Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի պատմություն, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմություն։ Ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արևելյան մասում)։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, որը բաժանվել է 12 գավառի՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստի, Փառնես, Կողթ։ Մինչև 4-րդ դարը ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էր Ուտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին։ Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։
Արցախը հաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմավորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանով Արցախի պատմությունը թևակոխել է զարգացման նոր փուլ։
Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։
Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք»։ 10-րդ դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով»։ 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։
Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[2]։
Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։
«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։
Երկրամասի մասին առաջին վկայությունները Որվանի (Ազոխ), Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում վերաբերում են հին քարի դարի (պալեոլիթ) աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Որվանի քարայրում (ԼՂՀ Հադրութի շրջան) հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մատաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։
Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած Մերձավոր Արևելքում հիմնադրվում են առաջին պետական կազմավորումները։ Հայկական լեռնաշխարհ ի առաջին պետությունը Վանի թագավորությունն էր, որ առաջացել էր մ.թ.ա. 9-րդ դարում[3]։ Նրա գոյատևման երեքհարյուրամյա ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկգբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ագդեցությունների ոլորտներում։ Խոջալուի (Իվանյան) դամբարանաղաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ Ըստ Վանի թագավորության Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. 764-735) սեպագիր արձանագրության (պահպանվել է Ծովք գյուղի մոտ), որտեղ նշվում է «Կուրի և Արաքսի միջագետքում 19 երկրների նվաճման մասին»։
Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Դիոն Կասսիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի Ա-ի՝ (մ.թ.ա. 786-764) Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան Վիկտոր Բալայանի այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։
Մ.թ.ա. 6-րդ դարում Երվանդ Սակավակյացը հիմնադրում է առաջին համահայկական պետությունը, որի մեջ միավորվում են հայալեզու բոլոր գավառները։ Նույն դարում այն դառնում է Աքեմենյան պետության սատրապությունը, ապա՝ կիսվում հյուսիսային ու հարավային հատվածների։ Արցախը մտնում է Հյուսիսային Հայաստանի կազմի մեջ, որի կենտրոնը Էրեբունի ամրոցն էր (Երևան)։
Արցախի նախարարական տունը, ըստ ավանդության, սերում է Հայկ Նահապետի ժառանգ Սիսակից։ Նախարարական տան նախահայրը եղել է Հայկազուն Առանը, որի անունից էլ առաջացել է հարստության «Առանշահիկ» (նշանակում է Առանի տիրակալ) անվանումը։
Ալեքսանդր Մակեդոնացու՝ մ.թ.ա. 334 թվականին սկսված արշավանքներից հետո Երվանդունիների թագավորությունն անկախանում է։ Այդ ժամանակ նույնպես, Արցախը և արևելյան հարևան Ուտիքը մտել են հայկական պետության մեջ[4]։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ՝ «Օրխիստինա» - Արցախ։
Մ.թ.ա. 189 թվականին Մեծ Հայքում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն և գահին բազմում են Արտաշեսյանները։ Տոհմի հիմնադիր Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) ձեռնարկում է հայկական պետությունից անջատված ծայրագավառների վերադարձը։ Ստրաբոնի վկայությամբ՝ Արտաշեսի միավորիչ գործունեության արդյունքում հայալեզու գավառները մտան մեկ պետության կազմ։
Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (հնավայրը ԼՂՀ Աղդամ քաղաքի շրջակայքում է, պեղումները՝ 2006 թվականից)։
Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմների արդյունքում Արտաշեսյանների թագավորությունը 1 թվականին կործանվում է։ 66 թվականին Արտաշատում՝ հայկական գահին, բազմում են պարթև Արշակունիները։ Արշակունյաց թագավորության տարածքում ներառված էին Մեծ Հայքի բոլոր 15 նահանգները («աշխարհները»), այդ թվում՝ Արցախը, որոնք մտնում էին նախորդ երկու հայկական պետությունների կազմում[5]։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը նոր պետության նահանգներից մեկն է։
4-րդ դարի սկգբին Արցախը հենակետ է եղել Հյուսիս-արևելյան Հայաստանում և հարևան բուն Աղվանքում քրիստոնեություն տարածելու համար։ Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, Աղվանից եկեղեցու հիմնադիր Գրիգորիսը (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) մեծ դեր է խաղացել Արցախի և Ուտիքի, ինչպես նաև բուն Աղվանքի մի շարք գավառներում քրիստոնեությունը քարոզելիս, որտեղ էլ նահատակվել է Մազքթաց թագավոր Սանեսանի կարգադրությամբ։ 5-րդ դարի սկգբին, հայերեն գրերի ստեղծման շնորհիվ, ինչպես Հայաստանի մյուս նահանգներում, այնպես էլ Արցախում սկսվել է կրթամշակութային աննախադեպ վերելք։ Ընդ որում՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարաս վանքում հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը։
