Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հարի Էդվարդ Սթայլզ (անգլ.՝ Harry Edward Styles, փետրվարի 1, 1994[2], Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը հայտնի է դարձել որպես One Direction բոյ բենդի անդամ։ 2016 թվականին խմբի անժամկետ ընդմիջման մասին հայտարարումից հետո Սթայլզը շարունակել է հանդես գալ որպես սոլո արտիստ։
Հարի Սթայլզ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Harry Styles |
Ի ծնե անուն | անգլ.՝ Harry Edward Styles[1] |
Ծնվել է | փետրվարի 1, 1994[2] (30 տարեկան) Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | սոֆթ ռոք, փոփ, ռոք, բրիթփոփ և ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, դերասան, կինոդերասան, կիթառահար, հեղինակ-կատարող, հումանիստ և ակտիվիստ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Syco Music և Columbia Records[3] |
Կրթություն | Հոլմս Չափելի հանրակրթական դպրոց |
Անդամակցություն | One direction |
Կապված | One Direction |
Կայք | hstyles.co.uk |
Ստորագրություն | |
Harry Styles Վիքիպահեստում |
2010 թվականին Սթայլզը մասնակցել է բրիտանական՝ «The X Factor» երաժշտական մրցույթին։ Սկզբում Հարին հեռացվել է նախագծից, սակայն հետագայում վերադարձել է և միանալով նախագծի չորս այլ մասնակիցներին (Նայլ Հորան, Լիամ Փեյն, Լուի Թոմլինսոն և Զեյն Մալիկ), կազմել է One Direction խումբը, որը հինգ հաջող ալբոմ է թողարկել, համաշխարհային շրջագայությունների է մեկնել, արժանացել բազմաթիվ մրցանակների և, ի վերջո, դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ աշխատանքներ վաճառած բոյ բենդերից մեկը[4][5][6]։ 2016 թվականին խումբն անժամկետ ընդմիջում է վերցրել, և Սթայլզը պայմանագիր է կնքել Columbia Records լեյբի հետ որպես սոլո արտիստ։
Սթայլզն իր դեբյուտային՝ «Sign of the Times» սոլո սինգլը թողարկել է 2017 թվականին՝ որպես իր նորամուտային նույնանուն ալբոմի (2017) գլխավոր սինգլ։ Երգը գլխավորել է UK Singles Chart-ը, զբաղեցրել ամերիկյան Billboard Hot 100 չարթի չորրորդ հորիզոնականը։ Այն «Տարվա երգ» է ճանաչվել Rolling Stone ամսագրի կողմից, իսկ դրա երաժշտական հոլովակի համար Սթայլզն ստացել է Brit Award[7]։ «Harry Styles» ալբոմը գլխավորել է 14 երկրների չարթերը և ընդգրկվել մի շարք երաժշտական քննադատների տարեվերջյան ցանկերում[8][9]։ Սթայլզն իր դերասանական նորամուտը կատարել է Քրիստոֆեր Նոլանի՝ 2017 թվականին թողարկված «Դյունկերկ» ռազմաֆիլմում։ Երգչի երկրորդ՝ «Fine Line» ալբոմը թողարկվել է 2019 թվականին և գլխավորել բրիտանական չարթերը։ Այն նաև գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ վաճառքով դեբյուտը[10]։ Ալբոմից թողարկվել է չորս սինգլ[11], ներառյալ «Adore You»-ն, որն ընդգրկվել է ամերիկյան և բրիտանական չարթերի լավագույն տասնյակում։
Հարի Էդվարդ Սթայլզը ծնվել է 1994 թվականի փետրվարի 1-ին Վուստերշիր կոմսության Ռեդիթչ քաղաքում[12], Էնն Քոքսի (օրիորդական ազգանունը՝ Սելի) և Դեսմոնդ «Դես» Սթայլզի ընտանիքում[13][14][15]։ Նրա նախնիներից շատերն աշխատել են Նորֆոլկի ֆերմաներում[16]։ Մանկության տարիներին Հարին ծնողների և ավագ քրոջ՝ Ջեմայի հետ տեղափոխվել է Չեշիր կոմսության Հոլմս Չափել համայնք[17]։ Նա հաճախել է Հոլմս Չափելի հանրակրթական դպրոց (անգլ.