Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հասան-Ջալալյաններ, հայկական իշխանական տոհմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում։ Տոհմի գլխավոր կալվածքը եղել է Խաչեն գավառը, որի անունով էլ կոչվել է իշխանությունը։
Հասան-Ջալալյաններ | |
---|---|
Տեսակ | նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք, Արցախ նահանգ |
Տիրույթներ | Խաչեն, Վարանդա, Դիզակ, Գյուլիստան, Ջրաբերդ |
Ծագում | Առանշահիկներ |
Տիտղոսներ | Գանձասարի կաթողիկոս, Արցախի իշխան |
Հիմնադիր | Հասան-Ջալալ Դոլա |
Հիմնում | 1214 |
Ազգային պատկանելիություն | Հայեր |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Զարգացած միջնադարում՝ 10-14-րդ դարերում, Խաչենի իշխանությունն ընդգրկում էր ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ), մասամբ նաև՝ Սյունիքի մարզը[1]։ 13-րդ դարի հայ ավատական իշխան Հասան-Ջալալի տիրապետությունից հետո Խաչենի իշխանական տան ներկայացուցիչերը սկսել են կրել «Հասան-Ջալալյան» ազգանունը։
Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը[2]։
Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում։ 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում։ Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն[3]։
Հասան-Ջալալյանների տոհմը ծագում է հին հայկական[4][5][6] ազնվական Առանշահիկ[7] (կամ Եռանշահիկ տոհմից[8]), ովքեր իշխում էին «Հայոց արևելից կողմանց»՝ Կուր գետից արևելք ընկած տարածքներում (Արցախ և Ուտիք)։ Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների համաձայն[9] և ըստ Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմություն» աշխատության[10]՝ Առանշահիկները եղել են Հայկ նահապետի սերունդներից Առանի ժառանգները։ Այս տոհմի նոր վերածնունդը սկսում է զարգացած միջնադարում՝ 820-ական թվականներից։ Այդ ժամանակ Արմինիա կուսակալության տարածքում հայ իշխանները՝ Բագրատունիները, Արծրունիները և Սյունիները, հասել էին բարձր ինքնավարության։ Աղվանից թագավորության Միհրանյան արքայատոհմի վերջին[4][11] ներկայացուցիչ Վարազ-Տրդատ Բ-ն սպանվում է[12] և Առանշահիկների տոհմը վերականգնում է իր պատմական իրավունքները Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում։ Միհրանյանները ունեին իրանական ծագում[4] և Աղվանքում իշխում էին 6-րդ դարի վերջից սկսած, երբ այնտեղից վտարում էին Առանշահիկ իշխաններին[5], բայց հայկական միջավայրում հայանում են[5][4]։ Կաղանկատվացին հայտնում է, որ «…Միհրանի տոհմը խնամիանում է հայ իշխանների հետ, որպեսզի բարեկամության արդյունքում համատեղ իշխեն արևելյան կողմում»[13]։ 821 թվականից սկսած, երբ Միհրանյանները վերջնական անկում են ապրում[11], Առանշահիկների տան նոր ներկայացուցիչ Սահլ Սմբատյանը վերականգնում է տոհմի իշխանությունը։ Նա արաբական աղբյուրներում հիշատակվում է որպես «Սահլ իբն Սունբատ ալ-Առմանի» (արաբ․՝ ساحل بن سنباد الأرمني)[14], այսինքն՝ Սմբատի որդի Սահլ, իսկ Կաղանկատվացին իրեն կոչում է «Սահլ՝ Հայկի սերնդից»[13]։ Այդպիսով Սահլ Սմբատյանը՝ Հասան-Ջալալյանների հեռավոր նախնին, չէր կարող ծագել[8] Միհրանյանների տոհմից։ Իր հաջորդները հայտնի էին նաև որպես «Հայկյաններ»[15]։ Սահլը արաբական անվանում է, ըստ Մաքվարտի՝ անվանումը եղել է Սահակ[11]։
