Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի դեմ From Wikipedia, the free encyclopedia
Թավշյա հեղափոխություն Հայաստանում[16][17], 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տարբեր քաղաքացիական խմբերի կողմից մի շարք հակակառավարական բողոքի ցույցեր` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց[18] հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Թավշյա հեղափոխություն | |||
---|---|---|---|
Ցուցարարները Հանրապետության հրապարակում | |||
Ամսաթիվ | 2018 թվականի ապրիլից մինչև մայիս 8 | ||
Վայր | Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Փարաքար և այլ բնակավայրեր | ||
Պատճառ | Սերժ Սարգսյանի հավակնությունները Հայաստանի վարչապետի պաշտոնին, նրա՝ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականություն | ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։
Տվյալ քաղաքական շարժումը հայկական ներքաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում ստացավ իր բավական տարածված անվանումը՝ «Հայկական թավշյա հեղափոխություն»։ Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների իրականում դա հեղափոխություն էր, որն ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով՝ վարչապետի պաշտոնից, այլև՝ ավելի հեռուն գնացող հետևանքներով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հրաժարմամբ։
Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին[19], ապա վերընտրվել 2013 թվականին[20]։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում[21]։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին[22][23][24]։ 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական ձևին և պետության ղեկավար դառա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրված վարչապետը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։ Նա մասնավորապես ասել է․
Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ - Սերժ Սարգսյան, Ապրիլի 10, 2014թ․[25] |
Հանրաքվեն ընդունվեց 2015 թվականի դեկտմբերի 6-ին[26]։ Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ չի բացառվում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում[27]։
Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ընտրեցին փողոցային պայքարը, այդ թվում՝ երթերի, ցույցերի և բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը[28]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները[29][30]։
«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը[31]։
«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2018 թվականի մարտի 1-ին։ Նախաձեռնությունն առաջին ակցիան իրականացրել է մարտի 24-ին, երթն սկսվել է Կասկադից և ավարտվել Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ[35]։
Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա էր կազմակերպել և գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար[36]։
2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը։ Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս։ Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան[44][45]։
Շուրջ 30 րոպե հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն ու համակիրները ավտոերթով մոտեցել են Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ Խցանումների հետևանքով ամբողջությամբ կաթվածահար են լինում Բաղրամյան, Մաշտոց պողոտաները և Սայաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները։ Որոշ ժամանակ ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որի բացվելուց հետո ավտոերթի մասնակիցները շարժվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին ընդառաջ, ովքեր Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով շարժվում էին դեպի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ[46]։ Ավտոերթի մասնակցիները ավտոմեքենաներով կրկին վերադառնում են Երևան[47]։
2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները։ Երկու նախաձեռնությունների տասնյակ անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի ղեկավարության կողմից ուսանողների կողմից հնչեցրած դասադուլի կոչեր անելուն խոչընդոտելու դեմ։ Չնայած սկզբում պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր բուհի անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի մոտ։ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ[48][49][50][51]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
13.04.2018 թվականի հանրահավաքն ու բողոքի գործողությունների տեսանյութը: |