՝ Holmes Chapel Comprehensive School)[18]։ Այստեղ սովորելիս նա եղել է White Eskimo երաժշտական խմբի գլխավոր վոկալիստը։ Խումբը հաղթել է տեղի Battle of the Bands (անգլ. թարգմանաբար՝ «Երաժշտական խմբերի ճակատամարտ») մրցույթում[18][19]։ Սթայլզի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան էր, և նրա մայրն ավելի ուշ ամուսնացել է Ռոբին Թվիսթի հետ[20], որը 2017 թվականին մահացել է քաղցկեղից[21]։ Հարին ունի Մայք անունով խորթ եղբայր և Էյմի անունով խորթ քույր, որոնք Թվիսթի երեխաներն են[21]։ Մանուկ հասակում Սթայլզն իր պապից նվեր է ստացած կարաոկե սարքով քավերներ է ձայնագրել, և նրա առաջին ձայնագրած երգը եղել է Էլվիս Փրեսլիի «The Girl of My Best Friend» երգի քավերը[22]։ 16 տարեկանում Հարին կես դրույքով աշխատել է Հոլմս Չափելի Վ. Մանդևիլի հացի փռում[19]։
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
2010 թվականին Հարի Սթայլզը մասնակցել է «Իսք Ֆակտոր» նախագծին։ «Տղաներ» բաժնում անհաջողության է մատնվում, սակայն հուլիս ամսին Սայմոն Քովելը նրան Նայլ Հորանին, Զեյն Մալիկին, Լուի Թոմլինսոնին և Լիամ Փեյնին միացնում է իրար՝ ստեղծելով խումբ, որը պիտի պայքարեր «Խմբեր» բաժնում։ Հարին որոշում է խումբը կոչել One Direction: Խումբը առաջին մի քանի կենդանի ելույթներից հետո մեծ ճանաչում է ձեռք բերում։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք Սայմոն Քովելի հետ պայմանագիր են կնքում և ձայնագրվում Syco Records-ում[23]։
Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկել են 2011 թվականին՝ «Up All Night» անվամբ, որին հաջորդել է երկրորդ՝ «Take Me Home» ալբոմը (2012)։ Նրանք 2013 թվականին նկարահանել են կենսագրական ֆիլմ` «This is Us»-ը։ Ֆիլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլոն դոլար եկամաուտ ունեցավ։ Երրորդ ալբոմը` «Midnight Memories»-ը թողարկվել է 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկել է չորրորդ՝ «Four» ալբոմը[24]։
One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard 200 չարթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը[25]։ Նրանց հինգերորդ` «Made in the A.M.» ալբոմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին։
Սթայլզի երկրորդ՝ «Fine Line» ալբոմի «Lights Up» գլխավոր սինգլը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին[26], դեբյուտելով բրիտանական չարթի երրորդ հորիզոնականին[27][28]։
2019 թվականի նոյեմբերին Սթայլզը մասնակցել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուին որպես երաժշտական հյուր և հաղորդավար[29]։ Դեկտեմբերին նա հերթական անգամ հյուրընկալվել է «Ջեյմս Քորդենի հետ ուշ ուշ շոու»-ում[30][31]։ «Fine Line» ալբոմը թողարկվել է նույն ամսին, և դրան նախորդել են երկրորդ՝ «Watermelon Sugar» և երրորդ՝ «Adore You» սինգլները, որոնք զբաղեցրել են բրիտանական չարթի համապատասխանաբար 17-րդ և 7-րդ հորիզոնականները, իսկ վերջինս նաև ըդգրկվել է ամերիկյան չարթի լավագույն տասնյակում[32][33][34][35]։ Մեծ Բրիտանիայում ալբոմը դեբյուտել է երրորդ հորիզոնականին, իսկ ԱՄՆ-ում այն գլխավորել է չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես վաճառքներով ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ դեբյուտը Nielsen SoundScan-ի դարաշրջանում[36]։ «Fine Line»-ը ձայնագրվել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում[37], և արտադրությամբ զբաղվել է այն նույն թիմը, որն արտադրել է Սթայլզի առաջին ալբոմը[38]։ Fleetwood Mac-ի երգչուհի Սթիվի Նիքսն անվանել է ալբոմը Սթայլզի «Rumours» և հայտնել է, որ այն ներշնչել է նրան նոր երաժշտություն գրել[39]։
