Remove ads

Արցախի մելիքություններ (Խամսայի մելիքությունները, «Խամսայի երկիր», արաբ.՝ «խամսա» նշանակում է «հնգյակ»), Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական միության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Արցախի Հանրապետության տարածքին։ Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար նվաճողները 16-րդ դարում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ[1]։ Խամսայի մելիքները հատկապես հզորացել էին 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ պատմական այդ շրջանում ստանձնելով ու գլխավորելով հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական նվաճողների։

Արագ փաստեր
Արցախի մելիքություններ
կամ
Խամսայի մելիքություններ
 Խաչենի իշխանություն 1603 - 1822 Ռուսական կայսրություն 
Քարտեզ

Thumb

Ընդհանուր տեղեկանք
Լեզու Հայերեն
Փակել
Արագ փաստեր Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590, Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 ...
Thumb
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ
Փակել
Remove ads

Վարչատարածքային բաժանում

Խամսայի մելիքությունների դաշնակցության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների։

Ջրաբերդն ընդգրկում էր Տրտուի միջին հովիտը՝ Տրտուի և նրա Թրղի վտակի միախառնման տեղում գտնվող հինավուրց Ջրաբերդ ամրոց-իշխանանիստով։ Իշխողներն էին Խաչենի իշխանական տան Հասան-Ջալալյաններ ճյուղից ճյուղավորված Մելիք-Իսրայելյանները, իսկ ավելի ուշ (19-րդ դարում դարում) մելիք Աթաբեկյանները։

Խաչենի (բուն Խաչեն) տեր Հասան-Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչենի հովիտն էր, որը հարավում հասնում էր մինչև Բալուջա գետը։ Իշխանանիստը Թարխանաբերդն (Խոխանաբերդ) էր։

Վարանդան ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին։ Իշխողներն էին Մելիք-Շահնազարյանները, իշխանանիստը՝ Ավետարանոց բերդավանը։

Գյուլիստանն տեղաբաշխված էր Կուրակ և Տրտու գետերի միջև։ Իշխանանիստը Թալիշն էր կամ Գյուլիստանը։ Այստեղից էլ մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի մելիքություն։ Իշխող տունը Մելիք-Բեգլարյաններն էին։

Դիզակն տեղաբաշխված էր Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հարավ, մինչև Արաքս գետը՝ Խուդափերինի կամրջի մոտ։ Նստավայրն էր Տող ավանը, իշխողները՝ Առանշահիկ նախարարական-իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու-Մուսեի հետնորդները՝ Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ)։

Remove ads

Պատմություն

Համաձայն ձեռագիր ու վիմագիր աղբյուրների՝ հիշյալ մելիքական տները հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղներն էին, որոնք 16-րդ դարի սկզբից հանդես են եկել «մելիք» տիտղոսով, և որոնց իշխանությունը՝ մելիքական իրավունքները, ավելի կանոնավորվեց պարսից շահ Աբբաս I-ի օրոք՝ 1603 թվականից։

Յուրաքանչյուր մելիքությունում վարչաքաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից։ Խամսայի մելիքությունների զորավար-հարյուրապետները ակտիվ գործունեություն ծավալեցին առանձնապես 18-րդ դարի սկզբի ազատագրական շարժումների ընթացքում։ Իսրայել Օրու բանագնացություններով ստեղծված և նրա գործակից՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորված ռուսական կողմնորոշումը և հնարավոր աջակցությունն ոգևորել էր Խամսայի մելիքությունների զինական ուժերին, որոնք 1720-ական թվականներին արդեն ազատագրական մարտեր մղեցին պարսկական և թուրքական բռնագրավիչների դեմ։

