Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercurius), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին Արեգակի շուրջ պտտվում է (պրեցեսիա) 43 աղեղնային վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է Արեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։ Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև խավարածիրը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ։ Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու ավտոմատ միջմոլորակային կայանների օգտագործմամբ։ Նրանցից առաջինը ՆԱՍԱ-ի կողմից արձակված Մարիներ-10 սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը 1974-1975 թվականներին։ Երկրորդը Մեսենջեր ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին։
Փայլածու (Մերկուրի) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Բացարձակ մեծություն (H) | −2,6[1] - 5,7[2][3] |
Տեսանելի չափ | 4.5" – 13"[2] |
Հեռավորությունը Արեգակից | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.) |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 46 001 210 կմ (0,30749909 ա. մ.)[4] |
Ապոհելին | 69 816 927 կմ (0,46669733 ա. մ.)[4] |
Մեծ կիսաառանցք | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.)[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,20530294[2][4] |
Սիդերիկ պարբերություն | 87,969 օր[4] |
Սինոդիկ պարբերություն | 115,88 օր[2] |
Ուղեծրային արագություն | 47,87 կմ/վ[2] |
Թեքվածություն | 7,00° (Խավարածրի նկատմամբ) 3,38° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 48,330541°[4] |
Պերիկենտրոնի արգումենտ | 29,124279° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | < 0,0006 |
Շառավիղ | 2439,7 ± 1,0 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Բևեռային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 7,48 × 107 կմ² |
Ծավալ | 7,48 × 1010 կմ3[4] |
Զանգված | 3,33022 × 1023 կգ[4][5] |
Միջին խտություն | 5,427 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 3,7մ/վ²[4] |
Հասարակածային պտույտի արագություն | 10,892 կմ/ժ[4] |
2-րդ տիեզերական արագություն | 4,25 կմ/վ[4] |
Պտույտի պարբերություն | 58,646 օր (1407,5 ժ) |
Առանցքի թեքում | 2.11′ ± 0.1′[6] |
Ալբեդո | 0,068 (Բոնդ)[4][7] 0,142 (երկրաչափական)[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 42,0 % - Թթվածին 29,0 % - Նատրիում 22,0 % - Ջրածին 6,0 % - Հելիում 0,5 % - Կալիում 0,5 % - մնացածը, (ջուր, ազոտ, քսենոն, կրիպտոն, նեոն, կալցիում, մագնիում)[4][5] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 67 °C (340 K)[8] |
Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ։ Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ։ Ի տարբերություն Լուսնի՝ Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը։ Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով։ Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 - 700 Կ)։
Պատմության մեջ գրառումներ Մերկուրիի մասին կան արդեն Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակում։ Ք.Ծ.Ա. 4-րդ հարյուրամյակում հույն աստղագետները կարծում էին, որ մոլորակը երկու առանձին մարմիններ են՝ առաջինը, երևում էր Արեգակի ծագման ժամանակ և կոչվում Ապոլլոն, և երկրորդը, որը երևում էր մայրամուտից հետո, կոչվում էր Հերմես։ Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով։ Մերկուրիի աստղագիտական նշանն է Հերմեսի (կամ Մերկուրիի) կադուցեուսը։
Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու։
Մերկուրիի միջին հեռավորությունը Արեգակից 0,38 ա. մ. է կամ 58 մլն. կմ։ Շառավիղը՝ 2440 կմ է, զանգվածը կազմում է երկրի զանգվածի 0,055-րդ մասը։
2008 թվականի ամերիկյան «Մեսենջեր» ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում դիտվել է հրաբխային ակտիվության հետքեր։
Մերկուրին շարժվում է Արեգակի շուրջ բավականին ձգված էլիպտիկ ուղեծրով (էքսցենտրիսիտետը՝ 0,205) միջին 57,91 մլն. կմ (0,387 ա. մ.) հեռավորության վրա։ Պերիհելիում Մերկուրին գտնվում է 45,9 մլն. կմ հեռավորության վրա Արեգակից (0,3 ա. մ.), իսկ ապոհելիում՝ 69,7 մլն. կմ (0,46 ա. մ.)։ Պերիհելիում Մերկուրին ավելին քան մեկ և կես անգամ ավելի մոտ է Արեգակին, քան ապոհելիում։ Ուղեծրի թեքումը խավարածրի հարթության հանդեպ հավասար է 7°։ Մեկ ամբողջ պտույտ Արեգակի շուրջ Մերկուրին կատարում է 87,97 երկրային օրվա ընթացքում։ Մոլորակի միջին ուղեծրային արագությունը կազմում է 48 կմ/վ։ Մերկուրիի հեռավորությունը Երկրից տատանվում է 82-ից մինչև 217 միլիոն կմ[9]։
Բավականին երկար ժամանակ համարվում էր, որ Մերկուրին միշտ ուղղված է Արեգակին նույն կողմով, և սեփական առանցքի շուրջ մոլորակը պտտվում է նույնպես 87,97 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի մակերևույթի մասերի դիտարկումները դրան չէին հակասում։ Այս մոլորությունը կապված է այն բանի հետ, որ Երկրից Մերկուրիի դիտարկումների համար ամենահարմար պայմաններ են ստեղծվում մոտավորապես մոլորակի պտույտի պարբերության վեցապատիկին հավասար պարբերությամբ (352 օր), այդ պատճառով, տարբեր ժամանակներին դիտարկվել է մոլորակի մակերևույթի մոտավորապես նույն մասը։ Իրականությունը պարզվեց միայն 1960-ականների կեսին, երբ կատարվեց Մերկուրիի ռադիոլոկացիան։