Ռազմավարական դիրք զբաղեցնող Հայկական լեռնաշխարհի նկատմամբ Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի զավթողական քաղաքականության արդյունքում 387 թվականին տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը. Մեծ Հայքը բաժանվեց երկու տերությունների միջև։ Երկրի արևելյան նահանգներ Արցախը և Ուտիքը միցվեցին Աղվանքին, վերջինիս թագավորների՝ սասանյան շահնշահերին մատուցած ծառայությունների դիմաց։
Ավարայրի ճակատամարտում պարսիկներին ընդդեմ ելած հայկական զորքերի մեջ աչքի էր ընկնում Արցախի այրուձին[6], որը քաղաքական հեղինակություն բերեց տարածաշրջանում։ Օտար լծի տակ գտնվելով՝ Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը։ Այդ մասին են փաստում Կորյունի վկայությունները, որոնց համաձայն Մեսրոպ Մաշտոցը լուսավորական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր «Փոքր Սյունիք»։ Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցը։
451 թվականին, օգտվելով Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից, Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն։ Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը՝ Վարդան Մամիկոնյանի համախոհներից մեկը։ Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավոր՝ Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Սակայն 457 թվականին Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնին և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ։
5-6-րդ դարերում Արցախը չի մտել Հայկական մարզպանության մեջ։ Աղվանից թագավորությունը 469 թվականին վերածվել է պարսկական մարզպանության՝ պահպանելով «Աղվանք» անունը։
Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո, 487 թվականին նրա եղբոր որդի Վաչագան Բարեպաշտը Հայոց Արևելից աշխարհում հռչակվում է «Աղվանից արքա»։ Վերջինս թագավորանիստ է դարձրել իր հիմնադրած Դյուտական ավանը (Տրտու գետի ափին)։ Ծավալել է եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն, կառուցել է վանքեր ու եկեղեցիներ (Բաքվում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500 թվականին), բացել դպրոցներ։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում կանոնադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։ Արքան ինքն էր հաճախ դպրոց այցելում և հրճվում աշակերտների ընթերցանությամբ[7]։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչագան Գ Բարեպաշտը ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը։ ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեցական նախկին կանոնների ու պետական կազմակերպության մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ Բարեպաշտի կազմած «Սահմանադրութիւն կանոնական...» հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում:Մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն իրադրությունը փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայաստան ներխուժեցին արաբները։
652 թվականին, խուսափելով արաբների հետագա ասպատակություններից, հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[8]։ Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան՝ Համազասպ Մամիկոնյանը։ Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում՝ Արցախը։ 701 թվականին ամբողջ Հարավային Կովկասն ու Հայկական լեռնաշխարհը միավորվեցին վարչաքաղաքական մեկ կառույցի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Այն բաժանվեց 4 ամիրայությունների՝
Առանշահիկ և Միհրանյան տոհմերի շուրջ 200-ամյա պայքարը (վերջիններս Ուտիք էին թափանցել 7-րդ դարում) 9-րդ դարի սկգբին ավարտվել է առաջինի հաղթանակով։ Հակաարաբական ապստամբության ժամանակ՝ 9-րդ դարի առաջին կեսից մինչև 853 թվականը Առանշահիկների 2 ճյուղերը՝ խաչենցիները՝ Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, և դիզակցիները՝ Գտիչի (Քթիշ ամրոց) հերոս Եսայի Աբու-Մուսեի ղեկավարությամբ, դիմադրել են արաբական զորքերին։
Կուսակալության գոյության տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885 թվականին արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունու գահակալությունը։ Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում։
9-րդ դարի վերջին Արցախի իշխանական տան 2 ճյուղերը վերստին հզորացել են և Բագրատունյաց թագավորության (885-1045) ենթակայությամբ ստեղծել 2 փոքր թագավորություններ՝ մեկը՝ Դիզակում Եսայիի թոռ Գագիկի գահակալությամբ, մյուսը՝ Խաչենում՝ Սահլ Սմբատյանի թոռ Համամ-Գրիգոր Բարեպաշտի (Համամ Արևելցի) ղեկավարությամբ։ Վերջինիս տիրապետությունը տարածվել է Սևանա լճի հարավարևելյան ափերից մինչև Մուղանի դաշտը, իսկ հյուսիսում ընդգրկել է Ուտիքի արևմտյան գավառներն ու հայաբնակ Կամբեճան գավառը (հետագայում Շաքի)։ Համամ-Գրիգոր Բարեպաշտի 4 որդիները նրա թագավորության սահմաններում 10-րդ դարի սկգբին ստեղծել են 4 նոր իշխանություններ՝ Վերին Խաչենում (Սոդք, Ծար, Հաթերք), Ներքին Խաչենում (Գանձասարը՝ իր հարակից տարածքով, Մեծ Առանքը՝ Խաչենագետի ու Կարկառի հովիտները, և Հաբանդի մի մասը՝ այժմյան Մարտունիի շրջան), Փառիսոսի թագավորությունը (Փառնես-Փառիսոս գավառով, Շամքորը՝ իր հարակից տարածքով, Գարդմանքն ու Ձորագետի կողմերը) և Կամբեճան-Շաքիի թագավորությունը, որը 10-րդ դարի կեսին կտրվել է հայկական միջավայրից, որովհետև Համամի թոռ Իշխանիկն ու նրա մայրը՝ Դինարը (վրաց իշխանաց իշխան Համամ Արևելցիի քույրը), բնակչությանը քաղկեդոնական են դարձրել և հեռացրել Հայոց եկեղեցուց ու պետությունից։
Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում՝ սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ[9]։ Տուղրիլ բեկի (1025-1063 թթ.) կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ։
1064 թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն՝ Ալփասլանի գլխավորությամբ սրի ու գերության մատնեցին Արցախը։ 12-րդ դ. սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր վրացական թագավորությունը։ Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ՝ չէր համակերպվում այդ կացության հետ։
Հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը։ Եվ հայ-վրացական ռազմա-քաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես՝ Զաքարյանների տոհմի ներկայացուցիչները[10]։ 12-րդ դ. 90-ական թթ. նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։ Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայկական տարածքները, որոնց թվում՝ նաև Արցախը։ Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ։ Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը (Ծարա), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ ընդունում էր վերջիններիս գերագահությունը։ Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև։ Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին։ Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց Հասան-Ջալալի օրոք։ Հասան Ջալալի ամբողջ տիտղոսն էր. «բնակաւոր ինքնակալ բարձր ու մեծ արցախական աշխարհի թագաւոր յոգնասահման նահագիւ»։ Նա կառուցում է Գանձասարի մայր տաճարը, որն այնուհետ դառնում է Արցախի հոգևոր կենտրոնը։ Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նույնիսկ վրաց թագավորները։ Ավելի ուշ միջնադարում, մասնավորապես Արաբական տիրապետությունից (7 - 9-րդ դարեր) հետո, այստեղ կային մի քանի իշխանական տներ. Խաչենի իշխանությունը սակայն գերիշխում էր Արցախում[11][12][13]։ 7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ՝ Արմինիա կուսակալության կազմում։ Այդ շրջանում լինելով բազմաէթնիկ (Արցախում՝ հայեր, այլ գավառներում՝ աղվանական և իրանական ցեղեր ) Աղվանից թագավորության մաս գտնվել է իշխող Միհրանյան տոհմի տիրապետության ներքո։
1221 թ. Կոտման (Թոուզ) գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը։ Երկրորդ արշավանքի ժամանակ գրավեցին նաև Արցախը[14]։ Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները՝ Ղազան խանի օրոք պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները։ 1386 թ. Լենկ-Թեմուրը, գրավելով Թավրիզն, անցնում է Արաքսը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ՝ գրավում Վերին Խաչենը։ Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել։
15-րդ դ. կարա-Կոյունլու տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև ակ-Կոյունլու տիրապետության շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։
14-15-րդ դդ. հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն՝ այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան՝ Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։
16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555 թ. պատերազմող կողմերն Ամասիայում հաշտություն կնքեցին[15]։ Հարավային Կովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։ 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։ 1580 թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639 թ. և ավարտվեցին Կոստանդնուպոլսում կնքված հաշտության պայմանագրով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։
18-րդ դ. սկզբներին օգտվելով Պարսկաստանում ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ պատերազմներից Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով՝ Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է Սղնախներ անունով[16]։ Հայտնի են Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Շուշիի, Բադարա գյուղի մոտակայքում, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում, Տող և Տումի գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար։
1723 թ. Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726 թ.՝ Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո Թուրքիային էին անցնում այսրկովկասյան տիրույթները ներառյալ՝ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը[17]։
Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Արցախի մելիքները, որոնցից ոմանք իրենց սերված էին համարում հին հայկական թագավորներից[18], 17-րդ դարի վերջերից սկսում են օժանդակություն փնտրել Արևմուտքում, ապա և Ցարական Ռուսաստանում, նպատակ ունենալով Պարսկական լծից ազատագրումը և Հայկական պետականության վերականգնումը։ Իսրայել Օրին, որն այդ նպատակով 20 տարի դեգերել էր Եվրոպայում, խոստանում է Հովհան Վիլհելմին՝ Պալցի կայսրընտիր իշխանին, Հայաստանի թագը, եթե նա գոնե փոքր բանակով օգնության գա մելիքներին[19]։ Այնուհետև Օրին ուղևորվում է Մոսկվա, որտեղ հանդիպում է Պետրոս Մեծին։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի օրոք։ Նադիր շահը հաղթանակ տարավ թուրքերի դեմ։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը ստիպված 1736 թ. Էրզրումում հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը (Երևանը, Ղարաբաղը, Նախիջևանը) Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1735 թ. հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դ. ավարտին[20]։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թ գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում Փանահ խանը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի մելիք՝ Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շոշի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան, և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը։ Այդպիսով Խամսայի մելիքությունը թուլացավ և սկսեց կործանվել։ Շուրջ 1750 թ. Ղարաբաղում իշխանության գլուխ է գալիս Փանահ Ալի խանը, սա սկիզբն է դառնում Ղարաբաղի Խանության։ Այս շրջանում հայերի հոծ արտահոսք է սկսվում Արցախից[21][22]։ 18-րդ դ. վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794 թ. Աղա Մուհամմադ խանն իրեն շահ է հռչակում։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք օգնեն տապալել Իբրահիմ խանին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795 թ. շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ Հետագայում Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում։
Աղա Մուհամմադ շահի սպանությունից հետո իշխանության գլուխ է անցնում Ֆաթալի շահը, որը փորձում է ամրապնդել Պարսկաստանի գերիշխանությունը Այսրկովկասում։ Այդ ժամանակաշրջանում ռուս-պարսկական խորացող հակասությունները վերածվում են երկարատև պատերազմի (1804-18013 թթ)[23]։ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813 թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդ պայմանագիրը վկայում է, որ Արցախն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին։ Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։
Ռուս-Պարսկական պատերազմից հետո, Արցախի համար սկսվում է տևական խաղաղության մի շրջան, որը հնարավոր է դարձնում երկրի տնտեսական և մշակութային զարգացումը։ Շուշին, որ նախկինում խանության ամրոց-նստավայրն էր, դառնում է Արցախի մայրաքաղաքը, և որպես տարածաշրջանի կարևոր առևտրական և մշակութային կենտրոն, հայտնի էր նաև որպես Կովկասի «Փոքր Փարիզ»։
1920 թ. Շուշին շուրջ 60.000 բնակչությամբ (որի 78 տոկոսը հայեր էին[24]), Թիֆլիսից հետո Անդրկովկասի ամենամեծ քաղաքն էր, այսինքն՝ իր բնակչության թվով գերազանցում էր թե Երևանին, թե՛ և Բաքվին։ Արցախի բնակչությունը 1918 թ. շուրջ 350.000 էր, որից 95 տոկոսը՝ հայեր, 3 տոկոսը՝ ադրբեջանցիներ, 2 տոկոսը՝ ռուսներ, քրդեր և այլ փոքրամասնություններ[25][26]։ 1840-1917 թթ մի շարք վարչատարածքային բաժանումներ կատարվեցին Ցարական Ռուսաստանի կողմից, որտեղ Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ՝ Շամախու նահանգի, մեկ՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում[27]։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917 թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտե։ Արդյունքում, Անդրկովկասում ստեղծվեցին երեք ազգային պետություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները։ Իսկ 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն[25][28]։ Երկու օր անց «Ղարաբաղի ժողովրդական կառավարության դեկլարացիայով» հրապարակվում են իշխանության առաջիկա կարևորագույն խնդիրները[29]։ Մինչև 1920 թ. Արցախն ուներ ինքնիշխան պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, այդ թվում՝ օրինավոր իշխանություն և զինված ուժեր[25]։ Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել ոչ որպես Ադրբեջանի տարածք[25][28]։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլն Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Ադրբեջանական իշխանությունները Արցախը հայտարարում են Ադրբեջանի մաս և Խոսրով Սուլթանովին նշանակում Ղարաբաղի և Զանգազուրի գեներալ-նահանգապետ։ Խոսրով Սուլթանովին աջակցում էին օսմանյան գեներալ Խալիլ փաշան և Նուրի փաշան՝ Ադրբեջանում օսմանյան կայազորի հրամանատարը, որն իր եղբայր Էնվեր փաշայից հրահանգ էր ստացել այդ տարածքը «մաքրել» հայերից[30]։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։ 1919 թ. օգոստոսի 22-ին 7-րդ ԱՀՀ-ն թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ հաշտության պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես կգտնվեր Ադրբեջանի իրավասության տակ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության Համագումարում, այն պայմանով, որ Ադրբեջանական զինված ուժերը Արցախ մուտք չեն գործի։ Սակայն այս պայմանագրի պայմանները շարունակաբար ոտնահարվում են Ադրբեջանական կողմից. ի վերջո Թուրք-Ադրբեջանական ներխուժումը Արցախցիներին արժենում է երկրի մայրաքաղաք Շուշին, որը մեծ մասամբ ավերվում է և հրդեհվում. և որտեղ 1920 թ. մարտի 22-ի գիշերը սարսափելի կոտորածներ են լինում[25][31]։ Այնպես որ ադրբեջանցի սպա Ի. Ալիմանդարբեկովը նամակում գրում է Բաքվում իր եղբորը.
