From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբոսյան փոխանակում (անգլ.՝ Columbian exchange, Columbian interchange), բույսերի, կենդանիների, մշակույթի, մարդկանց, տեխնոլոգիաների, հիվանդությունների ու գաղափարների լայնամասշտաբ տեղափոխումներ Ամերիկաների, Արևմտյան Աֆրիկայի ու Հին աշխարհի միջև 15-րդ և 16-րդ դարերում։ Տերմինը վերաբերում է նաև եվրոպական գաղութացմանն ու առևտրին, որ հետևել են Քրիստափոր Կոլումբոսի 1492 թվականի ճանապարհորդությանը[1]։ Ինվազիոն տեսակները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները եղել են փոխանակման կողմնակի արդյունքներ։ Գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցած փոփոխություններն զգալի ազդեցություն են ունեցել աշխարհի բնակչության վրա։ Կոլումբոսի փոխանակման կարևորագույն ոչ ուղղակի հետևանքները եղել են մշակութային փոխանակումներն ու մարդկանց տեղափոխությունը (ազատ և ստրկացված) մայրցամաքների միջև։
Երկու մայրցամաքների բնակչությունների միջև շփման շնորհիվ տարածվել են տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսեր ու ընտանի կենդանիներ, ինչը նպաստել է երկու կիսագնդերում բնակչության թվաքանակի աճին, չնայած սկզբում հիվանդությունների պատճառով կտրուկ նվազել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների բնիկների թվաքանակը։ Առևտրականները, վերադառնալով Եվրոպա, իրենց հետ բերել են եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ, որ դարձել են կարևոր մշակաբույսեր Եվրոպայում մինչև 18-րդ դարը։
Տերմինը 1972 թվականին առաջին անգամ օգտագործել է ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրոսբին իր «Կոլումբոսյան փոխանակում» (անգլ.՝ The Columbian Exchange) գրքում[2]։ Այն արագորեն ընդունվել է այլ պատմաբանների ու լրագրողների կողմից և ստացել լայն տարածում։
1972 թվականին Օսթինում Տեխասի համալսարանից ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրսբին հրատարակել է «Կոլումբոսյան փոխանակում» (ռուս.՝ The Columbian Exchange) գիրքը[2]։ Նույն տասնամյակում նա հրատարակել է հետագա հատորները։ Նրա հիմնական խնդիրը եղել է Հին և Նոր աշխարհների միջև տեղի ունեցած կենսաբանական ու մշակութային փոխանակումների քարտեզագրումը։ Նա ուսումնասիրել է Կոլումբոսի ճանապարհորդությունների ազդեցությունները։ Մասնավորապես մշակաբույսերի, սերմերի ու բույսերի գլոբալ տարածումը Նոր աշխարհից հետ դեպի Հին աշխարհ։ Նրա ուսումնասիրությոնը ազդեցություն է թողել գիտնականների կողմից ժամանակակից այն էկոհամակարգերի բազմազանության ընկալման վրա, որոնք առաջացել են այդ փոխանակումների շնորհիվ[3]։
Տերմինը տարածվել է պատմաբանների ու լրագրողների շրջանում։ Այն ամրապնդվել է Քրոսբիի «Էկոլոգիական իմպերիալիզմ։ Եվրոպայի կենսաբանական ընդլայնումը, 900-1900» գրքի շնորհիվ, իսկ Քրոսբիի օրիգինալ ուսումնասիրությունն իր «1493 թվական» գրքում շարունակել է ընդլայնել ու արդիականացնել Չարլզ Մանը[4]։
Մի շարք բույսեր, որ աճել են միայն Ամերիկայում, տարածվել են ամբողջ աշխարհում, ներառյալ կարտոֆիլը, եգիպտացորենը, լոլիկը և ծխախոտըը[5]։ Նախքան 1500 թվականը Հարավային Ամերիկայից դուրս կարտոֆիլ չի աճեցվել։ Մինչև 19-րդ դարը այն հանդիպել է գրեթե ամենուր Եվրոպայում և տարածվել Հնդկաստանում ու Հյուսիսային Ամերիկայում։ Արդյունքում կարտոֆիլը դարձել է մարդկանց սննդի կարևոր բաղադրամաս Եվրոպայի մեծ մասում և նպաստել շուրջ 25 %-ով Աֆրիկայի ու Եվրասիայի բնակչության աճին 1700 և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[6]։ Բազմաթիվ եվրապական առաջնորդներ, ներառյալ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը և Ռուսաստանի տիրակալ Եկատերինա II-ը, խրախուսել են կարտոֆիլի աճեցումը[7]։
Եգիպտացորենն ու կասավան, որ պորտուգալացիների կողմից բերվել են Հարավային Ամերիկայից 16-րդ դարում[8], փոխարինել են սորգոյին ու կորեկին որպես Աֆրիկայի կարևորագույն ուտելի մշակաբույսեր[9]։ 16-րդ դարում իսպանական գաղութարարներն Ասիայում տարածել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված մշակավույսեր, ներառյալ եգիպտացորենն ու բաթաթը՝ դրանով իսկ նպաստելով Ասիայի բնակչության թվաքանակի ավելացմանը[10]։ Ընդհանուր առմամբ՝ Հին աշխարհում կարտոֆիլի ու եգիպտացորենի տարածումը նպաստել են սննդի կարոլիականության ու սննդային արժեքի բարձրացմանը՝ համեմատած Եվրասիայում նախկինում տարածված մշակաբույսերի հետ[11], քանի որ դրանց շնորհիվ ստացվել է ավելի բազմազան ու առատ սննդի արտադրություն[12]։
Լոլիկը, որ Նոր աշխարհից Եվրոպա է բերվել Իսպանիայի շնորհիվ, սկզբում բարձր է գնահատվել Իտալիայում հատկապես իր դեկորատիվ արժեքի համար։ 19-րդ դարից սկսած լոլիկի սոուսը դարձել է տիպական նեապոլիտանական խոհանոցի համար, իդկ վերջնական արդյունքում նաև իտալական խոհանոցի համար[13]։ Սուրճը, որ ներմուծվել է Ամերիկա շուրջ 1720 թվականին Աֆրիկայից ու Միջին Արևելքից և շաքարեղեգը, որ ներմուծվել է Հնդկական ենթամայրցամաքից, դարձել են Լատինական Ամերիկայից արտահանվող հիմնական ապրանքներից և աճեցվել ընդարձակածավալ պլանտացիաներում։ Պորտուգալացիների շնորհիվ Հարավային Ամերիկայից Հնդկաստան տարված կարմիր պղպեղն ու կարտոֆիլը դարձել են հնդկական խոհանոցի անբաժանելի մաս[14]։
Բրինձը նույնպես մեծ տարածում է գտել Կոլումբոսի փոխանակման ժամանակ։ Նոր աշխարհում այդ մշակաբույսի պահանջարկի մեծանալուն զուգահեռ զարգացել են նաև գիտելիքները նրա մշակման վերաբերյալ։ Առավել շատ օգտագործվող երկու տեսակները եղել են՝ Oryza glaberrima և Oryza sativa, որոնց հայրենիքը եղել է Արևմտյան Աֆրիկան և Հարավարևելյան Ասիան համապատասխանաբար։ Նոր աշխարհում ստրկատերերը այդ երկու տեսակների աճեցումը վստահել են Աֆրիկայից բերված ստրուկներին[15]։ Հյուսիսային և Հարավային Կարոլինան եղել է բրնձի աճեցման հիմնական վայրը ստրկատիրության ժամանակներում, իսկ Կարիբյան ծովի կղզիները, ինչպիսիք էին Պուերտո Ռիկոն և Կուբան, հավասարապես եղել են արտադրության խոշորագույն կենտրոնները։ Աֆրիկացի ստրուկները կիսվել են ջրի վերահսկմանը, աղալուն, քամհարմանը և դաշտերում կատարվող ագրարային այլ աշխատանքներին վերաբերող իրենց գիտելիքներով։ Աֆրիկացիների գիտելիքների տարածման շնորհիվ բրինձն արդյունքում դարձել է Նոր աշխարհում տարածված հիմնական սննդամթերքներից[3]։