Պարզվեց, որ մերկուրիական աստղային օրը հավասար է 58,65 երկրային օրի, այսինքն մերկուրիական տարվա 2/3-ին[10]։ Սեփական առանցքի շուրջ և Արեգակի շուրջ այսպիսի պարբերությունների հարաբերությունը յուրօրինակ է Արեգակնային համակարգի համար։ Սա, ենթադրաբար, բացատրվում է նրանով, որ Արեգակի մակընթացային ազդեցությունը խլում էր շարժման քանակի մոմենտը և այսպիսով դանդաղեցնում էր մոլորակի պտույտը, որը ի սկզբանե ավելի արագ է եղել, մինչ այն պահը, երբ երկու պարբերությունները չդարձան հարաբերվող ամբողջական թվով հարաբերությամբ։ Արդյունքում մեկ մերկուրիական օրվա ընթացքում Մերկուրին հասցնում է իր առանցքի շուրջ պտտվել մեկ և կես անգամ։ Այսինքն, եթե Մերկուրիի պերիհելին անցնելու պահին ինչ-որ մի կետ ուղղված է ուղիղ Արեգակին, ապա հաջորդ պերիհելիի անցման ժամանակ դեպի Արեգակ ուղղված կլինի ճշգրտորեն այս կետի հակադարձ կետը մոլորակի մյուս կողմում, և ևս մեկ մերկուրիական տարի հետո Արեգակը կվերադառնա առաջնային կետի զենիթ։ Արդյունքում, արևային օրը Մերկուրիի վրա ձգվում է երկու մերկուրիական տարի կամ երեք աստղային օր, կամ 176 երկրային օր[11]։
Մոլորակի այսպիսի շարժման պատճառով, նրա վրա գոյություն ունեն «տաք երկայնություններ», երկու իրար հակադարձ դիրքերում գտնվող միջօրեականներ, որոնք փոխեփոխ ուղղված են լինում Արեգակին Մերկուրիի պերիհելին անցնելիս, և որոնց վրա լինում է շատ ավելի տաք, նույնիսկ Մերկուրիի պարագայում[12]։
Մերկուրիի վրա չկան տարվա եղանակների փոփոխություններ, ինչպես դա Երկրի վրա է։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ մոլորակի պտույտի առանցքը գտնվում է պտույտի հարթության նկատմամբ ուղղահայաց դիրքում։ Որպես հետևանք, բևեռներին մոտ կան շրջաններ, որոնց արեգակնային ճառագայթները չեն հասնում երբեք։ Արեսիբո աստղադիտարանի ռադիո-աստղադիտակով կատարված հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս մութ և սառը տարածքում կան սառցադաշտեր։ Սառցադաշտերի հաստությունը կարող է հասնել 2 մետրի և կարող է լինել ծածկված փոշու շերտով[13]։
Մոլորակի շարժման յուրահատուկ հարաբերությունները առաջացնում են ևս մի երևույթ. Մոլորակի պտույտի արագությունը իր առանցքի շուրջ, գործնականորեն հաստատուն մեծություն է, այն դեպքում, երբ ուղեծրային շարժման արագությունը անընդհատ փոփոխվում է։ Ուղեծրի այն հատվածում, որը մոտ է պերիհելիին, մոտ 8 օրվա ընթացքում ուղեծրային շարժման անկյունային արագությունը անցնում է պտույտի անկյունային արագությանը։ Արդյունքում Արեգակը Մերկուրիի երկնքում կանգ է առնում և սկսում շարժվել հակառակ ուղղությամբ՝ արևմուտքից արևելք։ Այս էֆեկտը երբեմն անվանում են Հիսուս Նավինի էֆեկտ, Աստվածաշնչի Հիսուս Նավինի գրքի գլխավոր հերոսի անունով, ով կանգնեցրել էր Արևի շարժը երկնքում։ «Տաք լայնություններից» 90° գտնվող դիտողի համար Արեգակը այդ դեպքում մայր է մտնում (կամ ծագում) երկու անգամ։
Հետաքրքիր է նաև, որ ուղեծրերով Երկրին ավելի մոտ են գտնվում Մարսը և Վեներան, սակայն Մերկուրին ավելի հաճախ է լինում Երկրին ամենամոտ գտնվող մոլորակը։
Մերկուրին գտնվում է Արեգակին մոտ, այդ պատճառով ընդհանուր հարաբերականության տեսության էֆեկտները ամենաշատն են արտացոլվում նրա շարժման վրա, բոլոր մյուս Արեգակնային համակարգի մոլոակների միջև։ Արդեն 1859 թվականին ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն հայտարարեց, որ գոյություն ունի Մերկուրիի ուղեծրի պերիհեիի պերցեսիա, որը չի կարող ամբողջովին բացատրվել հայտնի մոլորակների ձգողության ազդեցության հաշվարկի հիման վրա, օգտագործելով դասական մեխանիկայի օրենքները։ Մերկուրիի ուղեծրի պերցեսիան կազմում է 5600 անկյունային վայրկյան դարի ընթացքում։ Մերկուրիի վրա բոլոր մյուս մարմինների ազդեցության հաշվարկը, համաձայն նյուտոնյան մեխանիկայի տալիս է 5557 անկյունային վայրկյան պերցեսիա մեկ դարի ընթացքում[14]։ Փորձելով բացատրել դիտարկվող էֆեկտը, նա ենթադրեց, որ գոյություն ունի ևս մեկ մոլորակ (կամ, հնարավոր է ոչ մեծ աստերոիդների գոտի), որի ուղեծիրը տեղակայված է ավեի մոտ Արեգակին, քան Մերկուրին, և որը ազդելով Մերկուրիի վրա բերում է այդ տարբերությանը[15] (մյուս բացատրությունները դիտարկում էին Արեգակի հաշվի չառած բևեռային սեղմումը)։ Շնորհիվ ավելի վաղ հասած հաջողությունների Նեպտունի որոնման ժամանակ Ուրանի ուղեծրի վրա ազդեցության հետևանքով, այս վարկածը դարձավ հանրաճանաչ և փնտրվող ենթադրյալ մոլորակը նույնիսկ ստացավ անվանում՝ Վուլկան։ Սակայն այս մոլորակը այդպես էլ չհայտնաբերվեց[16]։
Քանի-որ այս բացատրություններից և ոչ մեկը չհաստատվեց դիտարկումների արդյունքներով, որոշ ֆիզիկոսներ սկսեցին առաջ քաշել ավելի կտրուկ վարկածներ, ըստ որոնց անհրաժեշտ է փոփոխել ինքը ձգողության օրենքը, օրինակ, փոխել այնտեղ աստիճանի ցուցիչը կամ պոտենցիալի մեջ ավելացնել անդամներ, կախված մարմնի արագությունից[17]։ Սակայն այսպիսի փորձերի մեծամասնությունը հակասական են։ 20-րդ դարի սկզբում հարաբերականության ընդհանուր տեսությունը բացատրություն տվեց դիտարկվող պերցեսիային։ Էֆեկտը չափազանց փոքր է. հարաբերականության «հավելցուկը» կազմում է միայն 42,98 անկյունային վայրկյան դարի ընթացքում, ինչը կազմում է ընդհանուր պերցեսիայի արագության 1/130 (0,77 %), այնպես որ անհրաժեշտ կլինի Մերկուրիի առնվազն 12 միլիոն պտույտներ Արեգակի շուրջ, որպեսզի պերիհելին վերադառնա նույն կետը, որը կանխատեսված է դասական տեսությամբ։ Նման, սակայն ավելի փոքր շեղում կա նաև մյուս մոլորակների մոտ՝ 8,62 անկյունային վայրկյան դարի ընթացքում Վեներայի համար, 3,84 Երկրի համար, 1,35 Մարսի համար, ինչպես նաև աստերոիդների համար՝ 10,05 Իկարի համար[18][19]։
Մերկուրիի, ինչպես նաև մյուս մոլորակների, առաջացման հիմնական վարկածն է Նեբուլյար հիպոթեզը.
