Քաշմիր
From Wikipedia, the free encyclopedia
Քաշմիր (քաշմիրի՝ कॅशीर, کٔشِیر, դոգրի՝ कश्मीर, բալթի, کشمیر, Դևանագարի՝ कश्मीर), վիճելի տարածք Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում, պատմական նախկին իշխանություն Հիմալայներում։ Քաշմիրի բաժանումներն ամրագրված չեն սահմանների մասին պաշտոնական համաձայնությամբ, իսկ կոնկրետ շրջանը համարվում է լարվածության օջախ այն զբաղեցնող երկրների, առավելապես Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Քաշմիրը հյուսիսում սահմանակցում է Աֆղանստանին, արևելքում՝ Չինաստանի Սինչզյան-Ույղուրական և Տիբեթի ինքնավար շրջաններին, հարավում՝ Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ և Փանջաբ նահանգներին, իսկ արևմուտքում՝ Պակիստանին։
Ներկայումս Քաշմիրը բաժանված է հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի (ներառյալ Լադախ պրովինցիան), որի տարածքը 101 387 կմ² և բնակչությունը՝ 10,1 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիր ինքնահռչակ չճանաչված պետության[1] («Ազատ Քաշմիր»), որի տարածքը 13 000 կմ², իսկ բնակչությունը՝ 3,6 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Գիլգիտ-Բալիստան շրջանի («հյուսիսային տարածքներ»), որի տարածքը 72 500 կմ² և բնակչությունը՝ 1 մլն մարդ և իրավասորեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքների, որի մակերեսը 37 555 կմ² և բնակչությունը մի քանի հազար են։ Քաշմիրի ընդհանուր տարածքը 222 236 կմ² է։