2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց բազմամարդ հանրահավաք[52][53], որին հաջորդեց Ֆրանսիայի հրապարակը փակելու ակցիան[54]։
Հանրահավաքի ընթացքում 30 րոպեանոց ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի վերջում հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է տեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ և արգելափակեն Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման բոլոր մուտքերը[55]։ Որոշ ժամանակ անց ցուցարարները փակեցին Ֆրանսիայի հրապարակը, որի հետևանքով կաթվածահար եղավ քաղաքի այդ հատվածի երթևեկությունը[56]։
Ցուցարարները մինչև հաջորդ օրը առավոտյան շրջափակման մեջ են պահել Ֆրանսիայի հրապարակը՝ տեղադրելով վրաններ, վառարան և գիշերակացի այլ պարագաներ։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկների՝ գիշերը հրապարակում մնացել են շուրջ 4700 մարդ[57][58]։
2018 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակը դեռևս ցուցարարների հսկողության ներքո է գտնվում։ Նրանց պարբերաբար այցելում են հայտնի անձինք, այդ թվում՝ երգիչ Ռուբեն Հախվերդյանը[59]։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը։ Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք։ Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին։ Մինչև ավտոերթի մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել է, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին[60][61]։
Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները, տեղեկանալով, որ իշխող կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսում են բողոքի երթեր և ավտոարշավներ՝ պարբերաբար փակելով փողոցներ[62]։
Բողոքի քայլերթ իրականացնող հազարավոր քաղաքացիները, հասնելով Հայաստանի Հանրային ռադիոյի շենք, այն շրջապատել և ներս են մտել։ Մուտքը հսկող ոստիկանները զենքերը ուղղել են դեպի քաղաքացիները և սպառնացել կրակել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կա՛մ կրակեք, կա՛մ մենք ներս ենք մտնում։ Այնուհետև ցուցարարները, բարձրանալով Հանրային ռադիոյի շենքի վերին հարկեր, պահանջել են ուղիղ եթեր տրամադրել։ Սակայն ռադիոտան աշխատակիցները անջատել են շենքի էլեկտրականությունը, ինչի հետևանքով Հանրային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց անհնազանդության այդ քայլը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»։ Շենքից հեռանալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը հնչեցրեց Հանրային ռադիոյի շենքից տվյալ գործողությունները ուղիղ եթեր հեռարձակող համացանցային լրատվամիջոցների միջոցով[63][64]։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որակել է որպես խմբակային հարձակում պետության կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտ[65]։
Ապրիլի 15-ին երեկոյան 18։ 00-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց գործողությունները սկսել 08:15-ից։ Անհնազանդության քայլերից պետք է լինեն Երևանի կամուրջների արգելափակումը, տրանսպորտային ցանցի խափանումը, դասադուլները, գործադուլները[66][67][68]։
Քաղաքացիական անհնազանդության և փողոցներ փակելու գործողություններն ինչպես պլանավորված էին, սկսեցին առավոտյան 08։ 15-ին։ Փակված փողոցներում ակտիվիստները որպես բարիկադ օգտագործում են նստարաններ և աղբամաններ[69]։
Բողոքի գործողություններ են տեղի ունեցել Գյումրի քաղաքում[70]։
Ապրիլի 16-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին տված հարցազրույցում իր կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ ինքը «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»[71]։
Ապրիլի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և խորհուրդ տվել Երևանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից[72]։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղյակ է Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ մարզերում շարունակվող բողոքի ակցիաների մասին և ապրիլի 17-ին բողոքի նոր ակցիաների հայտարարված պլանների մասին, ինչը կհանգեցնի ճանապարհների և հարակից տարածքների ծանրաբեռնվածությանը։ «Բողոքի ցույցերի անկանխատեսելի բնույթի պատճառով կարող է բռնություն լինել։ Ձեր անվտանգության համար խուսափեք այս բողոքի ցույցերից անմիջականորեն տուժած տարածքներից և շարունակեք մշտադիտարկել տեղական լրատվամիջոցները՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Մենք հիշեցնում ենք ԱՄՆ բոլոր քաղաքացիներին վերանայել ձեր անձնական անվտանգության պլանները և տեղյակ լինել ձեր շրջապատի մասին։ Խնդրում ենք պահպանել զգոնության բարձր մակարդակ և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու ձեր անձնական անվտանգությունը[73]»:
Ապրիլի 16-ի երեկոյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մայրաքաղաք է մտել զինվորական ավտոշարասյուն, որը հասել է մինչև Արշակունյաց փողոցի սկզբնամաս[74]։
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե իբր մայրաքաղաք են բերվում ՀՀ զինված ուժերին ենթակա ստորաբաժանումներ և զինտեխնիկա, որոնք հնարավոր է կիրառվեն խաղաղ ցուցարարների դեմ։ Հովհաննիսյանը նշել է, որ զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին։ Վերջինս վերադառնում էր պլանային միջոցառումներից և Արշակունյաց պողոտայով շարժվելով՝ մամուլի ակումբի մոտից թեքվել է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր[75]։
Ապրիլի 16-ի երեկոյան մամուլը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Հայաստանի տարբեր օլիգարխներ իրենց թիկնապահների և ենթակա այլ ուժերի հավաք են սկսել։ Մասնավորապես Ազատության ռադիոկայանի լրագրողը հայտնել է, որ Մհեր Սեդրակյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, Էրեբունի թաղամասում գտնվող իրեն պատկանող գազալցակայանի դիմաց հավաքել է շուրջ 200 ամրակազմ երիտասարդների, որոնց վտոմեքենաներից շատերը չունեն պետհամարանիշներ։ Այլ հրապարակումների համաձայն՝ այդպիսի խմբերի անդամների թվաքանակը հասել է 500-ի[74]։ Հրապարակումներում նշված է, որ հարյուրավոր ամրակազմ տղամարդկանց օգտագործելու են ցուցարարների դեմ[76][77]։
Ապրիլի 16-ի ուշ երեկոյան ցուցարարների առանձին խմբեր փակում Երևանի մի շարք փողոցներ[78][79]։
Առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի միջոցառումները[80][81][82]։
Ապրիլի 17-ին առավոտյան ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում մեկնարկեց ՀՀ վարչապետի ընտրության ազգային ժողովի նիստը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, 91 պատգամավոր[83]։
Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները[84] Քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ է ընտրվում Սերժ Սարգսյանը 77 կողմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ[84]։
Ֆրանսիայի հրապարակում սկսված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսում են թավշյա հեղափոխություն, և պետք է արգելափակեն պետական հաստատությունները[85][86]։
Ապրիլի 17-ին երեկոյան ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ[87][88][89]։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 18-ին շարունակել բողոքի գործողությունները[88][89][90][91]։
Ապրիլի 17-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում որոշ խմբերը անկարգություններ են կատարել Երևանի Մ. Մաշտոցի պողոտայում։ Նրանք մետաղե ձողերով կոտրել են լուսաֆորները՝ փորձելով փակել փողոցները, ագրեսիվ վարք են դրսևոորել և հայհոյել վարորդներին։ Ոստիկանական ստորաբաժանումների ժամանելուն պես նրանք քարեր են նետել ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ[92]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ լուսաֆորները կոտրող երիտասարդները եղել են շուրջ երկու տասնյակ, որոնք Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ նաև սկսել են վիճաբանել ոստիկանների հետ[93]։
2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը[94][95][96], Human Rights Watch միջազգային կազմակերպությունը[97]։
Ապրիլի 18-ի առավոտյան բողոքի գործողությունները վերսկսվում են մայրաքաղաք Երևանում[98][99], Գյումրիում[100][101][102], Արմավիրում[103], Վանաձորում[104], Գավառում[105]։
Ապրիլի 18-ին երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում[106], որի ավարտին ցուցարարներն իրականացրեցին երթ դեպի ՀՀ վարչապետի նստավայր[107]։
Ապրիլի 19-ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի զանգվածային գործողությունները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների միջև, որի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք ցուցարարներ[108][109][110][111][112][113][114]։
Ապրիլի 19-ի առավոտյան Գյումրիում սկսվել են բողոքի գործողություններ։ Ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ մի նշարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել[115]։
Ապրիլի 19-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք[116]։