2020 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Սթայլզն առաջադրվել է «Բրիտանացի սոլո արտիստ» և «Տարվա բրիտանական ալբոմ» անվանակարգերում[40]։ Love On Tour շրջագայությունը, որը նախաձեռնվել է «Fine Line» ալբոմն աջակցելու համար, նախատեսվել է անցկացնել 2020 թվականին[41]։ Սակայն, 2020 թվականի ապրիլին Սթայլզը COVID-19 համավարակի պատճառով հետաձգել է շրջագայության եվրոպական մասը մինչև 2021 թվական[42]։ 2020 թվականի հունիսին երգիչը հայտնել է, որ այդ նույն պատճառով շրջագայության հյուսիսամերիկյան մասը նույնպես տեղափոխվել է 2021 թվականի ամռանը[43]։
2020 թվականի մարտին նա հանդես է եկել NPR-ի Tiny Desk համերգում[44]։
Սթայլզի երաժշտական ոճն իր դեբյուտային սոլո ալբոմում նկարագրվել է Rolling Stone-ի հեղինակ Ռոբ Շեֆիլդի կողմից որպես «մտերմորեն զգացմունքային յոթանասունականների սոֆթ ռոք մթնոլորտ» ունեցող[45]։ Թայմ ամսագրի կողմից այն նկարագրվել է որպես «ռոքի վերջին կես դարի ազդեցությունները համադրող»[46]։
Սթայլզի դեբյուտային ալբոմը գրվել է այն երաժշտության ազդեցության տակ, որը նա լսել է մանկության տարիներին, ինչպես օրինակ՝ Փինք Ֆլոյդը, The Rolling Stones-ը, The Beatles-ը և Fleetwood Mac-ը[47][48]։ Հարի Նիլսոնի երգեր գրելու ձևը նույնպես ազդեցություն է ունեցել Հարիի վրա։ Սթայլզը բարձր է գնահատել Նիլսոնի երգերի տեքստերն, ասելով, որ դրանք «անկեղծ են, և այնքան լավը, և ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նա երբեք չի փորձում խելացի թվալ»[48]։ Երգիչն ասել է, որ մանուկ հասակում լսելով Փինք Ֆլոյդի 1973 թվականի «The Dark Side of the Moon» ալբոմը, չէր հասկանում այն, բայց պարզապես հիշում է, որ «այն իսկապես շատ թույն է»[14]։ Սթայլզը նշել է, որ Ֆրեդի Մերկուրին, Էլվիս Փրեսլին, Դեյվիդ Բոուին և Փոլ ՄաքՔարթնին նույնպես ազդեցություն են ունեցել նրա վրա, սակայն Շանայա Թվեյնն է նրա ոգեշնչման գլխավոր աղբյուրն ինչպես երաժշտության, այդպես էլ նորաձևության մեջ[49][50][51][52]։
Սթայլզն իր ժամանակը կիսում է Հյուսիսային Լոնդոնում գտնվող երկու տների միջև՝ ավելի վաղ ապրելով Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդի Սանսեթ Սթրիփ թաղամասում[53]։ Նա նաև տուն ունի Նյու Յորքի Մանհեթենի շրջանում[54]։ Հարին հավատում է կարմայի գոյությանը, և երբ Չելսի Հենդլերը հարցրել է, թե արդյոք նա հավատում է Աստծուն, երգիչը պատասխանել է․ «Ես զգում եմ, որ ամեն ոք, ով ասում է, «Ես հոգևոր եմ», մի քիչ տարօրինակ է հնչում։ Բայց այո, ես հաստատ ինձ ավելի հոգևոր եմ համարում, քան կրոնական։ Ես շատ չեմ կապված որոշակի կանոնների հետ, սակայն, կարծում եմ, որ պարզամիտ կլիներ ասել, որ ոչինչ գոյություն չունի, և չկա մեզնից ավելի բարձր կամ ավելի հզոր ոչ մի բան։ Իմ կարծիքով դա մի քիչ նեղամտություն է։ [...] Ես վստահաբար կարծում եմ, որ կա մի բան, որ վերաբերում է ոչ միայն մեզ։ Մի քիչ խելամիտ է կարծել, որ միայն մենք ենք[55]»։ Նա շատ դաջվածքներ ունի, որոնցից մեկը (նրա ձեռքի վրա դաջված «Late Late» բառերը) արվել է 2015 թվականին «Ուշ ուշ շոու Ջեյմս Քորդենի հետ» հեռուստաշոուում կենդանի ելույթի ժամանակ[56]։
2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունվար Սթայլզը հարաբերությունների մեջ է եղել հաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքի հետ, ինչը հակասություններ է առաջացրել, քանի որ վերջինս տասնչորս տարով մեծ էր իր զուգընկերոջից[57]։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, նա հանդիպել է ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի[58], իսկ 2017-2018 թվականներին՝ մոդել Կամիլ Ռոուիի հետ[59][60]։ Սթայլզի սեռական կողմնորոշումը վաղուց շահարկման առարկա է դարձել[61]։ 2013 թվականին GQ-ի հետ հարցազրույցի ժամանակ հարց է հնչել, թե արդյոք նա բիսեքսուալ է, որին նա պատասխանել