From Wikipedia, the free encyclopedia
Միջնադարյան փիլիսոփայություն, փիլիսոփայության զարգացման պատմական շրջան, որը գոյություն է ունեցել միջնադարում, սկսած 5-րդ դարից՝ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից մինչև 15-րդ դար՝ Վերածննդի դարաշրջան[1]։ Միջնադարյան փիլիսոփայությունը որպես անկախ փիլիսոփայական ուսմունք, ուսումնասիրություն, սկիզբ է առել Բաղդադում 8-րդ դարի կեսերին[1], տարածվել է Ֆրանսիայում՝ Կառլոս Մեծի շրջիկ դատարանում, 8-րդ դարի վերջին քառորդում[1][2]։ Այն որոշվում է մասամբ Հունաստանի և Հռոմի Անտիկ աշխարհի զարգացած հին մշակույթը վերագտնելու գործընթացով[1], մասամբ ՝ աստվածաբանական խնդիրները լուծելու և սուրբ վարդապետությունը աշխարհիկ ուսուցման հետ ինտեգրելու անհրաժեշտությամբ։
Միջնադարյան փիլիսոփայության պատմությունը, սովորաբար բաժանվում է երկու հիմնական ժամանակաշրջանների. Լատինական Արևմուտքում վաղ միջնադարից սկսած մինչև 12-րդ դարը, երբ Արիստոտելի և Պլատոնի գործերը նորից հայտնաբերվեցին, թարգմանվեցին ու ուսումնասիրվեցին, և «ոսկե դարաշրջանը» «12-րդ, 13-րդ և 14-րդ դարերի Լատինական Արևմուտքում, որը ականատես եղավ հին փիլիսոփայության վերականգնման գագաթնակետին, ինչպես նաև արաբ մեկնաբանների ընդունելությանը[1], և կրոնի փիլիսոփայության, տրամաբանության, և մետաֆիզիկայի։
Միջնադարին արհամարհանքով էին վերաբերվում Վերածննդի դարաշրջանի հումանիստները, այն համարելով բարբարոսական «միջին ժամանակաշրջան» հունական և հռոմեական մշակույթի դասական դարաշրջանի և դասական մշակույթի վերածննդի միջև[1]։ ժամանակակից պատմաբանները միջնադարը համարում են փիլիսոփայության զարգացման դարաշրջան, որտեղ իր մեծ ազդեցությունն է ունեցել քրիստոնեական աստվածաբանությունը։ Դարաշրջանի ամենանշանավոր մտածողներից մեկը՝ Թովմա Աքվինացին, երբեք իրեն փիլիսոփա չի համարել և քննադատել է փիլիսոփաներին՝ «ճշմարիտ և պատշաճ իմաստությունից զերծ մնալու համար»[3]։
Այս ժամանակահատվածում քննարկված խնդիրները հավատի հարաբերությունն է բանականությանը, Աստծո գոյությունն ու պարզությունը, աստվածաբանության և մետաֆիզիկայի նպատակը, գիտելիքի համընդհանուրի և անհատականացման խնդիրները[4]։
Միջնադարյան փիլիսոփայությունը մեծ ուշադրություն է դարձնում աստվածաբանականին[5]։ Միջնադարյան մտածողները՝ Ավիցեննան, Ավեռոեսը (Իբն Ռուշդ) և այք, իրենց ընդհանրապես փիլիսոփա չէին համարում։ Նրանց համար փիլիսոփաները հին հեթանոսական գրողներն էին, ինչպիսիք են Պլատոնը և Արիստոտելը[4]։ Սակայն նրանց աստվածաբանությունն օգտագործում էր հին փիլիսոփաների մեթոդներն ու տրամաբանական տեխնիկան՝ աստվածաբանական դժվարին հարցերի լուծումը գտնելու համար։ Թոմաս Աքվինացին, հետևելով Պիեր Դամիանին, պնդում էր, որ փիլիսոփայությունը աստվածաբանության աղախինն է (ancilla theologiae): Չնայած փիլիսոփայության վերաբերյալ իրենց այս տեսակետին միջնադարյան մտածողներին հաջողվեց ձևավորել նոր, ինքնատիպ փիլիսոփայություն։ Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Օգոստինոս Երանելին և Թովմա Աքվինացին, մեծ հաջողություններ ժամանակավորության և մետաֆիզիկայի փիլիսոփայության մեջ։