«Տեսածդ հայկական Շուշան ամբողջովին հրդեհված է։ Միայն 5-10 տուն թողեցին անվնաս։ Ավելի քան 1.000 հայեր են գերի վերցված։ Բոլոր տղամարդկանց կոտորել են, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց, նույնիսկ խալիֆին (Վահան Տեր-Գրիգորյանին՝ Արցախի եպիսկոպոսին)։ Մուսուլմանները անհաշիվ հարստություն են կողոպտել հայերից...» - Իսմաիլ Ալիմանդարբեկով (7 ապրիլի, 1920 թ.)[32] |
Ապրիլի 22-ին Թաղվարդ գյուղում 9-րդ ԱՀՀ-ն չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անբաժանելի մասը[28][33]։ Նույն ամսում, երբ Ադրբեջանական զինված ուժերը դեռ փորձում էր արյան մեջ խեղդել արցախահայերի դիմադրությունը, Կարմիր բանակը մուտք է գործում Բաքու։
1918-1920 թվականներին Արցախը դարձել էր «տարածքային վեճերի» առարկա։ Ռուսական կայսրության անկումից հետո՝ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմված Անդրկովկասի սեյմը (խորհրդարան) ապրիլի 9-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասը հայտարարել է Ռուսաստանից անջատ և հռչակել անկախ Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանը ձգտել է միավորվել Թուրքիայի հետ, Վրաստանը հույսեր է տածել Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հավատարիմ մնացած Հայաստանին ոչ մի տերություն չի սատարել։ Սակայն ռագմաքաղաքական իրադրության և ազգային շահերի հակասությունների հետևանքով Անդրկովկասի դաշնության արագորեն փլուզումը դարձել է անխուսափելի։
1918 թվականի մայիսի 26-ին սեյմը վայր է դրել իր լիազորությունները, Վրաստանը հայտարարել է իր անկախությունը։ Մայիսի 27-ին հռչակվել է Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ), մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ)։ Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ «Ադրբեջան» անունով պետություն ձևավորվել էր առաջին անգամ և որևէ պատմական կապ չուներ Արևելյան Անդրկովկասի հետ։ Իսկ Ատրպատականը, որի տարընթերցումներից է «Ադրբեջան» անվանումը, Պարսկաստանի տարածք է։ «Ադրբեջան» պետության ստեղծումը Անդրկովկասում հետապնդում էր պանթուրքական տերություն ստեղծելու աշխարհաքաղաքական նպատակ՝ հավակնություններ ուներ պարսկաստանի՝ բուն Ադրբեջանի, Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի նկատմամբ և դրանց միջոցով Կենտրոնական Ասիա դուրս գալու գերնպատակ։
Նորաստեղծ Ադրբեջանը նպատակ ուներ ցամաքային կապ հաստատել օսմանյան կայսրության հետ, որի ճանապարհին ընկած էր նաև Արցախի տարածքը։ Արցախի ժողովուրդը հրաժարվել է ճանաչել ԱՀ-ի իրավասությունը։ Այստեղ իշխանությունն իր ձեռքն է վերցրել հայկական ազգային նահանգային խորհուրդը և կազմակերպել պայքար մուսավաթական Ադրբեջանի դեմ։ 1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվել է Արցախահայության 1-ին համագումարը, որը Արցախը հռչակել է ՚ անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրել Ղարաբաղի ազգային խորհուրդ և կառավարություն՝ կազմված 7 հոգուց։ Հուլիսի 24-ին ընդունվել է Ղարաբաղի կառավարության հռչակագիրը։ ԱՀ-ի կառավարությունն այդ համագումարից հետո փորձել է Արցախն Ադրբեջանին կցել թուրք, զորքերի օգնությամբ։ Զորահրամանատար Նուրի փաշան վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի ազգային խորհրդին, սակայն սեպտեմբերի 6-ին հրավիրված Արցախահայության 2-րդ համագումարը մերժել է թուրքական հրամանատարության և մուսավաթական կառավարության պահանջը։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին անգլ. ուժերի՝ դիրքերը լքելուց հետո թուրքերը ներխուժել են Բաքու և կազմակերպել եռօրյա «խրախճանք»՝ կոտորելով 30 հազար անզեն հայերի։ Բաքվի և Ելիգավետպոլի նահանգներում ավերվել ու ոչնչացվել են հարյուրավոր հայկական գյուղեր։ Թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր է հղել Ղարաբաղի կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել ու թույլատրել թուրք-ադրբեջանական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել ԱՀ-ի իշխանությունը։ 1918 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրված Արցախահայության 3-րդ համագումարը դարձյալ մերժել է թուրքերին։ Թուրքական հրամանատարությունն ստիպված հրաժարվել է ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, չի պնդել Ադրբեջանի իշխանության ճանաչումը և խոստացել է պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն, պնդել է միայն զորքերը Շուշի մտցնելու պահանջը։ Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թվականներին) գերմանա-թուրքական խմբավորման պարտությունը դարձել էր օրախնդիր, Ղարաբաղի կառավարությունը ժամանակ շահելու նպատակով համաձայնել է այդ պահանջին։ Առանց կռվի մտնելով Շուշի՝ թուրքերը զինաթափել են քաղաքի հայ բնակչությանը, ձերբակալել մտավորականությանը։