Ցիտրուսային մրգերն ու խաղողը Ամերիկա տարվել են Միջերկրածովյան տարածքներից։ Սկզբում ամեն կերպ փորձ է արվել դրանք հարարեցնել տեղի կլիմային, բայց 19-րդ դարի վերջին դրանք աճեցվել են ավելի հետևողականորեն[16]։
Բանանն Ամերիկա ներմուծվել է պորտուգալացի նավաստիների կողմից, որոնք այն տարել են Արևմտյան Աֆրիկայից 16-րդ դարում աֆրիկացիներին ստրկացնելու ժամանակ։ Մինչև 1880-ական թվականները բանանն օգտագործվել է նվազագույն քանակով։ ԱՄՆ-ում բանանի սպառման աճ չի նկատվել այնքան ժամանակ, մինչև չեն տարածքվել բանանի պլանտացիաները Կարիբյան ծովի ավազանում[17]։ Հետագայում այն տարածվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։
Եվրոպայում հայտնվելուց միայն երեք դար հետո է լոլիկն ստացել լայն տարածում։ Ծխախոտը, կարտոֆիլը, կարմիր պղպեղը, ֆիզալիսն ու լոլիկը պատկանում են մորմազգիների ընտանիքին և բոլորը որոշակի նմանություն ունեն եվրոպական մորմի հետ, ինչը երևում է անգամ ծաղիկների ու պտուղների ձևից։ Եվրոպական մորմի որոշ տեսակների նման լոլիկն ու կարտոֆիլը կարող են լինել վնասակար կամ նույնիսկ մահացու, եթե այդ բույսերի որոշակի հատվածներն օգտագործվեն սխալ քանակով։ Նոր աշխարհից Իտալիա բերված բույսերից միայն կարտոֆիլի տարածման համար է պահանջվել լոլիկի չափ ժամանակ։ 16-րդ դարի բժիշկները, այդպիսով, հիմք են ունեցել զգուշանալու, որ այդ բնիկ մեքսիկական բույսը եղել է թունավոր և «մելանխոլիկ տրամադրությունների» պատճառ։ 1544 թվականին տոսկանացի բժիշկ և բուսաբան Պիետրո Անդրեա Մատիոլին ենթադրել է, որ լոլիկը կրաող է ուտելի լինել, սակայն չկան վկայություններ այն մասին, որ ինչ-որ մեկը կերել է այն։ 1548 թվականի հոկտեմբերի 31-ին լոլիկին տրվել է այն անվանումը, որով այդ բույսը հայտնի է դարձել Եվրոպայում, երբ Ֆլորենցիայի դուքս Կոզիմո I Մեդիչիի տնային կառավարիչը Մեդիչիի անձնական քարտուղարին գրել է, որ pomi d'oro-ի զամբյուղը «տեղ է հասել անվնաս»։ Այդ ժամանակ pomi d'oro պիտակն օգտագործվել է նաև թզի, սեխի և ցիտրուսային մրգերի համար գիտական աշխատանքներում[18]։
Սկզբնական շրջանում լոլիկն Իտալիայում աճեցվել է հիմնականում որպես դեկորատիվ բույս։ Օրինակ՝ ֆլորենտացի ազնվական Ջիովան Վետորիո Սոդերինին գրել է, որ դրանք ձեռք են բերվել «միայն իրենց գեղեցկության համար» և աճեցվել են միայն պարտեզներում ու ծաղկանոցներում։ Եվրոպա բերվելուց հետո լոլիկը շուրջ հիսուն տարի աճեցվել է քաղաքային ու քաղաքներից դուսր գտնվող այգիներում և միայն հազվադեպ պատկերվել արվեստի գործերում։ Սակայն 1592 թվականին Մադրիդի մոտ գտնվող Արանխուեսի բուսաբանական այգու (գտնվել է Ֆիլիպ II Հաբսբուրգի հովանու ներքո) գլխավոր պարտիզպանը գրել է, թե «ասում են՝ [լոլիկից] լավ սոուս է ստացվում»։ Չնայած դրան՝ լոլիկը շարունակել է համարվել դեկորատիվ նպատակներով աճեցվող էկզոտիկ բույս, որ հազվադեպ է աճեցվել խոհարարական նպատակներով։ Տոմատի սոուսով մակարոնը հայտնի է դարձել միայն 19-րդ դարի վերջին։ Ներկայում Իտալիայում աճեցվում է 13 000 հա լոլիկ, չնայած կան տարածաշրջաններ, որտեղ լոլիկը քիչ է աճեցվում և քիչ սպառվում[18]։