19-րդ դարից գոյություն ունի վարկած, որ Մերկուրին նախկինում եղել է Վեներա մոլորակի արբանյակ, որը հետագայում նրա կողմից «կորսվել» է։ 1976 թվականին Թոմ վան Ֆլանդերնը և Կ. Ռ. Հարինգտոնը, հիմնվելով մաթեմատիկական հաշվարկների վրա, ցույց տվեցին, որ այս վարկածը հաջողությամբ բացատրում է Մերկուրիի ուղեծրի մեծ շեղումները (էքսցենտրիսիտետ), նրա Արեգակի շուրջ պտույտի ռեզոնանսային բնույթը և Մերկուրիի, ինչպես նաև Վեներայի մոտ պտույտի մոմենտի կորուստը (Վեներայի մոտ, նույնիսկ հակադարձ պտույտի ձեռքբերումը, հակադարձ բոլոր մյուս Արեգակնային համակարգի մարմիններին)[20][21]։
Մեկ այլ վարկածով, Մերկուրին արդեն իսկ ձևավորվել է թեթև տարրերով աղքատ պրոտոմոլորակային սկավառակի ներքին մասում, որոնք Արեգակի կողմից քշվել էին Արեգակնային համակարգի արտաքին մասերը։
Այժմ գոյություն ունեն մի քանի վարկածներ հսկայական միջուկի գոյության բացատրության համար, որոնցից ամենատարածվածը նշում է, որ Մերկուրիի նախնական կազմության մեջ մետաղների և սիլիկատների հարաբերությունը նման էր ամենատարածված երկնաքարերի՝ խոնդրիտների կազմությանը, որոնց կազմվածքը ընդհանուր առմամբ ընդհանրական է Արեգակնային համակարգի պինդ մարմինների և ներքին մոլորակների համար, իսկ մոլորակի զանգվածը հինավուրց ժամանակներում մոտ 2,25 անգամ ավելի մեծ էր այժմյանից։ Վաղ Արեգակնային համակարգի պատմության մեջ Մերկուրին, հնարավոր է, որ ապրել է պլանետեզեմալի հետ բախում, որը մոտ նրա քաշի 1/6 զանգվածը ուներ ~20 կմ/վ արագության տակ։ Կեղևի և մանտիայի վերին մասի հիմնական մասը քշվել է տիեզերական տարածություն, և ցրվել միջմոլորակային տարածության մեջ։ Իսկ մոլորակի միջուկը, որը կազմված էր ավելի ծանր տարրերից, պահպանվել է[22]։
Իր ֆիզիկական հատկություններով Մերկուրին հիշեցնում է Լուսինը։ Մոլորակը չունի բնական արբանյակ, սակայն ունի չափազանց նոսր մթնոլորտ։ Մոլորակը ունի խոշոր երկաթյա միջուկ, որը հանդիսանում է մագնիսական դաշտի գոյության պատճառը։ Մերկուրիի մագնիսական դաշտը Երկրի դաշտի 0,01 չափին է[23]։ Մերկուրիի միջուկը կազմում է նրա ամբողջ ծավալի 83%-ը[24][25]։ Ջերմաստիճանը Մերկուրիիի մակերևույթի մոտ տատանվում է 90 - 700 Կ (−180 - +430 °C)։ Արեգակին ուղղված կողմը տաքանում է շատ ավելին, քան բևեռային շրջանները և մոլորակի գիշերային կողմը։
Մերկուրիի մակերևույթը հիշեցնում է լուսնինը, այն համարյա ամբողջությամբ ծածկված է խառնարաններով։ Խառնարանների խտությունը տարբեր է մոլորակի տարբեր մասերում։ Ենթադրվում է, որ ավելի խիտ խառնարաններով ծածկված մասերը ավելի հին ծագում ունեն, իսկ նոսր մասերը գոյացել են ավելի ուշ, հին մակերևույթի լավայով ծածկման արդյունքում։ Միչնույն ժամանակ Մերկուրիի վրա մեծ խառնարաններ ավելի հազվադեպ են պատահում քան Լուսնի վրա։ Մերկուրիի վրա գտնվող ամենամեծ խառնարանը անվանել են մեծ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի անունով, նրա անկյունագծի լայնությունը կազմում է 716 կմ։ Սակայն նմանությունը Լուսնի հետ ամբողջական չէ, Մերկուրիի վրա երևում են ձևավորումներ, որոնք չկան Լուսնի վրա։ Կարևոր տարբերություն է երկու մարմինների լանդշաֆտների միջև Մերկուրիի վրա բազմաթիվ ատամնավոր ստորոտների, էսկարպների, գոյությունը, որոնք ձգվում են հարյուրավոր կիլոմետրեր։ Դրանց կառուցվածքի հետազոտությունը թույլ տվեց հասկանալ, որ նրանք առաջացել են սեղմման ընթացքում, երբ մոլորակի մակերևույթը հովացել է, որի ընթացքում Մերկուրիի մակերևույթի մակերեսը փոքրացել է 1%-ով։ Մոլորակի մակերևույթին լավ պահպանված խառնարանների գոյությունը խոսում է այն մասին, որ վերջին 3 - 4 միլիարդ տարիների ընթացքում այնտեղ չի եկել կեղևի մեծածավալ շարժումներ, ինչպես նաև գոյություն չունի մակերևույթի Էրոզիա, վերջին փաստը համարյա ամբողջովին բացառում է Մերկուրիի ամբողջ պատմության ընթացքում որևէ էական մթնոլորտի գոյության հնարավորությունը։
«Մեսենջեր» սարքով կատարված հետազոտությունների ընթացքում, լուսանկարվել է մոլորակի մակերևույթի ավելի քան 80%-ը և պարզվել է, որ այն միատարր է։ Դրանով Մերկուրին նման չէ Լուսնին կամ Մարսին, որոնց մոտ մի կիսագունդը կտրուկ տարբերվում է մյուսից[26]։
Մակերևույթը կազմող տարրերի մասին առաջին տվյալները, ստացված «Մեսինջերի» ռենտգենոֆլուրոսցենտային սպեկտրոմետրով, ցույց են տվել, որ այնտեղ կա չափազանց քիչ ալյումին և կալցիում, Լուսնի մայրցամաքային մասերի հետ համեմատելիս։ Միևնույն ժամանակ Մերկուրին համեմատաբար աղքատ է տիտանի և երկաթի պարունակությամբ, և հարուստ է մագնեզիումով, այսպիսով մակերևույթի կազմությունը միջանկյալ տեղ է զբաղեցնում երկրային բազալտների և ուլտրահիմնական լեռնային ապարների միջև։ Հայտնաբերվել է նաև համեմատաբար մեծ քանակով ծծումբ[27]։
Մերկուրիի վրա գտնվող խառնարանները բազմազան են իրենց չափերով, սկսած փոքր, թասի ձև ունեցող իջվածքներից, մինչև բազմաօղակ հարվածային խառնարանները, որոնք անկյունագծում հարյուրավոր կիլոմետր են։ Խառնարանները գտնվում են քանդման տարբեր փուլերում, կան համեմատաբար լավ պահպանված խառնարաններ, իրենց շուրջ երկար ճառագայթներով, որոնք առաջացել են հարվածի հետևանքով արտանետված նյութից։ Կան նաև ուժեղ քանդված խառնարանների մնացորդներ։ Մերկուրիի խառնարանները լուսնայիններից տարբերվում են նրանով, որ նրանց մոտ արտանետված նյութի սփռվածությունը ավելի փոքր է, Մերկուրիի վրայի ավելի մեծ ծանրության ուժի պատճառով[28]։