Միջնադարյան բոլոր փիլիսոփաների աշխատանքների հիմքում ընկած սկզբունքներն են՝
Ժամանակաշրջանի ամենաքննարկվող հարցերից մեկը հավատքն ընդդեմ բանականությանն էր։ Ավիցեննան և Ավեռոեսը երկուսն էլ ավելի շատ թեքվում էին բանականության կողմը։ Օգոստինոս Երանելին նշում էր, որ երբեք թույլ չի տա՝ իր փիլիսոփայական հետազոտությունները դուրս գան Աստծո լիազորություններից[6]։ Անսելմը փորձեց պաշտպանվել այն բանի դեմ, ինչը, իր կարծիքով, մասամբ հարվածում էր հավատքին, մի մոտեցում, որը թույլ էր տալիս ՛ հավատք, և՛ բանականություն։ Հավատի/բանականության խնդրի օգոստինյան լուծումը հավատալն է, այնուհետև ձգտել հասկանալը (fides quaerens intellectum):
Վաղ միջնադարյան փիլիսոփայությունն ընդգրկող ժամանակաշրջանի սահմանները հակասությունների առարկա են[4]։ Ընդհանուր առմամբ, ընդունված է համարել, որ այն սկսվում է Օգոստինոս Երանելիի (354–430)[7] ժամանակներից, և ավարտվում է լուսավորության տևական վերածննդով տասնմեկերորդ դարի վերջին՝ բարձր միջնադարի սկզբին։
Հռոմեական կայսրության փլուզումից հետո Արևմտյան Եվրոպան ընկավ, այսպես կոչված, «խավարի դարաշրջան»։ Վանքերը հանդիսանում էին ակադեմիական ուսուցման առանցքային, սահմանափակ հաստատաություններ, կարելի է ենթադրել, որ դրանք արդյունք էին Սբ․ Բենեդիկտի 525 թ. ընդունած օրենքի, որը վանականներից պահանջում էր ամեն օր կարդալ Աստվածաշունչը, և առաջարկի, ինչի համաձայն Մեծ պահքի սկզբում յուրաքանչյուր վանականին գիրք կտրվի։ Հետագա ժամանակաշրջաններում վանականներն կրթում էին կառավարիչներին, աստիճանավորներին և եկեղեցականներին[4]։
Վաղ քրիստոնեական միտքը, մասնավորապես հայրապետական շրջանում, հակված էր ինտուիցիոնալ և միստիկական լինելուն և ավելի քիչ էր կախված տրամաբանությունից ու տրամաբանական փաստարկներից։ Այն նաև ավելի շատ է շեշտը դնում է Պլատոնի միստիկական համոզմունքների վրա, և ավելի քիչ՝ Արիստոտելի համակարգված մտածողության վրա։ Արիստոտելի այս շրջանի աշխատանքների մեծ մասն անհայտ էին Արևմուտքին։ Գիտնականները ապավինում էին Բոետիոսի կողմից Արիստոտելի «Կատեգորիաներ»-ի լատիներեն թարգմանություններին, «Բացատրությունների մասին» տրամաբանական աշխատությանը և Պորփյուրի «Արիստոտելի «Կատեգորիաների» ներածությունը» կամ պարզապես «Ներածությունը»։
