From Wikipedia, the free encyclopedia
Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու[1][2][3]։ Որպես հոմանիշ երբեմն օգտագործվում է նաև «արտահայտման ազատություն» արտահայտությունը, բայց վերջինս ներառում է նաև տեղեկատվություն ու գաղափարներ որոնելը, ստանալը, հրապարակելը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատության իրավունքը ճանաչված է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։ Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու բարոյական պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար[4][5]։
Խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, պոռնոգրաֆիային, անբարոյականությանը, բռնություն և պատերազմ քարոզող տեքստերին, հեղինակային իրավունքը խախտող տեքստերին, առևտրային գաղտնիքներին, անձնական տվյալներին, հասարակական անվտանգությանը, կեղծ ցուցմունք տալու արգելքին։ Ջոն Ստյուարտ Միլլը մշակել է սրա հիմնական սկզբունքը, որն ամրագրում է, որ հասարակությունը անձանց կամքի վրա կարող է ազդել միայն այլոց պատճառվելիք վնասը կանխելու նպատակով[6]։ Թվային դարաշրջանի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում խոսքի ազատության ավելի լայն սահմանափակումների, որոնցից է Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարության կողմից անցկացվող «Ոսկե վահանի» նախագիծը, որը կոչված է օտարերկրյա աղբյուրներից եկող անբարենպաստ տեղեկատվության սահմանափակմանը։ Արտահայտման ազատությունը թույլ է տալիս նաև օտարականներին լուսանկարահանել հանրային վայրերում առանց վերջիններիս իմացության կամ գիտության[7][8]։
Խոսքի ազատությունն ունի երկար պատմություն, որը նախորդում է մարդու իրավունքների ժամանակակից պատմությանը[9]։ Կա կարծիք, որ Աթենքի ժողովրդավարական պետությունում խոսքի ազատությունը ճանաչված և գործող է եղել դեռևս մ․թ․ա․ 6֊րդ դարի վերջին և 5֊րդ դարի սկզբին[10]։ Հռոմեական Հանրապետության արժեքներն ազդել են խոսքի ու դավանանքի ազատության վրա[11]։
Խոսքի ազատության վերաբերյալ դրույթների հանդիպում ենք մարդու իրավունքների վաղ հուշարձաններում[9] 1689 թվականին անգլիական Իրավունքների մասին բիլլը սահմանադրորեն հռչակեց խորհրդարանում խոսքի ազատության իրավունքը, որը դեռ գործում է[12]։ 1789 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը հատուկ բնորոշում էր խոսքի ազատությունը որպես անօտարելի իրավունք[9]։ Խոսքի ազատությանն է նվիրված հռչակագրի 11֊րդ հոդվածը, որն ամրագրում է․
Գաղափարների ազատ արտահայտման իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է խոսել, գրել ու տպագրել ազատորեն, բայց պետք է նաև պատասխանատու լինի նշված իրավունքի՝ օրենքով սահմանված խախտումների համար[13]։ |
1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածն ամրագրում է․
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ու արտահայտման ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է առանց միջամտության տեղեկատություն փնտրելու, ստանալու ու տարածելու հնարավորությունը՝ անկախ սահմաններից.[14]։ |
Այսօր խոսքի ազատությունն արտահայտման ազատության հետ մեկտեղ ճանաչվում է միջազգային ու ներպետական օրենսդրություններում։ Վերջինս ամրագրված է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 19֊րդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10֊րդ, Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 13֊րդ և Մարդկանց ու ժողովուրդների իրավունքների աֆրիկյան կանոնադրության 9֊րդ հոդվածներում[15]։ Մեծ տարածում է գտել Ջոն Միլթոնի այն տեսակետը, ըստ որի՝ խոսքի ազատությունը ներառում է ոչ միայն արտահայտվելու իրավունքը, այլև․
Միջազգային, տարածաշրջանային ու ազգային ստանդարտները ամրագրում են նաև, որ խոսքի ազատությունը ներառում է ցանկացած տեղեկատվություն՝ գրավոր կամ բանավոր, տպագրված, ինտերնետով կամ այլ միջոցով տարածված։ Սա նշանակում է, որ խոսքի ազատությունը ներառում է ոչ միայն բովանդակության, այլև արտահայտման ձևերի ազատությունը[15]։
Խոսքի և արտահայտման ազատության իրավունքը սերտորեն կապված է այլ իրավունքների հետ, որը կարող է սահմանափակվել, երբ հակադրվում է այլ իրավունքներին[15]։ Խոսքի ազատությունը սերտորեն կապված է նաև արդար դատաքննության իրավունքի հետ, որը կարող է սահմանափակել տեղեկատվություն փնտրելու հնարավորությունը կամ դատաքննության ընթացքում հաղորդակցության միջոցների օգտագործման իրավունքը[16]։ Խոսքի ազատության իրավունքը չի կարող խախտել գաղտնիության իրավունքը, այլոց իրավունքներն ու ազատությունները[16]։