Ամենանկատելի մակերևույթի առանձնահատկություններից մեկն է Շոգի հարթավայրը (լատին․՝ Caloris Planitia)։ Այսպիսի անվանումը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է «տաք երկայնություններից» մեկի մոտակայքում։ Նրա չափը անկյունագծում կազմում է մոտ 1550 կմ[29]։ Հավանաբար, մարմինը, որի հարվածից առաջացել է այս խառնարանը, ունեցել է ոչ պակաս քա 100 կմ կտրվածքում։ Հարվածը այնպիսի ուժեղ է եղել, որ սեյսմիկ ալիքները անցնելով ամբողջ մոլորակով, հանդիպել են մոլորակի մյուս կողմում, և հանգեցրել են այս կետում յուրօրինակ կտրտված «քաոտիկ» լանդշաֆտ։ Հարվածի ուժի մասին է վկայում նաև այն փաստը, որ այն առաջացրել է լավայի արտանետում, որը ձևավորել է բարձր շրջանաձև օղակներ խառնարանից 2 կմ հեռավորության վրա։
Ամենաբարձր ալբեդո ունեցող կետը Մերկուրիի մակերևույթի վրա, 60 կմ տրամագծով Կոյպեր խառնարանն է։ Հավանաբվար սա առավել «երիտասարդ» մեծ խառնարաններից մեկն է մոլորակի վրա[30]։
2012 թվականին գիտնականները հայտնաբերեցին ևս մի հետաքրքիր հաջորդականություն Մերկուրիի մակերևույթի խառնարանների մեջ։ Նրանց միացնելով իրար կարելի ե ստանալ Ուոլթ Դիսնեյի հանրաճանաչ Միկի Մաուսի նկարը[31]։
Մինչև վերջերս, ենթադրվում էր, որ Մերկուրիի ընդերքում գտնվում է մետաղական միջուկ, 1800 - 1900 կմ շառավղով, որը պարունակում էր մոլորակի զանգվածի 60%, քանի որ «Մարիներ 10» ԱՄԿ-ն հայտնաբերել էր թույլ մագնիսական դաշտ, և համարվում էր, որ այսպիսի փոքր չափերով մոլորակը չի կարող ունենալ հեղուկ միջուկ։ Սակայն 2007 թվականին Ժան-Լյուկ Մարգոյի խումբը ներկայացրեց Մերկուրիի հինգ տարվա ռադիո դիտարկումների արդյունքները, որոնց ընթացքում նկատվել են մոլորակի պտույտի տատանումները, որոնք չափացանց մեծ էին պինդ միջուկ ունեցող մոլորակի համար։ Այդ իսկ պատճառով, այսօր արդեն կարելի է մեծ ճշգրտությամբ ասել, որ մոլորակի միջուկը հեղուկ է[32][33]։
Մերկուրիի միջուկում երկաթի տոկոսային պարունակությունը ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակի մոտ։ Այս փաստը բացատրելու համար առաջարկվել են մի քանի վարկածներ։ Համաձայն գիտական հասարակությունում առավել լայնորեն աջակցվող վարկածի, Մերկուրին ի սկզբանե ունեցել է նույնպիսի սիլիկատների և երկաթի հարաբերություն, ինչպես և հասարակ երկնաքարը, ունենալով 2,25 անգամ ավելի զանգված, քան հիմա[34]։ Սակայն Արեգակնային համակարգի պատմության սկզբում Մերկուրիին բախվել է մոլորականման մարմին, որն ունեցել է 6 անգամ փոքր զանգված և մի քանի հարյուր կիլոմետր տրամագիծ։ Հարվածի արդյունքում մոլորակից աքնջատվել է սկզբնական մանտիայի և կեղևի մեծ մասը, որի հետևանքով միջուկի հարաբերական զանգվածը մոլորակի մեջ ավելացել է։ Նման գործընթացը հայտնի է որպես Հսկայական բախման վարկած, այն առաջարկվել է նաև որպես Լուսնի առաջացման խնդրի բացատրման վարկած[34]։ Սակայն «Մեսենջեր» ԱՄԿ-ի վրա տեղադրված գամմա-սպեկտրոմետրի Մերկուրիի մակերևույթի տարրական կազմության հետազոտությունների առաջին արդյունքները այս վարկածը չեն հաստատում՝ այնտեղ գոյություն ունեցող չափավոր ցնդող կալիում քիմիական տարրի կալիում-40 ռադիոկատիվ իզոտոպի չափազանց մեծ քանակը համեմատած, ավելի դժվարահալ տարրերի թորիումի և ուրանի թորիում-232 և ուրան-238 ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը չի համընկնում բարձր ջերմաստիճանների հետ, որոնք անխուսափելի էին բախման արդյունքում[35]։ Այդ պատճառով, ենթադրվում է, որ Մերկուրիի քիմիական կազմությունը համընկնում է այն նյութի քիմիական կազմությանը, որից նա առաջացել է։ Այն մոտ էր էնստատիտային խոնդրիտներին և ջրազուրկ գիսաստղային մասնիկներին, չնայած մինչև այժմ ուսումնասիրված էնստատիտների մեջ երկաթի պարունակությունը բավարար չէ, որպեսզի բացատրվի Մերկուրիի մեծ միջին խտությունը[27]։
Միջուկը շրջապատված է 500 - 600 կմ հաստությամբ սիլիկատային մանտիայով[36][37]։ Համաձային «Մարիներ-10»-ից ստացված տվյալների և Երկրից կատարված դիտարկումների մոլորակի կեղևի հաստությունը կազմում է 100 - 300 կմ[38]։
Ինչպես և Երկրի, Լուսնի և Մարսի մոտ, Մերկուրիի երկրաբանական պատմությունը բաժանված է ժամանակաշրջանների։ Դրանք հետևյալն են (ամենահինից դեպի նորը)՝ նախատոլստովյան, տոլստովյան, կալորյան, ուշ կալորյան, մանսուրյան և կոյպերյան։ Մոլորակի բացարձակ տարիքը դեռևս պարզված չէ[28][39]։
Մերկուրիի ձևավորումից հետո, մոտ 4,6 միլիարդ տարի առաջ տեղի է ունեցել մոլորակի աստերոիդներով և գիսաստղերով ուժգին ռմբակոծությունը։ Մոլորակի վերջին ուժեղ ռմբակոծությունը տեղի է ունեցել 3,8 միլիարդ տարի առաջ։ Շրջանների մի մասը, օրինակ՝ Շոգի հարթավայրը, ձևավորվել են նաև նրանց լավայով լցվելով։ Դա բերեց խառնարանների ներսում հարթ մակերևույթների առաջացմանը, այնպես ինչպես Լուսնի վրա։
Հետագայում, մոլորակի հովացման և սեղմման հետ համընթաց, սկսեցին առաջանալ լեռնաշղթաներ և ճեղքվածքներ։ Դրանք կարելի է դիտել առավել մեծ մակերևույթի մասնիկների վրա, այնպիսիք ինչպիսին են խառնարանները, հարթավայրերը, ինչը վկայում է նրանց առաջացման ավելի ուշ ժամանակաշրջանի մասին։ Հրաբխային գործունեության ժամանակաշրջանը Մերկուրիի վրա ավարտվել է, երբ մանտիան սեղմվել է այնքան, որպեսզի լավան հնարավորություն չունենա դուրս ժայթքելու մոլորակի մակերևույթ։ Դա հավանաբար տեղի է ունեցել նրա պատմության առաջին 700 - 800 միլիոն տարվա ընթացքում։ Բոլոր հետագա ռելիեֆի փոփոխությունները պայմանավորված են արտաքին մարմինների հարվածներով մոլորակի մակերևույթին։