Ապրիլի 20-ին Երևանի տարբեր վայրերում սկսվել են բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության։ Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից սկսել է մասայաբար բերման ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին[117]։
Վաղ առավոտյան փակվել է նաև Վաղարշյան փողոցը, որտեղից ոստիկանությունը հատուկ տեխնիկայով հեռացրել են փողոցը փակած ավտոմեքենաները[118][119]։
Վաղ առավոտյան դասադուլ են սկսել մի շարք դպրոցների աշակերտներ, այդ թովւմ՝ Արշալույս գյուղի դպրոցականները[120]։
Վահաններով, մահակներով և սաղավարտներով զինված ոստիկանական պատնեշը Երևանի Կոմիտասի պողոտայում, 20.04.2018թ. |
Ժամը 10:10-ին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Գուլբենկյան փողոցից երթ սկսեցին[117]
Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում հավաքված ցուցարարները։ Աջից «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» շարժման մասնակից ավտոմեքենա։ |
Բողոքի ցույցեր են սկսվում նաև Զեյթուն վարչական շրջանում[121]։
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ապրիլի 20-ին Երևան է ժամանել Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա֊ն, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ապրիլի 20-ի առավոտյան հանդիպել է նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն[122]։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և իրենց մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ[122]։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ասել է, որ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողի հետ զրույցում հայտարարել է, բողոքող ցուցարարները դեռևս ամբողջ ազգը չեն ու ամոթ է այսպիսի գործողություններ կատարելը, քանի որ զբոսաշրջիկների մոտ Հայաստանը վատ տպավորություն կթողնի։ Նա նաև անդրադարձել է կոռուպցիային՝ ասելով, որ բոլոր երկրներում էլ գոյություն ունի կոռուպցիան[123]։
Ապրիլի 20-ին Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել նրան[124][125]։
Ապրիլի 20-ի վաղ առավոտից Գյումրի քաղաքում սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ[126]։ Կեսօրին Գյումրիի բնակիչները փակել են Երևան - Արմավիր ավտոճանապարհը։ Նրանց են միացել նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները՝ երթևեկությունը մոտ մեկ ժամ կաթվածահար անելով[127]։
Երեկոյան Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ բողոքի երթ դեպի Անի թաղամաս։ Ցուցարարները վանկարկել են «Միացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Մերժիր Սերժին» կարգախոսներ[127][128][129]։
Ժամը 18:00-ին Վանաձոր քաղաքում մեկնարկել է հանրահավաք և երթ։ Ցուցարարները վանկարկում են «Սերժի՛կ հեռացի՛ր», «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժի՛ն» կարգախոսներ։ Ցուցարարներին են միացել վարորդները ովքեր միացնում են ավտոմեքենաների ազդանշանները[130][131][132]։
Ապրիլի 20-ի կեսօրին Եղվարդ քաղաքի բնակիչները փակել են Եղվարդ - Երևան ավտոճանապարհը[133]։
Ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել Հրազդան քաղաքում, որտեղ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կատարել[134]։
Ըստ լրատվամիջոցների՝ այս հանրահավաքն ամենաբազմամարդն էր մինչև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների շարքում։ Ելույթներով հանդես եկան մի շարք քաղաքացիներ և հասարակական գործիչներ։ Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Հայաստա՜ն», «Միացում»։ Բանախոսները խոսեցին բերման ենթարկվածների թվաքանակի (200-ից ավել քաղաքացի), ոստիկանության բաժանմունքում իրավական վարքի, Էջմիածնի տարածաշրջանում և այլ վայրերում բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունների և հնարավոր համարժեք պատասխան տալու, հայկական սփյուռքում անցկացված և սպասվելիք բողոքի գործողությունների մասին։ Թվարկվեցին այն հայտնի մարդկանց անունները, ովքեր անդրադարձել են երկրում կատարվող ներքաղաքական իրադարձությունների մասին։ Երբ բեմահարթակից նշվեց, որ բողոքի գործողություններին անդրադարձել է նաև երգչուհի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կին Սիրուշոյի անունը, ցուցարարները սկսեցին սուլել[117][135][136]։
Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ ու հաղթող պետք է լինի միշտ ժողովուրդը։ Հիմա և սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը։ Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձևավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ։|Նիկոլ Փաշինյան, [117][135][136][137]}}
