Հնդկաստան
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստան (հինդի՝ भारत, Բհարատ), պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն[13] (հինդի՝ भारत गणराज्य), երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝արդեն առաջին երկիրն է (ավելի քան 1.4 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին[Ն 3]։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները ծովային սահման ունեն Թաիլանդի և Ինդոնեզիայի հետ։ Մայրաքաղաքը՝ Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթան, Չեննայը, Բանգալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։
Հնդկաստանի Հանրապետություն भारत गणराज्य |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Սատյամևա Ջայաթե"no |
||||
Ազգային օրհներգ՝ "Ջանա Գանա Մանա"no[1][2] "Դու ես կառավարում բոլոր մարդկանց մտքերը"[3][1] |
||||
Ազգային երգ՝ "Վանդե Մատարամ"no "Երկրպագում եմ քեզ, Մայր"[3][1] [Ն 1][4][1] |
||||
այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Հնդկաստանի կողմից նշված են բաց կանաչ գույնով |
||||
Մայրաքաղաք | Նյու Դելի | |||
Ամենամեծ քաղաք | Մումբայ | |||
Ազգային լեզու | Չունի | |||
Շրջանային լեզուներ | ||||
Կառավարում | Դաշնային խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ռամ Քովինդ | ||
- | Փոխնախագահ | Վենկայահ Նայդու | ||
- | Վարչապետ | Նարենդրա Մոդի | ||
- | Արդարադատության նախարար | Ն. Վ. Ռամանա | ||
- | Լոկ սաբհայի խոսնակ | Օմ Բիռլա | ||
Անկախություն | Միացյալ Թագավորությունից | |||
- | Դոմինիոն | Օգոստոսի 15, 1947 | ||
- | Հանրապետություն | Հունվարի 26, 1950 | ||
- | Ջրային (%) | 9.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2016 նախահաշիվը | 1,324,171,354[9] (2-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 1,210,854,977[10][11] (2-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.486 տրիլիոն[12] (3-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $8,378[12] (119-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $3.113 տրիլիոն[12] (5-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,172[12] (142-րդ) | ||
Ջինի (2013) | 33.9 (79-րդ) | |||
ՄՆԶԻ (2018) | 0.647 (129-րդ) | |||
Արժույթ | Հնդկական ռուփի (INR) | |||
Ժամային գոտի | IST (ՀԿԺ+05:30) | |||
DST | ||||
Ազգային դոմեն | .in | |||
Հեռախոսային կոդ | +91 |
Մարդը Աֆրիկայից Հնդկական ենթամայրցամաք է գաղթել ոչ ուշ քան 55 000 տարի առաջ[14]։ Մարդիկ Հնդկական ենթամայրցամաքում սկզբնապես ապրել են միմյանցից քիչ թե շատ մեկուսացված խմբերով՝ որպես որսորդներ և հավաքողներ, ինչի արդյունքում այս տարածաշրջանն ունի գենետիկական բազմազանության բարձր աստիճան, այս առումով զիջելով միայն Աֆրիկային[15]։ Ենթամայրցամաքում նստակյաց կյանքը ծագել է 9000 տարի առաջ Ինդոս գետի ավազանի արևմտյան ծայրամասերում, որտեղ մ.թ.ա. երրորդ հազարամյակում առաջացել է Ինդոսի հովտի կամ Հարապպայի քաղաքակրթությունը[16]։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան են ներթափանցել արիները, իրենց հետ բերելով հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնդարիական լեզուները։ Արիների մասին տեղեկություններ կան վեդաներում, որոնք կազմվել են սանսկրիտ լեզվով, և որոնցից հնագույնը Ռիգվեդան է։ Վեդաներից սկիզբ է առնում է հնդուիզմի պատմությունը Հնդկաստանում[17]։ Հնդկաստանի դրավիդյան լեզուները դուրս են մղվել նրա հյուսիսային շրջաններից, որտեղ գերակշիռ են դարձել հնդարիական լեզուները[18]։ Մինչև մ.թ.ա. 400 թվականը հնդուիզմի շրջանակներում առաջացել է հասարակական շերտավորումն ըստ կաստայի[19]։ Առաջացել են նաև բուդդայականությունն ու ջայնիզմը, որոնք հռչակել են հասարակական կարգեր՝ չկապված ժառանգականության հետ[20]։ Վաղ քաղաքական կոնսոլիդացման արդյունքում՝ Գանգեսի ավազանում առաջացել են Մաուրյաների և Գուպտաների միասնական կայսրությունները[21]։ Սրանց դարաշրջանում արձանագրվել է լայն ստեղծագործական աշխուժացում[22], բայց նաև՝ կանանց կարգավիճակի իջեցում[23] և «անհպելիության» գաղափարի արմատավորում[Ն 4]։ Այս շրջանում հարավային Հնդկաստանի թագավորությունները Հարավարևելյան Ասիայի երկրներին արտահանել են դրավիդյան լեզուների այբուբենները և կրոնը[25]։