Մերկուրին ունի մագնիսական դաշտ, որի լարվածությունը 100 անգամ փոքր է Երկրինից։ Մերկուրիի մագնիսական դաշտը ունի դիպոլային կառուցվածք[40] և վերին աստիճանի սիմետրիկ է[26], իսկ նրա առանցքը ընդամենը 10 աստիճանով է շեղված մոլորակի պտույտի առանցքի համեմատ[41], ինչը զգալիորեն սահմանափակում է նրա առաջացման մասին վարկածների շրջանակը[26]։ Մերկուրիի մագնիսական դաշտը հնարավոր է, որ ձևավորվում է մագնիսական դինամոյի էֆեկտի շնորհիվ, այսինքն, նույն ձևով ինչպես և Երկրի դեպքում[42][43]։ Էֆեկտը հանդիսանում է մոլորակի հեղում միջուկի տեղաշարժերի արդյունք։ Մոլորակի վառ արտահայտված էքսցենտրիսիտետի պատճառով առաջանում են չափազանց ուժեղ մակընթացային ուժեր, որոնք էլ պահպանում են միջուկը հեղուկ վիճակում, ինչը անհրաժեշտ պայման է դինամոյի էֆեկտի առաջացման համար[36]։
Մերկուրիի մագնիսական դաշտը բավարար ուժեղ է, որպեսզի փոխի արեգակնային քամու շարժման ուղղությունը մոլորակի շուրջ, ստեղծելով մագնիսոլորտ։ Մոլորակի մագնիսոլորտը, չնայած այնքան փոքր է, որ կարող է տեղավորվել Երկրի ներսում[40], բավարար հզոր է, որպեսզի կարողանա որսալ արեգակնային քամու պլազման։ «Մարիներ-10» սարքից ստացված տվյալները ցույց են տալիս մագնիսոլորտում ցածր էներգետիկ պլազմայի առկայություն մոլորակի գիշերային կողմում։ Մագնիսոլորտի պոչում հայտնաբերվել են նաև ակտիվ մասնիկների պայթյուններ, ինչը վկայում է մոլորակի մագնիսոլորտի դինամիկ հատկությունների մասին[40]։
Իր երկրորդ անցումի ժամանակ մոլորակի մոտով 2008 թվականի հոկտեմբերի 6-ին «Մեսսենջեր» սարքը հայտնաբերեց, որ Մերկուրիի մագնիսական դաշտը կարող է ունենալ զգալի քանակով պատուհաններ։ Տիեզերական սարքը հանդիպեց մագնիսական հողմային երևույթների, պարուրված մագնիսական դաշտի հանգույցներ, որոնք միացնում էին տիեզերանավը մոլորակի մագնիսական դաշտի հետ։ Հողմը հասնում էր 800 կմ-ի անկյունագծում, որը կազմում է մոլորակի շառավղի երրորդ մասը։ Մագնիսական դաշտի այսպիսի հողմային ձևը ստեղծվում է արեգակնային քամու միջոցով։ Քանի որ արեգակնային քամին շրջանցում է մոլորակի մագնիսական դաշտը, այն կապվում և շարժվում է նրա հետ, ստեղծելով հողմանման կառուցվածքներ։ Այս մագնիսական հոսանքի հողմերը ձևավորում են պատուհաններ մոլորակի մագնիսական վահանի մեջ, որոնց միջով էլ արեգակնային քամին հասնում է Մերկուրիի մակերևույթին[44]։
Մոլորակի մոտիկությունը Արեգակին, նրա դանդաղ պտույտը իր առանցքի շուրջը, ինչպես նաև չափազանց թույլ մթնոլորտը հանգեցնում են նրան, որ Մերկուրիի վրա դիտարկվում է ջերմաստիճանի ամենակտրուկ փոփոխությունները Արեգակնային համակարգի մոլորակների միջև։ Դրան նպաստում է նաև Մերկուրիի մակերևույթի փխրունությունը, որը վատ ջերմափոխանակիչ է (մթնոլորտի բացակայության կամ թուլության պայմաններում, ջերմությունը կարող է փոխանցվել մոլորակի ընդերք միայն ջերմափոխանակման միջոցով)։ Մոլորակի մակերևույթը արագ տաքանում է և սառչում, սակայն արդեն 1 մ խորության վրա ջերմաստիճանի օրական տատանումները այլևս չեն նկատվում, ջերմաստիճանը դառնում է հաստատուն, մոտավորապես հավասար +75 °C։
Մոլորակի ցերեկային մակերևույթի միջին ջերմաստիճանը հավասար է 623 Կ (349,9 °C), գիշերայինը, ընդամենը 103 К (−170,2 °C)։ Մերկուրիի վրա նվազագույն ջերմաստիճանը հավասար է 90 К (−183,2 °C), իսկ առավելագույնը, որը կարելի է գրանցել կեսօրին «տաք երկայնություններում» մոլորակի պերիհելիում գտնվելու պահին կազմում է 700 К (426,9 °C)[45]։
Չնայած այսպիսի պայմաններին, վերջին ժամանակներս ի հայտ են եկել ենթադրություններ այն մասին, որ Մերկուրիի մակերևույթի վրա կարող է գոյություն ունենալ սառույց։ Մերձբևեռային շրջանների ռադիո-հետազոտությունները ցույց են տվել, այդ շրջաններում կան 50-150 կմ չափերով ապաբևեռացումով շրջաններ, ռադիոճառագայթների անդրադարձման ամենահավանական պատճառը կարող է լինել հասարակ ջրային սառույցը[46][47]։ Հասնելով Մերկուրիի մակերևույթին գիսաստղների նրա հետ բախվելու հետևանքով, ջուրը գոլորշիանում է և շարժվում մոլորակի մթնոլորտով, մինչև այն չի սառչում բևեռային շրջաններում խորը խառնարանների հատակին, որտեղ երբեք չեն ընկնում Արեգակի ճառագայթները, որտեղ փասորեն սառույցը կարող է պահպանվել անսահման երկար։
«Մարիներ-10» սարքի Մերկուրիի մոտով անցման ժամանակ բացահայտվել է մոլորակի մոտ չափազանց նոսր մթնոլորտի գոյությունը, որի ճնշումը 5×1011 անգամ ավելի փոքր է Երկրի մթնոլորտային ճնշումից։ Այսպիսի պայմաններում ատոմները ավելի հաճախ են բախվում մոլորակի մակերևույթին քան իրար։ Մթնոլորտը կազմում են արեգակնային քամուց որսած ատոմները, կամ ատոմներ, որոնք դուրս են մղվել մոլորակի մակերևույթից արեգակնային քամու ազդեցության տակ։ Մերկուրիի մթնոլորտում կան հելիում, նատրիում, թթվածին, կալիում, արգոն, ջրածին։ Առանձին ատոմի կյանքի տևողությունը մթնոլորտում կազմում է մոտ 200 օր։
Ջրածինը և հելիումը հավանաբար հասնում են մոլորակ արեգակնային քամու հետ, ներխուժելով մոլորակի մագնիսոլորտ, և հետո ետ են թռչում տիեզերք։ Մերկուրիի կեղևում տեղի ունեցող տարրերի ռադիոակտիվ տրոհումը հանդիսանում է նրա մթնոլորտում հելիումի, նատրիումի և կալիումի ատոմների աղբյուրը։ գոյություն ունեն ջրային գոլորշիներ, որոնք առաջանում ենմի շարք գործընթացների արդյունքում, այնպիսիք, ինչպիսին են՝ գիսաստղերի հարվածը մոլորակի մակերևույթին, ջրի առաջացումը արեգակնային քամու ջրածնից և քարերում գտնվող թթվածնից, բևեռային մշտապես մոթ շրջաններում գտնվող սառույցի սուբլիմացիայի հետևանքով։ Ջրին մոտ իոնների, այնպիսիք, ինչպիսին են O+, OH− և H2O+, հայտնաբերումը Մերկուրիի վրա դարձավ բավականին մեծ անակնկալ[48][49]։
