մարդու հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Էբոլա վիրուսային հիվանդութուն (ԷՎՀ), հայտնի նաև որպես Էբոլա հեմոռագիկ տենդ (ԷՀՏ) կամ պարզապես Էբոլա, մարդկանց և այլ պրիմատների վիրուսային հեմոռագիկ տենդ՝ առաջացած էբոլավիրուսներով[2]։ Ախտանշանները հիմնականում սկսվում են վիրուսով վարակվելուց հետո 2 օրից 3 շաբաթվա ընթացքում, դրանք են՝ տենդ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և գլխացավեր[2]։ Վերջիններիս հաջորդում են փսխումները, փորլուծությունը, ցանը, որոնք ուղեկցվում են լյարդի և երիկամների ֆունկցիոնալության նվազման հետ[2]։ Այդ ժամանակ որոշ մարդկանց մոտ սկսվում է միաժամանակ ներքին և արտաքին արյունահոսություն[2]։ Հիվանդությունն ունի մահացության բարձր ռիսկ՝ միջինում՝ 50%, վարակվածների 25-90% մահանում են[2]։ Այն հաճախ տեղի է ունենում մեծ քանակությամբ հեղուկի կորստի հետևանքով առաջացած արյան ճնշման նվազման պատճառով և հիմնականում հայտնաբերվում է ախտանշանների ի հայտ գալուց 6-16 օր հետո[3]։
Էբոլա վիրուսային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Ebolavirus և Էբոլա[1] |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում և haemocontact transmission of pathogen? |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց, փսխում, գլխացավ, լուծ, տենդ, Պապուլա, հևոց, Հոդացավ, Կոնյունկտիվիտ, արյունահոսություն, Քթային արյունահոսություն, արյունազեղում, միալգիա, որովայնային ցավ և թունավորում |
Հետևանք | Western African Ebola virus epidemic? |
Վարակ տարածող | H. monstrosus?, E. franqueti?, Little Collared Fruit Bat? և մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, ELISEA?, viral culture?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, Էլեկտրոնային մանրադիտակ և իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 065.8 |
ՀՄԴ-10 | A98.4 |
Անվանվել է | Ebola River? |
Բուժում | Ցավազրկող դեղամիջոցներ, արյան փոխներարկում, hydration?, Արյան պլազմա, Անտիպիրետիկներ, intravenous fluid replacement? և սիմպտոմատիկ բուժում |
Ebola virus disease Վիքիպահեստում |
Վիրուսը տարածվում է օրգանիզմի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով, այդպիսին է վարակված մարդկանց կամ կենդանիների արյունը[2]։ Տարածումը նաև կարող է տեղի ունենալ վերջին ժամանակներում օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված իրերի հետ շփումից[2]։ Պրիմատների, այդ թվում մարդկանց, շրջանում հիվանդության փոխանցումը օդով չի արձանագրվել ոչ բնական, ոչ լաբորատոր պայմաններում[4]։ ԷՎՀ-ից վերականգնվելուց հետո մարդու սերմնահեղուկը և կրծքի կաթը կարող են մի քանի շաբաթից մի քանի ամիս կրել վիրուսը[2][5][6]։ Թռչող աղվեսները համարվում են վիրուսի բնական ռեզերվուար, որոնք ունակ են փոխանցելու վիրուսը առանց նրա ազդեցությանն ենթարկվելու[2]։ Որոշ այլ հիվանդություններ՝ մալարիան, խոլերան, որովայնային տիֆը, մենինգիտը և այլ վիրուսային հեմոռագիկ տենդերը, կարող են հիշեցնել ԷՎՀ[2]։ Ախտորոշման հաստատման համար իրականացվում է արյան նմուշների հետազոտություն՝ վիրուսային ՌՆԹ, վիրուսային հակամարմիններ և նաև հենց վիրուսը հայտնաբերելու համար[2]։
Հիվանդության բռնկումների վերահսկումը պահանջում է համակարգված բժշկական ծառայությունների իրականացում և համայնքային ներգրավվածություն[2]։ Այն ներառում է արագ հայտնաբերում, ազդեցությանը ենթարկվողների հետ կոնտակտ ունեցողների հայտնաբերում, լաբորատոր ծառայությունների արագ հասանելիություն, վարակվածների նկատմամբ խնամք, մահացածների դիակների պատշաճ վերամշակում դիակիզման կամ թաղման ճանապարհներով[2][7]։ Հիվանդացածների հյուսվածքների և կենսաբանական հեղուկների նմուշների հետ պետք է վարվել յուրահատուկ զգուշությամբ[2]։ Հիվանդության տարածումը վարակված կենդանիներից մարդկանց կանխարգելելու համար անհրաժեշտ է պոտենցիալ վարակված վայրի կենդանիների մսի հետ գործ ունենալ միայն պաշտպանիչ հագուստով և ուտելուց առաջ միսը մանրակրկիտ եփել[2]։ Այն նաև ներառում է պատշաճ պաշտպանիչ հագուստի կրումը և ձեռքերի լվացումը, երբ շրջակայքում հիվանդությամբ տառապող մարդ կա[2]։ Էբոլայի դեմ պատվաստման վերաբերյալ հետազոտություն իրականացվել է Աֆրիկայում՝ խոստումնալից արդյունքներով[8]։ Սպեցիֆիկ բուժում չունի, սակայն պոտենցիալ բուժման մի քանի տարբերակներ հետազոտվել են[2]։ Այնուամենայնիվ, ջանքերը բարելավում են արդյունքները[2]։ Այն ներառում է բերանային ռեհիդրատացիոն թերապիան (թեթևակի քաղցր կամ աղի ջրի ըմպումը) կամ ներերակային հեղուկների ներարկումը, ինչպես նաև ախտանշանային թերապիան[2]։
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին միաժամանակ երկու բռնկումներով․ մեկը՝ Նզարայում (քաղաք Հարավային Սուդանում), մյուսը՝ Յամբուկուում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), գյուղ Էբոլա գետի հարևանությամբ, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը[9]։ ԷՎՀ բռնկումները պարբերաբար տեղի են ունենում Ենթասահարայի արևադարձային շրջաններում[2]։ 1976-2013 թվականներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց բոլոր 24 բռնկումները՝ ներառյալ 1,716 դեպք[2][10]։ Ամենամեծ բռնկումը եղել է Արևմտյան Աֆրիկայի համաճարակը, որն ընթացել է 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հունվար ամիսները՝ 28,616 դեպքերով և 11,310 մահերով[11][12][13]։ 2016 թվականի մարտի 29-ից այն այլևս չի համարվել արտակարգ իրավիճակ[14]։ Այլ բռնկումներ Աֆրիկայում սկսվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2017 թվականի մայիսին[15][16] և 2018-ին[17][18]։
Վիրուսով վարակվելու և ախտանշանների ի հայտ գալու միջև ժամանակահատվածը (գաղտնի շրջան) կազմում է 2-21 օր[2][19] և, սովորաբար, 4-10 օր[20]։ Այնուամենայնիվ, մաթեմատիկական մոդելների վրա հիմնված վերջին գնահատականները կանխատեսում են, որ դեպքերի մոտ 5% զարգացման համար կարող է պահանջվել 21 օրից ավել ժամանակ[21]։
Ախտանշանները սովորաբար սկսվում են հանկարծակի գրիպին նման փուլով, որը բնութագրվում է հոգնածության զգացումով, տենդով, թուլությամբ, ախորժակի կորստով, մկանային ցավերով, հոդացավերով, գլխացավով և կոկորդի ցավով[2][20][22][23]։ Մարմնի ջերմաստիճանը սովորաբար 38.3 °C (101 °F)-ից բարձր է[24]։
Այն հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, որովայնային ցավերով և, երբեմն, զկռտոցով[23][25]։ Ուժեղ փսխումների և փորլուծության համակցումը հաճախ բերում է ջրազրկման[26]։ Հաջորդիվ, կարող են առաջանալ հևոց և կրծքավանդակի ցավեր՝ այտուցի, գլխացավերի և շփոթվածության հետ մեկտեղ[23]։ Դեպքերի գրեթե կեսի շրջանում մաշկին կարող է առաջանալ մակուլոպապուլյոզ ցան՝ փոքր թմբիկներով պատված հարթ կարմիր շրջան, որն ի հայտ է գալիս ախտանշանների սկսվելուց 5-7 օր անց[20][24]։
Որոշ դեպքերում կարող է տեղի ունենալ արտաքին և ներքին արյունահոսություն[2]։ Այն հիմնականում սկսվում է առաջին ախտանշանների ի հայտ գալուց 5-7 օր անց[27]։ Բոլոր վարակվածների մոտ դիտվում է արյան մակարդելիության նվազում[24]։ Լորձաթաղանթներից կամ ասեղի ծակոցի տեղից արյունահոսությունը հանդիպում է 40–50% դեպքերում[28]։ Այն կարող է արյունային փսխումների, արյունախխման և կղանքում արյան հետքերի առաջացման պատճառ դառնալ[29]։ Մաշկային արյունահոսությունները կարող են բերել պետեխիաների, պուրպուրայի, էկխիմոզի կամ արյունազեղումների գոյացման (առավելապես ասեղի ծակոցի տեղամասերում)[30]։ Կարող է հանդիպել նաև արյունահոսություն աչքի սպիտակուցաթաղանթում[31]։ Ուժեղ արյունահոսություն հազվադեպ է լինում․ եթե վերջինս պատահում է, ապա այն հիմնականում աղեստամոքսային համակարգում է[22]։ Դեպի աղեստամոքսային համակարգ արյունահոսության դեպքերը դեռ վաղ համաճարակների ժամանակներից նվազել են և, ներկայումս, գնահատվում է դիսեմինացված ներանոթային մակարդման կանխարգելման գրեթե 10% բարելավում[26]։
