From Wikipedia, the free encyclopedia
Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախ նահանգի հյուսիսում՝ Ջրաբերդ գավառում (17-րդ դարի վերջ - 19-րդ դարի սկիզբ)։
Երկիր | Իրան |
---|---|
Մասն է | Խամսայի մելիքություններ |
Կարգավիճակ | մելիքություն |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ջրաբերդ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնադրված է | 16-19-րդ դարեր թ. |
Պատմական շրջան(ներ) | Ջրաբերդ (Արցախ) |
Ջրաբերդի մելիքությունը եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ Խամսայի մելիքությունների միության մասը, ապա մտել է Ղարաբաղի խանության (1747-1822) մեջ։
Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Այս տան նահապետ Մելիք-Իսրայելն ապրել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա անունով էլ տոհմի անդամները սկսել են կոչվել Մելիք-Իսրայելյաններ։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր, ինչպես նաև Հին Մոխրաթաղի ապարանքը և Մայրաքաղաք (Քաղաքատեղ) բերդավանը։
17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է Գանձասարի հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստը), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից Դադիվանքը։
Ջրաբերդի մելիքության տիրակալները մասնակցել են 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։
Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանն աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներում, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թ.) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Մելիք-Մեջլումը 1796 թ. սպանվել է Գանձակի բերդի պաշտպանության ժամանակ։
Ջրաբերդի իշխանությունն անցել է Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ՝ Շաքի)։
Ջրաբերդի մելիքության վերջին իշխանները Աթաբեկյաններն էին։ 1814 թվականին մելիքությունն անցել է իշխան Հովհաննես Աթաբեկյանին, որը տիրել է Ջրաբերդին մինչև իր մահը՝ 1854 թվականի մարտի 7-ը։ Մելիք Վանի Աթաբեկյանի մահից հետո, Ռուսական կայսրությունը լուծարել է մելիքությունները հյուսիսարևելյան Հայաստանի ամբողջ տարածքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.