Խոսքի ազատության իրավունքը կարևոր է նաև լրատվական դաշտի համար[15]։ Ինչևէ, մամուլի ազատությունը անհրաժեշտորեն չի ենթադրում խոսքի ազատություն։ Յուդիֆ Լիխտենբերգը նկարագրում է այն դեպքերը, երբ մամուլի ազատությունը կարող է հակադրվել մամուլի ազատությանը[17]։
Ժողովրդավարության համար խոսքի ազատությունը հիմնարար է։ Խոսքի ազատության սահմանափակումները նշանակում են, որ հասարակական կարծիքն ու դրա արտահայտման հնարավորությունը որոշ իրավիճակներում ստորադասվում են[16]։ Ժողովրդավարության ու խոսքի ազատության կապի մասին գրել է Ալեքսանդր Մեյքլջոնը։ Նա նշում է, որ ժողովրդավարության էությունը մարդկանց ինքնակառավարումն է։ Այս համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ ընտրազանգվածը տեղեկացված լինի։ Իսկ տեղեկացվածության համար անհրաժեշտ է, որ բնակչության համար տեղեկատվության ողջ հոսքը մատչելի լինի։ Մեյքլջոնի կարծիքով, ժողովրդավարության մասին չի կարող խոսք լինել, եթե իշխանության մարմիններն ընտրազանգվածին ապակողմնորոշում են գրաքննադատությամբ ու տեղեկատվության սահմանափակմամբ։ Վերջինիս կարծիքով այդպիսի երևույթները բացառում են ժողովրդավարությունը[18]։
Էրիկ Բարենդը խոսքի ազատությունը պաշտպանում է ժողովրդավարության հիմքով[19]։ Թոմաս Էմերսոնը հակադրվում է այն տեսակետին, ըստ որի խոսքի ազատությունը օգնում է հավասարակշռություն հաստատել հասարակական փոփոխությունների ու կայունության միջև։ Խոսքի ազատությունը հաճախ փրկության օղակ է հեղափոխությունից։ Նա նշում է, որ ազատ քննարկման իրավունքը հնարավորություն է ունենալու ավելի կայուն հասարակություն[20]։
Համաշխարհային բանկի՝ համաշխարհային կառավարության ցուցանիշների վերաբերյալ նախագծի շրջանակներում արված հետազոտությունը ցույց տվեց, որ խոսքի ազատությունը մեծ ազդեցություն է ունենում երկրի կառավարման վրա։ Խոսքի ազատությունը երկրի կառավարմանը մասնակցելու, մամուլի ազատության, հաղորդակցման ազատության, արտահայտման ազատության հետ մեկտեղ այն 6 հիմնական չափանիշներից է, որոնք հետազոտության ընթացքում նկատվել են 200 երկրների շրջանում[21]։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ կառավարությունները զարգացող երկրներում աջակցեն մամուլի ազատ զարգացմանը[22]։
Ռիչարդ Մունը գրում է, որ անձը հաղորդակցման ազատությունն իրականացնում է այլոց հետ հաղորդակցվելով և այդ ընթացքում էլ հասնում է գիտելիքի հարստացմանը[23]։
Մարդու իրավունքների հազարավոր անմարդկային խախտումները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստիպեցին և պարտավորեցրին տարբեր ազգերի միավորվել և ստեղծել ընդհանուր ստանդարտներ մարդու իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին կարևոր քայլը եղավ այն, որ 1948 թ․ ՄԱԿ-ը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Այս հռչակագրի 19-րդ հոդվածում խոսվեց մարդու խոսքի ազատության մասին՝ մասնավորապես նշելով, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք ազատ արտահայտելու իր գաղափարները։ Այս իրավունքը ներառում է նաև առանց որևէ միջամտության կարծիքներ ունենալը և ցանկացած միջոցով տեղեկատվություն և գաղափարներ փնտրելը, ստանալը, տարածելը՝ անկախ սահմաններից[24]։
Հաջորդ կարևոր իրադարձությունը ՄԱԿ-ի՝ արդեն 1966 թ․ «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրն էր, որի 19-րդ հոդվածում մարդու խոսքի ազատության իրավունքը չէր համարվում բացարձակ իրավունք, և այս իրավունքից օգտվողները պետք է նաև հետևեին օրենքով սահմանված սահմանափակումների, որոնք էին այլոց իրավունքները և հեղինակությունը հարգելը, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանությունը, հասարակական առողջության կամ բարքերի պաշտպանությունը։ 1950 թ․ Հռոմում Եվրոպայի խորհուրդը ընդունեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածը ևս մեկ անգամ կարևորում է մարդու ազատ խոսքի իրավունքը և չի խանգարում պետություններին պահանջել լիցենզավորում հեռարձակման, հեռուստատեսության կամ կինոյի ձեռնարկություններից։ Մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաներ նաև ստորագրվել են Ամերիկայում (Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիա, Հոդված 13), Աֆրիկայում (Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիա, Հոդված 9)[25]։
