Ֆրիդրիխ Նիցշե
գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (գերմաներեն՝ Friedrich Wilhelm Nietzsche, հոկտեմբերի 15, 1844(1844-10-15)[2][3][4][…], Ռյոքեն, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն[1] - օգոստոսի 25, 1900(1900-08-25)[2][3][4][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր, ինչպես նաև լատիներենի և հունարենի գիտակ, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա[14][15][16][17]։ Նախքան դասական փիլիսոփայությամբ տարվելը Նիցշեն զբաղվում է բանասիրությամբ. 1869 թվականին՝ 24 տարեկան հասակում, նա գլխավորում է Բազելի համալսարանի դասական բանասիրության ամբիոնը՝ դառնալով համալսարանի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարը[18]։ 1879 թվականին ստիպված լքում է պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, որոնք կհետապնդեն նրան ողջ կյանքի ընթացքում։ Հաջորդ տասնամյակը Նիցշեն նվիրում է իր ամենանշանակալից աշխատանքների ստեղծմանը[19]։ 1889 թվականին՝ 44 տարեկան հասակում, Նիցշեի մոտ տեղի է ունենում մտավոր ունակությունների վատթարացում, ապա՝ կատարյալ անկում[20]։ Ողջ մնացած կյանքը ապրում է մոր խնամակալության ներքո, մինչև վերջինիս մահը 1897 թվականին, ապա՝ քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի, մինչև իր սեփական մահը 1900 թվականին[21]։
Նիցշեի սկզբնական շրջանի աշխատանքները, որոնք գլխավորապես վերաբերում են արվեստին, բանասիրությանը, պատմությանը, կրոնին, ողբերգությանը, մշակույթին և գիտությանը, մեծապես ներշնչված են այնպիսի մեծն գործիչներից, ինչպիսիք են՝ Շոպենհաուերը, Վագները և Գյոթեն, և ներառում են փիլիսոփայական բանակռիվ, պոեզիա, մշակութային քննադատություն և արձակ՝ ցուցադրելով նրա սերը աֆորիզմների և երգիծանքի նկատմամբ[22]։ Նիցշեի փիլիսոփայության կարևորագույն տարրերից են՝ ճշմարտության քննադատությունը՝ հօգուտ պերսպեկտիվիզմի, կրոնի և քրիստոնեական բարոյականության ծագումնաբանական իր վերլուծությունը և դրանից սերող տերերի և ստրուկների բարոյականությունը[14][23], Աստծո մահվանն ի պատասխան՝ գոյության գեղագիտական հաստատումը և նիհիլիզմի խորը ճգնաժամը[14], ապոլոնյանի և դիոնիսյանի իր գաղափարը, մարդու՝ որպես մրցող կամքերի սուբյեկտի իր բնորոշումը, որը հավաքականորեն բնորոշվում է որպես կամք առ իշխանություն[24]։ Նիցշեն նաև մշակում է այնպիսի ազդեցիկ հասկացություններ, ինչպիսիք են՝ գերմարդու տեսությունը և հավերժական վերադարձի ուսմունքը[25][26]։ Ավելի ուշ շրջանի աշխատանքներում Նիցշեին ավելի ու ավելի են գրավում առողջ գեղագիտությունը և անհատի ստեղծարար ուժը՝ վերարժևորման ճանապարհին հասարակական, մշակութային և բարոյական նորմերի հաղթահարման գործում[17]։
Նիցշեի մահից հետո Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեն դառնում է եղբոր ձեռագրերի համակարգողն ու խմբագիրը՝ վերափոխելով Նիցշեի անտիպ աշխատությունները՝ ծառայեցնելու դրանք սեփական գերմանական նացիոնալիստական գաղափարախոսությանը՝ հաճախ հակասելով և խեղաթյուրելով այնտեղ արտահայտված կարծիքները, որոնք ակնհայտորեն դեմ էին հակասեմականությանն ու ազգայնականությանը։ Քրոջ խմբագրված հրապարակությունների հետևանքով Նիցշեի աշխատությունները սկսում են զուգորդվել ֆաշիզմի և նացիզմի հետ[27]։ 20-րդ դարի փիլիսոփաները վիճարկում են Նիցշեի աշխատանքների նման մեկնաբանությունը, ինչի շնորհիվ աշխատությունները շուտով հասանելի են դառնում շտկված խմբագրությամբ։ 1960-ականներին Նիցշեի գաղափարները կրկին հանրայնություն են վայելում՝ իրենց խորն ազդեցությունը թողնելով 20-րդ և 21-րդ դարի սկզբի փիլիսոփաների շրջանում՝ հատկապես մայրցամաքային փիլիսոփայության այնպիսի դպրոցների վրա, ինչպիսիք են՝ էքսզիստենցիալիզմը, պոստմոդեռնիզմը, պոստստրուկտուրալիզմը, ինչպես նաև արվեստի, գրականության, հոգեբանության, քաղաքագիտության և փոփ-մշակույթի վրա[15][16][17][28][29]։