Սևադայի որդի[11] և Գրիգոր որդի Հովհաննես-Սենեքերիմ (հինգերորդ սերունդ[11]) մոտ 953 թվականին[11] Արցախի հյուսիսում հիմնադրում է Փառիսոսի թագավորությունը, որը 1003 թվականին[15] միանում է Անիի Բագրատունյաց թագավորությանը
Հասան-Ջալալյանների տոհմական տիրույթներն ընդգրկել են Խաչեն գավառը՝ Թարթառ ու Խաչեն գետերի միջին հոսանքը։
Իշխանների հայտնի ամրություններից էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշենը։ Հոգևոր կառույցներից հայտնի էին Գանձասարը, Մեծառանից Սուրբ Հակոբավանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշե առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը։
Հասան-Ջալալյանների իշխանությունը 13-րդ դարի սկզբին ընդգրկվում է Վրաց թագավորության սահմաններում՝ որպես Զաքարյան իշխանապետության արևելյան սահմանագավառ։ Տոհմի հիմնադիր Հասան-Ջալալ Դոլան «Հայոց Արևելից Կողմանց» (Արցախ, Ուտիք) գահերեց իշխանն էր՝ Խաչենի մեծ իշխան Վախթանգ Բ Տանգիկի և Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի որդին։ 1214 թվականից նա ժառանգում է Ներքին Խաչենի իշխանությունը, դարձել է Արցախի ու հարակից հայկական մյուս շրջանների գահերեցը։
Հասան-Ջալալը Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) հետ 2 անգամ մեկնել է Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորում՝ մեծ խանի մոտ և Հայաստանի համար ձեռք բերել արտոնություններ։ Սակայն 1260 թվականին միացել է մոնղոլների դեմ Վրաց թագավորությունում բռնկված ապստամբությանը, որի ճնշումից հետո Արղուն խանի հրամանով սպանվել է[16]։
Ավելի ուշ Հասան-Ջալալյանների տիրույթներին են միացել Դոփյանների կալվածքները՝ Ծար գավառը, որը հայտնի է դարձել որպես «Վերին Խաչեն»։
Պարսիկ պատմիչ, 13-րդ դար[17]
«Խաչենը դժվարամատչելի երկիր է, անտառներով ու լեռներով պարփակված։ Դա Առանի մարզեից մեկն է, որտեղ հայեր են ապրում։ Նրանց փադիշահին (ղեկավարին) «թագավեր» են կոչում
1603 թվականին Խաչենի իշխանության տարածքում ձևավորվում են մի քանի իշխանություններ
Ներկայումս գոյություն ունի Հասան-Ջալալյանների իշխանական տան զինանշանի երկու վերակազմություն։
Հասան-Ջալալյանների իշխանական տան զինանշանն ունի հետևյալ կառուցվածքը․ հայկական վահանը աջ և ձախ եզրերի միջնակետերը միացնող հորիզոնական գծով բաժանված է երկու մասի։ Վերևի մեծ կարմիր դաշտում պատկերված է դեպքով դեպի ձախ, չորս թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծ՝ պատրաստ պաշտպանության և հարձակման, հերալդիկայում՝ ընձառյուծակերպ։ Առյուծի առջևում բեթղեհեմյան ոսկեշող աստղն է։ Սույն պատկերը քանդակված է Գանձասարի եկեղեցու գավթի հյուսիսային մուտքի վերևում, աջակողմյան հատվածում։ Վահանը ստորին ուղղահայաց գծով բաժանված է երկու հավասար մասի։ Ձախ մասի լազուր կապույտ դաշտում