From Wikipedia, the free encyclopedia
Բծավոր տիֆ, մարդու վարակիչ հիվանդություն, որն ընթանում է արյունատար անոթների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով։ Բնորոշ են յուրահատուկ ցանը և տենդային վիճակը։
Բծավոր տիֆ | |
---|---|
Համաճարակային բծավոր տիֆով հիվանդ մարդ | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն, Էնդեմիկ հիվանդություններ, հիվանդության կարգ և տաքսոն |
Պատճառ | Rickettsiaceae? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Typhus Վիքիպահեստում |
Բծավոր տիֆի զանգվածային բռնկումներ մշտապես նկատվել են պատերազմների, սովի և այլ սոցիալական վատ պայմանների ժամանակ, որոնք ուղեկցվել են բնակչության կյանքի, բնակարանային և կենցաղային պայմանների կտրուկ վատացմամբ, ինչպես նաև մարդկանց մեծ խմբերով տեղափոխությունների ժամանակ։ Բծավոր տիֆի հարուցիչը Պրովացեկի ռիկետսիաներն են, որոնք կայուն են չորացման, սառեցման նկատմամբ և արագ ոչնչանում են 50 °C-ից բարձր ջերմաստիճանի ու վարակազերծող նյութերի ազդեցությունից։
Վարակի աղբյուրը բծավոր տիֆով հիվանդ մարդն է։ Հարուցչի փոխանցողը ոջիլն է (հաճախ հագուստի), որը վարակվում է հիվանդ մարդու արյունը ծծելով։ Հիվանդի արյան հետ ոջլի աղիքներն են թափանցում ռիկետսիաները, արագ սկսում են բազմանալ և ոջլի արտաթորանքի հետ ընկնում են արտաքին աշխարհ՝ մարդու սպիտակեղենի ու մաշկի վրա։ Առողջ մարդու արյունը ծծելու ընթացքում ոջիլների արտաթորանքի հետ արտազատվում են մեծ քանակությամբ ռիկետսիաներ, որոնք, կծած տեղը քորելիս թափանցում են արյան մեջ և տարածվում են ամբողջ օրգանիզմում, թափանցում տարբեր օրգաններ։ Արյան մեջ հարուցիչները ոչնչանում են՝ արտազատելով թունավոր նյութ՝ էնդոտոքսին, որն ախտահարում է անոթները և օրգանիզմի վրա ունենում թունավոր ազդեցություն։
Բծավոր տիֆի գաղտնի շրջանը 5-25, հաճախ 10-12 օր է։ Հիվանդությունն սկսվում է ուժեղ, սեղմող գլխացավով, հիմնականում՝ քունքային շրջանում։ Հիվանդը կորցնում է ախորժակը։ Դողին հաջորդում է ջերմության աստիճանաբար բարձրացումը, որը 4-5-րդ օրը հասնում է 39-40 °C-ի։ Հիվանդի վարքը չի համապատասխանում հիվանդության բարդությանը։ Նա լինում է գրգռված, շատախոս, աչքերը փայլում են, դեմքը, շրթունքները՝ կարմրում։ Հիվանդության 4-5-րդ օրը որովայնի և հարակից կրծքավանդակի մաշկին հայտնվում է բնորոշ ցան՝ բաց վարդագույնից (սեղմելիս անհետանում են՝ վարդաբիծ) վառ կարմիր (սեղմելիս չեն անհետանում՝ պետեխիա)։ Հիվանդին անհանգստացնում են հևոցը, սրտխփոցը, անքնությունը, գլխացավը։
12-14-րդ օրից ջերմաստիճանն իջնում է, հիվանդի վիճակը սկսում է բարելավվել։ Ուշացած բուժումը կարող է հանգեցնել բարդությունների (թոքաբորբ, ուղեղապատյանաբորբ և այլն)։
Բուժումն անցկացվում է միայն հիվանդանոցում։
Բծավոր տիֆով հիվանդի հայտնաբերում և անպայման մեկուսացում։ Միջատազերծում են շինությունը, որտեղ եղել է հիվանդը, նրա հագուստներն ու անկողինը։ Հիվանդին շրջապատող անձինք ենթակա են սանիտարական մշակման։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվում (25 օր ջերմաստիճանը չափելով)։ Ջերմության բարձրացման դեպքում այդ անձանց տեղափոխում են հիվանդանոց։ Հիվանդության տարածման վտանգի դեպքում բնակչության շրջանում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 456)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.