1918 թվականի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչել է իր պարտությունը Առաջին աշխարհամարտում։ Թուրք, զորքերը նահանջել են Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրավել են անգլիացիները և երկրամասում դարձել բացարձակ տեր ու տիրական։ ԱՀ-ի կառավարությունն այս անգամ փորձել է անգլիացիների օգնությամբ նվաճել Արցախը։ Անդրկովկասում հանրապետությունների սահմանները չէին կարող որոշվել առանց Անգլիայի համաձայնության։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը որոշվելու է Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-1920 թվականներին), անգլիական հրամանատարությունն իրականում ջանք չի խնայել Արցախը մուսավաթական Ադրբեջանին կցելու համար։ Հսկողություն հաստատելով Բաքվի նավթի արտահանության վրա՝ նրանք ձգտել են Անդրկովկասը վերջնականապես անջատել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը դարձնել Արևմուտքի ամրակետը և խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը։ Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետությունների քաղաքականությունն ակնհայտ ադրբեջանամետ էր։ Ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգվել է Արցախի էթնիկ պատկերի այնպիսի փոփոխության հաշվարկով, որը նպաստավոր լիներ մուսավաթական Ադրբեջանի համար։ 1919 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել է Արցախի գեննահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։
1919 թվականի փետրվարի 19-ին Շուշիում գումարվել է Արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժել է Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեն-նահանգապետ նշանակելու համար։ Ի պաշտպանություն Սուլթանովի նշանակման՝ բրիտանական առաքելությունը հանդես է եկել պաշտոն, ծանուցմամբ, որտեղ հայտարարել է «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվել է Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ է համարում վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Ղարաբաղի ազգային խորհուրդը հայտարարել է, որ Արցախի կառավարման միակ ընդունելի ձևը համարում է անգլիացի գեն-նահանգապետի նշանակումը։ Սակայն անգլիական հրամանատարությունը, հակառակ հայերի բողոքների, շարունակել է օգնել ադրբեջանական կառավարությանը։ Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շատելվորտը 1919 թվականի ապրիլի վերջերին եկել է Շուշի՝ Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով։ Ապրիլի 23-ին Շուշիում հրավիրվել է Արցախահայության 5-րդ համագումարը, որը մերժել է Շատելվորտի պահանջը։ Սուլթանովը վճռել է Արցախն իրեն ենթարկեցնել զենքի ուժով։ Գրեթե ողջ ադրբեջանական բանակը կենտրոնացվել է Արցախի սահմանների երկայնքով։ 1919 թվականի հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացել են Արցախից՝ գործողությունների ազատություն տալով ադրբեջանական զորքերին։ Այդ օրերին հրավիրված Արցախահայության 6-րդ համագումարին պետք է մասնակցեին և՝ բրիտանական առաքելության, և՝ ԱՀ կառավարության ներկայացուցիչները։ Համագումարի հիմնական խնդիրը մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովի հրավիրումը Արցախի և ԱՀ-ի փոխհարաբերությունների հարցի քննարկումն էր։ Սակայն բրիտանական առաքելության և ԱՀ-ի կառավարության ներկայացուցիչները ներկայացել են համագումարի ավարտից հետո, և նրանց հետ բանակցություններ չեն կայացել։ Բայց քանի որ համագումարի ստեղծած հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ պատերազմի դեպքում Արցախը չի կարողանա պաշտպանել իր անկախությունը, Ադրբեջանի զինված հարձակման սպառնալիքի տակ ստիպված բանակցություններ է սկսել։
1919 թվականի օգոստոսի 13-ին հրավիրված Արցախահայերի 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրել է համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջն, լուծումը Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։ Սակայն հայերը զենքը վայր չեն դրել, և ադրբեջանական զորքերն էլ չեն մտել Արցախ։ Երկրամասն առաջվա պես մնացել է ինքնուրույն քաղաքական միավոր։ 1920 թվականի փետրվարի 19-ին Սուլթանովը նորից դիմել է Ղարաբաղի ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով։ 1920 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը տեղի է ունեցել Արցախահայության 8-րդ համագումարը, որը մերժել է Սուլթանովի այդ պահանջը ևս։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի հայերն ինքնապաշտպանության նպատակով մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը դիմել են զինված ապստամբության։ Մարտերը շարունակվել են մինչև ապրիլի 13-ը։ Առանձնապես ողբերգական էր 1920 թվականի մարտի 23-ը, երբ թուրք-ադրբեջանակն զորքերը հրկիզել և կողոպտել են երկրամասի մայրաքաղաքը՝ Անդրկովկասի՝ բնակչության թվով հինգերորդ քաղաքը՝ Շուշին։ Սպանվել է ավելի քան 20 հազար հայ, իսկ քաղաքը հիմնովին ավերվել է, ոչնչացվել և սրբապղծվել են տասնյակ եկեղեցիներ ու պատմամշակութային այլ կոթողներ։ 1918-1920 թվականներին թուրքական զորքերի և ադրբեջանական ավազակախմբերի համատեղ հարձակումներից կոտորվել և սովից ու համաճարակներից մահացել է ավելի քան 300 հազար հայ։
Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ Հայաստանից օգնության են հասել ապստամբներին և Արցախից դուրս քշել ադրբեջանական զորքը։ [1920 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել Արցախահայությաև 9-րդ համագումարը, որը Արցախը հռչակել է Հայաստանի անքակտելի մասը։ Համագումարի ամփոփիչ փաստաթղթում ասված է՝
Այսպիսով՝ Անդրկովկասի 3 ազգային պետությունների սահմանների որոշման և կազմավորման նախնական շրջանում Արցախը չի եղել մուսավաթական Ադրբեջանի կազմում՝ անկախ նրա կառավարության հռչակագրից։ 1918 թվականի մայիսի վերջերից մինչև 1920 թվականի ապրիլի վերջը՝ Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումը, Արցախը փաստացի Եղել է անկախ։ Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամակցությունը այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության տակ։ Վիճելի է ճանաչել նաև հայկական Ղարաբաղի կարգավիճակը, ընդ որում՝ ավելի ընդարձակ սահմաններում, քան Արցախի ներկայիս սահմաններն են, և որոշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առնչությամբ Ղարաբաղի վերջն, կարգավիճակը պետք է լուծվի Փարիզի հաշտության խորհրդաժողովում։ Սակայն տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնահարցը դուրս է մնացել միջազգային կառույցների օրակարգից։
Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից։ 1920 թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարության կողմից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում[34]։ Ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս։ Այդ որոշումը վավերացվեց 1920 թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով[35]։ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա՝ 1921 թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս։
1921 թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Արցախը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում՝ չպահպանելով նույնիսկ ընթացակարգը։
«...ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից, և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն և վարչական կենտրոն Շուշիում...»[36] |
Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ) կ)՝ առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի, երկրի կարգավիճակը[34]։ Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922 թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923 թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Սկզբնապես ԼՂԻՄ-ը սահմանակցում Հայկական ԽՍՀ-ին սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում Քարվաճառի և Լաչինի անջատումը[25]) 20-ական թվականների ավարտին այն դարձրեցին էնկլավ։ 1923 թ. ԼՂԻՄ-ի բնակչություն կազմում էր 157.800[26]: Խորհրդային ողջ ժամանակահատվածում Արցախի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո՝ սկիզբ առավ ազգային-ազատագրական պայքարը։ 1920-ական թթ. Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը՝ Հայաստանին» միությունը[37]։ 1927 թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել՝ Ղարաբաղը Հայաստանին նշանաբանով։ 1962 թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962 թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե ԼՂԻՄ-ից, թե ՀԽՍՀ-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ ԼՂԻՄ-ի գոյության 60 տարիների ընթացքում Արցախցիները Ադրբեջանական կողմից ենթարկվում էին տարբեր սահմանափակումների։ Արդյունքում հայաթափ են լինում 85 գյուղեր (ընդհանուր առմամբ ԼՂԻՄ-ի գյուղեր 1/3-ը)[38]։ Նվազում է նաև հայերի տեսակարար թիվը (1926 թ.՝ 93,5% հայ, 1989 թ.՝ 77% հայ)։
1985 թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենիումի կողմից գորբոչովյան «գլաստնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու համար։ 1987-1988 թթ ԼՂԻՄ-ի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հանրագիր, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազ. մարդ[39]։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել ԱդրԽՍՀ՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով[40]։ Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Ղարաբաղյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը վերևից լուծում չի ստանում ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988 թ. փետրվարի 27-29 տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։ Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջանահայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը։ 1989 թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան։ 1989 թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին[41]։ Դեպքերի զարգացման նման ընթացը բերեցին նրան, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունում են համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին[42]։
