From Wikipedia, the free encyclopedia
Ատրպատական (նաև՝ Մարաստանի Ատրպատական, Փոքր Մարաստան, հին պարսկերեն՝ Āturpatkān, պահլավերեն Āturpātākān, դասական պարսկերեն՝ Āδarbāδāgān/Āδarbāyagān, հունարեն՝ ᾿Ατροπατήνη, բյուզանդական հունարեն՝ Άδραβιγνων, ասորերեն՝ Aδorbāyγān, արաբերեն՝ آذربایجان), ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում տեղակայված պատմական երկրամաս և հին պետություն։ Սահմանակից էր Մեծ Հայքին հարավ-արևելքից։ Ատրպատականի մայրաքաղաքը Գանձակն էր[1]։ Վաղ շրջանում մայրաքաղաքն էր ՝ Փրաասպան։
Մ.թ.ա. 7-6-րդ դարերում Մարաստանի հյուսիսային երկրամասն էր, 6-4-րդ դարերում Աքեմենյան Իրանի Փոքր Մարաստան սատրապությունը։ Տարածվում էր Կապուտան (Ուրմիո) լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Պարսկահայք, Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին անկախացավ և հարստության հիմնադիր թագավոր Ատրոպատեսի անունով կոչվեց նաև Ատրպատական։ Հին Ատրպատականում գերիշխող էին մեդական ցեղերը կամ մարերը։ Հենվելով սեփական ռազմական ուժերի վրա՝ Ատրպատականի թագավորները եռանդուն արտաքին քաղաքականություն էին վարում։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր Արտաբազանեսը (մ.թ.ա. III դար) փորձում էր հափշտակել Մեծ Հայքի հվ-արլ. հողերը, բայց Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորի պատժիչ արշավանքը ձախողեց այդ փորձերը։
Մ.թ.ա. 80-ական թվականներին Ատրպատականի թագավոր Միհրդատն ընդունեց Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի գերիշխանությունը՝ պարտավորվելով նրան տրամադրել իր ռազմական ուժերը և վճարել հարկեր։ Պայմանագիրն ամրապնդվեց Տիգրան Բ-ի դստեր և Միհրդատի ամուսնությամբ։ Հայ-հռոմեական պատերազմներում (մ.թ.ա. 69—66) Ատրպատականի զորքերը Միհրդատ թագավորի առաջնորդությամբ հավատարմորեն կռվում էին Տիգրան Բ-ի բանակում։ Արտաշատի պայմանագրից (մ.թ.ա. 66) հետո Ատրպատականը ընդունեց Հռոմի, իսկ մ.թ.ա. I դարի 2-րդ կեսից՝ հզորացող Պարթևաստանի գերիշխանությունը։ Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը մ.թ.ա. 36 թվականին Պարթևաստանի դեմ արշավեց Ատրպատականի վրայով։ Ատրպատականի թագավոր Արտավազդը, ամրանալով Փրաասպա քաղաքում, դիմադրեց ներխուժողներին։ Ատրպատականին օգնության հասած պարթևական 50 հազարանոց այրուձին պարտության մատնեց հռոմեական զորքերին և մնացորդներին դուրս քշեց երկրից։ Սակայն Ատրպատականի թագավորը, ըստ հռոմեական պատմիչ Դիոն Կասիոսի, դժգոհելով պատերազմական ավարի բաժանումից, մ.թ.ա. 35 թվականից գործակցեց Անտոնիոսի հետ։ Նա հույս ուներ հռոմեացիների օգնությամբ ընդարձակել իր տիրապետությունը Հայաստանի և Պարթևաստանի հաշվին։ Մ.թ.ա. 33 թվականին Անտոնիոսի և Արտավազդ Մեդացու «բարեկամությունն» ամրապնդվեց նրանց տեսակցությամբ և Հայոց գերված թագավոր Արտավազդ Բ-ի գլխատմամբ։ Արտավազդ Բ-ի որդի Արտաշես Բ-ն մ.թ.