Վերականգնումը կարող է սկսվել առաջին ախտանշանների ի հայտ գալուց 7-14 օրերի միջև ընկած ժամանակահատվածում[23]։ Մահը, եթե պատահում է, ապա առաջին ախտանշանների ի հայտ գալուց 6-16 օր հետո և հաճախ հեղուկի կորստից զարգացած արյան ցածր ճնշման պատճառով[3]։ Ընդհանուր առմամբ, արյունահոսությունը հաճախ կանխատեսում է անբարենպաստ ելք, և արյան կորուստը կարող է բերել մահվան[22]։ Կյանքի վերջին շրջանում մարդիկ սովորաբար գտնվում են կոմայի մեջ[23]։
Հիվանդությունը հաղթահարողները հաճախ ունենում են մշտական մկանային և հոդային ցավեր, հեպատիտ, լսողության խանգարում, կարող են ունենալ նաև մշտական հոգնածություն, թուլություն, ախորժակի բացակայություն, նախնական քաշին վերադառնալու դժվարություններ[3][23]։ Կարող են ի հայտ գալ տեսողական խնդիրներ[21]։
Ողջ մնացածների օրգանիզմում առաջանում են հակամարմիններ Էբոլայի դեմ, որոնք պահպանվում են առնվազն 10 տարի, բայց անհայտ է՝ ապահովում են արդյոք դրանք օրգանիզմի իմուն պատասխանը այլ վարակների նկատմամբ[32]։
Մարդու ԷՎՀ առաջացումը պայմանավորված է Էբոլավիրուսների 5 տեսակներից 4-ով։ Դրանք են՝ Bundibugyo virus (BDBV), Sudan virus (SUDV), Tai Forest virus (TAFV) և, պարզապես, Էբոլա վիրուսը (EBOV, նախկինում՝ Zaire Ebola virus)[33]։ Էբոլա վիրուսի Zaire ebolavirus տեսակը ԷԲՀ առաջացնող բոլոր հայտնի վիրուսներից ամենավտանգավորն է, և այն պատասխանատու է ամենամեծ քանակությամբ բռնկումների համար[34]։ Հինգերորդ վիրուսը Reston virus (RESTV) է, որը մարդկանց շրջանում հիվադություն չի առաջացնում, սակայն այլ պրիմատների մոտ առաջացնում է[35][36]։ Բոլոր հինգ վիրուսներն էլ սերտ կապված են Marburgvirus-ների հետ[33]։
Էբոլավիրուսները ունեն միաշղթա, ոչ վարակիչ ՌՆԹ գենոմ[37]։ Էբոլավիրուսի գենոմը պարունակում է յոթ գեներ, այդ թվում՝ 3'-UTR-NP-VP35-VP40-GP-VP30-VP24-L-5'-UTR[30][30]։ Հինգ տարբեր էբոլավիրուսների գենոմները (BDBV, EBOV, RESTV, SUDV և TAFV) տարբերվում են գեների հաջորդականությամբ և քանակով ու տեղադրությամբ։ Բոլոր ֆիլովիրուսների նման, էբոլավիրուսների վիրիոնները թելանման մասնիկներ են, որոնք կարող են հայտնվել "U" տառի, "6" թվի ձևերով, նաև կարող են լինել սպիրալաձև, կիսաշրջանաձև կամ ճյուղավորված[30][38]։ Ընդհանուր առմամբ, էբոլավիրիոններն ունեն 80 նմ լայնություն, իսկ երկարությունը կարող է հասնել 14,000 նմ[39]։
Ենթադրվում է, որ նրանց կենսական ցիկլը սկսվում է վիրիոնի կապումով բջջի մակերեսին առկա սպեցիֆիկ ընկալիչներին, ինչպիսին են С տիպի լեկտինները, DC-SIGN և ինտեգրինները, ինչին հաջորդում է վիրուսի և բջջի թաղանթների միաձուլումը[40]։ Բջջի կողմից կլանված վիրիոնը տեղափոխվում դեպի թթվային էնդոսոմներ և լիզոսոմներ, որտեղ վիրուսի թաղանթի գլիկոպրոտեին GP ճեղքվում է[40]։ Այս գործընթացը թույլ է տալիս վիրուսին կապվել բջջային սպիտակուցներին՝ թույլ տալով նրան միաձուլվել բջջի ներքին թաղանթին և ազատվել վիրուսային նուկլեոկապսիդից[40]։ Էբոլա վիրուսի կառուցվածքում առկա գլիկոպրոտեինը (հայտնի որպես GP1,2) պատասխանատու է վիրուսի՝ թիրախ բջիջներին կապվելու և վերջիններիս ախտահարելու համար[41]։ L գենով կոդավորվող վիրուսային ՌՆԹ-պոլիմերազան, մասնկիորեն անջատում է նուկլեոկապսիդը և կատարում գեների տրանսկրիպցիա՝ առաջացնելով ի-ՌՆԹ-դրական շղթաներ, որոնք այնուհետեև ենթարկվում են տրանսլյացիայի՝ առաջացնելով կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցներ։ Սինթեզվողներից ամենատարածված սպիտակուցն է նուկլեոպրոտեինը, որի կոնցենտրացիան տեր բջջում որոշվում է, երբ L-ը գենի տրանսկրիպցիայից անցնում է գենոմի ռեպլիկացիայի (կրկնապատկում)։ Վիրուսային գենոմի կրկնապատկման արդյունքում առաջանում են ամբողջական երկարությամբ դրական շղթայով անտիգենոմներ, որոնք էլ իրենց հերթին ենթարկվում են տրանսկրիպցիայի՝ բերելով վիրուսի սերնդի բացասական շղթայով գենոմի պատճենների առաջացմանը[42]։ Նոր սինթեզված կառուցվածքային սպիտակուցները և գենոմը ինքնուրույն հավաքում և կուտակվում են բջջաթաղանթի ներքին մակերեսին։ Վիրիոնները բողբոջումով արտազատվում են բջջից՝ կառուցելով իրենց արտաքին թաղանթը տեր բջջի բջջաթաղանթից։ Սերնդի հասուն ներկայացուցիչները հետագայում ախտահարում են այլ բջիջներ՝ կրկնելով ցիկլը։ EBOV-ի վիրուլենտ բնութագրիչների պատճառով էբոլա վիրուսի գենետիկան դժվար է հետազոտել[43]։
Կա համոզմունք, որ Էբոլա հիվանդությունը տարածվում է միայն հիվանդության ախտանշաններն ունեցող մարդկանց արյան կամ այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման ճանապարհով[44][45][46]։ Էբոլա վիրուսներ պարունակող կենսաբանական հեղուկներից են թուքը, լորձը, փսխման զանգվածները, արցունքները, կղանքը, քրտինքը, կրծքի կաթը, մեզը և սերմնահեղուկը[5][32]։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ միայն շատ ծանր հիվանդները կարող են փոխանցել հիվանդությունը բերանային հեղուկով, և վիրուսը ամբողջովին չի կարող փոխանցվել քրտինքով։ Շատ մարդիկ հիվանդությունը տարածում են արյան, կղանքի և փսխման զանգվածների միջոցով[6]։ Վիրուսի համար մուտքի դուռ են համարվում քթի խոռոչը, բերանի խոռոչը, աչքերը, բաց վերքերը, կտրվածքները և քերծվածքները[32]։ Էբոլան կարող է տարածվել մեծ կաթիլների միջոցով․ սակայն կա կարծիք, որ դա տեղի է ունենում միայն շատ ծանր հիվանդների մոտ[47]։ Այդ կոնտամինացիան կարող է տեղի ունենալ, երբ կաթիլը ընկնում է մարդու վրա[47]։ Վիրուսով ախտահարված մակերեսների և իրերի հետ շփումը, մասնավորապես ասեղների և ներարկիչների, նույնպես կարող է վարակի փոխանցման պատճառ դառնալ[48][49]։ Վիրուսը չոր վիճակում արտաքին միջավայրի իրերի վրա կարող է գոյատևել մի քանի ժամ, իսկ օրգանիզմից դուրս գտնվող կենսաբանական հեղուկներում՝ մի քանի օր[32][50]։
Էբոլա վիրուսն ունակ է վերականգնումից հետո դեռ 3 ամսից ավել պահպանվել սերմնահեղուկում, որն էլ կարող է սեռական ճանապարհով վարակի փոխանցման պատճառ դառնալ[5][51][52]։ Վիրուսի պահպանումը սերմնահեղուկում 1 տարուց ավել գրանցվել է սկրինինգի ազգային ծրագրում[53]։ Վերականգնումից հետո Էբոլան կարող է հանդիպել նաև կանանց կրծքի կաթում և հայտնի չէ, թե երբ է կրծքով կերակրումը նորից դառնում անվտանգ[6]։ 2014 թվականին, վիրուսից արյան մաքրվելուց 2 ամիս անց, այն հայտնաբերվել է նաև մի պացիենտի աչքում[54]։ Այլ դեպքերում, հիվանդությունից վերականգնվածները վարակիչ չեն[48]։
Այն երկրներում, որտեղ առկա բժշկական համակարգը ունակ է պահպանելու բժշկական մեկուսացման ճիշտ պրոցեդուրաները, համավարակի ներուժը համարվում է ցածր[55]։ Սովորաբար, երբ առկա են հիվանդության ախտանշանները, անհնար է ճանապարհորդել առանց օգնության[5]։
Դիակները ևս վարակիչ են․ այսպիսով, մարդիկ, որոնք թաղման ավանդական արարողակարգի կամ ավելի ժամանակակից գործընթացներում, օրինակ՝ զմռսում, շփվում են դիակի հետ, գտնվում են ռիսկի խմբում[55]։ 2014 թվականին տեղի ունեցած բռնկումների ընթացքում Էբոլայով վարակման դեպքերի 69% կապված է եղել գվինեական թաղումների ծիսակատարությունների ժամանակ դիակների հետ չպաշտպանված կամ (ոչ անհրաժեշտ ձևով պաշտպանված) շփման հետ[56][57]։
Էբոլայով տառապողների բուժումով զբաղվող բուժ-անձնակազմը վարակման ամենամեծ ռիսկի խմբում են[48]։ Ռիսկը ավելի է մեծանում, երբ նրանք չեն կրում պաշտպանիչ հագուստ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթ և ակնոցներ․ չեն կրում դրանք պատշաճ կերպով․ կամ ճիշտ չեն վարվում կոնտամինացված հագուստի հետ[48]։ Ռիսկը մասնավորապես մեծ է Աֆրիկայի որոշ տեղամասերում, որտեղ հիվանդության հանդիպման հաճախականությունը մեծ է և առողջապահական համակարգը գործում է թերի[58]։ Որոշ Աֆրիկական երկրներում տեղի է ունեցել վարակի ներհիվանդանոցային փոխանցում ենթամաշկային ներարկման ասեղներով[59][60]։ Որոշ բուժհաստատություններ, որոնք հոգ են տանում հիվանդությամբ տառապողների մասին, չունեն հոսող ջուր[61]։ ԱՄՆ-ում հիվանդների բուժումով զբաղվող երկու բուժաշխատողների շրջանում հիվանդության տարածումը առաջացրել է քննադատություն ոչ ադեկվատ վերապատրաստման և պրոցեդուրաների իրականացման շուրջ[62]։
