Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օդանավակայան, հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները։ Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները։
Միջազգային օդանավակայաններն աշխատում են օր ու գիշեր՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին։ Աշխարհի խոշորագույն օդանավակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ։ Օդանավակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ։ Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագրային կետ, որտեղից նրանք ուղևորվում են դեպի ինքնաթիռ։ Բետոնից, ապակուց ու մետաղից կառուցված շենքն օդանավակայանի կայարանաշենքն է։ Աշտարակը հրամաններ արձակելու գլխավոր վայրն է՝ կարգավարական կետը, որտեղից կարգավարը (դիսպետչեր) ռադիոյով կապ է հաստատում օդանավերի հետ, ցուցումներ տալիս, թե որ թռիչքուղում վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է եղանակի տեսությունը։ Ռադիոտեղորոշիչի էկրանների վրա կարգավարը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով։ Դա նրան օգնում է ղեկավարելու ինքնաթիռի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ մառախուղը կամ ամպամածությունը։ Թռիչքադաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են, որոնց ուղարկած ազդանշանների օգնությամբ օդաչուները գտնում են դեպի օդանավակայան տանող երթուղին։ Կայարանաշենքի առջևի բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են ինքնաթիռները, որոնցից մի քանիսի կողքին հռնդում են վառելիքով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռններ։ Դրանք ինքնաթիռը լիցքավորում են վառելիքով։ Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ, որոնց ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները։ Ուղևորներն ինքնաթիռին մոտենում են ավտոբուսներով կամ անմիջապես՝ կայարանաշենքի հատուկ ելքերով։
Միջազգային օդանավակայաններում աշխատում են հազարավոր բանվորներ, որոնք զբաղված են շենքերը և շրջակայքը մաքրելով, ինքնաթիռները վառելանյութով լիցքավորելով և տեխնիկապես սպասարկելով, բեռներն ու ուղեբեռները բեռնաթափելով ու բարձելով, ինչպես նաև թռիչքի մեկնող ուղևորների համար ուտելիք և անհրաժեշտ պարագաներ պատրաստելով։ Օդանավակայանի այլ ծառայողներ ուղևորներին սպասարկում են մինչև թռիչքը։ Օդանավակայանում գործում են հատուկ ծառայություններ՝ կարգավարական կետը, ներգաղթի և անձնագրային հսկողությունը, մաքսատունը, բժշկական սպասարկումը։ Անվտանգության ծառայությունը զննում է ուղևորներին, ստուգում է ուղեբեռները կամ ռենտգենանկարահանում է դրանք՝ թաքցված պայթուցիկ նյութեր, զենք կամ թմրանյութեր հայտնաբերելու նպատակով։
Հայաստանում գործում են Զվարթնոց, Էրեբունի, Շիրակ և այլ օդանավակայաններ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդանավակայան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդանավակայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 519)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.