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Ավան թաղամասում «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» նախաձեռնությանը մասնակցող վարորդները հարձակումների և ծեծի են ենթարկվել Երևանի Ավան թաղամասում[138][139][140][141]։
Ապրիլի 21-ի առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ դադարեցնել ցույցերը և նստել երկխոսության սեղանին[142][143]։
Ապրիլի 21-ին մի շարք մշակութային գործիչների և գիտության ոլորտի ներկայացուցիչները շնորհավորական նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին, որտեղ նշել են, որ իրենց զորակցությունն են հայտնում նրան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման գործընթացներում։ Նամակը ստորագրել են գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Հովհաննես Թոքմաջյանը, Լևոն Թոքմաջյանը, ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստի դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վահան Ավետիսյանը, Արծրունի Սաֆարյանը, Նիկոլայ Չիլինգարյանը, Ռազմիկ Փետեոտյանը, Էմիլ Խաչատրյանը, Էդուարդ Աշչիյանցը, գյուղ. գիտ դոկտորներ Հունան Ղազարյանը, Ռուզաննա Մանուկյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Դավիթ Հախվերդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վլադիմիր Հարությունյանը, արվեստի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Բաբայանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վիլիկ Սարգսյանը, Սուրեն Աղբալյանը, Միհրան Ստակյանը, Գևորգ Փիրումյանը, Բորիս Բալասանյանը, Արամ Առաքելյանը, տեխնիկական գիտությունների դոկտորներ Արթուր Մինասյանը, Պետրոս Համբարձումյանը, Մանուկ Վարդանյանը, Վաչե Թոքմաջյանը, Հովսեփ Պետրոսյանը, Արթուր Մինասյանը,երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, քիմիական գիտությունների դոկտոր Սերժ Սարգսյանը, գյուղ. Գիտ. Դոկտոր Գայանե Սարգսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Համլետ Հարությունյանը, Էդիկ Մինասյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը, պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանը, տնտեսագիտության դոկտոր Տիգրան Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը[144][145]։
Ապրիլի 21-ին առավոտյան բողոքի երթ տեղի ունեցել Վաղարշապատ քաղաքում, որի մասնակիցները քայլելով հասել են Երևան[146][147][148]։
Ապրիլի 21-ի առավոտյան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի գործողություններ տեղի ունեցել Ապարան քաղաքում։ Քաղաքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են «Գնթունիկ» խանութի դիմաց և փակել Երևան - Սպիտակ ավտոճանապարհը[149]։
Ապրիլի 21-ի առավոտյան «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգաղոսով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և հարակից գյուղերի բնակիչները բողոքի գործողություններ են սկսել։ Նրանք փակել են Մեծ Մանթաշի ճանապարհը[150]։
Ապրիլի 21-ի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի միջոցառումներ տեղի ունեցել Վանաձորում[151][152]
Երթի ժամանակ Վանաձորում պարբերաբար ընդհարումներ են տեղի ունեցել[153]։
Երեկոյան Վանաձորում ոստիկանությունը սկսել է քաղաքացիների բերման ենթարկել[154]։
Ժամը կեսօրից հետո ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ կուսակցության անդամ Առաքել Մովսիսյանը հրահանգել է մեծ բեռնատարներով փակել Երևան - Էջմիածին ավտոճանապարհը։ Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ փողոցի փակման նպատակն է Էջմիածին քաղաքից ավտոմեքենաներով դեպի Երևան գնացող քաղաքացիների երթը կանխելը[4][9]։
Ապրիլի 21-ի կեսօրին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում[155]։
Ապրիլի 21-ին կեսօրին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ ցուցարարների վրա են հարձակվել Հանրապետական կուսակցության անդամ, օլիգարխ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու իր թիկնազորի անդամները։ Նրանք ծեծելով հեռացրել են երիտասարդ ցուցարարներին փողոցներից[9][156]։
Ապրիլի 21-ին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Հրազդան քաղաքում։ Կեսօրին ցուցարարների մեջ է մխրճվել ոստիկանական ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 երեխա տեղափոխվել են հիվանդանոց[157]։
Ապրիլի 21-ին բողոքի գործողություններ են տեղի ունեցել Գյումրի քաղաքում[158][159]։