Հարաբերությունները Ռուսական կայսրության հետ

Thumb
Գանձասարի վանքը, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը

Գանձասարը դարձել էր Աղվանից նվիրապետությանը ենթակա հայկական ու հայաբնակ շրջանների (Դիզակից մինչև Գանձակ, Շամախի, Շաքի) ռազմական ու քաղաքական կենտրոն, ուր գծվում և մշակվում էին ազատագրական շարժման, պաշտպանական ճակատամարտերի ծրագրերն ու միջոցառումները։ 1722-ին Եսայի կաթողիկոսի և վրաց թագավոր Վախթանգ Զ-ի բանակցություններով որոշվեց վրացական ու հայկական զինական ուժերը միավորել ռուսական ցար Պետրոս Մեծի զորքերի հետ և ազատագրել Անդրկովկասը։ Այդ նպատակով վրաց 30,000-անոց և հայոց 10,000-անոց զորաբանակները հանդիպեցին Գանձակի մոտ, սակայն, տեղեկանալով ռուսների առաջխաղացման դադարեցման մասին, վերադարձան իրենց երկրները։ Այնուամենայնիվ, հայկական զորքերը չընկճվեցին. համալրվելով աշխարհազորայիններով՝ Արցախից վռնդեցին իրանական զավթիչներին և ամրացան սղնախներում՝ երդվելով պայքարել մինչև վերջ։ 1723-ի ընթացքում Մեծ և Փոքր սղնախները հաջողությամբ ետ մղեցին Երևանի խանի և ուրիշ զորքերի հարձակումները, իսկ նահանջողներին ջարդեցին Դիզակի Հադրութ գյուղի մոտ։ Այս և հետագա մարտերում Խամսայի մելիքությունների զորքերի հմուտ ղեկավարներն էին Ավան, Թարխան, Շիրվան, Սարգիս, Բաղի, Աբրահամ յուզբաշիները։

Սղնախների պայքարն ընթանում էր հաջողությամբ, սակայն 1723-ին Անդրկովկասի վրա Թուրքիայի վերստին հարձակումը անորոշ ժամանակով հետաձգեց Հայաստանի և Անդրկովկասի ազատագրումը Ռուսաստանի կողմից։ Թուրքերի առաջխաղացման հետևանքով կնքվեց 1724-ի ռուս-թուրքական պայմանագիրը։

Հայ ազատագրական ուժերը նորից չընկճվեցիին։ 1724-ին Պետրոս Մեծի բանագնաց Իվան Կարապետը Խամսայի մելիքությունների տերերին հուսադրում և հավաստիացնում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմական աջակցություն կտրվի, միաժամանակ հայտնելով ռուսական արքունիքի պատրաստակամությունը՝ Կասպից ծովի ափերին հայերին ապահով բնակության տարածք հատկացնելու մասին։ Սակայն արցախցիները պայքարը շարունակեցին տեղում։ Նրանց մի ստվար զորաբանակ՝ Ավան Յուզբաշու գլխավորությամբ, օգնության հասավ Մեծ Սյունիքի ինքնապաշտպանական ուժերին և միասնական ուժերով Զանգեզուրից դուրս քշեցին օտար նվաճողներին։ Սակայն Խամսայի մելիքությունների ինքնապաշտպանության վիճակը ծանրացավ 1725-ից. թուրքերը տիրացան Գանձակին և շարժվեցին Արցախ։

Փետրվարին թուրքերի 6000-անոց բանակը տեղավորվեց Վարանդայի գյուղերում։ Բայց սղնախների մարտիկները գիշերային հարձակումով կոտորեցին նրա մեծ մասը, սպանեցին երկու փաշայի և գերեցին մեկին։ Այնուհետև մեկ տարվա ընթացքում թուրքերը չորս խոշոր հարձակում ձեռնարկեցին սղնախների վրա, բայց հաջողության չհասան։ Այնուամենայնիվ պայքարը սղնախներում հետզհետե դժվարանում էր։ Նրանց պատվիրակներ Անտոն քահանան ու Քյոխվա Չալաբին օգնություն հայցող թղթեր էին ներկայացնում Պետերբուրգ և ռուսական արքունիքին պատմում սղնախների պաշտպանության օրհասական վիճակի մասին։ Բայց արքունիքն այդ ժամանակ հնարավորություն չուներ օգնելու։

