Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շուշիի հայերի կոտորածներ (նաև՝ Շուշիի ջարդեր), Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության բանակը, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից 1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց[1][2][3][4][5]։
Շուշիի ջարդեր Շուշիի հայ ազգաբնակչության կոտորած | |
---|---|
Շուշի քաղաքի ավերակները 1920 թվականի հայ ազգաբնակչության կոտորածներից ու տեղահանությունից հետո | |
Տեսակ | սպանդ |
Տեղադրանք | Շուշի քաղաք և հարակից բնակավայրեր |
Գրոհի նպատակ | հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան |
Տարեթիվ | 1919-1920 թվականներ Առավել մասսայական կոտորածն ու տեղահանությունը՝ Մարտի 22-26, 1920թ․ |
Զոհվածներ | 20․000 հայ |
Վիրավորներ | Անհայտ |
Կազմակերպիչներ | Թուրքիայի Հանրապետության բանակ, Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների խմբավորումներ Քրդական խմբավորումներ |
Shusha massacre Վիքիպահեստում |
1919 թ. հունվարի 15-ին Մուսավաթական Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակեցին Խոսրով-բեկ Սուլթանովին։ Բայց Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս, ուստիև նա չէր պատրաստվում ենթարկվել Մուսավաթական Ադրբեջանի նշանակած գեներալ-նահանգապետին[6]:Արցախի Ազգային խորհուրդը բրիտանական զորքերի հրամանատարությանն ուղղված 1919 թ. մայիսի 30-ի գրության մեջ Սուլթանովի նշանակմանն իր անհամաձայնությունը հիմնավորում էր նրանով, որ վերջինս հայտնի է որպես թուրքական նախկին գործակալ և արդեն աչքի է ընկել իր հակահայկական տրամադրություններով[7]։ Ավելին, նշվում էր, որ Սուլթանովը Բաքվի հայերի ջարդերի պատասխանատուներից մեկն է[8], քանզի նրա կողմից կազմավորված հրոսակախմբերը քաղաքը գրավելուց հետո ակտիվ մասնակցություն են ունեցել հայ բնակչության զանգվածային կոտորածներին[9]։ Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը նույնպես Սուլթանովին թուրքամետ գործիչ և պանիսլամիստ էր համարում, սակայն միաժամանակ նշում էր, որ իրենց հսկողության տակ նա արդյունավետ կաշխատի և կարգուկանոն կհաստատի Արցախում[10]։ Երիտթուրքերի հետ սերտ կապեր ունեցող մուսավաթական իշխանությունները և անձամբ Սուլթանովը ամբողջությամբ փոխառել էին հայերին բնաջնջելու երիտթուրքական փորձը։ Արցախում ու մասնավորապես Շուշիում նրանք ձգտում էին գրեթե նույնությամբ կրկնել Մեծ եղեռնին նախորդած նախապատրաստական գործողությունները, ինչպես նաև այդ հանցագործության փուլերը՝ նույն հաջորդականությամբ ու մեթոդներով։ Արցախում գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո Սուլթանովը մի կողմից ձգտում էր անգլիացիների աջակցությամբ բանտարկել կամ Արցախից հեռացնել հայ մտավորականներին և հեղինակավոր գործիչներին, իսկ մյուս կողմից՝ նյութական օգնություն տրամադրել չքավոր հայերի այն հատվածին, որը պատրաստ էր ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը[11] ։ Զանգվածային կոտորածներից առաջ հայ բնակչության ուշադրությունը շեղելու և նրա զգոնությունը բթացնելու այս հնարքները, որոնց դրսևորումներից էր նաև սոցիալական տարբեր խմբերին