2018 թվականի ապրիլի 22-ի առավոտյան Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները։ Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում։ Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ։ Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները։ ՀՀ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։ Բողոքող քաղաքացիները տարբեր բնակավայրերում օրվա ընթացքում իրականացրեցին բազմահազարանոց երթեր, փողոցների և ճանապարհների արգելափակում։ Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ։ Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ։ Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ։
Ապրիլի 22-ին ժամը 14:00-ից բողոքի գործողություններ են մեկնարկել Ստեփանավանում։ Ցուցարարները փակել են Վրաստանի սահման-Ստեփանավան-Երևան ավտոմայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին։ Հարյուրավոր քաղաքացիներ անցել են քայլերթով։ Ստեփանավանի հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել են նաև քաղաք մտնող մայրուղիները[160]։ Երկու կողմից էլ առաջացել են մեքենաների կուտակումներ, սակայն վարորդները չեն դժգոհել ու ազդանշաններով աջակցել են ցուցարարներին։ Տարածքում եղել են ոստիկաններ, որոնց մեծ մասը եղել են քաղաքացիական հագուստով։ Ակցիայի ժամանակ մոտակայքում է եղել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով ցուցարարներին հորդորել է դադարեցնել ակցիան։ Քաղաքապետը նշել է, որ այս ակցիայով քաղաքացիները գցում են Ստեփանավանի և հայ ազգի պատիվը՝ նշելով որ «ամեն ակցիա կարելիա սիրուն ձևով անել, ոչ թե սումբուրնի ձևով։ Սա ազգին խայտառակ անելա»[161]։
Ապրիլի 22-ին Եվրոպական Միությունը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակի մասին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով[162].
Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենքի համաձայն՝ համընդհանուր և հիմնարար ազատություն է։ Եվրոպական միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ կհարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի իրացումն արդար և համաչափ կերպով, Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի։ Բոլոր այն անձինք, ովքեր բերման են ենթարկվել, օրենքին համաձայն՝ իրենց հավաքների ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը - Եվրոպական Միության ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչ, [162] |
Ապրիլի 22-ին ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը[163]։
2018 թվականի ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանի Հանրապետությունը վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի միջոցառումները։ Բողոքի գործողություններն ընդգրկել են մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները[164][165][166][167][168][169][170][171][172][173]։
Ապրիլի 23-ին ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Իր վերջին ելույթում նա ասել է[174][175][176].
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը[177][178][179]։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր և քաղաքակիան գործիչներ հանդես են եկել հայտարարություններով։
ՀՀ վարչապետի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին մեծ մասամբ քվեարկած ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք ժողովրդի կողքին են և միասին պետք է կերտեն Հայաստանը[180]։
Նախկինում Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Օրինաց Երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպման առաջարկը[181]։
ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել է, որ «շնորհավորում է Հայաստանի ժողովրդին Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեա-օլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ։ Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար։ Սա կարևորագույն, սակայն ընդամենը առաջին քայլն է։ Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում, և նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական Հայրենիքի կառուցման գործին։ Ներկա պահի գլխավոր խնդիրը պետության կառավարելիության և իշխանության սահուն փոխանցման ապահովումն է»[182]։
Սերժ Սարգսյանի վարչապետությունը սատարող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։ Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար»[183][184]։
Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Սասնա Ծռեր կազմակերպության անունից հայտարարություն են տարածել բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը։ Նրանց կոչում ասված է «Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։ Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։ Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։ Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։ Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։ Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր»[185]։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների և ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալլ ուղերձ է հղել Միավորված Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա իր հայտարարության մեջ ասել է «Ես ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում կոչ եմ անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»[186][187]
Ապրիլի 23-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու ու պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է։ Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»[188]։
Ապրիլի 23-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին հայտնել է, որ «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին։ Ես կրկին կոչ եմ անում հանդարտության, կոչ եմ անում բոլոր կողմերին պատասխանատու գործողությունների՝ ի շահ բոլոր հայերի»[189]։
Ապրիլի 23-ի կեսօրին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ գործող Սահմանադրության, վարչապետի պաշտոնը զբաղեցրեց առաջին փոխվարչապետ, ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը[190][191]։ Հրաժարականից մի քանի ժամ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարար է վերանշանակել ՀՀԿ անդամ Լևոն Ալթունյանին[192][193], բնապահպանության նախարար՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին[193], տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ ՀՀԿ անդամ Վահան Մարտիրոսյանին[193], կրթության և գիտության նախարար՝ ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանին[193], աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանին[193], սփյուռքի նախարար՝ ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանին[193], էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանին[193], սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյանին[193]։ Նոր նախարարների նշանակումից հետո նույն օրը ՀՀ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրավիրել է կառավարության նիստ[190]։
Ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ Կառավարության հրաժարականը[194][195]։
Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։ Հանրահավաքի բազմամարդ լինելու և իրար մոտ կանգնելու հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր, ինչի համար մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին 36-ամյա մի տղամարդ մահացել է[196]։
2018 թվականի ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած իշխանության և նրանց սատարող ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով, որոշ գործիչներ լրագրողների հարցերին ագրեսիվ վարք են դրսևորել կամ չեն ցանկացել պատասխանել[197][198] [199][200][201][202][203][204][204][205][206][207][208][209][210]:
Ապրիլի 24-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին են անդրադարձել նաև ԱՄՆ իշխանությունները։ Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը հայտարարել է, որ «Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում։ Հորդորում է բոլոր կողմերին՝ ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում՝ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը օրենքի գերիշխանությանը հավատարիմ մնալով։ Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավվումը երկխոսությունում՝ ուղղված ժողովրդավարական և խաղաղ միջոցներով իր ինքնիշխան ապագան կերտելուն»[211]։
«Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերջինի իշխանության դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիների կողմից հնչեցվում են ՀՀԿ անդամների, նրանց սատարող ուժերի, պետական բարձրաստիճան պաշտոնեաների, օլիգարխների նկատմամբ հաշվեհարդարի կոչեր։ Որոշ շրջանակների կողմից ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են մարդկանց անուններ, ովքեր պետք է պատժվեն[212]։
Ապրիլի 24-ի կեսգիշերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան - Կարեն Կարապետյան հանդիպումը չի կայանա, քանի որ իրենց կողմից առաջադրված պահանջները չեն բավարարվել։ Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իշխանության խաղաղ փոխանցման,, ԱԺ արտահերթ ընտրությունների կայացման հարցերի շուրջ, իսկ իշխող ՀՀԿ կուսակցությունը չպետք է ներկայացված լինի անցումային կառավարությունում[213]։
Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանք քննարկել են Հյաստանում առկա ներքաղաքական խնդիրները[214]։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակման ձևաչափով տեսաուղերձում հայտարարել է, որ եթե իրեն չզանգահարեն Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, ապա իրենք վաղ առավոտից սկսում են բողոքի գործողությունները[215]։ Նա նաև ասել է, որ իր հանդիպումը պետք է լինի 3+3 ձևաչափով, որին իշխող կուսակցությունից պետք է մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդարասյանը, իսկ օրակարգը լինի բացառապես իշխանության խաղաղ փոխանցումը, իսկ բանակցային գործընթացը պետք է լուսաբանվի այն ձևաչափով, ինչպես լուսաբանվել է իր և Սերժ Սարգսյանը հանդիպումը[216]։
Չեղարկված բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ բանակցությունները չեն կայանալու, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված պահանջները, այն է՝ հանդիպման ձևաչափը, օրակարգն և լուսաբանման ձևը անընդունելի է իրենց։ Նա նաև հավելել է, որ իրենք չեն գնա հանդիպման, քանի որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է իշխանությունների կողմից մասնակցող անձանց ցանկ, ինչպես նաև հայտարարել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ[217]։
Հայկական Թավշյա հեղափոխությունը դրական արձագանքներ ու գրեթե անվերապահ աջակցություն ստացավ աշխարհասփյուռ տասներկու միլիոնանոց հայության կողմից։ Հատկապես ակտիվ էին ամերիկահայ, ֆրանսահայ, իսպանահայ համայնքները[218][219][220][221][222][223][224][225][226]։
Հայկական թավշյա հեղափոխությունը գրեթե անմիջապես իր արձագանքը գտավ նաև հայկական ժամանակակից արվեստում։ Առաջին արվեստագետներից մեկը, որ անդրադարձավ թեմային, նկարիչ Աննա Սողոմոնյանն էր իր «Հայկական թավշյա հեղափոխություն» գեղանկարով[227]։ Այն բազմաֆիգուր կոմպոզիցիա է՝ նկարված հեղինակին բնորոշ հեքիաթային ոճով, որը ներառում է 2018 թվականի գարնան իրադարձություններին մասնակցած տարբեր տիպի մարդկանց։ Հեղինակի պնդմամբ այս կտավը հույժ խորհրդանշական է, ոչ միայն այն պատճառով, որ այն ստեղծվել է խիստ հուզական մի ժամանակաշրջանում և իրենից ներկայացնում է այդ հույզերի խտացված արտացոլանքը, այլ նաև այն պատճառով, որ այն վաճառվել է 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության օրը[228], ինչն, ըստ էության, կարող է խորհրդանշել 2018 թվականի ազգային զարթոնքի հույսերի տապալումը։
2018 թ․ հուլիս ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում արվեստաբան Մերի Ղազարյանի համադրմամբ կազմակերպվեց «Թավշյա հեղափոխություն. պատկերի եւ իրականության միջեւ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ երիտասարդ լուսանկարիչների աչքերով ներկայացվում էր հեղափոխության դեռ թարմ շունչը, ապրիլյան իրադարձությունների հայտնի ու անհայտ էջերը, տպավորիչ դրվագներն ու դեմքերը[229]։
2018 թ․ հոկտեմբեր ամսին Հայաստանի պատմության թանգարանում արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի և մի խումբ արվեստագետների կողմից կազմակերպվեց «Հեղափոխական սենսորիում» ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որտեղ հեղափոխության հանգուցային անցքերը թանգարանի այցելուներին էին ներկայանում լուսանկարների և տեսաինստալիացիաների համադրմամբ[230]։
2019 թ․ մայիսի 9-ին Վենետիկի արվեստի 59-րդ բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ Հայկական տաղավարի բացումը, որտեղ «Հեղափոխական սենսորիում» նախագիծը ներկայացվեց արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանի համադրմամբ։ Նախագծի մասնակիցներն էին «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Չարչյան) և արվեստագետ Նարինե Առաքելյանը[231]։
2018 թվականի նոյեմբերին վերագործարկվեց գրողներ Արփի Ոսկանյանի և Համբարձում Համբարձումյանի հիմնադրած «Գրողուցավ» գրական կայքը, որը 2011 թվականից սկսած համախմբում էր ընդդիմադիր, քաղաքական պայքարի մեջ ներգրավված եւ քաղաքական ու սոցիաական խնդիրները գրականություն բերելուց չխորշող գրողներին մեկ հարթակում և իր գործունեությունը դադարեցրել էր 2017 թ․ հուլիսին նյութական միջոցների բացակայության պատճառով։ Վերագործարկված նախագիծն ունի մի շարք ենթանախագծեր, որոնցից մեկը կոչվում է «Հեղափոխական ծրագիր»։ Այն իրականացվում է ստեղծագործությունների հրապարակմամբ, որոնց ուշադրության կենտրոնում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է՝ իր արդյունքներով ու հետեւանքներով[232]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.