From Wikipedia, the free encyclopedia
Ստրաբոն (հուն․՝ Στράβων, մոտ մ. թ. ա. 63[1], Ամասիա, Հունաստան[2][1] - ոչ վաղ քան 21 և ոչ ուշ քան 24, Ամասիա, Հունաստան), հույն պատմիչ և աշխարհագրագետ։ Հեղինակել է «Պատմություն» (չի պահպանվել) և «Աշխարհագրություն» երկասիրությունները։
Ստրաբոն | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 63[1] Ամասիա, Հունաստան[2][1] |
Մահացել է | ոչ վաղ քան 21 և ոչ ուշ քան 24 Ամասիա, Հունաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, պատմաբան, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] |
Strabo Վիքիպահեստում |
Ստրաբոնը ծնվել է Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում՝ բարձրաշխարհիկ ընտանիքում։ Նրա հոր ընտանիքի մասին ոչինչ հայտի չէ, բայց մոր ազգականները կարևոր պաշտոններ են զբաղեցրել Միհրդատ 5-րդի ու Միհրդատ 6-րդի օրոք։ Ստրաբոնի նախապապը թագավորի զորավարն էր, իսկ ազգականներից մեկը Կոմմագենեի քահանան էր։ Ստրաբոնի պապը անցնում է հռոմեացիների կողմը ու նրանց տալիս 15 թագավորական ամրոց։ Նրանց ընտանիքը Գնեոս Պոմպեոսի կողմից ստանում է հռոմեական քաղաքացիություն[4]։
Ստրաբոնի ծննդյան տարեթիվը ճշգրիտ հայտնի չէ, սակայն ելնելով նրա աշխատության մեջ արված հիշատակումներից՝ ենթադրվում է, որ ծնվել է մոտ մ.թ.ա. 63 թվականին։ Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում՝ Արիստոդեմոսի, Տիրիանոնի ու փիլիսոփա Քսենարխոսի մոտ, ուսումնասիրել է Արիստոտելի գրվածքները։ Ստացել է փիլիսոփայական կրթություն[5]։ Թեև Ստրաբոնը տեսել է իր նկարագրած շրջանների համեմատաբար փոքր մասը, այնուամենայնիվ նա շատ է ճանապարհորդել։ Ըստ իր հաղորդած տեղեկությունների՝ նա եղել է Եգիպտոսում, Կապադովկիայում, Եփեսոսում, Նիսայում, Հերապոլիսում և այլուր։ Ստրաբոնն առաջին անգամ Հռոմում եղել է մ.թ.ա. 44 թվականին, երկար ժամանակ ապրել է այնտեղ ու եղել է հռոմեական բարձրագույն հասարակության մի մասը։ Մ.թ.ա. 44 թվականին նա ուղևորվել է Ալեքսանդրիա՝ նավարկելով Աֆրիկայի երկայնքով ու Նեղոսով մինչև Եթովպիայի սահմանը։ Իր աշխատություններում Ստրաբոնը անդրադարձել է նաև Եփեսոսի Արտեմիդորին, ով ապրել է իրենից քիչ առաջ[5]։
Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից։ Մ. թ. ա. 145–127 թվականների իրադարձությունների մասին պատմող այդ երկից պատառիկներ են հասել մեզ։ Մ. թ. ա. 7 թվականից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որը շարունակությունն է «Պատմական հիշատակարանների»։ «Աշխարհագրություն» երկում Ստրաբոնը շարադրել է և՛ իր տեսածն ու ուսումնասիրածը, և՛ օգտվել է անտիկ շատ հեղինակների՝ Երատոսթենեսի, Պոլիբիոսի, Հիպպարքոսի, Հերոդոտոսի գործերից։ Ստրաբոնի նպատակն է եղել նկարագրել հույներին ու հռոմեացիներին հայտնի աշխարհը փաստերի և նյութերի համադրման միջոցով[6]։