Վիրուսի փոխանցումը մարդուց մարդու օդով վիրուսային հիվանդության բռնկումների ընթացքում չի գրանցվել[4], և օդա-կաթիլային ճանապարհով փոխանցումը միայն նկարագրվել է շատ խիստ լաբորատոր պայմաններում, այն էլ միայն՝ խոզերից պրիմատներին, բայց ոչ պրիմատներից պրիմատներին[44][49]։ Էբոլայի տարածումը ջրով, սննդով, բացի վայրի կենդանիների մսից, չի հայտնաբերվել[48][49]։ Մոծակներով և այլ միջատներով տարածումը չի նկարագրվել[48]։ Ուսումնասիրված են նաև փոխանցման այլ հնարավոր տարբերակներ[50]։
Օդա-կաթիլային ճանապարհով փոխանցումը մարդկանց շրջանում տեսականորեն հնարավոր է Էբոլա վիրուսային մասնիկների թքի մեջ առկայության դեպքում, որը կարող է անցնել օդ հազի կամ փռշտոցի միջոցով, բայց նախորդ համաճարակների դիտարկման տվյալները ցույց են տալիս, որ օդա-կաթիլային եղանակով փոխանցման ռիսկը ցածր է[4]։ Օդա-կաթիլային ճանապարհով փոխանցումն ուսումնասիրող մի շարք հետազոտություններ եզրակացրել են, որ խոզերից պրիմատներին փոխանցումը կարող է տեղի ունենալ առանց ուղղակի կապի, քանի որ, ի տարբերություն մարդկանց և պրիմատների, ԷՎՀ ունեցող խոզերը ունեն վիրուսի մեծ կոնցենտրացիա իրենց թոքերում, և ոչ թե արյան մեջ[63]։ Հետևաբար, ԷՎՀ-ով խոզերը կարող են տարածել հիվանդությունը օդում և հողում առկա կաթիլներով հազի կամ փռշտոցի ժամանակ[64]։ Ի տարբերություն վերջինիս, մարդկանց և այլ պրիմատների դեպքում վիրուսը կուտակվում է իրենց մարմնում, մասնավորապես արյան մեջ, իսկ թոքերում՝ ոչ շատ[64]։ Այս պատճառով են հետազոտողները նկարագրել խոզերից պրիմատներին հիվանդության փոխանցումը առանց ֆիզիկական կոնտակտի, բայց չի հայտնաբերվել պրիմատների, առանց ակտուալ կոնտակտի, վարակման ոչ մի ապացույց, նույնիսկ այն փորձերում, որտեղ վարակված և չվարակված պրիմատները շնչում էին նույն օդը[63][64]։
Չնայած ամբողջությամբ պարզ չէ, թե ինչպես է Էբոլան ի սկզբանե փոխանցվում կենդանիներից մարդուն, կա կարծիք, որ տարածումը ներառում է վարակված կենդանու կամ չղջիկների հետ ուղղակի շփումը[48]։ Բացի չղջիկներից, ԷԲՀ-ով երբևէ վարակված այլ վայրի կենդանիներից են կապիկների որոշ տեսակները, շիմպանզեները, գորիլաները, բաբունները և անտիլոպերը[68]։
Կենդանիները կարող են վարակվել՝ ուտելով վիրուսակիր չղջիկների կծած մրգերը[69]։ Մրգերի արտադրությունը, կենդանիների պահվածքը և այլ գործոնները կարող են խթանել բռնկումներ կենդանիների պոպուլյացիաներում[67]։
Ապացույցները փաստում են, որ ընտանի շները և խոզերը նույնպես կարող են վարակվել ԷՎՀ[70]։ Վիրուսակիր շների մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվում, իսկ խոզերի մոտ հայտնաբերվել է վիրուսի փոխանցման ունակություն առնվազն մի քանի պրիմատներին։ Չնայած որոշ շներ, գտնվելով տեղի ունեցած բռնկումների տարածքում ունեցել են վիրուսի նկատմամբ հակամարմինների, հստակ չէ, թե ունեցե՞լ են արդյոք նրանք դեր մարդկանց շրջանում հիվանդության փոխանցման հարցում[66]։
Էբոլայի բնական ռեզերվուարը դեռևս հաստատման կարիք ունի; այնուամենայնիվ չղջիկները համարվում են առավել հավանական թեկնածուները[49]։ Հայտնաբերված են չղջիկների երեք տեսակներ (Hypsignathus monstrosus, Epomops franqueti և Myonycteris torquata), որոնք կարող են կրել վիրուսը առանց հիվանդանալու[71]։ 2013 թվականի տվյալներով, այլ կենդանիների ներգրավվածությունը դրա տարածման հարցում հայտնի չէ[65]։ Բույսերը, հոդվածոտանիները, կրծողները և թռչունները նույնպես վիրուսի հնարավոր ռեզերվուար են համարվում[2][26]։
Հայտնի է, որ չղջիկները բնակություն են հաստատել բամբակի գործարանում, որտեղ և նկարագրվել են բռնկումների առաջին դեպքերը 1976 և 1979 թվականներին, և ներգրավված են եղել նաև 1975 և 1980 թվականներին Մարբուրգյան վիրուսով վարակման մեջ։ Փորձնականորեն, 24 բույսերի և ողնաշարավորների 19 տեսակների մեջ ներմուծվել է Էբոլա վիրուս, և վարակվել են միայն չղջիկները[25]։ Չղջիկների մոտ հիվանդության կլինիկական նշաններ չեն դրսևորվել, որն էլ ապացույց է հանդիսանում, որ այդ չղջիկները Էբոլա վիրուսների ռեզերվուարային տեսակներ են։ Թվով 1,030 կենդանիների, այդ թվում Գաբոնից և Կոնգոյի հանրապետությունից 679 չղջիկների, 2002–2003 թվականների ուսումնասիրություններում հայտնաբերվել են Էբոլա վիրուսի ՌՆԹ կրող 13 չղջիկներ[72]։ Բանգլադեշում չղջիկների մոտ հայտնաբերվել են հակամարմիններ Zaire և Reston վիրուսների նկատմամբ, ենթադրվում է, որ այդ չղջիկներն էլ են վիրուսի պոտենցիալ տերեր և, որ Ասիայում կան Ֆիլովիրուսներ[73]։
1976-1998 թվականների ընթացքում վիրուսի բռնկումների տարածաշրջաններից նմուշառված 30,000 կաթնասունների, թռչունների, սողունների և հոդվածոտանիների մոտ Էբոլա վիրուսը չի հայտնաբերվել, բացառությամբ Կենտրոնակաաֆրիկյան Հանրապետությունից հավաքված վեց կրծողների (Mus setulosus և Praomys տեսակներին պատկանող) և մեկ գետնափորի (Sylvisorex ollul)) մոտ հայտնաբերված գենետիկ հետքերից[25][74]։ Այնուամենայնիվ, հետագա հետազոտությունները չեն հաստատել չղջիկների ռեզերվուար լինելը[75]։ 2001 և 2003 թվականների բռնկումների ընթացքում Էբոլա վիրուսի հետքերը հայտնաբերվել են գորիլաների և շիմպանզեների դիակներում, որն այնուհետև դարձել է մարդկանց վարակման աղբյուր։ Սակայն, վարակման արդյունքում այդ տեսակների շրջանում մահացության բարձր տոկոսը վերջիններիս բնական ռեզերվուար լինելը դարձնում է քիչ հավանական[25]։
Անտառահատումը նշվել է որպես վերջին ժամանակաշրջանում բռնկումների հնարավոր աղբյուր, այդ թվում՝ Արևմտյան Աֆրիկայի Էբոլա վիրուսային համաճարակի։ ԷՎՀ ինդեքսային դեպքերը հաճախ մոտ են եղել վերջերս անտառահատված շրջաններին[76][77]։
Ինչպես այլ ֆիլովիրուսները, EBOV կրկնապատկման է ենթարկվում շատ բջիջներում, արտադրելով մեծ քանակությամբ վիրուսներ մոնոցիտներում, մակրոֆագերում, դենդրիտային և այլ բջիջներում, այդ թվում՝ հեպատոցիտներում, ֆիբրոբլաստներում և մակերիկամների բջիջներում[78]։ Վիրուսի կրկնապատկումը խթանում է բորբոքման միջնորդանյութերի արտադրությունը և բերում սեպսիսի[79]։
Կա կարծիք, որ մարդը կարող է վարակվել EBOV լորձաթաղանթների կամ մաշկի հետ շփման միջոցով[63]։ Վարակումից հետո էնդոթելային բջիջները (որոնք պատում են արյունատար անոթների ներքին մակերեսը), հեպատոցիտները և իմուն բջիջների որոշ տեսակներ, ինչպիսիք են մակրոֆագերը, մոնոցիտները և դենդրիտային բջիջները գրոհի հիմնական թիրախներն են համարվում[63]։ Հետագայում իմուն բջիջները տարածում են վիրուսը դեպի շրջակա ավշային հանգույցներ, որտեղ էլ տեղի է ունենում վիրուսի հետագա վերարտադրությունը[63]։ Այնտեղից վիրուսը կարող է ներթափանցել արյունատար և ավշային համակարգ և տարածվել ամբողջ օրգանիզմով[63]։ Մակրոֆագերը առաջինն են վարակվում վիրուսով, որի արդյունքում տեղի է ունենոմ ապոպտոզ[40]։ Լեյկոցիտների այլ տեսակներ, օրինակ՝ լիմֆոցիտները, նույնպես ենթարկվում են ապոպտոզի՝ բերելով արյան մեջ լիմֆոցիտների քանակի խիստ նվազման[63]։ Այն նպաստում է EBOV վարակվածների շրջանում իմուն պատասխանի թուլացմանը[63]։
Էնդոթելային բջիջները կարող են վարակվել վիրուսի ազդեցությունից հետո 3 օրերի ընթացքում[40]։ Էնդոթելային բջիջների քայքայումը, որը բերում է արյունատար անոթների վնասմանը, կարելի է վերագրել EBOV-ի գլիկոպրոտեիններին։ Այդ վնասումը տեղի է ունենում Էբոլա վիրուսային գլիկոպրոտեինների (GP) սինթեզի հետևանքով, որը նվազեցնում է յուրահատուկ ինտեգրինների հասանելիությունը, որոնք պատասխանատու են բջիջների ամրացման համար միջբջջային կառույցներին և բերում է լյարդի վնասմանը՝ խանգարելով արյան մակարդելիությունը։ Վարակված մարդկանց շրջանում պատահող տարածուն արյունահոսությունը այտուցի և հիպովոլեմիկ շոկի առաջացման պատճառ է դառնում[80]։ ԷՎՀ դեպքում հաճախ դիտվող դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը բացատրվում է մակարդման կասկադի արտաքին ուղու ակտիվացումով՝ պայմանավորված մակրոֆագերի և մոնոցիտների կողմից հյուսվածքային գործոնի (III գործոն) մեծ քանակության արտադրությունով[19]։
Վարակումից հետո սինթեզվում է քիչ լուծվող գլիկոպրոտեին (sGP կամ GP)։ EBOV-ի կրկնապատկումը ընկճում է վարակված բջիջների սպիտակուցների սինթեզը և ախտահարում տիրոջ իմուն համակարգը։ GP ձևավորում է տրիմերային համակարգ, որը կապում է վիրուսին էնդոթելիալ բջիջների հետ։ sGP ձևավորում է դիմերային համակարգ, որն ընկճում է ազդակի հաղորդումը նեյտրոֆիլներին՝ լեյկոցիտների այլ տարատեսակին։ Այն հնարավորություն է տալիս վիրուսին խուսափել իմուն պատասխանից՝ ընկճելով նեյտրոֆիլների ակտիվացման վաղ փուլերը։