Առնվածզն Կոլումբոսյան փոխանակման սկզբում կենդանիները տեղափոխվել են հիմնականում մեկ ուղղությամբ՝ ԵՎրոպայից դեպի Նոր աշխարհ, որովհետև Եվրասիայում ավելի շատ կենդանիներ էին ընտելացվել։ Ձիերը, էշերը, ջորիները, խոզերը, կովերը, ոչխարները, այծերը, հավերը, մեծ շներ, կատուներ և մեղուներ արագ ընդունվել են տեղացիների կողմից և օգտագործվել տրանսպորտի, սննդի և այլ նպատակներով[19]։ Եվրոպայից Ամերիկա տեղափոխված առաջին կենդանիներից մեկը՝ ձին, փոխել է բազմաթիվ բնիկ ամերիկյան ցեղերի կյանքը։ Լեռնային ցեղերն անցել են քոչվոր կենսակերպի, որը ի տարբերություն երկրագործության, հիմնված էր բիզոնների որսի վրա (ձի հեծած), և շարժվել են դեպի Մեծ հարթավայրեր։ Հարթավայրերի ցեղերը ընդլայնել են իրենց տարածքները ձիերի միջոցով, և այդ կենդանիներն այնքան արժեքավոր են համարվել, որ ձիերի երամակները դարձել են հարստության չափման միջոց[20]։
Եվրոպային հատուկ անասունների ներմուծումն Ամերիկա միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի և մարդկանց վրա։ Կարիբյան ավազանում եվրոպական կենդանիների տարածումը մեծ ազդեցություն է ունեցել տեղական ֆաունայի և անտառային ծածկույթի վրա, ինչպես նաև վնաս է հասցրել մշակաբույսերին, որ բնիկ ժողովուրդներն աճեցնում էին իրենց գոյությունը պաշտպանելու համար[21]։
Մապուչեները (Արաուկանիա) արագորեն հարմարվել են ձիերի իսպանացիներից վերցված ձիերն օգտագործելուն՝ բարելավելով իրենց ռազմական հնարավորությունները, քանի որ Արաուկոյի պատերազմը շարունակվում էր իսպանացիների ու մապուչեների միջև[22][23]։ Իսպանացիների գալուց առաջ մապուչեսներն ունեցել են լամաներ։ Ոչխարների ներմուծումից հետո որոշակի մրցակցություն է եղել այդ երկու տնային կենդանիների միջև։ Ըստ վկայությունների՝ 17-րդ դարի կեսերինայդ երկու տեսակները գոյակցել են, բայց ոչխարներն ավելի շատ են եղել, քան լամաները։ Վերջիններիս թվաքանակը նվազագույնին է հասել 18-րդ դարի վերջին, երբ միայն Մարիքինայի մապուչեներն ու Անգոլի մոտի հյուքեններն էին պահում այդ կենդանիներից[24]։ Չիլոեի կղզեխմբում իսպանացիների կողմից խոզերի ներմուծումը հաջող է եղել, քանի որ նրանք օգտվել են կակղամորթների և ջրիմուռների առատությունից, որ բերում էին մեծ մակընթացությունները[24]։
Եվրոպացիները, գրավելով արևադարձային շրջանները, հայտնաբերել են քինինը՝ որպես մալարիայի բուժման առաջին արդյունավետ միջոց։ Եվրոպացիները տառապել են այդ հիվանդությամբ, բայց որոշ բնիկներ մշակել են առնվազն մասնակի դիմադրողականություն դրա նկատմամբ։ Աֆրիկայում մալարիայի նկատմամբ կայունությունը պայմանավորված է եղել Սահարայից հարավ ապրող աֆրիկացիների և նրանց ժառանգների մոտ տեղի ունեցած այլ գենետիկական փոփոխություններով, որոնք կարող են առաջացնել մանգաղաբջջային հիվանդություն[1]։ Փաստորեն, Միացյալ Նահանգների հարավում տարածված մալարիայի դեմ Սահարայից հարավ բնակվող աֆրիկացիների ունեցած դիմադրողականությունը նպաստել է այդ շրջաններում ստրկության զարգացմանը[25]։