«Աշխարհագրություն» երկը բաղկացած է 17 գրքից։ Նա շարադրել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, հարուստ տեղեկություններ հաղորդել այդ երկրների քաղաքական պատմության և հասարակական հարաբերությունների վերաբերյալ։ Աշխատության առաջին 2 գրքերը նվիրված են մաթեմատիկական աշխարհագրությանը, 3-6-րդ գրքերը՝ Իսպանիայի, Գալիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Սիկիլիայի պատմությանը, 7-10-րդ գրքերը՝ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի, Բալկանյան թերակղզու հյուսիսի, Հունաստանի պատմությանը, 11-14-րդ գրքերը՝ հյուսիսային և արևելյան մերձսևծովյան շրջանների, Փոքր Ասիայի, Հայաստանի պատմությանը, 15-17-րդ գրքերը՝ Հնդկաստանի, Միջագետքի, Արաբիայի, Եգիպտոսի պատմությանը[6]։
«Աշխարհագրությունը» Ստրաբոնից մեզ հասած ամենակարևոր աշխատությունն է։ Դա առաջին փորձն էր հավաքելու ժամանակին հասանելի աշխարհագրական գիտելիքները և աշխարհագրության մասին ընդհանուր տրակտատ կազմելու։ Ստրաբոնը նպատակ ուներ ստեղծել մի աշխատություն, որը ներառում է մաթեմատիկական, ֆիզիկական, քաղաքական ու պատմական աշխարհագրության 4 բաժինները։ Աշխատության մեջ կան այնպիսի տվյալներ, որոնք մեծ արժեք ու հետաքրքրություն են ներկայացում։ Ստրաբոնը օգտվել է նաև Պոլիբիոսի աշխատությունից՝ հաշվի առնելով նրա հաղորդած տեղեկությունների արժանահավատությունը։ Ստրաբոնը հիմնականում օգտվել է հույն հեղինակներից ու համեմատաբար քիչ՝ հռոմեացի հեղինակներից։ Նա հավանաբար հավաքել է իր նյութերը Ալեքսանդրիայի գրադարանում։ Իր աշխատությունը Ստրաբոնը գրել է առաջին հերթին պետական գործիչների համար։ Արժեքավոր տեղեկություններ է տալիս յուրաքանչյուր երկրի բնության, ֆիզիկական առանձնահատկությունների, էթնոլոգիայի, առևտրի ու այլնի մասին։ Ֆիզիկական աշխարհագրության առումով նրա աշխատանքը մեծ առաջընթաց է նախորդների համեմատ։ Ժամանակակից չափանիշներով դատելով՝ գետերի, լեռնաշղթաների վերաբերյալ նրա նկարագրությունները թերի են թվում, բայց պետք է հաշվի առնել տեղեկատվություն հայթայթելու դժվարությունները։ Արժեքավոր են տեղեկությունները մաթեմատիկական աշխարհագրության ու աստղագիտության վերաբերյալ[5]։
Հեղինակի մտահղացմամբ՝ «Աշխարհագրությունը» պետք է գործնական ձեռնարկ լիներ Հռոմի պետական գործիչների համար։ Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաև Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել մ. թ. ա. 2-1-ին դարերի հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս։ Արժեքավոր են Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները Արտաշեսի, Զարեհ Ծոփացու, Տիգրան Բ-ի, Արտավազդի, Արտանես Ծոփացու վերաբերյալ[6]։
Ստրաբոնը քննադատաբար է օգտագործել սկզբնաղբյուրները՝ դրանք ճշտելով ու լրացնելով։ Նրա «Աշխարհագրություն» երկը ժամանակի յուրատեսակ պատմաաշխարհագրական հանրագիտարան է։
Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում. (կան նաև) շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Ալբանիայի (Աղվանք) եզրերը և թափվում է Կասպից ծով, այնուհետև՝ Շակաշենը, որը սահմանակից է Ալբանիային և Կուր գետին, հետո՝ Գոգարենեն։
...Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են (ձյան) մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց։ - Ստրաբոն[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.