ա. 30-ական թվականների վերջին հռոմեացիներից ազատագրեց Հայաստանը և, ջախջախելով նրանց կամակատար Արտավազդ Մեդացուն, գրավեց Ատրպատականը։ Խույս տալով Արտաշես Բ-ի վրեժից՝ Արտավազդ Մեդացին ապաստանեց Հռոմի Օկտավիանոս զորավարի մոտ, որից մ.թ.ա. 29 թվականին ստացավ Փոքր Հայքի իշխանությունը։ Արտաշես Բ-ին դավադրաբար ոչնչացնելով՝ Հռոմը մ.թ.ա. 20 թվականին Ատրպատականը անջատեց Հայաստանից և նրա գահը տվեց Արտավազդ Մեդացու որդի Արիոբարզան I-ին (իշխել է մինչև մ.թ. 4), որին հաջորդեց որդին՝ Արտավազդը (իշխել է մինչև մ.թ.6)։ Մայրական գծով որպես Արտաշեսյանների շառավիղ, սրանք փորձեցին տիրել նաև հայկական թափուր գահը, սակայն սպանվեցին հայ իշխանների կողմից՝ իբրև Հռոմի դրածոներ։ Դրանով Ատրպատականում վերջ դրվեց Ատրոպատեսի թագավորական հարստությանը։ Մ.թ. 6 թվականին Ատրպատականի թագավոր դարձավ Արտավանը (մայրական գծով Արշակունի), որը մ.թ. 12 թվականին տապալեց Պարթևաստանի հռոմեասեր թագավոր Վոնոնին և գրավեց նրա գահը։ Այնուհետև Ատրպատականը դարձավ Արշակունիների Ատրպատականի ճյուղի ժառանգական սեփականությունը։ 1-ին դարի կեսին Ատրպատականի թագավոր է հիշատակվում Վոնոնը, որը 51 թվականին դարձավ նաև Պարթևաց թագավոր։ Վոնոնը նույն թվականին մահացավ՝ Ատրպատականի գահը թողնելով Բակուր, պարթևականը՝ Վաղարշ I որդիներին։ Վոնոնի մյուս որդին՝ հայկական գահի թեկնածու Տրդատ Ա-ը, հենակետ դարձնելով Ատրպատականը, 50–60-ական թվականներին Հայաստանը մաքրեց հռոմեացիներից և նրանց դրածոներից։
Հայ Արշակունիների ժամանակ զանազանվում էր «Հայոց Ատրպատականը» (կոչվել է նաև «Մարաց գավառ»)։ Հայաստանի այս գավառը Տրդատ Ա-ի կալվածքն էր, որը, նրա թագավոր հռչակվելուց հետո, մնաց իբրև «տուն ձեռական իշխանության թագավորին Հայոց» (Փավստոս Բուզանդ)։ Դիոն Կասիոսը և Հերոդիանոսը վկայում են, որ Պարթև Արշակունիների անկումից (224) հետո Հայաստանն ու Ատրպատականը երկար տարիներ համատեղ ուժերով պայքարում էին Սասանյան Արտաշիր I թագավորի դեմ։ 252 թվականին Ատրպատականը վերջնականապես նվաճվեց և վերածվեց մարզպանության՝ Սասանյաններին ենթակա շահապի կամ սատրապի գլխավորությամբ։ Այնուհետև Ատրպատականը դարձավ Սասանյան պետության հենակետը՝ ընդդեմ Հայաստանի, Աղվանքի և Վրաց աշխարհի։ Հայաստանի՝ 387 թվականի բաժանումից հետո Պարսկահայք նահանգը Հեր, Զարևանդ գավառներով, որոնք ունեին ռազմավարական կարևոր դիրք, Սասանյաններն անջատեցին Մեծ Հայքից և կցեցին Ատրպատականին։ Պարսկական զորքերը սովորաբար Պարսկահայքով էին ներխուժում Հայաստան։ Սասանյան Խոսրով I Անուշիրվան թագավորի (իշխել է 531—578) կատարած վարչական նոր բաժանումով ԱՏրպատականը դարձավ պարսկական պետության չորս քուստակություններից մեկը, որը հայտնի է «Քուստակ-ի Ատրպատական» անունով։ Այն կառավարում էր ռազմական և վարչական լիազորություններ ունեցող «պատգոսպանը», որի նստավայրն էր Գանձակ քաղաքը։ Սրա իշխանությանն էին ենթարկվում Հայոց, Վրաց և Աղվանից մարզպանությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.