Քանի որ այս իոնների զգալի մասը հայտնաբերվել է Մերկուրին շրջապատող տիեզերքում, գիտնականները ենթադրեցին, որ նրանք առաջացել են ջրի մոլեկուլներից, որոնք քայքայվել են մոլորակի մակերևույթին կամ էկզոսֆերայում արեգակնային քամու ազդեցության տակ[50][51]։
2008 թվականի փետրվարի 5-ին Բոստոնյան համալսարանի գիտնականների մի խումբ Ջեֆրի Բոմգարդների ղեկավարությամբ հայտարարեց Մերկուրիի մոտ գիսաստղանման պոչի հայտնաբերման մասին, որի երկարությունն ավելին է քան 2,5 միլիոն կիլոմետրը։ Այն հայտնաբերվել է Երկրի վրայից դիտարկումների ընթացքում նատրիումի գծով։ Մինչ այդ հայտնի էր միայն 40 հազար կիլոմետրից ոչ ավելին պոչի գոյության մասին։ Այս խմբի կողմից առաջին լուսանկարները ստացվել էին 2006 թվականի հունիսին Հալեակալա հրաբուխի վրա գտնվող (Հավայի) 3,7-մետրանոց աստղադիտակով։ Մերկուրիի երկար պոչի պատկերը ստացվեց 2007 թվականի մայիսին Ջոդի Վիլսոնի և Կարլ Շմիդտի կողմից[52]։ Երկրից դիտվող պոչի տեսանելի երկարությունը կազմում է մոտ 3°։
Պոչի մասին նոր տեղեկություններ են ստացվել «Մեսենջեր» ԱՄԿ-ի երկրորդ և երրորդ անցումների ժամանակ մոլորակի մոտով 2009 թվականի նոյեմբերի առաջին կեսին[53]։ Այս տվյալների հիման վրա ՆԱՍԱ-ի աշխատակիցները կարողացան առաջարկել այս երևույթի մոդելը[54]։
Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը տատանվում է −1,9[4] - 5,5, սակայն նրան հեշտ չէ նկատել, նրա փոքր անկյունային հեռավորության պատճառով Արեգակից (առավելագույնը 28,3°)[55]։ Բարձր լայնություններում մոլորակը հնարավոր չէ դիտել գիշերային երկնքում. Մերկուրին տեսանելի է դառնում շատ կարճ ժամանակի ընթացքում վերջալույսի ժամանակ[56]։ Մոլորակի դիտարկման համար ամենահարմար ժամանակն է առավոտյան կամ երեկոյան մթնշաղը, նրա էլոնգացիա (Մերկուրիի Արեգակից առավելագույն հեռացման ժամանակը, որը տեղի է ունենում մի քանի անգամ տարվա ընթացքում)։
Մերկուրին ամենահարմարն է դիտարկել ցածր լայնություններում, հասարակածին. սա կապված է այն հանգամանքի հետ, որ այստեղ մթնշաղի տևողությունը ամենակարճն է։ Միջին լայնություններում Մերկուրին շատ ավելի բարդ է դիտել, այն երևում է միայն ամենալավ էլոնգացիաների ժամանակ, իսկ վերին բարձրություններում այն ընդհանրապես հնարավոր չէ տեսնել։
Մերկուրիի առավել վաղ հիշատակված դիտարկումը գրանցված է «Մուլ ապինում» (բաբելոնյան աստղաբաշխական աղյուսակների ժողովածու)։ Այս դիտարկումը կատարվել է, ամենայն հավանականությամբ ասորական աստղագետների կողմից, մոտավորապես մ.թ.ա. 14-րդ դարում[57]։ Շումերերեն անվանումը, որ օգտագործվել է Մերկուրիի համար «Մուլ ապինի» աղյուսակներում, կարող է արտաբերվել որպես UDU.IDIM.GU\U4.UD (թարգմանությունը «թռչկոտող մոլորակ»)[58]։ Սկզբում մոլորակը նույնացնում էին Նինուրտա աստծո հետ[59], իսկ ավելի ուշ գրառումներում այն անվանում են «Նաբու», իմաստության և գիրի աստծո պատվին[60]։
Հայկական աստղագիտության մեջ Մերկուրին անվանվում է Փայլածու։ Փայլածու է անվանվում նաև Հին հայկական տոմարի գիշերվա ժամը 12-ը։ Այն նաև հին հայկական տոմարի Ավելյաց ամսվա առաջին օրվա երկրորդ անունը։
Հին Հունաստանում Հեսիոդոսի ժամանակներում մոլորակը հայտնի էր Στίλβων («Ստիլբոն») և Ἑρμάων («Էրմաոն») անուններով[61]։ «Էրմաոն» անվանումը Հերմես աստծո անվան գրելաձևերից մեկն է[62]։ Ավելի ուշ հույները սկսեցին մոլորակը անվանել «Ապոլոն»։
Գոյություն ունի վարկած, որ «Ապոլոն» անվանումը համապատասխանում էր մոլորակի առավոտյանը երևալուն, իսկ «Հերմեսը» («Էրմաոն») երեկոյան[63][64]։ Հռոմեացիք մոլորակը անվանեցին արագավազ առևտրի աստծո Մերկուրիի անունով, որը համապատասխանում էր հունական Հերմես աստծոն, քանի-որ այն շարժվում էր երկնքով ավելի արագ, քան մյուս մոլորակները[65][66]։ Հռոմեական աստղագետ Պտղոմեոս Կլավդիոսը, ով ապրում էր Եգիպտոսում, գրել է մոլորակի Արեգակի սկավառակի վրայով անցնելու հնարավորության մասին, իր «Մոլորակների մասին վարկածներ» աշխատությունում։ Նա ենթադրեց, որ այսպիսի անցում երբեք չի նկատվել, քանի որ այնպիսի մոլորակը, ինչպիսին է Մերկուրին, չափազանց փոքր է դիտարկման համար, կամ, քանի որ անցման պահը ոչ հաճախ է պատահում[67]։
Հին Չինաստանում Մերկուրին անվանում էին Չին-սին (չինարեն՝ 辰星), «Առավոտյան աստղ»։ Այն կապում էին հյուսիսային ուղղության, սև գույնի և Ու-սինում ջրի տարրի հետ[68]։ «Հանշուի» տվյալներով, Մերկուրիի սինոդիկ պարբերությունը 115,91 օր էր, իսկ «Հոու Հանշուի» տվյալներով՝ 115,88 օր[69]։ Ժամանակակից չինական, կորեական, ճապոնական և վյետնամական մշակույթներում մոլորակը սկսել է անվանվել «Ջրային աստղ» (չինարեն՝ 水星)։
Հնդկական դիցաբանության մեջ Մերկուրիի համար օգտագործվել է Բուդհա (սանսկրիտ՝ बुधः) անունը։ Այս աստվածը, Սոմա աստծո որդին, գլխավորում էր չորեքշաբթի օրերը։ Գերմանական հեթանոսական հավատքում Օդին աստվածը նույնպես նույնացվում էր Մերկուրի աստծո և չորեքշաբթի օրի հետ[70]։ Մայա հնդկացիները պատկերացնում էին Մերկուրին որպես բու (կամ հնարավոր է, որ չորս բու, ընդ որում երկուսը համապատասխանում էին առավոտյան երևալուն, մյուս երկուսը՝ երեկոյան), որը անդրշիրիմյան աշխարհի ավետաբերն էր[71]։ Իվրիտով Մերկուրին անվանվում էր «Կոխավ Խամա» (եբրայերեն՝ כוכב חמה, «Արևային մոլորակ»)[72]։