պատկերված են ոսկեգույն արևելյան սուր և հոգևոր իշխանության խորհրդանիշ հանդիսացող հովվապետական ոսկեգույն գավազան։ Սուրը և գավազանը տեղադրված են խաչաձև դիրքով․ սուրը՝ ձախից, գավազանը՝ աջից։ Վահանի աջ ոսկեգույն դաշտում պատկերված է ոսկեգույն շրջան, մեջտեղում, կարմիր փոքր դաշտում՝ վեցաթև աստղ, կենտրոնում՝ դեպի աջ պտտվող հավերժության նշան։ Վահանը հետնամասից ծածկված է հայկական նիշագիտական համակարգում ընդունված արքայական կզաքիսե թիկնոցով (մանտիա), որն էլ պսակված է ոսկեգույն տեղային թագավորական թագով[18]։
Առյուծը խորհրդանշում է տոհմի քաջությունը, մեծահոգությունը և պաշտպանության պատրաստակամությունը։ Բեթղեհեմյան ոսկեշող վեցաթև աստղը խորհրդանշում է աստվածային նախախնամությունը, նաև՝ համբերություն և ողորմածություն։ Վեցաթև աստղը շրջանի մեջ, որի կենտրոնում պատկերված է արև, հանդիսանում է քրիստոնեական հնագույն խորհրդանիշներից, շրջանը համարվում է երկրագունդը, միջի վեցաթև աստղը խորհրդանշում է աշխարհի արարման վեց օրերը, իսկ կենտրոնում արևապտույնտը խորհրդանշում է լույսն ու արևը։ Արևելյան սուրը խորհրդանշում է տոհմի ազնվականությունը, քրիստոնեական բարեպաշտությունը, մեծատոհմիկությունը, իմաստությունը, ձգտումը բարոյական կատարելության[18]։
Հասան-Ջալալ Դոլայի հոր՝ Վախթանգ Տանգիկի և մոր՝ Խորիշահ Բագրատունու կտակի համաձայն կառուցված Գանձասարի եկեղեցու հյուսիսային մուտքի վրա քանդակված են իրար դեմ-հանդիման քայլող երկու առյուծներ։ Աջակողմյան առյուծի ոտքերի մոտ ուղեցույց-լուսատու վեցաթև աստղ է՝ հավերժության խորհրդանշանով։ Առյուծն ու արծիվը հաճախ են պատահում ինչպես այս, այնպես էլ միջնադարի հայկական այլ իշխանական ու թագավորական տների (Բագրատունիներ, Սյունիներ, Մամիկոնյաններ, Պահլավունիներ, Վաչուտյաններ, Դոփյաններ և ուրիշներ) զինանշաններին ու դրոշներին։
Առյուծների պատկերներով է զարդարված նաև Հասան-Ջալալյանների տոհմական պատկանելության գորգերը, որոնք հայտնի են որպես «Առյուծագորգ»։ Դրանցից որոշները մինչ այժմ պահպանվում են։
Տոհմի զինանշանի պատկերներն ընտրվել են Գանձասարի քանդակ-պատկերներից[19]՝
Ներկայումս գոյություն ունի Հասան-Ջալալյանների իշխանական տան դրոշի երեք վերակազմություն։
Հասան-Ջալալյանների իշխանական տան դրոշը պատկերված է զինանշանում գերիշխող գույներով, այն է՝ կարմիր և ոսկեգույն։ Կարմիր գունի վրա ձախից աջ, հորիզոնական դիրքով պատկերված է ոսկեգույն խաչ՝ դրոշը բաժանելով չորս մասի։ Դրոշի վերևի աջ մասում պատկերված է պաշտպանության և հարձակման պատրաստ, վեր ցցված պոչով, դեմքով դեպի ձախ, չորս թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծ՝ դիմացը բեթղեհեմյան ոսկեշող վեցաթև աստղ[18]։
