հայ արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia
Արարատ Վլադիմիրի Աղասյան (օգոստոսի 11, 1956[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ արվեստագիտության գծով (2014)։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (2003)[3], Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ[4]։
Արարատ Աղասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1956[1] (68 տարեկան) Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արվեստաբան |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[2] |
Պարգևներ | |
Հայր | Վլադիմիր Աղասյան |
Արարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին Սիսիանում, ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Վլադիմիր Աղասյանի (նրա անունով է կոչվում «Արդշինբանկի» Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնաճյուղերից մեկը) և մանկավարժ, անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Ասոյանի ընտանիքում։ 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-1978 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում։ 1978 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981 թվականից՝ խորհրդի անդամ։ 1989 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար՝ արվեստաբան, ակադեմիկոս Դմիտրի Սարաբյանով)։ 1991 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008 և 2013 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում։ 2003 թվականից Աղասյանը ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ 2005 թվականին որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010 թվականին՝ գլխավոր գիտաշխատող։ 1995 թվականին ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009 թվականից՝ նախագահի տեղակալ։ 1986 թվականից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 2007 թվականին Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Նույն թվականին նրան շնորհվել է «Արվեստագիտություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։ 2015 թվականին նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության - 030 մասնագիտական խորհրդի անդամ։ 2016 թվականին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով)։
Հեղինակ է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գրքերի ու մենագրությունների, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածների, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում։
Աղասյանն առաջինն է, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը[5]։
Արարատ Աղասյանն ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011, 2013, 2015) և «Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-2009) հանձնախմբերում։ Աղասյանը ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.