Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դոփյաններ, Խաչենի իշխանական տան ճյուղերից։ Իշխել են Վերին Խաչենում կամ Ծարում։ Իշխանանիստն էր Ծար բերդաքաղաքը։ Հոգևոր կենտրոններից էին Դադիվանքը և Խաթրավանքը։
Դոփյաններ | |
---|---|
Տեսակ | տոհմ |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Զաքարյան իշխանապետություն |
Տիրույթներ | Արցախ՝ Խաչեն |
Ծագում | Սարգիս Զաքարյանի դուստր Դոփ |
Հիմնում | 13-րդ դար |
Ազգային պատկանելիություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
13-րդ դարի սկզբից Արևելյան Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքում աչքի է ընկնում Դոփյան իշխանական տունը։ Տեղեկություններ են պահպանվել Սարգիս Զաքարյանի դստեր՝ Դոփի մասին։ Հեղինակների մի խումբ կարծում է, որ նա ամուսնացել է Ղարա Գրիգորի, մյուս մասը՝ Հասանի հետ։
1244 թվականին, ինքնագիր հիշատակարանում Գրիգոր իշխանը՝ Հասան Ա Դոփյանի և Դոփի որդին, խոսելով մոնղոլների արշավանքին իր մասնակցության մասին, գրել է.
Ըստ Բագրատ Ուլուբաբյանի, Հասանը սերում էր Հաթերքի իշխաններից. նա Վախտանգ իշխանի որդին էր և Սակռի եղբայրը։ 1182 թվականին Դադիվանքում թողած իր արձանագրությունում Վախտանգի որդի Հասանը հայտնում է, որ ինքը կառավարել է 40 տարի, ունեցել է վեց որդի, իր բերդերն ու գավառները տվել է նրանց և ինքը կնոջ՝ Մամայի հետ եկել է Դադիվանք, իր եղբայր Գրիգորի մոտ և դարձել կրոնավոր։ Այս նույն փաստը հաստատում է նաև Հասանի կնոջ՝ Լոռու Կյուրիկե Բ թագավորի դուստր Մամայի՝ Դադիվանքում 1182 թվականին թողած արձանագրությունը։ Հասանի՝ վանք մտնելուց հետո, իշխանական տան ավագությունը անցել է նրա Վախտանգ որդուն, որը կառավարել է 1182—1214 թվականներին։ Վախտանգը ունեցել է երկու որդի՝ Հասան և Տեր-Գրիգոր։ Վախտանգի կնոջ՝ Արզու խաթունի 1214 թվականի արձանագրությունից պարզվում է, որ նրանց երկու որդիներն էլ մահացել են երիտասարդ հասակում։ Աոզու խաթունն ի հիշատակ իր որդիների և ամուսնու Դադիվանքում կառուցել է եկեղեցի, որին նվիրել է գյուղեր ու ագարակներ։ Այդառթիվ թողած արձանագրությունից պարզվում է, որ Հասանը՝ Վախտանգի և Արզու խաթունի ավագ որդին, մահացել է օտարների դեմ պատերազմում, որից երեք ամիս հետո մահացել է կրտսեր որդին՝ տեր-Գրիգորը։ Այսպիսով, Հասանը Դոփի ամուսինը լինել չէր կարող, որովհետև արձանագրության բովանդակությունից պարզվում է, որ նա ամուսնացած չի եղել։ Դոփի որդի Գրիգորի 1244 թվականի հիշատակարանում հիշված Հասանը կարող էր լինել միայն Վերին Խաչենի Վախտանգ իշխանի որդին և Սակռի եզբայրը։
Դոփի ամուսին Հասանն ապրել ու գործել է 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարի սկզբին։ Նա դեռ ապրում էր, երբ նրա եղբայր Հովհաննեսը 1204 թվականին կառուցել տվեց Խազարի վանքի եկեղեցին։ Արձանագրություններում ուշադրության է արժանի այն փաստը, որ Հովհաննեսը և Հասանը չեն հիշատակում հաթերքցիների հետ իրենց ազգակցական կապի մասին։ Հասանի արձանագրությունը թվական չունի, սակայն պարզ է, որ այն գրվել է 1204 թվականին, երբ Հովհաննեսը ավարտել է եկեղեցու կառուցումը։ Հովհաննեսի արձանագրությունում ուշագրավ է այն միտքը, որ նա վանքը իր սահմաններով եղբորն է հանձնել Հաթերքի տերերի միջնորդությամբ։ Իսկ դա նշանակում է, որ Հաթերքի Վախտանգ իշխանը պատրոնի իրավունք է ունեցել Հասանի և Հովհաննեսի նկատմամբ։ Այս միտքը հաստատում է Վախտանգի կին Արզու խաթունի 1214 թվականի թողած արձանագրությունը։ Վախտանգը մահացել է 1214 թվականին,, իսկ մինչ այդ, նույն տարում մահացել էին նրա երկու որդիները՝ Հասանը և տեր-Գրիգորը։ Ժառանգորդ չունեցող Հաթերքի Վախտանգ իշխանի տիրույթները անցան Իվանեին, իսկ վերջինս դրանք տվեց իր քրոջը՝ Դոփին։ Այդ մասին կա Վարդան վարդապետի մի վկայությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 441)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.