պատկանող հայերին միմյանց դեմ տրամադրելը, ցեղասպանությունից առաջ կիրառել էին նաև երիտթուրքերը ։ Նման գործողություններով երիտթուրքերի վարչակարգը Օսմանյան կայսրությունում, իսկ մուսավաթական իշխանությունները՝ Արցախում փորձում էին պառակտել հայ բնակչությանը՝ զանգվածային կոտորածների ժամանակ վերջինիս զրկելով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Շուշիի հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու առաջին փորձը Սուլթանովը կատարեց դեռ 1919 թ. ամռանը։ Բրիտանացիների հավաստիացումներին հակառակ՝ գեներալ-նահանգապետի կարգադրությամբ հունիսի սկզբին քաղաքի գանձարանը և հեռագրատունը Շուշիի հայկական մասից տեղափոխվեց թուրքական մաս, ինչը լրջորեն անհանգստացրեց քաղաքի հայ բնակչությանը[12] : Սուլթանովն այս նախապատրաստական քայլերով Շուշիի հայերին զրկում էր ինչպես ֆինանսական միջոցներից, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ուղիներից՝ փակելով նաև Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհը[13] : Քրդական ծագումը[14] Սուլթանովին հնարավորություն տվեց իր եղբոր՝ Սուլթան-բեկ Սուլթանովի և հորեղբորորդու՝ Չինգիզ Յըլդրըմի[15] հրամանատարությամբ կարճ ժամանակում կազմավորել քուրդ-թաթարական ոչ կանոնավոր հրոսակախմբեր[16] ։ Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ընթացքում թուրքական վարչակարգերն ակտիվորեն ներգրավում էին նաև քրդական հրոսակախմբերին[17]։ Պատահական չէ, որ Շուշիի հայերին կոտորելու հարցում Սուլթանովը, օգտվելով թուրքական փորձից, նույնպես ապավինեց իր ցեղակիցների օժանդակությանը, երբ 1919 թ. հունիսի 2-ին Շուշիի թուրքական թաղամաս մտցրեց շուրջ երեք հազարանոց քրդական հրոսակախումբը և 1500 թաթար զինվորների[13] : Նախապատրաստական քայլերից հետո, հունիսի 4-ի առավոտյան, Սուլթանովի հրամանով սկսվեց Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, ինչից հետո ներխուժեցին թաթար զինվորները և քրդական հրոսակախումբը և սոսկալի ավերածություններ կատարեցին ու մի քանի տասնյակ հայեր սպանվեցին ։ Հունիս 5-ի գիշերը գեներալ-նահանգապետի եղբոր՝ Ս. Սուլթանովի գլխավորած 600 հոգանոց քրդական հրոսակախումբը հարձակվեց Շուշիից ոչ հեռու գտնվող Ղայբալիշեն գյուղի վրա, և 70 տուն ունեցող բնակավայրը մեկ օրվա ընթացքում մոխրակույտի վերածվեց, տներն ու եկեղեցին ավերվեցին, ավելի քան 500 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք ու ծերեր էին, սրի քաշվեցին[18]։ 1919 թ. հունիսյան կոտորածների փաստերի վրա հիմնվելով՝ բրիտանական զորքերի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Քլատերբերգն իր զեկուցագրում պահանջում էր քրեական պատասխանատվության ենթարկել գեներալ-նահանգապետ Խ. Սուլթանովին։ Սակայն բրիտանական հրամանատարությունը բավարարվեց միայն նրան Արցախից հեռացնելով և Հայաստանի կառավարությանը հավաստիացնելով, որ վճռական քայլեր կձեռնարկի Արցախի հայերի կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման ուղղությամբ[19]։ Շուշիի և շրջակա գյուղերի հայ բնակչության 1919 թվականի հունիսյան կոտորածների փուլը ապագա աղետի նախերգանքն էր, ճիշտ այնպես, ինչպես 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած Ադանայի և Կիլիկիայի հայերի կոտորածները երիտթուրքերի համար կայսրության ամբողջ հայ բնակչության նկատմամբ ավելի մասշտաբային հանցագործությունից՝ Մեծ Եղեռնից առաջ ուժերի յուրատեսակ փարձարկում էր։