Խոսքի ազատությունը երկար տարիներ է, ինչ դարձել է ոչ միայն պետության ներսում օրենսդրության կարգավորման առարկա, այլև ամբողջ աշխարհում։ Մարդու ազատ արտահայտվելու իրավունքից են բխում շատ այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով դա հիմնարար իրավունքներից մեկն է և այսօր աշխարհումկան երկրներ, որտեղ այս իրավունքը կարևորվում է և պետական մակարդակով պաշտպանվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոսքի ազատության իրավունքը ավելի լայնորեն է ընդունվում, քան շատ այլ երկրներում։ Ամերիկացիների մեծ մասը աջակցում է ազատ խոսքի, ազատ մեդիայի և համացանցի գաղափարին։ Չնայած շատ երկրներ ընդունում են խոսքի ազատությունը որպես հիմնական իրավունք և թույլ են տալիս իրենց ժողովրդին ազատորեն բարձրաձայնել իրենց կարծիքներն ու գաղափարները, բայց որոշ երկրներում այդպես չէ։ Աշխարհի ամենաքննարկվող երկրներից մի քանիսը Հյուսիսային Կորեան, Բիրման, Թուրքմենստանը, Հասարակածային Գվինեան, Լիբիան, Էրիթրեան, Կուբան, Ուզբեկստանը, Սիրիան և Բելառուսն են, որտեղ մարդու խոսքի իրավունքը հարցականի տակ է դրված։ Այս երկրների ղեկավարներից շատերը խոսքի ազատությունը տեսնում են որպես սպառնալիք իրենց իշխանության պահպանման դեմ։ Լրատվամիջոցները լռեցվում և խստորեն գրաքննվում են։ Օրենքների սահմանափակումը, վախը և ահաբեկումը օգտագործվում են տեղեկատվության տարածումը կանխելու համար[26][27]։
Մամուլի ազատությունը պաշտպանում է մարդու տեղեկատվություն կամ կարծիքներ ստանալու և հրապարակելու իրավունքը՝ առանց պետական գրաքննության և պատժի վախի։ Գրաքննությունը պետական հսկողության ձև է տեղեկատվության տարածման, հրատարակչակական գործունեության, երաժշտական ու գրական ստեղծագործությունների, ռադիոյի և հեռուստահաղորդումների, որոշ դեպքերում նաև անձնական հաղորդակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել այն գաղափարների տարածումը, որոնք իշխանության համար անցանկալի են[28]։ Մամուլի ազատությունը տարածվում է տպագիր և հեռարձակվող նյութերի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ գրքեր, թերթեր, ամսագրեր, բրոշյուրներ, կինոնկարներ, ռադիո և հեռուստատեսային ծրագրեր։ Լրատվամիջոցներին վստահված է շատ կարևոր դեր`տեղեկացնել հասարակությանը իր համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի մասին և ստեղծել հարթակ հասարակական քննարկումների, մտորումների և ուսումնասիրության համար։ Այս դերի պատճառով անկախ և որակական լրատվամիջոցները համարվում են յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության «պահապանը»։ Մամուլի ազատությունը նույնպես անսահմանափակ չէ, այնուամենայնիվ, ցանկացած սահմանափակում պետք է գնահատվի շատ խիստ[29]։
Այսօրվա աշխարհում մարդկանց մեծ մասը իր կարծիքը արտահայտում է համացանցում, և կարևոր է դառնում ազատ արտահայտման իրավունքի պահպանումը նաև համացանցային տիրույթում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է, որ համացանցը զարգացման հսկայական ներուժ ունի։ Այն ապահովում է տեղեկատվության և գիտելիքների, ռեսուրսների աննախադեպ ծավալ, որը բացում է արտահայտման և մասնակցության նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքը պետք է տարածվի ոչ միայն ավանդական լրատվամիջոցների, այլև համացանցի և զարգացող լրատվամիջոցների բոլոր տեսակների վրա, որոնք կնպաստեն զարգացմանը, ժողովրդավարությանը և երկխոսությանը։ Կազմակերպությունը ուսումնասիրում է համացանցի փոփոխվող իրավական և կարգավորող շրջանակը և անդամ պետություններին տրամադրում է քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով աջակցել համացանցում խոսքի ազատության և գաղտնիության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը[30]։ Օրինակ, Նիդերլանդներում խոսքի ազատություն ասելով՝ հասկանում են նաև ազատությունը համացանցային տիրությում այնքան, որքան հեռուստատեսությամբ, ռադիոյով[31][32]։
Ըստ Freedom House-ի՝ ներկայումս ազատությունը հետընթաց է գրանցում ամբողջ աշխարհում։ 7 մարդուց միայն 1-ն է ապրում այնպիսի պետությունում, որն ունի ազատ մեդիադաշտ։ Հայաստանի Հանրապետության հարևան երկրներից Ադրբեջանը 2019թ․ Աշխարհում մեդիայի ազատության ինդեքսում 166-րդ հորիզոնականում էր, 2020թ․ ևս երկու հորիզոնական նահանջել է։ Թուրքիան գտնվում է 154-րդ հորիզոնականում, Իրանը 173-րդ հորիզոնականում, իսկ Վրաստանում մեդիան համեմատաբար ավելի ազատ է, այն գտնվում է 60-րդ հորիզոնականում[33]։