Վաղ միջնադարում քրիստոնեությունը, իսլամը, հուդայականությունը և զրադաշտականությունն արմատներ են գցել Հնդկաստանի հարավային և արևմտյան ափերին[26]։ Կենտրոնական Ասիայի մուսուլմանական բանակները պարբերաբար իշխել են Հնդկաստանի հարթավայրերը[27]՝ ի վերջո ստեղծելով Դելիի սուլթանությունը և ներգրավելով հյուսիսային Հնդկաստանը միջնադարյան իսլամական աշխարհի մեջ[28]։ 15-րդ դարում Վիջայանագարի կայսրությունը Հնդկաստանի հարավային հատվածում ստեղծել է երկարատև հնդուական մշակույթ[29]։ Փանջաբում առաջացել է սիկհականությունը, որը մերժում էր ինստիտուցիոնալացված կրոնը[30]։ 1526 թվականին հիմնվել է Մեծ մողոլների կայսրությունը, որը բացել համեմատական խաղաղության երկդարյա ժամանակաշրջան[31]՝ թողնելով ճարտարապետական հարուստ ժառանգությունը[32]։ Դրան հաջորդել է Բրիտանական արևելահնդկական ընկերության կառավարման աստիճանական ընդլայնումը՝ Հնդկաստանում հաստատելով գաղութային տնտեսական կարգեր[33]։ Ուղղակի բրիտանական տիրապետությունը Հնդկաստանում սկսվել է 1858 թվականին։ Հնդիկներին խոստացած իրավունքները դանդաղ էին տրվում[34], սակայն բրիտանական տիրապետության օրոք ներմուծվել են նոր տեխնոլոգիաներ, արմատներ են գցել կրթության և հասարակական կյանքի արդիական գաղափարներ[35]։ 20-րդ դարում առաջացել է նորարարական և ազդեցիկ ազգայնական շարժում[36], որը գլխավորում էր Մահաթմա Գանդին։ Շարժումն աչքի է ընկել ոչ բռնի դիմադրությանբ և հանգեցրել է 1947 թվականին Հնդկաստանի անկախությանը։ Բրիտանական Հնդկաստանը բաժանվել է երկու պետությունների՝ մեծամասամբ իսլամադավան Պակիստանի և մեծամասամբ հնդուական Հնդկաստանի, ինչի հետևանքով տեղի են ունեցել զանգվածային տեղահանություններ և բռնություններ։
Հնդկաստանն աշխարհիկ, ժողովրդավարական, խորհրդարանական համակարգով դաշնային հանրապետություն է։ Բազմալեզու և բազմաէթնիկ հասարակություն է։ Հնդկաստանի բնակչությունը 1951 թվականին 361 միլիոնից աճել է մինչև 2011 թվականին 1,211 միլիարդ[37]։ Միևնույն ժամանակ նրա տարեկան մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ը 64 ԱՄՆ դոլարից աճել է մինչև 1 498 ԱՄՆ դոլար, իսկ գրագիտության մակարդակը՝ 16,6 %-ից մինչև 74 %։ 1951 թվականին լինելով համեմատաբար աղքատ երկիր[38]՝ Հնդկաստանը դարձել է արագ աճող խոշոր տնտեսություն, աճող միջին դասով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների կենտրոն[39]։ Այն ունի տիեզերական ծրագիր, որը ներառում է մի քանի պլանավորված կամ ավարտված տիեզերական առաքելություններ։ Հնդկական ֆիլմերը, երաժշտությունը և հոգևոր ուսմունքները մեծ դեր են խաղում համաշխարհային մշակույթի մեջ[40]։ Հնդկաստանը զգալիորեն նվազեցրել է աղքատության մակարդակը, թեև դա իրականացվել է տնտեսական անհավասարության աճի հաշվին[41]։ Հնդկաստանը միջուկային զենք ունեցող երկրներից մեկն է և ունի աշխարհի ամենախոշոր ռազմական բյուջեներից մեկը։ Դեռևս 20-րդ դարի կեսերից Հնդկաստանն իր հարևանների՝ Պակիստանի և Չինաստանի հետ Քաշմիրի շուրջ տարածքային վեճ ունի[42]։ Հնդկաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներից են գենդերային անհավասարությունը, երեխաների շրջանում թերսնումը[43] և օդի աղտոտման մակարդակի աճը[44]։ Հնդկաստանի տարածքը բազմազան է և ունի կենսաբազմազանության չորս օջախներ[45]։ Անտառային ծածկը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 21.4 %-ը[46]։ Հնդկաստանի կենդանական աշխարհը, որը հնդկական մշակույթում ավանդաբար դիտարկվել է հանդուրժողականությամբ[47], պահպանվում է այդ անտառներում և այլ պաշտպանված վայրերում։