1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում[43]։ Միացումը, որի կարգախոսի տակ բարձրացել էր Ղարաբաղյան շարժումը՝ կայացավ։ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին ընդունված «Համատեղ որոշումը» օրինական է և ընդունելի է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների տեսնակյունից։ Հայտնի է, որ միջազգային իրավունքի՝ «ժողովուրդների ազատ ինքնորոշման» սկզբունքը ՄԱԿ-ը հռչակել է որպես պետությունների ու ազգերի հարաբերությունների կարգավորման համապարտադիր սկզբունք։ Միացման ակտը միջազգային իրավունքի տեսակետից որևէ առարկություն չի հարուցում, մանավանդ, որ խոսքը ոչ թե ինքնորոշման առաջնային ակտի, այլ արդեն ինքնորոշման սուբյեկտ հանդիսացող պետական երկու կազմավորումների մասին է։ Որևէ արգելք չկար նաև ԽՍՀՄ օրենքում, որտեղ նախընթաց տարիներին հանրապետությունների ու ազգային պետական կազմավորումների սահմանների փոփոխության գրեթե երկու տասնյակ դեպք էր արձանագրված ( Կարելոֆիննական միութենական հանրապետությունն, օրինակ, վերակազմավորվել է ինքնավար հանրապետության, իսկ Ռուսաստանի Դաշնության Ղազախստանի ինքնավար հանրապետությանը Կենտրոնից տրվել է միութենական հանրապետության կարգավիճակ)։ ԽՍՀՄ-ի՝ որպես միասնական պետության ներսում տարբեր ազգային կազմավորումների սահմանների փոփոխությունները երբեք չէին կապվել սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հետ։ Դրանք դիտվել են, որպես միութենական դաշնային պետության ներքին գործը նաև իրավական այն հիմքով, որ նման վերակազմավորումներն ու վերաենթարկումները չէին կապվում ԽՍՀՄ-ի՝ որպես միասնական պետության սահմանների փոփոխության կամ նրա տարածքային ամբողջականության խախտման հետ։ «Տարածքային ամբողջականության» սկզբունքը, որը մինչ այդ լրջորեն չէր կիրառվում հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների նկատմամբ, ձեռք բերեց սկզբունքային նշանակություն հենց ԼՂ դեպքում, երբ հայտնի էր, որ այն բռնությամբ է մտցված ԱդրԽՍՀ կազմ և երբ ակնհայտ էր, որ ԱդրԽՍՀ-ում իրագործվում է հանրապետության հայ ազգաբնակչության ցեղասպանություն։ Բայց եթե միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությանը նույնիսկ տրվեր նման սկզբունքային բնույթ, ապա սահմանադրական արգելք դարձյալ չէր առաջանում, քանի որ խոսքն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսացող և ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի երկու կազմավորումների մասին է։ ԼՂԻՄ-ի վերամիավորումը ՀԽՍՀ հետ չէր հակասում ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին, որ արգելում էր փոփոխության ենթարկել միութենական հանրապետության սահմաններն առանց նրա համաձայնության։ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ ենթադասությանը տալը չէր նշանակի, թե խախտվում է ԱդրԽՍՀ տարածքային ամբողջականությունը։ Հենց դրա հաշվառումով էլ 1988 թ. փետրվարին ժողպատգամավորների մարզային խորհուրդը բարձրացել է ՀԽՍՀ հետ միայն մարզի վերամիավորման հարցը, չնայած բոլորը գիտեին, որ Լեռնային Ղարաբաղի հսկայական տարածքներ, որոնք Կովբյուրոյի որոշմամբ պետք է լինեին ԼՂԻՄ կազմում, կամայականորեն դուրս են թողնվել նրա սահմաններից։ ԼՂԻՄ և ՀԽՍՀ բարձրագույն իշխանությունների կողմից վերամիավորման մասին «Համատեղ որոշմանը» հետևեցին ԱդրԽՍՀ պատժիչ գործողությունները։ 1991 թ. ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները՝ խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին «Օղակ» գործողությունը՝ Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված գործողություն[44]։
1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն։ Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար, և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը։
1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը։ Սկսվեց Արցախյան գոյամարտը[45]։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը, չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5856 զոհ[46] (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհետ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ 11557[47][48]/30հզ. զոհ[49]։ 1994 թ. ապրիլի 9-ին սկսվեց արցախյան գոյամարտում ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթարշավը։ Այդ պայմաններում Ադրբեջանն այլ ելք չուներ, քան զինադադարի պայմանագիր կնքել։ Այդպիսով 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին հրադադարի համաձայնագիր, որը՝ չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր[50]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.