Հնդկական աստղագիտական «Սուրյա-սիդհանտա» աշխատությունում, վերագրվում է 5-րդ դարին, Մերկուրիի շառավիղը գնահատվել էր 2420 կմ։ Սխալանքը իրական շառավղի հետ համեմատ (2439,7 կմ) կազմում է ավելի քիչ քան 1%։ Սակայն այս գնահատականը հիմնված էր մոլորակի անկյունային տրամագծի մասին ոչ ճիշտ ենթադրության վրա, որը ընդունվել էր 3 անկյունային րոպե։
Միջնադարյան արաբական աստղագետ Ազ-Զարկալին Անդալուզիայից նկարագրել էր Մերկուրիի երկրակենտրոն ուղեծրի դեֆերենտը (երկրակենտրոն համակարգում ուղեծրի ցուցիչ) որպես ձվի կամ սոճու ընկույզի նմանվող։ Այնուամենայնիվ, այս ենթադրությունը չի ազդել նրա աստղագիտական տեսության և աստղագիտական հաշվարկների վրա[73][74]։ 20-րդ դարում Իբն Բաջան դիտել էր երկու մոլորակներ, նրանց հետքերով Արեգակի սկավառակի վրա։ Ավելի ուշ Մարագինյան աստղադիտարանի աստղագետ Աշ-Շիրազին կարծիք հայտնեց, որ իր նախորդի կողմից դիտարկվել էին Մերկուրին և (կամ) Վեներան[75]։
Հնդկաստանում, կերալիական դպրոցի աստղագետ Նիլականթա Սոմայաջին 15-րդ դարուն ստեղծեց մասնակիորեն հելիոկենտրոն մոլորակային մոդել, որում Մերկուրին պտտվում էր Արեգակի շուրջ, որը իր հերթին պտտվում էր Երկրի շուրջ։ Այս համակարգը նման էր Տիխո Բրահեյի համակարգին, որը նա նախագծել էր 16-րդ դարում[76]։
Եվրոպայի հյուսիսային մասերում Մերկուրիի միջնադարյան հետազոտությունները դժվարացված էին նրանով, որ մոլորակը դիտարկվում է միայն առավոտյան և երեկոյան, և այս լայնություններում երևում է չափազանց ցածր հորիզոնի մոտ։ Նրա ամենալավ տեսանելիության ժամանակահատվածը (էլոնգացիա) պատահում է մի քանի անգամ տարվա ընթացքում (շարունակվում է մոտ 10 օր)։ Նույնիսկ այդ ժամանակահատվածներում Մերկուրին հեշտ չէ տեսնել անզեն աչքով (համեմատաբար ոչ-պայծառ աստղիկ բավականին պայծառ ֆոնի վրա)։ Գոյություն ունի վարկած, այն մասին, որ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ով դիտարկում էր երկինքը հյուսիսային լայնություններում և հիմնականում մառախլոտ Մերձբալթիկայի կլիմայում, զղջում էր, որ երբեք իր կյանքում չի դիտարկել Մերկուրին։ Այս առասպելը առաջ է քաշվել, քանի որ Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների պտույտի մասին» աշխատությունում չի բերվում ոչ մի օրինակ Մերկուրիի դիտարկման մասին, սակայն նա նկարագրել է մոլորակը հիմնվելով այլ աստղագետների դիտարկումների վրա։ Ինչպես նա ինքն է ասել, Մերկուրին հնարավոր է «որսալ» հյուսիսային լայնություններում, դրսևորելով համբերություն և խորամանկություն։ Հետևաբար, Կոպեռնիկոսը կարող էր դիտարկել Մերկուրին, և դիտարկել է այն, սակայն նկարագիրը տվել է այլ հետազոտողների արդյունքների հիման վրա[77]։
Մերկուրիի առաջին դիտարկումները աստղադիտակով կատարել է Գալիլեո Գալիլեյը 17-րդ դարի սկզբում։ Չնայած նա դիտարկում էր Վեներայի փուլերը, նրա աստղադիտակը այնքան հզոր չէր, որպեսզի երևային Մերկուրիի փուլերը։ 1631 թվականին Պյեր Գասենդին կատարեց մոլորակի Արեգակի սկավառակի վրայով անցման առաջին դիտարկումը։ Անցման պահը մինչ այդ հաշվարկել էր Յոհան Կեպլերը։ 1639 թվականին Ջովանի Զուպին աստղադիտակի միջոցով հայտնաբերեց, որ Մերկուրիի ուղեծրայի փուլերը նման են Լուսնի և Վեներայի փուլերին։ Դիտարկումները վերջնականապես ապացուցեցին, որ Մերկուրին պտտվում է Արեգակի շուրջ[10]։.
Չափազանց հազվագյուտ աստղագիտական երևույթ է մի մոլորակով մյուսի ծածկումը, որը դիտարկվում է Երկրից։ Երկրից դիտարկման ժամանակ Վեներան ծածկում է Մերկուրին մի քանի հարյուրամյակը մեկ անգամ, և այս իրադարձությունը պատմության մեջ դիտարկվել է միայն մեկ անգամ 1737 թվականի մայիսի 28-ին Ջոն Բևիսի կողմից Գրինվիչյան աստղադիտարանում[78]։ Հաջորդ ծածկումը կլինի 2133 թվականի դեկտեմբերի 3-ին[79]։
Մերկուրիի դիտարկումների հետ կապված բարդությունները բերեցին նրան, որ այն երկար ժամանակ մնաց ավելի քիչ ուսումնասիրված, քան մյուս մոլորակները։ 1800 թվականին Յոհան Շրյոտերը դիտարկելով Մերկուրիի մակերևույթի առանձնահատկությունները, հայտարարեց որ դիտարկել է այնտեղ 20 կմ բարձրությամբ լեռներ։ Ֆրիդրիխ Բեսելը, օգտագործելով Շրյոտերի գծանկարները, սխալմամբ որոշեց մոլորակի իր առանցքի շուրջ պտույտի պարբերությունը (24 ժամ) և առանցքի թեքումը (70°)[80]։ 1880-ական թվականներին Ջովանի Սկիապարելլին քարտեզագրեց մոլորակը ավելի ճշգրտորեն և ենթադրեց, որ պտույտի պարբերությունը կազմում է 88 օր և համընկնում է սիդերիկ պարբերության հետ մակընթացային ուժերի պատճառով[81]։ Մերկուրիի քարտեզագրման աշխատանքը շարունակեց Էժեն Անտոնիադիի կողմից, ով 1934 թվականին հրատարակեց գիրք, որտեղ ներկայացված էին հին քարտեզները և իր դիտարկումները[40]։ Մերկուրիի մակերևույթի շատ մասեր ստացել են իրենց անվանումները Անտոնիադիի քարտեզների համաձայն[82]։
Իտալացի աստղագետ Ջուզեպե Կոլոմբոն նկատեց, որ պտույտի պարբերությունը կազմում է սիդերիկ պարբերության 2/3 մասը, և ենթադրեց, որ այդ պարբերությունները համընկնում են 3։2 ռեզոնանսում[83]։ «Մարիներ-10» կայանից ստացված տվյալները, հետագայում հաստատեցին այս տեսակետը[84]։ Սա չի նշանակում, որ Սկիապարելլիի և Անտոնիադիի քարտեզները սխալ են։ Պարզապես աստղագետները դիտում էին նույն մակերևույթի առանձնահատկությունները մոլորակի ամեն երկու պտույտից հետո Արեգակի շուրջ, գծագրում էին դրան, և չէին տեսնում այն պահը, երբ Մերկուրին շրջված էր Արեգակին մյուս կողմով, քանի որ այդ պահերին ուղեծրի երկրաչափության պատճառով դիտարկման պայմանները վատն էին[80]։