Ֆիլովիրուսային վարակը ընկճում է նաև բնածին իմուն համակարգի պատշաճ ֆունկցիոնալությունը[41][81]։ EBOV-ի սպիտակուցները բթացնում են մարդու իմուն պատասխանը վիրուսայի վարակների նկատմամբ՝ ազդելով բջիջների կողմից ինտերֆերոնային սպիտակուցների՝ ալֆա, բետա և գամմա, արտազատման և պատասխանելու ունակության վրա[42][82]։
Վիրուսի VP24 և VP35 կառուցվածքային սպիտակուցները գլխավոր դեր են կատարում այդ ինտերֆերենցիայի գործում։ Երբ բջիջը վարակված է EBOV-ով նրա ցիտոզոլում (RIG-I և MDA5) և դրանից դուրս (Toll-like receptor 3 (TLR3), TLR7, TLR8 և TLR9) տեղակայված ընկալիչները ճանաչում են վիրուսի հետ ասոցացված վարակիչ մոլեկուլները[42]։ TLR ակտիվացման դեպքում սպիտակուցները, ներառյալ ինտերֆերոնի կարգավորիչ գործոն 3 և ինտերֆերոնի կարգավորիչ գործոն 7, թողարկում են ազդանշանային կասկադը, ինչը բերում է 1 տիպի ինտերֆերոնների էքսպրեսիայի[42]։ Տիպ 1 ինտերֆերոնները այնուհետև արտազատվում և կապվում են IFNAR1 և IFNAR2 ընկալիչների հետ, որոնք էքսպրեսվում են հարևան բջջի արտաքին մակերեսին[42]։ Հենց որ ինտերֆերոնը կապվում է իր ընկալիչների հետ հարևան բջջի մակերեսին, ակտիվանում են ազդանշանային սպիտակուցներ STAT1 և STAT2 և ուղղվում դեպի բջջի կորիզ[42]։ Այն թողարկում է ինտերֆերոնով խթանվող գեների էքսպրեսիա, որոնք կոդավորում են հակավիրուսային հատկություններով օժտված սպիտակուցներ[42]։ EBOV-ի V24 սպիտակուցը արգելում է այդ հակավիրուսային սպիտակուցների արտադրությունը՝ կանխելով հարևան բջջում STAT1 ազդանշանային սպիտակուցի մուտքը դեպի կորիզ[42]։ VP35 սպիտակուցը ուղղակիորեն ընկճում է բետա-ինտերֆերոնի արտադրությունը[82]։ Արգելակելով այդ իմուն ռեակցիաները՝ EBOV կարող է արագ տարածվել ամբողջ օրգանիզմով[40]։
Երբ կա ԷՎՀ կասկած՝ ճանապարհորդությունները, աշխատանքի պատմությունը և վայրի բնության վրա ազդեցությունը համարվում են կարևոր գործոններ հետագա ախտորոշման համար։
ԷՎՀ հնարավոր ոչ սպեցիֆիկ լաբորատոր ցուցանիշները ներառում են․ թրոմբոցիտոպենիան; սկզբնական լեյկոցիտոպենիան, որին հաջորդում է լեյկոցիտոզը; լյարդային ալանինամինոտրանֆերազ(ALT) և ասպարտատամինոտրանսֆերազ(AST) ֆերմենտների քանակի բարձրացումը; և արյան մակարդելիության խանգարումները՝ հաճախ պայմանավորված դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշով, օրինակ՝ պրոթրոմբինային, թրոմբոպլաստինային մասնակի և արյունահոսության ժամանակների երկարացում[83]։ Ֆիլովիրիոնները, ինչպես օրինակ EBOV, էլեկտրոնային մանրադիտակով հետազոտման ժամանակ բջջային կուլտուրաներում կարող են առանձնացվել իրենց յուրահատուկ թելանման ձևով[84]։
ԷՎՀ ախտորոշումը հաստատվում է վիրուսի անջատումով, նրա ՌՆԹ-ի և սպիտակուցների կամ հիվանդի արյան մեջ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերումով։ Վիրուսի անջատումը բջջային կուլտուրայով, վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերումը պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)[19] և սպիտակուցների հայտնաբերումը իմունոֆերմենտային անալիզով (ELISA) ավելի նպատակահարմար է կիրառել հիվանդության վաղ փուլերում, ինչպես նաև դիակում վիրուսի հայտնաբերման համար։ Վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերումը առավել հուսալի է հիվանդության ուշ փուլերում և վերականգնվողների շրջանում[85]։ IgM հակամարմինները հնարավոր է հայտնաբերել ախտանշանների ի հայտ գալուց 2 օր անց, իսկ IgG՝ 6-18[19]։ Բռնկման ընթացքում վիրուսի անջատումը բջջային կուլտուրայով անհնար է։ Շարժական դաշտային հոսպիտալներում ամենատարածված և զգայուն ախտորոշիչ մեթոդներն են քանակական ՊՇՌ և իմունոֆերմենտային անալիզը (ELISA)[86]։ 2014 թվականին, երբ Լիբերիայի որոշ շրջաններում տեղադրեցին հետազոտությունների համար նախատեսված նոր շարժական սարքավորումներ, փորձերի արդյունքները սկսեցին ստանալ նմուշի ներկայացումից 3-5 ժամ անց[87]։ 2015 թվականին ԱՀԿ-ի կողմից հաստատվեց անտիգենային արագացված զննումը, որի արդյունքը տեսանելի է 15 րոպե անց։ Հնարավոր է Էբոլան հաստատել տուժածների 92%-ի մոտ և բացառել այն ազդեցությանը չենթարկվողների 85%-ի մոտ[88]։
ԷՎՀ վաղ ախտանշանները կարող են նման լինել Աֆրիկայում տարածված այլ հիվանդություններին, այդ թվում՝ մալարիային և մլակային տենդին[21]։ Ախտանշանները նման են նաև այլ վիրուսային հեմոռագիկ տենդերին, դրանք են՝ Մարբուրգյան վիրուսային հիվանդությունը, Կոնգո-Ղրիմյան հեմոռագիկ տենդը և Լասսայի տենդը[89][90]։
Ամբողջական տարբերակիչ ախտորոշումը լայնածավալ է և պահանջում է շատ այլ վարակիչ հիվանդությունների դիտարկումներ, ինչպիսիք են՝ որովայնային տիֆը, բակտերիալ դիզենտերիան, ռիկետցիոզը, խոլերան, սեպսիսը, Լայմի հիվանդությունը, EHEC էնտերիտները, վարակիչ դեղնախտը, ժանտախտը, Q տենդը, կանդիդոզը, հիստոպլազմոզը, տրիպանոսոմոզը, ընդերային լեյշմանիոզը, կարմրուկը և այլոց շարքում նաև վիրուսային հեպատիտը[91]։
Ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել ԷՎՀ նման ախտանշաններ, ներառում են՝ սուր պրոմիելոցիտային լեյկոզը, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը, օձի խայթոցը, մակարդման գործոնների անբավարարությունը/թրոմբոցիտար ախտահարումները, թրոմբոցիտար թրոմբոցիտոպենիկ պուրպուրան, Ռենդյու-Օսլեր-Վեբերի հիվանդությունը, Կավասակիի հիվանդությունը և վարֆարինիային թունավորումը[86][92][93][94]։
Նախքան 2014 թվականը Էբոլայի դեմ պատվաստանյութերի շատ տարատեսակներ են ստեղծվել տասնամյակների ընթացքում[95], սակայն 2014 թվականի նոյեմբերի դրությամբ ԱՄՆ-ում դրանցից ոչ մեկը մարդկանց համար կիրառության մեջ չի դրվել[96][97][98]։ 2016 թվականի դեկտեմբերին Էբոլան 70–100% կանխարգելվել է rVSV-ZEBOV պատվաստանյութով, և վերջինս դարձել է հիվանդության դեմ առաջին հաստատված պատվաստանյութը[8][99][100]։
Վարակված մարդկանց խնամողները պետք է կրեն պաշտպանիչ հագուստ, այդ թվում՝ դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոց[101]։ ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման Կենտրոնները (ՀՎԿ) խորհուրդ են տալիս, որ պաշտպանիչ պարագաները մաշկը բաց չթողնեն[102]։ Սա նաև խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք կարող են գործ ունենալ վարակված մարդու կենսաբանական հեղուկների հետ[103]։ 2014 թվականին ՀՎԿ խորհուրդ տվեց, որ բուժանձնակազմը վերապատրաստում անցնի անհատական պաշտպանության միջոցների(ԱՊՄ) պատշաճ կերպով հագնելու և հանելու վերաբերյալ; ի լրացում դրան, կենսաբանական անվտանգության վերաբերյալ համապատասխան վերապատրաստում անցած նշանակված անձը պետք է հետևի այդ պրոցեդուրաների բոլոր քայլերին՝ դրանց ճիշտ իրականացման մեջ համոզվելու համար[102]։ Սիերա Լեոնեում այս անվտանգության պարագաները կրելու ուսուցման բնորոշ տևողությունը կազմում է մոտ 12 օր[104]։
Վարակված մարդուն անհրաժեշտ է մեկուսացնել մյուսներից[101]։ Բոլոր սարքավորումները, բժշկական թափոնները, պացիենտների իրերը և մակերեսները, որոնք կոնտակտի մեջ են եղել կենսաբանական հեղուկների հետ վարակազերծման կարիք ունեն[103]։ 2014 թվականի բռնկման ընթացքում հավաքվել էին կոմպլեկտներ, որպեսզի օգնեին մարդկանց բուժել Էբոլան իրենց տներում, դրանք ներառում էին պաշտպանիչ հագուստ, ինչպես նաև կալցիումի հիպոքլորիդ և այլ մաքրող միջոցներ[105]։ Հիվանդների մասին հոգ տանող անձանց այս մեթոդների ուսուցումը և նմանատիպ մեկուսացման պարագաներով ապահովումը եղել է «Բժիշկներ առանց սահմանների» առաջնահերթությունը[106]։
Էբոլավիրուսները կարող են էլիմինացիայի ենթարկվել բարձր ջերմաստիճանային պայմաններում (տաքացնելով 30-60 րոպե 60 °C-ի պայմաններում, կամ 5 րոպե եռացնելով)։ Արտաքին մակերեսների վարակազերծման համար կարելի է կիրառել որոշ լիպիդային լուծիչներ, օրինակ՝ որոշ սպիրտային հիմքով նյութեր, դետերգենտներ, նատրիումի կամ կալցիումի հիպոքլորիտ և այլ վարակազերծող միջոցներ համապատասխան կոնցենտրացիաներով[68][107]։
ԱՀԿ-ն հորդորում է բնակչությանը տեղեկացված լինել Էբոլա վիրուսով վարակման ռիսկի գործոնների և պաշտպանիչ միջոցների վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել անհատների կողմից վարակի կանխարգելման նպատակով[2]։ Այդ միջոցառումները ներառում են վարակված մարդկանց հետ ուղղակի շփման սահմանափակում և կանոնավոր կերպով ձեռքերի լվացում ջրով և օճառով[108]։
Վայրի կենդանիների միսը՝ որոշ աֆրիկացիների սննդակարգում սպիտակուցների կարևոր աղբյուրը, անհրաժեշտ է մշակել և պատրաստել համապատասխան պաշտպանիչ հագուստով և մանրակրկիտ եփել օգտագործելուց առաջ[2]։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ օգտագործվող վայրի կենդանիների շրջանում Էբոլայի բռնկումները կարող են համապատասխանաբար բերել բռնկմանը նաև մարդկանց շրջանում։ Սկսած 2003 թվականից այդպիսի բռնկումները վերահսկվում են` մարդկանց շրջանում Էբոլայի բռնկումների կանխատեսման և կանխարգելման համար[109]։
Եթե Էբոլայով հիվանդը մահանում է՝ անհրաժեշտ է սահմանափակել ուղղակի շփումը դիակի հետ[101]։ Որոշ թաղման արարողակարգեր, որոնք կարող են առաջացնել ուղղակի շփում դիակի հետ, պահանջում են վերաձևափոխում, այդպիսով հնարավոր է լինում պահել պատշաճ պաշտպանիչ արգելք մահացած և կենդանի մարդկանց միջև[110][111][112]։ Հասարակական անտրոպոլոգները կարող են օգնել գտնել թաղման ավանդական կանոնների այլընտրանքային տարբերակներ[113]։
Փոխադրող անձնակազմին հանձնարարվում է հետևել մեկուսացման որոշակի պրոցեդուրաների, եթե որևէ մեկի մոտ առկա են ԷՎՀ բնութագրական ախտանշաններ[114]։ 2014 թվականի օգոստոսի տվյալներով ԱՀԿ-ն չի ենթադրում, որ ճանապարհորդությունների արգելումը նպաստել է հիվանդության տարածման նվազմանը[115]։ 2014 թվականի հոկտեմբերին ՀՎԿ-ն սահմանել է ռիսկի չորս մակարդակներ, որոնք կիրառվում են 21 օրական մոնիտորինգով ախտանշանների մակարդակի որոշման և հասարակական գործունեության սահմանափակման համար[116]։ ԱՄՆ-ում ՀՎԿ-ն խորհուրդ է տալիս հասարակական գործունեության սահմանափակումները, ներառյալ ճանապարհորդությունները, չպահանջվեն հետևյալ սահմանված ռիսկի մակարդակների համար[116]․
ՀՎԿ-ն առաջարկում է և՛ բարձր, և՛ ցածր ռիսկի խմբում գտնվողների Էբոլա հիվանդության ախտանշանների մոնիտորինգ[116]։ Լաբորատորիաներում, որտեղ անցկացվում է ախտորոշիչ զննում, պահանջվում է կենսաբանական անվտանգության 4-րդ մակարդակին համարժեք պաշտպանություն[117]։ Լաբորատորիայի հետազոտողները պետք է լինեն պատշաճ կերպով վերապատրաստված կենսաբանական անվտանգության 4-րդ մակարդակի գործունեությանը և կրեն անհրաժեշտ անհատական անվտանգության պարագաները։
Մեկուսացումը հիվանդների առանձնացումն է առողջներից։ Կարանտինը վերաբերվում է այն մարդկանց առանձնացմանը, ովքեր կարող են ենթարկված լինել հիվանդության ազդեցությանը այնքան ժամանակ, մինչև որ նրանց մոտ ի հայտ կգան հիվանդության ախտանշանները կամ այլևս չեն լինի ռիսկի խմբում[118]։ Կարանտինը, հայտնի նաև որպես հարկադրական մեկուսացում, սովորաբար արդյունավետ է տարածվածության նվազման համար[119][120]։ Կառավարությունները հաճախ կարանտինի են ենթարկում այն տարածաշրջանները, որտեղ հանդիպում է հիվանդությունը և այն անձանց, որոնք կարող են հիվանդությունը փոխանցել սկզբնական տարածաշրջանից դուրս[121]։ ԱՄՆ-ում օրենքը թույլ է տալիս էբոլավիրուսներով վարակվածներին ենթարկել կարանտինի[122]։
Հետադարձ կապը կարևոր է բռնկման սահմանափակման համար։ Այն ներառում է յուրաքանչյուրի հայտնաբերումը, ով սերտ կապի մեջ է եղել վարակված անհատների հետ և հսկել նրանց 21 օրվա ընթացքում հիվանդության ախտանշանների հայտնաբերման համար։ Եթե այդ կոնտակտներից մեկը կապված է հիվանդության հետ՝ նա պետք է մեկուսացվI, հետազոտվI և բուժվI։ Այտուհետև գործողությունը կրկնվում է՝ հետապնդելով կոնտակտ ունեցողների հետ կոնտակտ ունեցողներին[123][124]։
Ներկայումս չկա հաստատված յուրահատուկ բուժում[125]։ Սննդի և դեղերի որակի հսկման վարչությունը խորհուրդ է տալիս լինել ուշադիր Էբոլայի դեմ տարբեր տեսակի պրեպարատների գովազդային հայտարարությունների հետ, որտեղ կարող են լինել օգտակարության վերաբերյալ ոչ ստույգ և ավազակային հայտարարություններ[126][127]։
Բուժումը գերազանցապես ամոքիչ բնույթ ունի[128]։ Վաղ իրականացվող ամոքիչ բուժումը՝ ռեհիդրատացիոն և ախտանշանային, բարձրացնում է ապրելիության մակարդակը[2]։ Ռեհիդրատացիան կարող է իրականացվել բերանով կամ ներերակային ուղիով[128]։ Այդ միջոցառումները կարող են ընդգրկել ցավի կառավարումը, ինչպես նաև փսխման, տենդի և տագնապի բուժումը։ ԱՀԿ-ն առաջարկում է ցավի կառավարման համար խուսափել ասպիրինի և իբուպրոֆենի ընդունումից՝ կապված արյունահոսության բարձր ռիսկի հետ[129]։
Նաև կարող են կիրառվել արյան բաղադրիչներ՝ պահեստավորված արյան կարմիր բջիջներ, թրոմբոցիտներ կամ թարմ սառեցված պլազմա[128]։ Փորձարկվել են նաև մակարդման այլ կարգավորիչները, այդ թվում հեպարինը դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշի կանխարգելման համար, և մակարդման գործոնները՝ արյունահոսության դադարեցման համար[128]։ Հակամալարիային դեղերը և հակաբիոտիկները հաճախ կիրառվում են ախտորոշման հաստատումից առաջ[128], չնայած չկան այդպիսի բուժօգնության արդյունավետության ապացույցներ։ Ուսումնասիրվում են որոշ փորձարարական բուժումներ։
Երբ անհնար է իրականացնել ստացիոնար բուժում՝ ԱՀԿ-ի տնային խնամքին վերաբերվող ցուցումները հարաբերականորեն հաջողակ են եղել։ Առաջարկվում է վարակված մարդկանց և դիակների տեղափոխում ժավելով թրջված սրբիչներով, նաև բծերի մշակում ժավելով։ Նաև խորհուրդ է տրվում, որ խնամողները ձեռքերը մշակեն ժավելաջրով և բերանն ու քիթը ծածկեն ծածկոցով[130]։
Ինտենսիվ թերապիան հաճախ կիրառվում է զարգացած երկրներում[131]։ Այն իր մեջ կարող է ներառել արյան ծավալի և էլեկտրոլիտային (աղերի) հավասարակշռության պահպանումը, ինչպես նաև առաջացող որևէ բակտերիալ վարակի բուժումը[131]։ Հեմոդիալիզի անհրաժեշտություն կարող է լինել երիկամային անբավարարության դեպքում, իսկ թոքերի ախտահարման դեպքում՝ էքստրակորպորալ թաղանթային օքսիգենացիայի[131]։
ԷՎՀ վարակվածների շրջանում ունի մահվան բարձր ռիսկ՝ 25%-90%[2][132]։ 2014 թվականի սեպտեմբերի տվյալներով վարակվածների շրջանում մահվան ռիսկը միջինում 50% է[2]։ Կոնգոյի Հանրապետության 2002-2003 թվականների բռնկման մահվան ամենաբարձր ռիսկը 90% է[133]։
Մահը, եթե պատահում է, ապա ախտանշանների ի հայտ գալուց 6-16 օր հետո և հաճախ հեղուկների կորստով պայմանավորված արյան ճնշման նվազման պատճառով[3]։ Ջրազրկման կանխարգելմանն ուղղված վաղ իրականացվող ամոքիչ թերապիան նվազեցնում է մահվան ռիսկը։
Եթե վարակված մարդը չի մահանում՝ վերականգնումը կարող է լինել արագ և լիարժեք։ Երկարաձգվող դեպքերը հաճախ բարդանում են երկարատև խնդիրների ծագումով, օրինակ՝ ամորձաբորբ, հոդացավեր, գերհոգնածություն, լսողության կորուստ, տրամադրության և քնի խանգարումներ, մկանային ցավեր, որովայնի ցավեր, դաշտանային ցիկլի խանգարումներ, վիժում, մաշկի դեսկվամացիա, մազաթափություն[19][134]։ Ծիածանաթաղանթի բորբոքումն ու այտուցը էՎՀ-ից հետո ողջ մնացածների մոտ աչքի ամենատարածված բարդությունն է[134]։ Նկարագրված են նաև աչքում ծագող այլ ախտանշաններ՝ լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության խանգարումներ[135]։
Վարակումից հետո էբոլան կարող է պահպանվել մարմնի որոշ հատվածներում, օրինակ՝ աչքում[136], կրծքագեղձերում և ամորձիներում[6][137]։ Վերականգնումից հետո սեռական ճանապարհով փոխանցումը կասկածի տակ է[138][139]։ Առողջացումից հետո սեռական ուղիներով փոխանցումը հազվադեպ պատահող երևույթ է[140]։ 2015 թվականի հոկտեմբերի տվյալներով վերականգնումից շատ ամիսներ անց գրանցվել է մենինգիտին նման հիվանդության մեկ դեպք[141]։
Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսով վարակումից հետո թվով 44 ողջ մնացածների հետազոտությունը գրանցել է 70% դեպքերում ոսկրամկանային ցավեր, 48%՝ գլխացավեր, 14%՝ աչքի ախտահարումներ[142]։
Հիվանդույթյունը հիմնականում հանդիպում է Ենթասահարայի տրոպիկական շրջաններում[2]։ Սկսած 1976 թվականից (երբ այն առաջին անգամ տարբերակվել է) մինչև 2013 թվականը ԱՀԿ-ն գրանցել է 1,716 հաստատված դեպքեր[2][10]։ Մինչ այսօր տեղի ունեցած ամենամեծ բռնկումը եղել է Արևմտյան Աֆրիկայի Էբոլա վիրուսային համաճարակը, որը Գվինեայում, Սիերա-Լեոնեում և Լիբերիայում բազմաթիվ մահերի պատճառ է դարձել[11][12]։
ԷՎՀ առաջին հայտնի բռնկումը հայտնաբերվել է միայն փաստացի։ Այն պատահել է 1976 թվականի հունիս և նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում Նզարայում՝ Հարավային Սուդանում[143][144](այդ ժամանակ Սուդանի մի մասն էր), որի պատճառ է հանդիսացել Sudan virus (SUDV)։ Սուդանի բռնկումը վարակել է 284 մարդու և սպանել 151։ Առաջին տարբերակվող դեպքը Սուդանում պատահել է հունիսի 27-ին Նզարայի բամբակի արտադրության գործարանի պահեստապետի մոտ, ով հոսպիտալիզացվել է հունիսի 30-ին և մահացել հուլիսի 6-ին[131]։ Չնայած Սուդանում հիվանդության բնռկմանը ներկա ԱՀԿ-ի բուժանձնակազմին հայտնի էր, որ գործ ունի մինչև այս անհայտ հիվանդության հետ՝ փաստացի «դրական տարբերակման» գործընթացը և վիրուսի անվանումը տեղի ունեցան միայն մի քանի ամիս անց Զաիրում[145]։
1976 թվականի օգոստոսի 26-ին ԷՎՀ երկրորդ բռնկումը սկսվել է հյուսիսային Զաիրի Մոնգալա նահանգի Յամբուկու անունով փոքր գյուղում (այժմ հայտնի որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)[146][147]։ Այս բռնկման պատճառը նախկինում Zaire ebolavirus անունը կրող EBOV-ն էր՝ Սուդանի առաջին բռնկումից տարբեր Էբոլավիրուսների ցեղի այլ ներկայացուցիչ։ Հիվանդությունով առաջին վարակված մարդը եղել է գյուղական դպրոցի տնօրեն՝ Մաբալո Լոկելան, որի մոտ ախտանշանները սկսել են դրսևորվել 1976 թվականի օգոստոսի 26-ին[148]։ Լոկելան վերադարձել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը սահմանակից Հյուսիսային Զաիրի ճանապարհորդությունից Էբոլա գետի այցելությունից հետո օգոստոսի 12-22 ընկած ժամանակահատվածում։ Սկզբում կարծում էին, որ նա ունի մալարիա և ստանում էր քինին։ Սակայն, նրա ախտանշանները շարունակում էին ծանրանալ և նա սեպտեմբերի 5-ին հոսպիտալիզացվում է Յամբուկուի միսսիոներական հիվանդանոցում։ Լոկելան մահանում է սեպտեմբերի 8-ին՝ ախտանշանների ի հայտ գալուց 14 օր անց[149][150]։
Շուտով Լոկելայի մահից հետո՝ նրա հետ կոնտակտ ունեցած մարդիկ ևս մահացան և Յամբուկուի բնակչությունը մատնվեց խուճապի։ Երկրի Առողջապահության Նախարարը և Զաիրի նախագահ Սեսե Սեկո Մաբուտուն ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Յամբուկու քաղաքում և մայրաքաղաք՝ Կինշասայում, հայտարարեց կարանտին։ Ոչ ոքի թույլ չէր տրվում մտնել կամ դուրս գալ տարածաշրջանից, իսկ ճանապարհները, ջրային ուղիներն ու օդանավակայաններն անցան ռազմական դրություն տակ։ Դպրոցները, ձեռնարկություններն և հասարակական կազմակերպությունները փակվեցին[151]։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿ) հետազոտողները, այդ թվում Փիթեր Փիոթը՝ Էբոլայի համա-բացահայտողը, ավելի ուշ ժամանեց բռնկման արդյունքները գնահատելու համար՝ նկատելով, որ «ամբողջ տարածաշրջանը խուճապի մեջ էր»[152][153][154]։
Փիոթը եզրակացրեց, որ բելգիացի միանձնուհիներն են ոչ կանխամտացված սկսել համաճարակը՝ առանց ներարկիչների և ասեղների ստերիլիզացիայի ոչ անհրաժեշտ վիտամիններ ներարկելով հղի կանանց։ Բռնկումը ձգվել է 26 օր, իսկ կարանտինը՝ 2 շաբաթ։ Հետազոտողները ենթադրել են, որ հիվանդությունը վերացել է տեղի բնակչության կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների, տարածաշրջանում հայտարարված կարանտինի և ներարկումների դադարեցման շնորհիվ[151]։
Այդ բռնկման ընթացքում Նգոյ Մուշոլան ներկայացրեց Յամբուկու քաղաքում ԷՎՀ առաջին կլինիկական նկարագրությունը, որտեղ նա գրեց իր օրագրում հետևյալը․ «Հիվանդությունը բնութագրվում է մարմնի բարձր ջերմաստիճանով՝ մոտ 39 °C (102 °F), արյունային փսխումներով, արյունային լուծով, հետկրծոսկրային որովայնային ցավերով, prostration with 'heavy' articulations և միջինում 3 օրից արագ զարգացող մահով»[155]։
Սկզբնական բռնկման առաջացման համար պատասխանատու վիրուսը սկզբում համարվում էր Marburg virus-ը, որը հետագայում տարբերակվեց որպես վիրուսի առանձին տեսակ՝ կապված Մարբուրգյան վիրուսի հետ։ 2 բռնկումներից առանձնացված վիրուսի շտամների նմուշները անվանվեցին «Էբոլա վիրուս»՝ վիրուսային բռնկման առաջին դեպքի նկարագրման տեղամասի՝ Զաիրի կողքին գտնվող Էբոլա գետի պատվին[30]։ Կան տարաձայնություններ այն մասին, թե ով է անվան հեղինակը՝ Ամերիկական ՀՎԿ թիմի անդամ Կառլ Ջոնսոնը[156], թե բելգիացի հետազոտողները[157]։ Հետագայում գրանցվեցին շատ այլ դեպքեր, գրեթե բոլորը կենտրոնացված Յամբուկուի միսսիոներական հոսպիտալում կամ սերտ կապված այլ դեպքի հետ[148]։ Ընդհանուր առմամբ, Զաիրում պատահել է 318 դեպք և 280 մահ (մահածության գործակիցը 88% է)[158]։ Չնայած սկզբում այդ 2 բռնկումները համարվում էին փոխկապակցված, ավելի ուշ գիտնականները հասկացան, որ պատճառը 2 տարբեր էբոլավիրուսներ են՝ SUDV և EBOV[147]։ Զաիրի բռնկումը վերացվեց ԱՀԿ-ի և Կոնգոլեզեյի ռազմաօդային ուժերից փոխադրման օգնությամբ՝ գյուղացիների մեկուսացման, բժշկական գործիքների ստերիլիզացիայի և պաշտպանիչ հագուստի տրամադրման շնորհիվ։
Թվով երկրորդ մեծ բռնկումը տեղի ունեցավ 1995 թվականին Զաիրում (ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում)՝ վարակելով 315 և սպանելով 254 մարդկանց[2]։
2000 թվականին Ուգանդայում տեղի ունեցավ բռնկում՝ վարակելով 425 և սպանելով 224 մարդկանց, այս բռնկման համար պատասխանատուն էր Էբոլա վիրուսի Սուդան տեսակը[2]։
Կոնգոյի Հանրապետության 2003 թվականի բռնկման հետևանքվ վարակվեցին 143 և մահացան 128 մարդիկ, մահացությունը կազմում էր 90%, որը Էբոլա ցեղով մինչև այժմ առաջացած բռնկումների մեջ ամենաբարձր ցուցանիշն է կազմել[159]։
2004 թվականին, վարակված ասեղով իրեն ծակելով, Էբոլայից մահացավ ռուս գիտնականը[160]։
2007 թվականի ապրիլ և օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 4 գյուղական շրջանների[161] տենդային համաճարակը[162] սեպտեմբերին հաստատվեց որպես Էբոլա[163]։ Տեղի գյուղապետի թաղմանը ներկա գտնվող շատ մարդիկ մահացան[161]։ 2007 թվականի բռնկումը ի վերջո վարակեց 264 անհատների և 187 մարդկանց մահվան պատճառ դարձավ[2]։
2007 թվականի նոյեմբերի 30 Ուգանդայի Առողջապահության Նախարարությունը հաստատեց Էբոլայի բռնկումը Արևմտյան Ուգանդայի Բունդիբուգիո տարածաշրջանում։ ԱՄՆ-ի Ազգային Լաբորատորիաների և Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից նմուշների հետազոտությունների հաստատումից հետո ԱՀԿ-ն հաստատեց Էբոլավիրուսի նոր ցեղի առկայությունը, որը կոչվեց Բանդիբուգիո[164]։ ԱՀԿ-ի կողմից գրանցվեց այդ նոր շտամից առաջացած 149 դեպք, որոնց թվում՝ 37 մահ[2]։
2012 թվականին ԱՀԿ-ն Ուգանդայում հաստատեց 2 փոքր բռնկումներ։ Առաջին բռնկումը ախտահարեց 7 մարդու և 4-ի մահվան պատճառ հանդիսացավ, իսկ երկրորդը ախտահարեց 24 մարդու և 17-ի մահվան արդյունք եղավ։ 2 բռնկումների համար էլ պատասխանատու էր Սուդան վիրուսը[2]։
2012 թվականի օգոստոսի 17-ին Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության Առողջապահության նախարարությունը գրանցեց Էբոլայի Բանդիբուգիո տեսակի բռնկում[165] արևելյան տարածաշրջաններում[166][167]։ 2007 թվականի այս հայտնաբերումը միակ դեպքն էր, երբ այս տեսակը պատասխանատու էր բռնկման համար։ ԱՀԿ-ն բացահայտեց, որ վիրուսը վարակել էր 57 մարդու և խլել 29 կյանք։ Բռնկումների հնարավոր պատճառը նեխած վայրի միսն էր, որը տեղացի գյուղացիներ որսացել էին Իսիրո և Վիադանա քաղաքների շրջանում[2][168]։
2014 թվականին ԷՎՀ բռնկում տեղի ունեցավ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում (ԿԴՀ)։ Գենոմային հաջորդականությունը ցույց տվեց, որ այդ բռնկումը կապված չէր Արևմտյան Աֆրիկայի 2014-2015 թվականների Էբոլայի վիրուսային բռնկման հետ, բայց եղել են EBOV-ի նույն Զաիր տեսակները[169]։ Այն սկսվեց 2014 թվականի օգոստոսին և նույն տարվա նոյեմբերին, ընդհանուր առմամբ, հայտարարվեց 66 դեպք և 49 մահ[170]։ Սա ԿԴՀ-ում բռնկման 7-րդ դեպքն էր, որից 3 տեղի են ունեցել այն ժամանակաշրջանում, երբ երկիրը հայտնի էր Զաիր անունով[171]։
2014 թվականի մարտին ԱՀԿ-ն արձանագրեց Էբոլայի մեծածավալ բռնկում Գվինեայում՝ Արևմտյան Աֆրիկյան երկրում[172]։ Հետազոտողները հայտնաբերել են հիվանդությունը 1 տարեկան երեխայի մոտ, ով մահացել է 2013 թվականի դեկտեմբերին[173][174]։ Հիվանդությունը արագ տարածվեց դեպի Լիբերիայի և Սիերա Լեոնեի հարևան երկրներ։ Այն եղել է Էբոլայի երբևէ արձանագրված ամենալայնածավալ բռնկումը, իսկ տարածաշրջանում՝ առաջին գրանցվածը[172]։ 2014 թվականի օգոստոսի 8 ԱՀԿ-ն հանրային առողջապահության շրջանում հայտարարեց համաճարակի միջազգային արտակարգ իրավիճակ։ Կոչ անելով աշխարհին օգնություն ցուցաբերել տուժածներին՝ գլխավոր տնօրենն ասել է․ «Ներկա պահին տուժած երկրները այսպիսի ծավալի և բարդության բռնկման դեմ ինքուրույն պայքարելու հնարավորություն չունեն։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավորինս հրատապ աջակցություն ցուցաբերել»[175]։ 2014 թվականի օգոստոսի կեսին «Բժիշկներ առանց սահմանների»-ն ներկայացրեց իրավիճակը Լիբերիայի մայրաքաղաքում՝ Մոնրովիայում, որպես «կատաստրոֆիկ» և «օրեցօր վատթարացող»։ Նրանք հայտնեցին, որ քաղաքային առողջապահական համակարգի աշխատակիցների և պացիենտների վախը Էբոլայի նկատմամբ բերել է դրանց զգալի մասի փակմանը, որի արդյունքում շատ մարդիկ մնացել են առանց բժշկական օգնության[176]։ ԱՀԿ-ի սեպտեմբերի 26-ի հայտարարության մեջ ասվում է «Արևմտյան Աֆրիկայի Էբոլայի համաճարակը մեր օրերում հանրային առողջապահության ամենակարևոր խնդիրն է։ Մարդկության պատմության մեջ կենսաբանական անվտանգության մակարդակը նախկինում երբեք այսքան արագ, այսքան երկար ժամանակով, աշխարհագրական այսպիսի մեծ գոտում չի ունեցել այսքան ախտածին միկրոօրգանիզմներով այսքան շատ մարդկանց ախտահարում»[177]։
Շփումների ինտենսիվ հետապնդումը և մեկուսացման խիստ մեթոդները բավական չափով կանխարգելել են հիվանդության հետագա տարածումը այն երկրներում, որտեղ տեղափոխվել են հիվանդներ։ Տեղեկություններ կան Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի, դրա կասկածվող դեպքերի և մահերի մասին[178], սակայն ԱՀԿ-ն հայտնել է, որ այդ թվերը կարող են թերագնահատված լինել[179]։ Քանի որ բուժաշխատողները աշխատում էին, սերտ կապի մեջ լինելով վարակված մարկանց կենսաբանական հեղուկների հետ, նրանք առավել խոցելի էին հիվանդության վարակման հարցում․ 2014 թվականի օգոստոսին ԱՀԿ-ն հայտնեց, որ մահացածների 10% եղել են բուժաշխատողներ[180]։
2014 թվականի սեպտեմբերին հաշվարկվել է, որ երկրների Էբոլայով հիվանդների բուժման հնարավորությունները մահճակալների 2,122 համարժեք թվով եղել են ոչ բավարար։ Դեկտեմբերին արդեն կար մահճակալների բավարար քանակ Էբոլայի բոլոր գրանցված դեպքերի բուժման և մեկուսացման համար, չնայած դեպքերի անհավասարաչափ բաշխումը լուրջ դեֆիցիտի հանգեցրեց որոշ տարածաշրջաններում[181]։ 2015 թվականի հունվարի 28 ԱՀԿ-ն հայտնեց, որ 2014 թվականի հունիսի 29 ավարտված շաբաթվանից հետո առաջին անգամ, ազդեցությանը ամենաշատը ենթարկված երեք երկրներում շաբաթվա ընթացքում գրանցվել են հիվանդության 100-ից պակաս նոր, հաստատված դեպքեր։ Համաճարակի նկատմամբ արձագանքը այնուհետև անցավ երկրորդ պլան, քանի որ շեշտն ուղղվեց փոխանցման նվազումից դեպի համաճարակի ավարտը[182]։ 2015 թվականի ապրիլի 8 ԱՀԿ-ն հայտնեց ընդամենը 30 հաստատված դեպքերի մասին, որը սկսած 2014 թվականի մայիսի երրորդ շաբաթվանից ամենացածր ցուցանիշն է շաբաթվա ընթացքում[183]։
2015 թվականի դեկտեմբերի 29՝ վերջին մարդու մոտ երկրորդ անգամ հետազոտման բացասական պատասխան հայտնաբերելուց 42 օր անց, Գվինեան հայտարարվեց որպես Էբոլա վիրուսի փոխանցումից զերծ երկիր[184]։ Այդ ժամանակ այդ գործակալությունը հայտարարեց 90-օրյա ուժեղ հսկողություն։ «Սա առաջին դեպքն է, երբ երեք քաղաքներն էլ՝ Գվինեան, Լիբերիան և Սիերա Լեոնեն, դադարեցրին փոխանցման սկզբնական շղթան․․․ », հայտարարել է կազմակերպությունը լրատվամիջոցներում[185]։ Սիերա Լեոնեում նոր դեպք է գրանցվել 2016 թվականի հունվարի 14[186]։ Սակայն 2016 թվականի մարտի 29 բռնկումը դադարեց համարվել արտակարգ իրավիճակ[13]։
Սեպտեմբերի 19 Էրիկ Դունկանը մեկնեց իր մայր քաղաք Լիբերիայից Տեխաս․ 5 օր անց նրա մոտ սկսեցին ախտանշաններ դրսևորվել, այցելեց հիվանդանոց, բայց նրան տուն ուղարկեցին։ Նրա վիճակը ծանրացավ և վերադարձավ հիվանդանոց սեպտեմբերի 28, որտեղ էլ մահացավ հոկտեմբերի 8։ Բժիշկները հաստատեցին Էբոլայի ախտորոշումը սեպտեմբերի 30, որը առաջին դեպքն էր ԱՄՆ-ում[187]։
Հոկտեմբերի սկզբին Թերեզա Ռոմեոն՝ 44-ամյա իսպանացի բուժքույրը, հիվանդացավ Էբոլայով մի քահանայի խնամելուց հետո, որը հայրենադարձվել էր Արևմտյան Աֆրիկայից։ Սա վիրուսի փոխանցման առաջին դեպքն էր՝ տեղի ունեցած Աֆրիկայի սահմաններից դուրս[188]։ Հոկտեմբերի 20 Ռոմեոյի հիվանդության հետազոտությունների պատասխանները բացասական էին, որը վկայում էր Էբոլա վարակից նրա հավանական առողջացման մասին[189]։
Հոկտեմբերի 12 ՀՎԿ հաստատեց, որ Տեխասի բուժքույր Նինա Ֆամի մոտ, որը խնամում եմ Դունկանին, հայտնաբերվել է Էբոլա վիրուս, վերջինս փոխանցման առաջին հայտնի դեպքն էր ԱՄՆ-ում[190]։ Հոկտեմբերի 15 Տեխասի առողջապահական ոլորտում այլ աշխատողի մոտ, որը բուժում էր Դունկանին, նույնպես հայտնաբերվել է վիրուս[191][192]։ Վերը նշված երկուսն էլ բուժվել են[193]։ Նշված դեպքերի հետ առնչություն չունեցող ևս մեկ դեպք է պարզվել Նյու-Յորքից մի բժշկի մոտ, ով ԱՄՆ է վերադարձել Գվինեայից «Բժիշկներ առանց սահմանների»-ի հետ աշխատելուց հետո, հոկտեմբերի 23 հայտնաբերվել է Էբոլա[194]։ Նա առողջացել է և դուրս գրվել Բելլևու հիվանդանոցից նոյեմբերի 11[193]։ 2014 թվականի դեկտեմբերի 24 Ջորջիա նահանգի Ատլանտայի լաբորատորիան հայտարարեց, որ տեխնիկը ենթարկվել է Էբոլայի ազդեցությանը[195]։
2014 թվականի դեկտեմբերի 29 բրիտանացի բուժքույր Պաուլինա Քաֆֆերքեյը, որը նոր էր վերադարձել Գլազգո Սիերա Լեոնեից, ախտորոշվեց Էբոլայով Գլազգոյի Գարտնավելի հիմնական հիվանդանոցում[196]։ Գլազգոյում սկզբնական բուժումից հետո նրան տեղափոխեցին RAF Northolt, այնուհետև Լոնդոնի Ռոյալ Ֆրի հիվանդանոցի մեկուսացման բարձր աստիճանի բաժանմունք ավելի երկարատև բուժան համար[197]։
2017 թվականի մայիսի 11 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Առողջապահության Նախարարությունը տեղեկացրեց ԱՀԿ-ին Էբոլայի բռնկման մասին։ 4 մարդ մահացան և 4 ողջ մնացին․ այս 8 դեպքերից 5 հաստատվեցին լաբորատոր զննումներով։ Ընդհանուր առմամբ ստուգվել է 583 կոնտակտ։ 2017 թվականի հուլիսի 2
ԱՀԿ-ն բռնկումը հայտարարեց ավարտված։
2018 թվականի մայիսի 14 ԱՀԿ հայտնեց, որ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ապրիլի 4-ից մայիսի 13 ընկած ժամանակահատվածում հայտնել է թվով 39 Էբոլայի կասկածելի, հավանական կամ հաստատված դեպքերի մասին, որոնցից 19՝ մահացու ելքով»[198]։ Գրեթե 393 մարդ առանձնացվեցին, որպես Էբոլայով հիվանդների հետ կոնտակտ ունեցողներ։ Բռնկումները կոնտրոնացված էին Հասարակածային Նահանգի Բիկորո, Իբոկո և Վանգատա տարածաշրջաններում[198], ինչպես նաև մեծ քաղաք Մբանդակայում։ ԿԴՀ Առողջապահության Նախարարությունը հաստատեց փորձարարական պատվաստանյութերի կիրառումը[199][200][201]։ 2018 թվականի մայիսի 13 ԱՀԿ գլխավոր կառավարիչ Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը այցելեց Բիկորո[202]։ Հայտնվեց տեղեկություն այն մասին, որ տեղի քարտեզները ստույգ չէին, որը ոչ այնքան բուժաշխատողներին էր խանգարում, որքան համաճարակաբաններին և պաշտոնյաներին, ովքեր փորձում էին գնահատել բռնկման դադարեցման և դրա դեմ պայքարի ջանքերը[203]։ ԿԴՀ 2018 թվականի բռնկումը հայտարարվեց ավարտված 2018 թվականի հուլիսի 28[17]։
2018 թվականի օգոստոսի 1 Հյուսիսային Կիվու նահանգում հայտարարվեց Էբոլա վիրուսի թվով 10-րդ բռնկումը։ Ի տարբերություն նախորդ բռնկումների՝ վերջինս տեղի ունեցավ ռազմական հակամարտության գոտում, որտեղ կային հազարավոր փախստականներ[204][205]։ 2018 թվականի նոյեմբերին Կոնգոյի գրեթե 200 բնակիչ մահացավ Էբոլայից, որոնք գրեթե կեսը՝ Բենի քաղաքից, որտեղ զինված խմբերը պայքարում էին տարածաշրջանի հանքային ունեցվածքի համար՝ խոչընդոտելով բուժօգնության ցուցաբերմանը[206]։
