշի կորուստ, գլխացավ, անկանոն ցավ, հոգնածություն, ախորժակի կորուստ, գիշերային քրտնարտադրություն և թուլություն[16]: Երեք հատուկ ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բաղկացած խումբ՝ ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և քաշի կորուստ, մոտ վեց ամսից ավել տևողությամբ, կոչվում են լիմֆոմայի հետ կապված B-խմբի ախտանիշներ, որոնք կարող են վկայել վատ կանխատեսման մասին[17]:
Ախտանիշների այլ ենթատեսակներն են`
- ընդհանուր ախտանիշներ, որոնք ազդում են հիվանդի ինքնազգացողության կամ կյանքի որակի վրա, օրինակ՝ ջերմություն[18][19]
- ուղեկցող ախտանիշներ, որոնք առաջանում են առաջնային կամ հիմնական ախտանիշներին զուգընթաց[20]
- պրոդրոմալ ախտանիշներ, որոնք ավելի մեծ շարք խնդիրների առաջնային ախտանիշներն են [21]
- ուշացած ախտանիշներ, որոնք ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց[22]
- օբյեկտիվ են համարվում այն ախտանիշները, որոնք կարող են դիտարկվել և հաստատվել բժշկի կամ բուժաշխատողի կողմից[23]
Կենսական նշաններ
Կենսական ախտանիշներ են համարվում այն չորս հիմնական նշանները, որոնք կարող են անմիջապես ցույց տալ մարմնի ընդհանուր ֆունկցիոնալ և առողջական վիճակը: Դրանք են՝ ջերմություն, սրտի կծկումների հաճախականություն, շնչառություն և արյան զարկերակային ճնշում: Այս ցուցանիշների միջակայքերը տարբեր են և կախված են մարդու տարիքից, քաշից, սեռից և ընդհանուր առողջական վիճակից[24]:
Մշակվել է թվային հավելված է` կլինիկական պայմաններում օգտագործելու համար, որը չափում է կենսական ցուցանիշներից երեքը ( բայց ոչ ջերմություն)՝ օգտագործելով միայն սմարթֆոն, և հաստատվել է Անգլիայում NHS-ի կողմից: Հավելվածը գրանցված է որպես Lifelight First, և Lifelight Home, այն դեռ մշակման փուլում է (2020)՝ տանը մարդկանց կողմից մոնիտորինգի-օգտագործման համար՝ օգտագործելով միայն իրենց սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկը: Սա լրացուցիչ և հասանելի մեթոդ է չափելու թթվածնի հագեցվածությունը և նախասրտերի ֆիբրիլյացիան: Այդ դեպքում պայմանականորեն լրացուցիչ սարքերի կարիք չկա[25]:
Համախտանիշներ
Շատ իրավիճակներ մատնանշվում են մի խումբ նշաններով կամ ախտանիշների միջոցով: Այն կարող է բաղկացած լինել երեք խումբ ախտանիշներից, որոնք հայտնի են որպես եռյակ, չորս խմբից` «տետրադ» կամ հինգից` «պենտադ»: Եռյակի օրինակ է` Մելցերի եռյակը, որը բնութագրվում է մանուշակագույն ցանավորմամբ, հոդացավով` հոդացավ, մկանացավով` միալգիա, մկանային զգայունությամբ և թուլությամբ: Մելցերի եռյակը ցույց է տալիս կրիոգլոբուլինեմիայի վիճակը: Հենտինգտոնի հիվանդություն` նեյրոդեգեներատիվ խանգարում է, որը բնութագրվում է շարժիչ, ճանաչողական և հոգեկան խանգարումների նշանների և ախտանշանների եռյակով[26]: Այս ախտանիշների մեծ մասը, որոնք կարող են բնորոշ լինել որոշակի հիվանդության, հայտնի են որպես սինդրոմ կամ համախտանիշ անվանումով: Օրինակ՝ Նունանի համախտանիշը ունի դիմային, մկանային և հենաշարժիչ համակարգերի եզակի հատկանիշների ախտորոշիչ հավաքածու[27]:
Որոշ համախտանիշներ, ինչպիսիք են` նեֆրոտիկ համախտանիշ, կարող են ունենալ մի շարք պատճառներ՝ կապված միզասեռական համակարգի ֆունկցիայի վրա ազդող հիվանդությունների հետ[28]: Երբեմն երեխանների կամ նույնիսկ մեծահասակների մոտ կարող են ի հայտ գալ ախտանիշներ, որոնք վկայում են ժառանգական հիվանդությունների մասին, սակայն որոնց հնարավոր չէ հայտնաբերել նույնիսկ գենետիկական հետազոտություններից հետո: Նման դեպքերում կարող է օգտագործվել SWAN տերմինը (սինդրոմ առանց անվան): Հաճախ ախտորոշումը կարող է կատարվել ինչ-որ պահի, երբ ի հայտ են գալիս այլ, ավելի կոնկրետ ախտանիշներ, սակայն շատ դեպքեր կարող են մնալ չախտորոշված: Ախտորոշման ձախողումը կարող է պայմանավորված լինել ախտանիշների եզակի համակցությամբ կամ պայմանների համընկնմամբ, կամ այն պատճառով, որ ախտանիշները ատիպիկ են տվյալ հիվանդությանը, կամ այն պատճառով, որ տվյալ պաթոլոգիան չափազանց հազվադեպ է[29]:
Դրական և բացասական
Զգացական ախտանիշները կարող են բնութագրվել նաև որպես դրական կամ բացասական ախտանիշներ՝ կախված նրանից, թե տվյալ ախտանշանը նորմալ է թե ոչ, օրինակ՝ քոր, կամ հոտի կորուստ: Բացասական ախտանիշների դեպքում օգտագործվում են հետևյալ տերմինները՝ հիպոեսթեզիա, որը զգայունության չափավոր կամ մասնակի կորուստն է գրգռիչների նկատմամբ, ինչպիսիք են` ճնշում, հպում, ցավ, ջերմություն: Անզգայացում` ավելի ուժեղ գրգռիչների նկատմամբ զգայունության ամբողջական կորուստն է, ինչպիսին է օրինակ` սրսկում: Հիպոալգեզիան (անալգեզիա) ցավի գրգռիչների նկատմամբ զգայունության կորուստն է[30]:
Որոշ հոգեկան խանգարումներ, օրինակ՝ շիզոֆրենիա, ախտանիշները նույնպես կարելի է տարանջատել բացասական և դրական[31]: Դրական են համարվում այն ախտանիշները, որոնք առկա են խանգարման հետ համատեղ, սակայն սովորաբար չեն նկատվում մարդկանց մեծամասնության մոտ՝ առանց նորմալ ֆունկցիաների խանգարման կամ աղավաղման[32]: Օրինակները ներառում են հալյուցինացիաներ, զառանցանք և տարօրինակ վարքագիծ: Բացասական ախտանիշները այն գործառույթներն են, որոնք սովորաբար թույլ են կամ բացակայում են, ինչպիսիք են` ապատիա և անեդոնիա (տրամադրության խանգարում)[32]:
Դինամիկ և ստատիկ
Դինամիկ կամ ակնառու ախտանիշները կարող են փոխվել՝ կախված որոշ հանգամանքներից, մինչդեռ ստատիկ ախտանիշները ստաբիլ են կամ անփոփոխ՝ անկախ պատճառներից։ Օրինակ` ֆիզիկական վարժությունների անհանդուրժողականության ախտանիշները դինամիկ են, քանի որ դրանք առաջանում են ֆիզիկանան վարժությունների արդյունքում, բայց մեղմանում են հանգստի ժամանակ: Ստաբիլ մկանային թուլությունը ստատիկ ախտանիշ է, քանի որ մկանը հանգիստ վիճակում է՝ անկախ վարժությունից կամ հանգստից[33]: Մետաբոլիկ միոպաթիաներով հիվանդների մեծամասնությունն ունի դինամիկ, այլ ոչ թե ստատիկ ախտանիշներ, որոնք սովորաբար ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն, մկանացավ և սպազմ` ֆիզիկական վարժությունների ժամանակ, այլ ոչ թե ստաբիլ թուլություն[34]: Մակարդլի հիվանդության (GSD-V) մետաբոլիկ մեոպաթիա ունեցողները և ֆոսֆոգլուկոմուտազի անբավարարությամբ որոշ անհատներ (CDG1T/GSD-XIV), սկզբում ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն մեղմ և չափավոր աերոբիկ վարժությունների ժամանակ, սակայն ախտանիշները մեղմանում են 6-10 րոպե հետո, հայտնի որպես «երկրորդ քամի» անունով:
Նյարդահոգեբանական
Նյարդահոգեբանական ախտանիշները առկա են բազմաթիվ դեգեներատիվ խանգարումների դեպքում, այդ թվում՝ դեմենցիա և Պարկինսոնի հիվանդության[35]: Ախտանիշները սովորաբար ներառում են ապատիա, անհանգստություն և դեպրեսիա[36]: Նյարդաբանական և հոգեկան խանգարման ախտանիշները նույնպես առկա են որոշ ժառանգական խանգարումների դեպքում, ինչպիսին է` Վիլսոնի հիվանդություն: Գործնական խանգարման ախտանիշները բնորոշ են բազմաթիվ խանգարումների, այդ թվում՝ Շիզոֆրենիա, նաև ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ կամ հիպերկինետիկ խանգարում[37][38]:
Հիմնական
Առանցքային նշաններն ու ախտանիշները կոչվում են հիմնական ախտորոշիչ, իսկ պաթոլոգիկ են՝ նրանք, որոնք ապահովում են ախտորոշման որոշակիություն: Օրինակ` բորբոքումն ունի հիմնական նշանների և ախտանիշների հստակ խումբ, օրինակ` քրոնիկական բրոնխիտի և Պարկինսոնի հիվանդությունների սրացման դեպում[39][40]:
Ի տարբերություն պաթոգնոմիկ առանցքային ախտանիշների կամ ախտանիշի բացակայությունը հաճախ կարող է բացառել այդ վիճակը: Սա հայտնի է լատիներեն sine qua non տերմինով։ Օրինակ՝ ժառանգական հիվանդության համար հատուկ հայտնի գենետիկական մուտացիաների բացակայությունը կբացառի այդ հիվանդությունը[41]: Մեկ այլ օրինակ այն է, որ եթե հեշտոցային pH-ը 4,5-ից պակաս է, ապա բակտերիալ վագինալ հիվանդության ախտորոշումը կբացառվի[42]:
Անամնեստիկ նշաններ
Անամնեստիկ նշանները (հունարեն՝ anamnēstikós, ἀναμνηστικός, «հիշելու ունակ») նշաններ են, որոնք վկայում են որևէ հիվանդության մասին, օրինակ՝ ձեռքի պարեզը կարող է վկայել ինսուլտի կամ իշեմիկ կաթվածի մասին[43]:
Ասիմպտոմատիկ
Որոշ հիվանդություններ, ներառյալ քաղցկեղ, ինչպես նաև այլ հիվանդություններ, հիվանդի մոտ երկար ժաամանակ կարող են անախտանիշ մնալ, և որևէ կերպ չդրսևորվել։ Նման հիվանդությունները կոչվում են ասիմպտոմատիկ[8]: Լեղապարկի քարերը կարող են լինել ասիմպտոմատիկ և միայն պատահական հայտնաբերվեն կլինիկական հետազոտության ժամանակ[8]: Հեշտությամբ տարածվող վիրուսային վարակներ, ինչպիսին է` COVID-19, կարող են լինել ասիմպտոմատիկ, բայց դեռևս վարակիչ[44]:
Պատմություն
Ախտանիշներ
Ախտանիշ (հունարեն՝ σύμπτωμα, «պատահար, դժբախտ պատահար, որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցող պրոցես», συμπίπτω, «պրոցես», συν- «հետ կամ միասին» և πίπτω, «անկում») ֆունկցիայի նորմայի շեղումն է կամ պաթոլոգիական հիվանդություն: Սիմպտոմատոլոգիա կամ ախտանիշների ուսումասիրությունը (նաև կոչվում է սեմիոլոգիա) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է հիվանդության նշաններն ու ախտանիշները[45][46][47][48]: Այս ուսումնասիրությունը ներառում է նաև հիվանդության ցուցումներ[49]: Այն առաջին անգամ նկարագրվել է Հենրի Ստուբի կողմից 1670թ.-ին: Տերմինը այժմ կիրառվում է ախտանիշների փոխկապակցվածությունը ուսումնասիրելու համար: Մինչև 19-րդ դարը` բժշկի և հիվանդի լիազորությունների միջև քիչ տարբերություն կար: Բժշկական պրակտիկայի մեծ մասը իրականացվել է բժիշկ-հիվանդ համագործակցային փոխհարաբերությունների շրջանակներում, որը աստիճանաբար փոխարինվեց «բժշկական հետազոտական համայնքի կողմից պարտադրված կարծիքների միաձույլ կոնսենսուսով»[50][51]:
Բժշկական հետազոտման մշակում

Մի շարք ձեռքբերումներ, հիմնականում 19-րդ դարում, թույլ տվեցին բժշկին ավելի օբյեկտիվ գնահատել ախտորոշումը և նվազեցնել հիվանդի ներգրավման անհրաժեշտությունը[50][51][52]: Արդեն 20-րդ դարի ընթացքում պատկերագրման և այլ փորձարկման մեթոդների լայն շրջանակի ներդրումը, ինչպիսիք են` ժառանգական ախտորոշում, կլինիկական բիոքիմական հետազոտություն, մոլեկուլային ախտորոշում և ախտածնություն, հսկայական ազդեցություն են ունեցել ախտորոշիչ մեթոդների ընդլայնման վրա[53]:
- 1761 թվականին Լեոպոլդ Օենբրյուգերը հայտնաբերել է շնչառական հիվանդությունների ախտորոշման թիրախային մեթոդ[54]: Մարդու մարմի ցանկացած ոչ նորմալ կամ պաթոլոգիական ձայների հայտնաբերման այս մեթոդը վաղուց կիրառվում է սրտաբանության մեջ[54]:Կրծքավանդակի պերկուսիայի համար նախատեսված գործիքներն ավելի լայն ճանաչում են ձեռք բերել 1808 թվականից հետո, երբ Ժան-Նիկոլա Կորվիսարտը լատիներենից ֆրանսերեն է թարգմանել Օենբրյուգերի աշխատությունները[55]:
- 1819 թվականին Ռենե Լանեկը ներկայացրել է ստետոսկոպը, որը սկսել է փոխարինել ուղիղ ունկնդրման դարավոր տեխնիկան՝ լսելով սիրտը՝ ականջը ուղղակիորեն կրծքավանդակի վրա դնելով, անուղղակի լսումով՝ օգտագործելով ստետոսկոպ՝ սրտի ձայները ինչպես նաև շնչուղիները լսելու համար:
- 1846 թվականին Վիրաբույժ Ջոն Հաթչինսոնը (1811–1861) ներկայացրել է սպիրոմետր՝ սարք, որը գնահատում է թոքերի մեխանիկական շնչառության շարժումների հատկությունները՝ չափելով հարկադիր արտաշնչումը և հարկադիր ներշնչումը (թոքերի արձանագրված ծավալը և օդի հոսքի արագությունն օգտագործվում են հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նվազում է, օրինակ՝ թոքային ֆիբրոզ) և օբստրուկտիվ հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նորմալ է, բայց օդի հոսքը խանգարված է, օրինակ՝ էմֆիզեմա) տարբերելու համար:
- 1851 թվականին Հերման ֆոն Հելմհոլցի (1821–1894) ակնաբուժության գյուտի շնորհիվ, բազմաթիվ բժիշկներ կարողացել են հետազոտել մարդու աչքի ներքին կառուցվածքը:
- Թոմաս Քլիֆորդ Ալբաթի (1836–1925) վեց դյույմանոց (ոչ թե տասներկու դյույմ) գրպանի կլինիկական ջերմաչափի անմիջական լայն տարածում, որը նա հայտնագործել է 1867 թվականին[56]:
- Ռոբերտ Կոխի կողմից բակտերիալ կուլտուրաների ներդրումը, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տուբերկուլյոզի բուժման համար, 1882 թվականին կատարվել է առաջին լաբորատոր փորձարկումները, որոնք հաստատել են բակտերիալ վարակները:
- 1895 թվականին՝ ռենտգեն ճառագայթների կլինիկական կիրառում, որը սկսվել է գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նույն թվականին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը (1845-1923) հայտնագործել է ռենտգեն ճառագայթումը:
- 1896 թվականին Սֆիգմոմանոմետրի ներդրումը, որը նախագծվել է Սցիպիոնե Ռիվա-Ռոկչիի (1863–1937) կողմից՝ արյան զարկերակային ճնշումը չափելու համար։
Ախտորոշում
Նշանների և ախտանիշների հայտնաբերումը, նաև դրանց դասակարգումը կարող է օգնել կլինիկական ախտորոշման համար: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է լինում կատարել առաջնային բժշկական զննում և հիվանդության պատմության արձանագրում: Կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ախտորոշիչ բժշկական հետազոտություններ, ինչպիսիք են` արյան ընդհանուր քննություն, գործիքային հետազոտություններ և բիոպսիա: Օրինակ, ռենտգեն հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշել ոսկրային կոտրվածքները: Հետազոտության կամ առաջնային բժշկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշանակության պաթոլոգիայի հիման վրա կատարած արձանագրությունը կոչվում է բժշկական եզրակացություն[57]:
Օրինակներ
- Եղունգների հաստացում (դեֆորմացված եղունգներ)
- Ասցիտ` որովայնի խոռոչում հեղուկի կուտակում
- Հազ
- Հեմոպտիզ` խորխ արյան հետքերով
- Մահվան կամ վերջին շունչ (կյանքի վերջին րոպեներ)
- Դեղնախտ
- Օրգանոմեգալիա կամ ընդլայնված օրգան, օրինակ` հեպատոմեգալիա (մեծացած լյարդ)
- Դերմատիտ (մաշկաբորբ)
- Գերթքարտադրություն
- Քաշի կորուստ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.