Կարմիր գույնը խորհրդանշում է տոհմի իշխանությունը, անկախությունը, ուժը։ Այն նաև խորհդրանշում է Հասան-Ջալալյանների թափած արյունը հանուն Արցախի ու նրա ժողովրդի։ Ոսկեգույնը խորհրդանշում է տոհմի ազնվականությունը, քրիստոնեական բարեպաշտությունը, մեծատոհմիկությունը, իմաստությունը, ձգտումը կատարելության։ Առյուծը խորհրդանշում է Հասան-Ջալալյանների հզորությունը, ուժը, խիզախությունը, բեթղեհեմյան ոսկեշող վեցաթև աստղը՝ աստվածային նախախնամությունը, նաև՝ համբերություն ու ողորմածություն, իսկ խաչը՝ Հասան-Ջալալյանների աստվածապաշտությունը։ Առջևում վեցաթև աստղով առյուծի և խաչի համադրությունը արտահայտում է Հասան-Ջալալյանների ունեցած աշխարհիկ և հոգևոր իշխանությունների զուգակցման իմաստը[18]։
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է՝ 1։2-ի։ Սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել փոքր կամ մեծ չափի դրոշ[18]։
Խաչենի իշխանության (Արցախի թագավորություն) թագավորական դրոշը Մեծ իշխան Հասան-Ջալալ Դոլայի կառավարման ընթացքում (1214-1261)․ պատկերված է կարմիր, խաչաձև դրոշ, որի չորս կողմերում գրված է՝ «ՏՐ (Տեր) ԱԾ (Աստված) ՀՍ (Հիսուս) ՔՍ (Քրիստոս)», որը համարվում է Հասան-Ջալալ Դոլայի պետական խորհրդանիշը։ Այն նման է Վրաց թագավորության դրոշին, որի հարավ-արևելյան սահմաններում ստեղծվել էր Խաչենի իշխանությունը։
Հասան-Ջալալ Դոլայի դրոշի վերակազմության այս տարբերակում՝ նարնջագույն դրոշի աջ կողմում պատկերված է խաչ։
Ուշ միջնադարում՝ 15-17-րդ դարերում, Արևելյան Հայաստանը հայտնվում է Սեֆյան Իրանի գերիշխանության տակ։ Արցախի տարածքը բաժանվում է 5 իշխանությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի։ Իշխանությունների ղեկավարները սերում էին հիմնականում սերում էին Հասան-Ջալալյաններից և պարսիկների շրջանում հայտնի էին որպես «մելիք» (արաբ․՝ ملك թագավոր)։ Արցախի մելիքությունները մտնում են Ղարաբաղի կուսակալության մեջ։
Նոր ժամանակներում Հասան-Ջալալյանները կարևոր դեր են խաղում հայ ազգային-ազատագրական շարժման մեջ։ Մասնավորապես 1724-1731 թվականներին նրանք ղեկավարում են Արցախի ազատագրական պայքարը օսմանյան զորքերի դեմ, և 1736 թվականին Իրանի նոր ղեկավար Նադիր շահը ճանաչում է նրանց իշխանությունը հինգ մելիքությունների վրա։ 1747 թվականին Վարանդայի ներսում առաջացած գահակալական կռիվների արդյունքում մելիքության գլխավոր բերդը՝ Շուշին, հանձնվում է ինքնակոչ իշխանին օգնության հասած Փանահ խանին[20]։ Վերջինս թյուրքական ծագում ունեցող քոչվորական ցեղի առաջնորդ էր, որի որդու՝ Իբրահիմ խանի ղեկավարությամբ երկրամասը ենթարկվում է ռազմական հարձակման։ Ամբողջ Արցախ նահանգը, ինչպես նաև՝ Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը և հարավային Ուտիքը մտնում են վարչաքաղաքական նոր միավորի՝ Ղարաբաղի խանության մեջ[21]։
Հասան-Ջալալյան իշխանական տան վերջին կալվածատեր ներկայացուցիչ մելիքները 1813 թվականի հոկտեմբերի 12-ին մասնակցում են Գյուլիստանի պայմանագրի կնքմանը, որով Արցախը, Զանգեզուրը, Ղազախ-Շամշադինը, Լոռի-Փամբակը ու Շիրակը հանձնվում էին Ռուսական կայսրությանը։ Դրանով նրանք դասվում են ռուսահպատակ կալվածազուրկ իշխանների շարքին։ Նրանց սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ տեղ են գտնում կայսրության վարչաքաղաքական ու ռազմական կառույցներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.