Երկու հռոմեացի փիլիսոփա՝ Օգոստինոս Երանելիին և Բոետիոսը, մեծ ազդեցություն են ունեցել միջնադարյան փիլիսոփայության զարգացման վրա։ Օգոստինոսը համարվում է եկեղեցու հայրերից մեծագույնը։ Նա հիմնականում աստվածաբան և նվիրյալ գրող էր, բայց նրա գրվածքների մեծ մասը փիլիսոփայական բնույթ ունի։ Նրա գրվածքների թեմաներն են ճշմարտությունը, Աստված, մարդկային հոգին, պատմության իմաստը, պետությունը, մեղքը և փրկությունը։ Ավելի քան հազար տարի շարունակ աստվածաբանության կամ փիլիսոփայության լատինական աշխատություններում մեջբերվում էր նրա գրածները, կամ վկայակոչվում՝ նրա հեղինակությունը։ Օգոստինոսի գրվածքներից որոշները իրենց ազդեցությունն են ունեցել են վաղ ժամանակակից փիլիսոփայության զարգացման վրա (օր․՝ դեկարտյան փիլիսոփայություն)[8]։ Անիցիոս Մանլիոս Տորկվատոս Սևերինոս Բոետիոսը (մոտ 480-524) քրիստոնյա փիլիսոփա էր, ծնվել էր Հռոմում՝ հին և ազդեցիկ ընտանիքում։ 510 թվականին նա դարձել է հյուպատոս Օստգոթերի թագավորությունում։ Նա նույնպես իր ազդեցությունն է ունեցել վաղ միջնադարյան ժամանակաշրջանի փիլիսոփայության վրա (այնքան, որ այն երբեմն անվանում են Բոետյան ժամանակաշրջան)[9]։ Նա մտադրվել էր հունարենից լատիներեն թարգմանել Արիստոտելի և Պլատոնի բոլոր գործերը։ Թարգմանել է Արիստոտելի տրամաբանական աշխատություններից շատերը, ինչպիսիք են՝ «Բացատրությունների մասին»-ը և «Կատեգորիաներ»-ը։ Նա մեկնաբանություններ է գրել այս աշխատանքների և Պորփյուրի «Ներածության» վերաբերյալ։ Սա միջնադարյան փիլիսոփայական աշխարհ մտցրեց համընդհանրության գաղափարը[8]։
Արևմուտքում ուսման առաջին նշանակալից նորացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կառլոս Մեծը, Քանդիդուսի, Պետեր Պիզացիի և Ալքուինի խորհուրդներով, գրավեց Անգլիայի և Իռլանդիայի գիտնականներին։ Նա 787 թվականին Կայսերական հրամանագրով դպրոցներ ստեղծեց իր կայսրության յուրաքանչյուր աբբայությունում։ Այս դպրոցները, որոնցից առաջացել է սխոլաստիկա անվանումը, դարձան միջնադարյան ուսուցման կենտրոններ։
Հովհան Սկոտ Էրիուգենան (մոտ 815 - 877) իրավահաջորդը պալատական դպրոցի ղեկավար, իռլանդացի աստվածաբան և նեոպլատոնականության փիլիսոփա Ալքուինին էր։ Նա հայտնի է Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու (հունարեն աստվածաբանական աշխատությունների ժողովածուի անհայտ հեղինակ) աշխատանքների թարգմանություններով ու մեկնաբանություններով։ Այս ժամանակահատվածում ի հայտ եկան մի շարք դավանաբանական հակասություններ, ինչպիսին է այն հարցը, թե արդյո՞ք Աստված որոշեց ոմանց փրկել, և ոմանց էլ դատապարտել։ Միևնույն ժամանակ, Պասխասիուս Ռադբերտուսը բարձրացրեց մի կարևոր հարց կապված Հաղորդությունում Քրիստոսի իրական ներկայության հետ։ Արդյո՞ք այն նույնն է, ինչ Քրիստոսի պատմական մարմինը։ Ինչպե՞ս կարող է Նա ներկա լինել բազում անգամներ՝ տարբեր վայրերում։ Ռադբերտուսը պնդում էր, որ Քրիստոսի իրական մարմինը ներկա է, արտահայտված է հացի և գինու տեսքով ու առկա է բոլոր տեղերում և բոլոր ժամանակներում Աստծո անհասկանալի զորության միջոցով[4]։