Այս դեպքերից մեկ ամիս անց անգլիական զորքերը հեռացան Արցախից, իսկ Սուլթանովը վերադարձավ իր նախկին դիրքին։ 1919 թ. օգոստոսի 12-ին Արցախից հեռացավ «Ամերիկյան օգնության կոմիտե»-ի առաքելությունը, իսկ 13-ին՝ բրիտանական զորքերը, ինչից անմիջապես հետո Սուլթանովի հրամանով նախ՝ փակվեց Շուշի – Եվլախ ճանապարհը, իսկ հետո հրետանին ուղղվեց Շուշիի հայկական թաղամասի և Շոշ գյուղի վրա, որտեղ օգոստոսի 12-ին գումարվել էր Արցախի հայերի VII համագումարը։ Սուլթանովը համագումարին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով 48 ժամում ընդունել Բաքվում մշակված համաձայնագրի կետերը և Արցախը ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի կազմում[20] ։ Օգոստոսի 22-ին Արցախի հայերի VII համագումարի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված ժամանակավոր համաձայնագրի 2-րդ հոդվածով Արցախը ժամանակավորապես ընդգրկվում էր Ադրբեջանի Հանրապետության կազմում[21]։ Այս պայմանագիրը Արցախի հայերի VII համագումարի ազատ կամքի արտահայտություն չէր, այլ ստորագրվեց ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում։ Փարիզի Խաղաղության վեհաժողովին ուղղված Հայաստանի Հանրապետության հուշագրում հստակ արձանագրվում էր, որ ադրբեջանական զորքերի և հրոսակախմբերի կողմից մի շարք հայկական բնակավայրերում կազմակերպված կոտորածներից, հարյուրավոր կանանց և աղջիկների բռնաբարություններից հետո, թնդանոթների առջև անպաշտպան մնացած և Անգլիայի օգնությունից զրկված Արցախը հարկադրված կնքեց ժամանակավոր զինադադար՝ հանուն հայ բնակչության ֆիզիկական գոյության պահպանման, արձանագրելով, որ իրենց իրավունքների վերջնական հստակեցումը պետք է կատարվի Խաղաղության վեհաժողովի կողմից[22]։ Միջազգային պայմանագրային իրավունքի տեսանկյունից Արցախի հայերի VII համագումարին Ադրբեջանի պարտադրած համաձայնագիրը անօրինական էր, քանզի «Միջազգային պայմանագրի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում ստորագրված պայմանագրերն առ ոչինչ են[23]։ Փարիզի խաղաղության վեհաժողովին ուղղված ՀՀ վարչապետ Ա. Խատիսյանի 1919 թ. օգոստոսի 28-ի հայտարարության մեջ բացահայտվում էր Ադրբեջանի կողմից Արցախի հայերին պարտադրված պայմանների քաղաքական ենթատեքստը, նշելով, որ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի կողմից Արցախի նվաճման համաթուրքական նկրտումների իրագործմանը միտված քայլ է, որով փորձ է արվում Արցախն ու Սյունիքը Ադրբեջանին ենթարկելու միջոցով՝ միանալ Թուրքիային և Հյուսիսային Պարսկաստանին և ստեղծել թյուրքական միասնական տարածք՝ Արևելյան Հայաստանը կտրելով Արևմտյան Հայաստանից և ձախողելով միացյալ Հայաստանի ստեղծումը[24] ։ Ադրբեջանը ժամանակավոր համաձայնագրի պայմաններով չբավարարվեց, և այն դիտարկում էր սոսկ որպես Արցախն իրեն ենթարկելու առաջին քայլ։ Բարձր գնահատելով Արցախը Ադրբեջանին բռնակցելու գործում Սուլթանովի