2019թ․ ընթացքում Եվրոպան շարունակում է մնալ լրատվամիջոցների ազատության համար առավել բարենպաստ մայրցամաքը՝ չնայած Եվրամիության և Բալկանների որոշ երկրներում ճնշող քաղաքականությանը։ Դրան հաջորդում են Ամերիկաները՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային, նույնիսկ եթե տարածաշրջանային ծանրակշիռ ուժերը՝ Միացյալ Նահանգները և Բրազիլիան, դառնում են ԶԼՄ-ների նկատմամբ թշնամության մոդելներ։ Երրորդ տեղում գտնվող Աֆրիկան նույնպես մեծ հակադարձումներ ունեցավ առաջին հերթին առցանց հարձակումների պատճառով։ 2019թ․ ընթացքում մամուլի ազատության խախտումների ամենամեծ աճը գրանցվեց Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (աճել է 1,7%)։ Ավստրալիան նախկինում (իջել է 26-րդ հորիզոնական ) տարածաշրջանային մոդելն էր, բայց այժմ առանձնանում է իր աղբյուրների գաղտնիության և հետաքննող լրագրության սպառնալիքներով։ Եվս երկու երկիր նույնպես զգալի ներդրում ունեցան տարածաշրջանի մամուլի ազատության խախտման գնահատականի բարձրացման գործում։ Առաջինը Սինգապուրն էր (158-րդ), որը հետըթաց գրանցեց մեծ մասամբ Օրվելելի «կեղծ նորությունների մասին» օրենքի պատճառով և միացավ այն երկրներին, որոնք գունավորվում էին մամուլի ազատության քարտեզում։ Մյուսը Հոնկոնգն էր, որը նույնպես մի քանի հորիզոնական ընկավ ժողովրդավարության ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ վերաբերմունքի պատճառով։ Արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան տարածաշրջանային վարկանիշում վերջնամասում են, իսկ Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան շարունակում են մնալ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը լրագրողների համար։ Վերջերս Ալժիրում RSF-ի թղթակիցի կալանավորումը ցույց տվեց, որ որոշ երկրների իշխանությունները օգտվել են Covid-19- ի համաճարակից անկախ լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու համար[34]։
Համալսարանական հարթակները եղել են խոսքի ազատության ծագման վայր։ Բերկլին խոսքի ազատության շարժման ծննդավայրն է։ Վերջերս,սակայն, համալսարանները խստացրել են խոսքի ազատությունն ու սահմանափակել։ Որոշ կազմակերպություններ, որոնցից է «Երիտասարդ ամերիկացիները ազատության համար»֊ը, պայքարում են այն վերականգնելու համար[35]։
Խոսքի ազատությունը և դրան հարակից իրավունքները կարգավորող իրավական ակտերը Հայաստանի օրենսդրության կարևոր բաղկացուցիչներից են։ Հայաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատությանը, որը մարդու հիմնարար իրավունքներից է։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից`տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը։ Որպեսզի լրատվության միջոցները ճիշտ ծառայեն իրենց նպատակին, դրանք պետք է լինեն անկախ, ազատ և չենթարկվեն գրաքննության[26][36]։
Անկախ է համարվում այն մամուլը, որը զերծ է քաղաքական, պետական և անհատների ազդեցությունից, ղեկավարվում է միայն օրենսդրությամբ, էթիկայի պրոֆեսիոնալ նորմերով և վարում է ինքնուրույն գործունեություն։ |
Տեղեկատության ազատությունը խոսքի ազատության կարևոր բաղադրիչներից է։ Տեղեկատվության ազատության (ՏԱ) մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. սեպտեմբերին և դարձել է պետական մարմինների թափանցիկության և հասարակության առջև հաշվետվության կարևոր գործոն։ Սակայն օրենքն ընդունումից ի վեր չի բարեփոխվել։ 2009 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկատվություն ստանալու իրավունքը ճանաչեց որպես խոսքի ազատության իրավունքի մաս։ Հայաստանը ՏԱ օրենսդրություն ունեցող 123 երկրների շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը։ Այսինքն՝ ՀՀ-ն գտնվում է առավել բարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկի ստորին հատվածում[37]։
Թեև Հայաստանում մեդիայի ազատությունը օրենքով երաշխավորված է, և լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ խախտվել են ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքները։ Վերջին 5 տարիներին այդպիսի խախտումներ տեղի ունեցան, երբ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարիթաղում ոստիկանության և նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների և օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտներով։ Նույնանման խոչընդոտներ և խախտումներ տեղի ունեցան 2015թ․ Էլեկտրիկ Երևան շարժման և 2018թ․ Թավշյա հեղափոխության օրերին[38]։
Հետհեղափոխական շրջանում՝ 2019 թվականի առաջին կիսամյակին հրապարակված միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանում խոսքի ազատության վիճակին վերաբերող գնահատականները էապես տարբերվեցին։ Այսպես, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում աննախադեպ առաջընթաց արձանագրեց Հայաստանում. երկիրը 19 կետով բարելավեց իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում։ Ի դեպ, իր այս դիրքը Հայաստանը պահպանեց նաև 2020-ին[39]։
Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Դա սահմանված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով[40]։
Իրավունքի համակարգում հաճախ ճանաչվում են խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ, հատկապես երբ այն հակադրվում է այլ իրավունքների ու ազատությունների։ Այդպիսի իրավիճակներ են զրպարտությունը, բռնություն քարոզող տեքստերը, պոռնոգրաֆիան և այլն։ ԱՄՆ֊ում խոսքի ազատության սահմանափակումների խախտման դեպքում կարող են կիրառվել իրավական սանկցիաներ կամ հասարակական անհանդուրժողականության տեսքով բարոյական սանկցիաներ[41]։ Հասարակական որոշ ինստիտուտներ ազդում են խոսքի ազատության սահմանափակումների վրա, դրանցից են պետական դպրոցներում խոսքի օրենսգրքերը։
Իր «On Liberty» աշխատությունում Ջոն Ստյուարտ Միլը նշում էր, որ պետք է քննարկումների բացարձակ ազատություն գոյություն ունենա[41]։ 1985 թվականին Ջոն ֆինբերգը ներմուծեց իրավախախտման սկզբունքը՝ հակադրվելով Ջոն Միլլի վնասի սկզբունքին, որը, ըստ Ֆինբերգի, այլոց իրավախախտ գործողություններից անձին չի պաշտպանում[43]։ Նա առաջարկում է արտահայտման որոշ ձևերի արգելում օրենքով, քանի որ վերջիններս հանցավոր են։ Բարձր տուգանքներ պետք է սահմանվեն վնաս պատճառելու համար[43]։ Ի հակադրություն սրան, Միլլը չի աջակցում տուգանքների գաղափարին, եթե դրանք վնասի համար չեն նշանակված[41]։ Ֆինբերգի կարծիքով սանկցիաներ նշանակելիս պետք է հաշվի առնել խոսքի ունեցած սոցիալական նշանակությունը, ընթացքը և այլն[41]։
Միլլի նման Ջասփեր Դումենը այն կարծիքին է, որ վնասը պետք է բնորոշվի առանձին անհատի առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասը։
Երկու սահմանափակումները իրականում փոխկապակցված են։ Օրինակ, Ռուսաստանում վնասի և իրավախախտման սկզբունքներն օգտագործվել են օրենսդրության մեջ որոշ հարցերում։ Մի շարք եվրոպական երկրներ ընդունել են Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքներ, որոնք ևս խոսքի ազատության սահմանափակման դրսևորումներ են։ Այդպիսի երկրներ են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իսրայելը, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Շվեյցարիան[44]։
Դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեսթգարդը ստեղծել էր Իսլամի հոգևոր առաջնորդ Մուհամմեդի ծաղրանկարը՝ ռումբ կրելիս, որը ողջ աշխարհում արժանացավ բացասական արձագանքի[45]։ Նմանապես, Նոում Չոմսկին քննադատում էր Իսրայելի ու ԱՄՆ֊ի քաղաքականությունը, որի դիմաց մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստացավ[46]։
Նախքան տպագրահաստոցի գյուտը՝ գրավոր աշխատանքը հնարավոր է եղել ֆիզիկապես վերարտադրվել միայն խիստ աշխատատար և սխալների հակված ձեռքով պատճենահանման միջոցով: Գրաքննության և վերահսկողության ոչ մի մշակված համակարգ չի եղել գրագիրների նկատմամբ, նրանք մինչև 14-րդ դարը սահմանափակված են եղել միայն կրոնական հաստատություններով և նրանց աշխատանքները հազվադեպ են դարձել ավելի լայն հակասությունների պատճառ: Ի պատասխան տպագրական մեքենայի և աստվածաբանական հերետիկոսությունների ի հայտ գալուն՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է գրաքննություն մտցնել[47]: Տպագրությունը թույլ է տվել ստեղծել ստեղծագործության մի քանի ճշգրիտ պատճեններ, ինչը հանգեցրել է գաղափարների և տեղեկատվության ավելի արագ և լայն տարածմանը[48]: Եվրոպական երկրների մեծ մասում հեղինակային իրավունքի մասին օրենքի ակունքները կապված են Հռոմի կաթոլիկ եկեղեցու և կառավարությունների այն ջանքերի վրա, որոնք թույլ են տվել կարգավորել և վերահսկել տպագրական արտադրանքը[48]:
1501 թվականին Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ը օրինագիծ է հրապարակել գրքերի չարտոնագրված տպագրության դեմ։ 1559 թվականին Պողոս IV պապը հրապարակել է Index Expurgatorius-ը կամ Արգելված գրքերի ցանկը[50]: Այն Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից թողարկված «վատ գրքերի» ամենահայտնի և երկարատև օրինակն է, այն ենթադրվում է, որ ազդեցություն ունի անձնական մտքերի և կարծիքների վրա և ճնշում է այն տեսակետները, որոնք հակասել են իր դոկտրիններին: Գիրքը կառավարվել է հռոմեական ինկվիզիցիայի կողմից, բայց պարտադիր է դարձել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և անցել է 300 հրատարակություն: Ի թիվս այլոց, այն արգելել կամ գրաքննել է նաև Ռենե Դեկարտի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Դեյվիդ Հյումի, Ջոն Լոքի, Դանիել Դեֆոյի, Ժան-Ժակ Ռուսոյի և Վոլտերի գրքերը[51]: Թեև կառավարությունները և եկեղեցին խրախուսել են տպագրությունը տարբեր առումներով, քանի որ այն թույլ էր տալիս Աստվածաշնչի և կառավարության տեղեկատվության տարածումը, սակայն այն նաև թույլ է տվել այլախոհության և քննադատության ստեղծագործությունների արագ շրջանառություն: Հետևաբար կառավարությունները հսկողություն են սահմանել ամբողջ Եվրոպայում տպագիրների նկատմամբ՝ պահանջելով նրանցից պաշտոնական արտոնագրեր ունենալ առևտրի և գրքեր արտադրելու համար[52]:
Տպագրության և մամուլի աճին զուգընթաց զարգացել է գաղափար, որ այլակարծության կամ դիվերսիոն տեսակետների արտահայտումը պետք է հանդուրժվի, ոչ թե դատապարտվի կամ պատժվի օրենքով: Արեոպագիտիկան, որը հրատարակվել է 1644 թվականին Ջոն Միլթոնի պատասխանն է եղել Անգլիայի պառլամենտի այն որոշմանը, ըստ որի պետք է կրկին սահմանել տպագիրների, հետևաբար նաև հրատարակիչների պետական լիցենզավորումը[53]: Եկեղեցու իշխանությունները նախապես երաշխավորել են, որ Միլթոնի ամուսնալուծության իրավունքի մասին էսսեն մերժվել է հրապարակման լիցենզիա ստանալու համար: Առանց լիցենզիայի հրատարակված Արեոպագիտիկայում[54]՝ Միլթոնը արտահայտվելու ազատության և կեղծիքի հանդուրժողականության հանդեպ բուռն կոչ է ներկայացրել[53]:
Միլթոնի խոսքի ազատության պաշտպանությունը հիմնված է եղել բողոքական աշխարհայացքի վրա։ Նա կարծել է, որ անգլիացիների առաքելությունն է մշակել Ռեֆորմացիայի ճշմարտությունը, որը կհանգեցնի բոլոր մարդկանց լուսավորությանը: Այնուամենայնիվ Միլթոնը նաև արտահայտել է խոսքի ազատության վերաբերյալ ապագա քննարկումների հիմնական ուղղությունները: Սահմանելով խոսքի ազատության և «վնասակար» խոսքի շրջանակները՝ Միլթոնը վիճարկել է նախագրաքննության սկզբունքի դեմ և կողմ է եղել հանդուրժողականության լայն շրջանակի տեսակետներին[57]: Մամուլի ազատությունը դադարել է կարգավորվել Անգլիայում 1695 թվականին, այն բանից հետո, երբ 1643 թվականի լիցենզավորման հրամանը դադարեցվել է 1689 թվականին իրավունքների օրինագծի ընդունումից հետո, որը եղել է փառահեղ հեղափոխությունից անմիջապես հետո[58][59]: «Tatler»-ի (1709) և «Spectator»-ի (1711) նման հրատարակությունների ի հայտ գալը վերագրվել է Անգլիայում «բուրժուական հանրային դաշտ» ստեղծելուն, որը թույլ է տալիս գաղափարների և տեղեկատվության ազատ փոխանակում:
Ավելի շատ կառավարություններ փորձել են կենտրոնացնել վերահսկողությունը, քանի որ տպագրության «սպառնալիքը» տարածվել է[60]: Ֆրանսիական թագը ճնշել է տպագրությունը, իսկ տպագրիչ Էթյեն Դոլեն այրվել է խարույկի վրա 1546 թվականին։ 1557 թվականին Բրիտանական թագը մտածել է կասեցնել ապստամբական և հերետիկոսական գրքերի հոսքը՝ կանոնադրելով Stationers' Company-ն: Տպելու իրավունքը սահմանափակվել է այդ գիլդիայի անդամների վրա։ Երեսուն տարի անց կանոնադրվել է «Աստղային պալատը», որպեսզի ճնշի «մեծ վիճաբանություններն ու չարաշահումները» «տարբեր կռվարար և անկարգ մարդկանց կողմից, որոնք դավանում են տպագրության կամ գրքերի վաճառքի արվեստը կամ առեղծվածը»: Տպագրության իրավունքը սահմանափակվել է երկու համալսարաններով և Լոնդոն քաղաքում գործող 21 տպագրիչներով, որոնք ունեցել են 53 տպագրական մեքենա։ 1637 թվականին բրիտանական թագը սկսել է վերահսկել տպագրությունը, ինչի արդյունքում տպագրողները փախել են Նիդեռլանդներ: Իշխանությունների հետ առճակատումը տպագրիչներին դարձրել է արմատական և ապստամբ, 800 հեղինակներ, տպագրիչներ և գրքերի վաճառողներ բանտարկվել են Փարիզի Բաստիլում՝ նախքան 1789 թվականին եղած գրավումը[60]:
Անգլիացի մտածողների մի ամբողջ շարք եղել է խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ վաղ քննարկման առաջնագծում, որոնց թվում են եղել Ջոն Միլթոնը (1608–74) և Ջոն Լոքը (1632–1704): Լոքը սահմանել է անհատը որպես արժեքի միավոր և կյանքի, ազատության, սեփականության և երջանկության ձգտման իրավունքների կրող: Այնուամենայնիվ Լոքի գաղափարները հիմնականում զարգացել են սեփական հոգու համար փրկություն փնտրելու իրավունքի հայեցակարգի շուրջ: Այսպիսով նա հիմնականում զբաղվել է աստվածաբանական հարցերով։ Լոքը չի պաշտպանել ժողովուրդների նկատմամբ համընդհանուր հանդուրժողականությունը և խոսքի ազատությունը, ըստ նրա գաղափարների, որոշ խմբերի, ինչպիսիք են օրինակ աթեիստները չպետք է թույլատրվեր այդ իրավունքները[61]:
17-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական մայրցամաքի փիլիսոփաները, ինչպիսիք են Բարուխ Սպինոզան և Պիեռ Բեյլը զարգացրել են գաղափարներ, որոնք ներառել են խոսքի ազատության և հանդուրժողականության ավելի համընդհանուր ասպեկտ, քան վաղ անգլիացի փիլիսոփաները[63]: 18-րդ դարում խոսքի ազատության գաղափարը քննարկվել է ամբողջ արևմտյան աշխարհի մտածողների կողմից, հատկապես ֆրանսիացի փիլիսոփաների կողմից, ինչպիսիք են Դենիս Դիդրոն, Պոլ Անրի Հոլբախը և Կլոդ Ադրիան Հելվեցիուսը[64]: Գաղափարը սկսել է ներառվել քաղաքական տեսության մեջ տեսականորեն և պրակտիկ կերպով: Պատմության մեջ առաջին պետական հրամանագիրը, որը հռչակել է խոսքի լիակատար ազատություն արձակվել է 1770 թվականի դեկտեմբերի 4-ին Դանիա-Նորվեգիայում՝ Յոհան Ֆրիդրիխ Ստրուենսեի օրոք[65]: Այնուամենայնիվ ինքը՝ Ստրուենսեն որոշ աննշան սահմանափակումներ է մտցրել այդ հրամանագրում 1771 թվականի հոկտեմբերի 7-ին, այն էլ ավելի է սահմանափակվել Ստրուենսեի անկումից հետո 1773 թվականին ընդունված օրենսդրությամբ, թեև գրաքննությունը չի վերականգնվել[66]:
Ջոն Ստյուարտ Միլը (1806–1873) պնդել է, որ առանց մարդու ազատության չի կարող առաջընթաց լինել գիտության, իրավունքի կամ քաղաքականության մեջ, ինչը, ըստ Միլի պահանջում է կարծիքի ազատ քննարկում։ Միլի «Ազատության մեջ» աշխատությունը հրատարակվել է 1859 թվականին և դարձել խոսքի ազատության իրավունքի դասական պաշտպանություն[67]: Միլը պնդել է, որ ճշմարտությունը դուրս է մղում կեղծիքը, հետևաբար գաղափարների ազատ արտահայտումից՝ ճշմարիտ կամ կեղծ լինելուց չպետք է վախենալ: Ճշմարտությունը կայուն կամ հաստատուն չէ, այլ զարգանում է ժամանակի հետ: Միլը պնդել է, որ այն, ինչ մենք մի ժամանակ ճշմարիտ ենք համարել՝ կեղծ է ստացվել: Հետևաբար տեսակետները չպետք է արգելվեն իրենց ակնհայտ կեղծիքի համար: Միլը նաև պնդել է, որ ազատ քննարկումն անհրաժեշտ է «որոշ կարծիքի խորը քունը» կանխելու համար։ Քննարկումը կարող է խթանել ճշմարտության երթին և կեղծ տեսակետները դիտարկելով՝ ճշմարիտ տեսակետների հիմքը կարող է վերահաստատվել[68]: Նաև Միլը պնդել է, որ կարծիքը միայն ներքին արժեք է կրում այդ կարծիքի սեփականատիրոջ համար, ուստի այդ կարծիքի արտահայտումը լռեցնելը անարդարություն է մարդու հիմնական իրավունքի նկատմամբ: Ընդհանրապես ընդունված է, որ Միլի համար միակ դեպքը, երբ խոսքը կարող է արդարացիորեն ճնշվել՝ դա ակնհայտ և ուղղակի սպառնալիքից վնասի կանխումն է[69]: Ոչ տնտեսական կամ բարոյական հետևանքները, ոչ էլ խոսողի սեփական բարեկեցությունը չեն արդարացնում խոսքի ճնշումը[70]: Այնուամենայնիվ իր աշխատությունում նա առաջարկում է սահմանափակել կավատների խոսքը, որը հաճախորդներին և սեքսուալ աշխատողներին դրդում է սեռական հարաբերություն ունենալ: Սա հուշում է, որ նա կարող է պատրաստ լինել սահմանափակելու որոշ ելույթներ, որոնք չվնասելով մյուսներին՝ խաթարում են նրանց որոշումների ինքնավարությունը[71]:
1906 թվականին Վոլտերի իր կենսագրության մեջ Էվելին Բեատրիս Հոլը հորինել է հետևյալ նախադասությունը Վոլտերի համոզմունքները ցույց տալու համար՝ «Ես հավանություն չեմ տալիս ձեր ասածին, բայց ես մինչև մահ կպաշտպանեմ դա ասելու Ձեր իրավունքը»[72]: Հոլի խոսքերը հաճախ են մեջբերվում խոսքի ազատության սկզբունքը նկարագրելու համար[72]: Նոամ Չոմսկին ասել է՝ «Եթե դուք հավատում եք խոսքի ազատությանը, ապա հավատում եք խոսքի ազատությանը այն տեսակետների համար, որոնք ձեզ դուր չեն գալիս: Բռնապետները, ինչպիսիք են Ստալինը և Հիտլերը կողմ են եղել խոսքի ազատությանը միայն այն տեսակետների համար, որոնք իրենց են դուր եկել: Դուք կողմ եք խոսքի ազատությանը, դա նշանակում է, որ դուք կողմ եք խոսքի ազատությանը հենց այն տեսակետների համար, որոնք արհամարհում եք»[73]: Լի Բոլինգերը պնդել է, որ «ազատ խոսքի սկզբունքը ներառում է սոցիալական փոխազդեցության մեկ տարածքի ձևավորում արտասովոր ինքնազսպման համար, որի նպատակն է զարգացնել և ցուցադրել սոցիալական կարողություն բազմաթիվ սոցիալական հանդիպումներից առաջացած զգացմունքները վերահսկելու համար»: Բոլինգերը պնդել է, որ հանդուրժողականությունը ցանկալի արժեք է, եթե ոչ պարտադիր: Այնուամենայնիվ քննադատները պնդում են, որ հասարակությանը պետք է անհանգստացնի նրանց, որոնք ուղղակիորեն հերքում կամ քարոզում են, օրինակ, ցեղասպանությունը[74]:
