Հայերն Իրանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերն Իրանում (պարս.՝ ارمنیهای ایران), հայկական սփյուռքի՝ առավել հինավուրց գաղթօջախներից մեկը` Հալեպի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հետ միասին։ Տարբեր տվյալներով՝ հայերի թիվը 2018 թվականի դրությամբ հասնում է մինչև 50 հազարի[1], իսկ դեռ 2010 թվականին հաշվվում էր 70-90 հազար[2]։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Թեհրանում, մասամբ նաև՝ Սպահանում[3]։
Իրանահայեր ارمنیهای ایران | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
մինչև 50 000 |
|||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
հայերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն, հայ կաթողիկե և հայ ավետարանական) |
Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ II Երկարակյացը (309-379), Հազկերտ Բ-ն (439-457), Խոսրով Բ Փարվեզը (591-628) և ուրիշներ։ Հայաստանի երկրորդ բաժանումից (591) և արաբական արշավանքներից հետո (642) հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպատականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ։ Ուշ միջնադարում շահ Աբբաս I Սեֆիի (1587-1629) հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից[4]։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուռքը. հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան իսլամական հեղափոխությունը (1979) Իրանի հայության թիվը հասնում էր 200 հազարի[5]։
20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։ Իրանի հայերը խիստ կապված են մայր հայրենիքին. խորհրդային տարիներին կազմակերպված փուլային հայրենադարձության և անկախացումից հետո սեփական նախաձեռնությամբ մշտապես նկատվել է իրանահայերի ներգաղթ դեպի Հայաստան։ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստել են նաև սփյուռքահայ կուսակցությունները (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար ազատական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան), հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք հիմնել են դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում էր ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Իրանահայ գաղութը խիստ նոսրանում է վերջին տարիներին։ Հսկայական չափերի է հասել արտագաղթը. Ատրպատականի ամբողջ բնիկ հայ բնակչությունը չի անցնում 2000-ից (այդ թվում՝ Թավրիզ քաղաքում), խիստ կրճատվել է հայերի թիվը Սպահանում, Շիրազում, Նոր Ջուղայում[6]։
Իրանահայերի խոսակցական և գործնական լեզուն հիմնականում արևելահայերենն է, գրավոր տեսքը՝ դասական ուղղագրությամբ, պարսկերենը գերազանցապես գործնական մակարդակում է։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը (Ատրպատականի կամ հյուսիսային, Թեհրանի կամ կենտրոնական և Սպահանի կամ հարավային թեմեր), կան նաև ավետարանականներ, կաթոլիկներ։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։ Երկու երկրների սահմանը կազմում է 44 կմ, ինչը ամենակարճ սահմանն է միաժամանակ Հայաստանի և Իրանի համար[7][8]։