Այս ժամանակահատվածը նշանավորվեց նաև գիտության վերածնունդով։ Ֆյուրիում Օռլեանի եպիսկոպոս Թեոդուլֆուսը Կառլոս Մեծի առաջարկով երիտասարդ ազնվականների համար դպրոց է հիմնում։ IX դարի կեսերին դպրոցի գրադարանը ամենաընդարձակներից մեկն էր, որ երբևէ հավաքվել էր Արևմուտքում։
10-րդ դարի սկզբին Ռեմիգիուս Օսերսկին, մեկնաբանություններ էր գրում Դոնատուսի, Պրիսցիանի, Բոետիուսի և Մարտիանուս Կապելլայի դասական տեքստերի վերաբերյալ։ Կարոլինգյան շրջանից հետո կարճ ժամանակով եղավ խավարի դարաշրջանը, որին 11-րդ դարում հաջորդեց ուսման տևական վերածնունդը, և մեծ նշանակություն ունեին արաբերենից թարգմանությունները, ինչպիին է Ավիցեննայի «Հոգու մասին» աշխատությունը[10]։
11-րդ դարի կեսերից մինչև 14-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածը հայտնի է որպես «Բարձր միջնադար» կամ «սխոլաստիկ» ժամանակաշրջան։ Ընդունված է սկսվել Անսելմ Քենթրբերցուց․ (1033–1109) իտալացի փիլիսոփա, աստվածաբան և եկեղեցական, և հայտնի է որպես Աստծո գոյության գոյաբանական փաստարկի հիմնադիր։
13-րդ և 14-րդ դարի սկիզբը, ընդհանուր առմամբ, համարվում են սխոլաստիկության բարձր ժամանակաշրջան։ 13-րդ դարի սկզբին տեղի ունեցավ հունական փիլիսոփայության վերականգնումը։ Թարգմանչության համար ստեղծված դպրոցները զարգացել են Իտալիայում և Սիցիլիայում, և վերջում, Եվրոպայի մնացած հատվածներում։ Գիտնականներից Ադելարդ Բաթեցին ճանապարհորդում էին Սիցիլիայում և արաբական աշխարհում՝ թարգմանելով աստղագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ աշխատանքներ, այդ թվում՝ Էվկլիդեսի «Տարրերի» առաջին ամբողջական թարգմանությունը[11]։ Նորմանյան թագավորները, ի նշան իրենց հեղինակության, Իտալիայից և այլ տարածքներից գիտելիքների տեր մարդկանց հավաքում էին իրենց արքունիքում[12]։ 13-րդ դարի կեսերին Վիլյամ Մոերբեկեի հունարեն փիլիսոփայական նյութերի թարգմանությունները և խմբագրությունները նպաստեցին հունական փիլիսոփայության և, մասնավորապես, Արիստոտելի, ավելի պարզ պատկերի ձևավորմանը։ քանի որ արաբերեն տարբերակներից ստացված տեղեկությունները աղավաղված էին կամ կորցրել էին փիլիսոփայության պլատոնական և արիստոտելյան համակարգերի փոխհարաբերակցությունը[13]։
Այս ժամանակահատվածում Եվրոպայի մեծ քաղաքներում զարգացում ապրեցին համալսարանները, և Եկեղեցու ներսում գործող հոգևորական կարգերը սկսեցին պայքարել կրթական կյանքի այս կենտրոնների վրա քաղաքական և մտավոր վերահսկողության պահպանման համար։ Այս շրջանում հիմնադրված երկու հիմնական շքանշաններն էին ֆրանցիսկանները և Դոմինիկյան միաբանություն։ Ֆրանցիսկյան միաբանությունը հիմնադրվել է Ֆրանցիսկ Ասսիզեցին կողմից 1209 թվականին։ Նրանց առաջնորդը դարի կեսերին ավանդապաշտ Բոնավենտուրան էր, ով պաշտպանում էր Օգոստինոսի տեսակետը աստվածաբանության վերաբերյալ, Պլատոնի փիլիսոփայությունը և ընդգրկելով Արիստոտելի աշխատությունների միայն մի փոքր մասը՝ ավելի նեոպլատոնական տարրերով[8]։ Անսելմին հետևելով՝ Բոնավենտուրան ենթադրում էր, որ բանականությունը կարող է ճշմարտությունը հայտնաբերել միայն այն ժամանակ, երբ փիլիսոփայությունը լուսավորվում է կրոնական հավատքով։ Ֆրանցիսկյան այլ կարևոր գրողներ էին Յոհաննես Դունս Սկոտը, Պիտեր Աուրեոլին և Վիլյամ Օկկամը։