1726-ի վերջին Գանձակում ամրացած թուրքական մեծաքանակ զորքը Սարը-Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվեց Մեծ սղնախի Շոշու բերդի վրա։ Թեև Ավան Յուզբաշու զորքերը հզոր դիմադրություն ցույց տվեցին, նույնիսկ թշնամուն ստիպեցին նահանջել՝ բերդի ստորոտում թողնելով ավելի քան 800 սպանված, սակայն, այդ ժամանակից սկսած, սղնախների զորքերն սկսեցին նոսրանալ։ Ինքնապաշտպանության համար կորուստ էր Եսայի կաթողիկոսի մահը 1728-ին։ Սղնախների ղեկավարներից ոմանք, հետագա դիմադրությունը համարելով անիմաստ, իրենց զինական ուժերով տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղ հասան բարձր դիրքերի՝ փորձելով այդ ճանապարհով օգնել հայրենիքի փրկության գործին։ Այսպես կազմավորվեցին հայկական հեծյալ էսկադրոնները՝ Սարգիս դը Գիլանենցի, Լազար Խրիստաֆորովի և այլոց գլխավորությամբ։ Սակայն Խամսայի մելիքությունների զինվորությունը հիմնականում բնօրրանից չհեռացավ։ Հենց նրանք էլ, հայոց մյուս զորքերի հետ, մեծապես օգնեցին իրանի Նադիր շահին՝ 1736-ին Անդրկովկասից դուրս քշելու թուրքերին։ Խամսայի մելիքությունները XVIII դ. երկրորդ կեսին նույնպես վճռական դեր խաղացին հակաթուրքական պատերազմներում՝ իբրև Արևելյան Հայաստանի զինվորական ուժի ատաղձ։ Նրանք աչքի էին ընկնում նաև շրջահայաց դիվանագիտությամբ, պարսիկ տիրապետողների հետ երբեմն դաշնակցելով՝ անզիջում մարտեր էին մղում թուրք կողոպտիչների դեմ և եռանդուն բանագնացությունների ու գրագրությունների միջոցով շարունակում սերտ կապերը ռուսական հրամանատարության և արքունիքի հետ՝ հույսը դնելով Ռուսաստանի ազատագրական առաքելության վրա։

Խամսայի մելիքությունների դաշնության քայքայումը

Սակայն նրանց միասնությունը չդիմացավ ժամանակի փորձություններին։ Միասնությունը խաթարվեց ներքին երկպառակություններից, որոնք սկսվեցին Վարանդայի մելիք Հովսեփի կրտսեր եղբայր Շահնազարի տմարդի արարքով։ Ուխտադրժորեն հարձակվելով Հովսեփի տան վրա և ոչնչացնելով նրան ու նրա ընտանիքը՝ տիրացավ Վարանդային և սկսեց դաշնակիցներ փնտրել՝ իր դեմ համախմբված մյուս մելիքների պատժից խուսափելու համար։ Ինքնակոչ մելիք Շահնազար Բ-ի այս քայլից մեծապես օգտվեց վաչկատուն թուրքական ջիվանշիր ցեղի մի ճյուղի՝ սարըջալլուների ցեղապետ Փանահը, որը որոշել էր նստակեցության անցնել և հիմնել մեծ իշխանություն։ Նրա նախկին փորձերը՝ ամրանալու Դաշտային Արցախի Բայաթ վայրում, ապա՝ Արցախի հին Տիգրանակերտի (Թառնակյուտ) ավերակներում, մատնվել էին անհաջողության՝ հարևան իշխանությունների, հատկապես՝ Գյուլիստանի, Ջրաբերդի և Խաչենի մելիքների պարբերական հարձակումների պատճառով։ Վերջիններս, կռահելով Փանահի ծրագրերը, ջանում էին թույլ չտալ նրան իրենց սահմաններում բնավորվելու։ Սակայն մելիք Շահնազարը շտապեց օգտվել Փանահի ներկայությունից՝ նրան առաջարկելով իր տիրույթում գտնվող Շոշ կամ Շոշվա-քար (ներկայիս Շուշի քաղաքը) բերդ-ամրոցը։ 1750-ական թթ. Շոշու բերդ փոխադրվելով՝ Փանահը, մելիք Շահնազարի գործուն աջակցությամբ հիմնեց առաջին այլակրոն և այլացեղ իշխանությունը Արցախ-Ղարաբաղի տարածքում։ Ապա իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը, հպատակեցնելու և հարկատու դարձնելու համար հարձակումներ սկսեց Խամսայի մելիքությունների վրա, և երբ առաջին փորձերը ձախողվեցին, դիմեց խարդավանքների ու դավերի։