Նախքան երկու կիսագնդերի միջև կանոնավոր հաղորդակցման հաստատումը՝ ընտանի կենդանիների տեսակները և մարդկանց փոխանցված վարակիչ հիվանդությունները, ինչպիսին է բնական ծաղիկը, զգալիորեն ավելի մեծաթիվ են եղել հին աշխարհում, քան Նոր աշխարհում, ինչի պատճառը եղել են հեռավոր երկրների հետ առևտրային զարգացած հարաբերությունները։ Դրանցից շատերը տարածվել են արևմուտքում Եվրասիայի միջոցով կենդանիների կամ մարդկանց հետ միասին, կամ առևտրականների միջոցով բերվել են Ասիայից, ինչի հետևանքով երկու մայրցամաքների հիվանդությունները փոխանցվել են բոլոր բնակիչներին։ Մինչ եվրոպացիներն ու ասիացիները տառապել էին եվրասիական հիվանդություններից, այդ մայրցամաքներում դարեր շարունակ նրանց ունեցած էնդեմիկ կարգավիճակը հանգեցրել է նրան, որ շատ մարդկանց մոտ ձևավորվել է ձեռքբերովի իմունիտետ։
Հին աշխարհի հիվանդությունները, ընդհակառակը, ավերիչ ազդեցություն են ունեցել Ամերիկայի բնիկների վրա, որովհետև Ամերիկայում մարդիկ նոր հիվանդությունների նկատմամբ բնական իմունիտետ չեն ունեցել։ Կարմրուկը դարձել է մեծ թվով մարդկանց մահվան պատճառ։ Համարվում է, որ բնական ծաղկի համաճարակները մեծ կորուստների պատճառ են դարձել բնիկ ամերիկացիների շրջանում՝ գերազանցելով ցանկացած պատերազմի[26] ինչպես նաև Եվրոպայում Սև մահվան պատճառով եղած համեմատական կորուստները[1]. հաշվարկվել է, որ 1492 թվականին հաջորդած առաջին 100-150 տարիների ընթացքում այդ համաճարակներից մահացել է Ամերիկայի բնիկների ավելի քան 80-95 %-ը, իսկ Ամերիկայի շատ տարածաշրջաններում համաճարակի զոհ է դարձել բնակչության 100 %-ը[1]։ Հյուսիսային Ամերիկայում ժողովրդագրական աղետի սկսվելը սովորաբար կապվում է 1518 թվականի դեկտեմբերին Էսպանյոլից բնական ծաղկի համաճարակի տարածման հետ[21]։ Այդ ժամանակ Էսպանյոլում կենդանի էր մնացել մոտ 10 000 բնիկ[21]։
Ենթադրվում է, որ դեղին տենդը Ամերիկա է հասել Աֆրիկայից տրանսատլանտյան ստրկավաճառության շնորհիվ։ Քանի որ այն Աֆրիկայում եղել է էնդեմիկ, շատերն ունեցել են իմունիտետ դրա նկատմմաբ։ Եվրոպացիներն ավելի շատ են տուժել Ամերիկայում տարածված դեղին տենդից, քան աֆրիկացիների սերունդները, երբ այդ հիվանդությունը տարածվել է բազմաթիվ գաղութներում 17-րդ դարում և շարունակվել էմինչև 19-րդ դարի վերջը։ Դեղին տենդը զանգվածային մահացությունների պատճառ է դարձել Կարիբյան ավազանում ստրուկների աշխատանքով մշակվող շաքարի պլանտացիաների ծաղկման շրջանում[21]։ Տեղական անտառների փոխարինումը շաքարի տնկարկներով և գործարանների կառուցումը նպաստել է արևադարձային գոտում դրա տարածմանը, որովհետև կրճատվել է մոծակների պոտենցիալ բնական գիշատիչների թիվը[21]։ Դեղին տենդի փոխանցման ուղիներն անհայտ են եղել մինչև 1881 թվականը, երբ Կառլոս Ֆինլեյը ենթադրել է, որ հիվանդությունը կարող են փոխանցել մոծակները, որ ներկայում հայտնի են որպես Aedes aegypti տեսակի էգ մոծակներ[21]։