ջանքերը, նրան առաջարկվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի պաշտոնը, որին ենթարկվում էր նաև Արցախում գեներալ-նահանգապետը, սակայն վերջինս 1919 թ. սեպտեմբերի 2-ի պատասխան նամակում Արցախից իր հեռանալը տվյալ պահին անթույլատրելի էր համարում, գտնելով, որ պետք է զարգացնել ձեռք բերված հաջողությունը, և Ադրբեջանի իշխանությունը տարածել նաև Զանգեզուրի վրա, ինչից հետո, նրա կարծիքով, հնարավոր կլիներ լուծել նաև հարավ-արևմտյան Ադրբեջանի հարցը[25]։ Սուլթանովն ակնարկում էր, որ Արցախի և Սյունիքի Ադրբեջանին միացնելը պայմաններ կստեղծի Հյուսիսային Իրանի Ատրպատականի տարածաշրջանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար։ Ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո 1919 թ. սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Արցախն իրենց իշխանության տակ պահելու նպատակով Սուլթանովին կարգադրում է քրդերից նոր հեծյալ և հետևակային զինված ստորաբաժանումներ կազմավորել[26] ։ Այդ գործում արդեն բավականաչափ փորձառություն ունեցող Սուլթանովը քրդական նոր հրաձգային գումարտակ և հեծելազորային դիվիզիա է կազմավորում[27]։
1920 թ. սկզբին մուսավաթական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ուժային մեթոդով Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագրի իրագործմանը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու էր հայ բնակչության զանգվածային կոտորածներին։ 1920 թ. հունվարի վերջին թուրքական բանակի երկու բարձրաստիճան սպաների՝ Նուրի և Խալիլ փաշաների ժամանումը Շուշի ակտիվացրեց հայերի դեմ ծրագրվող ապագա գործողությունների նախապատրաստական աշխատանքները[28]։ Մարտի սկզբին նրանց միացավ նաև Քյազիմ բեյը՝ 10 թուրք սպաների հետ, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց հայ բնակչության շրջանում[29]։ Սուլթանովը փորձում էր փարատել հայերի կասկածները և բարձրաստիճան թուրք սպաներին ներկայացնում էր որպես ռազմական խորհրդատուներ։ Ըստ ամենայնի, հենց այդ թուրք սպաների խորհրդով ամրացվեցին Շուշին և Խանքենդիի ավանը, նրանց անմիջական ղեկավարությամբ Արցախի շուրջ կենտրոնացած ավելի քան 10 հազարի հասնող թաթարական զորքերն ու քրդական զինված հրոսակախմբերը վերադասավորվեցին այնպես, որ հսկողության տակ առնվեցին ռազմավարական կարևոր դիրքերը և դադարացվեց հաղորդակցությունը Արցախի և Սյունիքի միջև[30]։ Ժամանակակից ցեղասպանագիտության մեջ որպես տվյալ հանցագործության նախապատրաստման պարտադիր նախապայման նշվում է վիկտիմիզացիայի գործընթացը[31], որը կիրառվել է ինչպես 1894-1896 թթ. հայերի կոտորածներից առաջ[32], այնպես էլ երիտթուրքերի վարչակարգի կողմից՝ հայերին մեղադրելով Օսմանյան կայսրության բոլոր դժբախտությունների մեջ[33]։ Շուշիի հայերի ջարդերից առաջ մուսավաթական իշխանությունների գործակալները Արցախում ժողովներ էին հրավիրում ու գրգռիչ ճառերով մուսուլման բնակչությանը տրամադրում հայերի դեմ։ Նովրուզ-բայրամը տոնելու անվան տակ Արցախի տարբեր շրջաններից Շուշի էին բերվել հազարավոր մուսուլմաններ, որոնց Սուլթանովը հրահանգեց պատրաստ լինել և սպասել իր ազդանշանին` քաղաքի հայկական մասը հիմնահատակ կործանելու համար[34]։ Լուրեր տարածելով, թե իբր հայկական մի ջոկատ Շուշի է թափանցել[35], Սուլթանովն առաջնորդվում էր ցեղասպանության սկզբնական փուլում երիտթուրքերի կողմից շրջանառված «հայերի ապստամբություն բարձրացնելու» կեղծ վարկածով, որը Հայոց ցեղասպանության ժխտման և նենգափոխման թուրքական «հայեցակարգի» անկյունաքարն է կազմում[36]։ Շուշիի կոտորածները «հայերի ապստամբությունը» ճնշելու շինծու վարկածով հետագայում փորձեց արդարացնել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ֆ. Խան-Խոյսկին[37] նշելով, թե իբր դեպքերի նախօրյակին հայկական երկու զինված խումբ՝ յուրաքանչյուրը 26 մարդուց բաղկացած, մտել է Շուշի, միացել այնտեղ եղած զինված մարդկանց և հարձակվել ադրբեջանական զորքերի վրա[38]։ Հետևելով Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Սուլթանովն ու Խան-Խոյսկին «ապստամբություն բարձրացնելու» շինծու մեղադրանքներով ձգտում էին արդարացնել հայ բնակչության դեմ իրականացվելիք զանգվածային կոտորածները և դրանց պատասխանատվությունը դնել զոհի վրա։
Նախապատրաստական գործողություններին հաջորդեց Արցախի հայերին Սուլթանովի ներկայացրած վերջնագիրը, որով պահանջվում էր թույլ տալ թաթարական զորքերի և քրդական հրոսակախմբերի անարգել մուտքը Դիզակի, Վարանդայի և Ջեբրայիլի շրջաններ, մերժման դեպքում սպառնալով ռազմական ուժ կիրառել։ Մինչ այդ հայերի համար փակվել էր նաև Շուշի-Աղդամ ճանապարհը և հայ բնակչության նկատմամբ տնտեսական բոյկոտ էր կիրառվում։ Լուրեր էին ստացվել, որ Խանքենդիում և Աղդամում մոտ 400 հայեր դաժանաբար սպանվել են թաթարական զորքերի կողմից, իսկ նրանց տները և ունեցվածքը թալանվել է[39]։ 1920 թ. փետրվարի 28-ից մարտի 4-ը կայացած Արցախի հայերի VIII համագումարը, արձանագրելով ադրբեջանական իշխանությունների կողմից ժամանակավոր համաձայնագրի 1-ին, 7-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների[40] խախտումները, մերժեց Սուլթանովի պահանջը և պատրաստակամություն հայտնեց միջոցներ ձեռնարկելու՝ Արցախի հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում[41]։ Մերժում ստանալուց հետո Բաքուն մարտի 11-ին և 12-ին Արցախ ուղարկեց զենքով ու զինամթերքով բեռնված 90 վագոն[42]։ Մարտի 20-ից մուսավաթական իշխանությունները սկսեցին իրականացնել Արցախի հայ բնակչության բռնի զինաթափումը[43]։ Վստահաբար կարելի է պնդել, որ կոտորելուց առաջ հայկական բնակավայրերը շրջապատելու, արտաքին աշխարհից կտրելու և զինաթափվելու պահանջ ներկայացնելու այս սցենարը[44] Սուլթանովին հուշել էին Շուշիում գտնվող թուրքական բանակի բարձրաստիճան սպաները, որոնք հայերի կոտորածների կազմակերպման մեծ փորձ ունեին։ Շուշիի հայությանը ևս կարգադրված էր երեք օրվա ընթացքում հատուկ նշանակված տեղերում հոժարակամ հանձնել զենքերը։ Քաջ գիտակցելով, որ այդ քայլով փորձ էր կատարվում նոր կոտորածներից առաջ հայերին զրկել ինքնապաշտպանվելու միջոցներից, Արցախի բնակչությունը վճռականորեն մերժեց զինաթափվելու պահանջը, ինչը նաև 1919 թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագրի 19-րդ հոդվածի խախտում էր[45]։ Վերջնագրի ժամկետը լրանալուց հետո մարտի 22-ի առավոտյան