Արեգակի մոտ լինելը ստեղծում է որոշակի բարդություններ Մերկուրիի դիտարկման համար։ Այսպես, օրինակ, «Հաբբլ» աստղադիտակը երբեք չի օգտագործվել այս մոլորակի դիտարկումների համար։ Նրա կառուցվածքը թույլ չի տալիս դիտարկել Արեգակին մոտ գտնվող մարմինները։ Դա կատարելու փորձի դեպքում սարքավորումը կվնասվի[85]։
Մերկուրին երկրային խմբի մոլորակներից ամենաքիչն է հետազոտված։ 20-րդ դարում նրա ուսումնասիրման աստղադիտակային մեթոդներին ավելացան ռադիոաստղադիտական, ռադիոլոկացիոն և տիեզերական սարքերով հետազոտությունները։ Մերկուրիի ռադիոաստղադիտական չափումները կատարվել են առաջին անգամ 1961 թվականին Հովարդի, Բարետի և Հեդոկի կողմից ռեֆլեկտոր աստղադիտակի միջոցով, որի վրա տեղադրված էին երկու ռադիոմետրներ[86]։ 1966 թվականին հավաքված տվյալների հիման վրա կատարվեցին բավականին ճշգրիտ գնահատումներ Մերկուրիի մակերևույթի ջերմաստիճանի մասին՝ 600 Կ արևահար կողմում և 150 Կ չլուսավորված կողմում։ Առաջին ռադիոլոկացիոն դիտարկումները կատարվեցին 1962 թվականի հունիսին Վլադիմիր Կոտելնիկովի խմբի կողմից ՌԷԻ-ում, նրանք ցույց տվեցին Մերկուրիի և Լուսնի արտացոլման հատկությունների նմանությունը։ 1965 թվականին նմանատիպ դիտարկումներ կատարվեցին Արեսիբոյի ռադիոաստղադիտակով, որի արդյունքում հնարավոր եղավ ստանալ Մերկուրիի պտույտի պարբերությունը՝ 59 օր[87]։
Մերկուրիի հետազոտման նպատակով ուղարկվել են միայն երկու տիեզերական սարքեր։ Առաջինն էր «Մարիներ-10-ը», որը 1974 - 1975 թվականներին երեք անգամ անցավ Մերկուրիի կողքով, առավելագույն մերձեցումը կազմեց 320 կմ։ Արդյունքում ստացվեցին մի քանի հազար լուսանկարներ, որոնք ծածկում էին մոլորակի մակերևույթի մոտ 45%։ Հետագա հետազոտությունները Երկրից ցույց տվեցին ջրային սառույցի առկայության հնարավորությունը բևեռային խառնարաններում։
Երկրորդ սարքը, որի առաքելությունը իրականցվում է ներկա պահին ՆԱՍԱ-ի կողմից, «Մեսենջեր» ԱՄԿ-ն է։ Սարքը արձակվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին, իսկ 2008 թվականի հունվարին այն առաջին անգամ կատարեց Մերկուրիի շուրջ թռիչքը։ Որպեսզի 2011 թվականին դուրս գա Մերկուրիի ուղեծիր, սարքը կատարեց ևս երկու գրավիտացիոն մանևր Մերկուրիի մոտ, 2008 թվականի հոկտեմբերին և 2009 թվականի սեպտեմբերին։ «Մեսենջերը» նույնպես կատարել էր մի մանևր Երկրի մոտ 2005-ին և երկու մանևր Վեներայի մոտ 2006-ին և 2007-ին, որոնց ընթացքում կատարել է սարքավորումների ստուգումներ։
Էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի զարգացման հետ հնարավոր դարձավ նաև կատարել Մերկուրիի դիտարկումներ Երկրի մակերևույթից օգտագործելով կիսահաղորդիչային ընդունիչները և ստացված տեղեկությունների հետագա համակարգչային վերլուծությունը։ Այս մեթոդով կատարված Մերկուրիի առաջին դիտարկումները կատարվեցին 1995 - 2002 թվականները Յոհան Վարելի կողմից Լա Պալմա կղզու վրա գտնվող աստղադիտարանից, կեսմետրանոց արևային աստղադիտակով։ Վարելը ընտրում էր լուսանկարներից լավագույնները, առանց համակարգչային համատեղում օգտագործելու։ Համատեղում սկսեցին օգտագործել Աբասթումանյան աստղադիտարանում Մերկուրիի 2001 թվականի նոյեմբերի 3-ին ստացված լուսանկարների վրա, ինչպես նաև Իրակլիոնի համալսարանի Սկինակսա աստղադիտարանում 2002 թվականի մայիսի 1-2 ստացված լուսանկարների շարքի վրա։ Մոլորակի ստացված լուսանկարների թույլտվությունը համեմատելի էր «Մարիներ-10» ԱՄԿ-ից ստացված պատկերների հետ, ոչ մեծ 150-200 կմ ձևավորումների ուրվագծերը կրկնվում էին։ Այս մեթոդով կազմվեց Մերկուրիի քարտեզը 210 - 350° լայնությունների համար[88]։
2011 թվականի մարտի 17-ին «Մեսենջեր» միջմոլորակային կայանը դուրս եկավ Մերկուրիի ուղեծիր։ Ենթադրվում է, որ նրա վրա տեղադրված սարքավորումներով հնարավոր կլինի հետազոտել մոլորակի լանդշաֆտը, մթնոլորտի և մակերևույթի կազմությունը, ինչպես նաև հնարավոր կլինի հետազոտել էներգետիկական մասնիկները և պլազման Մերկուրիի մոտակայքում։ Կայանի աշխատանքի երկարությունը ընդունվել է մեկ տարի[89]։
2011 թվականի հունիսի 17-ին «Մեսենջեր» ԱՄԿ-ի առաջին հետազոտությունների արդյունքներով հայտնի դարձավ, որ մոլորակի մագնիսական դաշտը սիմետրիկ չէ բևեռների նկատմամբ, այսպիսով հյուսիսային և հարավային բևեռներին հասնում է տարբեր քանակի արեգակնային քամու մասնիկներ։ Նույնպես կատարվել է մոլորակի վրա քիմիական տարրերի բաշխման վերլուծություն[90]։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) համատեղ Ճապոնական տիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) նախագծում է «BepiColombo» առաքելությունը, որը բաղկացած է լինելու երկու սարքերից՝ Mercury Planetary Orbiter (MPO) և Mercury Magnetospheric Orbiter (MMO)։ Եվրոպական սարքը, MPO, հետազոտելու է Մերկուրիի մակերևույթը և նրա ընդերքները, իսկ ճապոնական, MMO պետք է հետազոտի մագնիսական դաշտը և մագնիսոլորտը։ BepiColombo-ի արձակումը նախատեսվում է 2013 թվականին, իսկ 2019-ին այն դուրս կգա Մերկուրիի ուղեծիր, որտեղ կբաժանվի երկու մասերի։
Ռուսաստանը նախատեսում է իրականացնել առաջին առաքելությունը վայրէջքով մոլորակի մակերևույթին, այն կոչվում է «Մերկուրի-Պ»։ Ծրագրի իրականացումը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն այն զգալիորեն հետաձգվել է։
Մերկուրիի մակերևույթի երկրաբանական օբյեկտների անվանման կարգը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության XV Գլխավոր վեհաժողովի ժամանակ 1973 թվականին[46]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.