1215 թվականին Սբ. Դոմինիկի կողմից հիմնադրված Դոմինիկյան միաբանությունը ավելի շատ շեշտը դնում էր բանականության օգտագործման վրա և լայնորեն օգտագործում էր Արիստոտելյան աղբյուրները, որոնք ստացվել էին Արևելքից և մավրիտանական Իսպանիայից։ Այս շրջանում Դոմինիկյան մտածողության մեծ ներկայացուցիչներն էին Ալբերտ Մեծը և (հատկապես) Թովմա Աքվինացին, որոնց հունական ռացիոնալիզմի և քրիստոնեական վարդապետության ճարտար սինթեզը, ի վերջո, սահմանեց կաթոլիկ փիլիսոփայությունը։ Աքվինացին ավելի շատ շեշտը դնում էր բանականության և փաստաբանության վրա և առաջիններից էր, որ օգտագործեց Արիստոտելի մետաֆիզիկական և իմացաբանական գրության նոր թարգմանությունը։ Սա նշանակալի հեռացում էր նեոպլատոնական և ավգուստինյան մտածողությունից, որը գերակշռել էր վաղ սխոլաստիզմում։ Աքվինացին ցույց տվեց, թե ինչպես կարելի էր ներառել Արիստոտելի փիլիսոփայության մեծ մասը՝ չընկնելով մեկնաբան Ավեռոեսի «սխալների» մեջ։
20-րդ դարի սկզբին պատմաբան և փիլիսոփա Մարտին Գրաբմանը առաջին գիտնականն էր, ով մշակեց մտքի շարունակական զարգացման ուրվագծերը սխոլաստիկության մեջ և Թոմա Աքվինացու մեջ տեսավ ավելի շուտ արձագանքի և մտքի զարգացում, քան եզակի, հետևողականորեն առաջացած և օրգանական ամբողջություն։ Չնայած Գրաբմանի գերմաներեն ստեղծագործությունները բազմաթիվ են, միայն Թոմա Աքվինացունն (1928) մատչելի է անգլերեն։ Այնուամենայնիվ, Գրեբմանի միտքը կարևոր դեր ունեցավ սխոլաստիկայի ժամանակակից ըմբռնման համար և Աքվինայի առանցքային դերի ամբողջ։
Ժամանակակից փիլիսոփայության հիմնական բոլոր ճյուղերը միջնադարյան փիլիսոփայության մաս էին կազմում։ Միջնադարյան փիլիսոփայությունը ներառում էր նաև այն ոլորտների մեծ մասը, որոնք սկզբնապես ստեղծվել էին հեթանոսական փիլիսոփաների, մասնավորապես, Արիստոտելի կողմից։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ կրոնի փիլիսոփայություն կոչվող առարկան միջնադարի եզակի զարգացումն էր, և թեման որոշող շատ խնդիրներ առաջինը ձևավորվեցին միջնադարում ՝ այն ձևերով, որոնք մինչ այժմ ճանաչելի են։
Միջնադարյան փիլիսոփայությունը բնութագրող թեման՝ աստվածաբանականն է։ Այս շրջանում քննարկվող առարկաներից են.
12-րդ դարի կեսերին Արիստոտելի «Մետաֆիզիկայի» «վերաբացահայտումից» հետո շատ սխոլաստիկներ մեկնաբանություններ են գրել դրա վերաբերյալ (մասնավորապես ՝ Աքվինացին և Սկոտը)։ Ունիվերսալիաների խնդիրը տվյալ ժամանակահատվածում հիմնական մեկն էր։ Այլ առարկաները ներառում էին.