Սիֆիլիսի առաջացման պատմությունը լավ ուսումնասիրված է, սակայն հիվանդության ճշգրիտ ծագումը հայտնի չէ և շարունակում է մնալ քննարկման առարկա[27]։ Կան երկու հիմնական վարկածներ. մեկը ենթադրում է, որ սիֆիլիսը Եվրոպա է տեղափոխվել Ամերիկայից Քրիստափոր Կոլումբոսի անձնակազմի կողմից 1490-ական թվականների սկզբին, իսկ ըստ երկրորդ վարկածի՝ սիֆիլիսը նախկինում գոյություն է ունեցել Եվրոպայում, սակայն մնացել է չբացահայտված[28]։ Այս վակածները կոչվում են «կոլումբոսյան» և «նախակոլումբոսյան» վարկածներ[28]։ Այս հիվանդության առաջին գրավոր նկարագրությունները Հին աշխարհում հայտնվել են 1493 թվականին[29]։ Եվրոպայում սիֆիլիսի առաջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել 1494/1495 թվականին Նեապոլում (Իտալիա)՝ Կարլ VIII բանակի շարքերում Նեապոլ ներխուժման ժամանակ[28][30][31][32]։ Նավարկության մասնակցած անձնակազմի շատ անդամներ միացել են այդ բանակին։ Հաղթանակից հետո Կարլի բանակի զինվորները, որոնց մեծ մասը վարձկաններ էին, վերադարձել են իրենց տները՝ դրանով իսկ տարածելով «Մեծ ծաղիկ» ողջ Եվրոպայում, որը դարձել է ավելի քան 5 միլիոն մարդու մահվան պատճառ[33][34]։
Մարդկանց միգրացիայի ազդեցություններից են եղել մշակութային փոխանակումները։ Օրինակ՝ «Վաղ գլոբալիզացիայի առասպելը։ Ատլանտյան տնտեսություն, 1500-1800» (անգլ.՝ The Myth of Early Globalization: The Atlantic Economy, 1500–1800) հոդվածում Փիթեր Էմմերը նշում է, որ «1500 թվականից սկսած Ատլանտիկայում սկսվել է «մշակույթների բախում»[35]։ Մշակույթների այս բախումը բնիկ մշակույթներին տվել է եվրոպական արժեքներ։ Օրինակ՝ մասնավոր սեփականության առաջացումն այն տարածքներում, որտեղ գրեթե բացակայում էին հողային իրավունքները, մոնոգամիայի և նուկլեար ընտանիքի հասկացությունները, ընտանեկան համակարգում կանանց և երեխաների դերը, «ազատ աշխատանքի առավելությունը»[36]։ Օրինակ՝ այս տեսակի մշակութային փոխանակում է տեղի ունեցել 1500-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում։ Նմանատիպ մշակութային փոխանակման օրինակ է տեղի ունեցել Հյուսիսային Ամերիկայում 1500-ական թվականներին։ Երբ Եվրոպայից եկած առաջին գաղութարարներն առաջին անգամ մտել են Հյուսիսային Ամերիկա, հանդիպել են առանց ցանկապատների հողերի, ինչից նրանք եզրակացրել են, որ դրանք չեն մշակվել։ Եվրոպացիները որոնում էին տնտեսական հնարավորություններ, այդ պատճառով հողը և ռեսուրսները նրանց համար կարևոր էին իրենց առաքելության հաջող ընթացքի համար։ Երբ այդ գաղութարարները մտել են Հյուսիսային Ամերիկա, նրանք հանդիպել են Պովհաթան կոչվող ժողովրդի լիովին ձևավորված մշակույթին։ Վիրջինիայում պովհաթան ֆերմերների ֆերմերային տարածքներն ցրված են եղել և ընդգրկել են մեծ տարածքներ։ Այդ մեծ ու մաքրված տարածքներում աճել են նաև ոչ տնկված և օգտակար բույսեր։ Քանի որ եվրոպացիները ցանկապատերը համարել են «քաղաքակրթության տարբերակիչ նշաններ», նրանք սկսել են վերափոխել հողը՝ այն հարմարեցնելով իրենց[37]։ Իրենց գործունեության ծավալման ընթացքում եվրոպացիները ստրկացրել, սպանել և շահագործել են բնիկներին։ Դրանից բացի, ստրկացված ժողովուրդների (և մասնավորապես, ստրկացված աֆրիկացիների) ընթացքում եվրոպացիները միաժամանակ տարածել են իրենց արժեհամակարգը՝ միաժամանակ արդարացնելով մարդկանց ստրկացումը փիլիսոփայության միջոցով, որը ստրկացված մարդկանց համարել է սեփականություն։ Այսպիսով, ստրկավաճառները և պլանտացիաների որոշ սեփականատերերը օգտագործել են ընտանիքի հայեցակարգը՝ ստրկացված ժողովրդին շահագործելու և վերահսկելու նպատակով։ Մշակութային փոխանակումների վրա ազդած այլ եղանակներից են եղել պրակտիկաների և ավանդույթների փոխանակումը։ Դրա օրինակ է ծխախոտի արդյունաբերությունը։
Ծխախոտը եղել է պերճանքի առարկաներից մեկը, որոնք տարածվել են որպես Կոլումբիական փոխանակման ուղղակի արդյունք։ Ծխախոտի առևտուրն ավելացրել է անվճար աշխատուժի պահանջարկը և ծխախոտը տարածել ամբողջ աշխարհում։ Քննարկելով ծխախոտի լայն օգտագործումը՝ իսպանացի բժիշկ Նիկոլաս Մոնարդեսը (1493-1588) նշել է, որ «Սև մարդիկ, որոնք այդ վայրերից հեռացել են Ինդիա, սկսել են ծխախոտ օգտագործել այնպես, ինչպես հնդիկները»[38]։ Երբ եվրոպական գաղութարարները և ստրկացված աֆրիկացիները ճանապարհորդել են աշխարհում և շփվել բնիկ ժողովուրդների հետ, նրանք իրենց հետ վերցրել են ծխախոտի հետ կապված մշակութային սովորույթները և դրանք տարածել այլ շրջաններում։ Այդ պատճառով ծխախոտի պահանջարկը մեծացել է մշակութային փոխանակումների և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման ընթացքում։
Չնայած մապուչե ժողովուրդն սկսել է օգտագործել ձիեր, ոչխարներ ու մշակել ցորեն, ընդհանուր առմամբ նրանք քիչ են վերցրել իսպանական տեխնոլոգիաները, ինչը բնութագրվել է որպես մշակութային դիմադրություն[22]։
Տրանսատլանտյան ստրկավաճառություն կոչվել է հիմնականում Արևմտյան Աֆրիկայից սևամորթների տեղափոխումը Ամերիկա 16-րդ դարից մինչև 19-րդ դարը[39]։ Շուրջ 10 մլն սևամորթներ են տեղափոխվել Աֆրիկայից Ամերիկա։ Այն ճանապարհորդությունը, որ ստրկացված աֆրիկացիները կատարել են Աֆրիայից մինչև Ամերիկա, հայտնի է որպես միջին անցում (Middle Passage)[40]։
Ստրկացված աֆրիկացիներն զգալի ազդեցություն են ունեցել Նոր աշխարհում ձևավորվող աֆրոամերիկյան մշակույթի վրա, ինչպես նաև այն բոլոր ժողովուրդների վրա, որոնց տարածքներ նրանք տեղափոխվել են, հատկապես Կարիբյան տարածաշրջանում և Բրազիլիայում։ Ստրկացված աֆրիկացիները եղել են որակյալ աշխատուժ, ինչպես նաև հիմք են հանդիսացել նոր բնակչության ձևավորման համար, որը երկու մշակույթների հիբրիդ էր[39]։ Սիդնի Մինցի և Ռիչարդ Փրայսի «Աֆրոամերիկյան մշակույթի ծնունդը։ Մարդաբանական հեռանկարը» (անգլ.՝ The Birth of African American Culture: an Anthropological Perspective) գրքում մանրամասն ներկայացվում է ստրկացված աֆրիկացիների մշակութային ազդեցությունն Ամերիկայում։
Տրանսատլանտյան ստրկավաճառության ժամանակ ստրկացված աֆրիկացիների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը դարձել է ամենավիճելի հարցերից մեկը Նոր աշխարհի պատմության մեջ։ 1865 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրա արգելման և մինչև 1890 թվականը մնացած Նոր աշխարհում դրա լիովին վերացման պահից այն մնում է որպես նշանակալի թեմա քաղաքականությունում, փոփ մշակույթում և մամուլում։