է․ «Ես գրեթե համոզված եմ, որ ոչ»[62]։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, նա հայտնել է, որ «ոչ մի կարիք չի զգում պիտակավորել իր սեռականությունը կամ նույնացնել իրեն մեկ սեռական կողմնորոշման հետ»[63]։ 2019 թվականի դեկտեմբերին, երբ Սթայլզին հարցրել են նրա վառ իմիջի և սեռական երկիմաստության մասին, նա հայտարարել է․ «Ես սեռական անորոշության մասնիկներ եմ ցրում ավելի հետաքրքիր փորձելու և լինելու համա՞ր։ Ոչ։ [...] Այն առումով, թե ինչպես եմ ուզում հագնվել և ինչպիսին կլինի ալբոմը, ես հակված եմ որոշումներ կայացնել աշխատակիցների տեսանկյունից, որոնց հետ ուզում եմ աշխատել։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ որոշակի ձևով լինի։ Ոչ այն պատճառով, որ դա ստիպում է ինձ գեյի տեսք ունենալ, կամ ստիպում է հետերոսեքսուալի տեսք ունենալ, կամ ստիպում է բիսեքսուալի տեսք ունենալ, այլ այն պատճառով, որ իմ կարծիքով դա թույն է։ Եվ ավելին, ես չգիտեմ, ես պարզապես կարծում եմ, որ սեռականությունը զվարճալի բան է։ Անկե՞ղծ։ Ես չեմ կարող ասել, որ այս մասին սրանից ավելի շատ եմ մտածել»[64]։
2019 թվականի մայիսին Սթայլզը երկրորդ հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Թագավորության մինչև 30 տարեկան արտիստների «Sunday Times Rich List» ցանկում, 58 միլիոն ֆունտ ստերլինգի չափով գնահատված կապիտալով։ Նախորդ տարվա ցուցակում նա զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը[65][66]։ Սթայլզը պահպանել է իր դիրքը նաև 2020 թվականի ցուցակում՝ 63 միլիոն ֆունտ ստերլինգի չափով գնահատված կապիտալով[67]։
2013 թվականին Սթայլզը և նրա One Direction-ից գործընկեր Լիամ Փեյնը դարձել են Trekstock քաղցկեղի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամի դեսպանները և ավելի քան $800,000 են հավաքել Prizeo միջոցների հավաքման առցանց հարթակի միջոցով[68][69]։ 2015 թվականին Սթայլզը Drop4Drop-ի միջոցով Հնդկաստանում ջրհորներ է հովանավորել որպես աջակցություն Life Water-ի Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա արշավին[70]։ 2016 թվականին Սթայլզն իր մազերը նվիրաբերել է բրիտանական՝ Little Princess Trust բարեգործական կազմակերպությանը, որն իսկական մազերից պատրաստած կեղծամներ է տրամադրում և ֆինանսավորում հիվանդությունների հետևանքով մազաթափությամբ տառապող երեխաներին[71]։ 2017 թվականի մայիսին՝ իր դեբյուտային ալբոմի թողարկումը տոնելու համար, Սթայլզը տարբեր շոուներով հանդես է եկել Լոնդոնի The Garage և Լոս Անջելեսի Troubadour ակումբներում, որոնց արդյունքում ստացված բոլոր միջոցները գնացել են բարեգործության[72][73]։ 2017 թվականի հոկտեմբերին Սթայլզն այլ արտիստների հետ միասին ելույթ է ունեցել CBS Radio-յի կողմից Hollywood Bowl դահլիճում կազմակերպված «We Can Survive» (անգլ. թարգմանաբար՝ «Մենք կարող ենք ապրել») կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման համերգին[74]։ Սթայլզի առաջին համերգային շրջագայության տոմսերի վաճառքի, Live Nation-ի ներդրման և GLSEN-ի հպարտության քարոզարշավի արդյունքում $1․2 միլիոնի չափով նվիրատվություններ են հավաքել՝ ամբողջ աշխարհում 62 բարեգործական կազմակերպությունների օգտին։ Շրջագայությունը նաև նպաստել է ջրի պահպանմանը՝ պլաստիկ շշերի վերամշակման և օգտագործման կրճատման հաշվին[75][76]։
Սթայլզը ցուցադրել է իր աջակցությունը ԼԳԲՏ համայնքին՝ թափահարելով ծիածանի դրոշը բեմի վրա, հագուստներ կրելով ԼԳԲՏ թեմաներով և համերգներին աջակցելով ԼԳԲՏ երկրպագուներին[77]։ 2018 թվականին նա թողարկել է ծիածանագույն պրինտով «Treat People With Kindness» (անգլ. թարգմանաբար՝ «Բարությամբ վերաբերվեք մարդկանց») կարգախոսով մարզաշապիկներ՝ հպարտության ամսվա պատվին, ընդ որում՝ ստացված բոլոր միջոցներն ուղղվել են GLSEN-ի հաշվին[78]։ Սթայլզը նաև ավելացրել է «Black Lives Matter» և «End Gun Violence» ստիկերներն իր կիթառի վրա[79]։ Նա թվիթ է տեղադրել որպես աջակցություն Երթ հանուն մեր կյանքի պետիցիային և դերասանուհի Էմմա Ուոթսոնի գենդերային հավասարության՝ HeForShe արշավին[80][81]։
«Treat People with Kindness» (անգլ. թարգմանաբար՝ «Բարությամբ վերաբերվեք մարդկանց», օգտագործվում է նաև կրճատ՝ «TPWK» ձևը), Սթայլզի կողմից օգտագործվող կարգախոս, որն ուղղված է մարդկանց հանդեպ սիրո, ընդունման և բարության ուղերձը գովազդելու համար[82]։ Երգիչը սկսել է օգտագործել այս կարգախոսն 2017 թվականի իր դեբյուտային համերգային շրջագայության ժամանակ իր կիթառի և շրջագայության ապրանքների վրա, ներառյալ գեյ շքերթի վերնաշապիկները, որոնք վաճառվում էին GLSEN-ի համար միջոցներ հավաքելու համար[83][84]։ Այս ամենը Սթայլզին դրդել է այս կարգախոսով երգ գրելու գաղափարին։ «Treat People with Kindness»-ը դարձել է երգչի երկրորդ՝ «Fine Line» սոլո ալբոմի նախավերջին երգը[85]։
2019 թվականի հոկտեմբերին 'Do you know who you are?' (անգլ. թարգմանաբար՝ «Դուք գիտե՞ք, թե ով եք») արտահայտությամբ և 'TPWK' կրճատմամբ թիզեր պաստառները տեղադրվել են Լոնդոնում, Տոկիոյում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Ավստրալիայում։ Նույնիսկ առանց երաժշտի անվան հիշատակման, երկրպագուներն արագ կապել են պաստառները Սթայլզի և նրա նոր ալբոմի թողարկման հետ՝ «Treat People with Kindness» կարգախոսին հղելու շնորհիվ[86][87][88]։
Միևնույն ժամանակ Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Սթայլզը «Do You Know Who You Are?» անվանմամբ վեբ բոտ է մեկնարկել, որն օգտատերերին պատահական դրական հաղորդագրություններ է ուղարկում[88][89]։
Հարի Սթայլզը դարձել է Wattpad պորտալում Աննա Թոդդի կողմից հրապարակված «Հետո» (անգլ.՝ «After») ֆանֆիկի հերոսներից մեկը[90]։ Այն ավելի քան 1,5 միլիոն ընթերցումներ է հավաքել։ Ավելի ուշ Gallery Books հրատարակչությունը թողարկել է վեպի տպագիր տարբերակը՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով, իսկ գլխավոր հերոսի անունը դարձվել է Հարդին Սքոթ[91]։ 2019 թվականին Paramount Pictures ընկերությունը թողարկել է վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Հիրո Ֆայնս Թիֆինը և Ջոզեֆին Լենգֆորդը[92]։
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | One Direction: This Is Us | One Direction։ Սա մենք ենք | Ինքն իր դերում | Վավերագրական համերգային ֆիլմ |
2014 | One Direction: Where We Are – The Concert Film | One Direction։ Որտեղ ենք մենք․ համերգային ֆիլմ | Համերգային ֆիլմ | |
2017 | Harry Styles: Behind the Album | Հարի Սթայլզ։ Ալբոմի ետևում | Վավերագրական | |
Dunkirk | Դյունկերկ | Ալեքս |
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | iCarly | ԱյԿառլի | Ինքն իր դերում | Սերիա՝ «iGo One Direction» |
2012-2019 | Saturday Night Live | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Երաժշտական հյուր | 5 սերիա |
2017 | Harry Styles at the BBC | Հարի Սթայլզը BBC-ում | Ինքն իր դերում | Հատուկ թողարկում |
2017, 2019 | The Late Late Show with James Corden | Ուշ ուշ շոու Ջեյմս Քորդենի հետ | Որպես հյուր | 2 սերիա |
2018 | Happy Together | Երջանիկ միասին | Գործադիր պրոդյուսեր | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.