Բնափիլիսոփայությում և գիտության փիլիսոփայությում միջնադարյան փիլիսոփաները հիմնականում ազդվել են Արիստոտելի կողմից։ Այնուամենայնիվ, 14-րդ դարից սկսած բնափիլիսոփայությում մաթեմատիկական դատողությունների աճող օգտագործումը նախապատրաստեց գիտության վերելքը նորագույն շրջանում․ այս միտումը ցույց են տալիս Վիլյամ Հեյթսբերիի և Վիլյամ Օկկամի ավելի տրամաբանական դատողությունները։ Բնափիլիսոփայության մյուս ուսումնասիրողներից են Ալբերտ Սաքսոնացին, Ժան Բյուրիդանը և Նիկոլաս Օտրեկուրտը։
Տրամաբանության մեծ պատմաբան Յոզեֆ Բոչենսկին[14] միջնադարը համարել է տրամաբանության պատմության երեք մեծ ժամանակաշրջաններից մեկը։ Աբելարի ժամանակներից մինչև 14-րդ դարի կեսերը սխոլաստիկ գրողները զգալի ուշադրություն հատկացրել և զարգացրել են արիստոտելյան տրամաբանությունը։ Ավելի վաղ շրջանում Պիեռ Աբելարի նման գրողներ մեկնաբանություններ էին գրում հին տրամաբանության (Արիստոտելի «Կատեգորիաներ», «Բացատրությունների մասին», Պորփյուրի «Արիստոտելի «Ներածությունը» ) աշխատանքների վերաբերյալ։ Հետագայում առաջացան տրամաբանական հետազոտության նոր բաժիններ, և մշակվեցին նոր տրամաբանական ու իմաստաբանական հասկացություններ։ Միջնադարյան տրամաբանության զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև Ալբերտ Սաքսոնացին, Ժան Բյուրիդանը, Ջոն Վիքլիֆը, Պողոս Վենետիկցին, Պիտեր Իսպանացին, Ռիչարդ Քիլվինգթոնը, Վոլթեր Բուլրեին,Վիլյամ Հեյթսբերին և Վիլյամ Օկկամը։
Մտքի միջնադարյան փիլիսոփայությունը, որը դիտվում էր որպես բնափիլիսոփայության ճյուղ, հիմնված էր Արիստոտելի՝ 12-րդ դարում Լատինական Արևմուտքում հայտնաբերված «Հոգու մասին» աշխատության վրա։ Այս ոլորտում քննարկված թեմաներից մի քանիսը ներառում են.
Այս ոլորտի գրողներից էին Անսելմը, Օգոստինոս Երանելին, Պիեռ Աբելարը, Յոհաննես Դունս Սկոտը, Պիտեր Իսպանացին, Թովմա Աքվինացին և Վիլյամ Օկկամը։ Քաղաքական տեսության գրողների թվում էին Դանթեն, Ջոն Վիքլիֆը և Վիլյամ Օկկամը։
Հայկական ինքնուրույն փիլիսոփայությունը սկզբնավորվել է V դարում։ Հիմնական ուղղություններն են եղել քրիստոնեական ջատագովությունը (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե և ուրիշներ), նեոպլատոնականությունը, որի արիստոտելյան թևի ականավոր ներկայացուցիչներից էր Դավիթ Անհաղթը (վերջինիս շնորհիվ հայ միջնադարյան փիլիսոփայությունը ժառանգել և պահպանել է անտիկ փիլիսոփայության նվաճումները), և բնափիլիսոփայական ուղղությունը, որի հիմնադիրը VII դարի մաթեմատիկոս, տոմարագետ, աշխարհագետ Անանիա Շիրակացին էր։ Նրանց ավանդույթը շարունակել են XI–XIV դարերի մտածողները՝ Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացնի, Հովհան Որոտնեցին, որոնք ոչ միայն զարգացրել են ժամանակի առաջադեմ՝ նոմինալիստական ուղղությունը, այլև առաջադրել են եվրոպական փիլիսոփայության ոգուն համահունչ իդեաներ և բնափիլիսոփայական գաղափարներ։ Միջնադարյան հայ փիլիսոփաները մասնակցել են կրոնադավանաբանական խնդիրների քննությանը՝ դրսևորելով 2 միտում. մի կողմից պայքարել են օտար նվաճողների դեմ (Եզնիկ Կողբացի, Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Առաքել Սյունեցի և ուրիշներ), մյուս կողմից՝ արտահայտել հասարակական ներքին հակամարտությունները, որոնք միջնադարում կրոնական-հերձվածողական բնույթ էին ստանում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և ուրիշներ)։
Պատմության փիլիսոփայությանը և սոցիալական փիլիսոփայությանը հուզող խնդիրներ են արծարծվել հայ պատմիչների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կիրակոս Գանձակեցու երկերում։ Գրվել են նաև անտիկ և միջնադարյան հեղինակների (Պլատոն, Արիստոտել, Զենոն, Փիլոն Ալեքսանդրացի, Պորփյուր, Յամբլիքոս, Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացի, Թովմա Աքվինացի և ուրիշներ) փիլիսոփայական դասական երկերի հայերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.