Օրգանիզմ | Հին աշխարհից դեպի Նոր աշխարհ | Նոր աշխարհից դեպի Հին աշխարհ |
---|---|---|
Ընտանի կենդանիներ |
|
|
Մշակաբույսեր |
|
|
Մշակելի սնկեր |
|
|
Վարակիչ հիվանդություններ |
|
|
Բույսրը, որ ցամաքով, օդով կամ ջրով տեղափոխվել են նախքան 1492 թվականը, կոչվում են արխեոֆիտներ, իսկ դրանից հետո Եվրոպա ներմուծված բույսերը՝ նեոֆիտներ։ Ոչ կանխամտածված կերպով ներմուծվել են նաև ինվազիոն բույսեր և հարուցիչներ, ինչպիսիք են մոլախոտերի օշան (Salsola spp.) և խրփուկ սովորական (Avena fatua) տեսակները։ Մտածված կերպով ներմուծված որոշ բույսեր, ինչպիսին է kudzu vine բույսը, որ 1894 թվականին Ճապոնիայից տարվել է ԱՄՆ՝ նպաստելու համար հողի էրոզան կարգավորելուն, հետագայում ճանաչվել է ինվազիոն բույս նոր պայմաններում։
Մի մայրցամաքից մյուսը տեղափոխվել են նաև սնկեր, ինչպիսին է գերմանական թեղու հիվանդության համար պատասխանատու սունկը, որ ոչնչացրել է ամերիկյան թեղիները Հյուսիսային Ամերիկայի անտառներում ու քաղաքներում, որտեղ դրանք տնկվել էին փողոցներում։ Որոշ ինվազիոն տեսակներ դարձել են էկոհամակարգային ու տնտեսական լուրջ վտանգ Նոր աշխարհի պայմաններում հայտնվելուց հետո[41][42]։ Օգտակար (թեև հավանաբար ոչ կանխամտածված) ներմուծում է Saccharomyces eubayanus խմորիչը, որի շնորհիվ ստեղծվել է թեթև գարեջուրը, որը, ինչպես ներկայում համարվում է, ստեղծվել է Պատագոնիայում[43]։ Ուրիշները օվկիանոսը հատել են հակառակ ուղղությամբ՝ հայտնվելով Եվրոպայում և նույնիսկ փոխել պատմության ընթացքը. 1840-ական թվականներին ֆիտոֆտորա ինֆեստանսը վնասել է կարտոֆիլի բերքը Եվրոպայի մի քանի երկրներում և ամբողջովին ոչնչացրել բերքը Իռլանդիայում, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել ու մահացել Իռլանդիայի կարտոֆիլայի սովի տարիներին։
Դրանից բացի, կանխամտածված կամ պատահական կերպով մի մայրցամաքից մյուսն են տեղափոխվել նաև մի շարք կենդանիներ։ Դրանց թվում են, օրինակ, գորշ առնետները, անձրևաորդերը (ամենայն հավանականությամբ բացակայել են նախակոլումբոսյան Նոր աշխարհի մի մասում), զեբրային խեցեմորթները, որ Նոր աշխարհ են հասել նավերի միջոցով[44]։ Ոչ բնիկ կենդանիների ազատ արձակված պոպուլյացիաները ծաղկում են ապրել Հին ու Նոր աշխարհներում և հաճախ բացասական ազդեցություն ունեցել տեղական տեսակների վրա։ Նոր աշխարհում տարածվել են վայրենացծ եվրոպական կատուները, խոզերը, ձիերն ու խոշոր եղջերավոր անասունները, իսկ Python bivittatus-ը և սովորական իգուանան խնդիրներ են ստեղծել Ֆլորիդայում։ Հին աշխարհում արևելյան գորշ սկյուռի հատկապես մեծ գաղութ է ձևավորվել Մեծ Բրիտանիայում, իսկ ենոտների ամերիկյան ջրարջերի պոպուլյացիաներ ներկայում հանդիպում են Գերմանիայի որոշ շրջաններում, Կովկասում և Ճապոնիայում։ Մորթու ֆերմաներից փախած ճահճակուղբերն ու ամերիկյան ջրաքիսները նույնպես ձևավորել են մեծ պոպուլյացիաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.