![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Coat_of_arms_of_Armenia.svg/langhy-640px-Coat_of_arms_of_Armenia.svg.png&w=640&q=50)
Հայկական սփյուռք
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական սփյուռք, հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում խոշորացված հաշվարկներով կազմում է 10-12 միլիոն մարդ[1], ընդ որում Հայաստանի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 018 854, որից 2.961.801-ը (98 %-ը) հայեր են[2], իսկ Արցախի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է՝ 137,74 հզ., որից հայեր են՝ 137,38 հազարը[3]։ Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ[4]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական սփյուռք (այլ կիրառումներ)
Նշված թվերը խոշորացված հաշվարկի արդյունք են և ներառում են հայկական ծագմամբ անձանց և կիսով չափ հայերին։ Անգամ առավելագույն գնահատականներով (Հայաստան և Արցախ՝ 3,000.0 հազար, Ռուսաստան՝ 2,500.0 հազար, ԱՄՆ՝ 1,500.0 հազար, Ֆրանսիա՝ 800.0 հազար, այլ երկրներ՝ ոչ ավելի, քան 2,000.0 հազար) թվաքանակը չի հասնում 10 միլիոնի։ Ցածր նախահաշվով հայերի թվաքանակը մոտենում է 7 միլիոնի, որից հայալեզու են 6 միլիոնը։ 1989 թվականի հայերի բաշխվածությունը (վեցից յոթ միլիոնի շրջանում)՝ 3,083,000 հայ Հայաստանում և 1,540,000 հայ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում (ըստ մարդահամարի), և տարբեր հաշվարկներով սփյուռքահայերի քանակը գնահատվում էր 1,700,000-2,200,000 մարդ։
Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր տերությունների շահերի բախման դաշտ։ Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը հանգեցրեց Հայաստանի առաջին բաժանմանը (387), ապա նաև՝ պետականության կործանմանը (428)։ Այդ շրջանը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։ Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։