Ըստ Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման կենտրոնների դասակարգման՝ Էբոլավիրուսը համարվում է կենսաբանական անվտանգության 4-րդ աստիճանի գործոն, ինչպես նաև կենսաբանական ահաբեկչության А տիպի գործոն[78][207]։ Այն կենսաբանական պատերազմում օգտագործման պոտենցիալ ունի[208][209] և ուսումնասիրվել է որպես նմանատիպ կիրառման կենսաբանական պրեպարատ, սակայն զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս այն կարող է առաջացնել բարդություններ, քանի որ բաց օդում վիրուսը արագ դառնում է ոչ արդյունավետ[210]։ 2014 թվականին համակարգչային վնասակար ծրագրեր տարածելու նպատակով օգտագործվում էին կեղծ էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք ձևանում էին որպես ԱՀԿ-ի և Մեքսիկայի Կառավարության կողմից տրամադրվող տեղեկատվություն Էբոլա համաճարակի մասին[211]։ 2015 թվականին BBC հաղորդեց․ «Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հիվանդությունը ստեղծվել է ԱՄՆ-ի զինվորականների կողմից՝ որպես կենսաբանական զենք»[212]։
Ռիչարդ Պրեստոնի 1995 թվականի բեսթսելլեր «Թեժ գոտի» գիրքը բեմականացրել է Էբոլայի համաճարակը Վիրջինիա նահանգում՝ Րեսթոնում[213][214][215]։
Վիլյամ Քլոուսի 1995 թվականի «Էբոլա․ Առաջին բռնկման վավերագրական նովել»[216][217] և 2002 թվականի «Էբոլա․ Մարդկանց աչքերով» ստեղծագործություններում շեշտը դրվել է 1976 թվականին Զաիրում տեղի ունեցած բռնկման նկատմամբ անհատների արձագանքի վրա[218][219]։
Թոմ Քլանսիի 1996 թվականի «Նախագահի հրամանները» նովելում ներկայացվում է Միջին Արևելքում ահաբեկչական հարձակումը ԱՄՆ-ի վրա՝ օգտագործելով Էբոլա վիրուսի «Էբոլա Մայինգա» կոչվող օդով փոխանցվող մահացու շտամները[220][221]։
Արևմտյան Աֆրիկայի 2014 թվականի Էվոլա վիրուսի համաճարակի զարգացումով պայմանավորված՝ էլեկտրոնային և տպագրված տարբերակներով հայտնվեցին մի շարք ինքնահռչակ, հայտնի և դրական արձագանքներ վայելող գրքեր, որոնք պարունակում էին հիվանդության մասին սենսացիոն և մոլորեցնող տեղեկություններ[222]։
Պրիմատների շրջանում Էբոլան ունի մահացության բարձր աստիճան[125]։ Էբոլայի հաճախակի բռնկումները 5,000 գորիլաների մահվան հնարավոր պատճառ են դարձել[223]։ Հնարավոր է, որ համաճարակը 420քկմ տարածքով Լոսսիի արգելոցում 2002-2003 թվականների ընթացքում շիմպանզեների դիտարկվող պոպուլյացիաների հետապնդման ցուցանիշների 88%-ով նվազման պատճառ է հանդիսացել[224]։ Շիմպանզեների շրջանում փոխանցումը մսի օգտագործման ճանապարհով նշանակալի ռիսկի գործոն է, այն դեպքում, երբ կենդանիների շփումը, ինչպիսին է դիակներին կպնելը կամ մորթիների խնամքը, բացակայում է[225]։
Գորիլաների վերականգնված մարմինները պարունակել են Էբոլա վիրուսի բազմաթիվ շտամներ, որն ենթադրում է վիրուսի բազմակի ներմուծումներ։ Դիակները շուտ քայքայվում են, իսկ մարմնամասերը 3-4 օրից վարակիչ չեն։ Գորիլաների խմբերի միջև փոխազդեցությունը հազվադեպ է, որն ենթադրում է, որ այդ խմբերի միջև փոխանցումը քիչ հավանական է, և, որ այդ բռնկումները վիրուսի ռեզերվուարների և կենդանիների պոպուլյացիաների միջև փոխանցման արդյունք է[224]։
2012 թվականին ներկայացվել է, որ վիրուսը առանց կոնտակտի կարող է փոխանցվել խոզերից ոչ մարդկային պրիմատներին, չնայած նույն հետազոտությանն էլ չհաջողվեց հայտնաբերել այդ նույն ուղիով փոխանցումը պրիմատների միջև[70][226]։
Շները կարող են վարակվել EBOV-ով առանց հիվանդության ախտանշանների դրսևորման։ Աֆրիկայի որոշ տարածքներում շները սնվում են դիակներով, և երբեմն նրանք սնվում են EBOV-ով վարակված կենդանիներով և մարդկային դիակների մնացորդներով։ 2005 թվականի EBOV բռնկման ժամանակաշրջանի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ չնայած անախտանիշ ընթացքին, բռնկմանը մոտ գտնվող շների գրեթե 32% մոտ հայտնաբերվեց EBOV շճատիպը, ի տարբերություն մնացած 9%, որոնք հեռու էին գտնվում[227]։ Հեղինակները եզրակացրին, որ կային «մարդկանց շրջանում հիվանդության բռնկումների վերահսկման և կանխարգելման հնարավոր հետևանքներ»։
1989 թվականի վերջին Վիրջինիա նահանգի Ռեստոն քաղաքում գտնվող Hazelton Research Products-ի Ռեստոն կարանտինային բաժնում մի քանի լաբորատոր կապիկներ ենթարկվել են մահացու հիվանդության բռնկման։ Այդ լաբորատորիայի բռնկումը սկզբում ախտորոշվեց որպես կապիկների հեմոռագիկ տենդի վիրուս (SHFV) և տեղի ունեցավ Ֆիլիպիններից փոխադրված լայնաքիթ կապիկների շրջանում։ Hazelton-ի անասնաբուժական պաթոլոգը մահացած կենդանիների հյուսվածների նմուշները ուղարկեց Մարիլանդ նահանգի Ֆորթ Դետրիկ՝ ԱՄՆ-ի բանակի վարակիչ հիվանդությունների ռազմաբժշկական գիտահետազոտական ինստիտուտ (USAMRIID), որտեղ իմունոֆերմենտային անալիզը (ELISA) հայտնաբերեց, որ հյուսվածքներում առկա հակամարմինները առաջացել էին ի պատասխան Էբոլա վիրուսի, և ոչ թե SHFV[228]։ USAMRIID-ի էլեկտրոնային մանրադիտակը Hazelton Research Products-ի Ռեստոն կարանտինային բաժնից ուղարկված հյուսվածքների նմուշներում հայտնաբերեց ֆիլովիրուսների, որոնք արտաքին տեսքով նման էին Էբոլային[229]։
ԱՄՆ-ի բանակը USAMRIID-ի գրասենյակում կենդանի մնացած կապիկներին էֆթանազիայի ենթարկեց և բոլորին տեղափողեց Ֆորթ Դետրիկ Բանակի անասնաբուժական պաթոլոգի և վիրուսոլոգների կողմից հետազոտության իրականացման և անվտանգ պայմաններում ուտիլիզացիայի համար[228]։ Միջադեպի ժամանակ արյան նմուշները վերցվել էին 178 կենդանիներ վարժեցնողներից[230]։ Նրանցից 6 ի վերջո անցան սերոկոնվերսիայի, այդ թվում 1, ով վնասել էր իրեն արյունոտ սկալպելով[231][232]։ Հաշվի առնելով վիրուսի ակնհայտ ախտածնությանը կապիկների շրջանում և պատկանելիությանը 4-րդ աստիճանի օրգանիզմի կարգավիճակին, երբ վարժեցնողները չվարակվեցին՝ ՀՎԿ եզրակացրեց, որ այն ունի շատ ցածր ախտածնություն մարդկանց համար[14][232]։
Ֆիլիպիններում և ԱՄՆ-ում նախկինում չէին եղել Էբոլայով վարակման դեպքեր, և հետագա մեկուսացումից հետո հետազոտողները եկան այն եզրակացության, որ դա եղել է Էբոլա վիրուսի ևս մեկ շտամ կամ Ասիական ծագման նոր ֆիլովիրուս, որին, վարակման տարածաշրջանին համապատասխան, նրանք անվանեցին Էբոլավիրուս Ռեստոն (RESTV)[228]։ Ռեստոն վիրուսը կարող է փոխանցվել խոզերին[70]։ Սկզբնական բռնկումից սկսած այն հայտնաբերվել է ոչ մարդկային պրիմատների մոտ Փենսիլվանիայում, Տեխասում և Իտալիայում[233], որտեղ վիրուսը վարակել է խոզերին[16]։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն խոզերի (կամ կապիկների) ֆերմաների սովորական մաքրումն ու ախտահանումը նատրիումի հիպոքլորիտով և լվացող միջոցներով արդյունավետ է Ռեստոն էբոլավիրուսի ինակտիվացման համար։ RESTV-ով վարակված խոզերի մոտ ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ։
2015 թվականի հուլիսի տվյալներով ոչ մի դեղամիջոց չի հաստատվել որպես անվտանգ և արյունավետ Էբոլայի բուժման համար։ Էբոլա վիրուսի Արևմտյան Աֆրիկայի բռնկման սկզբում՝ 2013 թվականին, գոյություն ունեին նվազագույնը 9 տարբեր բուժման տարբերակներ։ 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին անցկացվել են մի քանի փորձարկումներ, բայց որոշները չեն շարունակվել՝ ոչ բավարար արդյունավետության կամ ուսուցանվող մարդկանց բացակայության պատճառով[234]։
Ներկայիս հասանելի ախտորոշիչ թեստերը պահանջում են մասնագիտացված սարքավորումներ և բարձր որակավորմամբ անձնակազմ։ Քանի որ Արևմտյան Աֆրիկայում քիչ են թեստավորման համապատասխան կենտրոնները, այն բերում է ախտորոշման ձգձգմանը[235]։
2014 թվականի նոյեմբերի 29 հայտարարվեց Էբոլայի նոր, 15-րոպեանոց թեստի մասին, որը հաջողության դեպքում «ոչ միայն պացիենտներին տալիս է ապրելու ավելի մեծ շանսեր, այլ նաև կանխարգելում է վիրուսի փոխանցումը ուրիշներին»։ Արևի էներգիայով աշխատող և նոթբուքի չափսեր ունեցող նոր սարքավորումը հնարավորություն է տալիս փարձարկումներ անել հեռու տարածաշրջաններում[236]։
2014 թվականի դեկտեմբերի 29 Սննդի և Դեղերի Վարչությունը հաստատեց LightMix (R) Ebola Zaire rRT-PCR թեստը Էբոլայի ախտանշաններ ունեցող հիվանդների համար[237]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.