Սուլթանովի հրամանով Արցախում կենտրոնացած թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել Շուշիի հայկական թաղամասում և բռնությամբ զինաթափել բնակչությանը[46]։ Զինաթափման անվան տակ սկսվեց Շուշիի հայերի նոր կոտորածը։ Մարտի 23-ին Սուլթանովի և թուրք սպաների ղեկավարությամբ թաթար զինվորները, քրդական հրոսակները և մուսուլմանների մոլեռանդ ամբոխը ներխուժեց Շուշիի հայկական թաղամաս, սկսեց կոտորել խաղաղ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց, ծերերին և երեխաներին։ Միայն Շուշիում զոհերի թիվը կազմեց մոտ 8000 մարդ[42]։ Շուշիի հայկական թաղամասը գրեթե ամբողջությամբ հրկիզվեց, այրվեցին բնակելի տներն ու հասարակական շինությունները։ Մահից փրկված Շուշիի հայության բեկորները, թվով 5-6 հազար մարդ, մազապուրծ փախան Վարանդա և Դիզակ[47]։
Շուշիի կոտորածները «հայերի ապստամբությունը ճնշելու» շինծու վարկածով արդարացնող Ֆ. Խան-Խոյսկին պնդում էր, որ Շուշիում հայ մտավորականության մի մասը իբր գտնվում է Սուլթանովի հովանավորության ներքո, իսկ մյուսները հեռացել են «ապստամբների» հետ[48]։ Մինչդեռ Արցախի և մասնավորապես Շուշիի հայ բնակչության կոտորածների ընթացքում մուսավաթականները Սուլթանովի գլխավորությամբ կրկնօրինակեցին նաև երիտթուրքերի կողմից հայ մտավորականության նկատմամբ առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար տեսնելու[49] Մեծ եղեռնի երկրորդ փուլը։ Ժամանակակից ցեղասպանագիտության մեջ այս հանցավոր գործողություններին տրվել է «պոլիտիցիդի» կամ «քաղաքական սպանություն» անվանումը[50]։ Շուշիում զոհվեցին բժիշկ Յարամիշյանը, բանաստեղծներ Մ. Ջանումյանը, Փիրջանյանը, ուսուցիչներ Թավրիզյանը, Տեր-Գաբրիելյանը, գիտության ու մշակույթի այլ ներկայացուցիչներ։ Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը կախաղան բարձրացվեց, իսկ Շուշիի ոստիկանապետ Ավետիս Տեր-Ղուկասյանը ողջակիզվեց[51]։ Արցախի ու մասնավորապես Շուշիի հայերի կոտորածների ընթացքում նույնպես կրկնվեց օսմանահպատակ հայերի բնաջնջման ընթացքում իրականացված հայ բնակչության ունեցվածքի զանգվածային թալանի և ունեզրկման գործընթացը, քանզի ինչպես երիտթուրքերը, այնպես էլ մուսավաթականները հենց հայերի ունեցվածքին տեր դառնալու խթանով էին մուսուլմաններին մասնակից դարձնում այդ հանցագործությանը[52]։ Շուշիի հայկական թաղամասի տները այրելուց առաջ դուրս էին հանում ամբողջ ունեցվածքը, կահ-կարասին, որը թալանի ու կողոպուտի էր ենթարկվում թաթարների և քրդերի կողմից։ Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա հայկական թաղամասում թողնվեց միայն 10-15 տուն, որոնք մուսավաթական իշխանությունները նախատեսել էին թաթարական բանակի կարիքների համար[53]։ Ընդհանուր առմամբ, 1920 թ. մարտ-ապրիլ ամիսներին թուրք սպաների և Սուլթանովի ղեկավարությամբ մուսավաթական բանակը, քրդական հրոսակախմբերն ու մոլեռանդ մուսուլման ամբոխը Արցախում կոտորեցին մոտ 10 հազար հայերի, ավերեցին ավելի քան երեք տասնյակ գյուղեր ու շեներ։ Ջարդերից փրկված շուրջ 25 հազար մարդ ապաստան գտավ Վարանդայի, Դիզակի և մասամբ Զանգեզուրի գյուղերում[54]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.