Լինելով լոնդոնյան PEN միջազգային կազմակերպության նախագահ՝ ակումբ, որը պաշտպանում է խոսքի և ազատ մամուլի ազատությունը, անգլիացի գրող Հերբերտ Ուելսը հանդիպել է Ստալինի հետ 1934 թվականին և հույս կապել Խորհրդային Միությունում բարեփոխումներ իրականացնելու համար: Այնուամենայնիվ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ուելսն ասել է «կարծիքի ազատ արտահայտումը՝ նույնիսկ ընդդիմության կարծիքը, ես չգիտեմ, թե արդյոք դուք դեռ պատրաստ եք այդքան ազատության այստեղ»[75]:
1928 թվականին Դեյվիդ Լոուրենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպն արգելվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում և Հնդկաստանում՝ անպարկեշտության համար: 1950-ականների վերջերին և 1960-ականների սկզբին դատարանի վճռորոշ որոշումներ են կայացվել, որոնց արդյունքում անպարկեշտության արգելքը չեղարկվել է: Բրիտանական The Telegraph-ից Դոմինիկ Սենդբրուկը գրել է՝ «Այժմ, երբ հանրային անպարկեշտությունը դարձել է սովորական, դժվար է վերականգնել այն հասարակության մթնոլորտը, որը նպատակահարմար է գտնում արգելել այնպիսի գրքեր, ինչպիսին է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», քանի որ այն հավանաբար «կփչացնի և կկոռումպացնի ընթերցողներին»[76]: The New York Times-ից Ֆրեդ Կապլանը հայտարարել է, որ անպարկեշտության մասին օրենքների տապալումը «հանգեցրել է ազատ խոսքի պայթյունի» ԱՄՆ-ում[77]: 1960-ականներին եղել է Ազատ խոսքի շարժումը, որը ուսանողական զանգվածային երկարատև բողոքի ակցիա է եղել Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում՝ 1964–65 ուսումնական տարվա ընթացքում[78]:
Ի տարբերություն անգլոֆոն ազգերի, Ֆրանսիան գրական ազատության ապաստան է եղել[79]: Մտքի նկատմամբ ֆրանսիական բնածին վերաբերմունքը նշանակում էր, որ Ֆրանսիան հակված չէ պատժել գրական գործիչներին և դատական հետապնդումները հազվադեպ են եղել[79]: Թեև դա արգելված է եղել ամենուր, սակայն Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» լույս է տեսել Փարիզում 1922 թվականին։ Հենրի Միլլերի 1934 թվականի «Խեցգետնի արևադարձը» վեպը (արգելված էր ԱՄՆ-ում մինչև 1963 թվականը) և Լոուրենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» տպագրվել են Ֆրանսիայում տասնամյակներ առաջ, երբ դրանք հասանելի են եղել համապատասխան հեղինակների հայրենի երկրներում[79]:
1964 թվականին կատակերգու Լեննի Բրյուսը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ տարբեր անպարկեշտ բաներ օգտագործելու մասին կրկին բողոքման պատճառով։ Երեք դատավորներից կազմված կոլեգիան նախագահել է նրա լայնորեն հրապարակված վեցամսյա դատավարությունը: Նա մեղավոր է ճանաչվել անպարկեշտության համար 1964 թվականի նոյեմբերին։ 1964 թվականի դեկտեմբերի 21-ին նա դատապարտվել է չորս ամիս աշխատանքային սենյակում գործունեության[80]: Բողոքարկման գործընթացում նա գրավի դիմաց ազատ է արձակվել և մահացել նախքան բողոքի որոշումը կայացնելը: 2003 թվականի դեկտեմբերի 23-ին Բրյուսի մահից երեսունյոթ տարի անց Նյու Յորքի նահանգապետ Ջորջ Պատակին նրան հետմահու ներում է շնորհել անպարկեշտության դատապարտման համար[81]:
Միացյալ Նահանգներում խոսքի ազատության իրավունքը մեկնաբանվել է որպես անծանոթ մարդկանց հանրային վայրերում լուսանկարելու և հրապարակելու իրավունք՝ առանց նրանց թույլտվության կամ իմացության[82][83]: Ամբողջ աշխարհում դա այդպես չէ։
Որոշ երկրներում մարդկանց արգելված է խոսել որոշ բաների մասին, օրինակ՝ Lèse-majesté-ն, որը վիրավորանք է տիրող ինքնիշխանի արժանապատվության կամ պետության դեմ: Այդպես վարվելը իրավախախտում է: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան պատասխանատու է 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի մահապատժի համար։ Երբ նա մտել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն, սաուդցի մարդասպանների թիմը սպանել է նրան[84]: Սաուդյան մեկ այլ գրող Ռաիֆ Բադավին ձերբակալվել է 2012 թվականին և ծեծի ենթարկվել[85]:
2022 թվականի մարտի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մասին «կեղծ լուրեր» տարածելու համար[86]: 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավելի քան 4000 ռուսաստանցիներ քրեական հետապնդման են ենթարկվել «կեղծ լուրերի» օրենքներով[87]: 1993 թվականի Ռուսաստանի Սահմանադրությունը բացահայտորեն արգելում է գրաքննությունը 2-րդ գլխի 29-րդ հոդվածում՝ «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»[88][89]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.