Նրա քաղաքականությունը շարունակեց որդին՝ Իբրահիմ խանը, որի չընդմիջվող հարձակումները, կոտորածներն ու ավարառությունները ջլատեցին Խամսայի մելիքությունների ուժերը։ Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքներն իրենց բազմաթիվ հպատակներով գաղթեցին Գանձակի կողմերն ու Վրաստան՝ հայրենի տիրույթներից հեռու փնտրելով Ղարաբաղի փրկության ճանապարհը, իսկ Դիզակ մելիքի փորձերը՝ պարսից շահի միջոցով կամ ռուսական արքունիքի օգնությամբ սանձահարելու Իբրահիմ խանին, ապարդյուն անցան։ Իբրահիմ խանն անհնազանդ մելիք Եգանի տոհմի կեսին բռնությամբ մահմեդականացրեց, սկիզբ դնելով արդյունքում թրքացած Մելիք-Ասլանովների տոհմին։

Խամսայի մելիքությունների քաղաքական դրությունը մինչ ռուսական նվաճումները

Այնուամենայնիվ, Խամսայի մելիքությունների տիրակալների ջանքերը զուր չանցան, մանավանդ XVIII դ. վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգորումները գլխավորում էր Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Նրա գործունեությունը, միավորված Խամսայի մելիքությունների ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև Հովսեփ Էմինի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերի հետ, լայն հունի մեջ դրեց ռուս-հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար։

Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերացավ XIX դ. կեսերին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց (1828) հետո։ Ջրաբերդի վերջին Մելիք-Վանի Աթաբեկյանը, չնայած Ռուսական թագին մատուցած իր բազմաթիվ ծառայություններին, 1853 թվին զրկվեց իր իշխանությունից և Կուսապատի շրջակայքում գտնվող տիրույթներից։ Նախկին մելիքների ժառանգները մտան ռուսաց ծառայության մեջ՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ։

Remove ads

Զինված ուժեր

Արցախի մելիքությունները իրավունք ունեին ունենալ սեփական զինված ուժեր։ Զինվորներին հավաքագրում էին իրենց տիրույթների բնակիչներից, որոնց թվաքանակն ըստ ժամանակաշրջանի տարբեր էր։ Յուրքանչյուր ընտանիք մելիքի կարգադրությամբ պարտավոր էր հատկացնել մեկ զինվոր, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում նաև բոլոր տղամարդիկ պետք է զենք վերցնեին։ Նրանք պարտավոր էին իրենց ինքնուրույն ապահովել զենքով և ձիով, սակայն եթե ընտանիքը չքավոր էր, ապա սպառազինությամբ նրան ապահովում էր անձամբ մելիքը։ Բացի ժամանակավոր զորքից, մելիքները պահում էին շուրջ 300 զինվորից կազմված թիկնազոր, ովքեր ծառայում էին մշտական հիմունքներով։ Մելիքը հանդիսանում էր իր զորքի գլխավոր հրամանատարը։ Զորքի առանձին ստորաբաժանումներ գտնվել են հարյուրապետերի հրամանատարության ներքո։ Հարյուրապետի կոչումը ժառանգական էր, սակայն առանձին դեպքերում մելիքի կողմից այն շնորհվում էր պատերազմներում լավագույնս հանդես եկած զինվորներին[2]։

Մելիքների զորքը հանդիսանում էր ուժի և ապահովության գրավական։ Մելիքություններն առավել զորքի առավել մեծ թվաքանակ են ունեցել 1720-ական թվականներին, երբ տեղի էին ունենում հայ ազատագրական կռիվներ[2]։

Remove ads

Տես նաև

Խամսայի մելիքությունները գեղարվեստական գրականության մեջ

  • Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները», Երկերի ժողովածու, հ.10, Երևան, 1964
  • Ապրես Բեկնազարյան (Մակար Բարխուդարյանց), «Գաղտնիք Ղարաբաղի», Ս. Պետերբուրգ, 1886
  • Առաքել Վարդապետ, «Դիզակի մելիքությունը», Վաղարշապատ, 1913 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 1)
  • Լեո, «Մելիքի աղջիկը»
  • Սերո Խանզադյան, «Շուշի»[3]

Գրականություն

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads