Տոկիո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս)[1], Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը[2]։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մեգապոլիսն է[3]։ Քաղաքը Ճապոնիայի կայսեր և Ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները[4]։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո։ Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին՝ նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տոկիո | |||||
東京都 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Ճապոնիա | ||||
Ներքին բաժանում | Ադաթի, Արաքավա, Բունքյո, Տիյոդա, Թյուո, Էդոգավա, Իթասաբի, Կացուսիքո, Կիտա, Կիտա, Մեգուրո, Մինատո, Նականո, Ներիմա, Օտա, Սետագայա, Սիբույա, Սինագավա, Շինձյուկու, Սուգինամի, Թոսիմա, Թայթո, Սումիդա, Հաթիոձի, Տատիկավա, Մուսասինո, Մատիկա, Օմե, Ֆուտյու, Ակիսիմա, Տյոֆու, Մատիդա, Կոհանեի, Կոդայրա, Հինո, Հիկասիմուրայամա, Կոկուբունձի, Կունիտատի, Ֆուսա, Կոմայե, Հիկասիյամատո, Կիյոսե, Հիկասիկուրումե, Մուսասիմուրայամա, Տամա, Ինագի, Համուրա, Ակիրունո, Նասիտոկյո, Միձուխո, Հինոդե, Հինոհարա, Օկուտամա, Օսիմա, Թասիմա, Նիձիմա, Կոձուսիմա, Միյաքե, Միկուրաձիմա, Աոսիմա, Օհասավարա և Հաթիձե | ||||
Նահանգապետ | Սինթարո Իսահարա | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 6, 1868 թ. | ||||
Մակերես | 2194,05 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Ճապոներեն | ||||
Բնակչություն | ▲ 12 544 000 մարդ (2006) | ||||
Խտություն | 5740 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 31 820 000 | ||||
Ազգային կազմ | Ճապոնացիներ | ||||
Տեղաբնականուն | Տոկիոցի | ||||
Ժամային գոտի | JST? | ||||
Հեռախոսային կոդ | +81 3 (Տոկիոյի հատուկ շրջանները)/ +81 4 | ||||
Պաշտոնական կայք | metro.tokyo.jp | ||||
| |||||
Տոկիոն հաճախ քաղաք են անվանում, սակայն պաշտոնապես հայտնի է, որ այն կառավարվում է որպես «մայրաքաղաքային պրեֆեկտուրա»։ Այն միավորում է քաղաքի և պրեֆեկտուրայի տարրերը, ինչը եզակի է Տոկիոյի համար։ Տոկիոյի մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է Տոկիոյի 23 քաղաքային վարչական շրջանները (որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է որպես անհատական քաղաք), որն ընդգրկում է շրջան, որը Տոկիո քաղաքն էր մինչև 1943 թվականի միաձուլումը և մետրոպոլիտենային պրեֆեկտուրա դառնալը։ Մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է նաև պրեֆեկտուրայի արևմտյան 39 մունիցիպալիտետները և տնօրինում 2 հեռավոր կղզեխմբեր։ Քաղաքային վարչական շրջանների բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը, իսկ պրեֆեկտուրայի բնակչությունը գերազանցում է 13 միլիոնը։ Պրեֆեկտուրան աշխարհի ամենախիտ բնակեցված մետրոպելիտենային շրջանի մասն է կազմում իր ավելի քան 37,8 միլիոն բնակչությամբ և աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիայի տնտեսությամբ։ 2011 թվականին հյուրընկալել է Fortune Global 500-ի 51 կազմակերպություններին[5]։ Տոկիոն երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Ֆինանսական կենտրոնների զարգացման միջազգային ինդեքսում։ Տոկիոն նաև այնպիսի հեռուստատեսային ցանցերի հայրենիքն է, ինչպիսիք են Fuji TV-ն, Tokyo MX-ը, TV Tokyo-ն, TV Asahi-ն, Nippon Television-ը, NHK-ը և Tokyo Broadcasting System-ը։
Տոկիոն գլխավորում է Global Economic Power Index-ը, իսկ Համաշխարհային քաղաքների ինդեքսում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Քաղաքը, ինչպես նշված է GaWC-ի ինվենտարում, համարվում է ալֆա + համաշխարհային քաղաք[6], իսկ 2014 թվականին Տոկիոն TripAdvisor's World City Survey-ում զբաղեցրեց «Լավագույն ընդհանուր փորձ» կատեգորիայի առաջին հորիզոնականը (քաղաքը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականները հետևյալ կատեգորիաներում․ «տեղացիների օգտակարություն», «գիշերային կյանք», «շոփինգ», «տեղական հասարակական տրանսպորտ» և «փողոցների մաքրություն»)[7]։ 2015 թվականին Տոկիոն, ըստ Mercer խորհրդակցական գործարանի, ճանաչվել է 11-րդ արտագաղթողների համար ամենաթանկ քաղաք[8] և ըստ Economist Intelligence Unit-ի կենսապահովման ծախսերի հետազոտությունների՝ կրկին 11-րդ ամենաթանկ քաղաքը[9]։ 2015 թվականին Monocle ամսագրի կողմից Տոկիոն անվանվել է «Ապրելու համար ամենապիտանի քաղաքը»[10]։ The Michelin Guide հրատարակչությունը Տոկիոյին անվանել է «աշխարհի ցանկացած քաղաքի համեմատ ամենաշատ Միշլենի աստղեր ունեցող քաղաք»[11][12]։ 2015 թվականին աշխարհի ամենաապահով հիսուն երկրների ինդեքսում Տոկիոն զբաղեցրել է առաջին հորիզոնականը[13]։ Ըստ QS Best Student Cities հրատարակչության, Տոկիոն 2016 թվականին համալսարանական ուսանողության համար աշխարհում երրորդ ամենալավ քաղաքն է[14]։ Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1979 G-7 summit-ը, 1986 G-7 summit-ը և 1993 G-7 summit-ը, և պետք է հյուրընկալի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականի Ամառային պարալիմպիկ խաղերը։
Տոկիոն սկզբնապես հայտնի էր Էդո (ճապ.՝ 江戸) անվանմամբ, որը բառացի նշանակում է «գետաբերան»[15]։ Այն փոխել է իր անվանումը Տոկիոյի (ճապ.՝ 東京 Tōkyō, 東 tō՝ «արևելք» և 京 kyō՝ «մայրաքաղաք»), երբ այն 1868 թվականին Մեյձի կայսեր ժամանմամբ դարձավ կայսական մայրաքաղաք[16]։ Սա Արևելյան Ասիայի ավանդույթներից է՝ ներառել մայրաքաղաք բառը (京) մայրաքաղաքի անվան մեջ (ինչպես Կիոտո (京都), Պեկին (北京) և Նանկին (南京))[15]: Վաղ Մեյձիի ժամանակաշրջանում քաղաքը կոչվում էր նաև «Tōkei», որը նույն «Տոկիո» բառի այլընտրանքային արտասանությունն է (այն դարձնում է բառը քանձի հոմոգրաֆ)։ Անգլերեն մեզ հասած որոշ փաստաթղթերում օգտագործվել է «Tōkei» ուղիղ գրության ձևը[17]։ Այնուամենայնիվ, արտասանության այս ձևը ներկայումս չի օգտագործվում[18]։
Տոկիո անունը առաջին անգամ 1813 թվականին առաջարկվել է Կոնդո Հիսակուն՝ «Շփոթմունքի գաղտնի պլանը» գրքում, որը գրվել է Սաթո Նոբուհիրոյի կողմից։ Երբ Օկուբո Տոսիմիտին Մեյձիի հեղափոխության ժամանակ կառավարությանն առաջարկեց անվանափոխել քաղաքը, ըստ Օդա Կանսիի գաղափարը ստացել էր այդ գրքից։
Տոկիոն ի սկզբանե Էդո անունով փոքր ձկնորսական գյուղ էր[4], որը հին Մուսաշի պրովինցիայի մասն էր կազմում[19]։ Սկզբում՝ 12-րդ դարի վերջին, այն Էդո տոհմի ամրությունն է։ 1457 թվականին Օթա Դոկան կառուցեց Էդո ամրոցը։ 1590 թվականին, Իեյասու Տոկուգավան Էդոն իր բազան դարձրեց։ Երբ 1603 թվականին նա սյունգուն դարձավ, քաղաքը դարձավ իր համազգային ռազմական կառավարության կենտրոնը։ Էդոյի ժամանակաշրջանի հաջորդ տարիներին Էդոն զարգացավ, դառնալով 18-րդ դարում մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը[20]։ Էդոն դե ֆակտո դարձավ Ճապոնիայի մայրաքաղաքը[21], թեև կայսրն ապրում էր կայսրության մայրաքաղաք Կիոտոյում։ Այս ժամանակ քաղաքը տևական ժամանակ վայելում էր խաղաղություն, որը հայտնի «Փաքս Տոկուգավա» (Pax Tokugawa) անվամբ, և նման խաղաղության առկայության դեպքում Էդոն վարում էր խիստ մեկուսացված քաղաքականությունը, որը օգնեց քաղաքին խուսափել լուրջ ռազմական սպառնալիքից[22]։ Պատերազմների կողմից ավերվածությունների բացակայությունը Էդոյին թույլ տվեց իր ռեսուրսների մեծ մասը նվիրաբերել քաղաքին վնաս հասցրած հրդեհների, երկրաշարժերի և այլ բնական աղետների կողմից առաջացած վիճակի վերականգնմանը։ Այնուամենայնիվ, մեկուսացման այս երկարատև ժամանակաշրջանը եկավ իր ավարտին 1853 թվականին՝ ամերիկացի կոմոդոր Մեթյու Փերիի Ճապոնիա ժամանմամբ։ Կոմոդոր Փերրին պայմաններ էր ստեղծել Շիմոդա և Հակոդատե նավահանգիստների բացման համար, ինչը հանգեցնում է նոր արտասահմանյան ապրանքների պահանջարկի ավելացմանը և հետագայում գնաճի խիստ աճին[23]։ Այս գնաճի բարձրացման հետևանքով առաջացած հասարակական դժգոհությունը հանգեցրեց լայնամասշտաբ ապստամբությունների և ցույցերի՝ մասնավորպես բրնձի հաստատությունների «սնանկացման» ձևով[24]։ Մինչդեռ Մեյձիի կայսեր կողմնակիցները օգտվեցին հանգամանքից, որ այդ տարածված ապստամբություններն ու ցույցերը հանգեցրեցին իշխանության հետագա ամրապնդմանը՝ 1867 թվականին տապալելով վերջին սյուգուն Իեյասու Տոկուգավային[25]։ 265 տարի անց Pax Tokugawa-ն եկավ իր ավարտին։
1869 թվականին, Մեյձիի 17-ամյա կայսրը տեղափոխվեց Էդո, և քաղաքը վերանվանվեց Տոկիո (նշանակում է Արևելյան մայրաքաղաք)։ Քաղաքը բաժանվեց երկու մասի՝ Յամանոտեի և Շիթամաչիի։ Տոկիոն արդեն դարձել էր ազգի քաղաքական և մշակութային կենտրոնը[26], և կայսեր նստավայրը դե ֆակտո դարձավ կայսերական մայրաքաղաքը, իսկ նախկին Էդո ամրոցը դարձավ կայսերական պալատ։ Տոկիո քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1889 թվականի մայիսի 1-ին։
Կենտրոնական Տոկիոն, ինչպես Օսական, նախագծվել է 1900 թվականից։ Ճապոնիայի փողոցները տարբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ քաղաքներից, որոնք ունեն ցածր խտություն և ավտոմատ կենտրոնական են։ Թեև Տոկիոյում կառուցվել են արագընթաց ճանապարհներ, դրանց հիմնական դիզայնը չի փոխվել։
Տոկիոն 20-րդ դարում երկու խոշոր աղետ տեսավ․ 1923 թվականի Մեծ Կանտոյի երկրաշարժը, որը թողեց ավելի քան 140.000 զոհված կամ անհայտ կորածներ, և Երկրորդ համաշխարհային պատերազմը[27]։
1943 թվականին Տոկիո քաղաքը ձուլվել է Տոկիոյի «Միտրոպոլիտան պրեֆեկտուրայի» հետ։ Այդ ժամանակից ի վեր Տոկիոյի մայրաքաղաքային կառավարությունը ծառայում էր ինչպես Տոկիոյի պրեֆեկտուրային կառավորություն, այնպես էլ կառավարում էր Տոկիոյի հատուկ վարչական շրջանները․ պատճառը նախկինում գոյություն ունեցած Տոկիոյի քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքի մեծ մասը ենթարկեց համատարած ավերման` Ճապոնիայում դաշնակիցների կողմից շարունակ օդային խմբավորումների և խթանող ռումբերի օգտագործման հետևանքով։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ 1944 և 1945 թվականներին Տոկիոյում ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 75,000 մինչև 200,000 խաղաղ բնակիչ և ավերել է քաղաքի կեսը[28]։ Պատերազմի ամենավատ գիշերը 1945 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերն էր՝ ամերիկյան «Օպերացիայի հանդիպման» գիշերը[29], քանի որ գրեթե 700,000 հրձիգ ռումբեր երկնքից թափվում էին քաղաքի արևելյան կեսի վրա՝ հիմնականում խիստ ծանրաբեռնված բնակելի թաղամասերի վրա։ Քաղաքի երկու հինգերորդ մասը ամբողջովին այրվել էր, ավելի քան 276.000 շենք ավերվել էր, 100.000 խաղաղ բնակիչ զոհվել էր և կար 110.000 վիրավոր[30][31]։ Ճապոնիայի մայրաքաղաքի բնակչությունը 1940 թվականից 1945 թվականների ընթացքում 6,700,000-ից նվազել է, հասնելով մինչև 2,800,000-ի պակաս, իսկ նրանց մեծամասնությունը, ովքեր կորցրել են իրենց տները, ապրում էին «հնախարխուլ, ժամանակավոր հյուղակներում»[32]։
Պատերազմից հետո Տոկիոն ամբողջովիին վերակառուցվեց և աշխարհին ի ցույց դրվեց 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
1970-ականներին հայտնեցին նոր բարձ շենքեր, ինչպիսիք են Sunshine 60 երկնաքերը, 1978 թվականին կառուցվեց նոր և վիճահարույց[33] Նարիտա օդանավակայանը (քաղաքի սահմաններից դուրս որոշակի հեռավորություն վրա), իսկ բնակչության թիվը աճեց շուրջ 11 միլիոնով (մետրոպոլիտենի տարածքում)։
Տոկիոյի մետրոպոլիտենը և երկաթուղային ցանցը դարձան աշխարհի ամենախոշորներից մեկը[34], քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին տեղափոխվում այս տարածք։ Ճապոնիայի 1990-ականների խոշոր անկումը, հանգեցրեց «Կորցրած տասնամյակի»[35], որն այժմ դանդաղ վերականգնվում է։
Տոկիոյում հողաբարելավման ծրագրերը դարեր շարունակ շարունակվում են։ Առավել աչքի ընկնողը Օդայաբայի շրջանն է, որը ներկայումս գնումների և զվարճանքի կենտրոն է։ Տարբեր ծրագրեր են առաջարկվել[36] Տոկիոյի ազգային կառավարության ֆունկցիաների համար, որպեսզի Տոկիոյում և Ճապոնիայի մինչև միջին կապիտալ ունեցող այլ տեղամասերում արագ զարգացումը դանդաղեցվի և երկրի տնտեսապես անբարենպաստ տարածքները վերակենդանացվեն։ Այս ծրագրերը վիճահարույց էին[37] Ճապոնիայում և դեռ չի իրականցվել։
2011 թվականի Տոկիոյի երկրաժաշժն ու ցունամին ավերել է Հոնսյու կղզու հյուսիսարևելյան մասը, որը զհաղվել է Տոկիոյում։ Սակայն Տոկիոն երկրաշարժի կայուն ենթակառուցվածքի շնորհիվ համեմատած ցունամիից տուժած այլ շրջանների հետ՝ այդքան էլ չի վնասվել ցունամիից[38], թեև քաղաքում գործունեությունը հիմնականում դադարեցվել էր[39]։ Ցունամիի հետևանքով առաջացող միջուկային ճգնաժամը Տոկիոյի վրա հիմնականում չի ազդել, չնայած ճառագայթման մակարդակներում պատահական ճողփյուններին[40][41]։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հենց Տոկիոն ընտրեց որպես 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաք։ Տոկիոն ասիական առաջին քաղաքն է, որը երկակի անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը[42]։
Տոկիոյի մայրցամաքային մասն ընկած է Տոկիոյի ծովածոցի հյուսիս-արևմտյան կողմում և կազմում է մոտավորապես 90 կմ (56 մղոն) արևելքից արևմուտք և 25 կմ (16 մղոն) հյուսիսից հարավ։ Տոկիոյի միջին բարձրությունը կազմում է 40 մ (131 ոտնաչափ)[43]։ Արևելքից այն սահմանակցում է Տիբա, արևմուտքից՝ Յամանաշի, հարավից՝ Կանագավա, իսկ հյուսիսից՝ Սայտամա պրեֆեկտուրաներին։ Տոկիոյի մայրցամաքային մասը հետագայում բաժանվել է հատուկ վարչական շրջանների՝ որոնք զբաղեցնում են արևելյան կեսը, և Թեյմա շրջանի՝ (多摩地域) որը տարածվում է արևմտյան մասում։
Տոկիոյի վարչական սահմաններում են գտնվում նաև երկու կղզիների շղթա՝ որոնք տեղակայված են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ Դրանք են Իձու և Օգասավարա կղզիների շղթաները, որոնք տարածվում են մայրցամաքային մասից ավելի քան 1000 կմ (620 մղոն) հեռավորության վրա։ Այս կղզիների և արևմուտքի լեռնային շրջանների պատճառով Տոկիոյի արվարձանային և մերձարվարձանային շրջանների ընդհանուր բնակչության խտության ցուցանիշները իրական թվերից շատ ավելի ցածր են ներկայացվում։
Ճապոնական օրենքի համաձայն Տոկիոն նշանակվում է to (ճապ.՝ 都), որը թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք[44]։ Դրա վարչական կառուցվածքը նման է ճապոնական մյուս պրեֆեկտուրաների կառուցվածքին։ Տոկիոյի հատուկ վարչական շրջանները (特別区 -կու), որոնք մինչև 1943 թվականը կազմում էին Տոկիո քաղաքը, այժմ առանձին, ինքնավար շրջաններ են, որոնք ունեն քաղաքապետ, քաղաքային խորհուրդ և քաղաքի կարգավիճակ։
Բացի նշված հատուկ 23 վարչական շրջաններից, Տոկիոն նաև ներառում է 26 քաղաք (市 -շի), 5 փոքր քաղաք (町 -չո կամ մաչի) և 8 գյուղ (村 -սոն կամ -մուրա), որոնցից յուրաքանչյուրն ունի տեղական կառավարություն։ Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարությունը, որը կառավարում է ամբողջ մայրաքաղաքը, ղեկավարվում է ժողովրդի կողմից ընտրված կառավարչի և մետրոպոլիտենի ասամբլեայի կողմից։ Դրա գլխամասային գրասենյակները գտնվում են Սինձյուկու վարչական շրջանում։
Տոկիոյի վարչական շրջանները (ճապ.՝ 特別区 տոկուբեցու-կու) ներառում են այն տարածքը, որը նախկինում ընդգրկել է Տոկիո քաղաքը։ 1943 թվականի հուլիսի մեկին Տոկիո քաղաքը միացվեց Տոկիո պրեֆեկտուրային (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu)՝ ձևավորելով ներկայիս «մետրոպոլիտեն պրեֆեկտուրան»։ Արդյունքում՝ ի տարբերություն ճապոնական մյուս քաղաքային վարչական շրջանների, այս վարչական շրջանները սահմանակից չեն ավելի մեծ միացյալ քաղաքի։
Չնայած յուրաքանչյուր վարչական շրջան Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարության իրավասության տակ է գտնվում, դրանք նաև փոքր քաղաքներ են, որոնք ինչպես ճապոնական մյուս քաղաքներն ունեն սեփական ընտրված առաջնորդը և քաղաքային խորհուրդը։ Հատուկ վարչական շրջանների անգլերեն պաշտոնական անուններում օգտագործվում է city (քաղաք) բառը (օրինակ՝ Chiyoda City):
Վարչական շրջանները տարբերվում են մյուս քաղաքներից նրանով, որ ունեն եզակի վարչական հարաբերություններ պրեֆեկտուրային կառավարության հետ։ Որոշ համայնքային աշխատանքներ՝ ինչպիսիք են ջրահեռացման, կոյուղու և հրդեհաշիջման աշխատանքները, լուծվում են Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարության կողմից։ Ավելացված վարչական ծախսերը հոգալու համար պրեֆեկտուրան հավաքում է համայնքային հարկեր, որոնք հավաքագրվում են քաղաքի կողմից[45]։
Տոկիոյի հատուկ վարչական շրջաններն են՝
|
Տոկիոյի «երեք կենտրոնական շրջաններն» են Թիյոդան, Թյուոն և Մինատոն, որոնք կազմում են քաղաքի բիզնես միջուկը։ Այդ շրջաններում ցերեկային բնակչության թիվը յոթն անգամ գերազանցում է գիշերվա բնակչության թվին[46]։ Թիյոդա վարչական շրջանը եզակի է նրանով, որ գտնվում է նախկին Տոկիո քաղաքի հենց սրտում, սակայն ամենաքիչ բնակեցված շրջանն է։ Այդտեղ են գտնվում շատ խոշոր ճապոնական ընկերություններ, կառավարության նստավայրը և Ճապոնիայի կայսրը։ Այն հաճախ անվանում են երկրի «քաղաքական կենտրոն»[47]։ Ակիհաբարան, որը հայտնի է որպես օտակու (ճապ.՝ おたく/オタク) մշակութային կենտրոն և համակարգչային ապրանքների առևտրի թաղամաս, նույնպես կենտրոնացված է Թիյոդայում։
Հատուկ վարչական շրջաններից արևմուտք, Տոկիոն բաղկացած է մեծ ու փոքր քաղաքներից և գյուղերից, որոնք ունեն նույն իրավական կարգավիճակը։ Բացի նրանից, որ սրանք համարվում են «քնելու քաղաք» կենտրոնական Տոկիոյում աշխատողների համար, սրանցից մի քանիսը նաև ունեն առևտրային և արդյունաբերական բազա։ Հավաքականորեն, սրանք կոչվում են Թեյմա շրջան կամ Արևմտյան Տոկիո։
Տոկիոյի արևմտյան մասի 26 քաղաքներն են.
Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարությունը նշանակել է Հատիոձի, Տատիկավա, Մատիդա, Օմե և Թեյմա քաղաքները որպես Թեյմայի շրջանային կենտրոններ[48], որի նպատակն է ցրել քաղաքային գործառույթները կենտրոնական Տոկիոյից։
Թեյմա շրջանի արևմտյան մասը զբաղեցնում է Նիսիտամա շրջանը (gun): Այս տարածքի մեծ մասը լեռնային է և ոչ պիտանի քաղաքաշինության համար։ Տոկիոյի ամենաբարձր լեռը Կումոտորին է՝ 2017 մ (6617 ոտնաչափ) բարձրությամբ։ Տոկիոյի այլ լեռներից են Տակասուն (1737 մ), Օդակեն (1266 մ) և Միտակեն (929 մ)։ Յամանասի պրեֆեկտուրայի մոտ՝ Թեյմա գետի վրա է գտնվում Տոկիոյի ամենամեծ լիճը՝ Օկուտաման։ Շրջանը կազմված է երեք քաղաքից (Հինոդե, Միձուհո and Օկուտամա) և մեկ գյուղից (Հինոհարա)։
Տոկիոն ունի բազմաթիվ արտաքին կղզիներ, որոնք տարածվում են կենտրոնական Տոկիոյից մինչև 1850 կմ հեռավորության վրա։ Սինձյուկույում գտնվող Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության վարչական շտաբից հեռավորության պատճառով, կղզիները ղեկավարվում են տեղական ենթապրեֆեկտուրային ճյուղի գրասենյակների կողմից։
Իձու կղզիները հրաբխային կղզեխումբ է, որը ձևավորում է Ֆուջի-Հակոնե-Իձու ազգային պարկը։ Տոկիոյին ըստ հերթականության ամենամոտ գտնվող կղզիներն են Իձուոսիմա, Թասիմա, Նիձիմա, Սիկինեձիմա, Կոջուսիմա, Միյակեձիմա, Միկուրաձիմա, Հատիձյոձիմա և Աոգասիմա։ Իձու կղզիները խմբավորված են երեք ենթապրեֆեկտուրաներում։ Իձուոսիման և Հատիձյոձիման քաղաքներ են։ Մնացած կղզիները 6 գյուղեր են, որոնք միավորվելով Նիձիմա և Սիկինեձիմա կղզիների հետ ձևավորում են Նիձիմա քաղաքը։
Օգասավարա կղզիները հյուսիսից հարավ դասավորվածությամբ ներառում են Տիտիձիմա, Նիսինոսիմա, Հահաձիմա, Հյուսիսային Իոտո, Իո և Մինամի կղզիները։ Օգասավարան նաև ղեկավարում է երկու փոքր արտաքին կղզիներ՝ Մինամի Տորիսիման, որը գտնվում է Ճապոնիայի արևելյան կետում ու 1850 կմ հեռավորությամբ ամենահեռու կղզին է կենտրոնական Տոկիոյից, և Օկինոտորին, որը գտնվում է Ճապոնիայի հարավային կետում[49]։ Ճապոնիայում Օկինոտորիի շրջակայքի բացառիկ տնտեսական գոտու (EEZ) պահանջը վիճարկվում է Չինաստանի և Հարավային Կորեայի կողմից, քանի որ նրանք համարում են Օկինոտորին անբնակելի ժայռեր՝ առանց EEZ-ի[50]։ Իոյի շղթան և արտաքին կղզիները չունեն մշտական բնակչություն, բայց այդտեղ հյուրընկալվում է Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի անձնակազմը։ Տեղացիներ կան միայն Տիտիջիմայում և Հահաջիմայում։ Կղզիներից կազմվում է և՛ Օգասավարա ենթապրեֆեկտուրան, և՛ Օգասավարա գյուղը։
Ենթապրեֆեկտուրա | Տեղական ինքնակառավարական մարմին | Տեսակ |
---|---|---|
Հատիձյո | Հատիձյո | Քաղաք |
Աոգասիմա | Գյուղ | |
Միյաքե | Միյաքե | Գյուղ |
Միկուրաձիմա | Գյուղ | |
Օսիմա | Օսիմա | Քաղաք |
Թասիմա | Գյուղ | |
Նիձիմա | Գյուղ | |
Կոձուսիմա | Գյուղ | |
Օգասավարա | Օգասավարա | Գյուղ |
2008 թվականի մարտի 31-ի դրությամբ, պրեֆեկտուրայի ընդհանուր հողատարածքի 36%-ը նշանակվել է «Բնական պարկեր»։ Դրանք են Տիտիբու Տամա Կայի, Ֆուձի-Հակոնե-Իձու և Օգասավարա ազգային պարկերը (վերջինս ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության մաս է կազմում), Մեիձի նո Մորի Տակաո Քուասի ազգային պարկը և Ակիկավա Կյուրյո, Համուրա Կուսաբանա Կյուրյո, Սայամա, Տակաո Ձինբա, Տակիյամա և Տամա Կյուրյո պրեֆեկտուրային ազգային պարկերը[51]։
Բազմաթիվ թանգարաններ են տեղակայված Յուենո պարկում, որոնցից են Տոկիոյի ազգային թանգարանը, Բնության և գիտության ազգային թանգարանը, Սիտամատիի թանգարանը և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը։ Կան նաև արվեստի աշխատանքներ և արձաններ պարկի տարբեր մասերում։ Պարկում կա նաև կենդանաբանական այգի։ Պարկը հայտնի ուղղություն է ծաղկած սակուրաները (ճապոնական բալենիներ) տեսնելու համար։
Տոկիոն մոտ է Բոսո եռակի հանգույցին, ինչն այն դարձնում է փոքր երկրաշարժների և դանդաղ երկրաշարժների չափազանց ակտիվ գոտի։ Դրանք հաճախակի են ազդում քաղաքային տարածքի վրա՝ թողնելով ճոճվող նավակի տպավորություն, սակայն էպիկենտրոնները Տոկիոյի տարածքում բավականին հազվադեպ են՝ բացառությամբ Տոկիոյի 2000 կմ երկարությամբ կղզու իրավասությունից։ Հաճախ են մետրոյի տարածքում մեկ տարվա ընթացքում տեղի ունենում հարյուրավոր մանր երկրաշարժեր (4-6 մագնիտուտ ուժգնությամբ), ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար, սակայն անհանգստության աղբյուր է ո՛չ միայն օտարերկրացիների, այլ նաև Ճապոնիայի այլ մասերում բնակվողների համար։ Դրանք հազվադեպ են վնասներ պատճառում (երբեմն մի քանի վնասվածք), քանի որ դրանք կամ շատ փոքր են կամ շատ հեռու այն պատճառով, որ տարածաշրջանն անընդհատ ենթարկվում է ցնցումների։ Մասնավորապես ակտիվ են օֆշորային շրջաններն ու ավելի փոքր չափով` Չիբան և Իբարակը[52]։
Տոկիոյում տեղի են ունեցել հզոր մեգաերկրաշարժներ 1703, 1782, 1812, 1855, 1923 թվականներին և շատ ավելի անուղղակիորեն՝ 2011 թվականին[53][54]։ Մեծ երկրաշարժերի հաճախականությունը հարաբերական է։ 1923 թվականի երկրաշարժը՝ գնահատված 8,3 մագնիտուտ ուժգնությամբ, սպանել է 142.000 մարդ։ Դա վերջին դեպքն էր, որ հարվածը կրել է քաղաքային տարածքը։ 2011 թվականի երկրաշարժը հարյուրավոր կիլոմետրեր հեռու էր գտնվում քաղաքային տարածքից և չհանգեցրեց ուղղակի մահերի։
Նախկին Տոկիո քաղաքը և Տոկիոյի ցամաքային հատվածի մեծ մասն ընկած է մերձարևադարձային մուսսոնային կլիմայական գոտում (Կյոպպենի կլիմաների դասակարգում)[55]՝ տոթ, խոնավ ամառներով և ընդհանուր առմամբ զով ձմեռներով՝ կարճ սառը ժամանակամիջոցներով։ Տարածաշրջանում, ինչպես Ճապոնիայի մեծ մասում, դիտվում է մեկամսյա սեզոնային ուշացում։ Ամենատաք ամիսն օգոստոսն է՝ միջինը 26.4 °C (79.5 °F), իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջինը 5.2 °C (41.4 °F): Ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել 1876 թվականի հունվարին՝ −9.2 °C (15.4 °F), մինչդեռ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2004 թվականի հուլիսի 20-ին՝ 39.5 °C (103.1 °F)[56]: Տարեկան տեղումները միջինում կազմում են 1530 մմ՝ ավելի խոնավ ամառներով և ավելի չոր ձմեռներով։ Հազվադեպ են պատահում ձյան տեղումներ, սակայն ձյուն գալիս է գրեթե ամեն տարի[57]։ Տոկիոյում հաճախ են տեղի ունենում թայֆուններ, թեև դրանցից քչերն են ուժեղ։ Ամենախոնավ ամիսը՝ սկսած 1876 թվականի ռեկորդներից, 2004 թվականի հոկտեմբերն էր 780 մմ անձրևով[58]՝ ներառյալ 270,5 մմ այդ ամսի 9-ին[59]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կիտանոմարու պարկ[60], Թիյոդա հատուկ վարչական շրջան, Տոկիո | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 22,6 | 24,9 | 25,3 | 29,2 | 32,2 | 36,2 | 39,5 | 39,1 | 38,1 | 32,6 | 27,3 | 24,8 | 39,5 |
միջին առավելագույնը (°C) | 9,6 | 10,4 | 13,6 | 19,0 | 22,9 | 25,5 | 29,2 | 30,8 | 26,9 | 21,5 | 16,3 | 11,9 | 19,8 |
միջին ջերմաստիճանը (°C) | 5,2 | 5,7 | 8,7 | 13,9 | 18,2 | 21,4 | 25,0 | 26,4 | 22,8 | 17,5 | 12,1 | 7,6 | 15,4 |
միջին նվազագույնը (°C) | 0,9 | 1,7 | 4,4 | 9,4 | 14,0 | 18,0 | 21,8 | 23,0 | 19,7 | 14,2 | 8,3 | 3,5 | 11,6 |
բացարձակ նվազագույնը (°C) | −9,2 | −7,9 | −5,6 | −3,1 | 2,2 | 8,5 | 13,0 | 15,4 | 10,5 | −0,5 | −3,1 | −6,8 | −9,2 |
տեղումների քանակը (մմ) | 52,3 | 56,1 | 117,5 | 124,5 | 137,8 | 167,7 | 153,5 | 168,2 | 209,9 | 197,8 | 92,5 | 51,0 | 1528,8 |
Աղբյուր՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալություն (ռեկորդներ 1872–այժմ)[56][61][62] |
Տոկիոյի ցամաքային հատվածի լեռնային տարածքը՝ Օկուտաման, նույնպես ընկած է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օկուտամա (1981–2010) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 6,7 | 7,1 | 10,3 | 16,3 | 20,5 | 23,0 | 26,8 | 28,2 | 23,9 | 18,4 | 13,8 | 9,3 | 17,1 |
միջին ջերմաստիճանը (°C) | 1,3 | 1,8 | 5,0 | 10,6 | 15,1 | 18,5 | 22,0 | 23,2 | 19,5 | 13,8 | 8,5 | 3,8 | 11,9 |
միջին նվազագույնը (°C) | −2,7 | −2,3 | 0,6 | 5,6 | 10,5 | 14,8 | 18,7 | 19,7 | 16,3 | 10,3 | 4,6 | −0,1 | 8,1 |
տեղումների քանակը (մմ) | 44,1 | 50,0 | 92,5 | 109,6 | 120,3 | 155,7 | 195,4 | 280,6 | 271,3 | 172,4 | 76,7 | 39,9 | 1623,5 |
Աղբյուր՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալություն[63] |
Տոկիոյի օֆշորային տարածքների կլիման զգալիորեն տարբերվում է քաղաքից քաղաք։ Օգասավարայում գտնվող Տիտիձիմայի կլիման տատանվում է տրոպիկական սավանա (չոր ձմեռներ և անձրևոտ ամառներ) և մերձարևադարձային կլիմաների միջև։ Այն Մեծ Տոկիոյի տարածքից մոտ 1000 կմ հարավ է գտնվում, ինչի պատճառով ունի տարբեր կլիմայական պայմաններ։
Տոկիոյի արևելյան տարածքը՝ Օգասավարայում գտնվող Մինամիտորիսիմա կղզին, արևադարձային կլիմայական գոտում է։ Տոկիոյի Իձու և Օգասավարա կղզիներում տեղի են ունենում տարեկան միջինը 5,4 թայֆուն՝ համեմատած Կանտոյի, որտեղ դրանց թիվը հասնում է 3,1-ի[64]։
Տոկիոյի ճարտարապետությունը հիմնականում ձևավորվել է Տոկիոյի պատմության կողմից։ Պատմության վերջին շրջանում երկու անգամ մայրաքաղաքը մնացել է ավերակների մեջ՝ 1923 թվականի Մեծ Կանտոյի երկրաշարժի, իսկ ավելի ուշ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տոկիոյի ռմբակոծության հետևանքով[65]։ Այդ իսկ պատճառով Տոկիոյի քաղաքային լանդշաֆտը հիմնականում ունի ժամանակակից ճարտարապետություն, իսկ հին շինությունները քիչ են[65]։ Տոկիոյում կարելի է հանդիպել միաջազգային ասպարեզում հայտնի ճարտարապետության ժամանակակից շատ ձևերի՝ ներառյալ Տոկիոյի միջազգային ֆորումը, Asahi Beer Hall-ը, Mode Gakuen Cocoon Tower-ը, NTT Docomo Yoyogi Building-ը և Ծիածանի կամուրջը։ Տոկիոյում կա նաև երկու առանձնահատուկ աշտարակ՝ Տոկիոյի հեռուստատեսային աշտարակը և նոր Երկնային ծառը, որն ամենաբարձր աշտարակն է թե՛ Ճապոնիայում, և թե՛ աշխարհում, և երկրորդ ամենաբարձր կառույցն աշխարհում՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայից հետո[66]։
Տոկիոն նաև ունի բազմաթիվ պարկեր և այգիներ։ Տոկիոյի պրեֆկտուրայում կա 4 ազգային պարկ՝ ներառյալ Ֆուձի-Հակոնե-Իձուն, որը ներառում է բոլոր Իձու կղզիները։
Տոկիոն քայլեր է ձեռնարկում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար։ Կառավարիչ Սինտարո Իսիհարան ստեղծել է թափոնների սահմանափակման համակարգ, որի նպատակն է 2000 թվականի մակարդակի համեմատ 25 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թվականը[67]։ Տոկիոն քաղաքային տաք կղզու օրինակ է, և այս երևույթը հատկապես լուրջ է հատուկ վարչական շրջաններում[68][69]։ Ըստ Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության[70] տարեկան միջին ջերմաստիճանը աճել է մոտավորապես 3 °C (5.4 °F)-ով անցած 100 տարիների ընթացքում։ Տոկիոն համարվում է «քաղաքների աճի և կլիմայի միջև փոխհարաբերությունների համոզիչ օրինակ»[71]։
2006 թվականին Տոկիոն ընդունեց «Տասնամյա ծրագիր կանաչ Տոկիոյի համար» նախագիծը, որը պետք է իրականացվեր մինչև 2016 թվականը։ Այն նպատակ ուներ Տոկիոյի ճանապարհների եզրերի ծառերը 480.000-ից հասցնել մեկ միլիոնի և ավելացնել 1000 հա կանաչ տարածք՝ որից 88 հեկտարը պետք է լիներ Ումի նո Մորի անվամբ (ծովային անտառ) նոր պարկ։ Այն պետք է ստեղծվեր Տոկիոյի ծովածոցում գտնվող վերականգնված կղզու վրա, որը նախկինում եղել է աղբավայր[72]։ 2007-2010 թվականներին ստեղծվեց նախագծված 1000-ից 436 հեկտար կանաչ տարածք և տնկվեց 220.000 ծառ՝ հասցնելով ընդհանուր ծառերի թիվը 700.000-ի։ 2014 թվականին ճանապարհների եզրերի ծառերի թիվը հասավ 950.000-ի և ավելացվեց ևս 300 հա կանաչ տարածք[73]։
2012 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ պաշտոնական տվյալներով Տոկիոյում ապրում է 13,506 միլիոն մարդ, որից 9,214 միլիոնն ապրում է Տոկիոյի 23 հատուկ վարչական շրջաններում[74]։ Ցերեկվա ընթացքում բնակչությունն ավելանում է 2,5 միլիոնով, քանի որ աշխատողները և ուսանողները շրջակա տարածքներից գալիս են այստեղ։ Այս երևույթը հատկապես ընդգծված է Տոկիոյի երեք կենտրոնական հատուկ վարչական շրջաններում՝ Թիյոդայում, Թյուոյում և Մինատոյում, որոնց ընդհանուր բնակչության թիվն ըստ 2005 թվականի ազգային մարդահամարի 326.000 է գիշերը, բայց 2,4 միլիոն ցերեկը[75]։
1889 թվականին Ներքին գործերի նախարարությունն արձանագրեց 1.375.937 մարդ Տոկիո քաղաքում և ընդհանուր 1.694.292 մարդ Տոկիո պրեֆեկտուրայում[76]։ Նույն տարում հաստատվեց, որ 779 օտարերկրացիներ բնակվում են Տոկիոյում։ Նրանց գերակշռող մասը բրիտանացիներ են (209 բնակիչ), որին հետևում են բնակիչներ Միացյալ Նահանգներից (182) և Ցին կայսրությունից (137)[77]։
| |||||||||||||||||||||||||
|
Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։
Տոկիոն ունի ամենամեծ մետրոպոլիտեն տնտեսությունն աշխարհում։ Ըստ PricewaterhouseCoopers-ի կատարած հետազոտության՝ Տոկիոյի 38 միլիոն բնակչությամբ քաղաքային տարածքն ուներ ընդհանուր հաշվով 2 տրիլիոն դոլար ՀՆԱ 2012 թվականին (Գնողունակության համարժեքությունում), որը գլխավորում էր այդ ցուցակը։ Fortune Global 500 ընկերություններից 51-ը գտնվում են Տոկիոյում՝ գրեթե կրկնակի գերազանցելով 2-րդ հորիզոնականում գտնվող քաղաքի ցուցանիշը (Փարիզ)[79]։
Տոկիոն խոշոր միջազգային ֆինանսական կենտրոն է[80]։ Այստեղ են հյուրընկալվում աշխարհի ամենամեծ ինվեստիցիոն բանկերի գլխամասային գրասենյակներից և ապահովագրական ընկերություններից մի քանիսը։ Տոկիոն հանգույց է ծառայում Ճապոնիայի երթևեկության, հրատարակչության, էլեկտրոնիկայի և հեռարձակող արդյունաբերության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի տնտեսության կենտրոնացված աճի ընթացքում շատ մեծ ընկերություններ իրենց գլխամասային գրասենյակները Տոկիո տեղափոխեցին այնպիսի քաղաքներից, ինչպիսին է Օսական (պատմական կոմերցիոն մայրաքաղաք), ինչն առավելություն էր կառավարություն ավելի հեշտ մուտք ունենալու համար։ Այս միտումը սկսել է նվազել Տոկիոյում բնակչության թվի շարունակական աճի և ապրուստի բարձր գների պատճառով։
Տոկիոն The Economist-ի կողմից 14 տարի շարունակ դասակարգվել է որպես ամենաթանկ քաղաքն աշխարհում (մինչև 2006 թվականը)[81]։
1960-ականներին Տոկիոն համարվում էր առաջատար միջազգային ֆինանսական կենտրոն և Նյու Յորքի ու Լոնդոնի հետ նկարագրվում էր որպես երեք «իշխող կենտրոններից» մեկը համաշխարհային տնտեսությունում[82]։ 2017 թվականին կայացած Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսում Տոկիոն դասակարգվեց 5-րդ ամենամրցունակ ֆինանսական կենտրոնն աշխարհում (այնպիսի երկրների շարքում, որի թոփ տասնյակում էին Լոնդոնը, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Սիդնեյը, Բոստոնը և Տորոնտոն) և 3-րդ ամենամրցունակը Ասիայում՝ Սինգապուրից և Հոնգ Կոնգից հետո[83]։ Ճապոնական ֆինանսական շուկան դանդաղորեն ընդլայնվեց 1984 թվականին և արագացրեց իր միջազգայնացումը 1998 թվականին՝ Japanese Big Bang-ով[84]։ Չնայած Սինգապուրի և Հոնգ Կոնգի մրցակցությանը որպես ֆինանսական կենտրոններ, Տոկիոն կարողանում է պահպանել առաջատար դիրք Ասիայում։ Տոկիոյի ֆոնդային բորսան Ճապոնիայի ամենամեծ ֆոնդային բորսան է, երրորդ ամենամեծը շուկայական կապիտալիզացիայով և չորրորդ ամենամեծը բաժնետոմսերի շրջանառությամբ։ 1990 թվականին ճապոնական ֆինանսական պղպջակի վերջում այն կազմում էր աշխարհի ֆոնդային շուկայական արժեքի ավելի քան 60 տոկոսը[85]։ 2003 թվականի դրությամբ ըստ Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարարության, Տոկիոն ուներ 8.460 հա (20.900 ակր) գյուղատնտեսական տարածք[86], որը վերջինն էր երկրի պրեֆեկտուրաների շարքում։ Գյուղատնտեսական տարածքները կենտրոնացված են Արևմտյան Տոկիոյում։ Շուտ փչացող ապրանքները, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը և ծաղիկները, կարող են հեշտությամբ առաքվել պրեֆեկտուրայի արևելյան մասի շուկաներ։ Կոմացունան և սպանախը ամենակարևոր բանջարեղեններն են։ 2000 թվականի դրությամբ Տոկիոյի մատակարարած կոմացունայի 32,5 %-ը վաճառվել է կենտրոնական արտադրության շուկայում։
Տոկիոյի տարածքի 36%-ը ծածկված է անտառներով, որոնցում հատկապես տարածված են կրիպտոմերիան և ճապոնական կիպարիսը։ Դրանք առանձնապես տարածված են Ակիրունո, Օմե, Օկուտամա, Հատոիձի, Հինոդե և Հինոհարա արևմտյան լեռնային համայնքներում։ Փայտանյութի գնի իջեցումը, արտադրության արժեքի ավելացումը և անտառային բնակչության շրջանում տարեցտարի մեծահասակների գերակշռումը հանգեցրել են Տոկիոյում արտադրության անկման։ Բացի այդ, փոշին, հատկապես կրիպտոմերիայի, ալերգեն է մոտակա բնակավայրերի ապրողների համար։ Տոկիոյի ծովածոցը ժամանակին եղել է ձկան պաշարների հիմնական աղբյուր։ Տոկիոյի ձկնարդյունաբերության մեծ մասը գալիս է արտաքին կղզիներից, ինչպիսիք են Իձու Օսիմա և Հատիտոձիմա կղզիները։ Գծավոր թունան, նորին և կարանջիդան օվկիանոսային արտադրանքների շարքում են։
Զբոսաշրջությունը Տոկիոյում ներդրումներ է կատարում տնտեսության մեջ։ 2006 թվականին 4,81 միլիոն օտարերկրացի և 420 միլիոն ճապոնացի այցելել են Տոկիո։ Ըստ Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության՝ այս այցելությունների տնտեսական արժեքը կազմել է 9,4 տրիլիոն իեն։ Շատ զբոսաշրջիկներ այցելում են տարբեր գործարար կենտրոններ, խանութներ և ժամանցի վայրեր Տոկիոյի հատուկ վարչական շրջանների հարևանությամբ։ Մասնավորապես, դպրոցականների ուղևորությունների համար Տոկիոյի աշտարակ այցելությունը «պարտադիր է»։ Մշակութային առաջարկները ներառում են ո՛չ միայն ճապոնական փոփ մշակույթն, այլ նաև հարակից շրջանները, ինչպիսիք են Սիբույան և Հարաձյուկուն, ենթամշակութային տեսարժան վայրեր՝ ինչպիսիք են Studio Ghibli ճապոնական անիմացիայի ստուդիան, ինչպես նաև Տոկիոյի ազգային թանգարանը, որտեղ էլ գտնվում է երկրի արվեստի գործերի 37%-ը (87/233):
Տոկիոյում ցուկիձի ձկան շուկան աշխարհի ամենամեծ մեծածախ ձկան և ծովամթերքի շուկան է, ինչպես նաև ամենամեծ մեծածախ սննդի շուկաներից մեկը։ Ցուկիձի շուկան խստորեն պահպանում է իր նախորդ՝ Նիհոմբասի ձկան շուկայի ավանդույթները և օրական ունենում է մոտավորապես 50.000 գնորդ և վաճառող։ Մանրածախ և մեծածախ վաճառողները, աուկցիոներները և քաղաքացիները հաճախ են այցելում շուկա՝ ստեղծելով կազմակերպված քաոսի յուրահատուկ փոքր աշխարհ, որը դեռ շարունակում է դրական իմաստով բորբոքել քաղաքը և դրա սննդի մատակարարումն ավելի քան չորս դար[87]։
Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն)։ Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ։
Տոկիոն որպես Մեծ Տոկիո տարածքի կենտրոն, Ճապոնիայի ամենամեծ տեղական և միջազգային երկաթուղային և վերգետնյա հանգույցն է։ Սակայն, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի օդային տարածքները եղել են ԱՄՆ-ի բացառիկ ռազմական իրավունքների տակ և որոշ չվերթների երթուղիներ վերադարձվել են Ճապոնիա[88]։ Տոկիոյում հասարակական տրանսպորտում գերակշռում է մաքուր և արդյունավետ[89] գնացքների և մետրոների լայն ցանցը, որն աշխատեցվում է տարբեր օպերատորների կողմից։ Գործում է ավելի քան 62 էլեկտրագնացք և 900-ից ավելի երկաթուղային կայարան[90]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյուքնում Ճապոնիայում արգելված է ինքնաթիռների թռիչքը Տոկիոյի վրայով[91]։ Այդ իսկ պատճառով Ճապոնիան օդանավակայաններ կառուցեց Տոկիոյից դուրս։ Տիբա պրեֆեկտուրայում գտնվող Նարետա միջազգային օդանավակայանը համարվում է Ճապոնիա մեկնող զբոսաշրջիկների հիմնական կայան։ Այս օդանավակայանում տարածք է տրամադրված Ճապոնիայի դրոշը կրող Japan Airlines-ին, ինչպես նաև All Nippon Airways-ին։ Օտայում գտնվող Հանեդա օդանավակայանը առաջարկում է տեղական և միջազգային թռիչքներ։
Տոկիոյի կառավարության տակ գտնվող տարբեր կղզիներ ունեն սեփական օդանավակայանները։ Հատիտոձիման (Հատիտոձիմա օդանավակայան), Միյակեձիման (Միյակեձիմա օդանավակայան) և Իձու Օսիման (Օսիմա օդանավակայան) կատարում են ծառայություններ դեպի Տոկիոյի միջազգային և այլ օդանավակայաններ։
Երկաթուղին Տոկիոյի հիմնական տրանսպորտային միջոցն է, որը նաև աշխարհի ամենախոշոր քաղաքային ցանցն է։ East Japan Railway ընկերությունը ղեկավարում է Տոկիոյի ամենամեծ երկաթգծերի ցանցը՝ ներառյալ Yamanote Line հանգույցը, որը գործում է Տոկիոյի կենտրոնում։ Մետրոների ցանցը ղեկավարվում է երկու տարբեր կազմակերպությունների կողմից։ Դրանք են մասնավոր Տոկիո մետրոն և կառավարական Տոկիոյի մետրոպոլիտեն տրանսպորտի բյուրոն։ Մետրոպոլիտեն կառավարությունը և անհատ գծատերերը ղեկավարում են ավտոբուսային երթուղիները և մեկ տրամվայի երթուղի։ Տոկիո, Սինագավա և Սինձյուկու կայարաններում հասանելի են տեղական, շրջանային և ազգային ծառայություններ մատուցող խոշոր տերմինալներ։
Ճեպուղիները մայրաքաղաքը կապում են Մեծ Տոկիոյի տարածքի այլ կետերի՝ Կանտո շրջանին և Կյուսյու, Սիկոկու կղզիներին։ Որպեսզի դրանց կառուցումն ավարտվեր նախքան 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը, ճեպուղիների մեծամասնությունը կառուցվեց արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհների վրա[92]։ Այլ փոխադրամիջոցներից են հատուկ վարչական շրջաններում և քաղաքներում գործող տաքսիները։ Տոկիոյի կղզիներում գործում են նաև լաստանավեր, որոնք կատարում են ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի տեղական և օտարերկրյա նավահանգիստներ։
Տոկիոյում գործում են բազմաթիվ համալսարաններ, քոլեջներ և մասնագիտական դպրոցներ։ Ճապոնիայի ամենահեղինակավոր համալսարաններից շատերը գտնվում են Տոկիոյում՝ ներառյալ Տոկիոյի և Հիտոցուբասի համալսարանները, Տոկիոյի տեխնոլոգիայի ինստիտուտը, Վասեդայի համալսարանը, Տոկիոյի գիտության համալսարանը և Կեյո համալսարանը[93]։ Տոկիոյի ամենամեծ ազգային համալսարաններից են.
Տոկիոյում գործում է միայն մեկ ոչ ազգային հանրային համալսարան՝ Տոկիոյի մետրոպոլիտեն համալսարանը։
Կան նաև մի քանի համալսարաններ, որոնք շատ հայտնի են անգլերենով անցկացվող դասընթացների և ճապոներեն սովորեցնելու համար։ Դրանք են՝
Տոկիոն նաև ՄԱԿ-ի համալսարանի գլխամասային գրասենյակն է։
Հանրային մանկապարտեզները, տարրական դպրոցները (1-6 տարեկան) և հիմնական դպրոցները (7-9 տարեկան) կառավարվում են տեղակամ վարչական շրջանների կամ քաղաքապետարանների կողմից։ Հանրային միջնակարգ դպրոցներն աշխատեցվում են Տոկիոյի մետրոպոլիտեն կառավարության կրթական խորհրդի կողմից և կոչվում են «Մետրոպոլիտեն ավագ դպրոցներ»։ Տոկիոյում գործում են նաև շատ մասնավոր դպրոցներ՝ սկսած մանկապարտեզից մինչև ավագ դպրոց.
Տոկիոյում կան բազմաթիվ թանգարաններ։ Ուենո պարկում է գտնվում Տոկիոյի ազգային թանգարանը՝ որը երկրի ամենամեծ թանգարանն է և մասնագիտացված է ավանդական ճապոնական արվեստում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը և Ուենո կենդանաբանական այգին։ Այլ թանգարաններից են Օդաիբայում գտնվող Միրաիկան, Սումիդայում գտնվող Էդո-Տոկիո թանգարանը, Աոյամայում գտնվող Նեզու թանգարանը և Ազգային խորհրդարանական գրադարանը, Ազգային արխիվները և Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը, որը մոտ է գտնվում Տոկիոյի կայսերական պալատին։
Տոկիոյում գործում են շատ թատրոններ[94]։ Դրանք ներառում են ազգային և մասնավոր թատրոններ՝ ճապոնական դրամայի ավանդական ձևերի համար։ Հատկանշական է Ազգային նո թատրոնը նոյի համար և Կաբուկիձա թատրոնը կաբուկիի համար[95]։ Սիմֆոնիկ նվագախմբերը և այլ երաժշտական կազմակերպությունները ներկայացնում են ժամանակակից և ավանդական երաժշտություն։ Տոկիոն նաև հյուրընկալում է ժամանակակից ճապոնական և միջազգային փոփ և ռոք երաժիշտների տարբեր վայրերում, որոնց չափերը տատանվում են ակումբներից մինչև միջազգային հանրությանը հայտնի այնպիսի բեմեր, ինչպիսին է Նիպոն Բուդոկանը։
Տոկիոյում հաճախ են տեղի ունենում տարբեր փառատոններ։ Խոշորամասշտաբ միջոցառումներից են Սանոն՝ Հիե-ձինձյայում, Սանձյան՝ Ասակուսա-ձինձյայում և երկամյա Կանդա Մացուրի փառատոնը։ Վերջինի առանձնահատկություններից է շքերթը` մանրակրկիտ զարդարված տոնական հարթակներով և հազարավոր մարդկանցով։ Ամեն տարի հուլիսի վերջին շաբաթ օրը Սումիդա գետի մոտ տեղի է ունենում մեծ հրավառություն, որը գրավում է միլիոնավոր այլցելուների։ Գարնանը սակուրայի ծաղկելու ժամանակ շատ բնակիչներ պիկնիկի համար հավաքվում են Ուենո, Ինոկասիրա պարկերում և Սինձյուկու Գյեոն ազգային այգում։
Սիբույայի հարևանությամբ գտնվող Հարաձյուկուն միջազգայնորեն հայտնի է իր երիտասարդության ոճի, նորաձևության[96] և քոսփլեյի համար։
Տոկիոյի խոհանոցը մեծ ճանաչում ունի։ 2007 թվականի նոյեմբերին Michelin guid-ը թողարկեց ուղեցույց՝ ինչպես լավ ճաշել Տոկիոյում, որը ստացավ 191 աստղ, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում էր Տոկիոյի ամենամոտ մրցակից Փարիզին։ 2017 թվականի դրությամբ Տոկիոյում պարգևատրվել է 227 ռեստորան (92-ը Փարիզում)։ Տասներկու հաստատություններ ստացել են գերազանց գնահատական՝ երեք աստղ (Փարիզում դրանց թիվը տասն էր), 54-ը ստացել են երկու աստղ և 161-ը՝ մեկ աստղ[97]։
Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ։ 1923 թվականի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսն ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թվականներ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–1945 թվականներ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։ Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թվականին, վերականգնվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (17-րդ դարի վերջ – 18-րդ դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է 17-րդ դարում) և Մեյգի (19-րդ դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է 17-րդ դարում, վերականգնվել՝ 20-րդ դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ։ 20-րդ դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–1936 թվականներին), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960–1961 թվականներին), Օլիմպիական մարզահամալիրը (1963–1964 թվականներին), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թվականին) և այլն։ Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թվական)։
Տոկիոն ունի երկու պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբ՝ Yomiuri Giants-ը, որը խաղում է Տոկիո Դոումում և Tokyo Yakult Swallows-ը, որը խաղում է Meiji-Jingu ստադիոնում։ Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվում է Տոկիոյում՝ Ռյոգոկու Կոկուգիկան սումո արենայում, որտեղ տարեկան անցկացվում է սումոյի երեք պաշտոնական առաջնություն (հունվարին, մայիսին և սեպտեմբերին)։ Տոկիոյի ֆուտբոլային ակումբներն են Տոկիո ֆուտբոլային ակումբը, Տոկիո Վերդին, որոնք խաղում են Տյոֆույում գտնվող Աձինոմոտո ստադիոնում և Մատիդա Զելվիա ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Մատիդայում գտնվող Նոզուտա ստադիոնում։ Բասկետբոլային ակումբներն են Hitachi SunRockers-ը, Toyota Alvark Tokyo-ն և Tokyo Excellence-ը։
Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը՝ դառնալով առաջին ասիական երկիրը, որտեղ անցկացվել են ամառային օլիմպիական խաղեր։ Ազգային ստադիոնը՝ որը հայտնի է նաև «Ազգային օլիմպիական ստադիոն» անվամբ, հյուրընկալել է բազմաթիվ միջազգային սպորտային միջոցառումներ։ 2016 թվականին այն պետք է փոխարինվեր Նոր ազգային ստադիոնով։ Տոկիոյի համաշխարհային կարգի սպորտային մի շարք վայրերում հաճախակի են անցկացվում ազգային և միջազգային սպորտային միջոցառումներ՝ բասկետբոլի մրցաշարեր, կանանց վոլեյբոլի մրցաշարեր, թենիսի մրցաշարեր, լող, մարաթոններ, ռեգբի, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական խաղեր, ձյուդո և կարատե։ Սենդագայայում գտնվող Տոկիոյի սպորտի պալատը (գիմնազիա) մեծ սպորտային համալիր է, որը ներառում է լողավազաններ, մարզասրահներ և մեծ փակ արենա։ Ըստ Around the Rings-ի, գիմնազիան հյուրընկալել է 2011 թվականին կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները՝ չնայած Միջազգային գիմնազիայի ֆեդերացիայի այն նախնական կասկածին, որ մարտի 11-ի ցունամիից հետո Տոկիոն չի կարող հյուրընկալել առաջնությունները[98]։ 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Տոկիոն ընտրվել է 2020 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի և պարաօլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր։
Որպես Ճապոնիայի ամենախիտ բնակեցված կետ և երկրի խոշորագույն հեռարձակողների ու ստուդիաների վայր, Տոկիոն համարվում է կինոթատրոնների, հեռուստատեսային շոուների, անիմեի, վեբկոմիկսի, լայթ-նովելի, վիդեոխաղերի և մանգայի կենտրոն։ Կայձյու (հրեշների ֆիլմ) ժանրում, Տոկիոյի ուղենիշները սովորաբար ոչնչացվում են հսկայական հրեշների կողմից, որոնցից են Գոձիլան և Գամերան։
Որոշ հոլիվուդյան ռեժիսորներ նախընտրում են իրենց ֆիլմերից որոշ տեսարաններ նկարահանել Տոկիոյում։ Ետպատերազմյան օրինակներ են «Տոկիոից Ջոն», «Իմ գեյշան», «Տոկիոյի պատմություն» և Ջեյմս Բոնդի «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմերը։ Ավելի նոր օրինակներ են «Սպանել Բիլին», «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Թարգմանության դժվարությունները», «Բաբելոն» և «Սկիզբ» ֆիլմերը։
Ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամին իր նովելներից մի քանիսը գրել է Տոկիոյում (ներառյալ «Նորվեգական անտառը»)։ Դեյվիդ Միչելն իր առաջին երկու վեպերում անդրադարձել է Տոկիոյին (number9dream, Ghostwritten): ժամանակակից բրիտանացի նկարիչ Կարլ Ռանդոլը 10 տարի Տոկիոյում ապրելով նկարչության մեջ ստեղծել է անհատական ուղղություն՝ ներկայացնելով քաղաքների մարդաշատ փողոցները և հանրային վայրերը[99][100][101][102][103]։
Տոկիոն Խոշոր քաղաքների ասիական ցանց 21-ի հիմնադիր անդամ է Միջազգային հարաբերությունների տեղական իշխանությունների խորհրդի անդամ։ Տոկիոն նաև եղել է C40 քաղաքներ կլիմայի առաջնորդության խմբի հիմնադիր անդամ։
2016 թվականի դրությամբ Տոկիոն ունի քույր քաղաքներ և բարեկամության պայմանագրեր հետևյալ 12 քաղաքների և նահանգների հետ[104].
Տոկիո Ճապոնիա Աշխարհագրություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.